Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԽԱ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԱՐՁԸ ԷՋՄԻԱԾԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼԸ

Մինչդեռ Հակոբ կաթողիկոսը Կոստանդնուպոլսում էր, մյուս Աբաս խանն էր Երեւանում եւ սրա փոխարեն, ազգով լագզի Սաֆի խանը եկավ )Երեւան(: Իր գալու սկզբին իրեն բոլորի աչքում լավ ցույց տվեց, բայց հետո դարձավ չար: Մի օր ելավ գնաց զբոսանքի եւ հասավ մինչեւ այն լիճը, որ կաթողիկոսը շինել էր: Լիճը եւ այգին, վայրերի գեղեցկությունը տեսավ, ցանկացավ դրանք: Մարդ ուղարկեց աթոռակալ Մատթեոս վարդապետի մոտ եւ խնդրեց այդ տեղը: Իսկ աթոռակալն ասաց, թե չեմ կարող տալ, քանզի դրա տերը հայոց երկրում է, գուցե գա, անարգանք ու նախատինք տա այնքան, որ խայտառակ լինենք:

Երբ այս լսեց, խոր խոցվեց, կարծես նետ մտավ նրա սիրտը: Եղավ, որ Հակոբ կաթողիկոսը եկավ իր Աթոռը՝ Սուրբ Էջմիածին:

Գնաց խանի մոտ, իր հետ պատշաճավոր աղերսագիր տարավ եւ խոսեցին օսմանցիների երկրի, պատերազմի եւ այլ շատ բաների մասին: Եվ երբ խանը դարձյալ եկավ Էջմիածին, գնաց նայելու լճափը, այդ ժամանակ էլ խանը խնդրեց լիճը: Կաթողիկոսն ասաց՝ ինչպե՞ս տամ այն քեզ, քանզի մեր կյանքն ու կենդանությունը այն է, մեր սերմանելու տեղն է եւ մեր միաբանների հանգստավայրը: Խանն ասաց՝ փոխիր այն այգու հետ կամ վաճառիր: Կաթողիկոսն ասաց՝ մենք այն նվիրաբերել ենք Էջմիածնին, այլեւս հնար չկա, որ այն օտարվի նրանից: Այստեղ եւս խոցվեց խանը, որովհետեւ երկու անգամ արհամարհվեց նրա խոսքը: Հնարներով կամենում էր որոգայթի մեջ գցել Աթոռը:

Օրեր հետո կաթողիկոսը գնաց խանի մոտ եւ ասաց՝ ես կամենում եմ շահի մոտ գնալ եւ նրանից իմ մասին հրաման առնեմ: Խանն ասաց՝ դու մի գնա, մենք այստեղից կհոգանք քո բանը: Կաթողիկոսն ասաց՝ մեզ վրա մեծ պարտք կա, գնամ այնտեղից հավաքեմ եւ պարտքերը հատուցեմ: Խանն ասաց՝ այստեղ վաճառականներից կառնենք եւ կտանք քո պարտքերը: Կաթողիկոսը ասաց՝ եթե վաճառականներից առնենք, որտեղի՞ց կհատուցենք նրանց: Քանզի մենք նաեւ արքունիքում գործ ունենք, եւ դրանց հոգալու համար էլ եմ գնում: Այս ասաց, ելավ գնաց:

Օրեր հետո ելավ գնաց հասավ մինչեւ Աստապատ: Իսկ խանը իր մտքում խորհեց ու ասաց՝ ես նրան շատ անարգանք տվի, գուցե գնա, շահի մոտ գանգատվի ինձնից այլ գանգատավորների հետ, եւ փորձանք բերեն իմ գլուխը: Շուտափույթ զինվորներ ուղարկեց եւ ասաց՝ որտեղ էլ լինի նա, գտեք, բերեք ինձ մոտ:

Զորականները գնացին Աստապատ եւ բռնի կերպով բերին, հասցրին Երեւան եւ իմացրին խանին: Կանչեց իր մոտ եւ ասաց՝ Ես քեզ ասացի՝ մի գնա, քանզի այստեղից կհոգանք քո գործերը: Այժմ գնա, նստիր Երեւանի անապատում, իսկ ես քո պարտքերը կհատուցեմ: Այսպես նրան նախնական կալանքի ենթարկեց եւ նրա վրա հսկիչ նշանակեց Աբաս անունով մի մահմեդական եւ պատվիրեց զգուշությամբ պահպանել, որ չփախչի: Իսկ կաթողիկոսը նրան խիստ պատգամներ ուղարկեց եւ ասաց. «Ես գնում էի շահի ոտքը, իսկ դու կալանավորեցիր ինձ ինչպես մահապարտի: Արդ, եթե մահվան եմ արժանի, սպանիր ինձ, իսկ եթե ոչ, ինչո՞ւ եմ բանտում գտնվում: Իսկ խանը մարդ ուղարկեց նրա մոտ եւ ասաց՝ ոչ կսպանեմ քեզ, ոչ էլ կարձակեմ, այլ այդտեղ մնա մինչեւ մեռնես: Իսկ ինքը հավաքեց բոլոր հարուստ ու մեծատուն մարդկանց, նրանցից առավ հազար երեք հարյուր թուման դրամ՝ պատճառաբանելով, թե Աթոռի պարտքն եմ տալու, իսկ հետո մեզ կհատուցեն Էջմիածնում նստողները: Բոլորին խաբեց եւ ինքը լափեց եւ նրան փող չտվեց: Եվ այսպես կաթողիկոսին կալանավոր արեց, իսկ ինքը ապրում էր դատարկ հույսով:

ԳԼՈՒԽ ԽԲ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՓԱԽՈՒՍՏԸ ԵՎ ԽԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Ինչ որ արեց կաթողիկոսի համար, չիմացավ թե իր անձի կորստի համար արեց: Քանզի դրամատերերը, որոնցից խանը առել էր՝ ոմանցից տասը թուման, ոմանցից քսան, ինչպես գրեցինք, սրանք գալիս էին կաթողիկոսի մոտ եւ պահանջում էին դրամը: Գալիս էին ու գնում, բայց առնելու հնար չկար: Նրանք ասում էին, որ դու ջանա այդտեղից ելնել, իսկ մենք շահից դատ կպահանջենք խանի վերաբերյալ եւ շահով մեր դրամը կառնենք դրանից: Իսկ կաթողիկոսը թեպետ կալանատանն էր, բայց ամեն օր ելնում ու գնում էր, ուր կամենում էր:

Այնպես եղավ, որ հունաց աշխարհից մի քարավան էր գալիս Արարատ: Կաթողիկոսը իր հսկիչ Աբասին ասաց՝ եկ ընդառաջ գնանք կարավանին: Աբասն ասաց՝ ես գործ ունեմ, չեմ կարող գալ, դու գնա: Այդ օրը Տիրոջ համբարձման օրն էր: Հայրապետը իր բոլոր ինչքը ութ օր առաջ ուղարկել էր Արտաբիլ, իսկ այդ օրը իր անձնական գույքը երկու բեռ ուղարկել էր Եղվարդ գյուղը եւ ասաց՝ սպասիր ջրի ափին եւ նայիր ինձ: Իսկ ինքը կեսօրին հեծավ իր ջորին եւ առաջ գցելով Վարդան սուրհանդակին, հիշեց Հիսուս Քրիստոսի անունը, բարեբանեց տոնը եւ ելավ ճանապարհ: Նորագեղի վերեւը գնաց առապար ճանապարհով: Արեգակի մայրամուտի մոտիկ հասավ Եղվարդ: Այնտեղից վերցրեց երկու քաջասիրտ եւ աներկյուղ հրացանավոր մարդիկ եւ նրանց հետ գնաց Նիգ գավառը՝ Ձորաբերան գյուղը, որ այժմ կոչվում է Գուլավտի [1], այնտեղից էլ առնելով Եավրի անունով մի բարեպաշտ մարդ՝ անցավ Տաշիր [2], գնաց Լոռի՝ Դսեղ գյուղը [3]: Այնտեղից էլ երեք մարդ վերցրեց, եղան շատ եւ անցան գնացին Աղվանքի կողմերը՝ Բարկուշատ [4] մինչեւ պարսից սահմանները եւ հասան Արդաբիլ: Առնելով իր ունեցվածքը, որ նախապես ուղարկել էր, ելավ այնտեղից գնաց, հասավ Սպահան: Եվ այսպես ազատվեց եւ մնում էր Սպահանում: Իսկ մահմեդականը, որ հսկում էր նրան, եկավ Անապատ, տեսավ, որ այնտեղ չէր, գնաց իջեւան կարավանի մեջ, բայց նրան չտեսավ:

Գնաց Էջմիածին, հարցրեց, ոչ ոք չգիտեր նրան: Դարձավ, եկավ Երեւանի Անապատը, այլեւս չկար: Այնտեղ կար Հակոբ անունով ջուղայեցի մի սարկավագ Բհամ մականունով: Սա ասում է՝ ահա նա փախել է, արի մենք էլ փախչենք, որպեսզի մեզ չնեղեն: Աբասն ասում է՝ դու միայնակ ես, եթե փախչես, կարող ես, իսկ ես ինչպե՞ս փախչեմ, որովհետեւ իմ տունը կավարեն. գնալու եմ խանին ասեմ: Խանը Կոտայք գավառում աղբյուրների [5] ակների մոտ էր, որ կոչվում են Ղըռխ-բուլաղ, որ նշանակում է քառասուն աղբյուր, այնտեղ ապահով էր: Աբասը գնաց, խանին պատմեց: Նա գիտեր, որ իր համար վատ եղավ նրա փախուստը: Աբասի վրա բարկացավ եւ նրանից երեսուն թուման տուգանք առավ: Այնտեղ թողեց հարճերին, ինքը միաձի զորքով ելավ գնաց Երեւան: Մարդիկ ուղարկեց բոլոր վանքերն ու անապատները, գյուղերը որոնելու եւ ստորագրություն առնելու ամեն մեկից, որ ով տեսնի նրան, բռնի, բերի իր մոտ:

Շրջեցին ամբողջ երկիրը, բայց վերադարձան դատարկ:

Ապա արագագնաց սուրհանդակներ ուղարկեց բոլոր կողմերը, Վրաստան, Գանձակ, Թավրիզ, Նախիջեւան, Խոյ, Կարս, Ախալցխա եւ այլ կողմեր, գնացին, բայց նրան չտեսան. եթե տեսան էլ, հորդորեցին նրան հեռանալ:

Սրանից հետո հավաքեց բոլոր վանքերի առաջնորդներին, գյուղերի տանուտերերին, գավառապետերին, բոլոր մեծամեծերին Երեւան քաղաքում, ինքը բազում ամբաստանություններ, ինչ չարիքներ, որ ինքը արել էր, այդ ամենը բարդեց կաթողիկոսի վրա եւ արագագնաց սուրհանդակի ձեռքով ուղարկեց շահին եւ պատվիրեց, որ չտեսնի եպարքոսին, որովհետեւ իմ թշնամին է, ասաց:

Սուրհանդակը գնաց, ուրիշի ձեռքով գրությունը հասցրեց շահին: Մինչդեռ շահը կարդում էր գրությունը, եպարքոսը ներս մտավ. գրությունը տվեց նրան: Գրության կեսը կարդաց եւ ասաց՝ Սաֆիղուլի խանը երկիրը քանդում է, ինքը իր արած վնասները դնում է սեւագլուխների վրա. գրությունը պատռեց, գցեց կրակը, որ մատուցարանով դրված էր ծխելու համար:

Իսկ երբ կաթողիկոսը հասավ Սպահան, նախ գնաց եպարքոսի մոտ եւ նրան պատմեց այն ամենը, որ քաշեց խանի ձեռքից, եւ հունաց երկրի գործերը: Իսկ եպարքոսը ասաց՝ աղերսագիր գրիր, ինչ որ կամենում ես, եւ ես այն կտամ շահին: Իսկ նա գնաց, նախապատրաստեց հիսուն ոսկին, որ սահմանված էր. առաջին կաթողիկոսները սահմանել էին շահին վճարել արքունական հրամանի համար: Ապա իր այցի այգորանքադրամը նորոգ թագավորին, սաթից մոմակալ, մարջանից մարդու պատկեր, տասական ոսկի, ոսկի ժամացույց եւ այլ պատշաճավոր բաներ: Գրեց նաեւ գանգատագիր խանից, որի պատճենը հետեւյալն է. թե ի բնե ամբողջ հայոց ազգը, ուր էլ լինի՝ թե օսմանցիների երկրում, թե ֆրանկների, թե հնդիկների, թե Մոսկվայի, եւ ուր էլ գտնվի ազգից որեւէ մեկը, բոլորը հնազանդվում են Էջմիածնին, որը քո տերությանն է ենթակա: Ըստ մեր օրենքի հարկեր են տալիս Էջմիածնի բնակիչներին, իսկ սրանք էլ արքունական հարկերն են տալիս: Մեր ժամանակ օսմանցիների երկրում վերացրին այն եւ չէին կամենում տալ, թագավորական հրամանով վերացրին այն, իսկ մենք հույս դրինք Շահ Սաֆու տան վրա եւ գնացինք թուրքաց թագավորի մոտ մեծ պարգեւներով ու չարչարանքներով, թագավորի հրամանագրով հազիվ կարողացանք դարձնել քո տերության ենթակա: Երբ եկանք մեր երկիրը, ինչ որ արժանի էր, աղերսեցինք խանին եւ նրանից թույլտվություն ստացանք գալ եւ համբուրել քո ոտքերի հողերը: Վեց օրվա ճանապարհ եկանք, իսկ խանը մարդ ուղարկեց, մեզ հետ վերադարձրեց եւ բանտարկեց: Մեր պատճառով բոլոր մեծամեծներին բռնեց, տուգանեց, եւ ամբողջ երկիրը գնաց օսմանցիների կողմը նրա ագահության պատճառով: Իսկ մենք փախուստով ազատվեցինք, եկանք ձեր ոտքերը: Եթե արժանի եմ մահվան, իմ արյունը թող քո շներին կերակուր լինի: Այս եւ այլ, ինչ պակաս էր թողել, բոլորը գրեց: Դրա հետ դրեց թագավորի հրամանագիրը եւ եպարքոսի ձեռքով, որի անունն էր Շխալի խան, ուղարկեց շահին: Շահը տեսնելով արքունի հրամանը, ասաց՝ եթե թուրքերի թագավորը մերը սիրում է, մենք ինչո՞ւ չսիրենք (կաթողիկոսին), մանավանդ, որ Սաֆի խանը այդքան չարիքներ է հասցրել նրան:

Նրան հիշեցրին նաեւ այլ գանգատավորների խոսքերը: Այնտեղ էր նաեւ լեզգիների խանը, նա նույնպես ասաց՝ Սաֆի խանը այնքան ապրանք ուղարկեց իր տունը, որ ես երեք հարյուր թուման մաքս առա, չհաշված բեռների մաքսը: Շահը այս լսեց եւ հրամայեց գրել Թավրիզ` Միրզա Իբրահիմին, որին կոչում էին Հատրբեջան Վազրի, որ գնա Երեւան, Սաֆի խանին ու նրա որդի Մեհուբ Ալի անունով որդուն բռնի, կապի եւ նրա տունը ավարի, մինչեւ իսկ կանանց վարտիքները եւս հանի եւ իրեն ու իր որդուն կապանքներով ուղարկի Ղալայի Գուլաբի, որ Վարդաջրի բերդն էր:

Կապելով նրան հանձնեց Բայադ Աբաղին, որի մասին նախապես գրեցիք, դեւ կնոջ հետ միասին: Ոմն Սարուխան շահի կողմից ուղարկվեց, նստեցրեց այնտեղ տեղապահ, մինչեւ որ խանը գա:

Բայց երբ շահի հրամանը հասավ Միրզա Իբրահիմին, սա իր հետ վերցրեց յոթ մարդ եւս, գնացին հասան մինչեւ Շարուրի դաշտը եւ լսեցին, որ խանը Կոտայքում է՝ բազմաթիվ աղբյուրների գլխին: Նրանք Գառնիի վրայով գնացին գաղտնի եւ ելան մի բլրի գագաթը եւ նայելով նշանեցին վրանը եւ ուղղություն վերցնելով գնացին, մտան վրանը, այնտեղ ոչ ոք չկար, բացի միայն մի փոքրիկ մանուկից, որ խաղում էր նրա հետ (խանի): Նրանք ութն էլ բարձրացրին լախտերը (այսինքն՝ թոփուզները) եւ պարզեցին նրա վրա՝ ասելով՝ շահի կալանավորն ես, չշարժվես: Նա ասաց՝ լավ, ինձ ցույց տվեք շահի հրամանը: Նրանք հանին (հրամանը), տվին նրան: Նա առավ համբուրեց եւ դրեց գլխի վրա: Եվ երբ կարդաց, ձեռքը դրեց ձեռքի վրա եւ ասաց՝ կապեցեք: Նրանք մոտեցան, մերկացրին նրան, ձեռքերը կապեցին հետեւը եւ ոտքերը շղթայեցին: Նրա մանուկ որդին լալիս էր: Ասացին՝ մի լար. մեկը մնաց այնտեղ, իսկ յոթը գնացին կանանց վրանը. նրանց ճվճվալով, չղչղալով, ճղալով, ոռնալով, հայհոյելով, աղաղակելով դուրս հանին: Իսկ թուրքերը մերկացրին նրանց թանկագին հանդերձները եւ հագցրին այլ հանդերձներ, դրեցին ուղտերի վրա, ուղարկեցին Երեւան: Երկու մահմեդական շտապեցին բերդը եւ փակեցին դռները ու նրա ամեն ինչը հարքունիս գրեցին: Այլ բաներն էլ արին այնպես, ինչպես գրեցինք:

ԳԼՈՒԽ ԽԳ
ՇԱՀ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Փոքր Շահ Աբասից հետո թագավորեց նրա որդի Շահ Սաֆին մի տարի: Սրանից հետո թագավորեց Շահ Սաֆիի եղբայր Շահ Սուլեյմանը 1117 (1668) թվին: Բայց սրա մասին ասում են, թե Շահ Սաֆին ինքն է, բայց այլ անուն ուներ: Երբ թագավորեց անվանեցին պապի անունով՝ Շահ Սաֆի: Հենց իր թագադրության սկզբում իսկույն տկարացավ: Ասաց՝ այս անունը ինձ համար ճիշտ չեղավ:

Անունը փոխեցին եւ դրեցին Սուլեյման: Իսկ ոմանք էլ ասացին, թե սա Շահ Սաֆին չէ: Երբ Շահ Սաֆին դարձավ շահ, սկսեց պիղծ շնություն անել: Բռնի կերպով բերել էր տալիս մեծամեծ իշխանների կանանց եւ նրանց հետ շնանում էր:

Մի օր բռնությամբ տարավ մի ինչ-որ իշխանի կնոջը, կինը չէր կամենում: Այդ պատճառով կինը մի փոքրիկ դանակ գաղտնի դրեց իր ծոցը եւ գնաց: Երբ շահը մերձեցավ կնոջը, նա իբրեւ Հուդիթ արեց երկրորդ Հողեփեռնես, դանակը խրեց կոկորդը եւ այդպես սատկեցրեց*. ինքը դուրս եկավ, ասաց կանանց ներքինիներին՝ այժմ պատվեցի ձեր շահին ըստ իր արժանիքի: Այս ասաց, ելավ ու աներկյուղ գնաց: Ներքինիները մտան տեսան, որ թավալվում էր արյան մեջ, եւ գաղտնի կորցրին նրան: Եվ բերելով նրա Սուլեյման եղբորը՝ թագավորեցրին: Արդ՝ սուտ է, թե ճիշտ, մենք այսպես լսեցինք ու գրեցինք:

Ահա այս Շահ Սուլեյմանն է, որ բռնեց Սաֆի խանին եւ պատվեց Հակոբ կաթողիկոսին: Սրա մոտ եկավ Թամրազի թոռ Հերակլը, որը կպատմենք հետո: Այս Շահ Սուլեյմանը ուներ մի որդի, շատ քաջ էր, ուժեղ եւ հմուտ էր նետաձգությամբ: Հայրը նրան պահպանում էր թագավորության համար: Ուր որ գնում էր, տանում էր նաեւ որդուն, որը թուրը, նետերի կապարճը, աղեղը կապում էր վրան:

Մի օր շահը մտնելով պարտեզ, իսկ որդին իր առջեւ հանեց նետը, դրեց աղեղին եւ խփեց ծառին. նետը անցավ, թափանցեց այն կողմը ճանդարի ծառից: Հայրը այս տեսնելով՝ քենով լցվեց որդու հանդեպ եւ կամեցավ որդուն կորցնել, բայց ոչ բացարձակ: Այն գաղտնի ասաց ներքինապետին. «Երբ նա գա հարճի մոտ, քնելիս զարկեք եւ սպանեք նրան ու գաղտնի կորցրեք»: Այս բանը հայտնեցին մորը, մայրը գնաց, աղաչում էր իր կեսուրին, որ շահի մայրն էր, եւ ասաց. «Քո որդին կամենում է սպանել իմ որդուն: Քեզ աղաչում եմ ի սեր Աստծու եւ իր արեւշատության համար, մի տաք իմ սրտին կսկիծ նրա մահով, այլ տարեք, հեռացրեք, թող իր մահով մեռնի»: Մայրը գնաց, աղերսում էր որդուն, որ արյուն չհեղի եւ սուգ չլինի մեզ համար: Շահը ասաց՝ կանեմ ըստ քո ցանկության: Եվ ասաց որդուն՝ գնա Ֆահրապատ, այնտեղ մնա, մինչեւ կանչեմ քեզ: Իսկ տանողներին պատվիրեց, թե երբ տեղ հասնեք, սպանեք նրան, գլուխը բերեք ինձ: Առան գնացին: Շահը մի օր մտավ կանանց մեջ, նրան հանդիպեց իր մայրը, համամայր քույրը եւ մեկը իր հոր կանանցից: Չիմացավ թե դա իր քույրն է, թաշկինակը գցեց նրա վրա, որպես թե շահի հետ գնա մեղսագործության: Մայրացուն ասում է, թե դա քո քույրն է: Եվ այդ բանի վրա բարկանալով՝ հանեց թուրը եւ սպանեց քրոջն ու մայրացուին, ելավ գնաց: Եվ միաժամանակ բերին որդու սպանման լուրը: Զղջաց երեքի մահը, կսկծից դիվահարվեցավ, խելագարվեց, խոսում էր անիմաստ, բացում էր առնանդամը եւ քսում էր պատերին, գետնին ընկած թավալվում էր: Ներքինապետը հայտնեց եպարքոսին, ծածուկ կերպով կորցրին նրան, որ թագավորեց քսանհինգ տարի: Նրա փոխարեն թագավոր դրին մյուս որդուն՝ Հուսեինին հազար հարյուր քառասուներեք (1694) թվին:

 

* Յուդիթ ԺԳ 7:

ԳԼՈՒԽ ԽԴ
ՕՆՈՓՐԻՈՍԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Ինչպես գրեցինք, թե Եղիազարը եղավ կաթողիկոս, եւ Օնոփրիոսը մնաց նրա մոտ եւ միաբանվեց նրա հետ ամբողջ սրտով: Եվ քարոզում էր ճարտարորեն, Եղիազարին անվանեց երկրորդ Լուսավորիչ: Ճարտարախոսության, ճոխաբանության, արագ-արագ խոսելու պատճառով Օնոփրիոսին անվանեցին Կարկուտ, բայց Եղիազարին համախոհ էր: Երբ մեծ կաթողիկոս Հակոբը գնաց Կոստանդնուպոլիս, շատերը եկան նրա մոտ. եւ երբ Կարկուտը իմացավ, թե չի կարող դիմամարտել արեգակի հետ, կռվեց իր համախոհ Եղիազարի հետ եւ կեղծավորելով ասաց, որ ինքը որպես թե զղջացել է, եկավ Հակոբ կաթողիկոսի մոտ, ընկավ նրա ոտքերը եւ ասաց՝ ահա ճանաչեցի իմ անօրենությունները եւ քո բարերարությունը, մի հիշիր իմ չարիքները: Իսկ մեծ հայրապետը հավատաց նրա սուտ ու կեղծ խոսքերին, նրան թուղթ տվեց, առաքեց Սուրբ Աթոռ Էջմիածին լինելու այնտեղ աթոռակալ:

Եկավ նստեց փքված: Արդ՝ անհնար է, որ կրակը թողնի իր այրեցողությունը, հողմը՝ իր սառնությունը եւ ամբարիշտ մարդը իր չարությունը: Քանզի երբ սա եկավ Սուրբ Աթոռ Էջմիածին, սկսեց նոր չարիքներ գործել: Սուտ մուրհակ հանեց՝ այսինքն թամասուկ, Զաքարիա վարդապետի վերաբերությամբ, թե իբր երեք հարյուր թուման պարտք է իրեն: Մի այլ չար մուրհակ եւս, թե ես` Զաքարիա վարդապետս, ունեմ հազար թուման Օհանավանքում՝ թե դրամ, թե այլ ինչ, այդ ամենը տվի իմ հոգեւոր որդու միջոցով Օնոփրիոս վարդապետին, ինչ որ նա ցանկանա, այնպես թող անի: Եթե որեւէ մեկը հակառակվի նրան, նրա ամեն ինչը հարքունիս լինի: Այս երկու մուրհակները ցույց տալով՝ խստորեն պահանջում էր երեք հարյուր թուման: Իսկ Հովհաննես վարդապետը Զաքարիայի փոխարեն նստել էր Օհանավանքում եւ իբրեւ առաջնորդ՝ տարակուսած, անճարացած, չգիտեր, թե ինչ պետք է անի, որովհետեւ հրապարակավ խոսելու շնորհք չուներ, այս պատճառով տիրոջից ողորմություն հասավ նրան: Քանզի Սպահանից մի ջուղայեցի Աղամալ անունով մարդ եկավ, որ Զաքարիա վարդապետին բարեկամ էր եւ խիստ սիրող էր Օհանավանքը:

Սա բազմաթիվ վաճառականների մուրհակներ ուներ, որ նրան դարձրել էին իրենց փոխարեն իրենց ինչքերի տեր, որ ուր լինեն պարտատերերը, սրանք իրենց պարտքերը տան Աղամալին:

Ջուղայում էր Սաֆրազ անունով մեծ մեկը, որ Ջուղայի ավագն էր: (Ջուղայում էր) նաեւ Պողոս անունով Օնոփրիոսի եղբայրը: Սա խոջա Սաֆրազին պարտք էր հինգ հարյուր թուման իր ստորագրությամբ: Այժմ Աղամալը եկել, պահանջում էր հինգ հարյուր թումանը: Լսեց նաեւ սուտ մուրհակի մասին, որ Օհանավանքի դեմ արել էին: Աղամալը բռնեց Պողոսին, վիզը կունդ դրեց եւ կախելով բերդի դռնից՝ փայտով ոտքերը այնքան ծեծեցին, մինչեւ առան երկու կեղծ մուրհակները եւ պատռեցին: Բայց քառասուն թուման հանեցին Պողոսի հինգ հարյուր թումանից:

Աղամալի գալուց հետո Օնոփրիոսը մի այլ չարություն եւս արեց, դարձյալ պահանջեց Օհանավանքի երեք հարյուր թումանը՝ ասելով, թե բռնի առաք իմ մուրհակը, ուստի տվեք իմ երեք հարյուր թումանը եւ լրիվ պահանջում էր: Բայց նույն օրը հունաց երկրից կաթողիկոսը եկավ եւ սաստելով լռեցրեց նրան:

Համառոտ կպատմեմ նրա չարության պատմությունը: Երբ կաթողիկոսը կալանավորվեց, նրան տվեց Գեղամա գավառի նվիրակություն, իսկ երբ կաթողիկոսը փախավ, նվիրակությունը թողեց, եկավ դարձավ խանին բարեկամ, եւ (երկուսը) չարիքներ էին մտմտում կաթողիկոսի դեմ: Ամեն օր նոր լուր էին տարածում, թե Օնոփրիոսի համար կաթողիկոս լինելու արքունի հրաման է գալիս: Երբ խանը կործանվեց, Կարկուտը (Օնոփրիոսը) տարակուսանքի մեջ ընկավ, այդ պատճառով անճարացած ինքը ելավ գնաց Պարսկաստան, որպեսզի գոնե կաթողիկոսը հաշտվի իր հետ: Հասնելով Նիգբ գյուղը, եւ ահա դիվանապետի կողմից մարդիկ եկան եւ բռնեցին նրան, վիզը կունդ դրին եւ առնելով տարան մինչեւ Զանկյան քաղաքը, այնտեղ նրան պահ տվին, իսկ իրենք գնացին Ղազվին ու ծանուցեցին կաթողիկոսին: Նա բարկացած ասաց՝ ո՞ւմ հրամանով արեցիք այդ, երբ ես չգիտեմ: Ասացին՝ դիվանապետի հրամանով արինք: Ապա կաթողիկոսը հրամայեց արձակել նրան եւ բերել իր մոտ: Եկավ կաթողիկոսի մոտ, նրա հետ սիրովացավ, կաթողիկոսը նրան հանձնեց տան գործերի վերակացությունը: Եվ միամտությամբ սիրով էր նրա հետ:

Իսկ այն չարը էլի չէր դադարում գաղտնի իր լրբությունը գործադրել: Քանզի առանց կաթողիկոսի գիտության շատ պարտքեր արեց եւ չարություն էր մտմտում, որի մասին հետո կգրեմ: Իսկ կաթողիկոսը մյուս անգամ աղերս պատրաստեց եւ գրեց խնդրագիր, առավ գնաց շահի մոտ եւ մատուցեց աղերսն ու խնդրագիրը: Շահը ասաց՝ ես վաղն եւեթ դրան հրաման կտամ: Դեռեւս այստե՞ղ է դա: Մեծամեծները ասացին, նա հրաման չունի, այդ պատճառով չի կարող գնալ:

Շահը հրամայեց հրաման տալ եւ նվիրել նրան արքունական խիլա (հանդերձանք-նվեր) ըստ սովորույթի գեղեցիկ ոսկենկար պատմուճան, թանկագին գոտի, սամույրե վերարկու, գլխի քցափ (հոգեւորականի գլխարկ), այսինքն՝ մանդիլ եւ զորեղ ձի: Ի պատիվ կաթողիկոսի՝ Սաֆի խանին, որ Թավրիզի Ռոստոմ խանի որդին էր, իշխան նշանակեց, ուղարկեց Երեւան եւ կաթողիկոսին հանձնեց նրան:

Եվ մենք Ղազվինից Կարկուտի հետ ելանք ֆրանկների դեսպանների հետ եկանք Թավրիզ: Կաթողիկոսը խանի հետ գնաց Արտաբիլ, այնտեղից խանի հետ գնաց Թավրիզ: Օրեր հետո խանը ելավ Երեւան գնալու, Կարկուտը նույնպես գնաց: Երկու օր հետո գնաց նաեւ կաթողիկոսը: Հայտնության ճրագալույցին Օնոփրիոսը մտավ Երեւան, հաջորդ օրն էլ` կաթողիկոսը: Կարկուտը զգեստավորվեց ջրօրհնեքն անելու խանի առջեւ: Զգեստը վրայից հանեցին հագցրին կաթողիկոսին եւ մեծահանդես ջրօրհնեք արին խանի ներկայությամբ: Երկրորդ օրը խանից թույլտվություն ստացավ, որ գնա Սուրբ Էջմիածին, ինչ որ Կարկուտի նկատմամբ անելու է, անի:

Ելան, գնացին, իսկ ճանապարհին Կարկուտին հայտնեցին իր կորստի մասին: Նրա դեմքը սեւացավ ինչպես ածուխ, բայց ոչ մի բան չկարողացավ անել: Երբ մտան Սուրբ Էջմիածին, եկեղեցու մեջ կաթողիկոսը վերցրեց մկրատը եւ խուզեց գլուխը, ապա մորուքը: Նա ասաց՝ ի սեր Աստծու աղաչում եմ՝ գլուխս խուզեցիր, մորուքս մի խուզիր: Կաթողիկոսն ասաց՝ ո՛վ Աստծուն ատելի, դու ասել ես, թե ես կկտրեմ կաթողիկոսի գլուխը եւ կտնկեմ այն իջման տեղին եւ նրա վրա պատարագ կանեմ: Արդ քո մորուքը ավելի՞ մեծ է, քան իմ գլուխը, ընդունիր փոխարենը: Եվ խուզեցին բոլոր մազերը եւ նրան տարան գցեցին բանտի առջեւ իր շղթաներով:

Ապա սկսեցին խուզարկել նրա ինչքերը եւ գտան մի բեռ կանացի զգեստներ, կեռ կոշիկներ, կերպասից ոտաց շորեր, ոսկետուտ լաչակներ, երեսի ոսկեզարդ քող եւ այլ այսպիսի կանացի զարդարանքներ:

Ահա նրան ասացին՝ ո՞ւր եք թաքցրել արքայական հրամանագրերը եւ կալվածների կապալները: Նա ուրացավ, թե չգիտեմ: Ապա նրա ոտքերը կոճղ դրին եւ այնքան բրածեծեցին բանտում, մինչեւ որ իր քրոջ որդուն ուղարկեց Երեւան քաղաքը եւ բերել տվեց ամենը: Թղթերի մեջ կային արքունի գրություններ՝ 1) կաթողիկոսության վերաբերյալ, 2) բոլոր եկեղեցականների նրան հնազանդ լինելու մասին, 3) իր ազգակիցների մելիքության մասին: Ապա նրան ուղարկեցին Սեւանա կղզին` դնելու մի սենյակում եւ ոչ ոքի թույլ չտալ մտնելու նրա մոտ: Այնտեղ օրեր մնալով սրտի տրտմությունից եւ մեծ վշտից հեծեծանքներով մեռավ եւ մեջտեղից վերացավ, արժանի չեղավ օրինավոր մահով մեռնելու:

ԳԼՈԻԽ ԽԵ
ՄՅՈՒՍ ՍԱՖԻԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լեզգի Սաֆի խանի կործանումից հետո Երեւան ուղարկվեցին իբրեւ տեղապահ Սարուխան բեկ անունով մեկը երկու տարի եւ Սաֆիղուլի խանը, որ Թավրիզի Ռոստոմ խանի որդին էր: Սա եկավ նստեց Երեւանում եւ սկսեց նորաբույս չարիքներ գործել: Թավրիզ ուղարկեց եւ այնտեղից բերել տվեց բոզ կանայք, բոզեր պահել բոլորովին մեր երկրի համար սովորույթ չէր: Սա այդ էլ հաստատեց: Հրաման հանեց, թե անձրեւի օր քրիստոնյաները տնից թող դուրս չելնեն, քանզի գարշելի հոտ է արձակվում նրանցից եւ մահմեդականներին ապականում է: Նաեւ արգելք դրեց՝ այսինքն՝ դադաղա, թե հարուստներից եւ օտարականներից ով էլ մեռնի, առանց իմ հրամանների չպետք է թաղել՝ ոչ քրիստոնյայի, ոչ էլ մահմեդականի: Նաեւ բազմացան ճանապարհներին ավազակները, շեներում գողերը, այս պատճառով ոչ ոք չէր կարողանում ճանապարհ գնալ, որովհետեւ կողոպտում էին: Բազմաթիվ եկեղեցիներ գողեր մտան ու ավարեցին: Այսպես, այս ամբողջ երկիրը գտնվում էր մեծ տառապանքների մեջ: Սրա համար բոլոր մահմեդականները հավաքվեցին եւ խորհուրդ արին. իրենց ղեկավար նշանակեցին Ֆաթալի անունով մեկին եւ անվանեցին իրենց Ղարափաչա*: Մտածեցին խանին կորցնելու մասին՝ ասելով, սա բոզեր բերեց այստեղ, եւ ամենքը այցելում են նրանց, իսկ օրինական կանայք արհամարհվում են: Ասում է՝ անձրեւի օրերին քրիստոնյաները թող դուրս չգան. մենք ահա դրացի ենք քրիստոնյաներին եւ խառնիխուռն ենք նրանց հետ, առեւտուրը միասին է լինում, նրանցից շատ շահ ենք ստանում, իսկ սա կամենում է մեզ զրկել մեր շահերից: Ասում է՝ քրիստոնյաների աղոթարաններում թող մահմեդական չմտնի, իսկ արդ՝ մեր բոլոր ցավագարներին եկեղեցիներն են բժշկում, նաեւ մեր զվարճատեղերը եկեղեցիներն են: Ասում է մեռելներին առանց իմ հրամանների մի թաղեք, ուրեմն կամենում է մեռելներից էլ հարկ առնել: Գողերին չի պատժում, այլ տուգանքներ է առնում ու թողնում, իսկ նրանք դարձյալ գողություն են անում: Նրա այս եւ այլ բազմաթիվ չարիքները գրեցին եւ թագավորական սուրհանդակի միջոցով ուղարկեցին շահին, իսկ իրենք հարձակվեցին խանի վրա, մտցրին տուն եւ չթողին դուրս գա: Նաեւ կնքեցին բոլոր ամբարների դռները, չափով էին նրան կերակուր տալիս: Եվ այսպես տառապանքով պահեցին նրան, մինչեւ որ այլ խան եկավ, եւ նրան հալածեցին: Նա ելավ գնաց Սպահան, եւ մեր երկիրը խաղաղվեց:

ԳԼՈՒԽ ԽԶ
ՏԵՐ-ՀԱԿՈԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Երբ մեծ հայրապետ Հակոբը Ղազվինից վերադարձավ եւ եկավ իր Աթոռ Սուրբ Էջմիածին, խանը նույնպես եկավ Երեւան: Կարդացին խանի հրամանագիրը, նրանում գրված էր, թե առանց կաթողիկոսի ոչ մի բան չանես: Նա (Կարկուտը) վիրավորվեց եւ խեթ էր նայում: Նաեւ պարտատուները, որ Կարկուտին փոխարինաբար դրամ էին տվել ու մուրհակ էին առել Սուրբ Էջմիածնի անունով, գալիս պարտքերն էին պահանջում: Իսկ կաթողիկոսը ձանձրացավ բազմաթիվ պարտատուներից, ուստի առանց խանի գիտության ելավ գնաց Վրաստանի Թիֆլիս քաղաքը, թերեւս դրամները կարողանա հավաքել, որպեսզի պարտքերը վճարելու օգնություն լինի:

Իսկ երբ խանը իմացավ նրա գնալու մասին, վախեցավ, թե միգուցե գնա շահի մոտ եւ գանգատվի իրենից: Այս պատճառով հրավիրակ ուղարկեց նրան Հաթամ բեկ անունով մեկին: Սա գնաց Թիֆլիս եւ շատ աղաչանքներով աղերսում էր հետ դառնալ: Իսկ կաթողիկոսը ասում էր՝ ահա ես մեծ պարտքեր ունեմ, եկա այստեղ, գոնե հնար գտնեմ ազատվել, իսկ դու վերադարձիր եւ ողջույն տուր ինձնից նրան:

Եվ այնտեղ մնալով օրեր, պարտքերից ինչ-որ քիչ մաս վճարեց:

Ապա եկավ գնաց ծովեզրը, նստեց նավ եւ գնաց Բյուզանդիա, այնտեղ էլ պարտքերից փոքր-ինչ վճարեց: Ապա տկարացավ եւ վախճանվելով հանգյավ ի Տեր այն տարի 1129 (1630) թվի օգստոսի երկուսին: Նրան տարան Ղալաթա քաղաքը ընդհանուր գերեզմանատուն, այն տեղը, որ կոչվում է Բեկօղլի: Երեք տակ աթոռ կանգնեցրին վրան. (գերեզմանը) հրաշքներ ու բժշկություններ է գործում. շատերից մեկը կպատմեմ, որ իմ աչքերով տեսա: Քանզի այն օրը, երբ նրան դրել են տապանը, երկուշաբթի է լինում, ուստի ամեն երկուշաբթի Ղալաթայի քահանաները պատարագ են անում եւ գնում են հայրապետի գերեզմանը այցելության, որովհետեւ ժողովուրդը ուխտ է գալիս, օրհնում են գերեզմանը եւ խաչհամբույր տալիս: Նույնպես նաեւ ես գնացի այնտեղ եւ պատարագ անել տվի: Պատարագից հետո Հակոբ անունով մի քահանայի, որ իմ աշակերտն էր, առա եւ գնացի Սուրբ Հակոբի գերեզմանը եւ քահանաներին խնդրեցի պաշտամունք կատարել: Մի՝ դիմացը բաց, տաղավար էր շինված նրա գերեզմանի մոտ: Մի խեղճ մարդ բերեց շուրջառը, Ավետարանն ու բուրվառը եւ խոսում էր թուրքերեն: Ես կարծեցի, թե նա հոռոմ է կամ ասորի եւ կամ թե հայ, որ հայերեն խոսել չգիտե:

Գերեզմանը օրհնելուց հետո դրամ տվի Հակոբ քահանային, որ բաժանի քահանաներին: Մի քանի ստակ էլ տվի խեղճ մարդուն: Նա տարավ (ստակը) տվեց օղու, բերեց տվեց քահանաներին, որ խմեն: Եվ մինչդեռ կամենում էի հարցնել խեղճ մարդու ով եւ որտեղից լինելը, ահա եկավ մի փառավոր մահմեդական (թուրք) եւ երեք կին՝ նրա հետ: Խեղճ մարդու համար բերին ձիթապտուղ, քացախ, յուղով հաց, որ կոչվում էր սիմիթ, խաշած բակլա, սիսեռ, պանիր, պնակով գարեջուր՝ այսինքն բողա, դրեցին տաղավարում, իսկ իրենք բազմաթիվ մոմեր վառեցին գերեզմանի վրա եւ պատվեցին գերեզմանի շուրջը աղաչելով:

Ես հարցրի Հակոբ քահանային, թե ովքե՞ր են սրանք: Քահանան ասաց՝ սրանք մահմեդականներ են, իսկ փառավոր երիտասարդը աղքատի որդին է. այս մի կինը սրա կինն է, մյուսը՝ սրա հարսն է՝ որդու կինը, երրորդն էլ սրա դուստրն է եւ մատով ինձ ցույց տվեց (նրանց): Իսկ այս խեղճն առաջին վազիրի մեծ իշխանն էր: Հանկարծակի սա տկարացավ եւ դարձավ անդամալույծ, ոտքերը կցվեցին ծունկի հետ նստատեղի տակ: Բազմաթիվ բժիշկներ եկան, չկարողացան դրան բուժել: Դրա տունը Ստամբուլ քաղաքի ծովին մերձ է: Մի օր դա տեսնում է, որ բազմաթիվ մարդիկ ու կանայք մտնելով նավը անցնում են ծովի այն կողմը: Հարցնում է դա, թե ո՞ւր են գնում դրանք: Ասում են՝ Պարսկաստանից մի հայր (հոգեւորական) է եկել եւ այստեղ վախճանվել է, սրանք ուխտի են գնում նրա գերեզմանին: Իսկ սա Աստծու ազդումով ասում է՝ այժմ ինձ առեք տարեք նրա գերեզմանը, հույս եմ տածում առ Աստված, որ նրա աղոթքներով կողջանամ եւ այլեւս չեմ հեռանա նրա տապանից: Իր որդուն ստիպեց, որ առնելով դրին նավակ եւ անցկացրին այս կողմը: Դրին բեռնակրի շալակը եւ բերին այստեղ: Երբ եկավ աղաչանքով ողոքում** էր: Երբ իջեցրին դրին գերեզմանի մոտ, լալով ասաց՝ փիր Յաղուբ, հուսով ու հավատքով դիմած եկա քեզ մոտ, կամ մահ տուր, կամ բժշկիր ինձ, երկուսից մեկը շնորհիր ինձ: Այս ասաց պաղատանքով եւ նստատեղով պտտվեց գերեզմանի շուրջը:

Եվ ահա Աստծու ողորմությամբ ոտքերը բացվեցին, ապա ընկավ ծունկերի վրա եւ դարձյալ շրջեց գերեզմանի բոլորքը եւ ահա կանգնեց ոտքերի վրա, լաց լինելով աղաչեց: Ապա բռնելով գերեզմանի վերեւի քարից եւ ոտքի վրա շրջեց դարձյալ, եւ ահա բացվեցին բոլոր հոդվածքները, շրջում էր ուղիղ, ինչպես առաջ էր: Ապա ընկավ տապանի ներքեւ, այնքան ճակատը զարկեց քարին, մինչեւ ճակատը այտուցվեց, այտուցը բարձրացավ գլխից վեր: Ահա այն օրից մինչեւ այսօր դա այստեղից չի հեռանում, գիշեր ու ցերեկ այստեղ է: Շինեց այդ տաղավարը եւ բնակվում է դրա մեջ, միս չի ուտում եւ ոչ էլ որեւէ ըմպելիք է խմում: Դրա կերակուրը այդ է, ինչ որ տեսնում ես:

Թագավորը լսեց դրա մասին, մարդ ուղարկեց դրա մոտ, թե ինչո՞ւ ես անհավատի գերեզմանին ծառայում, չէ՞ որ դու մուսուլման ես: Սա պատասխանեց, թե սա ինձ բժշկեց, այդ պատճառով ծառայում եմ սրան, բայց իմ հավատքը պահպանում եմ: Ապա թույլ տվին՝ ասելով, որպես կամենում է, թող մնա եւ իր հավատը պահպանի: Ահա նրա այս պատմությունը, որ լսեցի եւ տեսա:

Բայց երբ վերադարձա մեր երկիրը, լսեցի, որ նրա գերեզմանը հարկի տակ է դրված: Դրանից հետո ֆրանկների դեսպաններ են եկել եւ խոսքով հանդիմանել են թագավորին, թե դուք մեռելներից հարկ եք պահանջում: Այս պատճառով վերացրել են հարկը: Այսքան եւ այսպես տեղի ունեցավ տեր Հակոբի մահը:

 

*Ղարափաչա նշանակում է Սեւասրունք:

**Բնագրում բողոքում էր, կարդում ենք ողոքում էր:

ԳԼՈՒԽ ԽԷ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վրացիների պատմությունը համառոտ կգրեմ, քանզի առաջին ու մեծ Շահ Աբասը Կախեթի երկիրը քանդեց ու ավերեց եւ Աղեքսանդրի որդի Թամրազին՝ Աղեքսանդր թագավորի որդուն, իր հետ Պարսկաստան տարավ: Այնտեղ պահելով որոշ ժամանակ, իշխանություն տվեց եւ ուղարկեց նրա հայրենի երկիրը՝ Կախեթը տիրելու, բայց եւ շահին հնազանդ մնալ: Նա այնտեղ էր մնում ըստ շահի պատվերների:

Շահ Սբասից հետո թագավոր դարձավ սրա թոռ Շահ Սաֆին, իսկ սրանից հետո սրա որդի փոքր Շահ Աբասը: Սրա ժամանակ Թիֆլիսում իշխան էր տոհմով Բագրատունի Ռոստոմը: Սա թշնամացավ Թամրազին եւ կամենում էր սրա երկիրը հափշտակել եւ նրան ենթարկել իր իշխանությանը: Իսկ Թամրազը չէր հնազանդվում նրան եւ չէր թողնում, որ նրա իշխանությունը թափանցի իր տերությունը: Իսկ Ռոստոմը գրգռվեց պատերազմելու նրա դեմ: Թամրազը նույնպես զինվեց ընդդեմ նրա մարտ պատերազմի:

Նա մի որդի ուներ Դավիթ անունով, որ ծնված էր իր Փարի կնոջից. սա Թիֆլիսի Գորգի թագավորի դուստրն էր եւ Լավարսափի քույրը: Այս Դավիթը խնայեց հոր ծերությունը եւ չթողեց պատերազմի մեջ մտնել, այլ ինքը մտավ պատերազմական տարազի մեջ, զինվեց ընդդեմ նրանց: Իսկ Թիֆլիսի զորքը Ալավերդում էր: Պարսից զորքերից ուղարկեցին մի կողմ, որտեղ դարանամուտ կար, պատերազմը սկսվեց, Դավիթը մեծ քաջությամբ մտավ Ռոստոմի զորքի բազմության մեջ, իսկ պարսիկները, որ գտնվում էին դարանում, երբ լսեցին ռազմակոչերի ձայնը, այդ ժամանակ նրանք դուրս եկան Կախեթի զորքերի մյուս կողմից եւ մեջտեղ առնելով վրաց զորքերը՝ հանդիպեցին Դավթին, խփեցին, սպանին արի Դավթին:

Զորքերը տեսնելով Դավթի մահը, թողին փախան, իսկ պարսիկները հալածեցին նրանց մինչեւ Կախեթի սահմանները: Իսկ Թամրազը մնաց հեծեծանքներում եւ դառը կսկիծների մեջ: Երբ տեսավ, որ չի կարող նրանց դիմադրել, ուղղություն վերցրեց գնալու շահի մոտ՝ մտածելով, թե ավելի լավ է շահը սպանի իրեն, քան թե իր ծառայակիցը: Եվ վեր կացավ գնաց:

Շահ Աբաս թագավորը նրան ընդունեց սիրալիր եւ իր մոտ պահեց որոշ ժամանակ, ապա նրան տվեց իրավունք ու իշխանություն` տիրելու իր երկիրը: Սաստ գրեց Ռոստոմին, որ իշխանություն չունենա Թամրազի նկատմամբ: Ապա արձակեց նրան գալու իր երկիրը: Եվ ելավ թագավորի մոտից գնաց, բայց չհասավ իր երկիրը, այլ մեռավ ճանապարհին:

Իսկ նրա Հերակլ թոռը, որ նրա որդու՝ Դավթի որդին էր, երբ լսեց իր պապի մահը, վախեցավ մնալ այնտեղ Կախեթում, այլ ելավ Կախեթից եւ գնաց Մոսկվա եւ այնտեղ էր մնում:

Շահ Աբասը բազմաթիվ անգամ նրա մոտ հրավիրակ ուղարկեց իր մոտ գնալու, բայց նա չեկավ՝ մահից վախենալով: Շահ Աբասից հետո թագավոր ելավ նրա որդի Շահ Սուլեյմանը: Սա ջուղայեցի Գրիգոր անունով մի մարդ ուղարկեց նամակով ու երդումով, որ գնաց, նրան բերեց Խզիրան, որ է Ղազվինը, քանզի շահը այնտեղ էր 1124 (1675) թվի ապրիլի 23-ին: Այնտեղ էր նաեւ մեծ կաթողիկոս Հակոբը, նաեւ մենք՝ նրա ծառայության մեջ:

ԳԼՈՒԽ ԽԸ
ԵՐԿՈՒ ԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ռոստոմ խանը, որի մասին գրեցինք, Բագրատունիների տոհմից է: Նրանց թագավորության անկումից եւ Անիի ավերումից հետո Բագրատունիների տոհմի մնացորդները գնացին Վրաստան, հարեցին նրանց թագավորներին եւ դարձան վրաց բոլոր գործերի ղեկավարները: Երբ վրաց թագավորությունը վերացավ, երկիրը ընկավ պարսիկների ձեռքը, սրանք Բագրատունիների տոհմին իշխանություն տվին տիրելու վրաց բոլոր սահմանները: Եվ Բագրատունիները աճեցին որդուց որդի մինչ այս Ռոստոմը, որ Լավարսափ անունով մի որդի սերեց իր կին Մարիամից: Ռոստոմը նրան պահպանում էր, որ իր փոխարեն դառնա վրացիների վրա իշխող: Մի օր առնելով իր որդուն՝ բազմաթիվ զորքերով գնաց երեների որսի այն տեղը, որ կոչվում է Ղարայազ, որ նշանակում է սեւ գարուն: Այնպես եղավ, որ հետապնդեցին որսերին եւ ամենքը շտապում էին սպանել որսը: Եվ հրացանների խառնիխուռն կրակոցներով զարկին թագավորի որդի Լավարսափին եւ սպանին: Ռոստոմը վախեցավ իրենից, փախավ գնաց Թիֆլիս քաղաքը: Նա հետամտեց իր որդուն սպանողներին գտնել, բայց չկարողացան իմանալ:

Ապա երկու մարդու դատապարտեցին՝ մեկի անունը Բայանդուր էր՝ հայ Մամիկոնյան տոհմից, որին կոչում էին Թումանեցի: Իսկ մյուսի անունն էր Շիշուշ՝ վրացի, տոհմով Բարաթեցի: Սրանց դատապարտեցին՝ ասելով, թե դուք էիք նրան մոտիկ, երբ նրան սպանեցին կամ դուք գիտեք նրա սպանողին եւ կամ դուք եք սպանել:

Ապա խոսակցություն բացվեց, հայերը ասում էին՝ վրացին է սպանել, վրացիքն ասում էին՝ հայն է սպանել: Ապա որոշեցին սամարթելի անել՝ այսինքն դատավճռով մենամարտել, ով հաղթվի, նա է սպանել թագավորորդուն: Այս վճիռը հաստատվեց նրանց միջեւ, որ երկուսով միայն դուրս գան: Պատրաստվեցին, հագան ռազմի հագուստ եւ զինվեցին զենքերով, համբուրեցին թագավորի ծունկը, անցան Կուր գետի այն կողմը՝ քաղաքի արեւելյան կողմը:

Իսկ վրաց նենգավոր ազգը հրապարակավ խրատ տվեց երկուսին էլ, երբ կմտնեք ասպարեզ, նախապես մի կռվեք, այլ քշեցեք ձիերը այստեղ-այնտեղ, թերեւս խղճա թագավորը եւ չթողնի կռվել:

Այս խրատը ճիշտ ընդունեց Բայանդուրը (հայը): Իսկ կայենանման վրաց ազգը գաղտնի խրատ տվեց Շիշուշին (վրացուն), թե դու փոքրահասակ ես եւ թույլ, իսկ Բայանդուրը հաղթամարմին է ու զորեղ, դու չես կարող կռվել նրա դեմ: Ուստի երբ նա ձիով խաղս անի, դու ջանա նիզակով հարվածել նրան, թերեւս կարողանաս նրան գետնին գցել:

Բայանդուրը Շիշուշին առաջեց, իսկ սա նրա հետեւից մտավ թամբի մեջ եւ նիզակը ուղղեց Բայանդուրին ու գեղարդը մտցրեց Բայանդուրի փորը, պորտի տակից թափանցեց մյուս կողմը, մսի եւ մորթու մեջ անցավ գեղարդը: Իսկ Բայանդուրը մտրակեց երիվարը, շեշտակի հասավ նրան եւ լախտով հարվածեց նրա պարանոցին, եւ նա ձիուց կախվեց: Կամենում էր նորից հարվածել, բայց քանի որ լախտի բռնակը արյամբ շաղախված էր, պոկվեց նրա ձեռքից: Հանեց թուրը, որ հարվածի նրան, բայց Շիշուշը խելագարված էր, ընկավ գետնին, իսկ Բայանդուրը թուրը վրա բերեց ու խփեց ձիու պոչը արմատից կտրեց: Մահմեդականները ընկան Շիշուշի վրա եւ չթողին, որ նրան սպանի: Ապա հայերն ու մահմեդականները խառնիխուռն ելան գնացին հիացած բարձրացրին Բայանդուրին եւ բերին իշխանի մոտ: Իշխանը պատվիրեց բժիշկներին բուժել նրան:

(Իշխանը) անչափ սիրեց նրան: Հրամայեց, որ հետեւյալ օրը Շիշուշին հանեն եւ հոդ առ հոդ մանրեն ու գցեն շներին: Նա Քրիստափոր անունով մի աբեղա եղբայր ուներ, որ թագուհու խոստովանահայրն էր: Սա գնաց աղաչեց նրան (թագուհուն) իր եղբոր փրկության համար: Իսկ նա (թագուհին) աղաչեց իր ամուսնուն, ուստի չսպանին նրան: Սակայն ինչ որ Շիշուշն ուներ՝ ծառա, աղախին, գյուղ, այգի, անասուն եւ այլ ամենը, ինչ որ նա ուներ, հրամայեց ամբողջը գրով հանձնել Բայանդուրին: Արին ըստ նրա հրամանի: Այստեղ վրացիները մի փոքր կոտրվեցին իրենց գոռոզությունից:

Հայերը նախատինքի երգեր հորինեցին նրանց լեզվով ամեն տան (երգի) ավարտին ասում էին՝ Շիշուշ, ծադի, Բայանդուր մսուդա, այսինքն՝ Շիշուշ, փախիր, Բայանդուրն է գալիս: Երբ հայ մանուկները այս երգում էին, վրացիները ամոթահարվում էին: Սանի Աբաս թագավորը, այսինքն՝ փոքր Շահ Աբասը այս որ լսեց, կանչեց Բայանդուրին եւ նրան տվեց Մեծ Թիֆլիս քաղաքի իշխանությունը: Այս եղավ 1099 (1650) թվին:

ԳԼՈՒԽ ԽԹ
ԳՈՐԳԻ ԽԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Ռոստոմը տեսավ, որ իր որդին մեռավ, եւ այլ որեւէ ժառանգ չունի, որ ժառանգի իր թագավորությունը, կանչեց Բագրատունի տոհմից Վախթանգ անունով մեկին, որդեգրեց նրան եւ ասաց. «Երբ ես մեռնեմ, դու թագավոր եղիր իմ փոխարեն»:

Եվ քիչ հետո նա մեռավ, իսկ Վախթանգը իր հետ առավ բազմաթիվ ազատորդիներ եւ գնաց պարսից Սանի Աբաս թագավորի՝ այսինքն փոքր Շահ Աբասի մոտ: Նրանից ընդունելով իշխանությունը՝ անվանվեց Շահնաֆաս, որ նշանակում է արքայի շունչ: Երկար ժամանակ մնաց: Աբասից հետո թագավորեց նրա որդի Սուլեյմանը: Սրա ներկայությամբ չարախոսեցին Շահնաֆասի մասին: Նա ելավ իր կամքով գնաց թագավորի մոտ ապացուցելու իր հավատարմությունը: Նա ուներ բազմաթիվ որդիներ՝ Նազարալի, Գորգի, Պատարա, Բեժո, Լեւոն: Առնելով իր Գորգի որդուն գնաց: Երբ մոտեցավ Սպահանին, լսեց, թե այն օրը, որ շահը քեզ տեսնի, կգցի առյուծների առաջ: Այս պատճառով մահացու դեղ ընդունեց եւ կյանքից զրկվեց: Նրա Գորգի որդուն տարան ցույց տվին թագավորին: Ոմանք սրա մասին ասում են, թե այնտեղ պատանդ էր, ոմանք ասում են՝ իր հետ տարավ Շահնաֆասը, ոմանք ասում են՝ այստեղից գնաց հոր մահից հետո: Սակայն ինչ էլ լինի, Սուլեյման թագավորը տեսնելով նրան՝ նրան հոր տեղը տվեց եւ մեծ փառքով ուղարկեց Թիֆլիս: Նա եկավ, տիրեց Վրաստանը երկար ժամանակ:

Սուլեյմանից հետո թագավոր նստեց սրա որդի Հուսեինը: Սրա ժամանակ Գորգին ապստամբվեց: Քանզի ասում էին, թե սա ուներ մի չքնաղ ու գեղեցիկ դուստր՝ ազնիվ, աննման: Գորգին բազմաթիվ վրացի աղջիկներ ուղարկեց թագավորին, իսկ սրանք թագավորի մոտ գովեցին նրա դստերը: Շահը մարդ ուղարկեց նրան պահանջելու, իսկ Գորգին իր դստերը չուղարկեց, այլ նաեւ նախատեց, թե դուք պարսիկներդ սպառեցիք մեր ազգերը՝ ոմանց բռնի, ոմանց խաբեությամբ, ոմանց պատրանքով, ոմանց կեղծավորությամբ: Իմ հայրը մեռավ ձեր պատճառով, խստությամբ (մեզ) հանեցիք հավատից, իմ եղբայրը արգելված էր այդտեղ, իմ դո՞ւստրն էլ եք պահանջում: Արդ՝ ի՞նչ վնաս եք կրել մեզնից, որ այսքան տառապանք եք պատճառում մեզ: Այս եւ այլ բազմաթիվ նախատինքներ ասաց եւ իմացավ, որ մեծ արհամարհանք ու նախատինք եղավ շահի համար:

Քանզի շատ չարախոսություններ էին արել նրանից, այս էլ վրան ավելացավ: Կատարյալ թշնամություն առաջացավ, այդ պատճառով իր բոլոր ինչքերը առաքեց Վրաստանի խորքերը, ինքն էլ առնելով իր համախոհներին ու գործակիցներին՝ փախավ ու գնաց, ուր կարողացավ, անտառներում թաքնվեց: Իսկ շահը երբ լսեց նրա փախուստը, մարդ ուղարկեց Խունսար գավառը, որ նշանակում է արյան գլուխ եւ այնտեղից բերել տվեց Թամրազի Հերակլ թոռին եւ նրան տվեց Թիֆլիսի խանությունը, նրան անվանեց Վալիխան եւ մեծաշուք փառքով ուղարկեց Թիֆլիս: Իսկ ինքը հրամայեց զորք հավաքել Գորգու վրա գնալու: Մեծ քանակությամբ զորք հավաքվեց բազմաթիվ տեղերից՝ Երեւանից, Նախիջեւանից, Գանձակից, Թիֆլիսից եւ այլ տեղերից, եւ գնացին Գորգու վրա, իսկ նա թաքնվում էր անտառներում:

Երբ պարսիկները գնում էին նրանց վրա, նրանք մտնում էին անտառը եւ գիշերը հարձակվում էին զորքերի վրա, կոտորում էին նրանց եւ ավարում էին ինչքերը: Երբ մահմեդականները վեր էին կենում, նրանք մտնում էին անտառը: Վրացիները ծանոթ էին վայրերին, իսկ նրանք ծանոթ չէին, այդ պատճառով շատ չարիքներ հասցրին մահմեդականներին: Սա ոչ թե մի անգամ եւ երկիցս եղավ այս, այլ շատ անգամ: Ինչքան նրանք գնացին վրացիների վրա, վրացիք ցերեկը թաքնվում էին, իսկ գիշերը հարձակվում էին նրանց վրա եւ այն էին անում, ինչ գրեցինք:

Բայց Վրաստանը ավերակ դարձավ, քանզի պարսիկները իրենց գալու ժամանակ ուր հանդիպում էին, կողոպտում էին, ավարում էին ինչքերը, իսկ շեները այրում էին եւ ասում՝ գնացեք, պատգամեցեք Գորգի խանին, թե այսպես կանենք քո ողջ երկիրը: Իսկ վրացիք նույնպես ավերում էին եւ ասում՝ ասացեք Վալի խանին, տես, թե ինչ արինք քո երկիրը: Եվ այսպես երկու կողմերի զորքերի գնալ-գալով ավերվեցին Մուխրանն ու Գորգին:

Եվ երբ պարսից դեսպանները գնացին Գորգու մոտ, եւ նա հավատարմությամբ ցույց էր տալիս՝ ասելով, որ ես թշնամի չեմ շահին, այլ շահի ստրուկն ու ծառան եմ, նրա ոտքերի հողը: Ես թեեւ հակառակության պատճառով եկել եմ այստեղ, մահից եմ փախել:

Այս էր խոսում միշտ, մինչեւ շահը հավատաց եւ Գանձակի Աբաս խանի միջնորդությամբ, որ Գորգու բարեկամն էր, հաշտեցրեց նրանց: Քանի որ սիրո եւ երդման թուղթ գրեց, խլաներ ուղարկեց ոտից գլուխ, զորեղ ձի եւ քաջալերություն աներկյուղ գնալու նրա մոտ եւ չվախենալու:

Այս քաջալերությունների պատճառով ելավ, գնաց մինչեւ Երեւան, տեղավորվեց այնտեղ, մինչեւ Գանձակից եկան խանի կողմից առաքված մարդիկ իբրեւ նրան ուղեկից: Ապա խանը նրա հետ դրեց Երեւանից ուղեկիցներ եւ փառավորապես ուղարկեցին նրան: Հասավ Սպահան, շահին հաղորդեցին նրա գալուստը: Շահը մարդ ուղարկեց նրան ընդառաջ, իջեցրին արքունի վայելուչ ապարանքում:

Ապա շահը խնդրեց գնալ իր մոտ: Իսկ Գորգին առավ պարանը գցեց վիզը, թիկունքից կախեց, թուրը կախեց սրտի վրա եւ այդպես մտավ շահի մոտ: Շահը տեսավ նրան՝ ասաց. «Ի՞նչ է այդ, Գորգի խան»: Գորգին պատասխանեց եւ ասաց. «Ես մահապարտ եւ հանցավոր գտնվեցի քո նկատմամբ. արդ՝ կամ այս պարանով կախիր ինձ եւ կամ այս թրով սպանիր»: Շահն ասաց՝ ոչ թրով կսպանվես եւ ոչ պարանով կկախվես, այլ ինձ հետ կմնաս եւ կխրատես ինձ: Շահը պատվեց նրան եւ շատ սիրեց եւ միշտ նրա հետ էր: Այժմ այդպես մնում է այս թվին, որի մեջ գտնվում ենք այժմ՝ 1147 (1698):

Բայց Վալին երբ Թիֆլիս գնաց, սկսեց չարիքներ (գործել), քանի որ հրաման արձակեց զանգ չհնչեցնել, ժամկոչը չկանչի, մեռելների առջեւից խաչ (խաչվառ) չբարձրացնել: Այս բաներով կամենում էին քրիստոնյաների հավատքը վերացնել: Այդ պատճառով քրիստոնյաները՝ հայերը, վրացիները միաբանվեցին, գրոհ տալով գնացին նրա դուռը եւ աղաղակելով պախարակում ու այպանում էին՝ ասելով, թե դու ուրացար քո հայրենի հավատը եւ դարձար Քրիստոսին ուրացող, նաեւ մեզ ես կամենում հանել մեր հավատից:

Արդ, վերջ տուր դատարկ մտադրություններիդ, եթե ոչ քարկոծ կանենք քեզ: Երբ այս լսեց, վախեցավ. գուցե ապստամբվեն եւ անցնեն Գորգիի կողմը եւ հարձակվեն ինձ վրա ինձ սպանելու համար:

Ապա դադարեց սնոտի գործից: Այս այսպես եղավ այն ժամանակ, իսկ ապագան Աստված է իմանում:

ԳԼՈՒԽ Ծ
ԶԱԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քանզի, ինչպես ասացինք, Երեւանի բոլոր զորքերը հարձակվեցին երկրորդ Սաֆի խանի վրա եւ նրան դրին ծակը ու չթողին նրան դուրս գալ: Իրենք գրեցին շահին, որին եւ շատերը գանգատվեցին, ինչպես որ նախապես գրեցինք: Այս պատճառով կանչեց Միրզա Իբրահիմին, որին անվանում էին Հատրբեջան-Վազրի, նրա հետ դրեց Զալ խանին, որ ազգությամբ վրացի էր եւ Երեւանի իշխան Աբաս խանի փեսան էր: Այս Զալը նրա հետ եկավ Երեւան: Սա էր իշխանության բոլոր գործերը վարում, քանի որ հմուտ էր տեղյակ Երեւանի բոլոր իրողություններին եւ իմանում ու ճանաչում էր Երեւանի բոլոր մարդկանց, թե ովքեր էին Երեւանի վնասակարներն ու ավերիչները: Եկան Արարատյան սահմանները, բայց ոչ մեկին չհայտնեցին իրենց գալուստը, որպեսզի բազմությունները նրանց ընդառաջ չգնան, որ իրենք ռադաթ (փափագ, կամք, հոժարություն) են կոչում, ինչպես որ սովորություն կար խաների համար անել: Սա այնպես չարեց, այլ գաղտնի մտավ բերդը, բերել տվեց դուքսին, որ Շեյխիսլամն էր, եւ ոմանց նաեւ մեծամեծներից եւ նրանց առջեւ կարդացին թագավորի հրամանը: Ովքեր այնտեղ էին, համբուրեցին ծունկը, իսկ մունետիկը ելավ, հայտարարեց, թե ահա Զալ խանը դարձավ Երեւանի տերը, կյանքը երկար լինի:

Նույն ժամին հրամայեց բռնել ազգությամբ ղաջար՝ մի մարդ այն ցեղից, որ քուրդ է կոչվում եւ որի անունն էր Հիմաթ բեկ չորս որդիներով, որոնց անուններն էին Իսախան, Զամանխան, Սալախան, Ղասիմխան, որովհետեւ երկրի համար սրանք էին վտանգավոր: Նրանց բռնելով պարանոցները կունդ դրեց եւ բանտարկեց:

Օրեր հետո ուղարկեց շահի մոտ, բայց նրանք չկարողացան հաստատուն մնալ )այլեւս այն չէին(, չնայած ազատվեցին:

Սրանցից հետո բռնեց այրումեցի Տաշտամուր անունով մի մարդու, որովհետեւ սա առաջին խաների ժամանակ ապստամբվել էր, իսկ այս Զալը ինչ-որ հնարքով բռնեց նրան եւ ոտքից կախելով այնքան քարածեծեցին, մինչեւ մերձիմահ եղավ, ապա բանտ դրին, մեծ տուգանք առան ու արձակեցին: Սա գնաց Շիրակ իր տունը եւ (ստացած) բազում հարվածներից մեռավ:

Բայց այս խանի մասին չեմ կարող վատ խոսել, քանզի քրիստոնյաների ծնունդ էր եւ գութ էր տածում քրիստոնյաների նկատմամբ: Սրա առաջին տարում ահագին երկրաշարժ եղավ Արարատյան երկրում, որը առաջիկայում նկարագրելու եմ: Սա (Զալը) հրամայեց շինել բոլոր ավերված եկեղեցիները եւ բազմաթիվ եկեղեցիներ շինեցին տեղերում:

Այս օրերին ելավ (Զալը) գնաց Կոտայք գավառը ամառանոց: Քանաքեռ գյուղում ելավ գյուղի բլրի վրա, նայում էր ավերված տեղերին ու ափսոսում: Հետ դարձավ թիկունքի կողմը ու տեսավ եկեղեցին, հարցրեց, թե ի՞նչ է այս, ասացին, թե եկեղեցի է: Խանն ասաց՝ ինչո՞ւ չեք շինում դա: Գյուղացիները պատասխանում են, որովհետեւ կարողություն չունենք: Խանն ասում է՝ այնքան էլ կարողություն չունեք, որ փայտով ծածկեք, որ ձեր պառավները աղոթեն:

Ահա ես ձեր հարկից 10 թուման նվիրում եմ, իսկ դուք շինեք եկեղեցիները: Նույն օրը սկսեցին հողային աշխատանքը, ծածկեցին ըստ խանի հրամանի: Այսպես նա սիրով էր քրիստոնյաների նկատմամբ, քանի դեռ Երեւանում էր:

 



[1]            Գուլավտի, Գուլոստի Ապարանի (Նիգ) գավառի Ձորաբերան գյուղի հին անվանումն է:

[2]            Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրի գավառի նշանավոր բնակավայրերն են Դսեղը, Օձունը, Սանահինը եւ այլ պատմական հնություններով ու վանքերով հարուստ վայրեր:

[3]            Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրի գավառի նշանավոր բնակավայրերն են Դսեղը, Օձունը, Սանահինը եւ այլ պատմական հնություններով ու վանքերով հարուստ վայրեր:

[4]            Բարկուշատը Սյունիքի Բաղք գավառի գյուղերից է եղել:

[5]            Կոտայք գավառի հիշված աղբյուրները հիմնականում սկիզբ են առնում Ակունք եւ Աղաձոր գյուղերի արեւմտյան տների տակից: Արմաղան լեռնաշղթայի փեշերից, մի ժամանակ այդ ջրերից էր գոյանում Երեւանի միջով անցնող Գետառ գետը: Այժմ այդ ջրերը քիչ բացառությամբ խողովակաշարերով բերված են Երեւան: