Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յեղկոմը եւ Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը

Հայաստանի խորհրդայնացումից երկուսուկէս ամիս յետոյ, 1921-ի Փետրուարին, պայթեց հայ ժողովրդի զանգուածային ապստամբութիւնը Յեղկոմի իշխանութեան դէմ։ Ժողովրդի անսանձելի ցասումից սարսափած, փախուստ տուեցին Յեղկոմի անդամները՝ երկրի ղեկը Կարմիր Բանակին թողնելով։ Ինչո՞ւ ապստամբեց հայ ժողովուրդը։ Եթէ, ինչպէս խորհրդային աղբիւրներն են վկայում, ժողովուրդը այդքան գրկաբաց ընդունել էր բոլշեւիկեան իշխանութիւնը, ապա ինչո՞ւ երկուսուկէս ամիս յետոյ այդպիսի վճռականութեամբ ընդվզեց նրա դէմ։ Պատճառները պիտի փնտրել Յեղկոմի որդեգրած ընթացքի եւ գործելակերպի մէջ։

Այս մասին բազմաթիւ ուսումնասիրութիւններ, յուշագրութիւններ եւ փաստագրութիւններ նոյն պատճառներն են մատնանշում, իսկ բոլոր հարցերը վերադառնում են Հայաստանի խորհրդայնացման համաձայնագրին, որ Յեղկոմը չեղեալ յայտարարեց գործի գլուխ գալուց մի քանի օր յետոյ։ Գաբրիէլ Լազեանի համոզմամբ, Յեղկոմը անգիտացաւ Դեկտեմբեր 2-ին ստորագրուած համաձայնագիրը՝ Մոսկուայի տէրերին ցոյց տալու համար, որ Հայաստանը խորհրդայնացաւ ո՛չ թէ համաձայնագրով, այլ համաժողովրդական ապստամբութեամբ՝ դաշնակցական իշխանութեան դէմ։ [1]

Համաձայնագրի պայմանների խախտումները սկսուեցին հենց առաջին օրերից։ Լեգրանի խոստումի համաձայն, երկու դաշնակցականներ՝ Դրոն ու Համբարձում Տէրտէրեանը, մաս կազմեցին Յեղկոմին։ Բայց երբ Դեկտեմբեր 4-ին Երեւան հասան Յեղկոմի միւս անդամները եւ երկրի ղեկը ձեռք առան, փոխուեց ամէն ինչ։ Սիմոն Վրացեանը վկայում է, թէ երբ Դրոն եւ Տէրտէրեանը տեսակցութիւն են խնդրում Յեղկոմի նորեկ անդամներից, տեսակցութիւնը մերժւում է։ Կասեանը եւ Նուրիջանեանը բուռն վէճի են բռնւում Լեգրանի հետ, որ դաշնակների ներկայացուցիչներին իշխանութեան մէջ էր առել ու նրանց հետ համաձայնութիւն կնքելով՝ պատճառ էր դարձել իշխանութեան խաղաղ, առանց կռուի փոխանցման։ Կասեանն ու Նուրիջանեանը արհամարհում են համաձայնագիրը, մերժում են տեսակցել տապալուած իշխանութեան ներկայացուցիչների հետ եւ նրանց հեռացնում են Յեղկոմի կազմից։ [2] Իսկ Դեկտեմբեր 4-ից, Դաշնակցութեան տպարանում եւ նրա օրգան «Յառաջի»ի թղթով ու գրաշարներով սկսւում է հրատարակուել նոր իշխանութեան առաջին պաշտօնաթերթ «Կոմունիստ»ը՝ Աշոտ Յովհաննիսեանի խմբագրութեամբ։ Թերթը առաջին օրից, ի հարկէ, լեցուն էր Դաշնակցութեան դէմ ժողովրդին գրգռող անվերջանալի լուտանքներով։ Երեւան է հասնում նաեւ ռուսական զօրքը՝ 200-ի չափ ձիաւորներ, որոնք ըստ համաձայնագրի, պիտի պաշտպանէին սահմանները։  Յեղկոմը նրանց տեղաւորում է ո՛չ թէ զօրանոցներում, այլ մասնաւոր բնակարաններում, իսկ հայկական բանակի համար Անգլիայից ուղարկուած համազգեստները յատկացւում են ռուս զինուորներին։

Գնալով աւելի խիստ բնոյթ ստացան հալածանքները։ Հակառակ պայմանագրում նշուած կէտին՝ հալածանքի չենթարկել նախկին վարչակարգի պատասխանատուներին, ձերբակալուեցին դաշնակցական գործիչներ, նախկին նախարարներ, կառավարութեան պատասխանատու պաշտօնեաներ, գրաւման տակ առնուեցին նրանց բնակարանները։

Բանտարկուածների մէջ էին նախկին վարչապետ Համօ Օհանջանեանը, նախկին նախարար Արտաշէս Չիլինգարեանը, նախարարի օգնականներ բժ. Յովհաննէս Տէր-Միքայէլեանը, Թորոս Տոշեանը, Խորհրդարանի անդամներ բժ. Յովսէփ Տէր-Դաւիթեանը, Վահան Նաւասարդեանը, Վարոս Բաբայեանը, Գէորգ Վարշամեանը, Արշակ Ղազարեանը, Խորհրդարանի նախագահ Աւետիք Սահակեանը, Երեւանի քաղաքագլուխ Մկրտիչ Մուսինեանը, մտաւորական եւ ազգային գործիչ Բախշի Իշխանեանը եւ շատ ուրիշներ։ Բանտարկուեց նաեւ խմբապետ Համազասպը, որ ժամանակին, երբ Աւիսը դաշնակցական էր, նրա մտերիմ ընկերներից էր եղել։ Համազասպը վստահելով իրենց հին մտերմութեան, մի նամակ էր գրել եւ համագործակցութեան պատրաստակամութիւն յայտնել։ Աւիսը պատասխանել էր սիրալիր եւ նրան իր մօտ հրաւիրել։ Տեսակցութեան ընթացքում նոյնիսկ խոստացել էր պաշտօն տալ, բայց հենց գրասենեակի դռան առջեւ ձերբակալել էր տուել նրան։

Յեղկոմի համար անընդունելի էր նաեւ Դրոյի ներկայութիւնը Երեւանում եւ նրա ունեցած ազդեցութիւնը ժողովրդի եւ ընդհանրապէս հանրային կարծիքի վրայ։ Դրա միջոցն էլ գտնուեց։ 11-րդ բանակի հրամանատար Գէկկէրը (Հէկկէր) նրան Բաքու հրաւիրեց՝ «իրադարձութիւնների մասին զեկուցում տալու»։ Սիմոն Վրացեանը վկայում է, թէ բոլորին յայտնի էր այդ հրաւէրի իմաստը, բայց ուրիշ ճամբայ չկար. Դրոն չէր կարող չհնազանդուել։ Աւելին, հաւատալով իրեն տրուած այդ առիթին, նա փաստեր էր հաւաքում՝ աւելի ճշգրտօրէն եւ լիակատար զեկոյց ներկայացնելու տիրող սարսափելի իրավիճակի մասին։ Նա դեռ յոյս ունէր, որ ռուս բոլշեւիկ ղեկավարութիւնը քայլեր կառնի դրութիւնը փրկելու։ Իսկ Դրոն ինքը, 1948-ի Փետրուար 18-ին «Արեւելք»ում հրատարակուած մի յօդուածում, Երեւանից իր հեռացման անդրադառնալով, գրում է, թէ որոշեց գնալ «հակառակ անոր, որ իր ձեռքի տակ գտնուող հայկական բանակի թիւը աւելի մեծ էր, քան եկուոր սովետական բանակը»։ Կուսակցութեան որոշումով ու իր համաձայնութեամբ եւ քաղաքացիական կռիւների առիթ չտալու համար, Դրոն աքսորի ճամբան բռնեց։ [3]

1921-ի Յունուար 10-ին Դրոն դուրս է գալիս Երեւանից։ Բաքւում, Դրոյի անունը օգտագործելով, իբրեւ թէ նրա եւ 11-րդ բանակի հրամանատարութեան կողմից մի պատգամաւորութիւն է գնում Գորիս եւ պահանջում է Նժդեհից ընդունել խորհրդային կարգերը եւ զէնքերը վար դնել։ Յեղկոմը Երեւանում յայտարարում է, թէ Դրոն որոշ ժամանակ Մոսկուա պիտի մնայ՝ «քաղաքագիտական դասընթաց անցնելու համար»։ Իրականութեան մէջ, Հայաստանի Չեկայի պահանջով աքսորուել էր Դրոն։ Պարզ էր, որ Մոսկուան էլ գիտէր Հայաստանի դէպքերի մասին եւ առարկութիւն չունէր։

Դրոյի հեռանալուց յետոյ աւելի անսանձ սկսեցին գործել Աւիսն ու Աթարբէկեանը։ [4] Սրանք իրական տէրերն էին Հայաստանի եւ սարսափի ու հալածանքի ուժով փորձում էին «խորացնել բանուորա-գիւղացիական յեղափոխութիւնը»։ Դրոյի աքսորից յետոյ աքսորուեցին նաեւ Հայաստանի բանակի 1509 սպաներ՝ իբրեւ հին կարգերի մնացորդներ։ Հայկական սպայութիւնը դեռ հաշուի առնուելիք ուժ էր, որ, չնայած մեծ մասով բարոյալքուած, դեռ պատրաստ էր կռուելու հայրենիքի պաշտպանութեան եւ ժողովրդի բարօրութեան համար։ Ուրեմն, պէտք էր այդ ուժը չէզոքացնել։ Գործընթացը սկսուեց նախ նրանց մի մասին Բաքու ուղարկելով, 11-րդ բանակի մէջ իբր պաշտօն տալու պատրուակով։ Ի հարկէ պարզուեց, որ նրանց արգելափակում են Չեկայում։ Յետոյ տեղի ունեցաւ զանգուածային աքսորը Յունուար 24-ին։ Աքսորուած սպաների մէջ էին սպարապետ Նազարբէկեանը, որ խորհրդայնացումից յետոյ նշանակուել էր Հայաստանի Կարմիր Բանակի սպարապետ ու Դրոյի խորհրդական, զօրավարներ Սիլիկեանը, Հախվերդեանը, Ղամազեանը, Շելկովնիկեանը եւ ուրիշներ։ Արդէն Հայաստանում վերացել էին նախկին զինուորական օրէնքները եւ ընդունուել ռուսականը։ Պաշտօնից արձակուել էր հայ սպայութիւնը եւ փոխարինուել ռուս կոմունիստներով։

Ս. Վրացեանը վկայում է, թէ քանիցս, իբրեւ նախկին վարչապետ եւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, դիմել է Չեկայի պետ Աթարբէգեանին, Յեղկոմի նախագահ Կասեանին [5] եւ զինուորական կոմիսար Աւիսին, վերջ տալու հալածանքներին։ Նման դիմում կատարել է նաեւ Քաջազնունին, բայց պատասխանը միշտ եղել է նոյնը՝ «Պէտք է բուրժուազիայի արիւնը հոսի պրոլետարիատի վերջնական յաղթանակը ապահովելու համար»։ [6] Կասեանը մի տեսակցութեան ընթացքում ուրացել է կատարուող վայրագութիւնների մասին եւ պնդել, թէ ամէն ինչ շատ յաջող է ընթանում. բոլոր զեկոյցներն ու հեռագիրները վկայում են, որ «ժողովուրդը կատարելապէս գոհ է խորհրդային կարգերից եւ անիծում է դաշնակներին»։ [7]

 


[1] Տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 263։

[2] Ս. Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից» «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 2, Դեկտեմբեր, 1923։

[3] Դրոյի յօդուածը, որ նաեւ նկարագրում է հայ սպաների աքսորը, տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 269-271։ Նոյն դէպքի նկարագրութիւնը նաեւ տես՝ նոյն տեղում էջ 276-278 եւ Կ. Սասունի, «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 54։

[4] Տխրահռչակ համբաւ ունէր Աթարբէկեանը դեռ նախքան իր Հայաստան գալը։ Նա յայտնի էր դարձել յատկապէս Պիատիգորսկում իր կատարած վայրագութիւնների եւ մանաւանդ բարձրաստիճան սպաներ սպանելու համար։ Խօսւում էր, թէ երբ պէտք էր լինում ծայրայեղ վայրագութեան, Չեկան նրան էր ուղարկում։ Վրացեանը հետեւեալն է վկայում Աթարբէկեանի մասին. «Աթարբէկեանը էջմիածնեցի մի երիտասարդ էր, Մոսկուայի համալսարանի ուսանող։ Նա ծագում էր թոքախտաւորների եւ հոգեկան հիւանդների մի ընտանիքից եւ ինքն էլ թոքախտաւոր էր ու աննօրմալ»։ Պատերազմի ընթացքում նա ծառայել էր Քաղաքների Միութեան Էջմիածնի գրասենեակում եւ պատկանում էր ռուս Սահմանադիր-ռամկավարների կուսակցութեան։ Ցարիզմի տապալումից յետոյ ոխերիմ հակառակորդ էր յեղափոխութեան եւ միտինգներում պաշտպանում էր այն կարծիքը, թէ հայոց ազգային շահերի տեսակէտից միապետական Ռուսաստանի գոյութիւնը աւելի օգտակար է։ Շուտով նա հեռացաւ Հայաստանից եւ բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ, յանկարծ, երեւաց Հիւսիսային Կովկասում իբրեւ թունդ կոմունիստ եւ Չեկայի ամենահլու կամակատարներից մէկը։ Տես՝ Սիմոն Վրացեան, «Յուշեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 3, Յունուար, 1924, էջ 85։

[5] Ինչպէս շատերն են վկայում, դրանց մէջ նաեւ Բախշի Իշխանեանը, Կասեանը բնաւորութեամբ բարի ու չափաւոր էր, Հայաստանի առանձնայատկութիւնները ըմբռնող, բայց թոյլ էր՝ իր ընկերների շրջանակում իր կամքը քայլեցնելու։ Ըստ Իշխանեանի, նրան Յեղկոմի նախագահ էին նշանակել՝ յարգելով աւելի շատ նրա տարիքը, քան ընդունակութիւնները. տես՝ «Երկու Ամիս Բոլշեւիկեան Բանտում», էջ 38։

[6] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 525։

[7] Տես՝ Սիմոն Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 4, Փետրուար, 1923, էջ 34։