Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կովկասեան նոր վարչամեքենան

Տիրող իրողութեան լոյսի տակ եւ դրան հակազդել կարողանալու համար, Նոյեմբեր 23-27-ին Թիֆլիսում տեղի ունեցաւ յատուկ խորհրդաժողով, մասնակցութեամբ կովկասեան վարչական բոլոր մարմինների, բանուորական ու գիւղացիական խորհրդի եւ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների (Սոցիալ-յեղափոխական, Մենշեւիկ, Դաշնակցութիւն, Մուսաւաթ): Նախագահում էր Եւգենի Գեգեչկորին: Խորհրդաժողովը իր աւարտին լուծուած համարեց արդէն ժամանակավրէպ դարձած Օզակոմը: Կենտրոնից բոլորովին անջատ, կիսանկախ վիճակում ստեղծուեց Անդրկովկասի կառավարման մի նոր օրգան՝ Կովկասեան Կոմիսարիատը: Մի քանի օր յետոյ կատարուեցին նաեւ Կոմիսարիատի ներքին ընտրութիւնները: Գեգեչկորիին վստահուեց նախագահութիւնն ու աշխատանքի եւ արտաքին գործերի կոմիսարի կարեւոր պաշտօնները, իսկ Ակակի Չխենկելին ստանձնեց ներքին գործերի կոմիսարի պաշտօնը:

Կոմիսարիատը իր հռչակագիրը հրապարակեց Դեկտեմբեր 1-ին, ուր նշուած էր, թէ այդ մարմինը Կովկասը պիտի ղեկավարի մինչեւ Համառուսական Սահմանադիր Ժողովի աւարտը: Յետագայում, Պետերբուրգում հաւաքուած Համառուսական Սահմանադիր Ժողովի ցրումից յետոյ, կովկասեան պատգամաւորները 1918-ի Փետրուարի սկզբին Թիֆլիսում ի մի եկան՝ Կովկասի ապագան ճշտելու եւ նրա վարչամեքենան լրացնելու համար: Կովկասի Կոմիսարիատի կողքին որոշուեց կազմել կովկասեան խորհրդարան, որ պիտի դառնար գործադիր մարմնին, այսինքն՝ Կոմիսարիատին լրացնող: Անդրկովկասեան խորհրդարանը, որ Սէյմ կոչուեց, իր առաջին նիստը գումարեց Փետրուար 23-ին:

Սէյմը հակաբոլշեւիկ յստակ ուղղութիւն ունէր: Նրա նիստերից մէկում վրաց սոցիալ-դեմոկրատ Ծերեթելին, տիրող քաղաքական մթնոլորտի եւ կովկասեան իրավիճակի առնչութիւնը վերլուծելով, այսպէս է դիտարկում. «բայլշեւիզմը յաղթանակելով Յեղափոխական Ռուսաստանում, մեր աչքերի առաջ բազում ամիսների ընթացքում խոշտանգում է Յեղափոխական Ռուսաստանի մարմինը»: «Բազմաթիւ ոճիրներ է գործել այդ իշխանութիւնը», յայտարարում է նա եւ այդ ոճիրների շարքին շեշտում է, թէ «բայլշեւիկ իշխանութիւնը մահացու հարուած է հասցրել ազգերի պետական օրգանիզմին»: Այդ իրողութեան լոյսի տակ, եզրակացնում է Ծերեթելին, «Անդրկովկասեան դեմոկրատիայիս այլեւս ուրիշ բան չէր մնում անել, բայց եթէ անջատուել բայլշեւիկեան իշխանութիւնից»: [1]

Սէյմի կառոյցը առնուած էր Սահմանդիր Ժողովի ընտրութիւններից՝ եռապատկելով ընտրուած պատգամաւորների թիւը: Ուրեմն, բնականաբար մեծամասնութիւն էին մենշեւիկները՝ 33 անդամով (4-ը՝ հայ), երկրորդ մեծամասնութիւնը մուսաւաթականներն էին՝ 30 անդամով, յետոյ գալիս էր Դաշնակցութիւնը՝ 27 անդամով. Սէյմի անդամների մնացեալ 22-ը ներկայացնում էին եօթ զանազան կուսակցութիւններ: [2] Այս նոր վարչամեքենայի մէջ վրաց մենշեւիկները ո՛չ միայն քանակով էին գերիշխում, այլ նաեւ իրենց ստանձնած դիրքերով: Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան եւ ընդհանրապէս համառուսական ղեկավար մարմինների մէջ պաշտօններ վարած վրաց մենշեւիկները, բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ կենտրոնից փախուստ տուած, իրենց փորձառութիւնը, վարկն ու ժողովրդականութիւնը Կովկաս էին բերել եւ բնական էր, որ այստեղ էլ իշխանութեան մէջ կարեւոր պաշտօններ պէտք է վարէին: Հայութեան ներկայացուցիչները Կոմիսարիատի կազմում երեք պաշտօն էին զբաղեցնում՝ Համօ Օհանջանեանը (դաշնակցական)՝ խնամատարութեան կոմիսար, Խաչատուր Կարճիկեանը (դաշնակցական)՝ երկրագործութեան կոմիսար եւ Ղազար Տէր-Ղազարեանը (սոցիալ-դեմոկրատ)՝ պարենաւորման կոմիսար: Այնուամենայնիւ, միւս կոմիսարների օգնականների եւ ընդհանրապէս «Անդրկովկասեան իշխանութեան եւ կառավարական գործերի մէջ», ինչպէս Սիմոն Վրացեանն է վկայում, Դաշնակցութիւնն ունէր «աչքի ընկնող մասնակցութիւն»: [3]

Դաշնակցութիւնը աշխատանքի էր լծուել, միշտ հաւատալով Անդրկովկասի ժողովուրդների խաղաղ համակեցութեան եւ համագործակցութեան կարելիութեան: Այս գաղափարից մեկնած, Սէյմի նիստերից մէկում Յովհաննէս Քաջազնունին ներկայացնում է սոցիալիստական հիմունքներով կազմուած Հ. Յ. Դաշնակցութեան տնտեսական ու ընկերային գաղափարաբանութիւնը: Որպէս գործնական քայլ, նա բացայայտում է իր կուսակցութեան ծրագիրը՝ աշխատելու Սէյմի ուրիշ խմբակցութիւնների հետ՝ ի շահ ներքին դաշնակցային կառոյցով Անդրկովկասի հանրապետութեան եւ մանաւանդ՝ Թրքահայաստանի ինքնավարութեան:
  Սէյմի գաղափարին միանգամայն դէմ էին բոլշեւիկները Սէյմի գումարումից առաջ արդէն: Նախ, այդ կառոյցը հակասում էր Ժողկոմսովետին, այնուհետեւ, բոլշեւիկները գիտէին, որ իրենք որեւէ ներկայացուցչութիւն չպիտի կարողանային ունենալ նրա կազմի մէջ: Սէյմի դէմ ծաւալուած ընդդիմութիւնը ղեկավարում էր Ստ. Շահումեանը: Այս գործունէութեան բերումով նա հալածանքի ենթարկուեց Անդրկովկասեան Կոմիսարիատի կողմից եւ իր հակաբոլշեւիկ ընկերների օգնութեամբ էր միայն, որ կարողացաւ փախուստ տալ Թիֆլիսից եւ ազատուել ձերբակալութիւնից: Ամրանալով Բաքւում՝ նա յօդուածներով ու ճառերով կոչ էր անում ժողովրդին՝ դէմ գնալու Սէյմին եւ ընդունելու Ժողկոմսովետի իշխանութիւնը: [4] Դատապարտում էր նոր իշխանութեան հակայեղափոխական անդամներին, որ ցանկանում են «անջատուել Ռուսաստանից եւ աւտոնոմ Անդրկովկաս ստեղծել»: Շահումեանը, որպէս իսկական պրոլետար բոլշեւիկ, դէմ էր Անդրկովկասի «մանր բուրժուական ռէակցիոն իշխանութեան» եւ հաւատարիմ՝ «ընդհանուր հայրենիքի» գաղափարին եւ Ժողկոմսովետի իշխանութեան: Նրա կարծիքով, նոր իշխանութիւնն էլ «նախկին Օզակոմի պէս Անդրկովկասը կբաժանի երեք ազգային» սատրապութեան՝ Վրաստանը կվերցնեն մենշեւիկները, հայերին կդնեն «Դաշնակցութիւն» պարտիայի տրամադրութեան տակ, մուսուլմաններին կտրամադրեն մուսուլման նացիոնալիստներին»: [5] Լենդրուշ Խուրշուդեանը հաստատում է Շահումեանի բացասական կեցուածքը Սէյմի հանդէպ եւ մէջբերում է կատարում 1918, Փետրուար 24 թուակիր նրա մէկ յօդուածից: Այստեղ Շահումեանը կոչ է անում «կովկասեան դեմոկրատիային»՝ ուշքի գալ «քանի դեռ բոլորովին ուշ չէ: Այդ Սէյմը, սեպարատիզմի եւ նացիոնալիզմի այդ քաղաքականութիւնը վերջնական կործանման կհասցնի յեղափոխութիւնը Անդրկովկասում»: [6]

ՌՍԴԲ (բոլշեւիկեան) Պարտիայի Կովկասեան Երկրային Կոմիտէն եւս հակադրութեան մէջ մտաւ Սէյմի հետ՝ այն նկատելով իբրեւ բանուորա-գիւղացիական կառավարութեան դէմ մի օրգան: Նա յայտարարում էր, թէ բոլոր միջոցներին պիտի դիմի՝ մերկացնելու այդ համագումարը նախաձեռնողներին, որոնք խաբում են ժողովրդին: [7] Սէյմի բացման առիթով չուշացաւ, ի հարկէ, ՌՍԴԲ (բոլշեւիկեան) Պարտիայի Կովկասեան Երկրային Կոմիտէի հակազդեցութիւնը: Ժողովրդին ուղղուած մի կոչում նա դատապարտում էր բոլշեւիկ յեղափոխութեան դէմ ստեղծուած անդրկովկասեան այդ օրգանին եւ այն կազմող տարրերին, մանաւանդ՝ «դաշնակցութիւն պարտիան, որը տասնեակ տարիներ շարունակ նացիոնալիզմի թոյնով թունաւորել է կովկասեան եւ, նախ եւ առաջ, հայկական դեմոկրատիային: Այնտեղ պէտք է նիստեր անեն այդ պարտիայի հին լիդերները, որոնցից երես է թեքել հայ պրոլետարիատը եւ որոնց նկատմամբ իր հաւատը կորցնում է դեռեւս վերջերս դրանց օգտին քուէարկած հայ գիւղացիութիւնը»: [8]

 



[1] Սէյմի այս նիստի արձանագրութիւնը տես Հ. Հ. Պետական Կենտրոնական Պատմութեան Արխիւ (այսուհետ՝ ՀՀՊԿՊ Արխիւ), ֆոնտ 222, ցուցակ 1, գործ 127:

[2] Սէյմի ընդհանուր պատկերը եւ նրա դաշնակցական անդամների անուանացանկը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 71-72:

[3] Վրացեան, «Հին Թղթեր Նոր Պատմութեան Համար», էջ 255:

[4] Ստեփան Շահումեան, «Երկեր», 3-րդ հատոր (Երեւան, Հայպետհրատ, 1958) (այսուհետ՝ Շահումեան, «Երկեր»), է ջ 66-70:

Ստեփան Շահումեանի «Երկեր»ի սոյն հատորում յատկանշական է խմբագրական կազմի տուած լուսաբանութիւնը՝ հեղինակի նշած «Դաշնակցութիւն» անուան եւ այդ կուսակցութեան ստեղծած հանրապետութեան մասին: Այստեղ, Դաշնակցութիւնը բնութագրուած է իբրեւ «հայ բուրժուանացիոնալիստական կոնտրռեւոլիւցիոն պարտիա.... աշխատաւորութեան ռեւոլիւցիոն ելոյթների կատաղի թշնամի», իսկ նրա ստեղծած կառավարութիւնը՝ «օտարերկրեայ իմպերիալիստների կամակատար» (էջ 472):

[5] Նոյն տեղում, էջ 22-23:

[6] Նոյն տեղում, էջ 63. մէջբերումը կատարուած է Շահումեանի «Երկեր», 3-րդ հատոր, էջ 110-ից:

[7] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 119, էջ 169-170:

[8] Նոյն տեղում, փաստաթուղթ թիւ 128, էջ 186: