Գլուխ
առաջին
Առաքել
Դավրիժեցու
«Գիրք
պատմութեանց»
աշխատությունն
իբրեւ
կառուցվածքային
միավոր
եւ
բովանդակային
ամբողջություն`
շարունակողն
է
դեռեւս
5-րդ
դարում
ամրագրված
ու
բյուրեղացած
պատմագրական
ժանրերին
հատուկ
իրողությունների
ու
օրինաչափությունների
եւ
անխուսափելիորեն
պարագրկում
է
նաեւ
այն
բոլոր
մեծ
ու
փոքր
փոփոխությունները,
որոնց
ենթարկվել
է
ժանրն
իր
զարգացման
երկար
ճանապարհին:
Ասվածն
առաջին
հերթին
վերաբերում
է
գրական
հատույթին,
ի
մասնավորի`
ժանրային
նկարագրին:
Մանավանդ
որ`
գրական
երկի
կազմաբանությունը
հատկանշվում
է
առաջին
հերթին
ժանրով
կամ
ժանրային
նկարագրով:
«Հայ
պատմագրությունը
միատարր
եւ
միասեռ
չէ
ժանրային
առումով,
այն
ներառում
է
իր
մեջ
միջնադարյան
արձակի
այլեւայլ
ժանրեր»
[1],
–
գրում
է
Մայիս
Ավդալբեգյանը
(ընդգծումը
բնագրում–Ա.
Ն.
):
Սա
պատմագրության
ժանրի
ամենակարեւոր,
հատկական
եւ
անփոփոխ
առանձնահատկություններից
է:
Ընդ
որում`
միջնադարյան
արձակի
տարբեր
ժանրերը
պատմագրության
համակարգում
ներկայանում
են
ոչ
միայն
առանձին
օրինաչափություններով
ու
ներժանրային
մասնավորություններով,
այլեւ
շատ
հաճախ`
ամբողջական
ու
ավարտուն
նկարագրով:
Վերջին
պարագային`
հարկ
է
նշել,
որ
կան
ժանրեր
(թուղթ,
զրույց),
որոնց
ամբողջական
ու
ավարտուն
դրսեւորումները
պատմագրության
մեջ
գրեթե
պարտադիր
են:
Խնդիրը
վերլուծելիս,
սակայն,
անպայմանորեն
պետք
է
հաշվի
առնել,
թե
տվյալ
պատմագրական
երկը
ժանրի
զարգացման
որ
փուլի
արգասիք
է:
Հարցն
այն
է,
որ
ոսկեդարյան,
ինչպես
նաեւ
10-12–րդ
դարերի
որոշ
պատմիչների
աշխատություններում
առանձին
ժանրերի
գոյությունը
թեպետ
առկա
է,
բայց
դրանք
գրեթե
աննկատելիորեն
են
ներդաշնակված
բուն
կառույցին,
իսկ
ահա
ավելի
ուշ
շրջանի
պատմագրքերն
արդեն,
այդ
թվում`
Առաքել
Դավրիժեցու
«Գիրք
պատմութեանցը»,
այդ
առումով
որոշակիորեն
տարտղնված
են
եւ
ավելի
շատ
տարաբնույթ
ժանրերի
հավաքածու
են
հիշեցնում,
քան
տարաբնույթ
ժանրերի
ներդաշնակ
համադրություն:
Մյուս
կողմից`
տարբեր
շրջաններում
պատմագրության
ժանրային
համակարգում
առաջնությունը
տրվել
է
տարբեր
ժանրերի:
Ահա
այս
պատճառով,
ասենք,
Մովսես
Խորենացու
«Հայոց
պատմությունը»
կամ
Թովմա
Արծրունու
«Արծրունյաց
տան
պատմությունը»
հաճախ
հնարավոր
չէ
քննել
այն
բոլոր
մասնավորություններով,
որոնցով
ստորեւ
քննվելու
է
Առաքել
Դավրիժեցու
«Գիրք
պատմութեանց»
աշխատությունը:
Միջնադարյան
գրական
ժանրերի`
պատմագրության
մեջ
դրսեւորումների
վրա
պատմիչի
ներգործությունը
ճիշտ
ընկալելու
համար
հարկ
է
նշել,
որ
կոնկրետ
Դավրիժեցուն
բնորոշ
է
ժանրային
երբեմն
ինտուիտիվ
զգացողությունը,
սակայն
նրա
ժանրագիտակցությունն
այնքան
էլ
հստակ
չէ:
Այդ
պատճառով,
օրինակ,
թեպետ
վարքագրությունը
կամ
զրույցը
նրա
պատմագրքում
ներկայանում
են
ներժանրային
ավարտունությամբ
ու
օրինաչափություններով,
բայց
Դավրիժեցին
հաճախ
դրանք
անվանում
է
«պատմություն»:
Թեպետ
մյուս
կողմից
էլ
այդպիսի
ժանրանվանումը
կարող
է
պայմանավորված
լինել
նաեւ
գրական
ժանրերի
ուշմիջնադարյան
ըմբռնումների
յուրահատկություններով:
Դավրիժեցու
պատմագիրքը
ստեղծվել
է
մի
այնպիսի
ժամանակաշրջանում,
երբ
միջնադարյան
գրական
ժանրերը
հաճախ
էապես
փոխում
էին
իրենց
նկարագիրը,
իսկ
որոշ
ժանրեր
իրենց
վերջին
դրսեւորումներն
էին
արձանագրում:
Այս
գլխում
քննաբանվել
են
միջնադարյան
հայ
գրականության
այն
ժանրերը,
որոնք
հաճախադեպ
ու
որոշակի
նկարագրով
դրսեւորվել
են
Առաքել
Դավրիժեցու
«Գիրք
պատմութեանց»
աշխատության
մեջ`
ապահովելով
նրա
հատկականությունն
իբրեւ
գրական
երկ:
Մյուս
ժանրային
դրսեւորումները
քննաբանվել
են
հպանցիկ:
[1]
Մայիս
Ավդալբեգյան,
Հայ
պատմագրության
ժանրային
մի
քանի
առանձնահատկություններ,
«Հայ
միջնադարյան
գրականության
ժանրեր»
գրքում,
էջ
25: