Առաքել Դաւրիժեցու Պատմութիւնն

Հեղինակ

Բաժին

Թեմա

գ) Երկխոսություններ, մենախոսություններ, զրույց ընթերցողի հետ


Պատմագրության` իբրեւ գրական երկի ցուցիչներից մեկը երկխոսությունների առատ ու ազատ կիրառությունն է: Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը հատկական է նաեւ այդ առումով: Նրանում լայնորեն կիրառվում են երկխոսությունների թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձեւերը [1], հատկապես վկայաբանական հատվածներում: Վերջին պարագան Մայիս Ավդալբեգյանը բացատրում է այդ ժանրի կաղապարներով. «Այնտեղ պարտադիր բանավեճ է գնում տիրող հեթանոսի, մահմեդականի կամ այլակրոնի եւ քրիստոնյայի միջեւ» [2]: Զրույցի պարագային եւս երկխոսություններն ունեն ժանրակազմիչ գործառույթ:

Ուղղակի եւ անուղղակի կառուցված երկխոսությունների կիրառությունները պատմագրության հյուսվածքում սոսկ խոսքը փոխանցելու գործառույթներով չէ, որ սահմանափակվում են: Ուղղակի ներկայացվող երկխոսությունները միտված են նաեւ ցուցանելու, որ պատմության տվյալ դրվագը ներկայացվում է հնարավոր առավել մանրամասնությամբ: Բացի այդ` դրանց միջոցով առավել ցայտուն նկարագրով են ներկայանում պատմական տվյալ ժամանակաշրջանի հերոսներն ու գործող անձինք, ինչն արդեն գրականացնում է Դավրիժեցու տեքստը: Ինչպես գրում է Մայիս Ավդալբեգյանը` «Սա այն տարրն է, որի շնորհիվ ավելի են ընդգծվում զրուցող կամ բանավիճող զույգի մտային եւ հոգեբանական մարդկային անհատականութունները» [3]:

Սովորական ու ավանդական կառուցումների հետ մեկտեղ` երկխոսությունների պարագծում հաճախ ներկայացվում են խոսքային ու տեքստային առանձին միավորներ` ավարտուն եւ ամբողջական նկարագրով: Այդ կերպ` երկխոսություններում դրսեւորվում են թղթային տարաբնույթ միավորներ: Այսպես` Մահմադ փաշայի պատվիրակները մյուս Մահմադ փաշայի հետ երկխոսության ժամանակ նրան են փոխանցում իրենց տիրոջ խոսքերը, որոնք կառուցված են նամակային սկզբունքներով (տե՛ս էջ 73): Իսկ ահա Շահ-Աբասը Հայաստանի մեծամեծերի հետ երկխոսության մեջ իր ասելիքի հիմնական մասը կառուցում է հրովարտակին բնորոշ միավորներով (տե՛ս էջ 77): Շահ-Աբասի խոսքում մի քանի հրովարտակներ են առկա Գրիգոր անունով քրիստոնյայի հետ նրա երկխոսության մեջ: Ահա դրանցից մեկը. «Թողի զձեզ ի կամս ձեր, գնացեալ պաշտեցէք զհաւատն ձեր» (էջ 162): Ասվածի ապացույցն է այն, որ կոնկրետ այս դեպքում` «Գրիգոր աղաչէր, պաղատէր, ի ծունր իջեալ լալով խնդրէր ի շահէն` եւ ասէր, թէ զհրամանսդ, զոր բանիւ ասես, մատամբ միով թղթիւ շնորհեա մեզ» (էջ 162):

Հրաման-հրովարտակ է ամրագրվում նաեւ Մահմադ բեկի ու հրեա պատվիրակների երկխոսության մեջ. «Դուք ամենայն ազգդ Եբրայեցւոց պարտիք ելանել ի քաղաքամիջէ աստի եւ գնալ արտաքոյ քաղաքիս բնակեսջիք» (էջ 357):

Երկխոսություններում վկայագրվում են նաեւ պայմանագրեր: Կողմերը երկխոսություն-բանակցության ընթացքում հասնում են որոշակի հանգրվանային վիճակի, եւ դրա` մինչփաստաթղթային ամրագրումը իրականացվում է բանավոր կերպով: Շահ-Աբասի եւ հայոց մելիքների մի զրույցում շահի խոսքն իրենից պայմանագիր է ներկայացնում: Ահա մի բնորոշ հատված. «Արդ` ամենայն ոք ի ձէնջ, որ ոք եւ առցէ ի թագաւորական գանձէս, յորժամ բերցէ զառեալ գանձն` եւ վճարեսցէ ի գանձարանս թագաւորին, եղիցի ազատ... եւ այլն» (էջ 148): Հետաքրքիրն այն է, որ այսպիսի դեպքերում Դավրիժեցին չի էլ անդրադառնում` այդ պայմանագիրը փաստաթղթի տեսք ստացա՞վ, թե՞ ոչ:

Բացի թղթային միավորներից, երկխոսություններում կարող են դրսեւորվել նաեւ պատկերավորման այնպիսի միավորներ, ինչպիսին, օրինակ, դիմանկարն է: Իրենց խոսակցությունում զրուցակիցները, անդրադառնալով որեւէ երրորդ անձնավորության, երբեմն հարկ են համարում հանգամանորեն ներկայացնել նրան, եւ կախված հանգամանքներից` ստացվում է կամ հոգեւոր, կամ մարմնական դիմանկար: Ահա այդպես գավառապետի ու Շահ-Աբասի երկխոսության մեջ ներկայացվում է վրաց Լավասափ թագավորի քրոջ դիմանկարը. «Է Լաւասափին քոյր մի թագաւորազն, նորահաս կոյս չքնաղագեղ եւ գեղեցկատեսիլ, եւ ամենայն որպիսութեամբ վայելուչ» (էջ 124):

Երկխոսություններն էլ ունեն իրենց յուրօրինակ ավարտաբանությունները, որոնցով եզրափակվում է խոսակցությունը: Ուշարժան է, որ Դավրիժեցու պատմագրքում, եթե զրուցում են հայն ու պարսիկը, ապա խոսակցությունը եզրափակողն անպայման երկրորդն է: Երկխոսություններում դրսեւորվող ավարտաբանությունները չունեն արդ կամ ամեն բառային ցուցիչները, փոխարենը պատմիչն ինքն է «Եւ ի զրաւ բանին ասաց » նույնպես կայուն միավորով ցուցանում, որ դիալոգն ավարտվում է: Երկխոսություններում ավարտաբանությունները կառուցվում են նախընթաց երկխոսությունների բովանդակության հիման վրա: Այդպիսին է, օրինակ, Շահ-Աբասի եւ Մելքիսեթ կաթողիկոսի կարճ երկխոսությունը` վկայագրված «Թէ որպէս կամ յինչ պատճառէ տարան ի Սպահան քաղաք զԱջն սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին եւ զքարինք սրբոյ Աթոռոյն Էջմիածնի» վերնագրով ԺԷ գլխում: Ճիշտ է, Շահ-Աբասի խոսքը չունի առանձնահատուկ կաղապարային միավորներ, բայց դրանով ավարտվում է պատմության տվյալ դրվագը եւ հնչում վերջնագրի պես. «Դատաստանն քո աստ ոչ լինի առնել, զի վնասն քո մեծ է, այժմ պարտ է քեզ գնալ ի Սպահան եւ անդ կալ մինչեւ ես եկեալ անդ` արարից զդատաստանն քո» (էջ 188):

Թերեւս օրինաչափ ու բնական է, որ երկխոսություններում տեղ են գտնում նաեւ պատգամներ: Այն առումով, որ պատգամն իր բնույթով ավելի շատ խոսքային-բանավոր միավոր է, քան գրավոր-տեքստային: «Վասն վարդապետութեան եւ կաթուղիկոսութեան տեառն Մովսիսի: Ընդ որում եւ յաղագս նորոգութեան լուսակառոյց սրբոյ Աթոռոյն Էջմիածնի» վերնագրով ԻԴ գլխում Սրապիոն վարդապետն իր մոտ է կանչում իր ավագ աշակերտ կեսարացի Գրիգոր վարդապետին եւ տեր Մովսեսի խնամակալությունը հանձնելով նրան` ասում-պատգամում է. «Յանձն առնեմ զսա քեզ, զի փոխանակ իմ հովուեալ պահեսցես զսա` եւ հասուցեալ յարբունս հասակի, եւ վարդապետական ուսման, եւ տացես զգաւազան եւ զպատիւ վարդապետական. եւ եղիցի օրհնութիւն իմ ի վերայ քո եւ դորա» (էջ 238): Այստեղ առկա են պատգամի ամենակարեւոր բաղկացուցիչները` հստակ հանձնարարականն ու օրհնությունը:

Մենախոսությունը դրսեւորվում է հատկապես քնարական զեղումների տեսքով եւ առավելապես բնորոշ է հեղինակային ներքին խոսքի տարերքին: Այդ առումով Դավրիժեցու պատմագրքում մենախոսություններով հատկանշվում են հատկապես ողբի ժանրային իրացումները: Բացի դրանից` մենախոսական պատումով են հատկանշվում վարքերում ու վկայաբանություններում հերոսների ապաշխարհական, աղոթքային սուզումները, թեպետ դրանք եւս խորքում երկխոսական բնույթ ունեն, քանզի դրանց խոսքային կառուցումը դիմումնային է եւ ծառայում է իբրեւ Աստծո հետ առնչվելու կերպ: Ահա «Վասն հակառակութեան Սահակ կաթուղիկոսին, զոր արար ընդ սուրբ Էջմիածնի եւ ընդ Մովսէս կաթուղիկոսին» վերնագրով Ի գլխում վկայագրված Սահակ կաթողիկոսի աղոթք-մենախոսությունը, որի բովանդակային-կառուցաբանական հատկանիշները ընդհանրական-կաղապարային բնույթ ունեն գոնե Դավրիժեցու պատմագրքի հատույթում. «Ո՛վ Տէր իմ եւ Աստուած Յիսուս Քրիստոս, դատապարտեալ ծառայ քո եմ եւ մեղուցեալ հոգւով եւ մարմնով, եթէ կամք քո հաճի կեալ ինձ կենդանի, փութով փրկեա զիս ի ցաւոյս` եւ տո՛ւր ինձ առողջութիւն. եւ եթէ կամք քո հաճի մեռանել ինձ, փութով տուր ինձ զմահ, զի հանգեայց ի տառապանաց ցաւոյս» (էջ 214):

Ընթերցողի հետ զրույցը աշխատության կառուցվածքում յուրօրինակ ընդմիջումի գործառույթ ունի: Պատմիչը կարծես հընթացս փորձում է ճշտել սեփական խոսքի ու վկայագրած իրադարձությունների թողած տպավորությունը, խոստումներ է տալիս, հետագայում` փաստարկում խոստումների իրականացումը եւ այլն: Մեծ հաշվով` զրույցը հավանական ընթերցողի հետ, զրույց է ինքն իր հետ: «Նրանք (պատմագիրները Ա. Ն. ) հաճախ ընթերցողին են ներկայանում իրենց մեծ ու փոքր հոգսերով, հույզերով, ապրումներով, գնահատումներով ու վերաբերմունքով, խոստումներով, երբեմն նաեւ աշխատանոցային մանրամասներով, գրում է Աշոտ Սարգսյանը: Նման հաղորդումների հիշատակարանային անմիջականությունը ենթադրում է նաեւ հիշատակարանի ժանրին հատուկ հավաստիություն» [4]: Այսինքն` դա նպաստում է նաեւ պատմիչի իրական կերպարի բացահայտմանը:

Դավրիժեցին առաջին հերթին մտահոգվում է այն մասին, որ ընթերցողը հավաստի ու հավելյալ տեղեկություններ իմանա իր պատմագիրքն ընթերցելիս, եւ այդ խնդրի շուրջ է առավել հաճախակի կիսվում նրա հետ. «Եւ դու այսու երկու բանիւս` զորս վասն օրինակի գրեցի քեզ` զամենայն կիրս վտանգիցն ի միտ ածեալ գիտասցես` զոր կրեն քրիստոնեայքն ի յօձաբարոյ ազգէն Պարսից» (էջ 96), «որոյ քաջութիւնն յառաջիկայդ ի բազում տեղիս լինի յիշեալ, յորոց զհաւաստիս իմանաս» (էջ 120) եւ այլն: Հատկանշական է, որ ընթերցողի հետ զրույցում Դավրիժեցին նրան չի պարտադրում անպայման կարդալ հավաստիության լրացուցիչ պատճառաբանություններն ու տեղեկությունները. «Եւ դու զամենայն որպիսութիւն այսմ պատմութեանս, եթէ կամիցիս ` ի նոցին Իլովացւոց ճառէն ուսցիս, որ յառաջիկայդ կարգեալ եմ» (էջ 274–275): Եվ ընդհանրապես, Դավրիժեցին ընթերցողին հաճախ է ընձեռում ընտրություն կատարելու հնարավորություն. «... դու ընկալ որոյ եւ հաւանիս, եւ կամ թէ զոր ինչ տեսութիւն մտաց քոց յերկուցս պատմութեանցս արտաբերիցէ» (էջ 197):

Պատմիչն ընթերցողի հետ զրույցում փորձում է պատճառաբանել ու բացատրել իր երկարաբանությունները` «եւ երկարութեան ոճոյն մի՛ ինչ լիցիս մեղադիր եւ մի՛ առաջին շինողին, զի ոճ պատմութեան այնպէս պահանջէ» (էջ 331), երբեմն մղում նրան որոշակի, այս դեպքում մտավոր, ինչու՞ չէ, նաեւ` ստեղծագործական գործունեության. «Զայսքան չարչարանս, զորս յանուանէ յիշեցաք երեւելիք եւ յայտնիք էին, զորս ի շարադրութիւնս բանի բերեալ գրեցաք. իսկ որք փոքրագոյնք էին, զորս մեք թողաք, դու զայն մտովք քովք իմասցիս » (էջ 385):



[1]       Ցավոք, երկխոսությունների պարագային եւս Դավրիժեցու պատմագրքի աշխարհաբար թարգմանության մեջ (Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երեւան, 1988) թարգմանիչը` Վարագ Առաքելյանը, հաշվի չի առել ուղղակի եւ անուղղակի վկայագրված երկխոսությունների տարբերակումը եւ երբեմն ուղղակին ներկայացրել է իբրեւ անուղղակի, եւ հակառակը: Սույն աշխատության խնդրադրության առումով` սա եւս կոպիտ միջամտություն է Դավրիժեցու բնագրին:

[2]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 28:

[3]       Նույն տեղում, էջ 27:

[4]       Աշոտ Սարգսյան, Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» եւ Մովսես Խորենացին, էջ 54: