Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՆՑ ԱԼԿՈԼԻ ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ԴԱՐՄԱՆՈՒՄԸ

Drysdale. «Առողջ վիճակում ոգելից ըմպելիներ օգտագործելու օգտակարութեան և հիւանդութիւնների մէջ նրանց անհրաժեշտութեան մասին հասարակութեան ունեցած հաւատքը միայն այն ժամանակ կարելի պիտի լինի խախտել, երբոր յաջողւի միանգամայն նրանց վտանգների մասին բժիշկներին համոզել և իբր դեղ նրանց անզօրութիւնը ցոյց տալ։ Արդ, այդ արդիւնքին հասնելուց տակաւին շատ հեռու ենք գտնւում. 1896 թւին Մազտէբուրգի դատաստանական դահլիճի առաջ Դոկտ. Հերշֆէլտ, նեխիչ տենդի ենթակայ մի հիւանդի ալկոլ տուած չը լինելուն համար դատի ենթարկւեց, ընդհանուր դատախազը, հիւանդանոցի բժիշկների յայտարարութեան համաձայն, որտեղ յետոյ հիւանդը փոխադրւած ու մեռած էր, նրա համար անզգուշութեամբ մարդասպանի մի պատիժ պահանջեց։

Սաքսի բժշկական ընդհանուր խորհուրդը և բազմաթիւ հռչակաւոր բժիշկներ պաշտպանելու մասին խորհրդակցելով և դատարանում անբաստանեալի նկատմամբ նպաստաւոր կարծիք յայտնելով, Դոկտ. Հերշֆէլդ անպարտ արձակւեց։ Այս դէպքը միանգամայն ցոյց է տալիս, թէ՛ ի նպաստ ալկոլի նախապաշարման ոյժը և թէ՛ հակառակ կարծիքին ոյժը։ Տիեզերահռչակ ճանապարհորդ Դոկտ. Նանզէնի յայտարարութեան համեմատ, բևեռային կլիմաների տակ ալկոլի նոյն իսկ բժշկական գործածութիւնը բնաւ անհրաժեշտ չէ և միշտ վտանգաւոր է։ Եւ բարեխառն կլիմաների տակ միթէ միևնոյն բանը չէ՞։ Մագնիւս Հիւսի, Լանսէրօյի, Բ. Վ. Րիչարդսընի և Նօրման Քէրի աշխատութիւնները ցոյց են տւած զանազան հիւանդութիւնների պատճառաբանութեան մէջ ալկոլի պատկանած մասնակցութեան բաժինը, և այս իրողութիւնների առաջ, կարելի է հարցնել թէ բժիշկները ալկոլի իբր դեղ անխնայ գործածութեան մէջ մի իրական անխոհեմութիւն ցոյց տուած չե՞ն... ։ 1872 թւին Saturday Review թերթում մի յօդուած տեսնւեց որը բժիշկներին ամբաստանում էր իրանց հիւանդների մօտ անժուժկալութեան ճշմարիտ ունակութիւններ ստեղծած լինելնուն համար, և այս առիթով բարձրացած բանակռւում ստատիստիկներով կարողացան հաստատել՝ թէ մի բաւական չափով ալկոլ ընդունող տենդոտ հիւանդների մօտ մահաթիւը աւելի բարձր է, միայն կաթ տրւած հիւանդների մահաթւից»։

«1876 թւին կազմւեց Անգլիական Բժշկական ժուժկալական Միութիւնը (British medical Temperance association), այսօր հազարաւոր անդամներ ունի, ալկոլին իբր դեղ գործածութիւնը չափաւորելու կամ նոյն իսկ բոլորովին դադրեցնելու գաղափարին յայտնի յառաջդիմութիւններ արած լինելուն ճշմարիտ մի նշանն է այս։ Այս նոր դրութեան առաջին արդիւնքը, հիւանդանոցների համար յառաջ բերած որոշ խնայողութիւնն է։ Պարքըրի, Գօտնէրի, Նօրման Քէրի, Բ. Վ. Րիչարտսընի, գործունէութեան տակ զանազան հիւանդութիւնների դարմանման մէջ ալկոլի գործածութիւնը Լօնտօնի հիւանդանոցներում աստիճանաբար պակասեցնում են հին գաղափարին երկար ժամանակ հաւատարիմ մնացող միայն Saint-Georges հիւանդանոցում, տիֆից մեռնողներին թիւը միւս հիւանդանոցներից շատ աւելի բարձր է, իրաւունք ունինք հարցնելու, թէ Անգիլայում և Եւրոպայում ճարակած ալկոլամոլութեան ճշմարիտ համաճարակը մասամբ չէ՞ կապւած դարմանման այն վատ սովորութեան, որ մի քանի տարի առաջ, բժիշկների մեծագոյն մասը հետևում էր։ Այն յիմարանոցներում, որտեղ հիւանդների համար ոգելից ըմպելիների գործածութիւնը և նրանց իբր դեղ մատակարարւիլը բոլորովին դադրեցըւած է, աւելի արագ և աւելի տևական բարելաւութիւններ ստացւել է. մի գործնական միջոց է այս, որ Գերմանիայում և Անգլիայում հետզհետէ տարածւում է։ Նոյն իսկ գարեջրի գործածութիւնը արգիլւած է։ Անգլիացի և Շուէյցարիացի բազմաթիւ ֆիզիօլօգիայի պրօֆէսորների կարծիքը միևնոյնն է հաստատում, ինչ որ փորձառութիւնը բժիշկներին ցոյց է տւած։ Վերջապէս Լօնտօնի Ժուժկալական հիւանդանոցի (London Temperance Hospital) վիճակագրութիւնները ցոյց են տալիս, որ առանց ալկոլի օժանդակութեան կարելի է դարմանել և բուժել գրեթէ բոլոր հիւանդութեանց մեծագոյն մասը, այս հիւանդանոցին բժիշկները, որ 24 տարւայ ընթացքում 13, 984 հիւանդներ են դարմանած, միայն 24 դէպքում ալկոլ տւած են։ Հետզհետէ ալկոլի գործածութիւնից հրաժարւում և սկսում են կասկածիլ նոյն իսկ ամենափոքր չափի օգտակարութեան վրայ։ Հօրոլէյի, Հ. Թօմսընի, Պիրս Գուլդի վկայութեանց համեմատ, վիրաբուժական հիւանդութեանց մէջ ալկոլի գործածութիւնը մեծ մասամբ անօգուտ ժամանակ վատնել է, և յաճախ վնասակար է»։