Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կողմնորոշում Կովկասում դերակատար ուժերի ոլորտում

Բոլշեւիկեան յեղափոխութիւնը, Դաշնակիցների ընկալումը այդ յեղափոխութեան եւ Անդրկովկասի de facto անջատումը Ռուսաստանից իւրայատուկ իրադրութեան առաջ էին դրել Հայոց Ազգային Խորհրդին եւ Հ. Յ. Դաշնակցութեան: Ռուբէնը պարզում է հայ ղեկավարութեան համար առաջ եկած երեք ընտրանքները. «Առաջինը, լինել Վրաստանի եւ Ադրբէյջանի հետ՝ երես ուղղելով դէպի գերմանացիք եւ Թուրքիան: Երկրորդը, դէմ լինել թուրքերին եւ հարեւաններին՝ յոյսեր կապելով Դաշնակիցների յաղթութեան վրայ: Երրորդը, դէմ լինել ե՛ւ հարեւաններին, ե՛ւ Դաշնակիցներին, յենուել Մոսկուայում հիմնաւորուած բոլշեւիկների եւ Կովկասում մնացած նրանց բեկորների վրայ»: [1] Հենց ի՛ր Ռուբէնի վկայութեամբ, Դաշնակցութիւնը բացարձակ կողմնորոշում չը որդեգրեց եւ փորձեց օգտագործել բոլոր կարելիութիւնները, որովհետեւ ո՛չ միայն որեւէ մէկ յենարան այդ օրերին համահայկական շահերի երաշխիքը չէր ընձեռում, այլ նաեւ դաշնակցական ղեկավարները միատեսակ կողմնորոշում չունէին:

Դաշնակցութեան եւ Ազգային Խորհրդի մէջ մեծ թիւ էին կազմում Դաշնակիցների յոյսին ապաւինած ղեկավարները: Թաթարների անընդհատ ոտնձգութիւններն ու հայկական հողերի վրայ նրանց ամուր կառչած մնալը բացառում էր թաթարների հետ մօտեցման կարելիութիւնը: Ինչ վերաբերում էր վրացիներին, պարզորոշ էր արդէն վրացական ղեկավարութեան մեծ մասի մտածելակերպը, ըստ որի Վրաստանը չէր կարող իր բախտը կապել դատապարտուած Հայաստանի հետ: Ռուբէնը վկայում է, թէ ուղղակի այսպիսի արտայայտութիւն էր կատարել վրաց մենշեւիկ Նոյ Ժորդանիան, որը ապագայ անկախ Վրաստանի Հանրապետութեան նախագահ պիտի դառնար:

Ռուբէնի մատնանշմամբ՝ առաջին արեւելումը որդեգրած ղեկավարութիւնը ի սրտէ գործում էր Անդրկովկասի նոր վարչակարգի շրջանակում եւ նոյնիսկ թուրքերի ու գերմանացիների հետ մօտեցման փորձ էր կատարում: Օրինակ՝ Արշակ Ջամալեանի տեսակցութիւնները Երզնկայում: Ջամալեանը, որ մաս էր կազմում Կովկասեան Կոմիսարիատի կողմից յղուած զինադադարի պայմանները ճշտող պատուիրակութեան, յիշում է պաշտօնական բանակցութիւններից դուրս իր մասնաւոր հանդիպումները թուրքերի հետ: Նա յոյս ունէր, որ գուցէ կարելի լինի հայ գաղթականների վերադարձի մասին որոշ կարգադրութիւններ կատարել: Այսպիսի հանդիպումներ տեղի էին ունեցել նաեւ Գերմանիոյ մէջ: 1918-ի Ապրիլին Ազգային Խորհրդի կողմից յղուած պատգամաւորներ Արշակ Ջամալեանը, Գեւորգ Մելիք-Ղարագէօզեանը եւ Լիպարիտ Նազարեանցը Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան ներկայացրին օժանդակութեան մի խնդրագիր: Նոյն բնոյթի հանդիպումներ էր ունեցել նաեւ Համօ Օհանջանեանը Արշակ Ջամալեանի ընկերակցութեամբ: Վերջիններս նոյնիսկ կարողացել էին համոզել, որ Գերմանիան պահանջի թուրքերից՝ յարգել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Նման հանդիպումները շարունակուեցին նաեւ Հայաստանի հանրապետութեան օրերին: Այնուամենայնիւ, դրանք որեւէ գործնական արդիւնքի չյանգեցին:

Վրաստանի անզիջում դիրքը եւ Թուրքիայից եկող յարատեւ վտանգը տուն էին տալիս երրորդ արեւելումին, որին յարած դաշնակցական ղեկավարները իրենց գործունէութիւնը Կովկասեան Կոմիսարիատի մենշեւիկ ու թաթար ազդեցութեան դաշտի սահմաններից դուրս պիտի կենտրոնացնէին: Նրանք յարմարագոյնն էին նկատում պայքարել մինչեւ պատերազմի վերջանալը, յենուել միայն հայկական ուժերի վրայ, միեւնոյն ժամանակ օգտագործելով նաեւ ճակատներում մնացած ռուս բանակայիններին եւ փորձել ապահովել բոլշեւիկեան իշխանութեան գործակցութիւնը: Այս արեւելումի մէկ դրսեւորումը դաշնակցական ղեկավարների մօտիկ յարաբերութիւններն են Սարգիս Խանոյեանի, Դանուշ Շահվերդեանի, Սարգիս Կասեանի եւ այլ հայ բոլշեւիկ ղեկավարների հետ: Յարաբերութիւնները սկսուել էին անձնական մակարդակի վրայ: Թիֆլիսի Դաշնակցական ղեկավարները կովկասեան իշխանութեան հալածանքներից քանիցս պաշտպանել ու պատսպարել էին բոլշեւիկ գործիչներին: Ստեփան Շահումեանին Գանձակում ապաստան էին տուել եւ ապահով Թիֆլիս փոխադրել: Մէկ այլ առիթով փրկել էին նրան ձերբակալութիւնից, երբ, ի հետեւանք իր կատարած գրգռիչ քարոզչութեան եւ Կովկասի իշխանութեան դէմ սուր քննադատութեան ու խափանարար գործունէութեան, Սէյմի գումարման օրը, Կովկասեան Կոմիսարիատը նրա ձերբակալման հրամանն էր արձակել:

Ուրեմն, Դաշնակիցների հետ ունեցած յարաբերութիւններից բացի, Դաշնակցութիւնը կամ Ազգային Խորհուրդը մէկ կողմից մօտիկ կապեր էր պահում հայ բոլշեւիկների հետ, միւս կողմից յարելով Թիֆլիսում Կովկասի իշխանութեան, տանում էր նրա պաշտօնական քաղաքականութիւնը, որ բացայայտօրէն հակառուս էր, եւ գործնական քայլերով փորձում էր Կովկասը մաքրել ռուս տարրից: Յետադարձ հայեացքով կարելի է տեսնել, սակայն, որ կովկասեան իշխանութեան այս քաղաքականութեանը զուգընթաց վրացիները դէպի անկախութիւն իրենց ճամբան էին բացում, իսկ թաթարները թուրանական ցեղերի միացման առջեւ ցցուած խոչընդոտներն էին փորձում վերացնել:

 



[1] Ռուբէն, «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակները», Է Հատոր (Լոս Անջելըս, Հորիզոն Տպարան, 1952) (այսուհետ՝ Ռուբէն), 130-139: