Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անգլիական քաղաքականութիւն եւ բոլշեւիկեան հեռանկար

Պատերազմի աւարտին, երբ անգլիացիները յաղթական վերադառնում են Բաքու, շաբաթներ հիւսիսային Պարսկաստանում թափառած որոշ հայ գաղթականների եւս յաջողւում է վերադառնալ, բայց տնտեսական ամենածանր վիճակում: Պարսկաստանում կազմուած նոր Ազգային Խորհուրդը, Յակոբ Ղուկասեանի նախագահութեամբ, անգամներ դիմում է Անգլիայի լիազօր ներկայացուցիչ Թամսընին հայ գաղթականներին օգնելու եւ նրանց վերադարձի ճամբան հարթելու համար, սակայն անօգուտ: Անգլիական ներկայացուցչութիւնը մօտիկ կապեր էր ստեղծել արդէն Բաքու հաստատուած Ազրբէյջանի անկախ Հանրապետութեան կառավարութեան հետ: Ուստի հայ գաղթականների Բաքու վերադարձը նպատակայարմար չէր լինի: Ըստ Մելիք-Եօլչեանի, անգլիական ներկայացուցչութիւնը Դաշնակցութեան Կ. Կ. ին իր մօտ հրաւիրելով՝ առաջարկել էր յորդորել հայերին հեռանալու Ազրբէյջանից, մանաւանդ՝ Բաքուից: [1] Ազրբէյջանամէտ այս քաղաքականութեան դրսեւորումն էր նաեւ Զօր. Թամսընի 1918-ի Նոյեմբեր 18-ի հեռագիրը Անդրանիկին, որ դէպի Ղարաբաղ էր արշաւում եւ Շուշիից 40 կիլոմետրի վրայ էր կանգնած: Թամսընը կարգադրում էր Անդրանիկին յետ դառնալ՝ մինչեւ հայկական հարցը կը լուծուի հաշտութեան համաժողովին, իսկ մինչ այդ ժողովը անգլիացիները իրենք էին պաշտպանելու հայերին: Կարծես նպատակադրուած էր Ղարաբաղի ու Զանգեզուրի հայութեան դիմադրութիւնը խափանել եւ այդ շրջանները Ազրբէյջանի կազմի մէջ բերել:

Անգլիական քաղաքականութիւնը Ազրբէյջանի հանդէպ մի քանի փուլից անցաւ ու յանգեց Ազրբէյջանի անկախութեան եւ նրա մուսաւաթական կառավարութեան անվերապահ ճանաչման, որ կատարուեց Թամսընի 1918-ի Դեկտեմբեր 28-ի յայտարարութեամբ: Իսկ մինչ այդ, հակառակ Ազրբէյջանի անկախութեան ճանաչման, Նոյեմբեր 24-ին Թամսընը յայտարարել էր, թէ Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ գտնուող «ռուսական հողերի» ճակատագիրը որոշուելու է հաշտութեան խորհրդաժողովում: Նոյն ոգով, հենց այն օրերին, երբ անգլիական զօրքը Բաքու էր հասել օսմանեան բանակի դէմ կռուելու, Օգոստոս 26-ին Բաքւում հրատարակւում էր Ռուսաստանի ժողովուրդներին ուղղուած Բալֆուրի կոչը, ուր նա պաշտպանում էր Ռուսաստանի ամբողջականութիւնը եւ դատապարտում նրա անդամահատութիւնը: [2]

Միջազգային այս խառը իրադարձութիւնների մէջ Բաքուից վտարուած բոլշեւիկեան կուսակցութիւնը վերադարձի հեռանկարներ էր գծում:

Բաքուի Կոմունայի անկումից յետոյ կազմալուծուել էր Բաքուի բոլշեւիկեան կուսակցութիւնը ու դադարել էր նրա գործունէութիւնը: Դրութիւնը փոխուեց, երբ 1919-ի սկզբներին Բաքու վերադարձող գաղթականների հետ ներս սպրդեցին մի քանի բոլշեւիկ գործիչներ եւ սկսեցին կուսակցութեան վերականգնման աշխատանքը: Նրանց մէջ էր նաեւ Անաստաս Միկոյանը: Նոյն ծիրի մէջ 1919-ի Յունուարին Մոսկուայում, Խորհրդային Ռուսաստանի Ազգութիւնների Կոմիսարիատում (Նարկոմնաց) կեանքի կոչուեց յատուկ մի մասնաբաժին Կովկասի մահմեդականների հարցով զբաղուելու համար: Բաքուի դառն փորձառութիւնը պատճառ էր դարձել, որ կենտրոնը աւելի հոգածութեամբ եւ զգուշութեամբ մօտենայ Կովկասի այդ միակ ճարտարարուեստականացած շրջանին: Հաւանաբար հենց այս զգոյշ քաղաքականութեան պատճառով էր, որ թոյլ տրուեց կազմել Ազրբէյջանի Կոմունիստական Կուսակցութիւնը՝ անկախ եւ հաւասար Կովկասի Բոլշեւիկեան Կուսակցութեան Երկրային Կոմիտէին (Ռայկոմին): Ապա նոյն ազգային բաժանումով կոմունիստական կուսակցութիւններ կազմուեցին նաեւ Հայաստանում եւ Վրաստանում: [3] Մոսկուան փոխել էր իր գործելակերպը եւ Անդրկովկասում բոլշեւիկեան յեղափոխութիւնը իրականացնելու հեռանկարով այս անգամ տեղի էր տուել ազգայինին՝ հանդուրժելով ազգային շեշտաւորումը կովկասեան կուսակցական կառոյցներում: Նոյն երեւոյթի դրսեւորումն էր նաեւ Անդրկովկասի ազգային հանրապետութիւնների նկատմամբ ցուցաբերած Մոսկուայի հանդուրժողութիւնը, որ հաւանաբար, եւ ինչպէս ապագայ իրադարձութիւնները ցոյց տուին, առժամեայ բնոյթ ունէր:



[1] «Բագուի հերոսամարտը», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի թիւ 11, Սեպտեմբեր, 1925, էջ 75:

[2] Այս համեմատութիւնը կատարել է Ս. Մասուրեանը, Պ. Միլիւկովի «Ռուսաստանը Բեկման Շրջանում» աշխատութիւնից մէջբերումներ կատարելով: Տես՝ Ս. Մասուրեան, «Ռուսաստանը Բեկման Շրջանում», «Հայրենիք» ամսագիր, Ե. տարի, թիւ 12, Հոկտեմբեր, 1927:

[3] Բաքուի մէջ տարած բոլշեւիկեան գործունէութեան մասին տես՝ Րիչըրդ Յովհաննիսեան, The Republic of Armenia, vol. I, էջ 398-403։