Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԻԱ
ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԺԱՄԱՆԱԿ

Պարսից մեծ ու առաջին թագավոր Շահ Աբասը հայ ժողովրդին վտարեց, տարավ բնակեցրեց Պարսկաստանում: Բայց քրիստոնյաների խաթրով էր շարժվում՝ ամեն տեղ շինում էր եկեղեցիներ, եւ սահմանեց ամեն տարի իր ներկայությամբ ջրօրհնեք անել: Այսպես սովորեցին բոլոր խաները, ուր էլ լիներ, քրիստոնյաներ էին բերում իրենց առջեւ ու ջուր օրհնում: Այս ձեւով նաեւ այս Քոթուկ խանը հրամայեց Փիլիպոս կաթողիկոսին, որ հանդիսավոր ջրօրհնեք անի իր ներկայությամբ:

Մեծ հայրապետ Փիլիպոսը գրություն գրեց. բոլոր վանքերի առաջնորդներն ու միաբանները, գյուղերի քահանաները, որպեսզի ամբողջ պատրաստությամբ գան կատարելու իշխանի հրամանը: Ըստ մեծ կաթողիկոսի հրամանի՝ հավաքվեցին Խնկելաձորում, որ այժմ կոչվում է Ձորագեղ: Սկսեցին պատարագը. խանը վրան խփեց կամրջի տակ, նստած սպասում էր ջրօրհնեքի գալուստին: Եվ ահա հավաքվեցին վայրենաբարո պարսիկները, որ կոչվում էին թաթար. նրանք էլ հանդես արին ջրօրհնեքի նմանությամբ եւ պատրաստվեցին բերդի մեջ, դետ նշանակեցին դռան դրսի կողմը եւ ասացին՝ կմոտենա հայերի եկեղեցուց դուրս գալու ժամանակը, մեզ իմացրեք, որպեսզի մենք էլ նրանց հետ ելնենք: Նրանք իրենց համար ունեին ինչ-որ առաջնորդ՝ ուրացած մի եպիսկոպոս, որին կոչում էին Ճաճին: Իսկ հայերը պատարագը ավարտելուց հետո ելան, որ գնան այն տեղը, որը որոշել էին կամրջի տակ:

Զաքարիա վարդապետը, որ Օհանավանքի սուրբ ուխտի առաջնորդն էր, հեծած ջորուն, երկու սուրհանդակներ նրա առջեւից, գնում էր: Երբ դետերը տեսան, իմացրին թաթարն րին. սրանք դուրս եկան հնչեցնելով ու բարբաջանքներով, դհոլով ու զուռնայով, սուլելով ու ծափերով, իսկ ուրացած Ճաճինը նրանց առջեւից: Երբ Զաքարիա վարդապետը տեսավ այդ բանը, կանգնեց եւ հրամայեց, որ զգեստավորվածները հետ դառնան: Իսկ ինքը իջավ ջորուց, հրամայեց սուրհանդակներին բռնել ուրացող Ճաճինին եւ կոխոտել: Եվ (Զաքարիան) հանեց կոշիկները, բռնեց ուրացողի գլուխը եւ կոշիկի մեխերով խփում էր, մինչեւ որ վիրավորեց, արյունաշաղախ արեց:

Պիղծ ուրացողը գոռում էր՝ մի՞թե մահմեդականների հավատքը գետին կործանվեց, որ այս հայը ինձ սպանում է: Թաթարները այս լսելով հարձակվեցին Զաքարիայի վրա, որ նրան սպանեն: Մեծամեծ մահմեդականները սրերը բարձրացրին, նրանք ասացին՝ դուք կամենում եք մեր ամբողջ ազգը ջնջել տալ: Սրանք շահի հրամանով մեր հաճույքի համար են անում. ահա խանը պատրաստված սպասում է սրանց, իսկ դուք հակառակ շահին ու խանին եք գործում: Այս բանը լսելով դադարեցրին: Եվ ապա խանին հայտնեցին ջրօրհնեքի հետ դառնալու մասին, իսկ խանը բազմաթիվ միջնորդներ ուղարկեց, հազիվ համաձայնվեցին գնալ եւ ջուրն օրհնել: Ջրօրհնեքի ավարտին խանը հրամայեց եւ բերին երկու թանկագին պատմուճան՝ մեկը կաթողիկոսի, իսկ մյուսը Զաքարիայի համար: Խանը թաթարներից բռնեց երեսուն մարդ, որոնք հակառակն արին. նրանցից առավ երեք հարյուր թուման, իսկ պիղծ ուրացող Ճաճինին գցեց ու բերդից դուրս արեց: Եվ (նա) Աստծու առջեւ սեւերես մնաց:

ԳԼՈՒԽ ԻԲ
ՓՈՔՐ ՇԱՀ ԱԲԱՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱՐՔԻ ՄԱՍԻՆ

1091 (1642) թվին պարսից Շահ Սաֆի թագավորը մեռավ, թագավորությունը ստանձնեց նրա Աբաս որդին՝ խելոք ու գիտուն մի մարդ: Նրա թագավորության ժամանակ հաստատվեց նրա գործը: Քանզի սրա հայր Շահ Սաֆին մինչդեռ Երեւանում էր, հնդիկները Ղանդահարը [1] գրավեցին, իսկ այս Շահ Աբասը գնաց, պատերազմեց նրանց դեմ մեծ ուժով եւ գրավեց այն բազմաթիվ հնարներով, ապա վերադարձավ Սպահան: Մտադրվեց գնալ Բաղդադի վրա` գրավել այն: Իսկ իշխաններն ու մեծամեծները չթողին, ասելով՝ քո հայրը հաշտություն կնքեց նրանց հետ՝ երդումով ու անեծքով. եւ պայման դրին երեսուն տարի մնալ հաշտ: Իսկ ահա հինգվեց տարի էլ դեռ չի անցել դաշնադրությունից, եւ դու ինչո՞ւ ես ուխտազանց, դաշինքադրուժ ու անիծահար լինում, երբ խոհեմ արքան այս լսեց, հետ կանգնեց իր մտադրությունից եւ մնաց խաղաղ:

Սա սիրում էր քրիստոնյաներին, երբ ճաշկերույթ էր տալիս իր մեծամեծներին ու նախարարներին, հրավիրում էր նաեւ Ջուղայի ավագանուն՝ խոջա Սաֆրազին, խոջա Պտումին: Նաեւ գնում էր քրիստոնյաների տները, հարսանիքները, պատիվներին խտրություն չէր դնում: Ուղղադատ էր ու իրավարար: Այսպես էլ մնաց իր կենդանության ժամանակ: Նաեւ իր անունով առաջին թագավորների համեմատությամբ ավելի մեծ դրամ կտրեց եւ անվանեց սհաբ-ղռան:

ԳԼՈՒԽ ԻԳ
ԱՐՏԱԲԻԼԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Ինչպես շատ անգամ ասել եմ, թե մեծ ու առաջին Շահ Աբասը հայերին քշեց տարավ, բնակեցրեց Պարսկաստանում, նույնպես նաեւ Արտաբիլ քաղաքում բնակեցրեց քիչ քրիստոնյաներ (հայեր):

Այնտեղ շահի հրամանով շինեցին մի փոքրիկ եկեղեցի` իրենց մզկիթին մոտիկ, որին կոչում են Շեյխսաֆի. սա ըստ հայերի թվի Փայտակերտ էր: Քիչ-քիչ քրիստոնյաները շատացան, իսկ եկեղեցին փոքր էր, չէր բավականացնում ժողովրդին, ուստի խիստ նեղվում էին: Այս պատճառով մտածեցին եկեղեցու արեւմտյան պատը քանդել, ընդարձակել փոքր-ինչ, որ բավականացնի: Մուղրիները (գրակարդացները) ու մոլլաները իմացան, գրոհ տվին, հավաքվեցին եւ միաբանվելով` եկեղեցին հիմքից քանդեցին: Իսկ քրիստոնյաները գնացին աղմուկ բարձրացրին իշխանի դռանը, բայց իշխանը չկարողացավ դեմը առնել: Եվ խանը (իշխանը) ասաց` ահա նրանք արին ըստ իրենց կամքի, ինձ չլսեցին, ուստի ես նամակ կգրեմ եպարքոսին, իսկ դուք գնացեք նրա մոտ եւ նրա թույլտվությամբ աղերսագիր գրեք շահին, թերեւս մի ողորմություն լինի ձեզ:

Եվ նամակ գրեց հայերին խիստ օգտակար։ Քաղաքում ճարտար լեզվով. ճոխաբան մի քահանա կար. նրան ընտրեցին. որ գնա։ Մեծ քանակով դրամ հավաքեցին եւ տվին նրան. նա առավ խանի նամակը եւ գնաց։ Հասավ Սպահան. նախ գնաց խոջա Սաֆրազի մոտ. որովհետեւ նա Ջուղայի ավագն էր. իսկ նա քահանային տարավ եպարքոսի մոտ. որին կոչում էին Սարութաղի, նրան ցույց տվին խանի նամակը։

Եվ երբ կարդաց, ասաց` քահանա, դու աղերսագիր գրիր, ինչպես որ հասկանում ես եւ տուր խոջային խանի նամակի հետ: Երբ գնանք թագավորի մոտ, այնտեղ (խոջան) կտա ինձ, ես ցույց կտամ շահին: Եվ լալագին դեմքով մի աղերսագիր գրեց, տվեց խոջային: Պայմանավորված օրը տվեց եպարքոսին, իսկ նա շահին տվեց երկու թղթերն էլ: Այստեղ տես Աստծու ողորմածությունը: Ինչպես որ Արտաշեսի սիրտը քաղցրացավ Մուրթքեի հանդեպ*, այդպես էլ Աբաս թագավորի սիրտը` քահանայի հանդեպ: Շահը ասաց` ինձ մոտ բերեք աղերսագրի տիրոջը: Եվ կանչեցին նրան: Քահանան գնաց, ընկավ երեսն ի վայր եւ սողեսող գնաց, համբուրեց արքայի ոտքերը ու վեր կացավ: Արքան հարցրեց` դո՞ւ ես գրել այս աղերսագիրը: Քահանան ասաց` այո, տեր իմ արքա: Շահն ասաց` ասա նաեւ բերանացի, որպեսզի իմանամ: Եվ նա պատմեց ամենը: Իսկ շահը ունկնդրած լսում էր: Ապա կանչեց մի գրագիր եւ ասաց` գրիր խանին եւ Արտաբիլի մոլլաներին, թե դուք, որ քանդել եք քրիստոնյաների աղոթանոցը եւ իմ պապերի հիշատակը ջնջել եք, ձեր հանցանքը մեծ է ու արժանի մահվան: Սակայն այս անգամ թող ներվի ձեզ, քանզի Շեյխսաֆու ծառաներն եք: Բայց հրաման է մեր թագավորության կողմից, որ դուք ինքներդ ձեր դրամով, բանվորներով, արհեստավորներով, ծառաներով հայերի վերակացությամբ շինեք նրանց եկեղեցին, ինչպես իրենք են կամենում, նույնպես թող շինեն թե մեծ, թե փոքր, որպեսզի իմ տոհմի հիշատակը չկորչի, թող աղոթեն այնտեղ Շեյխօղլու օջախի համար:

Թուղթը կնքեց, տվեց քահանային եւ ասաց` դե գնա: Քահանան ելավ հետ-հետ գնաց: Երբ մի փոքր հեռացավ, (շահը) հետ դարձրեց եւ ասաց` գիտեմ, որ ճանապարհի հացափող չունես: Գանձապետին ասաց` դրան տասներկու հազար դիան տուր, որ ուտելիքի փող անի ճանապարհի իր համար, ապա ասում է` շտապիր, գնա: Քահանան ելավ ու գնաց Արտաբիլ եւ խանին ցույց տվեց հրամանը: Երբ խանը կարդաց հրամանը, տեսավ, որ խիստ էր գրված: Կանչեց շեյխին եւ գրակարդացներին եւ կարդաց թագավորի հրամանը: Նաեւ ցույց տվեց շահի նամակը, որ գրված էր, թե դուք այդ անելով դարձաք թշնամի Շեյխսաֆու օջախին:

Երբ այս լսեցին, ամենքն էլ ցնցվեցին: Այդ պատճառով ասացին` թագավորի հրամանը մեր գլուխների վրա: Իսկույն կազմեցին վարպետներին, որմնադիրին, աղյուսարարներին եւ հայերին հրամայեցին, որ տեղը չափեն, ապա սկսեցին մեծամեծ անտաշ քարեր թափել հիմքերը, իսկ նրա վրա շարեցին թրծված աղյուսներ: Գործավորների բազմության պատճառով շտապ ավարտվեց աղյուսաշեն հոյակապ եւ գեղեցկահարմար (շենքը): Երբ եկեղեցին հաստատվեց, կային երեք քահանաներ, նշանակեցին նաեւ մի չափազանց կարող ժամկոչ, որ ամեն գիշեր գնար քրիստոնյաների դռները եւ երդիկները ծեծեր, որպեսզի աղոթքի գան: Մի գիշեր, որ ուրբաթ էր, մոլլան ելավ մզկիթի տանիքը եւ առավոտյան աղոթքն էր գոչում, եւ ահա քաղաքի շները նրա հետ ոռնում էին: Երբ մոլլան լռում էր, շներն էլ էին լռում. երբ մոլլան կանչում էր, շները նույնպես ոռնում էին: Ժամկոչը լսելով շների ոռնոցը` ինքն իրեն ասում է` արդ շները մոլլայի հետ ոռնում են, ես էլ որ ոռնամ, ինչո՞վ կվնասեմ. եւ սկսեց բարձր ձայնով գոչել` օրհնյալ է Աստված, օրհնեցեք Աստծուն: Գրակարդացը (մուղրին) լսելով նրա ձայնը` գնաց, սուգ մտավ: Աղոթողները եկան եւ ասացին` ինչո՞ւ դադարեցրիր կանչդ:

Գրակարդացը (մուղրի) ասաց` մեր հավատը կորավ: Մահմեդականները ասացին` ինչո՞ւ: Մոլլան ասաց` քանզի հայոց երգը այնքան բարձր հնչեց, մինչ որ մերը խափանեց:

Մոլլային առան գնացին խանի մոտ եւ աղմուկ բարձրացրին: Իսկ խանը կանչել տվեց երեք քահանաներին եւ ասաց նրանց. «Դուք այնքան լկտիացաք, որ ձեր եկեղեցին մահմեդականներին շինել տվիք, իսկ այժմ ումից հրաման առաք ժամ կանչելու: Քահանաները ասում են` մենք ժամկոչ չենք, ունենք մի ծառա, թերեւս նա է կանչել: Խանը հրամայեց եւ բերին նրան: Խանն ասաց` դո՞ւ ես այս քաղաքի աղոթակոչը: Ժամկոչն ասաց` այո: Խանն ասաց` հրամայում եմ, որ քեզ գցեն շների առջեւ, որ քեզ չարաչար կերպով լափեն: Ժամկոչը հարցնում է` ինչո՞ւ: Խանը հարցնում է` քեզ ո՞վ հրաման տվեց, որ բարձր կանչես եւ մեր մոլլայի կանչը խափանես: Ժամկոչն ասաց. «Լսիր, իշխան, ես տեսա, մոլլան ձայնում էր եւ քաղաքի շները ոռնում էին նրա հետ, երբ մոլլան լռում էր, լռում էին նաեւ շները, երբ ձայնում էր մուղրին, ոռնում էին նաեւ շները: Ես մտածեցի` արդ շները ոռնում են, նրանց պատիժ չկա, եւ ոչ տուգանք, ես էլ այն շներից մեկն եմ, ես էլ ոռնամ, թե շներին պատիժ ու տուգանք լինի, ինձ էլ թող լինի:

Երբ մահմեդականները այս լսեցին, ծիծաղեցին ու ասացին` դուք ինքներդ ձեզ շուն արիք, արդ գնացեք, ոռնացեք իբրեւ շուն: Եվ այն օրից մինչեւ այսօր ժամկոչը բարձրաձայն կանչում է, իսկ նրա ձայնը մտնում է մզկիթը, որին կոչում են Շեյխսաֆի. ասում են` հայոց շներն են ոռնում: Արդ` ոչ ոք թող այս խոսքերը մեզ համար նախատինք ու անարգանք չհամարի, այլ պարծանք ու փառք: Որովհետեւ սուրբ Պողոսը ասում է, որ թե վայրիվերո, թե ճշմարտությամբ Քրիստոսն է քարոզվում:

 

* Եսթեր, Զ, 8:

ԳԼՈՒԽ ԻԴ
ԽՈՍՐՈՎ ԽԱՆԻ ԳԱԼՈՒՍՏԸ

Ջաղաթա-Քոթուկ-Մահմադ խանը չափազանց ագահ էր, ժլատ ու հափշտակիչ, քանզի սպաների ռոճիկները ըստ սովորության արգելում, չէր տալիս: Եվ վերացրեց զորքի իշխանությունը եւ ոչ ոքի որեւէ գործ չէր տալիս ու նրանցից ոչ ոքի չէր ուղարկում հարկահանության, այլ տալիս էր նրանց, որոնք իր հետ էին եկել: Այս պատճառով ողջ զորքը զզվեց եւ միաբանվելով ամբաստանագիր գրեցին, տվին Փիլիպոս կաթողիկոսին` կնքեց, եւ ուղարկեցին շահին:

Շահը այս իմանալով` Խոսրով անունով ազգությամբ վրացի մի մարդ ուղարկեց եւ պատվիրեց նրան իշխել Երեւանի վրա, իսկ Մահմադին ուղարկել իր մոտ: Խոսրովը գնաց Երեւան եւ նստեց իբրեւ խան, իսկ Մահմադին ուղարկեց Սպահան: Այս Խոսրովը լավ, բարեսեր եւ քրիստոնյաներին սիրող մարդ էր: Գնում էր վանքերը, պարգեւներ ու ընծաներ էր տալիս վանքերին: Նաեւ գթասիրտ ու առատաձեռն էր, եթե նրան մեկը մի ձու էր տանում, իսկ նա սրան մի պատմուճան էր հագցնում: Նաեւ քրիստոնյաների հարկը թեթեւացրեց: Վերացրեց ճանապարհների մաքսը: Ամեն բանի առատություն ու լիություն էր տիրում, ամեն ինչ աժան էր: Ինքը գուսան էր ու երաժիշտ, երգիչ էր ու երգեր հորինող: Երբ գնում էր վանքերը, կանչում էր դպրոցների մանուկներին, երգել էր տալիս շարական ու տաղ, եւ էր այդպիսի բարեվայելուչ վարքով: Երբ նստում էր ուտելու եւ ըմպելու, հայոց մեծամեծներին նստեցնում էր իր հետ:

Դատաստան կտրելիս ուղղադատ էր եւ իրավարար: Եվ այդպես մնում էր նա Երեւանում: Իսկ նրա գնալու մասին հետո կխոսենք:

ԳԼՈՒԽ ԻԵ
ՂԱՐԱՂՈՒԲԱԹԻ ՍԱՏԱԿԵԼԸ

Այս Ղարաղուբաթը ազգով պարսիկ էր` մելիք Սալահենց տոհմից: Մինչդեռ Շահ Սաֆին Երեւանի բերդի դեմ (կռվում) էր, այս Ղուբաթը իշխանների դռներում շրջում էր եւ մեծ կաշառքով առավ Երեւան երկրի քալանթարությունը, որ պարսկերեն կոչվում է շահրիարի, իսկ հայերեն չգիտեմ` ինչ է կոչվում*: Սակայն ինչ որ է հաստատվեց գործի վրա: Նրա գործը այս էր. ինչ հարկ որ տալիս էին իշխանին (շահին), սա գրում էր գավառապետերին, գավառապետերը գրում էին գյուղերին եւ ոստիկանների միջոցով հավաքում ու տանում էին իշխանին: Իսկ քալանթար Ղարաղուբաթը փոքր հարկերը գրում էր գավառապետերին, իսկ մեծաքանակը ինքն էր գրում ներհակ ու հակառակ: Էջմիածնին ածուխ էր գրում, Ապարանին` եղեգ, Քանաքեռին` մայրի գերան, Ծաղկաձորին` խակ խաղող: Եվ այսպիսի վտանգավոր բաներով տառապեցնում էր ռամիկներին: Փիլիպոս կաթողիկոսը բազմաթիվ անգամ հանդիմանում էր նրան, բայց նա չէր լսում սրան: Նա մի ծառա ուներ, որին կոչում էին Ղսաահմադ. սա քալանթարի կողմից ինչ-որ գործով ուղարկվեց Ֆռանկանոց գյուղը [2]. սա նեղում էր գյուղացիներին: Նրանք եկան կաթողիկոսի մոտ եւ գանգատվեցին Մահմադից: Կաթողիկոսը նրան սիրալիր նամակ գրեց, իսկ այն պիղծ Մահմադը թքեց նամակի վրա եւ պատռեց ու բազմաթիվ հայհոյանքներ տվեց կաթողիկոսին: Քալանթարը այս լսելով ծիծաղեց: Եկան պատմեցին կաթողիկոսին, դրա համար նա մահու չափ խոր խոցվեց: Հրավիրակներ ուղարկեց, հավաքվեցին բոլոր գավառապետերը, տանուտերերը, քննություն կատարեցին իշխանական հարկերի մասին: Նրա վրա դիզեցին անչափ, անհամար (վատնումներ): Երբ նա տեսավ, թե բարդվեց իր վրա եւ չի կարող հաշիվ տալ, այնուհետեւ սկսեց աղերսել, աղաղակում էր միջնորդներ մեջտեղ գցելով, որ հաշտվի նրա հետ, բայց չեղավ: Այդ պատճառով հուսահատվեց ամեն կողմերից, քանզի պահանջեցին` ճշտիվ հաշիվ տալ: Ապա իր ձեռքով մուրհակ գրեց այսպես, թե ես` Ղուբաթս, հայոց ազգին տալիս եմ ստորագրություն, թե ես կամ մեկը իմ ազգականներից եթե քալանթարություն ցանկանաք կամ մտնեք այդ գործի մեջ, յոթ հազար թուման տանք արքունիքին, եւ մեր գլուխը կտրվի: Այս գրությունը գրեց, տվեց կաթողիկոսին, որ դեռեւս գտնվում է Սուրբ Էջմիածնում: Ղարաղուբաթին աքսորեցին, ապրում էր իբրեւ ռամիկներից մեկը:

Սրանից հետո Աբաս թագավորի առջեւ չարախոսություն եղավ Խոսրով խանից: Թագավորը Երեւան ուղարկեց Մահմադ անունով մի մարդ` նստելու այնտեղ իբրեւ տեղապահ, իսկ Խոսրով խանին ուղարկել իր մոտ:

Խոսրովը գնաց Սպահան, իսկ Մահմադը նստեց տեղապահ:

Այս Ղարաղուբաթը եւ մի իշխան, որ կարգված էր արքունուստ հարկահան, երկուսն էլ միաբանվեցին Մահմադին եւ առնելով նրան տարան Խոսրով խանի տունը եւ ցույց տվին նրան Խոսրով խանի կանանց: Ասում են, թե Մահմադը բռնի շնացավ խանի ավագ կնոջ հետ եւ հղիացրեց նրան: Իսկ խանը շտապ վերադարձավ եկավ Երեւան: Մահմադը լսեց խանի գալը, նախապես ելավ, փախավ՝ խանից երկյուղելով:

Խանը եկավ, մտավ բերդը, եւ պատմեցին նրան, ինչ որ արին Ղուբաթն ու իշխանը: Խոսրովը բարկացավ, հրամայեց բռնել նրան, պարանոցին կունդ հագցնել եւ ոտքերը շղթայել, գցել մթին խավար ու գարշահոտ բանտում: Ոջլից, աղտից, որդերի շատությունից, մազերի երկայնանալուց վերքեր ստացավ, սատկեց:

Ապա բռնեց նրա ընկերոջը՝ արքունական ծառային, կախեց շան հետ եւ ծանր հարվածով սպանեց: Ապա խոշտանգում էր իր կնոջը, տեսակ-տեսակ ծեծով ու հարվածներով տանջում ու չարչարում էր նրան: Նրա կինը ուներ մի եղբորորդի, որ գրեց իր պապին, որ խանի կնոջ հայրն էր, սուրհանդակների միջոցով իմացրեց նրան դստեր տառապանքները: Նա շահի պալատի մեծերից էր, սեղանապետ էր, որ իրենք )պարսիկները( Սուբրալի բաշի են ասում, որը ինչ-որ ձեւով իմացրեց թագավորին: Լսել էր նաեւ ծառայի սպանությունը, դրա համար բարկացավ, ուղարկեց նույն Մահմադին՝ իշխելու Երեւանին, իսկ Խոսրովին աքսորել: Խոսրովը գնաց, շահի երեսը չտեսավ, այլ ծպտվեց դարվիշի կերպարանքով, փախավ Հնդկաստան եւ այնտեղ էլ մեռավ:

 

*Քալանթարություն քաղաքապետություն է նշանակում, բայց այստեղ ավելի շուտ հարկահանություն է:

ԳԼՈՒԽ ԻԶ
ՄԱՀՆ ՈՒ ՍՊԱՆՈՒՄԸ ԹԱՀՄԱԶՂՈՒԼԻ ԽԱՆԻ

Գրեցինք Թահմազղուլի խանի գերության մասին, որ օսմանցիների Մուրադ թագավորի ժամանակ մնաց Ստամբուլում: Մուրադից հետո թագավոր դարձավ նրա Աբաս որդին: Սրա ժամանակ Թահմազը աղերսագիր գրեց եպարքոսին, որ շահին հայտնի իր մասին, թե ինքը թուրքերի թագավորին խնդրելու է, որ վերադառնա հայրենի երկիրը եւ այնտեղ մեռնի: Եվ եպարքոսը հայտնեց շահին, իսկ շահը բանագնացների միջոցով նրան խնդրեց՝ թուրքաց թագավորից, իսկ թուրքերի թագավորը ինքը նրա գնալու հրամանը տվեց:

Իսկ Ռոստոմ խանը, որ Թավրիզի իշխանն էր, այս ամենը չգիտեր: Երբ լսեց, մահու չափ խոր խոցվեց, քանզի թշնամի էր նրան եւ չէր կամենում, որ նա այստեղ գա: Քանզի նա գիտեր, թե երբ Թահմազը ավագ ու գլխավոր լիներ բոլոր խաների, ինքը նրանից փոքր կհամարվեր. վտանգի մեջ էր, ուստի նամակ գրեց օսմանցիների վեզիրին, թե ինչ խելքով եք թողնում, որ դա այստեղ գա: Քանզի որ օրը նա մտավ Պարսկաստան, կտեսնեք Ստամբուլը ձեր ձեռքից դուրս եկած, որովհետեւ ձեր երկրի վերուդիրը ճանաչեց եւ ամենը իմացավ: Եվ երբ Ռոստոմի նամակը հասավ վեզիրին, Թահմազը երեք օր առաջ դուրս էր եկել Կոստանդնուպոլսից: Նրա հետեւից հեծյալներ ուղարկեցին, որոնք նրան հասան Նիկոմիդա քաղաքում [3], որ այժմ կոչվում է Իզնիմուտ (Իզմիթ) եւ սպանին նրան ու այնտեղ թաղեցին: Նրա վրա գմբեթ շինեցին: Իսկ նրանք, որ նրա հետ եկել էին, պատմեցին շահին, թե Ռոստոմ խանի հրամանով սպանին Թահմազին: Շահը բարկացավ, ուղարկեց մասմաս հոշոտեցին նրան եւ գցեցին շներին եւ այդպես կորավ. ինչ չափով որ չափեց, նույն չափով չափվեց. այն, ինչ նա արեց ընկերոջը, անձամբ փոխարենը ստացավ:

ԳԼՈՒԽ ԻԷ
ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հազար հարյուր երեք (1654) թվի օգոստոսի երկուսի չորեքշաբթի Աստվածածնի բարեկենդանին ես պարսից մայրաքաղաք Թավրիզում էի: Օրվա 7-րդ ժամին արեգակը խավարեց, եւ ցերեկը եղավ որպես ամպով ծածկված գիշեր, խավարը բռնեց աշխարհը, աստղերը ճառագայթելով այլակերպ էին երեւում: Բոլոր արհեստավորները, վաճառականները փակեցին իրենց խանութների, կրպակների դռները, քանզի նույն ժամին գողերը շատացան: Իսկ թռչունները, որ գտնվում էին քաղաքում, սասանվեցին, ահ ու երկյուղը բռնեց ամեն մարդու: Այդպես խավար մնաց կես ժամի չափ, ապա լույսը ծագեց: Իսկ քաղաքի Բեջանբեկ անունով իշխանը հավաքեց պարսից բոլոր գիտուններին, որ քննեն, թե ինչն էր արեգակի խավարման պատճառը: Ոմանք ասացին, թե մահ է առաջանալու, իսկ ուրիշներն այսպես, այնպես: Իշխանը նրանց ասածներին չհավատաց, այլ մարդ ուղարկեց հայոց եկեղեցին, որպեսզի նրա քահանաները քննեն: Այնտեղ էր գտնվում Զաքարիա անունով մի վարդապետ Աստապատ գյուղից. մենք էլ նրա հետ էինք: Քննեցինք տոմարագիտությամբ եւ գտանք, որ Լուսինը երեսուն օր չի կատարում իր ընթացքը, այլ քսանիննուկես օր, իսկ այն մնացած կես օրը լուսինը նորում է, եւ այդ է, որ երբ հայոց տոմարով կիսակ են անում, 29 ու կեսը հանում են երեսունից մնում է կեսը եւ այս կես օրը ամսի կիսակն է: Նույն այս խավարման մեջ լուսինը իր քսանինն օրվա ընթացքը արել էր, իսկ 29 օրվա կեսում լուսինը նորում է այդ գոտիում, որ էր արեգակը միեւնույն գոտում: Արեգակի տակ լուսինը նորեց եւ կանգնեց արեգակի դիմաց եւ խավարեցրեց այն: Եվ որ մնաց խավար կես ժամ, այն կեսը երեսունից պակասն էր, իսկ նոր լուսնի սկիզբը, ինչպես արեգակի մտնելու ժամանակ ցերեկին ավարտ է լինում, իսկ գիշերին` սկիզբ: Այդպես էլ այդ կես ժամին, երբ լուսինը նորում է, ոչ լրիվ երեսուն է, ոչ էլ քսանիննը, այլ կես ժամ: Այս կես ժամերը եւ կես օրերը հավաքվում են, կազմում են երկու, երեք տարին տասներեք լուսին են անում: Այս խավարումը պատահեց տասներեքերորդ լուսնին` լուսնի նորումի սկզբում: Այս մենք պատմեցինք իշխանի ծառաներին (եւ ասացինք), որ արեգակի խավարումից վնաս չկա, քանզի լուսինը տակը լինելով խավարեցրեց այն: Նրանք գնացին իշխանին պատմեցին, ինչ որ մեզանից լսեցին: Նա հանգստանալով մեզ ճշմարտեց, իրենց մոլլաներին սուտ հանեց, իսկ մեզ ուղարկեց շատ միրգ ու չամիչ:

ԳԼՈՒԽ ԻԸ
ՄԱՀՄԱԴ ԽԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՉԱՐ ՎԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Այս Մահմադղուլի խանը Լալա բեկ կոչված մեծ իշխանի որդին էր: Լալաբեկը ավագ էր մեծ ու առաջին Շահ Աբասի առջեւ, իսկ փոքր Շահ Աբասը խանություն տվեց նրա որդի Մահմադին եւ ուղարկեց Երեւան այնտեղ իշխելու: Սա եկավ մեծ ուժով ու փառքով եւ մուտք գործեց մեր երկիրը` խրոխտանալով ու հպարտությամբ, քանզի գոռոզ ու ինքնահավան ու ագահ էր: Այս պատճառով քայքայեց բոլոր ուղիղ բաները, որը դրել էր Խոսրով խանը: Ծանրացրեց հարկերը, ճանապարհների համար մաքս հաստատեց, եւ ինչ վաճառվում էր, թանկ էր` թե ցորեն, թե այլ ինչ:

Նաեւ ամեն տարի քննիչներ էր ուղարկում արտերը գրանցելու, իսկ հինգորդը (եկամուտի հինգից մեկը) տարեցտարի ավելացնում էին: Նույնպես էլ խաշների թիվը, այգիների չափը եւ գլխագները (ավելացնում էին): Հարկի տակ դրեց ամեն ինչ: Ինչ որ Խոսրովը թեթեւացրել էր, սա ծանրացրեց ու թանկացրեց: Դարձավ մեր ազգի հակառակորդ ու թշնամի: Գնաց Սուրբ Էջմիածին զվարճանալու պատրվակով, տեսավ նրա վայելչությունն ու փառքը, նախանձեց:

Ապա ասաց` մեզնից հրաման է, քանի ես այստեղ եմ, զանգահարություն ու կոչնահարություն չպետք է լինի եւ ոչ էլ այլ որեւէ ձայն:

Այն գիշեր մի ոմն ջուղայեցի գալիս է պարսպի դուռը ծեծում է, որ գնա աղոթելու: Իսկ պիղծ խանը բարկացած ասում է. «Ես չասացի, որեւէ բան չպետք է ծեծվի, իսկ դուք ահա ծեծեցիք, դառնաքուն արիք»: Եվ բռնեց մարդուն երեք թուման տուգանք առավ: Մյուս օրը ելավ շրջում էր վանքի խոհանոցում, Զաքարիա վարդապետը նրա հետ էր, սա նրան հայտնում էր ծախքերի շատությունը, մուտքի քչությունը: Ման գալիս նա տեսավ մի մեծ կաթսա, աչքը բռնեց, կամեցավ այն վերցնել, սակայն նույն ժամանակ ոչինչ չասաց:

Բայց երբ Երեւան գնաց, մարդ ուղարկեց Սուրբ Էջմիածին, եւ կաթսան տարան. կաթսան բաղնիքի համար ջուր տաքացնելու աման արեց: Զաքարիա վարդապետը Օհանավանքում իր տանն էր, նրան հայտնեցին կաթսայի տանելու մասին: Նա ելավ գնաց բերդը եւ խանի դռանը բարձր ձայնով գոչում էր, թե Արարատյան այս երկիրը ավերեցիր, այժմ էլ ձեռք ես մեկնել վանքերին, կամենում ես դրանք էլ քանդել: Արդ` առնելով վանքերի բոլոր միաբաններին, կգնանք շահի ոտքը: Իսկ եթե դու ինձ սպանես, երկու հարյուր Զաքարիա կա, նրանց չես կարող սպանել: Այս բաները այսպես գոռում էր բարձր աղմուկով: Խանը նրա ձայնը լսելով, ասաց` ահա մեզ խայտառակ արեց. արդ` տվեք պղնձի գինը: Եվ վեց թուման լցրին թաշկինակի մեջ, տարան, տվին վարդապետին:

Այս ոխը (խանը) պահեց սրտում, կամենում էր ինչ-որ պատրվակով որսալ վարդապետին, բայց չկարողացավ, քանզի մեծամեծ մահմեդականները վարդապետին բարեկամ էին: Նաեւ Թիֆլիսի Ռոստոմ խանը եղբայրացել էր նրա հետ եւ միշտ նրան ընծա էր ուղարկում եւ նամակ էր գրում խանին` թե այդ իմ եղբայրը (Զաքարիան) հանձնարարվում է քեզ: Այս պատճառով ոչինչ չէր կարող անել:

Բայց ինչ-որ ձեւով կամեցավ թակարդը գցել: Քանզի Փիլիպոս կաթողիկոսը Սուրբ Էջմիածնի զանգակատունն էր կառուցում, իսկ Զաքարիա վարդապետը նորոգում էր Օհանավանքի եկեղեցիները: Իսկ պիղծ խանը երբեմն պատգամներ էր ուղարկում, թե ո՞ւմ հրամանով եք շինում եկեղեցիները, երբեմն արհեստավորներին տանում էր իր գործին: Այս պատրվակներով կամենում էր մեր տիրոջը որոգայթի մեջ գցել, բայց ինքը ընկավ իր փորած փոսը:

Քանզի շահի կողմից նշանակված էր հարկահան մի իշխան, որի անունն էր Միրզա Ւբրահիմ: Սա եկել խանից պահանջում էր արքունի հարկը, իսկ խանը հակառակվում, չէր տալիս: Սրանց միջեւ անասելի կռիվ էր գնում: Մի օր, երբ ասում ու լսում էին, խանը բարկացավ, հրամայեց զորականներին Միրզա Իբրահիմին գցել ջրավազանը եւ սաստիկ ծեծել: Ապա հանելով ջրից` արտաքսեցին Արարատյան երկրից: Նա գնաց շահի մոտ, գանգատվեց խանից եւ պատմեց Երեւան երկրի տառապանքները, Հովհաննես եպիսկոպոսի մորուքի փետումը, որ առաջիկայում պատմելու եմ:

Ամենից հետո պատմեց նախ իր նախատինքների մասին: Շահը լսելով բարկացավ, նույն Միրզա Իբրահիմին հրամայեց գնալ, կապել խանին, շղթա դնել ոտքերը, կունդ՝ պարանոցը, նրա ամեն ինչը ավերել, իսկ իրեն ուղարկել Անուշ բերդը, որը իրենք )պարսիկները( Ղայխա-ղալա են կոչում:

Այս հրամանը առած Միրզա Իբրահիմը՝ վերցնում է իր հետ իրեն հավատարիմներ եւ շտապում, հասնում է Երեւան: Մտան բերդը եւ փակեցին քաղաքի դռները: Խանը դատ էր անում: Միրզա Իբրահիմը ընկերների հետ միասին եկան, հանդերձի օձիքը բռնեցին եւ աթոռից քաշեցին, գցին ցած, ոտնատակ անելով ծեծում էին եւ ասում՝ մորուք ես փետում, ահա ընդունիր փոխարինության պատիվը: Շղթա դրին ոտքերը, կունդ գցին պարանոցը եւ գցին ինչ-որ տուն: Երեք օրից հետո կունդը հանին պարանոցից, ոչ ոքի չթողին մտնել նրա մոտ, բացի մի պատանուց, որ նրան հաց էր տանում, չթողեցին գլուխը հարդարել: Երբ մազերը աճեցին, տեսան, որ մազերը սպիտակում են: Օրեր հետո նրան ուղարկեցին պայմանավորված տեղը՝ Անուշ կոչված բերդը. այնտեղ մնաց եւ այնտեղ մեռավ:

ԳԼՈՒԽ ԻԹ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԽՈՍՔԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ

Ինչպես խոստացանք Հովհաննես եպիսկոպոսի պատմությունը անել, ամենը կգրենք: Քանզի դեւերի դեմ Լիմ անապատում պատերազմելուց եւ հաղթելուց հետո նա եկավ Սուրբ Էջմիածին: Փիլիպոս կաթողիկոսը նրան եպիսկոպոս ձեռնադրեց եւ ուղարկեց Օհանավանքի սուրբ ուխտը` լինելու առաջնորդ: Այնտեղ նա մնաց երկու տարի:

Օսմանցիների թագավոր Մուրադը եկավ, գրավեց Երեւանի բերդը, իսկ Երեւանի ողջ երկիրը ցրվեց, ուր որ կարողացան գնալ, գնացին: Այդպես էլ Հովհաննես եպիսկոպոսը դուրս եկավ Օհանավանքից իր աշակերտներով գնաց Աղվանից աշխարհը` Գառնակերի վանքը [4]:

Նույն տարի ձմեռը Շահ Սաֆի պարսից թագավորը եկավ եւ հետ առավ Երեւանի բերդը, իսկ նրանք, որ ցրվել էին, բոլորը եկան իրենց տեղերը: Եկավ նաեւ Հովհաննես եպիսկոպոսը իր տունը՝ Օհանավանք եւ տեսավ ամայի: Հավաքեց բազմաթիվ միաբաններ եւ ուղղեց վանքերի կարգը եւ մեկին վերակացու նշանակեց վանքերին, իսկ ինքն առնելով իր աշակերտներից չորսին՝ գնաց Ծաղկաձորի [5] գավառը վանքի համար ցորեն հավաքելու: Աշակերտներին պատվիրեց իր մասին ոչինչ չասել, թե ով է: Նրա հետ էր մենակյաց Հակոբ անունով խելքից պակաս մի կարբեցի: Խելքի պակասության պատճառով բոլորը ճանաչում էին նրան, ծաղրում ու ծիծաղում էին նրա վրա եւ կոչում էին Գիժ Հակոբ: Եպիսկոպոսը ինչ-որ ժողովում էր, Գիժ Հակոբը երկու էշով տանում էր վանքը եւ հետ դառնում: Ուր էլ լիներ եպիսկոպոսը, գնում, գտնում էր: Ըստ սովորության Գիժ Հակոբը գնաց վանք, իսկ եպիսկոպոսը գնալով հասավ Նախամարք գյուղը [6]: Այնտեղ երկու երեցներ կային, մեկը Կեչառիսից [7], իսկ մյուսը` նույն Նախամարք գյուղից: Նրանց անունները Սահակ էր: Եպիսկոպոսը գնաց այնտեղ, նրանց ողջույն տվեց: Նրանք նրան տեսան աղքատ հագուստով, հետիոտն, նաեւ կաղ, նրան չպատվեցին, այլ նստեցրին մորթու վրա, իսկ իրենք սկսեցին խոսել Աստվածաշնչից վայրիվերո ու սուտ: Նախատեցին նրան ու ասացին՝ դու միայնակյաց ու մուրացիկ մարդ ես, դու ո՞վ ես, որ մեր խոսքերին չես հավանում, լուռ կաց: Նա այլեւս չխոսեց: Մինչդեռ նրանք խոսում էին, ահա եկավ Գիժ Հակոբը եւ ներս մտավ: Քահանաները նրան տեսան եւ ողջունեցին. կատակով ասացին՝ բարով եկար մուղդուսի: Հակոբը նայեց, տեսավ եպիսկոպոսին այնպես չհարգված: Եվ ըստ իր ոճի ասաց քահանաներին. «Հո՛, հո՛, գիտե՞ք, թե ով է սա»: Եպիսկոպոսը սաստում էր նրան՝ չխոսել: Քահանաները ծաղրանքով ասում են՝ ո՞վ է այդ, չենք ճանաչում: Հակոբն ասում է՝ դա այն կարբեցի պարոն տեր Հովհաննեսն է, որ Լիմ անապատում յոթ տարի կռվել է դեւերի դեմ: Քանզի քահանաները լսել էին համբավը, այդ պատճառով ամոթահար եղան, խիստ ամաչեցին, ընկնելով նրա ոտքերը թողություն խնդրեցին եւ ըստ արժանվույն պատվեցին նրան: Հետեւյալ օրն ընկան նրա առջեւը, շրջեցին այդ երկիրը ու մեծ քանակությամբ ցորեն հավաքեցին եւ իրենց գրաստով ուղարկեցին վանքը:

Երկու տարի հետո իր կամքով հրաժարվեց վանքից, գնաց Սաղմոսավանքի [8] անապատը եւ նորոգեց այն, ամեն կարգուկանոն հաստատեց: Այնտեղ հավաքվեցին ավելի քան քառասուն միաբաններ: Իսկ Հակոբ կաթողիկոսը նրան հանձնեց Սաղմոսավանքի առաջնորդությունը, որպեսզի անապատին ու վանքին տիրություն անի:

Նիգ գավառը Սաղմոսավանքի իշխանությանն էր ենթարկվում:

Այնտեղ կար մի գավառապետ քահանա, որին կոչում էին Մելիք տեր Հովասափ: Հովհաննես եպիսկոպոսը խրատում էր նրան եւ ասում էր՝ ծերացել ես, ինչքան որ մարմնական իշխանություն ես արել, քեզ բավական է, այժմ այդ թող քո որդիներին, իսկ դու հրաժարվիր, եկ անապատ, ապրեցրու քո հոգին: Շատ անգամ էր խրատում նրան: Իսկ այդ անխիղճը փոխանակ լսելու եւ անելու, չարիքներ ավելացրեց իր արած չարիքների վրա: Գնաց նրան մատնեց խանի առջեւ. ասաց՝ մի սեւագլուխ անիծում է ինձ, իսկ քեզ հայհոյում է, թե ինչու է քեզ մելիք դարձրել եւ շատ չարախոսություններ արեց: Խանը բարկացավ ու զինվորներ ուղարկեց, եպիսկոպոսին տարան խանի առջեւ: Խանը հարցրեց՝ դո՞ւ ես Հովհաննես եպիսկոպոսը: Պատասխանեց՝ այո, ես եմ: Խանը հարցրեց՝ ի՞նչ վնաս տվեց քեզ մելիքը, որ անիծում ես նրան ու հանդիմանում, ինձ էլ հայհոյում ես: Եպիսկոպոսը ասում է՝ ես Տիրոջից հրաման չունեմ որեւէ մեկի անիծելու կամ հայհոյելու: Իսկ նրանք, որոնք անկարգ են, նրանց ենք խրատում ըստ մեր օրենքի: Եթե լսում է, լավ է, եթե՝ ոչ, իր արյունը իր գլուխը թող լինի: Նույնպիսի խրատ տվի մելիքին, իսկ եթե չի լսում, ինքը իրեն թող պարտական մնա: Իսկ մենք պարտավոր էինք ասելու: Խանն ասում է՝ դու նրան խրատեցիր, եւ նա քեզ չլսեց, մենք ի՞նչ չար բան էինք արել, որ մեզ հայհոյում ես: Եպիսկոպոսն ասում է՝ ես սովորություն չունեմ որեւէ մեկին հայհոյելու, որովհետեւ դա մեծ մեղք է մեզ համար: Խանն ասաց՝ դու քեզ անմեղ ցույց տալով՝ կամենում ես ինձնից ազատվել: Եվ երկու մարդու հրամայեց՝ մորուքն ու բեղերը, արտեւանունքները եւ հոնքերը փետել: Այդպես էլ արին: Հրամայեց նրա գլխին դնել ոչխարի մորթի* եւ շրջեցնել ամբողջ քաղաքը: Բայց այդ չարին թողին, որ գնա իր տունը՝ Սաղմոսավանք: Բայց Աստծու բարկությունն ու արդարադատի հատուցումը շուտափույթ հասան նրանց: Քանզի նույն տարին չար հիվանդություն հասավ քահանային: Նրա ծակոտված մարմինը դարձավ որդնալից. նա աղաղակելով ասում էր՝ պարոն տեր, պարոն տեր: Ապա նրա չորս որդիները գնացին առ պարոն տերը, շատ աղաչանքներով ու լալով խնդրում էին ներում իրենց հոր (քահանայի) համար: Պարոն տերը թուղթ գրեց, թե Աստված ներում է քո հանցանքը, մեղքերից ազատվում ես: Գրությունը առան տարան եւ կարդացին իրենց հոր (քահանայի) վրա եւ դրին նրա աչքերին, անմիջապես մեռավ: Իսկ խանի պատիժն այն էր, որ շահից ստացավ նույն տարին: Իսկ ինքը Հովհաննես եպիսկոպոսը իր կամքով վանքի առաջնորդությունը հանձնեց իր եղբորորդի Գաբրիել վարդապետին, որ դեռ նոր էր եկել Սուրբ Էջմիածնի նվիրակությունից. անապատում (վանքում) մնաց որոշ օրեր: Մուղդուսիները Եղեգնաձորի Շատիկ [9] անապատից եկան:

Աղաչեցին ու ասացին՝ մենք անապատի կարգերն ու սահմանները չգիտենք, դու եկ եւ մեզ կարգավորիր: Եվ ըստ նրանց աղաչանքի ելավ գնաց: Եվ ըստ անապատի կարգի կարգավորեց նրանց ուղիղ եւ ամեն բարեձեւությամբ: Այդ պատճառով սատանան նախանձեց նրա բարի վարքի համար, փորձության ենթարկեց Աստծու մարդուն: Մի մենակյաց շամախեցի Սահակ անունով մահացու դեղ պատրաստեց եւ խառնեց նրա կերակուրին: Նա մի պատառ առավ կերավ եւ նրան հայտնվեց չարի հնարանքը: Իր սպասավորին ասաց՝ առ այս կերակուրը լռելյայն եւ դուրս թափիր: Ագռավները, կաչաղակները եկան, կերան, անմիջապես սատկեցին: Իսկ երանելի մարդը ոչինչ չասաց նրանց, այլ գաղտնի իր միաբաններով ելավ այնտեղից, եկավ Սուրբ Աթոռ Էջմիածին եւ Հակոբ կաթողիկոսի հրամանով իր միաբաններին ուղարկեց Սաղմոսավանքի անապատը, իսկ ինքը մնաց այնտեղ որոշ օրեր միաբաններին դասախոսելու:

Սկսեցին Աստվածաշունչը մինչեւ Մակաբայեցիների վերջը:

Ապա ինքն էլ ելավ գնաց անապատը եւ այնտեղ մնալով վախճանվեց: Նրա եղբորորդին նրա մարմինը տարավ Սաղմոսավանք եւ դրեց Աստվածածնի եկեղեցում՝ հյուսիսային կողմում: Պետք է իմանալ, որ նա երեք փորձության ենթարկվեց, նախ՝ մաքառեց դեւերի դեմ Լիմ անապատում, երկրորդ՝ մորուքի փետումը, երրորդ՝ մահու դեղը: Բայց նրա մահը եղավ հազար հարյուր վեցին (1657):

 

* Բնագրում` Քաղիրթ, նշանակում է նաեւ ստամոքսի մի մասը (ղելավ):

ԳԼՈՒԽ Լ
ՍՐՏԱՊԱՏԱՌ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես գնացի Խնկելաձոր, որ այժմ կոչվում է Ձորագեղ, իմ քեռուն տեսության: Մինչդեռ խոսում էինք, ահա եկավ մի երիտասարդ մարդ եւ նստեց մեզ մոտ: Իմ քույրը ինձ ծածուկ ասաց՝ նայիր այդ մարդու երեսին: Եվ տեսա, որ սեւացավ ինչպես հնդիկ: Մի քիչ մնաց, տեսա, որ սպիտակեց ինչպես ձյուն: Մի քիչ հետո կարմրեց, ինչպես բոց. մի ժամում տասը գույն փոխեց: Ես սառել զարմացել էի: Ասացի մարդուն՝ եղբայր, դու որտեղացի ես: Մարդը պատասխանեց՝ Սյունիքից: Ես հարցրի, թե այդ ինչ բան է, որ քո երեսը գույնից գույն է փոխվում: Մարդը պատասխանեց՝ Աստված է ինձ իմանում: Ես ասացի՝ լավ, պատմիր: Մարդը իր գյուղի անունն ասաց, բայց իմ մտքից ընկել է:

Մեր գյուղում մի գեղեցիկ ու ազնիվ կույս կար: Ես եւ աղջիկը միմյանց սիրեցինք: Մեր ծնողներին ասացինք՝ մեզ ամուսնացրեք, բայց նրանք չկամեցան, քանզի նրանց միջեւ թշնամություն կար: Եվ երբ մենք տեսանք, որ մեր կամքը չի կատարվում, ապա համաձայնվեցինք, առեւանգվելով փախանք՝ մեզ հետ վերցնելով հաց, փռոց, վերարկու եւ գնացինք, հեռացանք գյուղից: Մտանք մի ձոր, այնտեղ մի քարայր կար, մտանք այնտեղ եւ գործեցինք մեր չար գործը: Գիշերն այնտեղ մնացինք եւ կամեցանք, որ ցերեկն էլ այնտեղ մնանք, իսկ մյուս գիշերը ելնենք գնանք Երեւան: Հոգնած էինք, գիշերը քնեցինք, որովհետեւ լուսաբացին մոտ էր, եւ ցերեկը (քնել ենք) մինչեւ կեսօր: Ես խոր քնի մեջ էի, աղջիկը ելավ լալով զարթնեցրեց ինձ: Ես զարթնեցի տեսա, որ մի ահագին վիշապ աղջկա երկու ոտքը բռնել եւ առել էր իր բերանը, կլանում էր: Աղջիկն ասում է՝ զարկ կացնովդ դրա գլխին եւ սպանիր: Իսկ ես սալացել, չեմ կարողանում վեր կենալ: Աղջիկն ասում է, ինձ տուր կացինդ, ես կխփեմ դրան, քանզի դու մտար իմ արյունը եւ իմ ծնողներից ինձ հանեցիր, այժմ ինչպե՞ս ես թողնում ինձ այսպիսի մահով մեռնել: Նա այսպիսի խղճալի տեսքով լալիս էր ու աղաչում, իսկ ես սալացել, ապուշ էի կտրել, չէի կարողանում շարժվել. իսկ վիշապը աղջկան կլանեց մինչեւ կուրծքը: Իսկ աղջիկը բազուկը մեկնեց, թերեւս չկարողանա կլանել: Իսկ վիշապը ամփոփեց պոչը եւ սաստիկ կծկվելով բացեց բերանը եւ աղջկան քաշեց իրեն եւ ջարդեց աղջկա թեւերը, կլանեց աղջկան եւ գնաց մտավ իր բույնը: Իսկ ես մնացի ինչպես մեռել անշարժ: Մի պահ հետո դարձյալ վիշապը դուրս եկավ եւ ինձ էր նայում: Սրտապատառ եղա, եւ իմ բերանից շատ արյուն դուրս եկավ, իմ բոլոր զգայարանները ընդարմացան, միայն աչքերս բաց մնացին, եւ տեսա, որ վիշապը մտավ իր բույնը, եւ ապա ուշաբերվեցի, բայց իմ ոտքերը ուժ չունեին դուրս գալու: Սողալով մինչեւ լուսաբաց ելա քարայրի դուռը, մնացի քարայրի դռանը: Երբ լուսացավ` հազիվ կարողացա ոտքի կանգնել ու գնալ: Աղջկա հոր ահից չգնացի մեր գյուղը, այլ ուրիշ գյուղից մի ծանոթ գտա եւ ամենը պատմեցի, իսկ ես եկա հոգեւոր տեր Փիլիպոսի մոտ եւ խոստովանեցի նրան: Ահա այս է պատճառը, որ իմ երեսը գույնից գույն է փոխվում: Մենք նրանից լսեցինք եւ փառք տվինք Աստծուն:

 



[1]            Ղանդահարը Աֆղանստանի քաղաքներից է:

[2]            Ֆրանկանոց գյուղը Ալիշանը տեղադրում է Մեծամորի եւ Քասաղ գետերի գետամիջում` Էջմիածնի շրջանում:

[3]            Նիկոմիդա քաղաքը Իզմիթն է Մարմարա ծովի ափին:

[4]            Գառնակերի վանքը գտնվում է Արցախի Փառիսոս (Փառեն) գավառում:

[5]            Ծաղկաձորի գավառը ներկայիս Հրազդանի շրջանն է Ծաղկաձոր չքնաղ կենտրոնով, որտեղ գտնվում է Կեչառիսի վանքային համալիրը:

[6]            Նախամարք գյուղը Ծաղկաձորի շրջանում է եղել, որ հնում կոչվել է Վարաժնունիք: Ըստ Ալիշանի` Նախամարքի տեղը հայտնի չէ:

[7]            Կեչառիսը գյուղ է եղել, որ այժմ գոյություն չունի: Գտնվել է Ծաղկաձորի հարեւանությամբ: Գուցե թե հենց Ծաղկաձորի հին անունն է, քանի որ Ծաղկաձորի հյուսիս-արեւելյան ծայրին է գտնվում Կեչառիս վանքային համալիրը:

[8]            Սաղմոսավանը գյուղ է Աշտարակի շրջանում` Աշտարակից 12 կմ հյուսիս Քասաղ գետի ափին: Գյուղին մոտիկ եւ գյուղից առաջ 13-րդ դարում բարձր ժայռի վրա կառուցվել է վանքային համալիր Սաղմոսավանք անունով:

[9]            Շատիկը վանք է Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղի մոտերքը: Վանքը հիմնադրվել է 929 թվին: