Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գահեր են խորտակւում ու շղթաներ քանդւում

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ մանաւանդ նրա անդրկովկասեան շարքերը մեծ ոգեւորութեամբ ընդառաջեցին ռուսական յեղափոխութեանը, որ եկաւ տապալելու ցարական բռնապետութիւնը եւ ազատելու նրա տարածքում տուայտող, խտրականութեան եւ կեղեքման ենթարկուող ազգութիւններին։ Թիֆլիսում հրատարակուող Հ. Յ. Դաշնակցութեան օրգան «Հորիզոնը» Մայիս 1-ի խմբագրականում գրում էր. «Երբե՛ք, երբե՛ք ապագան չի թուացել մեզ այսպէս գեղեցիկ, յաղթութիւնը այնքան մօտ... Գահեր են խորտակւում ու շղթաներ քանդւում» [1] ։

1917-ի Մարտ 8-ին (հին տոմարով՝ Փետրուար 23-ին) [2] ցարական կայսրութեան մայրաքաղաք Պետերբուրգում ծայր առած հակակառավարական ցոյցերը աստիճանական կուտակումով հաւաքական ընդվզումի եւ ապա զանգուածային շարժումի էին վերածուել։ Գահընկեց էր եղել Նիկոլայ Բ. ցարը, կազմուել էր Ժամանակաւոր Կառավարութիւն՝ ռուս Սահմանադրական-դեմոկրատ (Կադետ) կուսակցութեան ղեկավարներից իշխան Գէորգի Ե. Լվովի նախագահութեամբ։

Անդրկովկասում տիրող ոգեւորութեան մթնոլորտը մոռացնել էր տուել ներքին հարցերն ու անհանդուրժողութիւնները, եւ կովկասեան ղեկավարութիւնը՝ հայ, վրացի ու մահմեդական, ապագայի նոր տեսլականով արբած, իր հաւատարմութիւնն էր յայտնում Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան։ Մարտ 12-ին վրաց մենշեւիկ Նիկոլայ Ս. Չխէիձէի նախագահութեամբ Պետերբուրգում կազմուած Սովետի օրինակով, Կովկասում եւս սկսեցին սովետներ (խորհուրդներ) կազմուել։ Այս ոգեւորութեան մէջ, տեղի էին ունենում հաւաքներ՝ քննելու եւ լուծում տալու տեղական հարցերին։

Հին վարչակարգը տապալուած էր, սակայն դեռ շատերի համար բիւրեղացած չէր, թէ ինչ ուղղութիւն պիտի գտնի ապագան։ Յեղափոխութեան մասնակցած եւ հիմնական յեղաշրջումի յոյսեր փայփայող ամէն մի խմբակցութիւն կամ կուսակցութիւն իր տեսանկիւնից էր դիտում ապագան, մանաւանդ՝ երբ հարցը վերաբերում էր ազգային խնդիրների լուծման։ Անդրկովկասեան հաւաքների ընթացքում արծարծուած հարցերը եւ արտայայտուած մտահոգութիւնները, արդարեւ, արտացոլանքն էին տիրող իրավիճակի։ Ոմանք համոզում էին մոռանալ ազգային բաժանումները, որ բուրժուական են, եւ մեծ Ռուսաստանի մէկ միաւորը դառնալ. ոմանք էլ խօսում էին ազգային ինքնավարութեան անհրաժեշտութեան մասին, որ պիտի իրագործուէր Անդրկովկասի մէջ, ազգային որոշակի սահմաններով։

Հարցերի արծարծման եւ մտքերի բիւրեղացման այս ժամանակաշրջանում, ինչպէս միշտ, ռուսը ներկայութիւն էր Կովկասում եւ զօրեղ դիրքերից իր կամքն ու քաղաքական ուղղութիւնն էր պարտադրում տեղի ժողովուրդներին։ Արծարծուած հարցերի էութիւնն ու դրանց առաջացրած բազմապիսի դժուարութիւնները, տարբեր քաղաքական հոսանքների անզիջում ու իրարամերժ դիրքորոշումները եւ մանաւանդ նրանց սուր ազգայնական նպատակադրումները, յստակ ցուցանիշներն էին ապագայ անլուծելի թնջուկների, որոնց դիմագրաւելու էր կոչուած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իբրեւ ներկայացուցիչն ու պաշտպանը հայ ժողովրդի։

Այս առաքելութեան բնոյթն ու էութիւնը ճանաչելու եւ Դաշնակցութեան ապագայ գործունէութիւնը հայ-ռուսական յարաբերութիւնների ծիրում դատել կարողանալու համար, նախ կարեւոր է ճանաչել, թե ինչ ուժ, վարկ եւ ժողովրդականութիւն ունէր Դաշնակցութիւնը Անդրկովկասում։



[1] Մէջբերումը տե՛ս Ս. Վրացեան, «Հայաստանի Հանրապետութիւն», գ. տպագրութիւն (Թեհրան, Տպարան Ալիք, 1982) (այսուհետ՝ «Հայաստանի Հանրապետութիւն»), էջ 24։

[2] Նշուած բոլոր ամսաթուերը նոր տոմարով են՝ 13 օր աւելի առաջ, քան հին տոմարը։ Ի հարկէ, Ռուսաստանում այդ ժամանակ դեռեւս գործածւում էր հին տոմարը, եւ պատմագրութեան մէջ էլ այդ ժամանակուայ դէպքերի թուականները ընդհանրապէս հին տոմարով են յիշուած։ Յետագայում Կովկասեան Անկախ Հանրապետութիւնը, Ռուսաստանից յետոյ միայն, 1918-ի Ապրիլ 13-ին (26), ընդունեց նոր տոմարի գործածութիւնը։