Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԼԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ՎԻՇԱՊԻ ՄԱՍԻՆ

Մեզ պատմեցին, թե Աղստեւի գավառում [1] մայրի անտառների մեջ մի քարայր կա, որ գետնից բարձր է երկու մարդաչափ: Այնտեղ բույն էր դրել մի ահագին վիշապ: Ցերեկվա կեսօրին բնից կախվում էր եւ նայում այս ու այն կողմ: Եթե ինչ-որ կենդանի էր տեսնում, իջնում էր եւ հարձակվում նրա վրա, որ թե կարողանում էր, կլանում էր: Իսկ եթե չէր կարողանում, վերադառնում էր իր բույնը: Ոչ ոք չէր կարողանում սպանել այն, որովհետեւ քարայրը բարձր էր: Մի քահանա ինչ-որ հնարքով սպանեց այն: Քանզի շինեց եռաժանի մի ճանկ, որի ծայրին կապեց օղ, պարան կապեց օղին: Մի ուլ մորթեց, մորթը տիկ հանեց, տկի մեջ դրեց ճանկը եւ տիկը լցրեց խոտով, ուլի գլուխն ու ոտքերը ինչոր հնարքով միացրեց տկին եւ պարանի ծայրը բռնեց, գնաց նստեց հեռու մի ծառի տակ, մի մարդ էլ նրա հետ: Օրը կեսօր դառնալով վիշապը ելավ եւ կախվեց քարայրից, տեսավ ուլը քարայրի դռան մոտիկ, իջավ ու կլանեց ուլը, կամենում էր վերադառնալ քարայր, քահանան պարանը քաշեց, ճանկը մտավ վիշապի մարմնի մեջ: Վիշապը ճչում էր, պոչով հավաքում էր բույսերն ու խոտերը եւ ինչ որ պատահում էր: Իսկ քահանան պարանը քաշում էր, վիշապը դառնում էր դեպի քարայրը, ճչում էր սաստիկ, գալարվում էր եւ պոչը խփում էր այստեղ, այնտեղ: Այնքան չարչարվեց, մինչեւ սատկեց: Իսկ երեցը մաշկը տիկ հանեց, աղեց, տարավ իրենց իշխանին: Երկայնությունը չափեցին, տասնութ թիզ էր, իսկ լայնքը չորս թիզ: Ապա մորթի մեջ ցողուն լցրին եւ ուղարկեցին շահին: Սպանման պատմությունը գրեցին եւ մորթու հետ ուղարկեցին շահին: Իսկ նա քահանային արքունական հարկից ազատեց եւ նրան նշանակեց նրա գյուղի ավագ:

ԳԼՈՒԽ ԼԲ
ՕՁԱՀԱՐ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Արարատյան երկիրը բերրի է, առատ ամեն ինչով եւ էժան: Այդ պատճառով ամեն կողմերից գալիս են Երեւան ու գնումներ անում, ինչ որ կամենում են, եւ վերադառնում են իրենց տեղերը: Նույնպես Թավրիզից եկան բազմաթիվ կարավաններ, գնեցին բրինձ, բամբակ, յուղ, պանիր, ճրագու, ձեթ, կաշի, մորթի եւ այլն, ինչ որ կամեցան, առան եւ գիշերը հովի պատճառով ճանապարհ էին գնում, իսկ ցերեկը շոգի պատճառով հանգստանում էին: Գնացին մինչեւ Վեդու դաշտը [2] եւ իջան մի տեղ ամբողջ օրը, երեկոյան կամենում էին բառնալ (բեռները): Մեկը նրանցից գնաց ջրի մոտ ոտքերը մերկացրեց, որ լվանա: Ահա մի օձ պատահեց եւ ոտքը խայթեց: Մարդը գոչեց ընկերներին, եկան տեսան նրան, օձը գտան եւ սպանեցին: Քանզի կարավանը բեռնում էին, որ գնան, իսկ օձահար մարդը լալիս, աղաղակում էր, որ չէր կարող ոտքով գնալ, իսկ դատարկ գրաստ չկար, որ նրան հեծցնեին: Ընկերները ասացին՝ դու մնա այստեղ, մինչեւ մենք գնանք, բեռները թափենք, քեզ համար գրաստ բերենք, քեզ տանենք գյուղ, թերեւս բուժենք: Ծնկից ներքեւ պարանով կապեցին եւ քար դրին ոտքի տակ եւ ոտքը պարզեցին վրան, որ ուռուցքը գնա դեպի ոտքը, չանցնի մարմինը: Մեջքի վրա ընկած, թաշկինակը երեսին քաշած` քնեց: Ահա պիծակները թափվեցին ոտքի վրա եւ այնքան կծեցին, մինչեւ որ օձի թույնը եւ ուռուցքը ծծեցին, եւ մարդը բժշկվեց: Իսկ այն պիծակները, որոնք կծեցին, սատկեցին: Իսկ նա հավաքեց թաշկինակի մեջ որպես թե բռում, հագավ տրեխները, վեր կացավ, վազեց կարավանի հետեւից, որպես թե բոլորովին վնասված չի եղել:

Եվ երբ կես ճանապարհը գնաց, ահա նրա ընկերներից մեկը ձի հեծած գալիս էր: Պատահեցին իրար, իսկ օձահարը պատմեց նրան պատահած հրաշքը: Եվ հասնելով կարավանին՝ ցույց է տալիս նրանց թաշկինակով պիծակներին: Նրանք լսելով, փառք տվին Աստծուն, որ չնչին բաներից ցավերի բժշկություն է լինում: Ինչպես թիրիակը, որ օձից է, օձահարի դեղ է, իսկ արճճաթթուն ձիեր է բժշկում, աղվեսի կուրծքը դեղ է ցավող ականջի: Ամոթ նրանց, որ ասում են, թե ինչու ստեղծվեցին այդպիսի անարգ կենդանիները:

ԳԼՈՒԽ ԼԳ
ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ ԴԵՎԻ ՄԱՍԻՆ

Պատմությունների կողմից գրված է, թե ջրհեղեղից հետո Նոյը սերեց Մանիտոն անունով մի որդի եւ Աստղիկ անունով մի դուստր: Սա, ասում են, դեւերի հետ կենակցելով ծնում է )աղջիկներ(, որոնց կոչում են հավերժահարսեր: Ոմանք սա համարում են առասպելներ ու սուտ, իսկ ինձ թվում է ճշմարտություն եւ իրավացի, որովհետեւ բազմաթիվ տեղերում գրված է նրանց ու մարդկանց կենակցության մասին: Քանզի Հարանց վարքում [3] գրված է, թե դեւերը մենակյացի կերպարանք առնելով՝ լեռներից իջնում էին քաղաք, շնանում էին կանանց հետ ու վերադառնում էին լեռը: Կիրակոս վարդապետի պատմության մեջ գրված է, թե Գողթան գավառում [4] դեւը կնոջ կերպարանք է առել եւ կենակցել է մի մարդու հետ:

Այդպես էլ մեր օրերում եղավ: Մի մահմեդական ազգով Բայաթ՝ այն ցեղից, որ կոչվում է Ելիղամարլու, անունով Ապազ, այնպես լիրբ ու հայհոյիչ չէր, ինչպես մյուս մահմեդականները, այլ խուփ բերան ու լավ: Սա մի օր ձիով գնում էր Վաղարշապատի դաշտից: Հասնելով Մեծամոր [5] գետի ակունքներին, որ այժմ կոչվում է Սեւ ջուր, տեսնում է, որ մի կին նստել է աղբյուրի վրա. սա զարդարված էր թանկագին զգեստներով ու զարդերով: Ապազը չխոսեց, անցավ գնաց: Երբ մի քիչ հեռացավ, տեսավ իր հետեւից մեկին` նստած ձին: Ապազն ասում է՝ ո՞վ ես դու: Դեւը պատասխանում է՝ ես այն կինն եմ, որ նստած էր աղբյուրի գլխին, իսկ դու ինձ տեսար, չխոսեցիր ինձ հետ: Ապազը հարցնում է՝ այժմ ի՞նչ ես ուզում ինձնից: Դեւը պատասխանում է՝ ես կամենում եմ դառնալ քո կինը:

Ապազն ասում է՝ ես կին ունեմ, եթե իմ կինը տեսնի քեզ, քեզ ու ինձ կսպանի: Դեւն ասում է՝ ես քո կնոջը չեմ երեւա, ոչ էլ այլ մեկի, բացի քեզնից: Իմ ձայնը կլսեն, բայց ինձ չեն տեսնի: Ուր կամենաս ինձ ուղարկել, կերթամ քեզ պատգամ կբերեմ: Անվնաս կպահեմ քո հոտերը, նախիրը եւ քո մատակ ձիերի երամակները )այնպես(, որ ոչ գող, ոչ գազան չկարողանան մոտենալ, ոչ էլ (քո անասունները) կընկնեն վտանգավոր տեղ: Քեզ կհայտնեմ (այն ամենը), ինչ որ երկրում կատարվում է: Այս բոլոր եւ այլ այսպիսի խոսքերով մոլորեցրեց մարդուն, իսկ սա հավանություն տալով նրան, առավ գնաց տուն:

Միշտ նրա հետ էր, մշտապես շնանում էր նրա հետ, իսկ նա (Ապազը) պահում էր ձիերի երամակները: Մի օր մատակները արածում էին, մեկը անջատվեց երամակից: Ահա երկու գայլեր հարձակվեցին նրա վրա եւ կամենում էին պատառոտել. մատակը վրնջաց, դեւերը եկան բռնեցին գայլերին եւ տարան երամակների մեջ, երամակները հարձակվեցին գայլերի վրա եւ ոտքերով, ատամներով ծեծելով ու աքացելով սպանեցին գայլերին: Դարձյալ մի այլ օր Ապազը գնացել էր ինչ-որ տեղ, գողերը ձիերի երամակների մի ինչ-որ մաս գողացան: Ապազի կնոջը հայտնեցին: Նա ասաց՝ նրանք չեն կարող մեր ձիերը յուրացնել, եթե Ապազի կինը իմանա, կգնա նրանք կբերի: Եվ երկու օրից հետո բոլոր ձիերը եկան, իսկ նրանց հետ էր նաեւ մի խրոխտ ձի:

Եվ այսպես բարեկամացած էր դեւի հետ: Այնպես եղավ, որ Ապազին կալանեցին եւ կապանքներով ուղարկեցին Պարսկաստան: Քանի (Ապազը) այնտեղ էր, դեւը գնում էր նրա մոտ, նրան տեղեկություններ էր տալիս նրա տնից եւ նրանից լուր էր բերում նրա տանը: Այնպես եղավ, որ նա վերադարձավ Պարսկաստանից եւ եկավ իր տունը: Նրա կինը հիվանդացավ, բերին Օհանավանքի սուրբ ուխտը: Աստծո շնորհներով բժշկվեց: (Կինը) գնաց, պատմեց իր ամուսնուն Սուրբ Կարապետի հրաշքները, այդ պատճառով Ապազը ծանոթացավ վանքին, գնալ-գալով բարեկամություն էր պահում: Իսկ մենք նրանից սովորեցինք հարցնելով: Նա մեզ ամենը ճշտությամբ պատմեց:

ԳԼՈՒԽ ԼԴ
ՆԱՋԱՖ ԽԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մենք արդեն նկարագրեցինք Լալաբեկի որդի Մահմադ խանի կալանումը եւ կապանքով Սպահան տանելը, իսկ շահը նրա փոխարեն Երեւան ուղարկեց իր հարազատ ծառաներից Նաջաֆ անունով մեկին: Սա եկավ տիրեց Արարատյան այս երկրին մեծ ուժով: Քանզի Շահ Աբաս թագավորը սիրում էր նրան, իսկ սա խիստ խրոխտ ու չափազանց ահարկու էր իր զորքերի վրա: Սա գանգատագիր գրեց մեծամեծների վրա եւ ուղարկեց շահին, իսկ շահը գրեց նրան, թե ում գիտես, բռնիր ու կալանավորիր: Երբ այս հրամանը ստացավ, իսկույն զորք ուղարկեց եւ բռնելով մեծամեծներից տասնյոթ մարդ, կունդ դրեց նրանց պարանոցները եւ բանտարկեց: Նրանց բոլորի անունները չեմ իմանում, այլ գիտեմ միայն յոթի անունները, որոնք են հետեւյալները. երեք եղբայր՝ Դալունաբի, Դալու Զոհրաբ, Դալու-Սուլեյման, վերոհիշյալ Ապազը, Թելղահը, Էդիլը, Մուրադը եւ այլ տասը նույնպիսիք: Օրեր հետո նրանց ուղարկեց Պարսկաստան՝ այն քաղաքը, որ կոչվում է Մովբ: Սրանք մնացին այնտեղ, քանի Նաջաֆը Երեւանում էր:

Այս Նաջաֆը բարեկամացավ Զաքարիա վարդապետին` վերջինիս պարսկերեն խոսելու պատճառով: (Այդ ժամանակ) Էջմիածնի կաթողիկոս էր մեր պատվական տեր Հակոբ Ջուղայեցին. սրանք միասին գնում էին խանի մոտ եւ գալիս: Զաքարիա վարդապետը մեռավ հազար հարյուր ութ (1659) թվին: Խանը Օհանավանք եւ Սուրբ Էջմիածին )մարդ( ուղարկեց, որպեսզի մառանների եւ տների դռները կնքեն, մինչեւ որ գա կաթողիկոսը, քանի որ նա գնացել էր Գողթան գավառը: Ապա իմացրին նրան, թե իր կենդանության ժամանակ իր փոխարեն առաջնորդ է եղել, այնպես որ անտեր չի տունը: Ապա հրամայեց բանալ տան դռները, որոնք կնքեցինք: Այս խանը անարի եւ վախկոտ էր, քանզի ամառ ժամանակին սա գնում է Կոտայք գավառը՝ բազմաթիվ աղբյուրների ակունքները, որ կոչվում էին Ղըռխ-բուլաղ, որ նշանակում է քառասուն աղբյուր:

Այնտեղ գովեցին Քասաղ գետի ակունքները եւ Նիգ գավառի բարությունները: Հրամայեց իրեն բանակով այնտեղ տանել, որպեսզի ամառը այնտեղ անցկացնի: Այնտեղ մնացին որոշ օրեր: Եվ լսեց, որ Կարսում եղած օսմանցիները հավաքվել են, որ հանկարծակի հարձակվեն իր վրա: Երբ այս լսեց, հավատաց, որ այդ ճշմարիտ է, այդ պատճառով վախեցավ, հրամայեց, որ փախչեն, ուր կամենան: Իսկ ինքը հեծավ ձի ու փախավ Կարբի: Եվ շատերը թողին իրենց ամբարները, կարասիները, փախան խանի հետ: Իսկ խոհարարները կաթսան դրել էին կրակի վրա եւ կերակուր էին եփում խանի համար, երբ տեսան, թե խանը փախավ, նրանք թափեցին կիսեփ կերակուրը եւ կաթսաները առան, փախան: Օսմանցիք լսելով այս՝ ծիծաղեցին եւ նրան կոչեցին փլավթոքյան խան (փլավ թափող), որ ասվում է մինչեւ այսօր:

Իսկ օսմանցիների հավաքման պատճառը այս էր, որովհետեւ նրանք լսեցին, թե խանը եկել է իրենց սահմանի մոտ, վախեցան թե կեղծ է այնտեղ նստել, միգուցե անակնկալ մի ժամի գա մեր երկիրը, ավարի: Նրանք այս կասկածն ունեին, իսկ սա նրանցից վախեցած փախավ ու դարձավ ծաղրուծանակի առարկա: Շահը լսեց, կամենում էր նրան պատժել, բայց խնայեց, որովհետեւ իր ծառան էր: Ասաց )շահը(, թե Երեւանը շատ մոտ է օսմանցիների երկրին, այդ պատճառով Նաջաֆ խանը վախեցավ, թե միգուցե օսմանցիք գերեն իրեն: Այժմ նրան կուղարկեմ երկրի մեջտեղը, որ օսմանցիները չկարողանան գերել նրան: Եվ հրամայեց նրան՝ ելնել Երեւանից եւ գնալ Շամախի իր ունեցվածքով, եւ նա ելավ գնաց:

Բայց հիշում էր Արարատյան բարելից երկիրը եւ հոգոց էր հանում: Իրոք բարելից էր Արարատյան երկիրը՝ ծառերով ու տնկիներով, պտուղներով ու սերմերով, ծաղիկներով ու բույսերով, լեռներով ու դաշտերով, գետերով ու աղբյուրներով, այգեստաններով ու պարտեզներով, թռչուններով ու չորքոտանիներով, երեներով ու որսերով եւ ամեն բարիքներով լի ու առատ: Այս ամենը մտքով անց էր կացնում Նաջաֆ խանը՝ զբոսանքի տեղերը, ամեն վայրերը հիշում ու գովում էր: Այդ պատճառով գովաբանները ողբեր երգեցին նրա Երեւանից հեռանալու, հեռու աշխարհ պանդխտելու, անբարելից եւ նվաստ երկրում բնակվելու մասին:

ԳԼՈՒԽ ԼԵ
ՀԱԿՈԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՍԻՆ

Սա՝ այս երանելի մեր հայրը եւ պատվական հայրապետ Հակոբը, Սպահանից էր, Ջուղա գյուղաքաղաքից, բարեպաշտ որդի էր, աշակերտեց կեսարացի Խաչատուր վարդապետին, որ Ջուղայի առաջնորդն էր: Նրանից սովորեց առաքինի վարք եւ Աստվածաշնչի բոլոր գիտությունները. եղավ կուսակրոն քահանա: Խաչատուր վարդապետի մահից հետո եկավ Սուրբ Էջմիածին, եւ Փիլիպոս կաթողիկոսը նրան վարդապետության կարգ տվեց ու առաքեց Հունաստան նվիրակության: Այնտեղից վերադարձավ, եկավ Սուրբ Էջմիածին: Կաթողիկոսը նրան նշանակեց աթոռակալ ու կարգադրիչ: Երկար ժամանակ մնաց այդ գործին՝ հմուտ կառավարելով հոգեւոր ու մարմնավոր կարգուսարքը: Երկար ժամանակ Էջմիածնում մնալուց հետո նա գնաց Սուրբ Նախավկայի վանքը, որ Շամբի Ձորագեղում է եւ քանդելով հին խարխլված եկեղեցին, շինեց գեղեցիկ հորինվածքով: Շինեց նաեւ պարիսպը, խոհանոցը, խցերը եւ ավարտեց: Մինչդեռ նա այնտեղ՝ Սուրբ Նախավկայի վանքում էր, մեռավ Փիլիպոս կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում 1104 (1655) թվին: Սուրհանդակ ուղարկեցին եւ նրան բերելով կաթողիկոս օրհնեցին Ծաղկազարդի կիրակի օրը: Այնուհետեւ նա սկիզբ դրեց բարեգործության. բազմացրեց Սուրբ աթոռի միաբաններին, ավարտեց զանգակատան շինությունը: Շրջում էր վանքերում եւ ինչ պակասություն տեսնում էր վանքերում, թե հոգեւոր, թե մարմնավոր, պահանջները լրացնում էր: Հաստատեց, որ ամեն տարի վանքի տասը լիտր ձեթ տան եկեղեցում վառելու համար: Եվս քսան լիտր գինի՝ երթեւեկողների կարիքների համար: Ապա գնաց Սպահան ի տեսություն փոքր Շահ Աբասին, որպեսզի հրաման ստանա իր կաթողիկոսության համար:

Նախ տեսավ իշխանաց իշխանին՝ որին Էհտիմալ Դոլվաթ )եպարքոս( են կոչում, հայտնեց նրան իր մտադրությունը: Իշխանը ասաց, որ օրը որ կհայտնեմ քեզ, կգաս: Գնաց պատրաստեց պատշաճավոր աղերսագիր եւ երեք հարյուր ոսկի ըստ առաջին կաթողիկոսների սահմանումի: Գրեց նաեւ մաղթանագիր, որ կոչվում է արզա: Եվ սպասում էր ուշադրությամբ, մեծ հույսով աղոթելով առ Աստված գործի հաջողության համար:

Եվ մի օր՝ չորեքշաբթի եկավ հրավիրակը նրան (հայտնելու), որ գնա արքունի հրավերին: Կանչվեց նրա առջեւ, հանձնեց աղերսագիրը: Արքան նայելով նրան՝ ասաց՝ դու մահմեդակա՞ն ես, թե՞ կռապաշտ: Կաթողիկոսն ասաց՝ Աստված մի՛ արասցե, կռապաշտ չեմ, սակայն մահմեդական էլ չեմ: Շահը հարցրեց՝ ապա ի՞նչ ես: Կաթողիկոսը ասաց՝ քրիստոնյա եմ: Շահը հարցրեց՝ դուք Քրիստոսին ի՞նչ եք կոչում: Կաթողիկոսը պատասխանեց՝ ինչ որ մարգարեներն են գրել, մենք նրանց խոսքին ենք հավատարիմ, թե բարի է, նրանք վարձ կառնեն, թե չար է, նրանք կպատժվեն: Շահն ասաց՝ դուք Քրիստոսին Աստվա՞ծ եք ասում: Կաթողիկոսն ասում է՝ այո: Իսկ մահմեդականները սպասում էին, թե ահա պատառպատառ է անելու նրան, քանզի ինչպես Սողոմոնն է ասում, թե թագավորների սրտերը Աստծու ձեռքում են:

Ինքը` շահը երեսը դարձրեց դեպի մեծամեծները եւ պարսկերեն ասաց, թե մենք էլ ենք նրան Աստված կոչում, ի՞նչ վնաս կա: Ապա կաթողիկոսին հրամայեց եւ ասաց՝ նստիր, խալիֆա: Եվ որովհետեւ պարսկերեն գիտեր, երբ լսեց շահի խոսքը, խիստ ուրախացավ: Շահն ասաց կաթողիկոսին՝ պատմիր մարգարեների վկայությունները Քրիստոսի մասին: Ապա կաթողիկոսը սկսեց պատմել՝ սկսելով Մովսեսից մինչեւ Քրիստոս ամբողջը մեկնաբանել: Լսում էին նաեւ մեծամեծները, ինչ կաթողիկոսը պատմում էր: Երբ ավարտեց, շահն ասաց՝ ահա սա վկայաբերում է մարգարեներին, այս առիթով դուք ի՞նչ կպատասխանեք: Բազմածներից ոչ ոք ոչինչ չասաց:

Դարձյալ շահն ասաց՝ այժմ ի՞նչ ես կամենում, գրիր խնդրագիր, եւ ես կկատարեմ քո խնդիրը: (Կաթողիկոսը) երկրպագելով արքային՝ ելավ գնաց եւ նրան խնդրագիր գրեց, թե հզոր եւ մեծ թագավորի ոտքերի հողին թող հայտնի լինի, որ հրամայեցիր, թե խնդրագրով հայտնիր մեզ քո խնդիրը, բայց քո ծառան իր համար ինչք չի խնդրում, այլ հիշատակ է խնդրում քո տերությունից, որ նա հավիտյան քո կյանքի ու զավակների համար սերնդե սերունդ՝ այսինքն Էջմիածին գյուղի տասանորդը շնորհել վանքին, քանզի ի բնուստ վանքինն է եղել, բայց մեր առաջնորդների թուլությունից խաները հափշտակել են, որ առանց թագավորների գիտության իրենք վայելեն:

Իսկ երբ թագավորը կարդաց խնդրագիրը, հրամայեց գտնել մատյանը. եւ մատյանը քննեցին, չկար: Շահին հայտնեցին: Հրամայեց արքան գրել արքունական հրաման՝ նոմոս, որ կոչվում է ռազամ, եւ տալ նրան, որ եթե մինչեւ իսկ մի կույր պառավ էլ նստի Էջմիածնում, տիրի այն, եւ իշխաններից եւ թագավորներից ոչ ոք չհանդգնի կպչել կամ մոտենալ այն տասանորդներին: Իսկ ով հակառակվի, թշնամի է Շահ Սաֆիի օջախին: Գրեց այս եւ արքունական հրամանը կաթողիկոսության եւ կնքելով տվեց նրան:

Հրամանը առած (կաթողիկոսը) եկավ Սուրբ Աթոռ Էջմիածին: Սկսեց ձեռք զարկել բարեգործության: Նախ գյուղերի տասանորդը գնեց, այսինքն (հետեւյալ գյուղերի) Քասաղինը, որ Նիգ գավառում է, Թեղենիսինը [6], Սանտոյինը, Սեւավերինը [7], Նորքինը, Նորագեղինը, Բադռինջինը [8], Բյուրականինը եւ այլ շատ տեղերի, որոնք այժմ Սուրբ Էջմիածնին են ենթակա: Նաեւ գետնի տակ անցք փորեցին, երկու տեղից ջուր հանեցին Էջմիածին գյուղից հեռու, տարան հանդերը, արտերը ոռոգելու համար. մեկը բերին գյուղը, որ ձմռանը անասունները խմեն: Նա այս ջրի վրա ջրաղացներ եւ դինգեր շինեց, լիճ արեց եւ լցրեց ձկներով: Տունկեր տնկեց լճի ափին, բազմաթիվ սերմեր եւ այլ բարիքներ ցանեց:

Իսկ ի՞նչ ասեմ հոգեւոր գործի եւ միաբանությունը բազմացնելու մասին: Ուրիշ շատ են սրա բարությունները, բայց մենք չնկարագրեցինք, որպեսզի չգայթակղվենք: Մնացած բաները եւ նրա մահը կպատմենք իր տեղում:

ԳԼՈՒԽ ԼԶ
ԵՐԿՆՔԻՑ ԼՈՒՅՍ ԻՋՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետք է այս պատմությունը առաջ գրեինք՝ 1086 (1697) թվին, բայց մոռացմամբ այստեղ գրվեց: Քանզի մինչդեռ մանուկ էի ես մեր տանը՝ Քանաքեռում, Խաչվերացի օրը իմ հոր հետ գնացինք մեր այգին, որ մոտ է Կարմիր-Բերդ կոչված գյուղին՝ Հրազդան գետի ափին՝ կամրջի ներքեւը: Երբ արեգակը մտավ, իմ հայրը երեկոյան ժամին աղոթում էր, դեռեւս չէր մթնել, այլ օրվա լույսը դեռեւս մնում էր: Հանկարծակի արեւելյան կողմում կապույտ եթերը պատռվեց եւ սաստիկ լույս իջավ, ահագին լայն էր ու երկար: Իջավ մինչեւ մոտեցավ երկրին: Նրա ճառագայթը լուսավորեց տիեզերքը ավելի պայծառ, քան արեգակը: Լույսի ծայրը ճախրելով ինչպես անիվ, գնում էր դեպի հյուսիս հանդարտ ու մեղմ: Լույսը ճառագայթում էր կարմիր ու սպիտակ, իսկ լույսի առջեւից որպես թե աստղ, Արուսյակի չափ ընթանում էր մի թզաչափ հեռու: Իմ հայրը թողեց աղոթքի պահը, սկսեց լալով երգել ԳԿ (հայ երաժշտության ութ ձայնեղանակներից մեկը)՝ շարականը՝ Լույսդ որ աստվածության լույսի ներքո է: Շարականն* ավարտեց, դեռ լույսը երեւում էր: Ապա հեռացավ ու աներեւութացավ: Լսեցինք, որ մինչեւ Ախալցխա տեսել են աստվածային հրաշափառ լույսը:

 

* Բնագրում` Զ շարական, կարդացվում է վեց շարական, բայց մեզ թվում է այդտեղ զ-ն նախադրություն է: Շարականն աւարտեաց, մինչ երեւար լոյսն...

ԳԼՈՒԽ ԼԷ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս Հովհաննես վարդապետը Նոր Ջուղայից էր՝ Էդգարի որդին, որ կոչվում է Քթռեշ. սա աշակերտն էր Կեսարացի վարդապետի, որ Ջուղայի առաջնորդն էր: Խաչատուր վարդապետի հրամանով Հովհաննեսը գնաց Ֆրանգստան (Եվրոպա)՝ Լիվոռնո քաղաքը, տպագրություն սովորեց: Վերադարձավ Սպահան Խաչատուր վարդապետի մոտ եւ այնտեղ Ջուղայում տպարան հիմնեցին եւ բազմաթիվ գրքեր տպեցին: Ապա Հովհաննես վարդապետը եկավ Սուրբ Էջմիածին: Փիլիպոս կաթողիկոսը նրան եպիսկոպոս արեց եւ ուղարկեց Հին Ջուղա, որ այնտեղ վանքի առաջնորդ դառնա: Նա գնաց, մնում էր այնտեղ եւ հովվում էր իրեն հնազանդվածներին: Ջուղայի նույն գյուղից մի մարդ, ինչ-որ մահմեդականի, որ ազգությամբ քանկառլու էր, պարտք էր. նա եկել էր քրիստոնյայի մոտ եւ խնդրում էր իր պարտքը: Նա չկարողացավ հատուցել, այդ պատճառով մահմեդականը բարկացավ եւ բռնությամբ քաշեց նրա դստերը, տարավ իր տունը, եւ ասաց մարդուն՝ եթե այսինչ օրը իմ փողը չտաս, ես քո դստերը չեմ տա քեզ: Իսկ մարդը անճարացած, չգիտեր ինչ անել: Ապա ելավ գնաց վարդապետի մոտ, աղաչեց նրան եւ ասաց՝ Աստծու սիրուն, մի՛ կորցնիր իմ դստեր հոգին, դու ազատիր նրան անօրենի ձեռքից. դրա փոխարեն իմ որդին կմնա քեզ ի ծառայություն: Վարդապետը լսելով նրա աղաչանքները՝ նրան անհրաժեշտ չափով դրամ տվեց, որը տարավ տվեց մահմեդականին եւ իր դստերն առավ եւ ուրախությամբ գնաց: Ապա տարավ իր որդուն, հանձնեց վարդապետին եւ ասաց՝ այնքան կմնա քեզ մոտ, մինչեւ ես քիչ-քիչ կհատուցեմ քո դրամը: Այդպես էլ արին: Իսկ անիծված մահմեդականը լսեց, որ վարդապետն է պատճառ դարձել աղջկա ազատման, այդ պատճառով քենով լցվեց վարդապետի դեմ եւ հնարներ էր մտածում, թե ինչպես վրեժը լուծի: Եվ քանի որ վարդապետի հետ ծանոթություն ուներ, մի օր բարեկամաբար գնաց վանքը, բայց իր սրտում կուտակել էր ոխը: Զննելով իմացավ վանքի ելումուտը, միաբանների որքանությունը:

Գնաց, իր հետ միաբան դարձրեց իրենից ավելի չորս չարագործ մարդ եւ հարմար օր գտնելով այլ ճանապարհով գնացին վանքը. վանքի դուռը ծեծեցին եւ կանչեցին բանալ: Նրանք սեղան էին բացել եկեղեցու դռանը, կամենում էին ճաշակել: Եվ երբ իմացան իրենց ծանոթն է, դուռը բացին: Տեսան որ նրանք սպառազինված էին, սկսեցին թաքնվել վանքի մեջ, իսկ վարդապետը մտավ եկեղեցին, դուռը փակեց, գրքակալը նեցուկ արեց դռանը եւ ընկավ գրքակալի վրա եւ խոսում էր նրանց հետ: Իսկ մահմեդականները դրսից հրացանով կրակեցին դռանը: Գնդակը անցավ ծակեց դուռն ու գրակալը եւ վարդապետի սրտով անցավ բեւեռվեց բեմի պատին:

Վանքում եղածներին բոլորին սպանին: Եվ այն մանուկը, որ իր քրոջ փոխարեն էր, փախավ թաքնվեց քակորների մեջ, որոնեցին, գտան եւ սպանեցին: Վանքը, եկեղեցին կողոպտեցին՝ թե հոգեւոր ու թե մարմնավոր, մինչեւ անգամ ակիշն էլ տարան: Դուրս եկան ինչոր ձեւով փակեցին պարսպի դուռը, ուրիշ ճանապարհով գնացին իրենց տեղը: Երկու օր հետո, երբ գյուղացիները տեսան, որ վանականներից ոչ ոք գյուղ չի գալիս, մտածեցին, գուցե վանականները վիրավորված են մեզնից, այդ պատճառով չէին գալիս: Ապա ավագ քահանան եւ երկու մարդ կերակուր ու գինի պատրաստեցին, առան գնացին վանքը, պարսպի դուռը ծեծեցին, ձայն չկար, վեր նայեցին, տեսան՝ ագռավները վեր ու վար են անում: Մտածեցին, թե ինչ-որ հրաշք է: Ապա բարձրացան բարձր քարերի գլուխը, որ վանքից վեր էին, տեսան եկեղեցու դռանը փայտե սեղան՝ վրան հաց ու խորտիկ, գինու պնակ, բաժակ եւ երկու մարդ գետնին ընկած: Իմացան, որ սպանված են: Գյուղին հայտնեցին, գյուղը խառնիխուռն թափվեց, եկան շատերը՝ բերելով իրենց հետ սանդուղքներ: Երկու-երեքը միացրին, ելան պարիսպը. մեկին իջեցրին պարսպի ներսը, որ դուռը բանա: Ներս մտան, տեսան, որ վանքի բոլոր բնակիչներին կոտորել են եւ ավարել ամեն ինչ:

Հայտնեցին Նախիջեւանի իշխանին. հրամայեց թաղել սպանվածներին, ապա որոնեցին գողերին եւ գտան, բայց ոչ մի բան չկարողացան անել, որովհետեւ բազմաթիվ կողմնակիցներ ունեին: Միայն մի քիչ եկեղեցու անոթներից վերադարձրին, իսկ մնացած ամեն ինչ կորավ: Այսպես եղավ Հովհաննես վարդապետի մահը: Բայց պիտի ասեմ, որ մարտիրոսների հետ կընդունվի նրա մահը, քանզի քրիստոնյայի հոգին ազատելու համար տեղի ունեցավ նրա մահը:

ԳԼՈՒԽ ԼԸ
ՕՆՈՓՐԻՈՍԻ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եթե սրա բոլոր չարությունները պատմենք, շատ են, եւ լսողներն էլ կգայթակղվեն, իսկ մենք տասից մեկն ենք համառոտ պատմում: Նա Երեւան քաղաքից էր: Քանի դեռ մանուկ էր, նրա հայր Խաչիկը նրան տարավ Սուրբ Էջմիածին եւ տվեց դպրոց: Երբ զարգացավ ըստ իր կախարդական բարքի, խոնարհություն էր ցույց տալիս, մինչդեռ բոլորին խաբում էր: Փիլիպոս կաթողիկոսի հրամանով նրան աբեղա դարձրին եւ ուղարկեցին Սեւանա կղզին անապատի համար վանահայր լինելու: Մի որոշ ժամանակ մնաց, վերադարձավ Սուրբ Էջմիածին: Կեղծավորելով իրեն ցույց էր տալիս իբրեւ կատարյալներից մեկը, մինչեւ որ Հակոբ կաթողիկոսը համաձայնեց եւ նրան վարդապետական գավազան տվեց, ուղարկեց Տիգրանակերտ [9] քաղաքը նվիրակության:

Գնաց այնտեղ իրեն ցուցադրում էր իբրեւ առաքինի ու պարկեշտ, մինչդեռ ամենքի սիրտը գողացավ եւ նրանց համաձայնեցրեց իրեն առաջնորդ պահանջել իրենց համար: Նա հավաքեց այնտեղի նվիրակը եւ առնելով քահանաներ, պատվավոր մարդկանցից ոմանց, եկան Սուրբ Էջմիածին եւ ցույց տվին ամիդցիների նամակը, նրանց խնդրագիրը: Իսկ մեծ կաթողիկոս Հակոբը թեպետ գիտեր նրա անզգամությունը, բայց նրանց խնդրելու համար նրան դարձրեց եպիսկոպոս եւ տվեց մեծ գավազան եւ կոնդակով նրան ուղարկեց խնդրակների հետ: Նա գնաց Ամիդ եւ քաղաքացիներից խնդրեց բերել արքունի հրաման: Նրանք գնացին բերին: Իսկ նա այնուհետեւ բացահայտեց իր չարությունը ըստ գրվածի՝ թե անհնար է, որ օձը թողնի իր թույնը եւ եթովպացին՝ իր սեւությունը, կարիճը՝ խայթոցը: Նույն տեսակ եւ սա մթերված չարությունը պահում էր իր սրտում, եւ ժայթքեց իր գարշ սրտից իր պիղծ մաղձը:

Բազմաթիվ թղթեր առնելով կցմցեց իրար եւ գրեց Էջմիածնի Սուրբ Աթոռին, կաթողիկոս Հակոբին, Աթոռի միաբաններին, բոլոր վանքերին, նրանց առաջնորդներին բազմաթիվ հայհոյանքներ ու անարգ խոսքեր, բարբաջանքներ, սուտ եւ զուր դատարկաբանություն, անտեղի վայրահաչություն, ինչպես կատաղած շունը իր տիրոջը: Վայրահաչության ավարտին գրել էր, թե ես ձեր գործը գրեցի այս թղթի վրա եւ տեղ թողի գրելու, որ դուք գրեք ինձ այդ թղթի վրա, ինչ որ իմ մասին գիտեք:

Նամակը ուղարկեց Սուրբ Էջմիածին: Կարդացին նամակը, լսեցին նրա վայրահաչությունները եւ դրին գրատունը ի պահ, քանզի իմացան, որ այդ գրել է ի կորուստ իր անձին:

Ապա սկսեց մարդկանց վրա վայրահաչել եւ անզգամություններ անել՝ ոմանց հայհոյելով, ոմանց անիծելով, ոմանց զրպարտելով, ոմանց միմյանց հետ թշնամացնելով բանսարկություններով: Նաեւ զազրելի ու գարշելի գործեր էր անում: Բոլոր մարդկանց վիրավորելով զզվեցրեց, այդ պատճառով կամեցան նրան հանձնել իշխանի ձեռքը: Նա իմանալով, որ չարիք է գալու իրեն, գիշերը ջորի հեծավ, գաղտնի ելավ, փախավ՝ իր կայքը պահ տալով: Այսպես ճողոպրեց նրանցից՝ գնաց հասավ Սուրբ Էջմիածին: Զատկի հիսունյակի օրերն էին, իր գոռոզության պատճառով չգնաց կաթողիկոսին ողջունելու, այլ իրիկունը մնաց այնտեղ, գիշերը կամեցավ գաղտնի փախչել եւ գնալ Երեւան: Այս բանը միաբանները իմանալով հայտնեցին կաթողիկոսին: Նրա հետեւից մարդիկ ուղարկեց, որոնք նրան հասան Կավակերտ [10] գյուղում: Կամեցավ նրանցից պոկվել, ուստի ջորով ելավ մի տանիք, տունը փլվեց, ինքն ու ջորին ընկան տունը: Գնացին, բռնեցին նրան, կապեցին, նստեցրին ջորու վրա, առան տարան Սուրբ Էջմիածին ու բանտարկեցին:

Կաթողիկոսը թուղթ գրեց վանքերի բոլոր առաջնորդներին` գալու դատարան Օնոփրիոսին դատելու: Բոլորը եկան իշխանաշուք մարդկանցով: Այնտեղ էին նաեւ Աղվանից կաթողիկոս Տեր Պետրոսը եւ ջուղայեցի փառավոր մարդիկ: Երեք օր հետո չարագործ Օնոփրիոսին շղթայակապ բանտից հանին, կանգնեցրին բազմության մեջ, բերին այն գարշելի գրությունը, որ գրել էր Ամիդից եւ տվին մի վարդապետի ձեռքը ի լուր ամենքի կարդալու համար:

Արեւի ծագելու պահից մինչեւ օրվա երրորդ ժամը կարդացին, բայց նրա վայրահաչությունը չավարտվեց: Պետրոս կաթողիկոսը ասաց՝ այլեւս կարդալու ու լսելու պետք չկա այդ գարշելու կեղտոտ խոսքերը, ահա բոլորս լսեցինք դրա հայհոյությունը եւ կեղտոտ խոսքերը եւ նամակի մնացած մասը նույնը իմացեք: Եթե որեւէ դատապարտություն ունեք, ասեք:

Ապա Գողթան գավառի վարդապետ Խաչատուրը ասաց. «Ով դու լիրբ ու անզգամ, ե՞րբ ես տեսել մեր միաբանների այդպիսի գործերը, որ նման աղբ ես թափել հոտած երախիցդ»: Այնտեղ էր մի ջուղայեցի մարդ, որը հարում էր ինչ-որ հերձվածի: Այդ մարդուն անվանում էին Սեւ Պետրոս. սա ասում է. «Երբ Փիլիպոս կաթողիկոսը եկավ Սպահան, եւ սա նրա սարկավագն էր: Մի օր դերձակ Թումիկը գնում էր քաղաք, իսկ սա նրա հետեւից հեռվանց էր գնում ու հայհոյում էր: Ես սրա հետեւից գնացի եւ ասացի սրան՝ ո՞ւմ հետ ես խոսում, սարկավագ: Իսկ սա ասաց. սա ո՞վ է, որ մեր առջեւից է գնում: Ասացի՝ վարպետ Թումիկն է: Ասաց՝ սա՞ է հերձվածող Թումիկը: Ասացի՝ այո՛: Սա ասաց՝ ահա տեսնում եմ, որ հրեշտակը դրա գլխից բարձր է, եւ երկու դեւ սրա երկու ուսերի վրա նստել եւ սա խոսում է նրանց հետ: Եվ դարձավ նրան, ասաց, որ այն օրը տեսար հրեշտակներ ու դեւեր, այսօր ինչո՞ւ չտեսար, թե ինչ է գալու քո գլխին: Այս որ լսեցին, բոլորը ծիծաղեցին:

Պետրոս կաթողիկոսը հարցրեց՝ ի՞նչ ես ասում, պատասխան տուր:

Օնոփրիոսն ասաց. «Այսպես, թե այնպես եկել եմ ձեր ոտքերը մեղայի»: Խաչատուր վարդապետը ասաց. «Ինչպե՞ս դա մեղա կլինի, քանի որ այն օրը, որ եկար այստեղ, ինչո՞ւ կաթողիկոսին ողջունելու չգնացիր, այլ գիշերը փախստական եղար, նաեւ խեղճ քրիստոնյայի տունը քանդեցիր. այս խաբեբայական խոսքերով կամենո՞ւմ ես պատժից ազատվել: Անօրեն մարդուն իր չարիքները կորուստ են տանում»: Կաթողիկոսը ելավ, մկրատը առավ, խուզեց մազերը եւ ասաց. «Այս ձեռքերը, որ դրի քո գլխին, թող սա պատժի քեզ, բերանս, որ բացվեց քո վրա, թող անիծի ու նզովի քեզ»:

Այս ասելով նրան առաքեցին եւ դրին մահահոտ ու խավարչտին մի բուրգի մեջ, մի ծառա նշանակեցին, որ հաց տա նրան. թող մնա այնտեղ եւ աղոթի իր մեղքերի համար: Այնտեղ մնալով որոշ օրեր, բայց բանտի գարշահոտ լինելու պատճառով տկարացավ: Հաղորդեցին կաթողիկոսին: Սա հրամայեց այնտեղից հանել նրան եւ դնել չոր վերնահարկում:

Մարդ ուղարկեցին Երեւան, բերին նրա Մուղում անունով քրոջը ու մի պատանի նրա հետ, որ ծառայի իր եղբորը: Այնտեղ մնաց, մինչեւ առողջացավ: Բայց երբ մեկը գալիս էր նրա մոտ, նա մտնում էր վերմակի տակ եւ տնքում էր: Երբ հեռանում էին, նա նստում էր ուտելու եւ ըմպելու:

Մի օր քրոջը ուղարկեց Երեւան եւ ասաց. «Այսինչ օրը իմ ջորին ուղարկիր Էջմիածին գյուղը՝ այսինչ տունը եւ այսինչ մարդուն նրա հետ: Ինքը Սուրբ Աթոռում բարեկամ ուներ: Աղաչանքով իր հետ միաբանեց եւ մի գիշեր, երբ պահը խաղաղվեց, իրեն կախեցին պարսպից, պատանին նրա հետ էր: Ջորին պատրաստ էր, նստեց նրա վրա եւ այն գիշեր գնաց Երեւան: Բայց երկյուղի մեջ էր, չկարողացավ այնտեղ մնալ, բռնեց վարձկաններ եւ գնաց մինչեւ Նախիջեւան, այնտեղից էլ՝ Թավրիզ ու Ղազվին, գնաց մինչեւ Սպահան: Գնաց խոջա Վարդանի տունը եւ շատ շատերի միջնորդությամբ հաշտվեց կաթողիկոսի հետ: Եվ գալով Սուրբ Աթոռ Էջմիածին, շրջում էր այստեղ-այնտեղ՝ խորհելով չարիքներ:

ԳԼՈՒԽ ԼԹ
ԱԲԱՍ ԽԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պարսից փոքր Շահ Աբաս թագավորը հրամայեց Նաջաֆղուլի խանին, որ Երեւանի իշխանավորն էր, գնալ Շամախի եւ նրա փոխարեն Աբաս խանին ուղարկեց, որ Ամիրգունա խանի որդին էր, մի ծեր մարդ եւ տեսողությամբ տկար: Սա բարեկամություն արեց Հակոբ կաթողիկոսի հետ, բայց ոչ այնքան ագահ, այլ չափավոր: Սա այգի տվեց, որ նրա հոր կողմից տնկված էր Էջմիածնում՝ Սուրբ Հռիփսիմեի մոտ, Հակոբ կաթողիկոսին: Հաճախ գնում էր Սուրբ Էջմիածին զվարճանալու պատճառով. իսկ աղոթքների ժամին գնում էր եկեղեցի, նստում էր աթոռին եւ երգել էր տալիս քահանաներին, իսկ ինքը ունկնդրում էր: Զորքին պատվիրում էր, որ իրենց հաշվին ուտեն եւ ոչ ոքի չվիրավորեն: Երբ ելնում էր գնալու, վանքին պարգեւներ էր տալիս: Նաեւ դատերին իրավարար ու ճշմարտասեր էր ամբողջ կյանքի ընթացքում:

Սրա ժամանակ Օնոփրիոսը շրջում էր վանքերում եւ բորբոքում իր չարությունը, եւ հիշում էր իր չարությունը ինչպես հարդի տակ թաքցված կրակը եւ կամ թաշկինակի մեջ փաթաթված իժը, այդպես էլ նա ծածուկ չարիքները հիշում էր նրանց նկատմամբ, որ իբր իր նկատմամբ անարդար էին, ուստի հանդիմանվեց կաթողիկոսից:

Այժմ նրանց միաբանեց իր հետ եւ շատ հայհոյական ստեր գրեցին կաթողիկոսի մասին Երուսաղեմի պատրիարք Եղիազարին, թե դու եկ Սուրբ Աթոռ եւ մենք քեզ կտանք Էջմիածնի կաթողիկոսությունը արքունական հրամանով: Ահա քեզ մոտ ենք ուղարկում Օնոփրիոս վարդապետին, որպեսզի քեզ փառավորապես բերի Սուրբ Աթոռս:

Այս գրեցին եւ իրենց հավատարիմների միջոցով նախապես ուղարկեցին, հետո Օնոփրիոսը գնաց թղթից հետո: Եվ եղավ այնպես, որ Հակոբ կաթողիկոսը իր ձեռնասուն աշակերտին՝ մակվեցի Իսահակ վարդապետին, օրհնեց եպիսկոպս եւ նշանակեց իր տեղը աթոռակալ ու տեղապահ, իսկ ինքը ելավ գնաց Սուրբ Երուսաղեմ: Իսկ նրանք, որ միաբանվել էին Օնոփրիոսի հետ, սկսեցին չարիքներ հասցնել Իսահակին ու Սուրբ Աթոռին: Այս լուրը կաթողիկոսին հասավ Եվդոկիա քաղաքում, որ Թոխաթն էր: Այնտեղից կաթողիկոսը վերադարձավ եւ եկավ դարձյալ Սուրբ Էջմիածին: Իսկ նրանք, որ կամենում էին չարիք հասցնել Աթոռին, հորդորեցին Օնոփրիոսին եւ ուղարկեցին հրավիրակ Եղիազարին: Նա ելավ գնաց Կարին, իսկ Եղիազարը երբ լսեց կաթողիկոսի վերադառնալու մասին, իր նկատմամբ քամահրանք համարեց եւ իր սրտում խոր վիրավորվեց: Այս պատճառով նույն նահանգի բոլոր եպիսկոպոսներին հավաքեց Բերիա քաղաքում, որ Հալեպն է եւ օրհնվեց ինքնագլուխ կաթողիկոս: Երբ Օնոփրիոսը լսեց, շուտափույթ գնաց նրա մոտ ուրախությամբ եւ միաբանվեցին ու գնացին Ստամբուլ եւ առան արքունական հրաման՝ այսինքն՝ մի սեւագլուխ պարսից կողմից անցնում է օսմանցիների կողմը: Նաեւ ստորագրություն տվին, թե ամեն տարի կավելացնենք արքունի գանձերը երկու հարյուր մարչիլ (մի մարչիլը մի ռուբլի վաթսունվեց կոպեկ է): Եվ այդպես ուրախ էին նրանք իրենց չար արարքի համար:

ԳԼՈՒԽ Խ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՆԱԼԸ

Երբ Եղիազարը կաթողիկոս դարձավ, այն ժամանակ կաֆացի Մարտիրոս անունով մի վարդապետ կար, որ Կոստանդնուպոլսում պատրիարք էր եւ բարեկամ էր Էջմիածնին, որովհետեւ Հակոբից էր ձեռնադրվել եպիսկոպոս: Սա գնաց այն վաճառականների մոտ, որ պարսից կողմերից էին: Այնտեղ էին երկուսը` մեկի անունը Միրզա էր, մյուսինը` Խոսրով, Նախիջեւանի Ջահուկ [11] գյուղից: Սրանք երեւելի եւ մեծանուն մարդիկ էին, որոնք ընդդիմանում էին Եղիազարին: Եղիազարը ուներ Աբրո անունով մի բարեկամ, իսկ ինքը` Եղիազարը, լավ ճարտարախոս էր ու ճոխաբան, հրապարակային-ճարտասան ու բարեբախտ, համառ ու աներկյուղ, իր ճարտարախոսությամբ ամենքին առինքնել էր` քրիստոնյաներին փքուն խոսքերով, իսկ մահմեդականներին կաշառքներով, քանզի հարուստ էր ունեցվածքով, ուստի եւ այսպես ամենքի համակրանքը գողացավ եւ նրանց սիրտը դարձրեց իր կողմը:

Իսկ Էջմիածնի բարեկամները չկարողացան առանց կաթողիկոսի որեւէ բան անել, այդ պատճառով Էջմիածնի բոլոր բարեկամները միաբանվեցին եւ նույն Մարտիրոս վարդապետին ուղարկեցին իբրեւ պատգամավոր կաթողիկոսի մոտ: Նա եկավ Սուրբ Աթոռ Էջմիածին հայտնության պահքի օրերում, եւ հավաքվեցին վանքերի բոլոր առաջնորդները` եպիսկոպոսներ ու վարդապետներ, հայրեր ու անապատականներ, աշխարհական երեւելի մարդիկ: Մեծ փառքով կաթողիկոսին ուղարկեցին Կոստանդնուպոլիս: Նրա շուրջը հավաքվեցին նրա բոլոր բարեկամները, որոնք պարսից կողմերից էին, որոնք` օսմանցիների եւ կաթողիկոսին ուղարկեցին Ադրիանապոլիս, որ Անտրանա (Էդիրնե կամ Էտրենե), որովհետեւ իշխում էր Սուլթան Մահմադ թագավորը: Կաթողիկոսի հետ գնացին Խոսրովն ու Միրզան:

Մի մեծ մարդ կար թագավորի մոտ, որ թագավորի հետ սեղան էր նստում, սրա անունը Ղայմաղ խան էր, սա Խոսրովի բարեկամն էր, Խոսրովը միշտ գնում էր նրա մոտ եւ նրա համար դիպակից հանդերձներ էր տանում, վաճառում էր նրան ու գինը լրիվ առնում էր: Այսպես հավատարիմ լինելով, Ղայմաղ խանը նրան սիրում էր եւ ունկնդրում եւ անսում էր նրա խոսքերը: Այս Խոսրովը հայտնեց նրան կաթողիկոսի մասին եւ կաթողիկոսին առավ տարավ նրա մոտ ու ծանոթացրեց նրան: Կաթողիկոսը ամեն բանի մասին գանգատվեց նրան ու հայտնեց, ինչ ի սկզբանե եղել էր: Նաեւ Մահմադ թագավորի նամակը ցույց տվեց, որ Մահմադը տվել էր Փիլիպոս կաթողիկոսին:

Ղայմաղ խանն ամեն բան ծանոթանալով իմացավ եւ իր քարտուղարին ասաց, ինչ որ քեզ կասի այդ հայրդ (ակնարկում է կաթողիկոսին), դու աղերսագիր գրիր: Այսինչ օրը կեսօրին թագավորը գնալու է աղոթարան (մզկիթ) աղոթքի, իսկ դու վերցրու քո բոլոր միաբաններին իրենց հանդերձանքով, արքունի հրովարտակով, գնա պողոտայի ծայրը: Երբ թագավորը գա ու տեսնի ձեզ եւ ձեր մասին հարցնի մեզ, մենք նրան պատասխան կտանք: Իսկ եթե չհարցնի, դուք քիչ մոտ եկեք եւ ասացեք` Բարեբախտ արքա, քաղցրացրու քո շնորհը իմ աղերսների նկատմամբ: Այն ժամանակ ինչ Աստված կամենա, այն էլ կլինի:

Այս ասաց Ղայմաղ խանը եւ հրամայեց գնալ իր տեղը եւ պատրաստ լինել, ինչ որ պատվիրեցի, անել մեծ զգուշությամբ: Պայմանավորված օրը` ուրբաթ կեսօրին գնացին բուն պողոտայի ծայրը, որ ուղիղ էր սկզբից մինչեւ վերջ եւ միաբանների հետ կանգնեցին:

Ահա թագավորը ելել բազմությամբ գնում էր: Մտավ պողոտան եւ նայելով տեսավ սեւ հավաքը եւ ասաց Ղայմաղ խանին, հայր (Լալա), ինչ են այն սեւերը: Ղայմաղ խանն ասաց՝ ես լսել եմ, որ մի պատրի (պատրի բարձր հոգեւորական) եկել է Պարսկաստանից եւ կամենում է համբուրել քո ոտքերը:

Եվ Ղայմաղ խանն ուղարկեց մի սուրհանդակ, որ ընդառաջ գան, իսկ կաթողիկոսը աջ ձեռքին բռնել էր Փիլիպոս կաթողիկոսի (կաթողիկոսին տված Մահմադ թագավորի) արքունական հրամանը, իսկ ձախ ձեռքին աղերսագիրը:

Եվ բարձրացրեց ձեռքերը կսկիծով ու դառը հեծեծանքով լաց էր լինում: Արքան հրամայեց վերցնել թղթերը: Հայրապետը գլուխը խոնարհեց եւ ասաց՝ «Ես ուխտել եմ համբուրել թագավորի ոտքերը եւ իմ ձեռքով նրան տամ թղթերը»: Կաթողիկոսին կանչեցին թագավորի մոտ: Թագավորը տեսավ, որ նա լալիս էր, ասաց՝ մի՛ լար, ծերունի, եւ թղթերը առավ: Կաթողիկոսը բռնեց ոտքերը եւ երեսը քսում էր )ոտքերին(: Իսկ թագավորը խոնարհվեց, բռնեց մորուքից, բարձրացրեց եւ ասաց՝ մի՛ լար, հայր, քանզի քո խնդրանքը կկատարեմ:

Եվ բացելով արքայական հրամանը, ասաց՝ ես եմ տվել այս, իսկ ո՞վ է, որ ընդդիմանում է սրան: Բացեց աղերսագիրը կարդաց եւ ասաց՝ ո՞ր երկրում է Էջմիածինը (բնագրում Ուչքիլիսա): Ղայմաղ խանն ասում է՝ պարսից կողմում է: Արքան հարցնում է՝ ինչո՞ւ չի գնում պարսից թագավորի մոտ դատաստանի: Ղայմաղ խանն ասում է՝ սրա թշնամին մեր կողմերից է: Արքան հարցնում է՝ ինչպե՞ս կարող է նա պարսից աշխարհում իշխանություն գործադրել, եթե մեր կողմերից է: Ղայմաղ խանն ասում է՝ լսիր երանելի: Քանզի հայերը աղոթքի երկու գլխավոր տեղ ունեն՝ մեկը քո իշխանության մեջ է, կոչվում է Երուսաղեմ՝ Արաբստանի կողմում: Ամեն տարի պարսից կողմերից շատերը, անթիվներ այստեղ ուխտի են գալիս եւ մեծ մաքս են վճարում ճանապարհին, իսկ Երուսաղեմին անչափ դրամ են տալիս, ավելանում է արքունի գանձին: Նաեւ երեք տարին մի անգամ Երուսաղեմից ուղարկում են Պարսկաստան, հավաքում են շատ ոսկի, արծաթ, դիպակյա հանդերձանքներ բերում են Երուսաղեմ, իսկ դա մեր ազգին օգտակար է: Իսկ մեր կողմից շատ չեն գնում Էջմիածին, եթե գնում էլ են, նրանց այնքան չեն տալիս, որ իրենց կերածն ու խմածը վճարի: Նրանք եւս երեք տարին մի անգամ նվիրակ են ուղարկում մեր կողմը, բայց չեն տալիս, ինչպես նրանք են տալիս, քիչ են տալիս: Մեր տանը նրանց մի տան չափ չեն տալիս, եւ այն էլ Եղիազարը չի կամենում տալ: Այս իմացնում են շահին, իսկ նա սահմանապահներ է նշանակել տալիս իր երկրում, որպեսզի Երուսաղեմ չգնան, նվիրակներին եւս արգելում են, իսկ դա մեր թագավորությանը մեծ վնաս է, մանավանդ թե նաեւ խռովություն կընկնի երկու թագավորների միջեւ:

Երբ Մահմադ թագավորը այս լսեց, խիստ վախեցավ եւ ասաց Ղայմաղ խանին՝ հրամայվեց քեզ հոգալ դրա բոլոր գործերը, իսկ դրա թշնամու գլուխը մոտ ժամանակներս բերեք ինձ մոտ: Այս ասաց, գնաց աղոթանոցը:

Ղայմաղ խանը ամենը, ինչ հրամայեց արքան, արեց՝ վերացրեց դիվանց երկու մարչիլ տուրքը, հանեց արքունական հրաման եւ տվեց կաթողիկոսին, հրամայեց, որ նրա բոլոր հակառակորդները հալածվեն իր դռնից: Ապա Եղիազարը եկավ նրա մոտ եւ միմյանց հետ հաշտվեցին:

Կաթողիկոսը գնաց Երուսաղեմ, դարձավ, եկավ Սուրբ Աթոռ Էջմիածին փառավորապես եւ կաթողիկոսությունը կառավարում էր, ինչպես որ արժան էր, ամեն ինչ անում էր, ինչպես որ պատշաճ էր:



[1]            Աղստեւի գավառ հասկացությունը 10-րդ դարում հիշատակում է Ասողիկը: Հավանորեն Աղստեւ գետի հովտի մասին է խոսքը:

[2]            Վեդու դաշտը Արարատյան դաշտի արեւելյան մասն է` Վեդու տարածքը:

[3]            Հարանց վարքը գրքի անվանում է, որտեղ հավաքված են սրբակենցաղ մարդկանց, հոգեւոր նշանավոր հայրերի, խոշոր եկեղեցական գործիչների, մարտիրոսների կյանքի ու գործունեության պատմությունները: Հայկական Հարանց վարքերը բազմաթիվ ժողովածուների ամբողջություն է:

[4]            Գողթան գավառը հնում Սյունյաց նահանգի գավառներից մեկն էր: Հարավից հարում է Արաքսին, հյուսիսից` Ծղուկին ու Երնջակին, արեւելքից` Արեւիքին ու Ձորքին, արեւմուտքից` Երնջակին:

[5]            Մեծամորը, որ ժողովուրդը Սեւ ջուր է կոչում, սկիզբ է առնում Արարատյան դաշտի Արմավիրի շրջանի Ակնա լճից եւ գնում, թափվում է Արաքսը:

[6]            Թեղենիսը վանքային համալիր է Ապարանի (Նիգ) գավառի Բուժական գյուղի հյուսիսում:

[7]            Սեւավեր գյուղը ըստ Ալիշանի տեղադրված է Քարաշամբի մոտերքը: Հավանորեն այնտեղ է եղել նաեւ Սանտոն, Արայի լեռան եւ Հրազդանի միջեւ:

[8]            Բադռինջը ըստ Ալիշանի` Բյուրականից հարավ երկու մղոն հեռու գտնվող Ագարակն է:

[9]            Տիգրանակերտը Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Եփրկերտ գավառում է: Կոչվել է նաեւ Մարտիրոսոպոլիս, Եփրկերտ, Ֆարկին: Կառուցել է Տիգրան Մեծը մ. թ. ա. 70-ական թվերին: Պատմության մեջ Տիգրանակերտը շփոթվել է Դիարբեքիրի` Ամիդի հետ: Այստեղ էլ կրկնվում է այդ սխալը:

[10]          Կավակերտը ըստ Ալիշանի` Դաստակերտ էր կամ գյուղ Հրազդանի ափին: Տեղը հայտնի չէ:

[11]          Ջահուկ կամ Ճահուկ Մեծ Հայքի Սյունյաց նահանգի գավառներից է, որը մի գյուղի անունն է եղել նաեւ: