Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ VI
ԽԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ. ՀՈՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. ԴԱՍԵՐԻ ՓՈԽ-ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀՈՂԻ ՇՈՒՐՋԸ. ԳԻՒՂԱՑԻՈՒԹԵԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ ԸՍՏ ԿԱՐԳԵՐԻ

 

Քանի անգամ արդէն ասուել է, որ խանական կառավարութիւնն իր գլխաւոր ուշադրութիւնը կենտրոնացնում էր հարկ եւ տուրք հաւաքելու վրայ։

Սակայն մինչեւ հարկերի եւ նրանց ժողովման եղանակի քննութեան դիմելը մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ խանութիւններում տիրող հողային պայմանները, հողի սեփականութեան դրութիւնը կամ նրանից օգտուելու իրաւունքները։ Այդ անհրաժեշտ է այն պատճառով, որ հողն էր տալիս խաներին նրանց եկամուտների խոշորագոյն մասը, որ նրանից օգտուելու եղանակն էր որոշում խանութիւնների արտօնեալ եւ ոչ-արտօնեալ դասերի փոխ-յարաբերութիւնները։

Հողի մասնաւոր տիրապետութիւն չկար պարսկական խանութիւններում։ Չկար դա եւ Վրաստանին պատկանող թրքական շրջաններում (Բորչալու, Ղազախ եւ Շամշադի) եւ Ախալցխայի փաշայութեան մէջ։ Հողը համարւում էր «Աստուծոյ պարգեւ» եւ պետական, աւելի ճիշտ, թագաւորի սեփականութիւն։ Այդ կանոնից դուրս էին համարւում տնատեղերը, պարտէզներն ու այգիները։ Դրանց մասնաւոր սեփականութիւնը ճանաչուած իրողութիւն էր։ Մնացածը վարելահող, խոտահարք, անտառ, արօտատեղի եւ ջուր մասնաւոր տէր չէին ճանաչում. նրանցից օգտւում էին գիւղական համայքները եւ թափառական ցեղերը։ Շնորհիւ երկրի չափազանց նօսր բնակչութեան եւ ազատ հողերի առատութեան՝ ժողովուրդների տեղափոխութիւնն ընդհանրացած երեւոյթ էր։ Հողը որեւէ շահ տալիս էր այն ժամանակ, երբ նրա վրայ հաստատ բնակութիւն կար։ Մեր օրերի կալուածատիրութիւնը, երբ հնարաւոր է լայն տարածութիւններ ունենալ եւ այն մշակել վարձու ձեռքերով կամ կապալային եղանակով, աներեւակայելի բան էր խանութիւններում։ Այս պատճառով հողն ինքնին արժէք չունէր, եթէ նա բնակեցրուած չէր նստակեաց ժողովրդով։ Այդ ժողովուրդն էլ, ինչպէս ասացինք, միշտ շարժման մէջ էր։ Նա կամ վրանաբնակ խաշնարած էր, որ հէնց իր արտադրելակերպի շնորհիւ ոչ մի կայուն եւ հաստատ բնակութիւն չէր ստեղծում, կամ թէ երկրագործ-գիւղացի էր, որ քաղաքական յեղյեղուկ եւ մշտափոփոխ դրութեան պատճառով ստիպուած էր մի աչքը միշտ յառած պահել երկրի անառիկ խորշերին կամ հարեւանների ապահով անկիւնների վրայ։ Չպէտք է մոռանալ, որ այդ ժամանակ պատերազմը, արշաւանքն ու կողոպուտը նոյնպէս արտադրելակերպեր էին։ Ահա ի նկատի ունենալով այս հանգամանքները՝ կարելի է հասկանալ, թէ ինչու խանութիւններում արմատ չէր գցում հողի մասնաւոր սեփականութիւնը, թէ ինչու դիրք եւ արտօնութիւն կարելի էր ձեռք բերել ոչ թէ հողի շահագործումով եւ հողային կալուածներով, այլ ժողովրդին կառավարելով։ Այդ կառավարիչներն էլ երկու կարգի էին. խաներից նշանակուած պաշտօնեաներ եւ նրանցից ճանաչուած ցեղապետներ։ Վերջին կարգի պաշտօնեաներ էին քրդերի եւ բազմաթիւ թափառական ցեղերի պետերը, ինչպէս նաեւ մեր կարծիքով, հայ տոհմական մելիքները, թէեւ վերջիններս կառավարում էին հողագործութեան սովոր մի ժողովուրդ։ Պարզ է, որ մի տեղ, ուր չկար հողի մասնաւոր սեփականութիւն, ուր ժողովուրդն ըստ մեծի մասին դեռ չէր նստել հողի վրայ, այնտեղ չէր կարող լինել ճորտութիւն կամ նման որեւէ ուրիշ ծանր կախեալ դրութիւն։

Խանութիւնների հետազօտողներն այդ են շեշտում։ Սակայն ճորտութեան բացակայութիւնը նրանք բացատրում են նրանով, որ իսլամը, որպէս կրօն, արգելում էր այդ։ Բայց մի՞թէ քրիստոնէութիւնը խրախուսում էր ճորտութիւնը կամ թէ նրա անխարդախ կերպով ըմբռնած իմաստը հաշտւում էր այդ դրութեան հետ։ Ո՛չ։ Եւ սակայն, չնայած դրան, քրիստոնեայ Վրաստանը ճորտատիրական երկիր էր, այն էլ ամենախայտառակ եւ ծանր կարգերով։ Չէ՛, հաւատն անկարող էր տնօրինել երկրի տնտեսականը։ Իսլամը թափառական ժողովրդի կրօն էր հէնց իր ծագման սկզբից։ Հասկանալի է, որ նա չէր կարող դրական պատասխան տալ հողային մասնաւոր սեփականութեանը, մի բանի, որ չկար։ Քրիստոնէութիւնը, որ հրապարակ եկաւ որպէս լումպէն-պրոլետարիատի կրօն, նոյնպէս դէմ էր մասնաւոր սեփականութեանը։ Նա նոյնիսկ կոմմունիզմ էր քարոզում, սակայն ոչ թէ արտադրողական, այլ միայն սպառողական։ Քրիստոնէութեան եւ մահմեդականութեան ծագումից յետոյ անցան շատ տարիներ, փոխուեցին այդ կրօնների ծագման պատուանդան հանդիսացող հասարակութիւնները եւ փոխուեց նաեւ նրանց վերաբերմունքը դէպի սեփականութիւնը։ Բայց նախորդ դարի սկզբում Անդրկովկասի պարսկական գաւառները դեռ եւս ապրում էին մի այնպիսի կենցաղով, որ նրանց պահանջները եւ կրօնի թելադրանքները չէին կորցրել իրենց ներքին ներդաշնակութիւնը։ Չէ՛, իսլամը չէր ճորտութեան բացասողը. տնտեսական պայմաններն էին, որ արգելք էին հանդիսանում նրա հաստատուելուն։ Որ իսլամը պատուար չէր կանգնում մարդը մարդուն ստորադրելու եւ ենթարկելու գաղափարին, դրա փառաւոր ապացոյցը կարող է ծառայել ստրկութեան ինստիտուտը, որ համատարած երեւոյթ էր մուսուլմանական երկրներում։ Ուրեմն, այդ ինչպէս է պատահում, որ ճորտութիւնը բացասող իսլամը հանդուրժում էր, որ իր շուկաներում վխտան ստրկավաճառները եւ ցուցադրեն իրենց «ապրանքները»՝ բաղկացած ոչ միայն «անհաւատներից», այլ եւ ջերմեռանդ «հաւատացեալներից»։ Կրկնում ենք, մեն-միայն այս հանգամանքը ջրում է իսլամին վերագրած բարձր արժանիքները։

Պարսկական խանութիւններում ճորտութիւն չկար, որովհետեւ ժողովրդի նստակեացութիւն, կայուն քաղաքացիական կեանք եւ հողի մասնաւոր սեփականութիւն չկար։ Այդ խանութիւնների նօսր բնակչութեան շնորհիւ աւելի գնահատելի էր մարդը, քան թէ հողը։ Խաները միմիանցից ժողովուրդներ էին գերում, խոստումներով հոծ բազմութիւններ էին դուրս բերում հին ծննդավայրերից եւ նրանով բնակեցնում իրենց երկիրները։ Պարզ է, որ այստեղ ամեն-մի չընդունուած պայման եւ նոր ծանրութիւն առաջ կը բերէր արտագաղթ, իսկ դա ձեռնտու չէր խաներին։

Այժմ տեսնենք, թէ ժամանակակից վկայութիւններն ինչպէս են նկարագրում հողային պայմանները պարսկական խանութիւններում։

«Ամբողջ Պարսկաստանում ճորտական դրութիւն չկայ, ասում է Ղարաբաղը հետազօտող Զուբարեօվը [1], ապա եւ Ղարաբաղում, որ կազմում է Պարսկաստանի մի նահանգը, մինչեւ վերջին խան Մեհտի-Ղուլին չկար եւ դրա ստուերը։ Այս խանը, յանձնելով իրեն ասիական մեղկութեան եւ ճոխութեան, աչքաթող էր անում իր երկրի գործերը, թողնելով, որ գիւղերը կառավարեն իր սիրելիները, որոնց մեծարել էր բէկ տիտղոսով։ Բէկերն էլ, կառավարելով գիւղերը կողոպուտի եւ բռնութեան իրաւունքով, պարտաւոր էին խանին տալու հացի եւ դրամի տուրքեր, թէ նրա ապրուստի եւ թէ Ռուսաստանին հարկ վճարելու համար, որ հաւասար էր ութ հազար ոսկու (червонецъ)։ Սակայն՝ ինչպէս երեւում է խանի բոլոր թղթերից՝ նա գիւղերը տալիս էր ոչ իբրեւ ժառանգական սեփականութիւն, այլ ռոճիկի փոխարէն որոշ անձի եւ այն էլ այնքան ժամանակով, որքան գիւղի ստացողը ծառայութեան մէջ էր. այս դէպքում էլ տրւում էին ոչ թէ բնակիչները, այլ նրանց մշակած հողի եկամուտները»։ Խաների իշխանութեան ժամանակ, ասում է մի այլ պաշտօնական թուղթ [2], մուսուլմանական գաւառները բաժանուած էին մահալների։ Ամեն մահալ իր կառավարիչն ունէր, խիտ բնակչութիւն ունեցող մահալներում յաճախ լինում էին մի քանիսը։ Մահալի կառավարիչների քանակը կապուած էր այն ազդեցութեան եւ նշանակութեան հետ, որ ունէին խանի վրայ նրա մերձաւորները։ Այդ դարղա, նայիբ, նոյնիսկ իւզբաշի կոչուած կառավարիչները, որոնց կառավարութեանն էին յանձնւում մահալներ եւ գիւղեր, երբեմն (ընդգծումը մերն է Դ. Ա. ) իրենց օգտին ստանում էին բոլոր եկամուտների տասերորդ մասը, ծառայ՝ կարիքի համեմատ, կենսական պաշար՝ ընտանիքի համար եւ նրանց հիւրերն էլ ընդունւում ու հիւրասիրւում էին ժողովրդի հաշուին։ Ժողովուրդը երբեմն պարտաւոր էր բարեյօժար համաձայնութեամբ հերկել նրանց համար հողը, կամ թէ նա այդ անում էր խանի կամքով, ապա օգնում էր հնձել ու կալսել թէ գիւղացիների ձեռքով ցանած հացը եւ թէ ռաշպարների։ Մի քանի գիւղեր տալիս էին նրանց նաեւ խանից որոշած քանակով ռաշպարներ։ Կառավարիչները ստանում էին հարսանիքաբաժին ( թօյ-փայի ) եւ առանձին տասանորդ դատական նեղութիւնների համար. օրինակ, երբ կողմերը հաշտւում էին՝ վէճի նիւթ դարձած առարկայ արժէքի տասերորդ բաժինը։ Այդ նոյն չափով վարձատրութիւն նրանք ստանում էին գողերի հատուցումից կամ թէ տուգանքով պատժածներից, որ կոչւում էր ջերմա ։ Թոյլատրելի էին նաեւ դրամական նուէրներ (իմա՛ կաշառք Դ. Ա. Հարկաբաշխութեան ժամանակ, եթէ ժողովուրդը կանխօրէն համաձայնութեան էր գալիս, ապա նայիբի կամ դարղայի օգտին հաւաքւում էր որոշ դրամական ընծայ, որ կոչւում էր տան-փող ( օթաղ-խարջի Պաշտօնական մի այլ թուղթ [3], որ վերաբերում է այժմ Գանձակի նահանգի Գանձակի եւ Ջիւանշիրի գաւառներում ընդարձակ կալուածներ ունեցող հայազգի Մելիք-Բէգլարեաններին, այն միտքն է արծարծում, որ նախորդ դարի 20-ական թուականներին, այդ տոհմը 20 գիւղերի ժառանգական հարց բարձրացնելով իր անդամների մէջ՝ նոր սկզբունք է մտցնում Ղարաբաղի հողատիրական պայմաններում։ Կովկասի կուսակալ գեներալ Երմոլով հաղորդում է Կայսեր, որ Շուշուայ դատարանի քննութիւնը եւ խանի հին պաշտօնեաների վկայութիւնն ապացուցանում են, որ Ղարաբաղում Վրաստանի նման ճորտութիւն չի եղել, որ գիւղերն էլ տրուելիս են եղել մելիքին, որպէս վարչական անձի, եւ ոչ թէ նրա ազգականներին եւս։ Նա մատնանշում է նաեւ, որ Մելիք-Բէգլարեանները ոչ մի հաստատ կալուածագիր չունեն, որ կան միայն մի քանի թղթեր այն մասին, թէ նրանք զանազան ժամանակներում ուրիշներից առել են ջրաղացներ, այգիներ եւ այլ արդիւնատեղիներ։ Երմոլովն աւելացնում է, որ ինքը գտնում է նպատակայարմար եւ արդարացի մերժել այդ տոհմի զանազան անդամների պահանջները 20 գիւղերը, որպէս ողորմութիւն, շնորհել վերջին մելիքի՝ Փրիդոնի, ժառանգներին, բայց միայն մի պայմանով, որ այդ գիւղերի բնակիչները երբէք ճորտ չեն համարուելու։ (Փակագծի մէջ ասենք, որ Մելիք-Բէգլարեանները յետ դառնալով Վրաստանից, ուր նրանք ապաստան էին գտել Ղարաբաղի Իբրահիմ-խանի հալածանքներից, ախորժակ ունէին՝ յենուելով ռուսական ուժին՝ հայ գիւղացիներին ճորտական լծի ենթարկելու)։ Ղարաբաղում այս կերպ էր դասաւորուած հողագործի եւ բէկի հողային փոխ-յարաբերութիւնը, որով ոչ առաջինը ճորտ էր, ոչ երկրորդը սեփականատէր։ Տեղի ունէր այն, ինչ եղել է բոլոր յետամնաց երկիրներում, երբ պետական պաշտօնեան իր ոստիկանական եւ դատական ծառայութիւնների դիմաց վարձատրուել է բնական բերքերով եւ ժողովրդական ծառայութեամբ՝ նրա տնտեսութեան մէջ։ Որ այս դրութիւնը վերջ ի վերջոյ պիտի բերէր հողի մասնաւոր սեփականութեան, ինչպէս այդ կատարուել է միջնադարեան Եւրոպայում, դա գուցէ եւ կասկածից դուրս լինի, բայց յամենայն դէպս նախորդ դարի սկզբում խանութիւններում հողի մասնաւոր սեփականութիւն իր կայուն դրութեամբ գոյութիւն չունէր, այլ նկատւում էր նրա սեփականացման պրոցէսի սկիզբը։

Այժմ տեսնենք ինչ կարգեր էին տիրում Շիրուան-Շամախիում։ Վասիլիյ Լեզգորըտովը հաղորդում է [4]. «Խանական վարչութեան ժամանակ բէկերը կազմում էին բարձր դասակարգի մարդիկ, մի չափով նման մեր (այսինքն՝ ռուս. Դ. Ա. ) ազնուականութեանը, բայց այն զանազանութեամբ, որ խանը, չը զրկելով նրանց բէկական կոչումից, կարող էր մարմնական պատիժ տալ եւ յետ առնել կալուածքը։ Բէկերն երկու կարգի էին. ոմանք տոհմական ու հին եւ իրենց աստիճանը ստացած պարսկական շահերից, միւսներն իրենց աստիճանը պարտական էին խաների շնորհին։ Առաջինները յարգուած էին ժողովրդից եւ յաճախ չէին խոնարհւում խաներին, բայց միշտ մնում էին նոյն իրաւունքների եւ արտօնութիւնների մէջ, ինչպէս եւ վերջինները։ Բէկերի իրաւունքների մէջ գրականութիւն չկար. դրանք պարզւում են անշարժ կալուածների շուրջը ստեղծուած յարաբերութիւններից եւ գիւղերի կառավարութիւնից։ Այդպիսի գիւղեր երկու տեսակի էին. ոմանք, որպէս հասոյթաբեր կայք (аренда), շնորհւում էին շահերից եւ խաներից, միւսները կազմում էին գաղթականութեան միջոցով, աւելի ճիշտն ասած նրանց ժողովուրդները շողոմելով դուրս էին հանւում հարեւան խանութիւններից, գաւառներից կամ արտասահմանից։ Վերջին գիւղերը կոչւում էին խալիսէ, այսինքն իբր թէ սեփականութիւն։ Բէկն իրաւունք չունի վաճառելու շինականներին, բայց կարող է կամայաբար կարգադրել իր հողերը բոլոր շինութիւններով հանդերձ, բայց դա միայն խալիսէ գիւղերում։ Մնացած գիւղերում նա այդ իրաւունքը չունի, որովհետեւ այդտեղ հողը նրան չէ պատկանում, այլ համայնքին, եւ այդ հողից բաժին է հանւում բէկի ցանքսի համար, որը մշակում է էվրէզո վ, այսինքն գիւղական համայնքի օգնութեամբ։

Բէկ կոչման հետ կապուած էին անձնական ծառայութիւններ դէպի խանը կամ ուրիշ առաւելութիւններ։ Նրանց ծառայութիւնների դիմաց, որպէս վարձատրութիւն, կառավարելու համար տրւում էին գիւղեր որոշ եկամուտներով։ Քանի բէկը վայելում էր խանի ողորմածութիւնը, այնքան էլ նա օգտւում էր այդ իրաւունքներից. հակառակ դէպքում կորցնում էր բոլորը։ Շատ սակաւ էր պատահում, որ այդ իրաւունքները տարածուէին նրանց սերունդների վրայ։ Ինչպէս առաջ, նոյնպէս եւ ներկայումս բէկերը ամենեւին չէին զանազանւում հասարակ ժողովրդից. միեւնոյն կենցաղում՝ նրանց յատուկ էր միեւնոյն տգիտութիւնը։ Գիւղերի կառավարութիւնից գոյացած հարստութիւնն էր նրանց միակ առաւելութիւնը»։

Այս ցուցմունքները, որ լոյս են սփռում Ղարաբաղի, Գանձակի, Շեքիի եւ Շիրուանի խանութիւններում ստեղծուած դասային եւ հողային յարաբերութիւնների վրայ, միեւնոյն ժամանակ մատնանշում են, որ աւատական դասը այդ միջոցին կերպարանաւորւում էր երկու ուղղութեամբ։ Առաջինը հասարակական շերտաւորման ուղին էր, երբ համայնքի ծոցում, հէնց կեանքի զարգացման եւ բարդացման շնորհիւ, հանդէս էր գալիս իշխանաւորը, որպէս ռազմական ոյժի եւ համայնքի ապահովութեան ներկայացուցիչ։ Երկրորդ ոյժը, խանական իշխանութիւնն էր, որ արհեստական միջոցներով, եթէ կարելի է այսպէս արտայայտուել, ստեղծում եւ բազմացնում էր մի արտօնեալ դաս։ Մեր բերած վկայութիւնները ցոյց են տալիս, որ ժողովուրդը յարգում էր տոհմական բէկերին։ Դա հասկանալի բան է։ Տոհմանական բէկերն իրենց ծագումը ստացել էին հասարակական անհրաժեշտութիւնից։ Նրանք, ինչպէս հայ տոհմական մելիքները, շարունակում էին մնալ նահապետների դերում։ Այդպէս չէին խանական բէկերը։ Դրանք օտար մարդիկ էին, որոնք քծնութեամբ հասել էին բարձր աստիճանի եւ իշխանաւոր կարգուել ժողովրդի գլխին։ Գիւղերի կառավարութիւնից գոյացած հարստութիւնն էր նրանց միակ առաւելութիւնը, ասում է Լեզգոբըտովը։ Հասկանալի է, որ նրանք պիտի ձգտէին որքան հնարաւոր է խոշոր դարձնելու այդ հարստութիւնը, իսկ դա կարելի էր ժողովրդի ճնշման գնով։ Այս պայմաններում, հարկա՛ւ, ժողովուրդը չէր կարող առանձին յարգանք տածել դէպի նրանց։ Այսպէս թէ այնպէս, նախորդ դարի սկզբում երկու կարգի բէկերն էլ օժտուած էին միեւնոյն իրաւունքներով եւ արտօնութիւններով. նրանք խանութիւնների կաղապարուող աւատականութիւնն էին։

Ընդհանրապէս խանութիւններում գիւղացիական մասսան բաժանւում էր երկու կարգի. րայեաթ եւ րաշպար [5] ։ Րայեաթ կոչւում էր սեփական տնտեսութիւն ունեցող գիւղացիութիւնը, րաշպարները սեփական տնտեսութիւնից զուրկ էին։ Նրանք բոլորն էլ անձամբ ազատ էին եւ ճորտութիւն չէին ճանաչում։ Րայեաթները բաժանւում էին մի քանի կարգի. 1) սեփական հողի վրայ ապրողներ, այսինքն այնպիսի հողի, որին տիրացել էին նրանց նախնիքները կամ թէ իրենք «առաջին տիրապետողի» իրաւունքով։ Դրանք ազատ երկրագործներ էին, որոնք հողի դիմաց ոչինչ չէին վճարում, այլ տալիս էին, որպէս պետական տուրք, հնձած հացի 1 / 10 եւ այլն։ 2) Կալուածատէրերի հողի վրայ ժառանգական կապալով ապրող րայեաթներ, որոնք առաջին կարգի րայեաթների պէս վճարում էին միեւնոյն պետական տուրքերը եւ բացի այդ առանձնապէս կալուածատէրին հացի 1 / 10, ստացուած մետաքսի 1 / 5 եւ յետոյ փայտ, դարման եւ այլն [6] ։ 3) Րայեաթներ, որոնք ապրում էին իրենց սեփական հողի վրայ, բայց այնպիսի գիւղերում, որոնք խաներից շնորհուած էին բէկերին եւ հոգեւորականներին։ Վերջինները այս գիւղերում, որպէս պետական պաշտօնեայ, ռոճկի փոխարէն ստանում էին պետական տուրքերի որոշ մասը։ 4) Չորրորդ կարգի րայեաթներ էին վաչկատունները, որոնք արօտատեղիներ ունէին երկրի զանազան մասերում եւ իրենց խաշներով թափառում էին անկիւնից անկիւն։ Նրանք տուրքեր էին վճարում իրենց անասունների գլխահամարի համեմատ։ Տուրքը հասնում էր խանին, երբ արօտատեղին արքունի էր, բէկին, երբ նա շնորհուած էր նրան։

Րայեաթները կազմում էին գիւղացիութեան ճնշող մեծամասնութիւնը։

Րաշպարները սեփական տնտեսութիւն չունէին։ Նրանք օտարների հողի վրայ իրենց ընտանիքներով ապրող մշակներ էին [7] ։ Հողերի առատութեան շնորհիւ, ինչպէս ասել ենք քանի անգամ. խաներն ու բէկերը շողոմելով դուրս էին հանում հարեւան երկրներից գիւղացիներ եւ նրանցով բնակեցնում ազատ հողերը։ Այդ տեսակ գիւղացին խանից կամ բէկից ստանում էր գիւղատնտեսական անհրաժեշտ գործիքները եւ միջոցները, իր աշխատանքով մշակում էր հողը եւ՝ նայած պայմանին՝ արդիւնքը բաժանում հողատիրոջ հետ։ Րաշպարն առհասարակ ստանում էր բերքի ¼ մինչեւ ½։ Նա ազատ էր պետական բոլոր տուրքերից. նրա փոխարէն վճարում էր հողատէրը։ Րաշպարին վաճառել կամ գրաւ դնել իրաւունք չկար, թէեւ բէկերը յաճախ նրանց վերցնում էին տան ծառայութիւնների համար կամ զիջում ու նուիրում էին իրարու։ Րաշպար պահելու իրաւունք ունէր ամեն ոք, ով կարողութեան տէր էր եւ բանուորական ձեռքերի կարիք էր զգում։ Սնանկ պարտապաններին թոյլատրւում էր րաշպարութեան ընդունել։ Նստակեաց րաշպարներին իրաւունք չկար իրարու զիջել կամ նուիրել. դա թոյլատրելի էր դեռ հողի վրայ չնստած րաշպարների նկատմամբ։

Գիւղացիներ էին՝ իրենց ապրուստի հայթայթման եղանակով նաեւ մաաֆները, որոնց մասին մենք առիթ ենք ունեցել խօսելու։ Սակայն նրանք հողի սեփականատէր էին եւ պետական տուրքերից ազատ։ Նրանց համար հարկ եղած միջոցին միայն պարտադիր էր զինուորական ծառայութիւնը։

Այստեղ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ րաշպարութիւն ասածդ գոյութիւն չունէր Վրաստանի թրքական շրջաններում։ Ասենք, րաշպարութիւնը գլխաւորապէս տարածուած էր շեքիի խանութեան մէջ, բայց նա կար եւ մնացած խանութիւններում։ Յամենայն դէպս Վրաստանի (Բորչալու, Ղազախ, Շամշադիլ), հայ եւ թուրք գիւղացիները րաշպարութիւն չէին ճանաչում։ Նրանց մելիքներն ու աղալարները վրաց թագաւորների պաշտօնեաներն էին։ Ստանում էին հացի 1 / 10 եւ օգտւում գիւղացիների մանր-մունր ծառայութիւններից։ Ուրիշ կախում չկար։ Մաաֆների պէս այստեղ կային թարխաններ, ազատ գիւղացիներ, պարտաւոր միայն զէնք կրելու։

Տարբեր կերպով էին դասաւորուած հողային եւ դասային յարաբերութիւնները Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւններում։ Բարձր դասը բէկ, աղալար եւ մելիք այստեղ իր դիրքն ու աստիճանը համարեա թէ բացառապէս պարտական էր խաներին։ Երեւանն ու Նախիջեւանը աւելի էին կապուած Պարսկաստանին. այստեղ խաները տոհմական իրաւունքներ չունէին երկրի վրայ. նրանք պարզ պաշտօնեաներ էին։ Երկու խանութիւններում էլ պարսկական իշխանութիւնը տիրապետող եւ կարգադրող էր բոլոր անկիւններում, տեղական ազատութիւններ ու արտօնութիւններ գոյութիւն չունէին։ Ղարաբաղի կամ Շիրուանի խաները կիսանկախ էին իրենց գործառնութիւնների մէջ։— Երեւանն ու Նախիջեւանը վարչական ցուցմունքներ ստանում էին պարսկական կենտրոններից՝ Թեհրանից կամ Թաւրիզից։ Պարսկական յարդարող բռնակալութիւնն այս երկրներում ամեն բան դրել էր կախման մէջ։ Դիրք ու աստիճան ունէր նա, ով պետական տեսակէտից արժանի էր դատւում։ Այդ արժանիքը, ի հարկէ, նախ եւ առաջ ճարւում էր խանական պաշտօնեաների եւ հոգեւորականների մէջ։ Իրենց ծառայութեան համար նրանք ռոճիկ չէին ստանում, այլ վարձատրւում էին գիւղերի հասոյթներով։ Երեւանում եւ Նախիջեւանում հողը (բացի տնատեղերից, այգիներից եւ պարտէզներից) ոչ ոքի ժառանգական սեփականութիւն չէր ճանաչւում։ Հողի եւ գիւղացիների վրայ կային անմիջական կարգադրիչներ՝ ըստ մեծի մասին թուրք եւ նուազ չափով հայ բէկ ու մելիք, սակայն նրանք հողի եկամուտներից օգտուողներ էին եւ ոչ հողատէր։ Այդ եկամուտները նրանցն էր, քանի պաշտօնի մէջ էին։ Պաշտօնազրկութեանը հետեւում էր եկամուտների վերացումն։ Այստեղ գիւղացիներից կորզած տուրքերով (գլխաւորապէս բնական) ուռճացող խաւերը կոչւում էին միւլքադար եւ թիուլիստ [8] ։ Միւլք համարւում էր պետական եկամուտի որոշ մասը 3 / 30 ։ Դա ռոճիկ էր բնական բերքերով։ Եթէ պաշտօնեային ժառանգում էր որդին, ապա հօր միւլքը տրւում էր որդուն։ Եթէ միւլքադարը կամենար մշակել իրեն յանձնուած գիւղում առանձին հողաբաժին, ապա այդ մասին պիտի խնդրէր խանի թոյլտւութիւնը։ Նրա դաշտում գիւղացիները պարտաւոր չէին ձրի աշխատելու. նա պիտի նրանց վարձէր ըստ համաձայնութեան։ Եթէ միւլքադարը ցանկանար ապրել գիւղում, կարող էր գիւղացիների հետ հաւասար բաժին ստանալ հողից։ Միւլքադարն իրաւունք չունէր անմիջապէս ազդել գիւղացիների վրայ։

Այլ էր թիուլիստի իրաւունքը։ Թիուլը սովորաբար տրւում էր ցկեանս, այսինքն մինչեւ թիուլիստի վախճանը նրա այս կամ այն խոշոր ծառայութեան համար։ Թիուլ համարուող գիւղից խանի գանձարանն այլեւս ոչինչ չէր ստանում։ Բոլոր պետական հարկերն ու տուրքերը ստանում էր թիուլիստը [9] ։ Թիուլը չէր կարելի ոչ գրաւ դնել, ոչ էլ վաճառել։ Պատահում էին գիւղեր, ուր միւլքը մէկի սեփականութիւնն էր համարւում, թիուլը միւսի։ Թիուլը կարող էր անցնել թիուլիստի ժառանգին, եթէ վերջինս ստանում էր հօր պաշտօնը։ Սովորաբար, թիուլիստի իրաւունքները վերանում էին նրա մահուամբ։

Երեւանի խանութիւնում գիւղերն ընդհանրապէս բաժանւում էին չորս կարգի. 1. բահրաքեար, 2. եարիքեար 3. րաշպարական եւ 4. կապալային [10] ։

1. Բահրաքեար համարւում էին լաւ աշխարհագրական դիրք ունեցող գիւղերը, որոնց բնակիչները՝ համեմատաբար նուազ աշխատանք գործադրելով՝ կարողանում էին շօշափելի հասոյթ ունենալ թէ երկրագործութիւնից եւ թէ անասնապահութիւնից։ Այսպիսի գիւղերից խանը մի բինաչայից (հարկատուական միաւոր, բաղկացած 10 ծուխից. բինաչան նաեւ ինքնամփոփ տնտեսական միաւոր էր նման հայ գիւղերի տասնակին ) գանձում էր դրամով 10 թուման եւ երկրի բոլոր բերքերի մէկ երրորդը։ Ուրեմն բահրաքեար գիւղերի առանձնայատկութիւնը համարւում էր այն դիֆֆերենցեալ րենտան, որ ունէին նրանք հողի յատկութեան, ջրի առատութեան կամ տեղագրութեան շնորհիւ։

2. Եարիքեար (կիսով աշխատող) գիւղերը կազմուած էին դրսից հրաւիրած գաղթականներից։ Ազատ հողերի առատութիւն էր. բնակչութիւնը նօսր։ Երկիրը շէնացնելու համար գաղթականներն ու թափառականները ցանկալի հպատակներ էին։ Խանը նրանց տալիս էր կենդանիներ, երկրագործական գործիքներ, սերմեր եւ այլն։ Իր ծախքերի դիմաց նա, ի հարկէ, լիուլի շահւում էր։ Հունձը վերջանալուց յետոյ գիւղացուն նոր տարուայ համար բերքից տրւում էր սերմացու, իսկ մնացածը հաւասար բաժանւում նրա եւ խանի մէջ։

  3. Րաշպարական գիւղերի բնակիչները խանի մշակներն էին։ Խանը ստանում էր բերքի 2 / 3 - ը, բայց դրա փոխարէն նա հոգում էր րաշպարների կենսական պահանջները։

4. Կապալով գիւղ վերցնում էր թէ ինքը խանը եւ թէ տալիս էր իր համհարզներին։ Եղվարդն, օրինակ, Էջմիածնի գիւղն էր, բայց կապալով գտնւում էր խանի ձեռքին։ Նա Եղվարդի հռչակուած ցորենից չնչին բաժին էր հանում վանքին, այն էլ նշխարի համար։

Այդ բոլոր չորս կարգի գիւղերը կամ արքունի էին (խալիսէ) կամ միւլքադարական։ Արքունի գիւղերի բոլոր եկամուտները մտնում էին խանի գանձարանը։ Բահրաքեար միւլքադարական գիւղերում հունձը վերջանալուց յետոյ պարզում էին եկամուտի քանակը, այն բաժանում երեսուն մասի, որից քսան բաժինը տրւում էր գիւղացուն, իսկ տասը բաժինը մտցնւում գիւղական արքունի ամբարը։ Ամբողջ տուրքը ժողովելուց յետոյ ամբարի պարունակութիւնը բաժանւում էր խանի եւ միւլքադարի մէջ։ Խանը վերցնում էր եօթը բաժին, իսկ միւլքադարը երեք։ Եարիքեար միւլքադարական գիւղերում նախ ընդհանուր եկամուտից վերցնւում էր սերմացուն, ապա մնացածը դարձեալ բաժանւում է երեսուն մասի։ 15 բաժինը ստանում էր գիւղացին, իսկ մնացած 15 բաժնից՝ 12 խանը, երեքը՝ միւլքադարը։ Հին սովորութիւն էր, որ տուրքի 1 / 30, չիլիակ կոչուած, հասնում էր հարկահաւաքին ( սարքեարին Երեւանի վերջին խանը այդ սովորութիւնը չէր պահպանում։ Նրա կարգադրութեամբ սարքեարին վարձատրել պարտաւոր էին գիւղացիները։ Չիլիակն այսպիսով խանը իւրացնում էր։ Սարքեարներն առհասարակ նշանակւում էին խանի կողմից։ Սակայն պատահում էր, որ նա այդ իրաւունքը զիջում էր միւլքադարին։ Վերջինս նման դէպքերում ստանում էր նաեւ չիլիակը։

Մեզ մնում է ծանօթանալ Ախլցխայի փաշայութեան (այժմ Թիֆլիսի նահանգի Ախալցխայի եւ Ախալքալաքի գաւառներ) մէջ տիրող հողային կարգերին։ Բնակչութեան բարձր դասն այստեղ իր ծագումն առնում էր պետութիւնից։ Դրանք նոյն բէկերն էին, որոնց պետութիւնը յանձնում էր հսկելու կարգապահութեան վրայ եւ կառավարիչ փաշայի հետ հոգ տանելու երկրի ապահովութեան մասին։ Դրամական վարձատրութեան փոխարէն բէկերը ստանում էին իրենց յատկացրուած գիւղերի հասոյթների որոշ մասը։ Հողատիրութիւնն այստեղ երկու կարգի էր. ախչա եւ տափ ։ Թիւրքիան՝ XVI դարում տիրապետելով Ախալցխային՝ պարզել էր գիւղերի եկամուտները եւ վերածել դրամի (ախչա), կանոն դնելով, որ գիւղի եկամուտի 1 / 5 պատկանում է պետութեանը [11] ։ Պաշտօնի հրաւիրելով որեւէ անձի՝ պետութիւնը նրան բարաթ էր տալիս ստանալու որեւէ գիւղի ախչան, որը կարելի էր վաճառել կամ զիջել ուրիշին, միայն այն պայմանաով, որ տէրն իր վրայ վերցնէ հին պարտաւորութիւնները կարգապահութեան եւ ապահովութեան նկատմամբ։ Այդպիսի ախչան իսկական էր համարւում, եթէ ստացւում էր նրան հաստատող եւ սուլթանական նոր բարաթը։ Ախչան կարող էր անցնել ժառանգաբար, եթէ որդին ժառանգում էր հօր պաշտօնը։ Այդ փոփոխութիւնը դարձեալ պահանջում էր սուլթանական նոր բարաթ։ Առհասարակ սովորութիւն էր առանց շօշափելի պատճառների չզրկել ախչատիրոջ ժառանգներին հօր վայելած արտօնութիւններից։ Սակայն սուլթանը փաշայի ցուցմունքով պաշտօնավարելու անընդունակ ճանաչուած ժառանգին անմիջապէս զրկում էր ախչայի իրաւունքից։ Ախչայի իրաւունքից ազատ հողերը ձեռք էին բերւում շինականների եւ այլ անձերի կողմից տափի իրաւունքով։ Տափը հողատիրոջ տալիս էր բահրա բերքի 1 / 5 - ը։ Տափատէրն ըստ իր հայեցողութեան կարող էր շինութիւններ կառուցանել հողի վրայ, մշակել այն, զիջել ուրիշին եւ այլն։ Տափի ժառանգաբար ստանալը կամ ուրիշին զիջելը պիտի գրաւոր կերպով վկայուէր տեղական իշխանութիւնից (կասրիաթ)։

Անդրկովկասի հայ-թուրքական գաւառների հողային կարգերի մասին բերած մեր այս բոլոր տեղեկութիւնները գալիս են հաստատելու այն, որ, ինչպէս ասել ենք վերը, հողը այդ երկրներում մասնաւոր կայուն սեփականութիւն չէր համարւում։ Հողի եկամուտներից օգտուողը կալուածատէր չէր ներկայիս իմաստով, այլ որոշ պարտաւորութիւններ ունեցող պաշտօնեայ։ Պաշտօնը կապուած էր անձի հետ, ուրեմն եւ հողային իրաւունքը նոյնպէս անձնական արտօնութիւն էր։ Ժողովրդի աչքում նման հողատէրն իզուր տեղից չէր ստանում եւ վայելում նրա վաստակի արդիւնքները։ Լաւ թէ վատ նա հասարակական գործ էր կատարում, մի բան, որ չէր կարող ձրիաբար լինել։ Հողն ու հողագործը խանութիւններում ոչ միայն ապրեցնում էին պետական պաշտօնեաներին, այլ եւ նրանք էին լցնում խաների գանձարանը։ Այստեղ արդէն մենք ստիպուած ենք ծանօթանալ խանական հարկերի հետ, որոնց բաշխումն ու գանձումը պետական գլխաւոր գործառնութիւնն էր։



[1]        Акты, т. VII, N 411, отъ 20 апрѣля 1830 г.

[2]        Акты, т. VII, N 412, отъ 22 апрѣля 1830 г.

[3]        Акты, т. VI а, N 1320,   Всеподданѣйшiй рапортъ ген. Ермолова, отъ 7 сентября 1824 г.

[4]        Обозрѣнiе Россiйскихъ владѣнiй за Кавказомъ, ч. III С. П. Б. 1836 г., էջ 63-65։

[5]        Иваненко, 134-135.

[6]        Այդ կարգի րայեաթները չնչին քանակ էին կազմում. Շեքիի խանութեան մէջ, օրինակ, 700 ընտանիք։

[7]        Շեքիի խանութեան մէջ հաշւում էին (քսանական թուականներին) 10 հազար հոգի րաշպար (երկսեռ)։

[8]        Шопенъ, 926-932.

[9]        Մշտնջենաւոր թիուլ էին եւ Էջմիածնի հինգ գիւղերը Վաղարշապատ, Օշական, Մողնի, Մաստարա եւ Եղվարդ, բայց ագահ խանը վանքից դրա դիմաց ապօրինաբար ստանում էր տարեկան 400 թուման։

[10]       Шопенъ, 988-990.

[11]       Сводъ матерiаловъ по изученiю экономич. быта государств. крестянъ Закавказскаго края, т. I, Тифлисъ, 1887 г. ч. II М. Н. Кучаевъ “Поземельное устройство государственныхъ крестянъ, водворенныхъ на владѣльческихъ земляхъ въ Закавказскихъ губернiяхъ”, էջ 3-4։