Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Երկու բարեկամները թալանի աւարն են կիսում

Փետրուարեան զանգուածային ապստամբութիւնից յետոյ, երբ Հայաստանից դուրս էր շպրտուած բոլշեւիկեան իշխանութիւնը, երբ Հայրենիքի Փրկութեան Կոմիտէն էր երկիրը վարում, Մոսկուայում տեղի էին ունենում ռուս-թրքական բանակցութիւնները։ Եւ առանց Հայաստանում տիրող իրավիճակին մեծ կարեւորութիւն տալու, վստահ իրենց աշխարհակալական ուժի վրայ ու հեգնելով փոքր ժողովուրդների ազատագրական ձգտումները, երկու պետութիւնները կիսում էին աւարը՝ իրենց սահմանների մէջ ընկած հողերը։

Խորհրդային Ռուսաստանի իշխանաւորները որոշել էին ամէն գնով գոհացնել Թուրքիային։ Այս կողմնորոշման հայելին է «Հայաստանը եւ Թուրքիան Առաջիկայ Կոնֆերանսում» 1921-ի Մարտ 4-ին լոյս տեսած յօդուածը։ Այդտեղ շեշտւում է անհրաժեշտութիւնը՝ ամէն գնով սատար կանգնելու Թուրքիային՝ «որն առայժմ Անտանտայի իմպերիալիստական պետութիւնների դէմ ակտիւ պայքարող Արեւելքի կիսագաղութային երկիրն է։ Այդ պայքարում Թուրքիային օժանդակելու համար պայմանաւորուող երկրները պէտք է բաւարարեն նրա ազգային պետական պահանջները»։ Ըստ յօդուածագրին՝ «Սոցիալիստական պետութիւնները այնուամենայնիւ պէտք է յաղթահարեն իրենց նացիոնալիզմը եւ համաշխարհային յեղափոխութեան շահերի համար զոհաբերեն ոչ միայն իրենց տերիտորիաները, այլեւ նոյնիսկ իրենց ցեղակիցների խմբերին»։ Ի հարկէ, յօդուածագիրը ընդունում է, որ «բոլոր նկատառումները վերաբերում են Հայաստանին, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ադրբեջանը Թուրքիոյ հետ վիճելի հողեր չունեն, կոնֆերանսի գլխաւոր հարցը հայկական հարցն է… Հայաստանը անպայմանօրէն պէտք է ղեկավարուի ազգային մեծագոյն զոհաբերութիւնների վերաբերեալ լենինեան սկզբունքով։ Նա պէտք է հրաժարուի ոչ միայն ծովից ծով Հայաստանի մասին դաշնակցական իմպերիալիստական մտադրութիւններից, այլեւ նոյնիսկ հայկական անուանուող հողերը միացնելու համեստ ցանկութիւնից։ Այսպէս, նա պէտք է հրաժարուի Վանի եւ Բիթլիսի վիլայէթները վերադարձնելու պահանջներից, քանի որ ներկայ մոմենտում այդ պահանջները պէտք է անհիմն համարել»։ [1]

Յիրաւի, Մոսկուայի կովկասեան քաղաքականութեան ուղեցոյց Ազգային Գործերի Ժողովրդական Կոմիսարիատը եւ նրա ղեկավար Ստալինը համոզուած էին, որ եթէ անգամ Թուրքիան ծաւալապաշտական եւ համաթրքական նպատակներ ունի եւ ձգտում է գրաւել հայկական հողերը, դա մեծ նշանակութիւն չունի։ Համաշխարհային համայնավարական յեղափոխութեամբ ամէն ինչ կը լուծուի։ Հայաստանի շահը, ուրեմն, ամենաաննշան եւ անկարեւոր բանն էր, որ Ռուսաստանը ամենայն հանգստութեամբ կարող էր զոհագործել Դաշնակիցների դէմ՝ Թուրքիոյ բարեկամութիւնն ու զինակցութիւնը շահելու համար։ Իսկ թուրքերը անդրդուելի էին իրենց պահանջների մէջ։

Գործի էին լծուած Էնվերը, Խալիլը եւ Ալի Ֆուատը Մոսկուայում։ Էնվերը ինքն է զեկուցում Մուստաֆա Քեմալին, թէ իր աշխատանքի շնորհիւ Կարախանն ու Չիչերինը համաձայնուեցին «երեք նահանգները (Կարս, Արդահան, Օլթի) եւ աւելին՝ Իգդիրի գաւառը» թուրքերին զիջել։ [2] Երբ 1921-ի Փետրուարի վերջին Մոսկուայում տարւում էին ռուս-թրքական բանակցութիւնների նախապատրաստական աշխատանքները, ըստ Գ. Լազեանի վկայութեան, Ալի Ֆուատի հարցումին, թէ Հայաստանի հարցը մաս պիտի կազմի՞ բանակցութիւններին, Ստալինը պատասխանում է. «Դուք ձեզի Հայաստանի հարցը լուծեցիք։ Եթէ չլուծուած բան դեռ մնացել է, այն էլ լուծէք, բայց ժամանակը ճշգրտապէս մեզ տեղեկացրէք»։ [3]

Որպէս արդիւնք երկարատեւ բանակցութիւնների, 1921-ի Մարտ 16-ին Մոսկուայում ստորագրուեց մի դաշնագիր, որ ջնջում էր նախապէս կնքուած որեւէ համաձայնութիւն՝ եթէ դա կողմերի կողմից ստորագրուած է պարտադրանքի տակ։ Դաշնագիրը ճշտում էր երկու պետութիւնների սահմանները, պարտաւորութիւն էր դնում երկու կողմերի վրայ՝ արգելելու գոյութիւնը պատկան երկրում որեւէ խմբակցութեան, որ ուղղուած լինի միւս երկրի կառավարութեան դէմ։ Ռուսաստանը պարտաւորւում էր անհրաժեշտ քայլեր առնել, որպէսզի Անդրկովկասի հանրապետութիւնները ընդունեն իրենց վերաբերող բոլոր պայմանները։ [4]

Մոսկուայի դաշնագիրը Հայաստանի վրայ պարտադրում էր շատ աւելի աննպաստ պայմաններ՝ քան Ալեքսանդրապոլում ստիպուել էր ընդունել Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը։ Այսպէս, Ալեքսանդրապոլի դաշնագրով Կարսի նահանգի եւ Սուրմալուի վերջնական ճակատագիրը պիտի որոշուէր մինչեւ 3 տարի՝ հանրաքուէի միջոցով։ Մոսկուայի պայմանագրով այդ շրջանները անցան Թուրքիային։ Շարուրն ու Նախիջեւանը ժամանակաւորապէս պիտի մնային ինքնավար՝ Թուրքիայի հովանաւորութեան տակ։ Մոսկուայի համաձայնագրով, այդ շրջանները կցուեցին Ազրբէյջանին, պայման դնելով, որ նա իրաւունք չունենայ դրանք ուրիշի փոխանցելու։

Դաշնագրի ստորագրութիւնից մի քանի օր յետոյ, Բեքիր Սամին Փարիզում հանդիպում է Հայաստանի Պատուիրակութեան անդամներ Ալեքսանդր Խատիսեանի, Գարեգին Փաստրմաճեանի եւ Սարգիս Արարատեանի հետ։ Առանց ստորագրուած դաշնագրին ակնարկելու, Անգարայի կառավարութեան ներկայացուցիչը դիտել է տալիս, թէ Թրքահայաստանի հարցը միայն հայ-թրքական հարց չի, այլ կախուած է Ռուսաստանի ընթացքից։ Բեքիրը խոստովանում է նաեւ, որ Թուրքիայի համար հայերին հողեր զիջել՝ նշանակում է դրանք զիջել ռուսներին, քանի որ ամէն համաձայնութիւն Ռուսաստանի հետ ժամանակաւոր բնոյթ ունի, եւ Ռուսաստանի նոր տէրերն էլ իրենց հերթին պիտի կիրարկեն իրենց նախորդների արեւելեան քաղաքականութիւնը։ [5]

Թուրք-ռուսական «բարեկամութեան» դաշինքը աւելի ամուր հիմքերով օժտուելու համար, Անդրկովկասին վերաբերող պայմանները պիտի վաւերացուէին նաեւ Անդրկովկասեան հանրապետութիւնների կողմից։ 1921-ի Սեպտեմբեր 26-ից Հոկտեմբեր 13-ը Կարսում տեղի ունեցած խորհրդաժողովում այդ ձեւական պաշտօնականացումն էլ կատարուեց։ Խորհրդաժողովը հովանաւորում էր Ռուսաստանը, նախագահն էր Քեազիմ Կարաբեքիրը, իսկ որպէս «Խորհրդային Անկախ Հայաստան»ի ներկայացուցիչ, մասնակցում էր Ասքանազ Մռաւեանը։ [6] Քեազիմ Կարաբեքիրը վերջնագրի ձեւով ներկայացնում է Թուրքիոյ պահանջը՝ անփոփոխ կերպով ընդունելու Մոսկուայի դաշնագրի պայմանները։ Առարկութիւնները անօգուտ էին։ Ռուսաստանի ներկայացուցիչ Գանեցկին փորձում է Անիի աւերակները, որոնք, ինչպէս ինքն է յարում, զգացական արժէք են հայերի համար, եւ Կողբի աղահանքերը ուզել Հայաստանի համար, որ մերժւում է բուռն կերպով։ Ապա նա «յուզուած» կերպով յայտարարում է, թէ Անդրկովկասի ժողովուրդները այդ մերժումը պիտի ընդունեն ճշմարիտ ցաւով։ Միայն այդքան։

Խորհրդաժողովը վերահաստատում է Նախիջեւանի ինքնավարութիւնը Ազրբէյջանի հովանաւորութեան տակ, աւելացնում մանրամասնութիւններ՝ պաշտօնական լեզուի, կրթական, ամուսնութեան եւ կրօնի ազատութեան խնդիրների մասին։ Հոկտեմբեր 13-ին ստորագրւում է դաշնագիրը։ Եւ «Խորհրդային Անկախ Հայաստան»ի ներկայացուցիչ Ասքանազ Մռաւեանը, Ռուսաստանի միջնորդութեամբ կամ կարգադրութեամբ, իր համաձայնութիւնն է տալիս Մոսկուայում վճռուած եւ Կարսի խորհրդաժողովում վերահաստատուած, Ալեքսանդրապոլի դաշնագրի պայմաններից էլ աւելի աննպաստ պայմանների։

Կարսի դաշնագրի առաջին յօդուածը չեղեալ էր համարում Թուրքիային վերաբերող բոլոր դաշնագրերը՝ ստորագրուած Թուրքիայի, Ռուսաստանի եւ Անդրկովկասեան երեք հանրապետութիւնների միջեւ՝ բացի 1921-ի Մարտ 16-ի Մոսկուայի դաշնագիրը։ Այսինքն չեղեալ էին համարում Բաթումի, Սեւրի եւ Ալեքսանդրապոլի դաշնագրերը։

Կարսի դաշնագիրը վերջին գործողութիւնն էր, որ կատարեց Խորհրդային Անկախ Հայաստանը։ 1921-ի Դեկտեմբերին կազմուեց Անդրկովկասեան Դաշնակցութիւնը եւ Հայաստանը, իր անկախ մակդիրը կորցրած, դարձաւ մի մասնիկը Անդրկովկասեան Դաշնակցութեան, որով եւ՝ մի մասնիկը Խորհրդային Ռուսաստանի։

 


[1] Յօդուածը հրատարակուած է եղել Ազգային Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի պաշտօնաթերթ «Ժիզն Նացիոնալնստէյ»ում, Ա. Սքաչքով ստորագրութեամբ։ Գ. Լազեանը ակնարկում է այս յօդուածին, որի թարգմանութիւնը առել է Պոլսի «Ժամանակ» թերթի 1948 թ. Օգոստոս 13-ի համարից, որ իր հերթին առել էր «Ջումհուրիէթ»ից։ 1948-ին, երբ վերարծարծւում էր հայկական հողերի հարցը, թրքական թերթը պարտք էր համարել 1921-ին գրուած Ազգային Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի, այսինքն՝ վերջին հաշուով Ստալինի պաշտօնական խօսքը լսեցնել աշխարհին։ Յօդուածը այդ թերթերում ներկայացուած է եղել իբրեւ Ստալինի հեղինակութիւն։ Տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 197։ Վերի մէջբերումը կատարուած է ուղղակի յօդուածի հայերէն թարգմանութիւնից։

[2] «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 247։

[3] Գ. Լազեանը յիշատակում է Ալի Ֆուատի խօսակցութիւնը Ստալինի հետ. տես՝ նոյն տեղում, էջ 244։

[4] Դաշնագրի բնագիրը տես՝ նոյն տեղում, էջ 285-286։

[5] «Սարդարապատից», էջ 118-119։

[6] Նիստերի արձանագրութիւնները տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 643-648։