Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Միշտ յամենայն ժամ, տանուտէր,
Հայեաց առ իս, որ ծարուել եմ,
Աստուած օրհնէ` զքեզ զամէն ժամ,
Գաւաթ տուր յիս, որ ծարուել եմ:

Անմահութեան պտուղն ի քէն,
Դու լուսատու մարդկան ազգի,
Աղբիւր կենաց դու մեզ արբո
Այս քո գերոյս, որ ծարուել եմ:

Րախճանակից լինիս մարդկան,
Պայծառ կարմիր ես կերպարան,
Մարդն ի մարդոյ շատ պատուական,
Ինձ աւետիս, որ ծարուել եմ:

Տեսայ զերեսդ ՚ւ զուարճացայ,
Մեռեալ մարմնովս կենդանացայ,
Գաւաթ տուր ինձ եւ ողորմեա
Ճմլեալ սրտիս, որ ծարուել եմ:

Ինձ մեծ գաւաթ մի տուր սիրով,
Որ զինքն խմեմ ես ցնծալով,
Փառաւորիմ հոգով մարմնով,
Հանգչի հոգիս, որ ծարուել եմ:

Րամեալ մարդկան ուրախարար,
Յամէն կողմանց դու բարերար,
Գինի բերիր դու ինձ համար,
Ինձ կու հայիս, որ ծարուել եմ:

Ով ինձ գաւաթ բերէ խմեմ,
Ձեռացն առնում, զինքն համբուրեմ,
Բազմաց գլուխ ի վայր բերեմ,
Խմեմ զգինիս, որ ծարուել եմ:

Սուրբ, անապակ գինի բերես,
Սափորն, կթղան ի վայր թափես,
Մեծ եւ փոքր զնա բաժանես,
Տուր ծարաւիս, որ ծարուել եմ:

Ինձ սէր աղէկ, դու սէր
Եւ մի՛ կենալ դու փառասէր,
Արի գաւաթ տուր, տանուտէր,
Քո ծառային, որ ծարուել եմ:

Սիրով խմեմ, եղեւ գարուն,
Շատ խմեցի ձմեռն ի բուն,
Ի դուրս խմեմք ամառս ի բուն,
Հինգ-վեց ամիս, որ ծարուել եմ:

Այս գինիս չէ ինձ բաւական,
Քանի խմեմ ես մեծ աման,
Գինին անուշ եւ անապական,
Երթամ ի Սիս, որ ծարուել եմ:

Ցնծա սիրով եւ զուարճացիր,
Ամէն մարդկաց ուրախ կացիր,
Գաւաթդ հիմա, որ ձեռքդ առիր,
Խմէ ընդ իս, որ ծարուել եմ:

Եղբայր, գինի շատ եմ խմել,
Ամէն տեղիք եմ ժամանել,
Վաղ ժամանակ հանց չէր եղել,
Զինչ այսօրիկս, ծարուել եմ:

Լից, լից ու տուր, իմ բարեկամ,
Ես ի Տեառնէ շատ գոհանամ,
Բոլոր անձամբ սովաւ ցնծամ,
Ողորմելիս, որ ծարուել եմ:

Ես Մարտիրոս Խարասարցի,
Որ զայս կենօք զօրս անցուցի
Եւ սիրեցի զանուշ գինի,
Փափագելիս, որ ծարուել եմ: