Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Երկրի իշխանութեան վրայ

Հայրենիքի Փրկութեան Կոմիտէն կացութեան տէր դարձած՝ կարեւոր պարտականութիւն ունէր։ Նախ՝ ներքին իմաստով երկրին կարգ ու կանոն վերադարձնել եւ ժողովրդի պէտքերը հոգալ, ապա, միեւնոյն ժամանակ մի քանի կողմից Հայաստանի վրայ գրոհ տուող ռուս ու թուրք բոլշեւիկների գլուխ անցած հայ բոլշեւիկների եւ Կարմիր Բանակի դէմ Հայաստանի սահմանները պաշտպանել։ Ներքին հարցերը կարգադրելու համար, ներքին գործոց նախարարութեան կից կազմւում է յատուկ մի յանձնաժողով՝ բռնագրաւուած իրերը կոմունիստական հաստատութիւնների ու Չեկայի եւ Յեղկոմի անդամների բնակարաններից հանելու եւ տէրերին վերադարձնելու։ Ըստ Վրացեանի, Փետրուարեան յեղաշրջումից յետոյ այս բոլոր երեւոյթների մասին պաշտօնական արձանագրութիւններ էին կազմուել, որոնք Փրկութեան Կոմիտէի Հայաստանից դուրս գալուց յետոյ մնացին Երեւան եւ հաւանաբար ոչնչացուեցին։ [1]

Հայրենիքի Փրկութեան Կոմիտէն Հայաստանում տեղի ունեցած յեղաշրջումի մասին հեռագիրներով տեղեկացնում է համայն աշխարհին, Դաշնակիցներին եւ Ազգերի Դաշնակցութեան։ Մինչեւ անգամ դիմում է Լենինին եւ Չիչերինին՝ ընդունելու Հայաստանի անկախութիւնը։ Հակաբոլշեւիկ այս յեղաշրջման հետեւանքով շատ կարճ ժամանակի համար դրական կերպով փոխւում է նաեւ անկախ Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի կառավարութեան եւ Վրաստանում ապրող հայերի նկատմամբ։ Դիւանագիտական կապերը վերահաստատւում են։ Սակայն Վրաստանի խորհրդայնացումը գալիս է փոխելու կացութիւնը։ Արդարեւ, Փետրուար 25-ին Կարմիր Բանակի մուտքը Թիֆլիս եւ Վրաստանի խորհրդայնացումը մեծ հարուած էր Հայաստանի համար։ Այժմ Հայաստանը, կտրուած դրսի աշխարհից, ամէն կողմից ենթակայ էր դառնում յարձակման. Երեւանից նահանջած Կարմիր զօրամասերը կենտրոնացել էին Ղամարլուի ուղղութեամբ, իսկ Ազրբէյջանից ու Վրաստանից եկած կարմիրները բռնել էին Դիլիջանը եւ Ղարաքիլիսէն։ Այս վիճակում հնարաւոր չէր երկար դիմանալ։

Պարզ է, որ թշնամական էր Կարմիր Վրաստանի դիրքը Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի նկատմամբ։ Վրաստանի բոլշեւիկ իշխանութիւնը տարածել էր այն կարծիքը, թէ Հայաստանում յեղաշրջումը կատարել են դաշնակցականները՝ իշխանութեան վերատիրանալու համար։ Այս թիւր կարծիքի դէմ խոշոր փաստ է Յովհաննէս Թումանեանի զեկոյց-նամակը Օրջոնիկիձէին ուղղուած, ուր Թիֆլիսից եկած մեծ բանաստեղծը, իր ստացած տպաւորութիւնների վրայ հիմնուած, հաստատում էր, թէ ընդվզումը համաժողովրդական է եղել։ [2]

Դրսի աշխարհից կտրուած փոքրիկ Հայաստանի ղեկավար Փրկութեան Կոմիտէն հաւանաբար լուր անգամ չունէր, թէ Մուստաֆա Քեմալի ներկայացուցիչները բանակցութիւններ էին վարում մի կողմից Դաշնակիցների, միւս կողմից բոլշեւիկ Ռուսաստանի հետ։ Թուրքերը, Դաշնակիցների դրամատիրական եւ կայսերապաշտական ախորժակների համար գրաւիչ առաջարկներ անելով, փորձում էին մոռացնել տալ Հայկական Դատը, իսկ բոլշեւիկների հետ զբաղուած էին մէկ անգամ ընդմիշտ լուծելու Հայաստանի հողային հարցը։ Որպէս վերջնական արդիւնք ռուս եւ թուրք բանակցութիւնների, 1921-ի Մարտ 16-ին Մոսկուայում կնքուեց ռուս-թրքական բարեկամութեան համաձայնագիրը՝ ի հաշիւ Հայաստանի հողերի։ Մոսկուայի համար Հայկական Հարցը կարգադրուած էր. մնում էր միայն համայնավար իշխանութիւնը վերահաստատել Հայաստանում։

Մարտ 25-ին սկսուեց Կարմիր Բանակի ընդհանուր յարձակումը։ Հայկական ուժերը Համամլույում, Սպիտակ Սարի տակ դիմադրեցին մի քանի օր եւս ու տեղի տուեցին։ Ապրիլ 2-ի առաւօտեան Կարմիր Բանակը արդէն Քանաքեռից էր սպառնում Երեւանին։ Կէսօրուայ մօտ Փրկութեան Կոմիտէն Երեւանը Կարմիր Բանակին թողնելով, դուրս եկաւ քաղաքից եւ սակաւաթիւ զօրք հետն առած դէպի Բաշ Գեառնի ուղղուեց։ Ժողովուրդը սարսափի մատնուած՝ տարերային հոսքով հետեւեց նրան։ Փրկութեան Կոմիտէն փորձում էր վերադարձնել նրանց, որոնց կեանքին անմիջական վտանգ չէր սպառնում. բայց անօգուտ։ Ժողովուրդը ահաբեկուած փախչում էր Կարմիր Աղէտից։ Եւ յայտնի չէր, թէ ի՞նչ պիտի լինէր յետոյ։ Վայոց Ձորն ու Զանգեզուրը աղքատ էին, Հայաստանի լեռնային այս շրջանի երկար ձմեռը հազիւ էր աւարտուել, գիւղացին միջոցներ չունէր հազարաւոր գաղթողներին ապաստան տալու եւ կերակրելու։ Եւ այս պայմաններում Փրկութեան Կոմիտէն պիտի առնէր պատասխանատւութիւնը հազարաւոր կեանքերի՝ մի կողմից գաղթականների համար ապրելու հնարաւորութիւններ ստեղծելով, միւս կողմից հետապնդող բոլշեւիկ ուժերի հետ կռուելով։

Փրկութեան Կոմիտէն, Երեւանից դուրս գալու ժամանակ, իր հետ վերցնում է մի որոշ գումար կառավարական գանձանակից, որ ծախսւում է տարագրութեան ճամբին, Լեռնահայաստանում՝ ռազմական գործողութիւնների համար եւ ապա Թաւրիզում՝ տարագիրների պէտքերը հոգալու համար։ Այդ հաշիւները քննելու նպատակով Թաւրիզում ընտրւում է մի յանձնախումբ, որը եւ իր աշխատանքի արդիւնքի մի մասը հրատարակում է յատուկ գրքոյկով։ Հաշիւների ամբողջական պատկերը ներկայացնող թղթերը պահւում են Դաշնակցութեան արխիւում։ Այնուամենայնիւ, վերցուած այդ դրամը մինչեւ վերջ էլ ամբաստանութեան եւ ցեխարձակումի նիւթ դարձաւ Խորհրդային Հայաստանում։ Յատկանշական է, որ 1921-ի Ապրիլ 6-ին «Ռազմռեւխորհուրդ»ի նախագահ Սարգիս Կասեանը եւ Ժողկոմի կողմից Աւիսը մի հեռագիր են յղում Օրջոնիկիձէին, նշելով, որ դաշնակները Երեւանից հեռանալիս տարել են պետական արժէքներ եւ դրամանիշեր, եւ խնդրում են նրան իր հետ բերելու «ամենաքիչը մէկ միլիարդ ռուբլի սովետական փող»։ [3] Վարկաբեկումը շարունակուեց տարբեր առիթներ օգտագործելով։ Օրինակ՝ Վահան Մինախորեանը վկայում է, որ տարագիրներից 114 հոգի Ատրպատականում, հակառակ ղեկավարութեան արգելքներին, նիւթական ծանր վիճակից դուրս գալու համար երեք թուման ամսականով մտել էին պարսկական բանակի մէջ եւ մասնակցել քուրդ-պարսկական ընդհարումներին։ Խորհրդային Հայաստանի մամուլը այս երեւոյթը ներկայացնում է որպէս Դաշնակցութեան փորձը՝ Սալմաստի եւ Ուրմիոյ շրջանում իշխանութիւն ստեղծելու եւ այնտեղ Խորհրդային Հայաստանի դէմ յենարան հաստատելու։ [4]

 


[1] Տես՝ Սիմոն Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 4, Փետրուար, 1924, էջ 103-104։

[2] Յովհաննէս Թումանեանի նամակ-զեկոյցի բնագիրը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 541։

[3] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 368, էջ 511։

[4] Վահան Մինախորեան, «Վերադարձը», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 6, Ապրիլ, 1924։