Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այբէն մինչեւ ի քէն, Քրիստոս, մեղայ քեզ,
Բազում խռովութեանց հետեւեցայ ես,
Գրիգոր քաջ հռետոր, դու իմ եղբայրն ես,
Դու ես սուրբ հայրապետ եւ առաջնորդ ես:

Եւ շատ անկարգ թղթեր քեզ գրեցի ես,
Զարմանամ, հիանամ, թէ ո՞նց համբերես,
Եթէ լինի այսպէս, որ հանդիպիմ քեզ
Ընդ քո սուրբ երեսիդ յոյժ կարօտ եմ ես:

Թուի թէ թշնամին յիրար ձգեց զմեզ,
Ժամանակս է խաբող, որպէս քաջ գիտես,
Իմ համշիրակ եղբայր, Աստուած օգնէ քեզ,
Լինի թէ տեսանեմ զքո սուրբ երես:

Խնդիրք ունիմ ի քէն, եթէ կու լսես,
Ծերացաք մեք այսօր, որպէս քաջ գիտես,
Կամաւ թուղթս գրեմ առաքեմ առ քեզ,
Համօրէն աշխարհի պարծանքն դու ես:

Ձեւովդ ես գեղեցիկ եւ վայելուչ ես,
Ղամպար ես դու վառեալ, անշիջելի ես,
Ճշմարտութեանց սիրող, ուղղադաւան ես,
Մաքուր ես եւ պայծառ, որպէս զլոյս ես:

Յիսուս Քրիստոս վկայ, որ կու սիրեմ զքեզ,
Նման ես արծուի, բարձրաթռիչ ես,
Շնորհօք ես դու լցեալ, քան զտէր Ներսէս,
Ո՛վ տէրդ իմ Գրիգոր, յայտնի գովեմ զքեզ:

Չունիմք շատ սիրելիք, զայլն այլ քաջ գիտես,
Պարտ է մեզ սէր առնել, աղաչեմ զքեզ,
Ջրէն անմահութեան դու արբուցանես,
Ռաբբի բարձրադիտակ Հայոց ազանց ես:

Սրբոց հայրապետաց դու նմանեալ ես,
Վրդանէս մեղաւորն կը գովէ զքեզ.
Տանս Հայաստանեաց րաբունապետ ես,
Րամեալ ազանց միջի յոյժ գովելի ես:

Ցանկալի հրեշտակաց այլ եւ մարդկան ես,
Ւիւսիսային երկրին ուրախութիւն ես,
Փարթամ ես դու հոգւով, զուտ եւ մաքուր ես,
Քրիստոս քեզ օգնական, զի արժանի ես: