Հեղինակ

Բաժին

Թեմա

/105/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՄԱՆՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՆԵՐԸ


Ռ. Պատկանյանի ստեղծագործության բովանդակությունը։ Ներհակություն Նալբանդյանի հետ: Գյուղացիական ապստամբության եւ եվրոպական ինտերվենցիայի հեռանկարը Պատկանյանի մոտ: Նրա դիրքավորումը ազգային-պահպանողական հոսանքի մեջ։ Պատկանյանի գաղափարական կազմավորումը: Մանուկ Հայաստանի ազգային-ազատագրական շարժումները:
Ս. Շահազիզյանի գրական անդրանիկ քայլափոխերը: Էմինի եւ Նազարյանցի ազգեցության ժամանակաշրջանները: Ռեւոլյուցիոն-դեմոկրատական շարժման անդրադարձումը «Լեւոնի վշտի» մեջ: Նալբանդյանի ազդեցության հետքերը: Անդրկովկասյան Հայաստանի պատկերը «Լեւոնի վիշտը» պոեմում: Զինված ապստամբության կոչը պոեմի էջերում։ Հեղինակի պեսիմիզմը եւ դրա ակունքը։ Բանաստեղծի հետագա էվոլյուցիան: «Լեւոնի վիշտը» որպես ազգային-քաղաքական մանիֆեստ։ Մ. Բուդաղյանը, «Նալբանդովի պարտիան» եւ Պետերբուրգի հայ ընկերությունը:

Վաթսունական թվականների հասարակական-քաղաքական մտքի գծագրված հետնախորքի վրա դառնանք Մանուկ Հայաստանի այն գաղափարախոսներին, որոնց գրական ելույթները զբաղեցրել էին ցարական ռեակցիայի պաշտոնական ու անպաշտոն օրգաններին:

Վկայակոչելով Գամառ-Քաթիպայի երազած Մանուկ Հայաստանը՝ Կատկովի թերթը ռեւոլյուցիոն տրամադրություններ էր նկատել բանաստեղծի մեջ: Ռուս թերթը աչքի առաջ ուներ բանաստեղծի 1862 թվականին գրած «Հայկ եւ Լեւոն մոռանանք, եղբարք» ծանոթ այն երգը, ուր հեղինակը, ուրվագծելով ազատ Հայաստանի հեռապատկերը, ավարտում՝ էր իր խոսքն այսպիսի քառատողով.

Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ

Ձայն, տրոփ, խոսք, շըշուկ զիլ-զիլ լսվեցավ…

Մասսու ճակատեն մեգը հեռացավ…

Մանուկ-Հայաստան ոտքի կանգնեցավ…

«Մանուկ-Հայաստանի» պատկերն այստեղ ընկալվում էր որպես Հայաստանի ազգային զարթոնքի էմբլեմ: Վեր հանելով այդ պատկերը՝ /106/ Պատկանյանը հրահրում էր ու արծարծում Հայաստանի ազգային ինքնորոշման գաղափարը եւ դրվատում իր անկախության համար ոտքի ելնող հայ ժողովրդին [1]:

Առաջիններից մեկն էր նա, որ ոչ միայն ձեւակերպում, այլեւ իր երկերով կենսագործում էր այն միտքը, թե ազգ դառնալու համար հայերը պետք է ունենան հանրամատչելի գրական լեզու: 1856 թ. «Գամառ-Քաթիպա» ընկերակցության մեջ մտնող յուր երկու համախոհներին՝ Գ. Քանանյանին եւ Մ. Թեմուրյանին ուղղած «Հայտարարության» մեջ Պատկանյանը ազդարարում է այն սկզբունքը, որին հավատարիմ մնաց նա միշտ: «Հայը կարոտ է մտավոր զբոսանքի. նա գիտե, որ ինքը «ազգ» է, - ուրեմն պիտի ունենա ազգության ամենագլխավոր պայմանը, առանց որին ազգը ազգ չէ, այլ խուժան, խուժամուժ. այդ պայմանը մի ընդհանուր եւ ամենուն հասկանալի լեզու է» [2]:

Սրանով նա ընդառաջում էր կովկասահայերի ազգային-քաղաքական կոնսոլիդացման պրոգրեսիվ այն շարժման, որ տեղի էր ունենում Անդրկովկասի հայաբնակ գավառներում, Ռուսաստանին միանալու ժամանակներից ի վեր: Իր գաղափարաբանությամբ բանաստեղծը ոչ միայն արձագանքում էր Արեւմուտքի եւ Ռուսաստանի մանր ու ճնշված ժողովուրդների ազգային զարթոնքին, այլեւ նրանց ազատագրական ձգտումներին: Պատկանյանը առաջ էր քաշում ու շեփորում ազգային ինքնագիտակցություն նվաճող հայ ժողովրդին ազգային-քաղաքական ազատագրման գաղափարը: Նա կամենում էր իմանալ Հայաստանի առաջվա՝ «փառքից» ընկնելու, հայերի ցաքուցրիվ լինելու պատճառը եւ հնար որոնում պանդուխտ հայերի հայրենադարձության եւ Հայաստանի «կրկին նորոգման»: Ներշնչելով ազգակիցներին նախնիների կորովն ու քաջությունը՝ նա հրահրում էր «չորս ու կես միլիոն» հայրենակիցներին ապստամբել թյուրք բռնատիրության դեմ, դարձնել իրենց հայացքը դեպի պատմական հայրենիքը, հալածել նրան տիրացած «ուրջուներին», տիրել հայրենի հողին, գոնել իրենց «կորցրած թագը», ցողել իրենց զենքով նվաճելիք հայրենի հողը սեփական քրտինքով:

Հայաստանը պիտի լինի Հուսո աստըղ քեզ համար,

Օտարինը դու մի ասիլ, մի էլ սիրիր կուրորեն,

Բայց դու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:

գրում էր բանաստեղծը:

/107/ Բանաստեղծը ապավինում է հայ գյուղացու «ջլուտ ձեռներին», նրա թ ահ ու հրացանին, նրա «անվեհերթ սրտին ու «ազնիվ խորհուրդներին»: Զեյթունի ապստամբության տարում նա գրեց «Աղասու մոր երգը», արձագանքելով ազատության համար զենք բարձրացրած գեղջուկ լեռնցիներին: Ժողովրդի հարստահարիչների դեմ ուղղած թունոտ ծաղրի, հալածիչների նկատմամբ տածած բուռն ատելության մեջ զգացվում է բանաստեղծի տենչը՝ ամեն ինչ ի սպաս դնելու ազգային-քաղաքական շարժման հաղթանակին:

Այս ամենը, անշուշտ իդեական շփման որոշ կետեր էր ստեղծում Պատկանյանի եւ Նալբանդյանի միջեւ: Դատելով նրանց հայացքների ընդհանուր մոմենտների հիման վրա, Կատկովի օրգանը տրամադիր էր անգամ նույնություն նշմարել դրանց մեջ:

Այնուամենայնիվ, չնայած, որ եւ Պատկանյանը, եւ Նալբանդյանը տոգորված էին ջերմ հայրենասիրությամբ եւ ոգեշնչված հայ ժողովրդդի քաղաքական ազատագրման գաղափարով, նրանք տարբեր պատկերացում ունեին ազատագրական պայքարի ուղիների ու հեռանկարների մասին: Պատկերացումների այդ տարբերությունը բխոս էր նրանց հա-սարակական-քաղաքական հայացքների տարբերությունից, որը 50-60ական թվականների ընթացքում հասավ Պատկանյանի եւ Նալբանդյանի միջեւ տեղի ունեցած հակամարտության: Հանգամանք է այն, որ ցայտուն կերպով արտահայտվեց նաեւ նրանց մի շարք գրական երկերի մեջ:

1861 թ. «Կռունկ»-ի՝ էջերում լույս տեսավ Ռ. Պատկանյանի «Քաջ Վարդանի մահը»: Իր բովանդակությամբ այդ պոեմը ակտուալ նշանակություն ուներ ցարիզմի դեմ կովկասահայ ազգային-պահպանողականների մղած պայքարի համար, պայքար, որ նույն այդ պահին ստացել էր առավել սուր բնույթ: Պոեմի մասերից մեկում՝ «Հիմի է՞լ լռենք» երգի մեջ Պատկանյանն ակնարկում էր այն աղետը, որ բերում էր ցարիզմը հայադավան եկեղեցու ազատությանը՝ իրեն գործիք դարձնելով հայ կղերի ռեակցիոն տարրերին: Շեշտը դնելով արտաքին թշնամուն՝ ցարիզմին դիմադրելու անհրաժեշտության վրա՝ պոեմը չէր ընդգծում ներքին թշնամիներին՝ կղերի շարքերը սողոսկած «գառնազգեստ գայլերին» մերկացնելու, նրանց դեմ հասարակական լայնահուն պայքար կազմակերպելու կարեւորությունը:

Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենք»-ին Նալբանդյանը հակադրեց «Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը», իր «Հիմի է՞լ խոսենք» պարոդիան: Չափական այդ գործի մեջ Նալբանդյանը մերկացնում էր հայ գործիչներին, նրանց, ովքեր ազգադավությամբ եւ ազգուրացությամբ նախապատրաստում էին ցարիզմին ցույց տրվող դիմադրության պարտությունը։ Իր պարոդիայով Նալբանդյանը նշավակում էր ազգի ներքին /108/ այն թշնամիներին, նրանց, ովքեր ջլատում ու կասեցնում էին ցարիզմի դեմ ուղղված ազատագրական պայքարի ուժերը, հարկադրում ազգին ծունկի իջնել բռնատիրության առաջ, հեղորեն ողջունել «դրան շներին»:

Ռ. Պատկանյանի դիրքավորման դեմ Նալբանդյանը խոսք առավ նաեւ Պատկանյանի «Հայկ եւ Լեւոնին մոռանանք, եղբարք» երգի առիթով, սրան անդրադառնալով «Հայկ եւ Տիգրանին հիշենք միշտ, եղբարք» իր պարոդիայում:

Պարոդիայի հեղինակը վստահ չէ Պատկանյանի ազատասիրական թմբկահարումներին: Նա ընկալում է նրա ազգասիրական կոչերը որպես «գայլի շարական»: Վերհիշենք պարոդիայի սարկազմը.

 

Հարավ հյուսիսից փոշի բարձրացավ…

Շառաչյուն զենքի… մթնեցավ օրը,

Ղավազ, սարքազի գլուխն երեւցավ,

Մեր ազգասերը մտավ ծակուռը:

«Հը՞, Հայաստա՞նը, - թող տեղը կենա,

Ասում է զգույշ մեր ազգասերը. -

- Բահ ու հրացան, ի՞նչ եղան նոքա,

Թե՞ քշում էիր՝ դու ուրջուները…»:

«Ես այդ ամենը ասում եմ բերնով,

Կեցցե սուրբ Մեսրոպ, որ մեզ գիր տվեց.

Հողեր եմ վարում հեռվից` խոսքով,

Հրացան իմ պեսը կուրծքին ե՞րբ սեղմեց…»:

 

Իր բանաստեղծությունների մեջ Պատկանյանը պայքարի կոչ էր անում հայ գյուղացուն՝ ելնելով ազգի հավաքական շահերից: Ի սպաս դնելով ազգի հավաքական շահերին հայ գյուղացու մարտական կորովը՝ նա հակադրում է հայ գյուղացուն օտար ազգերին, առանց սրանց դասակարգային տարբերակման: Բանաստեղծի վերապատկերած հայ գյուղացու ատելին նրա դասակարգային թշնամին չէ, այլ նրա հայրենիքին տիրացած «ազգը», պարսիկը, թյուրքը, «Հայկ եւ Լեւոնին մոռանանք» երգում հայ երիտասարդը հակադրված է «օտարուհու» Հայրենիքին, «սառը Հյուսիսին», Ռուսաստանին:

Ազգային բացառկությունը փակուղի էր ստեղծում ազատագրական շարժման առաջ, պայմանավորելով նրա իդեական ամլությունն ու նախապատրաստելով նրա չարաչար պարտությունը: Այս հանգամանքն էր Հենց գաղափարական խոր անջրպետ ստեղծում Պատկանյանի եւ Նալբանդյանի դիրքավորումների միջեւ, պատճառ դառնում նրանց սկզբունքային տարաձայնություններին:

Անգիտանալով, որ, ինչպես ասում էր Նալբանդյանը, «այրի Հայաստանի» որդիքը… դարձել են «պանդուխտ, իրենց բուն երկրում», /109/ Պատկանյանը հանգել էր այն կարծիքին, թե կովկասահայ գյուղացու թշնամին գտնվում է նրա գյուղի, նրա մերձավոր քաղաքի եւ նույնիսկ նրան ճնշող պետության սահմաններից դուրս: Թշնամուն պատուհասելու համար գյուղացու այրին օրորոցի իր մանկան ականջին շշնջում էր.

Առաջ գնա, գետը անցիր, այն սրահոս Երասխեն,

Գընա՛, գտի՛ր այն եզիդուն, որ այն ծառի ետեւեն

Նետը քաշեց, օդը պատռեց, քո հոր կյանքը սեւ արեց:

Գյուղացիության բահ ու սրին նույն դերն էր հատկացնում Պատկանյանը, որպիսին հատկացնում էին Եվրոպայի [3] միջամտությունը հայցող Պոլսի Բարեգործականի անդամներից եւ Թբիլիսիի կռունկյաններից շատերը զեյթունցիների ապստամբությանը: Ազգային-ազատագրական շարժման մեջ նրանց շահագրգռողը գյուղացիական ռեւոլյուցիայի հաղթանակը չէր, այլ գյուղացիների արյան տուրքը ազգային ազատագրական շարժման: Թեպետեւ հայ ազգային շարժումը հանդիսանում էր հայսունացող գյուղացիական կամ բուրժուական դեմոկրատական ռեւոլյուցիայի սիմպտոմներից ու արտահայտություններից մեկը, Պատկանյանի գիտակցության մեջ այն չէր համատեղվում գյուղացիական կամ բուսժուական դեմոկրատական ռեւոլյուցիայի հետ:

 

Աս ի՞նչ տեսնամ, սելավ կուգա հյուսիսէն…

Հայ մարդ, թեզով, ժողվե քո փաս ու փուսեն,

Առ գլուխըդ, քոչե դեպի քո աշխարհ,

Քանի oրեն տունըդ բանըդ չես ճանչնար:

 

գրում էր բանաստեղծը:

Պայքարի մարտակոչ չէր այս, այլ փախուստի համար: Սրա մեջն էր հենց այն խոր պատճառը, որ ստիպում էր Նալբանդյանին թերակավատությամբ վերաբերվելու Պատկանյանի ապստամբական կոչերին։ Նալբանդյանը համոզված չէր, որ ցարիզմի դեմ մղվելիք պայքարում Պատկանյանը կարող էր հանդիսանալ հետեւողական զինակից:

Կասկած չկա, որ այդ աչքի առաջ ուներ Նալբանդյանը, երբ գրում

 

Ազատության իղձը շրթունքի վրա,

Մի քանի մարդոց տեսնում ենք, այո,

/110/ Ովքե՞ր են դոքա, ո՞չ երդվյալ ծառա,

Որ օտար լուծին մնան միշտ հլու:

 

Պատկանյանի շրջադարձը դեպի թյուրքահայ շարժումը տեղի ուներ ազգային-պահպանողականների դիրքերից: «Քաղաքականապես ռուս» հռչակելով հայերին՝ լիբերալները երես էին շուռ տալիս ռուս ժողովրդից եւ ի սպաս դնում իրենց ուժերը ռուս կառավարությանը: Անվստահություն, հայտնելով ցարական Ռուսաստանի նկատմամբ՝ Պատկանյանը պասսիվ դիմադրություն է ցույց տալիս ցարիզմին եւ անտարբերություն ցուցաբերում «օտար» համարված ռուս ժողովրդի քաղաքական բախտի նկատմամբ: Իր մի նամակում նա անկեղծորեն ուզում էր հավատացնել ռու բյուրոկրատիային, թե «Հայերը երբեք տերության գործերի մեջ խառնված չեն» [4]: Նամակներից մի ուրիշում գրում էր. «Ես երբեք չեմ կարող հավատալ, որ լավ հայը կարող լինի ամեն տեղ լավ քաղաքացի լինիլ. եւ համոզված եմ դրա հակառակ երեւույթի մեջ: Ո՞վ է լավ քաղաքացի։ Նա է, որ յուր բնակած լերկրի՝ մարդոցը խելքը միտքը կբանա, նրանց քաղաքական ձգտման ձեռնտու կլինի: Դու կենում էիր Պետերբուրգի մեջ ուզում էիր. նրան օգուտ բերել, նրա Միթռաֆաններուն, Ֆեդյուշներուն, Թռոֆիմուշքաներուն, Վեռոչքաներուն աչքը բանալ, բարի ուղղություն տալ եւ դիցուք թե գործդ հաջողակ էր: Մի՞թե նույն գործունեության միջոցիդ սրտիդ մեջ մի բան քեզ չէր ասում, որ՝ քան թե ես սոցա պիտի օգնեմ, լավր այն չէ՞ր որ իմ հարազատ Փանոսներին, Կիկոլներին, Խեչոներին եւ Ծուպուկներուն օգտավետ լինեմ: Մի՞թե դու նկատած չէիր լինիլ, որ ձգտումն քանի մի տիրապետող ազգերուն էր կուլ տալ ըստ մարթելույն իրենց ձեռքի տակ եղած ազգությունքը, ի թիվս որոց եւ մեր խեղճ հայությունը: Մի՞թե դու, ինչպես հայ, կարող էիր անտարբեր աչքով նայել քո ազգի այդպիսի վիճակին: Իհարկե, քանի որ մեջդ ազնվությունը առկայծած է, կամ պիտի մաշվեիր անգործության մեջ, կամ գլուխդ աուած՝ խիզախեիր վտանգի, տանջանաց եւ ազգային գործունեության» [5]:

Ակներեւ է բանաստեղծի դժգոհությունը Ռուսաստանի քաղաքական կարգերից եւ ցարիզմի հայկական քաղաքականությոմնից: Բայց, ինչպես եւ ազգային-պահպանողականները, այդ դժգոհությունից նա անում էր այն հետեւությունը, թե հայերի քաղաքական բախտը հիմնականում կապված է միայն թյուրքահայ շարժման հետ: Այդ մարզում է, որ հայերը «գլուխ առած» պիտի «խիզախեին վտանգի, տանջանաց եւ ազգային գործունեության»:

/111/ Հետագայում եւս Պատկանյանը հանդիսանում էր այն գործիչներից մեկը, որոնք հայ ժողովրդի թափած արյունը համարում էին միջոց եվրոպական ազգերի անտարբերությունը» կոտրելու եւ նրանց միջամտությամբ: Հայաստանի ազատությունն ապահովելու համար. ահա թե ինչ էր գրում` նա, օրինակ, Կարնո կոտորածի կապակցությամբ.

Այդ արյան շիթը կդիպչի աչաց,

Ժրոտ ճրպուռը վայր կթոթափե

Կույր եւ կարճատես լուսավոր ազգաց,

Հայ, ազատության ժամը քո մոտ է:

 

Մերժելով եվրոպական ինտերվենցիայի գաղափարը՝ Նալբանդյանը, հիրավի, չէր կարող համերաշխել նման մտայնությամբ հայերին ապստամբության հորդորող Պատկանյանի հայացքներին, նա չէր կարող համարել նրան հայ ազատագրական շարժման ռեւոլյուցիոն ընթացքի կուսակից:

Դեռեւս բանաստեղծական իր երախայրիքում Ռ. Պատկանյանը նշավակում էր ֆրանսիական ռեւոլյուցիայի դեմ դեմոկրատական գիծը կենսագործող Մարատին «չար գազան», «աշխարհավեր», «տիրասպան» բառերով, եւ անգամ արիստոկրատական օպոզիցիայի պարագլուխ Միրաբոյին համարում «անաստվածից գլուխ» [6]:

1860 թ. «Հյուսիսափայլ»-ի էջերում ներբողելով Նապոլեոն Բոնապարտին՝ նա բնորոշում էր ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիան որպես կատաղի մի փոթորիկ, «որ հիմքից կործանեց ֆրանսիական թագավորությունը, ազնվականների դասը, քաղաքական կարգերը եւ սուրբ եկեղեցին»: Այս ամենն այլ ինչ չէր նրա համար, քան «աղետալի պատահարք» [7] ։

Կամ լսեք՝ ինչ էր գրում նա տերմիդորյան կոնտրռեւոլյուցիայի մասին. «Վերջապես հասավ թերմիդորի 9-րդ թիվը, Ռոբեսպիյեռը ընկավ աստուծո անաչառ դատաստանի տակ» [8]: Եվ ընդհակառակն, նայեցեք՝ ինչ սարսուռով է արձանագրում Լուդովիկոսի գլխատումը. «Երբ որ Լուդովիկոս ԺԶ-երորդը դահճի սրի տակ փչեց վերջին շունչը, լուսավորյալ աշխարհը երկար ու ծանր ճիչ արձակեց» [9]:

Անդրադառնալով 1863 թ. Լեհաստանի ապստամբությանը՝ իր խըմթագրած «Հյուսիս»-ի միակ համարում Ռ. Պատկանյանը գրում էր, թե /112/ Լեհաստանում կատարվող անցքերի նկատմամբ հայերը պիտի ի հայտ բերեն իրենց հավատարմությունն ու երախտագիտությունը Ռուսաստանին, որ «ապահով ապաստան» է եղել նրանց համար: Ռուսաստանի հաղթանակը նույնքան ցանկալի է հայերին, որքան եւ ռուսներին, «որոնց հայրենասիրությունը մեծամեծ զոհերով կազդուրում է ազգային պարծանքը»: «Ռուսաստանի մեջ հայոց վիճակը, - հարում էր Պատկանյանը, եղել է բազմապատիկ առավելությամբ լավ, քան Լեհաստանի հայոց վիճակը երբեմն, եւ այժմ ես լավ է, քան Պարսկաստանի, Հնդկաստանի, - Ավստրիայի եւ այլոց դրությունը (նկատեցեք, որ, ինչպես նման դեպքերում սովորաբար անում էին ազգային-պահպանողականները, Պատկանյանը եւս լռում էր Տաճկաստանի մասին, Ա. Հ. ), եւ մեծ հանցանք կլինի մեզ ուրանալ այն, մանավանդ երազներից (պարտականությունն է), վարձատրել յուր վեհափառության (կարդա՝ ցարին, Ա. Հ. ) քաջավայելուչ արժեյուք» [10]:

Այս ամենից չպիտի հետեւցնել, թե Պատկանյանն իրոք «երդվյալ ծառա» էր ցարական Ռուսաստանին, կամ որ նա ըստ ամենայնի գոհ էր հայերի նկատմամբ ցարիզմի վարած քաղաքականությունից: Կողմնորոշված դեպի թյուրքահայ շարժումը եւ վառ հույսեր կապած այդ շարժման հետ՝ Պատկանյանը չէր պաշտպանում այն հայացքը, թե Ռուսաստանը եվրոպական այն պետությունն է հենց, որի միջամտությունը առավել ցանկալի ու նպաստավոր կարող էր լինել հայերի համար: Անգամ՝ 1877-78 թվականներին, առարկելով հայ լիբերալներին, որոնք տածում էին նման հույսեր, Պատկանյանը գրեց իր «Ղարիբ Մշեցի» բանաստեղծությունը, ուր ասում էր.

 

Այսքան շատ տանջանքին ինչպես դիմանանք,

Մինչեւ ե՞րբ ձեր դիմաց անօգ պիտ՚մընանք,

Մեր ազգը տեր չոանի Սլավոնի նման:

 

Բուլղարների ազատագրումից հետո նույն այդ միտքը նա դնում էր նաեւ Մասիսի հետ զրուցող Կազբեկի բերնում.

 

Գիտեմ, տեսել եմ, ասաց Ղազիբեկ

Բալքանի բաղդը շնորհ է Վալդային.

Այդ շնորքից մասնիկ չի հասնիլ երբեք

 

Ոչ իմ զավական եւ ոչ քու Հային: Չունենալով դրական որեւէ ակնկալություն ցարիզմի վարած քաղաքականությունից՝ 80-ական թվականներին արծարծված ռեակցիայի տարիներին բանաստեղծը գրում էր.

/113/

Ձեռքըդ ինձ տուր, իմ նազելի,

Թողնենք այս նոր Խուժաստան

Հայոց ազգիս. զաղթենք դեպի

Վանը։- մեր բուն Հայաստան…

Կյանքի կեսը ստրուկ եղանք,

Գեթ կեսն լինինք մենք ազատ,

Ազատությունն կուտա մարդուս

Լոկ յուր հողը հարազատ:

 

Ինչքան էլ տարօրինակ լինի այդ՝ Պատկանյանը մի պահ պատրաստ էր նույնիսկ թյուրք իշխողներից սպասելու Հայաստանի ազատագրումը, բայց ոչ մի դեպքում՝ ցարական կառավարությունից: Դառնալով դեպի սուլթանական Թյուրքիան՝ բանաստեղծը գրում էր.

 

Թե այսքան ձըրի քեզ ծառայել ենք,

Կըսպասենք քեզմ են վըճիռըդ արդար:

Սերբերը կես են, իսկ մենք հինգ միլիոն,

Բուլղարը գեղջուկ, հայն քաղաքակիրթ,

Սեւսարցին ծոցին չունի կես բնիոն,

Մենք հարուստ եւ ժիր ենք եւ քաջասիրտ:

 

Կարծեմ՝ ողջը մեկ է քեզ համար,

Որ Հայք ձախե աջ կխաչակնքեն,

Ուրեմն ինչո՞ւ Սլավին հավասար

Հայք պիտի չունենան շնորք քու ձեռքեն:

 

Պատկանյանի ատելությունը վերաբերում էր ոչ թե ռուս ժողովրդին, Փայլ ռուսական ցարիզմին։ Նա փախչում էր Ռուսաստանից Վան, անգամ այն պահին, երբ Ռուսաստանի քաղաքական ղեկը հանձնված էր ցարին սպասարկող հայազգի մի ժամիշխանի ձեռքը:

  «Աստղիկ ու փամփուշտ» առակում, համեմատելով Վանի երկնակամարի վրա փայլող Խրիմյանին երկինք վերացած հայազգի այն փամփուշտի հետ, որը

 

Բոց, շռինդ, ճաճանչ թափելով չորս դին…

Ու վերեն ի վայր արձակեց մեծ լույս,

Խավար գիշերը դարձուց արշալույս…

 

Պատկանյանը տալիս էր առակին այս մեկնաբանությունը.

 

Առակիս մեջի հիշած աստղիկը Է մեր

Խրիմյան ազնիվ Հայրիկը.

Իսկ այն սընափառ փամփուշտըն է ո՞վ…

Հայկազուն իշխան (Լորիս-Մելի)քով:

 

/114/ Այս տողերը գրվում էին 1881 թվականին, այն տարում, երբ շատերը եւ, ինչպես տեսանք, նաեւ բանաստեղծի հայրը, դրական հույսեր էին կապում հայազգի: դիկտատորին վստահված իշխանության հետ. Ռ. Պատկանյանը հողմացրիվ էր անում այդ պատրանքը, փոխարենն առաջ քաշում մեկ ուրիշը:

Պատկանյանի դժբախտությունն այն էր, որ դիմադարձ լինելով ցարական Ռուսաստանից, նա անգիտացավ ռեւոլյուցիոն Ռուսաստանը: Դրանով էլ հենց հատկանշված է նրա քաղաքական հորիզոնի սահմանափակությունը։

Նալբանդյանի եւ Պատկանյանի հակամարտը ակներեւ է դարձնում, որ քաղաքական հորիզոնի սահմանափակությունը հատկանշական էր ոչ միայն 70-80-ական, այլեւ 50–60-ական թվականներին Ռ. Պատկանյանի համար: է Այստեղից էլ հենց ծնունդ էր առնում գաղափարական այն պայքարը, որ գնում էր անընդհատ Նալբանդյանի եւ նրա միջեւ՝ սրվելով մանավանդ 1859—1861 թթ. ռեւոլյուցիոն կրիզիսի տարիներին ու այդ տարիներից հետո:

 

* * *

 

Ծնվել եւ անվել էր Ռ. Պատկանյանը աղմկահույզ քաղքենիության այն մթնոլորտում, ուր նրա հետ գրեթե միաժամանակ մտավոր-հասարակական սնունդ էր առել նաեւ Նալբանդյանը: Նույն 30—40-ական թվականները, նույն Նախիջեւանը, նույն Գ. Պատկանյանի վարժատունը եւ ուսումնառության նույն աղբյուրները: Խալիբականների հանած հալածանքը ուղղակի կամ անուղղակի անդրադարձել էր երկուսին էլ, այն տարբերանքով միայն, որ Ռ. Պատկանյանը հիմնականում անկարող եղավ լքել ազգային-պահպանողական այն դիրքերը, որոնց սպասարկում էր նրա ուսուցիչ հայրը, մինչդեռ Նալբանդյանը ոչ միայն ազատ մնաց ուսուցչի ազգային-պահպանողական իմաստասիրության տեւական ազդեցությունից, այլեւ մշակեց նրան դեմ ընթաց դեմոկրատական ուղեգիծ ու աշխարհըմբռնում:

Հետագայում Ռ. Պատկանյանը վերհիշում էր պատանեկան այն տարիները, երբ ինքն ու իր ընկերները Գ. Աղափիրյան, Հ. Փափազյան, Վ. Ասկարյան, Գ. Միրիմանյան, Ք. Պատկանյան, Ալ. Ռոտինյան, Պ. Սիմեոնյան եւ այլն Լազարյան ճեմարանում սովորելիս յուրացնում էին Մկրտիչ Էմինի ազգայնամոլ հայագիտության հրահանգները: «Մեզ /115/ նման հայկական աշխարհին անկեղծ մտերիմ խումբ էլ մյուս անգամ չտեսավ մեր հարազատ հողը», գրում էր նա իր եւ իր ընկերների այն ժամանակվա տրամադրությունների մասին [11]: «Հայկական շահերին» նվիրված սաները դաստիարակվում էին որպես «հարազատ սերունդ Հայկի եւ Արամի», որպես «ուղղափառ հետեւող Գր. Լուսավորչի մեկնած քրիստոնեական վարդապետության, որպես մարդիկ, որոնք կամենում էին նմանվել Վարդանանց պատերազմի հոգեւոր առաջնորդներին՝ Ղեւոնդ Երեցին եւ Հովսեփ Խոխեմցուն» [12]: Էմինի սաները ներշնչվում էին այն մտայնությամբ, թե անհրաժեշտ է «հարգել եւ պատվել ամեն ինչ, որ յուր վրա կրում էր հայ եւ հայություն անունը, հայ լեզու, հայ ազգ, հայ գրականություն, հայ մատենագիր, Էջմիածնի աթոռ, վեհափառ կաթողիկոս, Մխիթարյանց ուխտ»: Անցյալը նրանց համար այն կաղապարն էր, որի մեջ պիտի վերաձուլվեր ներկան:

Սակայն Էմինի աշակերտները եւ դրանց թվում նաեւ ապագա բանաստեղծը չկառչեցին բացառապես անցյալի ստվերներին: Նրանց համար այդ ստվերները «մի-մի ազգային պարծանքներ, մի-մի սրբություններ էին առանց երկմտության, առանց թերահավատության, առանց կասկածանքի, բայց եւ ընդսմին առանց մոլեռանդության» [13]: Վերջին վերապահությունն ինքյան անջրպետ էր կազմում աշակերտների եւ նրանց մենտորի միջեւ: Ազգային կոնսոլիդացիայի խնդրում խոշոր տեղ հատկացնելով կրոնին եւ եկեղեցուն՝ աշակերտները ստորագրում էին դրանք ազգային ընդհանրության գաղափարին: Ինքը բանաստեղծն ասում էր.

 

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածել հայ ազգի մեջ,

Բայց բռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ:

Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես հոգին բըղխել է հորից,

Կամ թե որդին հոգվով սրբով անսերմ ծնունդ է մորից…

 

Դորպատի համալսարանում էմինի աշակերտները շփման մեջ են մտնում ազգության գաղափարով ներշնչված գերմանական ուսանողության հետ: «Գերմանական ուսանողության միջնադարյան ուղղությունը (sic), գրում է Պատկանյանը, - կորպորատիվ կազմակերպությունները մեր վրա էլ ազդեցին: Մենք այնտեղ իսկապես սովորեցինք սիրել մեր լեզուն, մեր ազգը, այնտեղ իսկապես դրվեց մեր մեջ այն բանի սաղմը, որի զարգացման, մշակման մենք ավիրվեցինք ամբողջությամբ: Մենք էլ, հետեւելով մեր գերմանացի ընկերների օրինակին, կազմեցինք մեր հայ/116/կական ընկերական շրջանը» [14]: Խոսելով «ընկերություն» կոչված այդ շըրջանի մասին՝ Ալ. Ռոտինյանը ձեռագիր իր հիշողությունների մեջ գրում էր. «Սա ոչինչ վնասակար չէր տերության եւ նորա օրինակ, բայց այնպես բացարձակ չէր հայտարարվում, պատճառն այն էր, որ հայք թվով շատ փոքր էին, իսկ շատերը գործելու համար ամենեւին անպատրաստ էին կամ չէին արժանի համարվում անդամակցության» [15]: Ռոտինյանի նկատողությունը բավականաչափ հատկանշական է 1848 թ. ռեւոլյուցիային հաջորդած ռեակցիայի համար. ապագա պահպանողականների ազգային գիտակցությունը յուրացնում էր ազգության գաղափարը՝ քաղաքական լոյալության կամ պասսիվ դիմադրության նշանի տակ: Ճիշտ է, 50-ական թվականների կեսերին, Պետերբուրգում ուսանելիս, Ռ. Պատ. կանյանը ենթարկվեց ռուս առաջավոր գրականության դրական ազդեցությանը: Պայքարելով «արվեստը արվեստին» ծառայեցնող ռեակցիոն էսթետիկայի դեմ՝ Պատկանյանի պոեզիան կրում էր իր վրա «Современник»-ի, Նեկրասովի, Դոբրոլյուբովի, Կուրոչկինի որոշ ազդեցությունը: Անթվակիր մի նամակում նա խոստանում էր ոմն Լալաեւի միջնորդությամբ Պանաեւի հետ ծանոթացնել երիտասարդ Սերովբե Պատկանյանին, իր հորեղբորորդուն, որի մասին համոզված էր, թե ապագայում վերջին «տեղը չէ բռնելու «Современник-ում» [16]: Ուշագրավ է նաեւ, երբ Փ. Վարդանյանին գրած մի նամակում նա «ռուս գրականության մարգարիտներ» էր համարում Ստանկեւիչին, Բելինսկուն եւ Գրանովսկուն [17]: Սակայն առանց ակնածանքի չէր արտահայտվում նա նաեւ հակառակ բանակի մարդկանց մասին: Գ. Քանանյանին 50-ական թվականների կեսերին ուղարկած մի նամակում նա ասում էր. «Ես արդեն գրել էի, որ ծանոթացա (թեեւ ոչ այնքան մոտ) Գոնչարովի, Դանիլեւսկիի, Պոլոնսկիի հետ, այժմ նաեւ Մայքովի եւ Զոտովի հետ, որոնք Լոսեւի հետ սերտ բարեկամներ են. մի օր ես կգրեմ նոցա. վերա իմ կարծիքը. հիմա այնքան միայն կասեմ, որ խիստ՝ խելոք եւ ազատ մտածմունքով մարդիկ են, բացի Մայքովից, որ փոքր ինչ նվաստացավ տերության առաջ՝ յուր շողոքորթ գրվածքներով, բայց ինչպես ինքն ասում է, ստիպված է արել այդ ամենը» [18]:

Բերելով «Հյուսիսափայլ»-ին իր աշխատակցությունը՝ Պատկանյա/117/նը ինչպես դրանից առաջ, այնպես եւ դրանից հետո գրած իր նամակներսս թշնամաբար էր արտահայտվում այդ ամսագրի շուրջը խմբված, մարդկանց, մասնավորապես Նալբանդյանի մասին: 1862 թ. ձեռնարկելով «Հյուսիս»-ի հրատարակությանը՝ Պատկանյանը գրեց մի «Հայտարարություն», ուր ասում էր, թե նոր օրգանը «չի պիտի լինի անպտուղ վեճերու, խոտելի «ախտերի, վրեժխնդրության եւ բծախնդրության ապարեզ. նորա հռչակը ավելացնելու համար մեր կողմից ճիգն չենք գործ դնելու մեր ընկերակիցների քանքարը, աշխատասիրությունը եւ ազգիս ցույց տված երախտիքը նվազեցնելու. չենք թաքցնիլ նոցա գովանի գործերը եւ չենք հառաջ բերել մարդկորեն կատարած վրիպակքը: Ուրեմն, որպիսի եւ իցե իբր ազգասիրական, իբր մարդասիրական կամ իբր քաղաքավարական պատրվակով մեկի անունը սեւցնիլը, օգտավետ գործիքը, ձեռնարկությունը ոտնակոխ անելը եւ ազգիս առջեւ կասկածելի ցուցանելու ցանկությունը համարում ենք մեզ համար սոսկալի հանցանք»:

Իր այս «Հայտարարություն»-ը Պատկանյանը ուղղում էր «Հյուսիսափայլ»-ի՝ դիմակներ զերծող այն ուղղության դեմ, որի ամենից ցայտուն արտահայտիչի ժամանակին հանդիսացել էր հենց Նալբանդյանը:

Պատկանյանի հաշտվողական այն տրամադրությունը, որ արտահայտված է նրա «Հայտարարության» մեջ, երեւան է գալիս տակավին 1857 թ. նրա գրած «Աստվածածնի պատկեր» ոտանավորի մեջ.

 

Թե որ անմեղը չաղոթեր իսկի

Իրա մեղավոր եղբոր խաթրին,

Երկիր կու ճաքվեր ահեղ ձեներով,

Երկինք կու խռովեր վերից մեր գըլխին:

 

Թե որ արդարը չի ներեր իրա

Չարչարող, տանջող, զալում դուշմանին,

Էլ ո՞վ էր մեզի փըրկում, ազատում,

Իսպառ կ՚իլեինք դըժոխքի որդին:

 

Պատկանյանի նման տրամադրությունները համապատասխանում էին քաղաքական այն վարանումներին, որոնցով հատկանշված էր կովկասահայ ազգային-պահպանողականների 50—60-ական թվականներին ցարիզմի եւ կղերա-աղայական ռեակցիայի դեմ ուղղված պայքարը:

Ազգային-պահպանողական հոսանքի քաղաքական դիրքերից էր ելնում Պատկանյանը, երբ հարվածում էր կղերա-աղայական ռեակցիայի դերակատարներին: Նույն այդ դիրքերից էր նա քննադատում նաեւ լիբերալներին: «Եթե ինձ հարցնեք, գրում էր նա անտիպ մի նամակում, Էմինը պատվական аптекарь պիտի լիներ, բայց հայկաբան եղավ. Քանանյանը պատվական tailleur-marchand պիտի լիներ, ման/118/կավարժ եղավ. Մսերը հաջողակ ֆալջի կամ գիր կարդացող (знахарь) կարող էր լինել, բայց կրոնուսույց եղավ. Նազարյանցը հմուտ ժամկոչ եւ զանգահար պիտի լիներ, տես բաղդի կարողությամբ, հայկական փուբլիցիստ եւ հռետոր եղավ» [19]: 70—80-ական՝ թվականներին Պատկանյանը չգնաց ազգային-պահպանողական այն գործիչների հետքերով, որոնք զինակցության եզրեր էին որոնում կղերա-աղայական ռեակցիայի հետ : Այդ շրջանում նա, ընդհակառակն, պաշտպանում էր հաճախ գաղափարներ, որոնք համերաշխում էին կովկասահայ լիբերալիզմի ուղեգծին: Բայց եւ լիբերալիզմի հանդեպ նա կարողացավ պահպանել ազգային-քաղաքական ուրույն իր նկարագիրը: Ռ. Պատկանյանը ներբող էր ձոնում Արծրունուն, բայց եւ միաժամանակ կովկասահայ լիբերալիզմը չի ունեցել ավելի անվստահելի զինակից, քան Արծրունու մասին պասկվիլ գրող Պատկանյանը: Պատկանյանի անտիպ նամակներից տեղեկանում ենք բնորոշ այն փաստի մասին, որ Արծրունու դեմ ուղղած հայտնի իր «Աստառ-ը նա գրել է ազգային-պահպանողական Աբգար Հովհաննիսյանի ներշնչումներով:

Ազգային ներքին ճակատում բանաստեղծը գործ է դնում խրատն ու ծաղրը: Տեսանք, որ պաշտպան կանգնելով եկեղեցու անկախությանը՝ Պատկանյանը պարսավում էր եկեղեցականների անձնական արատները («Դեւ Մորուս») կամ մեծարում նրանց անձնական արժանիքը («Քահանա»):

Սկզբունքորեն դատապարտում էր նա այն եկեղեցականներին, որոնք դիմադրում էին հայերի ազգային-քաղաքական շարժմանը: 1860 թվականին գրված «Օրորք Հայաստանի» բանաստեղծության մեջ բանաստեղծը գրում էր.

 

Թե սեպհական զավակներիդ

Տաս խըրատներ մայրական,

Որ կործանած իրենց գահը

Վերականգնիլ չի ջանան:

Շուտ շուտ ղըրկե քարոզիչներ

Սեւագըլուխս, մըրքավոր,

Որ հորդորեն ապրել նոցա,

Թեեւ ըստրուկ, բայց անդորր:

 

Պատկանյանը հեռու էր «Հյուսիսափայլ»-ի այն կարծիքից, թե հայ եկեղեցին կարիք ունի արմատական ռեֆորմների: Իր մի պատմվածքում գծագրելով չարիք դարձած եկեղեցականի՝ տեր Մինասի կերպարը, նա գրում էր. «Նորընտիր կաթողիկոսեն շատ ու մեծամեծ սխրագործություն/119/ներ չեմ պահանջում, չեմ պահանջում նաեւ նրան են հայոց եկեղեցվոց կերպարանափոխություն ոտից մինչեւ գլուխ, չեմ պահանջում անուն անմահացնող եւ հռչակի փայ տվող կոթողներ, արձաններ եւ արձանագրություններ»: Պատկանյանը կաթողիկոսից պահանջում էր սոսկ ազատել ազգի օձիքը Էջմիածնի հիմքը քանդող տեր մինասներից, քանի որ դրանք են, որ 30 միլիոնանոց (sic!) ազգը դարձրին 3 ու կես միլիոն. «Եթե չերքեզները եւ քրդերը քանդեցին հայի ժամերի եւ տների պատերը, տեր մինասները հիմնահատակ արին բոլոր Հայաստանի տաճարները թագավորական գահույքը եւ անհամար մարդկանց բարեկեցությունը» («Մոնթից մինչեւ վեր»):

Պաշտպանելով այն հայացքը, թե հայ եկեղեցին շարունակում է լինել հայերի լուսավորության օջախներից մեկը՝ Պատկանյանը պահանջում էր, որ Հայոց կաթողիկոսն իր կոնդակներով լինի ազգի ազատագրման ազդու գործոններից մեկը.

 

Նորածնի առջեւ բանանք մեր գանձը,

Հարուստը՝ ոսկի, ույժը՝ պատանին,

Հարսը՝ յուր փեսան, քաջը՝ յուր անձը,

Կոնդակի շանթեր սուրբ Էջմիածին:

 

Իր ստեղծագործությամբ Պատկանյանը չէր անդրադարձնում բացա- Ասպես հասարակական այն խավերի մտայնությունը, որոնց անմիջորեն ընդառաջում էր կովկասահայ ազգային-պահպանողական հոսանքը: Բանաստեղծի աշխարհայեցության վրա մեծապես ազդում էր այդ հոսանքի իշխող մտայնությունը, սակայն ազգային-պահպանողականների քաղաքական համերգում նրա մարտահույզ քնարը հաճախ հնչեցնում էր ճընշված ու հարստահարված մասսաների ջղագար տրամադրություններն ու տարերային տրտունջը։

Պատկանյանի քաղաքացիական բանաստեղծությունը ծնունդ առավ սոցիալական նույն այն միջավայրում, ուսկից սկիզբ էր առել նաեւ Նալբանդյանի հրապարակախոսությունը: Այստեղից էլ առաջ էին գալիս նրանց արտահայտած տրամադրությունների որոշ խաչաձեւումները: Նալբանդյանի հետ միաժամանակ նա եւս մտրակում էր հայ իշխաններին ու բարձրադիր եկեղեցականներին, աղաներին ու մեծատուններին, հնատիպ առեւտրականներին ու նորատիպ կապիտալիստներին:

Սակայն չի կարելի անգիտանալ նաեւ նրանց իդեական անկամրջելի ներհակությունը: Իր գաղափարախոսությամբ Պատկանյանը ընդառաջում էր մասսաների պահանջներին ազգային-պահպանողականներին հատկանշող մտայնությամբ. Նալբանդյանը, ընդհակառակն, մոտենում էր այդ /120/ պահանջներին լուսավորական հրապարակախոսությանը եւ, ի վերջո, ռեվոլյուցիոն դեմոկրատիային հատկանշող դիրքերից:

Ինչպես ժամանակին Շանշյանին եւ Ախվերդյանին, հետագայում, Ռ. Պատկանյանին եւս զբաղեցնում էր կապիտալիզմի հարվածների տակ: քայքայվող մանր արհեստագործությունը պաշտպանելու խնդիրը: Պատկանյանը եւս պայքարում էր կովկասահայ այն առեւտրականների դեմ, որոնց բարեկեցությունը կապված էր ռուս արդյունաբերության սպասարկման հետ: Մեկ խելոք խոսք ունինք, գրում էր նա, «զենիաթ (=արհեստ, Ա. Հ. ) ասած պանը ոսկի ապռճան է. վով որ ատ ապռճանը ունի ձեռքը՝ կյանքին քաղցած, տուտրացիների էթտիաճ կարոտ չի մնալ»: Համեմատելով «զենիաթը» «մոսկոֆցիին տունը խորթող, իրենին թեմելը (=հիմքը, Ա. Հ. ) ավերող» պազիրկյանների հետ՝ Պատկանյանը նախապատվություն է տալիս առաջիններին («Պապի Մաթիոսը»): «Օրինավոր զենիաթ եւ կանոնավոր, պետքական ուսումն»- այս է նրա պահանջը («Հապա ի՞նչ վարժատուն պետք է մեզի» հոդվածը՝ ձեռագիր): Պապենական արհեստագործության մեծարանքին է նվիրել Պատկանյանը նաեւ իր չափական գործերից մեկը՝ «Զենիաթը».

Մեր պապերու զենիաթը

Մոռցանք, էղանք պազիրկյան.

Կը լայ, պեքիմ, էռսուն տարի,

Ֆայտա չիկայ, կա զիան…

 

Հայ մա՛րդ, նորեն տուն պաշլա յե

Հին ատեթով կենալու,

Մոռցած, թապած պապիտ վարքը

Կոված զանցան՝ հիշելու:

 

Մոսկով, Խառքով էրթալ-գալեն,

Ո՛վ մարդ, տուն հեչ ունիս շահ,

Պրիզ ու ասեղ ծեռք ա՛ռ նորեն,

Չեքիճ, պալթա ու թեզիյահ:

 

Ա՜տ էր քեզի հազար տարի

Փրկեց չարե, փորձանքե,

Լուզու, հավատ ու սուրբ ժամըտ

Փրկեց հազար վտանգե:

 

«Միջին վիճակ, գրում էր Պատկանյանը, ահա մեր օրվա հայերի նշանաբանը: Բայց ցավն այն է, որ մեր հետին բաղկալը աշխատում է առիսթոքրատ ձեւանալ: Գնա եւ էշը ցեխեն հանե» [20]: Այս տողերի /121/ մեջ Պատկանյանը պատկերել է լիովին մանր բուրժուազիայի հակասական գոյավիճակն ու նրա ողբերգական մտավիճակը: Մի կողմից՝ կապիտալիստական բառիսթոքրատի» ոտքի տակ տրորվելու վտանգ, մյուս կողմից՝ «առիսթոքրատ» կապիտալիստի` գահավորակին բազմելու մարմաջ: 70-ական թվականների վերջերին, նկարագրելով Երեւանում ստացած իր տպավորությունները, Պատկանյանը սարսափով էր արձանագրում այն փաստը, որ հայկական այդ քաղաքը կորցնում էր հետզհետե ազգային իր կերպարանքը: «Շատ անգամ, գրում էր նա, ինքս ինձ հարցնում էի՝ «արդյոք Երեւանը մասամբ իվիք նման չէ՞ ԱԺդարխանին» եւ նույնասհետայն պատասխանում էի «այո»: Այս բանը ես ասում եմ միայն, բայց չեմ աշխատի փաստերով հաստատելու… թող մնա կարդացողներիս համար իբրեւ առեղծանելիք»: «Առեղծանելիքը», ի հարկե, շատ հեշտ է լուծվում: Պատկանյանին մտահոգություն էր պատճառում այն երկյուղը, թե հայ քաղքենին կուլ է գնում ռուս կապիտալիզմի հեղեղին։ «Տասնիններորդ դարում հայոց կյանքի պայմանները այնպես են դասավորվում, հարում էր բանաստեղծը, որ ուր չեղավ իսկական լուսավորություն, իսկույն, անմիջապես նորա տեղը կուգա կպըպըզե սուտ արտաքին քաղաքակրթությունը, որ յուր քլոբներով, պարահանդեսներով, հարավի նորաձեւություններով, տանտեղը եվրոպական «հանգի» պահպանելով, զավական դաստիարակությունը օտարազգի, թերում, թեթեւաբարո վարժուհիները հանձնելով, դիմակահանդեսներով, քաղաքական պսակի եւ անպսակ կենակցության գաղափարներով եւ այլն, եւ այլն, կկործանեն հայի կենցաղի ձեւը եւ հայերուս անտարբեր, սառնարյուն կդարձն են այն ամենանվիրական ազգային խտրականություններին, որ միշտ եղել են, միշտ էլ պիտի լինեն ամեն բարոյական ազգի մեջ»: Բարոյական այս «ապականության» վտանգի դիմաց՝ բանաստեղծը խաչակրաց նոր արշավանքի կոչ էր ուղղում ազգին. «Մեծատուն եւ չքավոր, կաթողիկոս եւ եկեղեցու հետին դռնապան, հայր ու մայր, համալսարանի դասախոս եւ ծխական դպրոցի վարժապետ, միլիոնատեր վաճառական եւ չքավոր խանութպան, բարձրաստիճան պաշտոնատար եւ հեգ արհեստավոր ասք են քս, ամենքս, ամենքս միանանք, ուժերս մի անենք, աչքերս բանանք, խելքերս գլուխներս ժողովենք եւ ամեն զենքերով սպասազինված՝ երթանք այդ ազգակործան թշնամու դեմ անքուն եւ անխոնջ, օր ու գիշեր պատերազմ ենք հետը» [21]:

Հրապարակախոսական այս հայացքները հանդիպում ենք նաեւ Պատկանյանի ստեղծագործության մեջ: Կապիտալիզմի հարվածների տակ կործանվող մասսաների անունից Պատկանյանը հաճախ է ծաղ/122/րել ազգի աղաներին ու խանութպաններին: Այնուամենայնիվ, նրա սոցիալական պատկերացումների մեջ հետեւողականորեն մերժված չէ ո՛չ աղայի, ո՛չ խանութպանի դրական դերը: Նրա համար գոյություն ունի «սուր աղայություն» եւ «ճշմարիտ աղայություն»: Բարեգործություն ահա «ճշմարիտ աղայի» գոյության իմաստը.

Կիտի՞ք, աղաներ, խեղճերն անտեր ին,

Նոցա յումետը մեր աղաներն էին,

Երբ աղաներես մեկ կարտըմ չիլա,

Խեղճն ալայ-մալայ թեզով յոխ կըլա [22]:

Մի այլ տեղ թված են այն գործերը, որ ակնկալում էր Պատկանյա նը Վարդերես աղայից՝ նրա անունը ոսկի տառերով «Մեղվում» դրոշմելու համար: Դրա համար պետք է, որ աղան 1. մի տարվա իր «խումի ու քեֆի վրա խարճած» փողերը (մոտ 3—4 հազար մանեթ) տար ողորմելի աղքատներին, 2. իր հաշվով 3-4 «զենիաթի» վարպետներ բռներ հոգեւոր դպրոցի աղքատ տղաներին արհեստ սովորեցնելու համար, 3. քաղաքում իր հաշվով հիմներ հայկական գրադարան, 4. 30. –40 հատ կարի մնուշին նվիրել «ռընչպեր» կանանց ու աղջիկներին, 5. երկու-երեք ճարտար նեմ քաներ բերել տար «ռընչպեր» կին ու աղջիկներին կարուձեւ, լվացք, օսլայել եւ հարթուկել սովորեցնելու համար, 6. 40—50 հազար փութ ածուխ գներ եւ ձմեռ ժամանակը ինքնագնով ծախսեր «խատրիպ-խազաբին», 7. իր հաշվով լավագույն աշակերտներին ուղարկեր մայրաքաղաքների բարձր դպրոցները: «Հայ ազգը խեղճ, անտեր, անօգնական, մեղքնալու ազգ է. եփոր մեր զենկին աղաներն ալ նոցա յարդըմ ու տերություն չանին, հապա վn՞վ պիտի անե», հարցնում է վերջում հեղինակը («Ի՞նչըդ կըսվիմ»):

Նույն մտայնությամբ է մոտենում Պատկանյանը նաեւ ազգօգուտ խանութպաններին: «Մոնթեն դեպի վեր» պատմվածքում նա գրում է.

«Հայի խանութը եթե ինձ կհարցնիք՝ մեր ազգի համար այնպիսի պաշտոն է կատարել, որ կատարած չեն մինչեւ այժմ ոչ մեր ազգային եկեղեցին, ոչ ազգային դպրոցը, ոչ ազգային մամուլը եւ ոչ մեր ընկերական ժողովները: Հազարավոր եւ բյուրավոր անպիտան տղայք, որոնք մանկության օրերը ոչ աստված են ճանաչել, ոչ որդիական հնազանդություն են սովորել դպրոցներումը եւ ոչ մարդավարության են ընտելացել իրենց ծանոթ-բարեկամների մեջ, երբ մտել են խանութ գրեթե առաջին օրեն նրա վրա աստուծո պատկեր է եղել: Ես չգիտեմ, խանութատերերն իրենց հարազատ որդոց վրա ունեցե՞լ են արդյոք փրկավետ ազդեցու/123/թյուն: Բայց այդ ճիշտ գիտեմ, որ նրանք օտարի զավական համար եղել են հրեշտակ պահապան: Մեր խանութպանների այս մեծ երախտիքը ուզակալ չէ կարելի: Ես չեմ ասում, որ նրանք իրենց ծառաներին այնպես դաստիարակում եւ կրթում են, ինչպես, օրինակ, դաստիարակվում եւ կրթվում են երեխայք անգլիական եւ գերմանական բարեկարգ դպրոցների մեջ. բայց այն կարող եմ ասել, որ եթե հայը ունի մի փոքր ժամասիրություն, գիտե մի փոքր գրել-կարդալ, ունի մի փոքր ազգության գաղափար, փոքր ի շատե ապրուստի ապահովություն, միով բանիվ՝ այն հատկությունները, որ համառոտապես քաղաքացիություն է ասվում, հայը ստացել է այս խանութի մեջ, որն մեր օրերում շատ անգամ մեր թեթեւամիտ հեղինակների բամբասանքի տակն է ընկել»… Պատկանյանի հափշտակությունն այստեղ, ինչպես տեսնում ենք, լիակատար ինքնամոռացության է հասցնում նրան…

Ձեռագիր վիճակում պահվել է Պատկանյանի 1883 թվականին կազմած «Վարդապետարան Հայաստանի ազատության» վերնագրված մի գրվածքը, ուր նա նշում է «ազգակործան թշնամու դեմ կռվելու հնարը: Ազգի փրկությունը, ասում է նա, Հայաստանի քաղաքական անկախության մեջ է, որին պետք է ձգտել «հայելով հանգամանքին» երբեմն սեփական զենքով, երբեմն փողով եւ երբեմն օտարի օգնությամբ: Հայաստան ասելով՝ Պատկանյանը նկատի ուներ արդեն հայկական ողջ բնաշխարհը: «Հայաստան կոչվում է այն երկիրը, որը շրջապատում է Սեւան, Վան եւ Ուրմիո ծովակները, իսկ ամենը միասին՝ Մասիս լեռները»: «Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ. վասնզի ամեն տեղ հալածված եւ արհամարհված պանդուխտ է, եւ միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում… օտարության մեջ աղքատությունն անշուշտ կմաշե հայերին, բայց ավելի շուտ կմաշե հարստությունը… Ամենագլխավոր եւ ազգակործան հայկական մոլորությունն է 1) աշխարհաքաղաքացիություն, 2) պանդխտություն, 3) անձնական շահի համար պեսպես խարդախություններ, որով կոտրվում է հայի անունը, 4) շահասիրական ազգասիրություն (կեղծ ազգասիրություն), 5) հայ մեծավորների դեմ ըմբոստություն (դավաճանություն, մատնություն) եւ 6) օտարի հետ ամուսնություն»: Ի՞նչ պատկերացում ուներ այս տողերի հեղինակը (անկախ Հայաստանի» մասին: «Գալուց ազատված Հայաստանի մեջ ազնվականություն, ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի լինի՞ն թե ոչ», - հարցնում է նա: Եվ պատասխանում է. «Այո, պիտի լինին: Ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի ստանան նոքա կամ` նոցա ժառանգները, որոնք կբարձրացնեն սուրը Հայաստանի ազատության համար եւ կամ կզրկվին կյանքերեն արյան դաշտի մեջ: Այսպիսիք  /124/ (եւ միայն այսպիսիք) կկազմեն Հայաստանի բարձրագույն եւ ամենահարուստ (հողային կալվածքով) դասակարգը»:

Չպետք է կարծել, անշուշտ, թե սրանով Պատկանյանը կամենում էր. փաստորեն վերականգնել հին Հայաստանի հողատիրական կարգը, որը, նրա կարծիքով, երկրի անկախության կորուստի պատճառներից մեկն էր անցյալում: «Հայերի անկախությունը չորս անգամ կորչելու պատճառները միեւնույնն էին, գրում էր նա, նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) եւ ոչ թե միլիոնավոր ժողովուրդին, եւ երկրորդ՝ հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող եւ ոչ օրենք: Նորա դրացի տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր եւ իրավունքե, եւ սեփականութենե, իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառն չէր, քան թե համազգի նախարարների լուծը»: Պատկանյանի կարծիքով՝ ազատ Հայաստանը լինելու է բոլոր հայերի սեփականություն, «եթե բոլոր հայերը՝ այր ու կին, հարուստ ու աղքատ, ծեր ու պատանի այնպես բաղձան եւ ձգտեն Հայաստանի ազատության, ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը ջրին»: «Ո՞վ պիտի բարձրացնել ազատության դրոշակը եւ սուրը», հարցնում էր նա: Պատասխան. «Դրոշակը պիտի բարձրացնել հայ վարդապետը, իսկ սուրը բոլոր հայ պատանեկությունը, երիտասարդությունը եւ՝ տղամարդիկ՝ 16 տարեկանից բռնած մինչեւ 45 տարեկան»: «Ի՞նչ փողով ձեռք պիտի բերվեն զենք, պարեն, զգեստ եւ ռազմամթերք», - հարցնում էր դարձյալ նա: Պատասխան. «Կանխիկ վաճառված Հայաստանի մեջի բոլոր անշարժ կալվածքի գնո փողով, այն կալվածքի, որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են այլազգիք: Իսկ ով կհրաժարվի կանխիկ վճարելու ազատվելիք Հայաստանի գինը, նա առմիշտ զրկված կլինի Հայաստանից հայ (այսինքն՝ ազատ հայ) կոչում են: «Ո՞վ է իսկական հայը իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձա եւ կնպաստել Հայաստանի անկախության մնացյալներն առմյաշքաներ են, այսինքն՝ ոչ միայն անպիտան հայեր, այլեւ անպիտան մարդիկ» [23] ։

* * *

Մանուկ Հայաստանի պատկերը եզակի չէր 60-ական թվականների ռուսահայ ազգային-պահպանողականների գրականության մեջ: Այդ մի /125/ նշանաբանն էր, որով տոգորված էր ոչ միայն Պատկանյան-որդու, այլեւ Պատկանյան-հոր քաղաքական գաղափարախոսությունը:

Իր «Պատմություն հայոց ազգի» աշխատասիրության մեջ Պատկանյան-հայրը արծարծում էր Մանուկ Հայաստանի վերածնության նույն գաղափարը, որի մասին գրում էր նաեւ Պատկանյան-որդին: «Ազգ գայ եւ ազգ երթայ, այլ երկիր յաւիտյան կայ», գրում էր Պատկանյան-հայրը: Կան ազգեր, որ չքանում են իսպառ, բայց եւ կան ազգեր, որոնց վիճակվում է նորոգություն: Նորոգության ենթակա այս ազգերից է նաեւ հայ ազգը: Ազգի նորոգության նշանները հեղինակը դիտում էր հայոց պատմության ընթացքի մեջ իսկ՝ սկսած 17-րդ դարի վերջերից: «Մոտեցավ արշալույսը, գրում էր նա, որը հետեւեն պիտի հասներ բարության առավոտը, Մանուկ Հայաստանի վերածնությունը: Այլ ո՞րքան դժվար էր այս դարավոր ժամանակներով սպասած ցանկալի Մանկան ծնունդը, ո՞րքան երկունք ու ցավ քաշեց Մայր Հայաստանը, այն գեղեցիկ չքնաղ դշխոյն Հյուսիսո, որ որդեկորույս վշտաց տագնապներու մեջ նստած եւ որբ ու այրի՝ թուխերում համակած, եւ աղի արտասուք թափելով աչքերեն՝ միայն հեռվեն է լսում իր զավակաց ողջությունը, առողջությունը եւ աջողությունը: Աջողությո՞ւն: Քանի՞ տեղ կան, ուր որ իրավի աջողակ են Հայաստանի զավակները, ուր որ ապահոված է նոցա հանգիստը, ուր որ վտանգ չէ գուշակվում նոցա ապագայի համար. Այս է հարկավոր խնդիրը, այս, որ ժամանակը պիտի լուծե» [24]: Հեղինակը վերադառնում է նորից Մանուկ Հայաստանի ռոմանտիկ տեսիլքին՝ պատմության վերջին դրվագում, ուր խոսում է հայերի ընթացիկ կացության մասին: Անշուշտ Հյուսիսի աքսորականին եւս ազդել են Զեյթունի անցքերը։ Նա ծանոթ է Լանգլուայի ուղեգրությանը, ուր խոսք կա հայ եւ Կոզան-օղլու թյուրքմենների տասը գյուղերի «դաշնակցության» մասին: «Այս դաշնակցությունը (կոնֆեդերացիա), գրում էր Գ. Պատկանյանը, ունի յուր մեջ հասարակապետական կառավարություն, որը գլխավոր կառավարիչք են յուրյանց մեջեն ընտրած չորս իշխանք»: Սրանք հանդիսանում էին Զեյթունի չորրորդ մասի կառավարիչներ, «կրելով նախարար (վալի) պատվանունը, յուրյանց իշխանության ներքո ունին տեղակալ (քյաֆիա), գյուղերի կառավարիչ», ուր նախագահում էր Զեյթունի առաջնորդը, որը, իբր թե, չի խառնվում «քաղաքական կառավարության գործերում». Պատկանյանը գրում էր, թե զեյթունցիների պես սասունցիները եւս ունին «մեկ անկախ ազատություն», որը անհայտ է տակավին [25]: Սակայն հետաքրքրական է, որ Մանուկ Հայաստանի պատկերը հառ/126/նում է հեղինակի առջեւ ոչ միայն Զեյթունի կամ Սասունի, այլեւ Ռուսաց Հայաստանի, հեռանկարների մեջ: «Թիֆլիզի եւ մյուս քաղաքաց հայերու դաստիարակությունը, գրում էր նա, այժմ ունի յուր վերա եվրոպական հրահանգության կնիքը. Վրաստանի, Սյունյաց երկրի, Արցախի, Sայոց եւ Կասպիական գավառաց (դիտեցեք, որ 19-րդ դարի կեսերին տեր Գաբրիելը կողմնորոշվում էր Անդրկովկասում էին Հայաստանի քարտեզով, Ա. Հ. ) հայերը են պատկեր պարծանաց Մանուկ Հայաստանի եւ նոցա մեջ երեւում է պարզ՝ հայոց ազգի բարեբաստիկ ապառնին: Ինչ որ չեն կարողանում պահվել շոգենավերեն եւ շոգեկառքերեն, եւ հեռագրական լարերեն, այն կրկնապատիկ ստանում են իրանց անձանց նահատակությամբ հառաջադիմության հանգստարանումը: Թե Կոստադինուպոլսի, կամ Զմյուռնիո հայերը Եվրոպայի հետ մերձավոր հարեւան լինելով՝ կարողացան նոցա ոգվույն տիրանալ, երկծովյան կիրճի բնակիչ հայերը (իմա՝ կովկասահայերը, Ա. Հ. ) իրանց երկիրը շինեցին Եվրոպայի մեկ անկյուն (նկատեցեք՝ «Եվրոպային, բայց ոչ՝ «Ռուսաստանի», Ա. Հ. ), մեկ անկյուն, ուր որ լուսավորությունն անդադար սերմանվում է, արմատանում, բողբոջում եւ պտղաբերում» [26] ։

Պատկանյան-հայրը Մանուկ Հայաստանի բարօրությունը լծորդում էր կովկասյան եւ օսմանյան հայերի տնտեսական ու կուլտուրական կապերի ամրացման հետ եւ միաժամանակ Հայաստանի նորոգման երաշխիք համարում նրա կապը «Եվրոպայի եւ նրա «լուսավորության» հետ։ Պատկանյան-որդին ելնում էր նույն այդ հեռապատկերից՝ զինված ապստամբության կոչեր էր անում ազգին եւ միաժամանակ աղերսում՝ «Եվրոպայի» միջամտությունը:

Ըստ էության, Մանուկ Հայաստանի գաղափարով տոգորված էր Ռ. Պատկանյանի ստեղծագործական ամբողջ կյանքը: Մահվան մահճին գամված բանաստեղծը գրի առավ իր «Կարապի երգը», ուր կան հուզիչ այսպիսի տողեր.

Անցան տարիք, անցավ կյանքիս գարունը,

Եռացկուն այն գոլացավ իմ արյունը…

Չքնաղի գեղ եւ համբուրի, ո՞, հըրճվանք

Է՛լ չեն տանում իմ քընարից արձագանք:

Եվ նեկտարը, որ միշտ բացում էր հոգիս,

Ծանր թըմբիր բերում է արդ իմ կողքիս.

Է՛լ չեմ պըտրում ես աշխարհի բերկրություն,

Անդարձ կորավ իմ կարճ կյանքի թարմություն…

Մ՚ինձ մոտեցնեք փըրփրադեզ գավաթը,

Ծաղկունքով մի՛ զարդարեք իմ ճակատը։

/127/

Սիրտըս հազիվ ժաժ է գալիս կըրծքումըս…

Բայց է՞ր նորից եռ է գալիս արյունս,

Է՞ր ձըգվում են ջիլերը իմ բազուկին,

Արծվո նըման սավառնում է իմ հոգին.

Է՞ր համրախոս լեզուս դառնում է ճարտար,

Սիրտըս մեջըս որոտում է անդադար,

Է՞ր իմ թըմրած աչքես փախչում է քունը,

Երբ լսում եմ հայ ազգի անունը:

 

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ռ. Պատկանյանը չունեցավ հայացքների խոր բեկումներ: Իրեն հատուկ անմիջականությամբ ու մեծ անկեղծությամբ, զարմանալի ճոխ ու պատկերավոր, դիպուկ ու համակող իր գրչով հայրենասեր բանաստեղծը ծերության տարիներին իսկ հիմնականում հուզում ու պաշտպանում էր գաղափարներ, որ հանդիպում ենք նույնիսկ պատանեկան նրա բանաստեղծությունների մեջ:

Պատկանյանի ազատագրական գաղափարները կաշկանդված էինազգային-պահպանողական հայացքներով: Այնուամենայնիվ, բանաստեղծը յուրովի ընդառաջում էր ռուսահայ դեմոկրատիայի ընդերքում` հասունացող ազգային-քաղաքական պահանջներին եւ իր մտատրամադրություններից անկախ արձագանքում Արեւմուտքում եւ Ռուսաստանում ծավալված ազգային-քաղաքական շարժումներին: Տարակույս չկա, որ 60-ական թվականներին Մանուկ Հայաստանի հեռապատկերը գծագրվում էր 1830—40-ական թվականներին շրջանառություն գործած «Երիտասարդ Իտալիա», «Երիտասարդ Գերմանիա», «Երիտասարդ Լեհաստան» եւ «Երիտասարդ Ռուսաստան» գաղավարների ներշնչման ներքո: Եվ այդ հանգամանքն է հենց, որ «Մանուկ Հայաստան»-ի կամ, որ միեւնույնն է: «Երիտասարդ Հայաստան»-ի ուրվականը այնքան անհանգստություն էր պատճառում ռուս եւ հայ ռեակցիոն շրջաններին:

* * *

Դառնանք Սմբատ Շահազիզյանին, այն բանաստեղծին, որի պոեմն ամբաստանվեց, որպես հակակառավարական, հակակրոնական մի մանիֆեստ, որպես Նալբանդյանի հակառակորդներին նշավակող ստեղծագործություն:

Շահազիզյանը պատկանում էր այն երիտասարդների շարքին, որոնք սկզբնապես հեռու էին ռեւոլյուցիոն դեմոկրատիայից: Ներսես Աշտարակեցին ոչ միայն նրա ազգականն էր, այլեւ խնամածուն: Նրա առաջադիմությունների մասին Լազարյան ճեմարանը իրազեկ էր պահում կաթո/128/ղիկոսին [27]: Գրական իր առաջին գործերը նա հրապարակ հանեց Ներսեսին կուսակից «Ճռաքաղ»-ի էջերում, եւ պատահական չէ, որ նրա ոտանավորների անդրանիկ գիրքը գրվել էր գրաբար, մատնելով Լազարյան սանի վրա Մսերի եւ Մ. Էմինի ազդեցության հետքերը: Ուշագրավ է նաեւ, որ բանաստեղծը ոտանավորների առաջին իր ժողովածուները՝ «Պատանեկական զբոսանք»-ը եւ «Ազատության ժամեր»-ը, հանձնում էր հայրախնամ բարերար Խաչատուր-աղա Լազարեւի» ուշադրությանը [28]:

1861 թ. Շահազիզյանին հանդիպում ենք արդեն «Հյուսիսափայլ»-ի էջերում: Պատանի բանաստեղծը այդտեղ տուրք էր հատկացնում սիրած աղջկա աչքն ու հոնքը գովերգող գրական այն ժանրին, որին Ֆր. Մեհրինգը Backfischlyrik անունն էր տալիս [29]: «Աղջկերգի» այդ ժանրին համապատասխանում է թերեւս երիտասարդ բանաստեղծի այն պորտրեն, որ գծագրել է հիշողությամբ «Հյուսիսափայլ»-ի աշխատակից Գ. Տեր-Հովհաննիսյան-Քաջբերունին: «Յուր երիտասարդ օրերում, գրում էր Շահազիզյանի մասին այս վերջինը, ուներ պճնասիրություն, խիստ հսկող յուր հագուստի, դեմքի շարժման վայելչության վրա եւ այլն» [30]: Քաջբերունու պատմելով՝ այս շրջանում բանաստեղծը մոտեցել էր արդեն Նազարյանցին: Բարեկամությունը սկսվել էր անշուշտ ճեմարանից, ուր դասատու էր Նազարյանցը: Բեկում առաջացնելով երիտասարդ բանաստեղծի մեջ՝ նոր մենտորը նրան պոկեց Մսերի եւ էմինի ազդեցությունից եւ դարձրեց նրան իր գաղափարների մոլեռանդ պրոպագանդիստ: Նազարյանցի ցանած սերմերից հետագայում հասակ էր առնելու «Հրապարակախոսի ձայն»-ի պաշտպանած լիբերալիզմի այն թզենին, որ հայցող ու ակնկալող ազգասիրության շամանդաղի մեջ ծրարեց բանաստեղծի լալկան աշունը: Նազարյանցի ազդեցությունն առկա է նույնիսկ «Լեւոնի վշտի» մեջ: Այսպես, այնտեղ, ուր պոեմի հերոսը նշավակում է ազգի տգիտությունն ու բարոյական ախտերը, առաջ քաշում դպրոցներ, Էջմիածնում հոգեւոր Ակադեմիա հիմնելու պահանջ, զայրացկոտ խոսքեր ուղղում /129/ ազգի հարուստներին՝ նրանց շահասիրության, անբարեգործության եւ այլ արատների» համար:.

Նազարյանցի խոհերն ու բառերն էր կրկնում նա, երբ փորձում էր գծագրել հայոց ազգի բարոյական պատկերը,

Բայց հայոց ազգը՝ տխուր անապատ,

Անբույժ նետերով խոցված վիրավոր.

Խավար, նյութապաշտ, երկչոտ ու վհատ,

Սիրող չարություն եւ փառք անցավոր…

Նազարյանցի հայացքներին էր ընդառաջում նա, երբ մտրակում էր հայ հոգեւորականների տգիտությունը, որի պատճառով, ասում էր նա, պես-պես «քակտիչ» սերմեր են մտել հայ ժողովրդի մեջ, կամ երբ պնդում էր, թե կրոնի եւ գիտության մեջ չկա ներհակություն, դրվատում կրոնի «վեհությունը», որ ծես չէ սոսկ կամ կույր հավատ…

Այնուամենայնիվ, պիտի շեշտենք, որ բեղուն այն տարիներին, 1861-64 թվականներին, երբ գրի առնվեցին Շահազիզյանի «Լեւոնի վիշտը», նրա լավագույն լիրիկական գործերը, Նազարյանցի լիբերալիզմի տիրական դերը ետ էր մղվում եւ չեզոքանում Ռուսաստանում կատարվող հասարակական-քաղաքական անցքերի ու դրանց հետ կապված գրական-մտավոր շարժումների ազդեցությամբ: «Խոսք չկա, վերհիշում՝ էր հետագայում ծերունի Շահազիզյանը, որ ինձ վրաս, ինչպես եւ ամբողջ սերնդի վրա, ազդել են ռեֆորմների դարաշրջանը եւ նրա անդրադարձումը ռուս կյանքի վրա»: «Լեւոնի վիշտը», ուր մերկացվում են հայ կյանքի մութ երեւույթները եւ արտահայտվում նրա վերածնունդի հույսերը, զգալի չափով ստեղծվել է այն ոգեւորության շնորհիվ, որ առաջ են եկել գյուղացիների ազատությամբ: Հիշում եմ, թե որքան սրտիս մոտ էի առնում այն անցքը… Ընկերներիս շրջանում ես պատկանում էի այն երիտասարդների թվին, որոնք ամենից մեծ եռանդով էին հետեւում ռուս ամսագրերին, օրինակ՝ «Современник»-ին, ու նրանց մեջ արծարծվող հարցերին… 1859 թ. «Современник»-ից է առնված «Լեւոնի վշտի» երգերից մեկի էպիգրաֆը: Դոբրոլյուբովի՝ իմ կարդացած «Милый друг, я умираю» ոտանավորը թելադրեց ինձ սեփական ոտանավորների գաղափարը, որ սկսվում է նույնպես, բայց հետո ստանում ուրիշ բնույթ, (անդրադառնալով հայերի ճակատագին» [31]:

Իր այս տողերում Շահազիզյանը շեշտում է «ռեֆորմների դարաշրջանի» դրական ազդեցությունը եւ «ռեֆորմների» արդյունք համարում /130/ ժամանակի մտավոր-գրական շարժումները: Սակայն հիշատակելով «Современник»-ի եւ Դոբրոլյուբովի մասին՝ բանաստեղծն ակամա խոստովանում է այն տուրքի մասին, որ վճարել է ինքը Ռուսաստանի ռուսԼյուցիոն զարթոնքին ու մտավոր-գրական այն հոսանքին, որ սկիզբ էր առնում ոչ թե «ռեֆորմների» կամ «ռեֆորմների դարաշրջանի», այլ ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի շարժման ակունքներից: Դոբրոլյուբովի հետ միասին նա կարող էր հիշատակել նաեւ Նեկրասովի անունը, որի՝

Поэтом можешь ты не быть,

Но гражданином быть обязан.

հրահանգի ներշնչման տակ բանաստեղծը 60-ական թվականներին հանդես եկավ իր «նախ քաղաքացի եւ ապա պոետ» նշանաբանով: Իդեական այս ազդեցությունների մթնոլորտում կարող էին ձեւակերպվել նրա հայտնի խոսքերը:

Ես ուխտեցի լինել մշակ`

Հասարակաց պիտույքի,

Երգել ուսա գործ ու վաստակ,

Արդար հացը այս կյանքի:

  «Հասարակաց պիտույքի» պահանջին քաղաքացի պոետն անդրադարձավ, նախ եւ առաջ, ազգային-քաղաքական տեսանկյունից: Որչափ հայ կյանքում ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ազդեցությամբ ձեւակերպվող ազգային-քաղաքական պահանջները առավել հետեւողական կերպով ձեւակերպվում էին Նալբանդյանի գործունեության միջոցով, պարզ է, որ վաթսունական թվականների սկզբներին Շահազիզյանի գիտակցության մեջ Նազարյանցի «ապոլիտիկ» լիբերալիզմը պիտի նահանջեր Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական հրապարակախոսության առաջ:

Այդ մասին է վկայում հենց Շահազիզյանի՝ «ռեֆորմների դարաշրջանի» հետ կապված ստեղծագործությունը, բանաստեղծությունների նշանակալից. այն ժողովածուն, որը լույս տեսավ 1865 թ. սկզբներին՝ «Լեւոնի վիշտը» ընդհանուր խորագրով [32] ։

 

 

/131/ Արդեն իսկ 1862 թ. «Հյուսիսափայլ»-ում տպված «Ազգային վիճակ» բանաստեղծության մեջ կան հատվածներ, որոնք գրեթե նույն հառերով ու արտահայտություններով կրկնում են Նալբանդյանի՝ 1859 թվականին գրված «Ազատն աստված»-ի տրամադրությունները: «Ազատն աստված» բանաստեղծությանն էր արձագանքում անշուշտ երիտասարդ բանաստեղծը, երբ գրում էր.

 

Ով ազատություն, սուրբ աքսորական,

Զոհելու եմ քեզ իմ անձս հավիտյան:

Թող ստրկացած դարերով մարդիկ

Դնեն իմ վերա նզովքի կնիք:

 

Թող սրե չար լեզուն անզոր թշնամին,

Թափելով վերաս թունավոր սլաքներ:

Ես պիտի խնդրեմ, ազգ իմ, լալագին,

Ոտնակոխ եղած քո իրավունքներ:

 

Ոչ ոք չէ կարող հոգուս նպատակ

Ճնշել, խորտակել բռնության զենքով, այն :

Ոչ սուր, ոչ արյուն, ոչ բանտ, ոչ կայծակ,

Ոչ նույնիսկ գեհեն մշտավառ բոցով…

 

Բանաստեղծը ոչ միայն արձագանքում էր Նաբանդյանից ստացած ներշնչումներին, այլեւ մեծարում պոեմում նրա անունը: Կոմսի երգերը եւ նրա գաղափարական անտուրաժն է հենց այն աղբյուրը, որից ջուր է խմել պոեմի հերոս Լեւոնը: Նրա գիտակցությունը պաշարող հույզերի ու մտքերի ուղղության մասին գաղափար է տալիս նրա ճամփորդական պայուսակը, ուր կգտնեք՝

 

Տխուր մեղեդին Հեյնե պոետի,

Գյոտե'ի Ֆաուստ, այս անմահ քերթված,

Թափառաշրջիկ արկածք Հարոլդի,

Երգիծանիչ դործը Հոբենարի,

Եվ Բերանժեքի ոգելից երգեր,

Եվ պատմությունը լրջամիտ Բեոքլի,

Եվ Շաքսպիրի ողբերգություններ:

Մի քանի համար Մեղուից Պոլիսի,

Մի քանի երգեր մեզ ծանոթ Կոմսի:

 

գրում երկրոէ՞ղղելությունը կարեւորրոթյան, ար

 

/132/

Ռավելինում տառապող կալանավորի մասին են պոեմի հայտնի տողերը.

 

Բայց քեզ հանում եմ այս տխուր դասից,

Ով նոր հայախոս ու ազնիվ մշակ,

Քեզ կարող էի անմահ վուշերից

Քաջ մարտիրոսի բոլորել պսակ:

 

Քնարիդ լարերն ազատ շարժվում են,

Երբ ազատ քո կամք, ազատ քո հոգին.

Այսպես սոխակներ ներդաշնակում են,

Հեռու վանդակից, թվերի միջին:

 

Սրտիդ կսկիծը-կսկիծ է ազգի

Եվ ոչ մի դիմակ կեղծավորության,

Գրչիդ վաստակը-մեծություն հայի,

Թեեւ Հայաuերք են քո դավաճան։

 

Վերջին տողերի մեջ արտահայտված է սկզբնապես տարածված այն կարծիքը, թե Ռավելինի կալանավորը Այվազովսկու եւ արբանյակների զոհն է սոսկ: Նույն Այվազովսկուն ուներ նկատի պոեմի հեղինակը, երբ գրում էր.

 

Ընկեր քո գործին դժողք սեւամած,

Եվ բոլոր դեւեր քո հետ զինվորված.

Ուր չարագործ է մատնիչ մի տգեղ,

Դու տասնապատիկ Հուդա ես այնտեղ [33]:

 

Իբրեւ լուսավորական՝ Լեւոնը քարոզում է լույս, ուսում եւ ձգտում մարդկային «լիաձեռն» ա յն ազատության, առանց որի «չկա լիաձեռն եւ կյանք երջանիկ»։ Լեւոնը չի ձգտում միայն մարդու անհատական բարօրության, նրա անհատական ազատությանը եւ կատարելությանը:

Բանաստեղծը մռայլ գույներով է նկարագրում ազգակիցների ճնշված վիճակը.

Այստեղ մեծավորն քայլում է ազատ

Հպատակների սրտերի վերա.

Թշվառ ժողովուրդ, խոնարհած ճակատ՝

Սպասավոր է հաճույքին նորա:

- - - - - - - - - - - - - - - - - - -

Ո՞ւր է օրենքի դատակնիքը:

Իմացեք, այստեղ օրենքներ չկան:

/133/ Տիրող դրության պատճառը հարուստների ու մեծատունների գիշաանուխ արծաթասիրությունն է եւ ապա՝ «սուրբերի զգեստով» ծպտված կղերը, այդ ոչխարների առաջնորդ կարգված գայլերը, որոնք «առագաստ պարզած՝ առատ շահվում են հաջողակ հողմից»: Լեւոնը գիտե, որ հարուստը դիզում է արծաթաթմբեր «անառակության ճանապարհներով», «խեղճ չքավորի հացը կտրելով»: Նա մերկացնում է մեծատունների եւ կղերի կապը տիրող՝ ռեժիմի հետ: Հարուստի մասին է Շահազիզյանի այն խոսքը, թե՝

Նա՞ սողալ գիտե Առյուծի դրան,

Խնդրելով ճնշող կնուտից ապավեն,

Արծաթով դնել կողակից իշխան,

Կաշառող կուրծքին ձգել ժապավեն:

Չի խնայված նաեւ կղերը, նրա ընչաքաղցությունը, նրա չարամտությունը, նրա ազգադրժությունը եւ ապա՝

Կղերիկոսի սաղմոսերգություն`

Փոխանակել է քսության կանչյուն,

Մեղքի վարագույր, սփռած՝ վարդերով,

Ծածկել է նոցա աղտոտ թեւերով:

Տեսանք, որ հակառակորդները Շահազիզյանին շպրտեցին անգամ հակակրոնության մեղադրանք: Նրանք նկատի ունեին մի ժամանակ Նալբանդյանի պաշտպանած հայացքների հետեւությամբ նրա քարոզած «ազատ կրոնը», էմոցիոնալ դեիզմն ու բնապաշտությունը, որ չէին կարող հաշտվել կղերի սխոլաստիկ աստվածապաշտության հետ [34]: Բանաստեղծը գիտության մեջ է որոնում «աստուծո տաճարը» եւ հայտարարում՝ կրոնը անեզրականի զգացություն.

Կրոնը չունի որոշյալ տաճար,

Նորա տաճարն է ընդհանուր աշխարհ,

Կրոնի համար սահման հատանել,

Նույնն է, թե նորան լիովին ժխտել:

Լեւոնը կարեկից է «քրտնած, աշխատած. ազգին», հասարակ ժողովրրդին, համքարին եւ հարստահարվող այն խեղճերին ու աղքատներին, որոնց բողոքի երկինք պատռող ձայնը սպառնում է գիշատիչներին «վերին պատուհաս»: Հարուստների ազգադրժությունը հակադրում է նա համքարի ազգասիրությանը,

/134/

Միայն համքարն է, որ համեստ բարքով

Սիրում է վաստակ հեռու վատ կյանքից.

Հպարտ է համքարն, պարզերես դեմքով,

Ոչինչ ահ չունի զեղխոտ հարստից,

Եվ նա սիրում է յուր ազգի պարծանք:

 

Լուսավորության եւ գիտության լույսից զուրկ, տարերային իր բռնկումով համքարն ընդունակ է իջեցնելու ազգի թշնամիների գլխին իր բռունցքն ու սուրը…

 

Նա հայատյացին բերում է զրկանք…

Երբեմն փայլում է նորա սուսերը…

 

Վերջին տողը՝ ազդանշում էր, կարծես, համքարական այն հուզմունքը, որ բռնկվեց Թբիլիսիում 1865 թ. ամառը, պոեմը լույս տեսնելուց մի քանի ամիս հետո: Նկարագրելով հայրենի Աշտարակի բնությունը՝ բանաստեղծը հակադրում էր դրան համագյուղացիների ծանր կացությունը.

 

Բայց այդ բոլորն ստրկության

Կաշկանդված է կապանքով,

Ժողովուրդը թշվառական

Խեղդված է մեծ` խավարով:

 

Բանաստեղծը խուսափում էր կոնկրետ նշումից. աչքի առաջ ունենալով Ռուսաց Հայաստանը՝ նա անկարող էր բանեցնել անշպար լեզուն

 

Ասելու բան կա եւ լսելու բան,

Շատ հետաքրքիր վեպք ու զրույցներ»…

Եվ շատ ցավում եմ, որ ես չեմ իշխան,

Որ սարձակ խոսել կարելի լիներ:

 

Մի տեղ նա ուղղակի ծառս է լինում ազատ խոսքը գլխատող դահիճների դեմ.

 

Ազատ արվեստի վարձկան դահիճներ,

Ատում եմ Հոգով պիղծ պաշտոնը ձեր:

Եվ կգա մի օր պըռոզով հարմար,

Որ ձեր հետ քաշվեմ, ձգելու եմ քնար:

/135/

«Բռնավոր սուլթան» ոտանավորի մեջ նա գրում էր,

 

Ինքնակալություն բռնավորների

Որպես թե մի ծուխ ցնդելու է վեր.

Ինքնակալ է ազգ, ինքնակալ բարի,

Ինքնակալ նորա հոգու օրենքներ:

 

Քառյակի առաջին տողերին հեղինակը կցել է ծանոթություն. «Այո, այստեղ մեր խոսքը անհոգի եւ անաստված բռնավորների մասին է: Թե քանի տարել են այդ բռնակալության լուծը մեր Տաճկաստանի եղբայրակիցքը գիտե ամեն ոք»: Այս տողերը գրվել են ցենզորի հետապնդումներից ապահովագրվելու մտադրությամբ, բայց այն հանգամանքը, որ հարկ կարող էր լինել նման վերապահության, մատնում է ոչ միայն իրերի ռեալ կացությունը, այլեւ հեղինակի անվերապահ միտքը…

Պոեմում նկարագրվում են գյուղացուն նեղող ավազակախմբերի գործողությունների, որոնց վրա աչք էին գոցում կամ որոնց նկատմամբ ուղղակի թույլատու էին երկրի տիրողները: Եղել են կարծողներ, թե ակնարկված իրավիճակը տիրում էր Թյուրքաց Հայաստանում: Դրանից արել են այն հետեւությունը, թե Լեւոնը Արաքսի տարբեր ափերին ապրող ազգակիցների համար ուներ տարբեր ծրագրեր. խաղաղ-վերանորոգչական՝ ռուսահայերի համար, եւ մարտական-ապստամբական՝ թյուրքահայերի համար: Բայց փաuտապես բանաստեղծի նկարագրածը վերաբերում էր անմիջորեն Անդրկովկասյան Հայաստանին, թեեւ հեղինակը լավ գիտեր, որ հայերի վիճակը անազատ է նաեւ Ռուսաստանից դուրս: Հայաստանը, ասում էր նա, գերի է ոչ թե մի, այլ մի քանի ազգերի (կարդա՝ պետությունների, Ա. Հ. ) ձեռքում.

 

…Այսպես Հայաստան,

Վաճառեցին քեզ որդիք չարության,

Որպես անապատիվ մի կալանավոր

Խաղալիք դարձար ազգերի ձեռքին:

 

Հայ-թյուրք զինաբախությունն իրական պատկեր էր Անդրկովկասում զարգացող հելուզակության պայմաններում, որտենց մասին բանաստեղծը գրում էր պոեմում.

 

Տեղ-տեղ պղծած է ավազակների

Գազանաբարո ավերածներից:

Աչքերդ լցվում են արյունով ցավի,

Խոր արձակում ես հոգոց ու կսկիծ:

 

Անդրկովկասում տիրող հելուզակությունը ագրարային հարաբերուԺյունների կամ քաղաքական-վարչական գաղութային ռեժիմի հետեւանք /136/ էր. սակայն հաճախ նույն այդ ռեժիմի հանցավոր թույլտվությամբ հելուզակությունը ստանում էր ազգամիջյան բախումների կերպարանք: Պատահական չէ, որ պոեմում նկարագրված բախումներն անմիջապես կապված են Արարատյան դաշտի բնանկարի հետ:

Շահազիզյանը չի նշմարում նկարագրած երեւույթի բուն պատճառը, որը «Լեւոնի վիշտը» պոեմի հրապարակումից մի տարի անց նկարագրելու եւ պարզաբանելու էր Թյուրքիա մեկնած Աղաբեկյանը: Բանաստեղծի ըմբռնումով՝ մեղավորը Մահմեդի կրոնն էր, որը «սնուցանում էր պատառող գայլեր, որ խմեն արյուն քրիստոնեի»: Այնուամենայնիվ, նա եւս գիտեր, որ նման գայլեր սերվում եւ սնվում են նաեւ Քրիստոսի տաքուկ փարախում, «գառնազգեստ գայլեր», որոնք հոշոտում են ու լափում «հոգեւոր տիրոջ» արածող հոտերը: Մի այլ տեղ Շահազիզյանը նկարագրել է անդրկովկասյան այն կարգերը, որ առատ սնունդ էին մատակարարում՝ ժողովուրդը գիշատող իշխանավորներին՝ սրանց դավանանքից անկախ։

Բանաստեղծը սգում է հարազատ ազգի մահը եւ երազում նրա վերածնությունը: Ի՞նչ պատկերացում ունի նա այդ վերածնության հնարների մասին: Շահազիզյանը շեշտում է ազգային լուսավորության եւ դաստիաիրակության դերը: Սակայն, ասում է նա, լուսավորություն, իրավունք, պատիվ, կյանք ու բախտ այս ամենը հնարավոր է միայն ազգի ազատության մեջ, եւ ազատության մեջ է միայն, որ փողփողել է ջախջախված ազգության դրոշը: Ազատության համար մղվելիք պայքարը հայերի պիտի վարեն՝ արձագանքելով ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական այն կռիվներին, որ արծածվում են Արեւմուտքում [35]: Բանաստեղծը չէր ընկալում հարազատ ազգը որպես ինքնագո մեծություն. նա: գիտեր նրան փրպես անդամ մարդկության», որպես մարդկության մշակ եւ գործակատար»: Մտահոգված հայ ժողովրդի ազատագրման խնդրով՝ բանաստեղծը ոգեշունչ տողեր է նվիրում միաժամանակ իտալական ապստամբությանն ու գարիբալդյան զենքի հաղթանակին եւ ընդգծում բռնակալության դեմ ոտքի ելած «բռնավոր» մասսաների դերը: Իտալական շարժման օրինակով՝ ճնշված ժողովուրդների միացած պայքարի ջանքերով է միայն, որ պիտի նվաճվի նաեւ հայ ազգության քաղաքական ազատությունը: Այս է բանաստեղծի միտքը: Նա համոզված է, թե Արաքսի բնագծից անկախ՝ բռնակալության կրնկի տակ հեծող տեզական ազգությունների զինված ապստամբությունն է միայն, որ կարող է վերջ տալ նրանց ստրկությանը.

/137/

Ուրեմն թրեր, ուրեմն սրեր

Թող հանդիսանան այստեղ դատավոր,

Թող թափվին անպարտ արյան առուներ,

Դա անմահ գործի է ավետավոր:

Բայց, ով Ասիա, ի՞նչ է քո համար,

Այս ազատության կենդանի քարոզ

Մեռած եք, ազգեր, եւ ձեզ բռնաբար

Հարստահարում է թշնամին գոռոզ:

 

Ասիական ժողովուրդներին եւ ոչ միայն հայ ժողովրդին ուղղած այս կոչը գլխավոր այն դասն է, որ յուրացրել էր երիտասարդ բանաստեղծը, դիտելով ժամանակի անցքերը՝ ռուս ճորտերի հուզումները, իտալացիների եւ լեհերի ապստամբությունները, Զեյթունի դեպքերը եւ այլն.

 

Թող քաղաքական մեծամեծ գործեր

Այսօր չանցանե ձեզ համար ունայն.

 

Շահազիզյանը չկծկվեց ազգային շարժման անձուկ պատյանի մեջ: Նա պատկերացնում էր ազգի ապագան ազատ ու անկախ ժողովուրդների դեմոկրատական ֆեդերացիայի մեծ ընտանիքում միայն.

 

Բարօրությունը հասարակ ազգի,

Եվ վավերականն ապահովության,

Վերին նպատակ, այս պետք է լինի

Տապանակ ուխտին, մեծ դաշնակցության:

Այստեղ ժողովուրդն է այն սուրբ աստված,

Որի արարքին չկա մի բողոք:

 

Սոցիալական ի՞նչ ուժերի վրա էր կառուցում Շահազիզյանը ժողովուրդների «ոսկի ապագան»: Նա հաշվի էր առնում, անշուշտ, «հասարակ ազգի» «դեմոկրատիայի մարտական ուժը: Սակայն համոզված էր, որ ազգի ազատագրման համար անհրաժեշտ է նրա միությունը, ազգ կազմող դասակարգերի քաղաքական համագործակցությունը.

Բարի գործերով մեք ընդհանրաբար

Կարող ենք գտնել բաղդը աշխարհիս,

Ես բաղդավոր եմ, թե այդ բաղդն ունիս

Եվ դու, եւ հարուստ, եւ տնանկ անճար:

 

/138/ Բանաստեղծը հրավեր էր կարդում հայրենակիցներին՝ ձեռնարկել հասարակության գործին «վեհանձնարար».

 

Որ ծլեր, ծաղկեր, ամուր բարձրանար

Ոսկե տաճարը սուրբ բարօրության:

Որ լույս եւ ուսում այցելու լիներ

Եվ քո պալատին եւ քո խրճըթին.

Որ յուր բաղդն ու կյանք առատ անձրեւներ

Քրտնած, աշխատած ազգիդ ճակատին:

 

Դատապարտելով կղերի եւ հարուստների հոռի հատկությունները՝ Լեւոնը կարդում է նրանց գլխին առաքինության քարոզներ, հրավիրում նրանց ազգաշեն մեծագործության: Նա հանգում է կարծես այն մտքին, թե առանց գառների ու գայլերի համատեղ գործունեության, առանց նրանց միության ազգի համար չկա փրկություն: Այդ նախապաշարմունքը Շահազիզյանի աքիլլեսյան գարշապարն էր, նազարյանական լիբերալիզմի ներքնախարիսխը բանաստեղծի իմաստասիրության մեջ:

Ազգային-ազատագրական գաղափարախոսության պրոպագանդ ծավալելով համառուսական ռեւոլյուցիայի կրիզիսի պայմաններում՝ Շահազիզյանը չնշմարեց հայ ազգային-ազատագրական շարժման ու ագրարային ռեւոլյուցիայի ներքին կապը: Լեւոնը հանդիսար չունի հյուսիսային «մութ երկնի տակ», նա լքում է հյուսիսի «բնության դագաղը» եւ ուղեվորվում Կովկաս, նրա լեռներում ու դաշտերում փնտրելով «ավետյաց երկիրը», հին, նվիրական մի աշխարհ, ուր Լեւոնից առաջ փրկության հանգրվան էին որոնել Պուշկինի եւ Լերմոնտովի ռոմանտիկ հերոսները։ Սակայն փրկության այս ճանապարհին Շահազիզյանի ուղղադատ գիտակցությունը դեմ է ընկնում ազգային բացառիկության չհաղթահարված նախապաշարումներին: Ցարիզմի դեմ ջանալով բացել Կովկասում ժողովուրդների եղբայրական գործակցության ուղիներ՝ Շահազիզյանի հերոսը չի կարողանում կամրջել փոխադարձ անվստահության եւ թշնամանքի այն խրամատները, որ տեղական ժողովուրդների միջեւ փորել էին տիրող դասակարգերը: Խոսելով թուրքի մասին՝ նա տեսնում է միայն նրա մոլեռանդությունը: Կովկասյան ժողովուրդների հակադրումներից զերծ . չէր, մասնավորապես, նաեւ Շահազիզյանի վաղեմի ուսուցիչի՝ Նազարյանցը, խոսելով հայերի դեպի Ռուսաստանն ունեցած ավատար-մության մասին՝ նա հարկ էր տեսնում գրել. «Եվ Ռուսաստանը, մեր բարեմիտ Ռուսաստանը եւ մեր բարի թագավորը, որի բերանից դուրս են եկել այս մեծ խորհրդավոր խոսքերը. «Да развивается повсюду и с новой силою стремление к просвещению». մի՞թե կամենալու է փակել /139/ մեր ազատ, իմացական կրթության ճանապարհը. եւ ոչ երբեք. Ռուսաստանը կարող է ամենեւին աներկբայ լինել հայոց ազգի դեպի նա անդրժելի հավատարմության մասին, եւ դորա ապացույցքը միշտ եւ անսպազ տեսել է նա: Տաճիկները, որպես մահմետականք, յուրյանց հարաբերության մեջ դեպի Ռուսաստան, թե շատ եւ թե փոքր միշտ կասկածելի են. վրացիքը թեպետեւ կարող չէին պահպանել յուրյանց ազատ դրությունը պարսիկների երեսից, այնուամենայնիվ տրտնջում են եւ անգոհ են Ռուսաստանից, որ սա բավականացել չէ մի պաշտպանողական իշխանութեամբ, այլ ստորադրել է նորանց յուր ստույգ հրամանակալության տակ: Բայց հայերը ճշմարտապես եւ իրավացի շնորհակալ են Ռուսաստանին, որ ազատել է նորանց մի անտանելի, անարգական ստրկութենից, եւ բացել է նոցա առջեւ մի նոր քաղաքական կյանքի ասպարեզ» [36]:

Շահազիզյանն անում էր անդրկովկասյան ազգությունների հակադրությունը հակառակ ծայրից, նրանց դեմոկրատական անբարեհուսության ծայրից: Պոեմի այս կարգի մտքերը վկայում են բանաստեղծի մեջ իսկ հարատեւող նացիոնալ-լիբերալ այն նախապաշարումների մասին, որոնց ուժը 60-ական թվականների սկզբներին մի պահ թուլացել էր հեղինակին Համակած ռեւոլյուցիոն-դեմոկրատական տրամադրությունների ներշնչմամբ, առանց իսպառ վերացվելու կամ հաղթահարվելու: Հասկանալի է նաեւ, թե ինչու ծայրը-ծայրին հասցնելով իր մտքերը, Լեւոնը վերջ ի վերջո հանձնվում է… Հարոլդյան հոռետեսության եւ ավարտում իր թափաt: ումներն այն գիտակցությամբ, թե դյուրին գործ չէ «թավալել Չարին»…

 

Ոհ, շատ շատ օրեր դեռ պիտի պահեն,

Երբ հայի արեւն փոշուց կըզարթնի.

Դեռ ամբողջ դարեր պիտի անցանեն,

Երբ ազատություն ծառի պես կըբսնի:

 

Այս հոռետեսությունն ուներ, հարկավ, պատմական պատճառներ։ «Լեւոնի վիշտը» խմբագրվեց 1864 թվականին, մի ժամանակ, երբ «Չարը» չքում էր «Բարուն կոկորդին. պարտված էր Զեյթունը, պարտված Լեհաստանը, Ռուսաստանում գլուխ էր բարձրացրել սանձազերծ ռեակցիան…

Հասարակական տրամադրությունների տեղատվության շրջանում Շահազիզյանի մարտական քնարը գրեթե մնջության դատապարտվեց: Կտակելով իր զենքն ու զրահը մանուկ սերնդին՝ բանաստեղծն ապավինեց մասնավոր կյանքի կայանին, տուր մեռավ առանց այդ էլ տկար /140/ քանքարով թեւավորված նրա մուսան, եւ հանգավ նրա մարտական ներշնչումների կենդանի կրակը….

Պատահականություն չէր, հարկավ, երբ Նազարյանցը հիշատակում էր Շահազիզյանի անունը «Լապտեր Հայաստանի»-ի իր ենթադրած աշխատակիցների ցանկում: Պատահականություն չէր, երբ ավելի ուշ, Նազարյանցի մահից հետո, Շահազիզյանը հանդես եկավ նրա գործունեության անվերապահ ջատագովությամբ:

Նկատենք, սակայն, որ հեռանալով մարտադաշտից՝ բանաստեղծն իր զենքն ու զրահը կտակեց մատաղ սերնդին: Ճիշտ է, մի պահ նա եւս տուրք տվեց այն մտքին, թե ազգի ազատությունը պիտի գլուխ գա մեծ տերությունների ձեռնտվությամբ: Այդ տեսակետից բնորոշ են միանգամայն նրա «Հրապարակախոս ձայն»-ին կցված էջերը, որոնք գրված էին 80-ական թվականների սկզբներին: Սակայն մեծ պետությունների աչքի առաջ ծավալված հայկական կոտորածներից հետո Շահազիզյանը կարծես սթափվում է կրկին: Ծերունի վաթսունականը վերադառնում է երիտասարդական տարիներին դավանած իր այն մտքին, թե «Մանուկ Հայաստան»-ի ազատության ուղին արյունով ներկված գողգոթայի շավիղն է միայն [37]: Դրանով նա արձագանքում էր Հայաստանի լեռներում նոր ուժ ստացած գյուղացիական արյունահեղ մարտերին: Իր նամակներից մեկում նա գրում էր. «Հայության շունչի սպառում է յուր ազնիվ եւ դյուցազնական կրծքի մեջ, եւ Եվրոպան խաղ է անում մի անարգ եւ բարբարոսական կոմեդիա. տասնեւիններորդ դարի էջերը կմնան սեւացած պատմության մեջ եւ կարձանագրեն խայտառակ դիպլոմատիայի հնարագիտությունները: Եվրոպայի մարդասիրությունը, Եվրոպայի պրոգրեսը ոչ այլ ինչ է, քան թե մի ամբողջ շարք վայրենի կրքերի եւ անառակության: Թքեմ այդ ցիվիլիզացիայի երեսին, որ ներկայացնում է մի կատարյալ մտավորական սիֆիլիզացիա: Տես ինչ դիրք է բռնել այն ճղճղան Ֆրանսիան, որ մեզ ուսուցանում էր եղբայրություն եւ հավասարություն, այժմ՝ ինքն ստրուկ եւ ծառա պապանձվել է լեզվով, որ մի ժպիտ անգամ չհանե այն անմեղ զոհերի համար, որոնք պաշտպան են հանդիսանում նրա դավանած սկզբունքների համար» [38]: Իր նամակներում Շահազիզյանը սուր խոսքեր էր ուղղում մանավանդ ցարական Ռուսաստանի եւ նրա սատրապների հասցեին [39]: Տերությունների գաղութային շահատակությունների, նրանց «կուլտուրական ցինիզմի» դիմաց, նա առկոչում է ժողովուրդների բռունցքին. «Չինացիների մեծ բռունցքը, գրում էր նա չինաց պատերազմի ժամանակ, մեզ էլ փոքր բռունցք պատճառեց դրամական /141/ տեսակետից: Թեեւ այս այսպես է, բայց ես շատ ուրախ եմ, որ արդարության՝ գավազանը բարձրացավ մեղավոր գլխին Եվրոպայի: Այնքան արհամարհանք, որ Մաքիավել Եվրոպան հասցրեց խաղաղասեր խեղճերին, Հարկավոր էր վերջապես վրեժխնդրություն: Այժմ, կարծես, չինացիների մեծ փիլիսոփա Մենցզին էլ չի կարող կրկնել յուր մի անգամ ասածը. «Ես, հիրավի, լսել եմ, որ բարբարոսները էլի մի բան սովորել են չինացիներից, բայց ես երբեք չեմ լսել, որ Չինաստանը մի բան սովորած լինի բարբարոսներից»» [40]:

Այնքան այժմեաբար հնչող այս տողերը գրված են, հիրավի, Նալբանդյանի շնչով…

«Լեւոնի վիշտը» քաղաքական մի մանիֆեստ էր, որ նշում էր ժամանակի ռուսահայ բանաստեղծության եթե ոչ գեղարվեստական, գեթ իդեական բարձրակետը: Եթե Պատկանյանի քնարը հայտաբերում է հետղինակի բացասական վերաբերմունքը դեպի համառուսական եւ համաեվրոպական ռեւոլյուցիոն շարժումները, Շահազիզյանի պոեզիան, ընդհակառակն, ցուցանշում էր բանաստեղծի դրական դիրքավորումն այդ շարժումների նկատմամբ: Մեկը ցուցաբերում է բուրժուազիայի ազգային-պահպանողական գաղափարախոսության ընդդիմությունը ռուս եւ եվրոպական ռեւոլյուցիոն դեմոկրատիային, մյուսը՝ բուրժուազիայի ազգային-լիբերալ գաղափարախոսության իդեական սնանկացումը եւ նրա նահանջը ռեւոլյուցիոն դեմոկրատիայի առաջ: . Ցարիզմի հայ ագենտները բավականաչափ հիմք ունեին, երբ մեկնաբանում էին «Լեւոնի վիշտը» որպես «Նալբանդովի վիշտ», եւ լեգենդ չէ, գուցե, երբ պատմում էին, թե կարդալով պոեմը՝ Նալբանդյանը բացագանչել է. «Լեւոնի վիշտը իմ վիշտն է» [41]:

Նալբանդյանը պաշտպանում էր մի շարք հայացքներ, որոնք չեն։ անդրադառնում պոեմին: Ինչպես եւ, ընդհակառակն, պոեմում կան մի շարք դրույթներ, որոնք ներհակում են Նալբանդյանի պաշտպանած հայացքներին: Սակայն, ընդհանուր առմամբ, պոեմի կոնտուրները գծված են Նալբանդյանի իդեական ներշնչման տակ: Այդ տեսակետից Նալբանդյանի հակառակորդները պատճառ ունեին, հիրավի, զինվելու պոեմի դեմ։

Երբ Լազարյան ճեմարանի վերակացու Շահազիզյանը լույս աշխարհ հանեց պոեմը, գտնվեցին մարդիկ, մերոնք բողոք ուղարկեցին այդ առիթով Ճեմարանի միանձնյա հոգաբարձու Խրիստափոր Լազարեւին: Մսերին, Էմինին, Քանանյանին եւ սրանց համախոհներին հուզել էր կրտսեր պաշտոնյայի գրական ըմբոստ բեմելը: Նրանք նշմարել էին Շահազիզյանի պոեմի մեջ իրենց հարազատ պատկերը եւ հանձին նրա հեղինակի /142/ տեսել իրենց մի նոր հակառակորդին [42]: Խ. Լազարեւն առանձին գրությամբ պատվիրեց քննել գործը: Ճեմարանից վտարվելու վտանգից Շահազիզյանին փրկեց միայն դիրեկտոր Բաբստի եւ Բուդաղյանի միջնորդությունը [43]: Խոսքը այն «Բուտագովի» մասին է, որին լավատեղյակ Կ. Եզյանը համարում էր «Նալբանդովի պարտիայի մարդ»: Շահազիզյանը պատմում էր, թե տեսնելով Խրիստափոր աղայի մոտ «Լեւոնի վշտի» կարմիր մատիտով խարխլված մի օրինակը՝ Բուդաղյանը ասել է նրան. «Վեհազնյա, այդ լավ մարդերի գործ չէ», եւ միաժամանակ գրել է Շահազիզյանին. «Իսկ դու մի վախենար, մի շեղվիր քո մտքերից ու ճանապարհից» [44]: Այս պատմությունը ներդաշնակում է Բուդաղյանի նկատմամբ Եզյանի տված տեղեկությանը:

Ի դեպ՝ Բուդաղյանի մասին:

Ժամանակակիցների մոտ Մովսես Բուդաղյանը վայելում էր բանաստեղծի համբավ: «Հյուսիսափայլ»-ում տպվել են նրա մի երկու ոտանավորները, որոնք, ըստ երեւույթին ցենզորի զգոնությունը բթացնելու համար, նշանակված են որպես թարգմանություն հունգարերենից: Ուշագրավ են նրա այս տողերը.

 

Խելքս ու միտքս արյունաշաղախս

Օրեր կսպասեն, որ բան, անհապաղ.

Այս օրերն է, որ աշխարհ կըքանդեն,

Այս օրերն է, որ աշխարհ կըփրկեն [45]:

 

Պետք է ենթադրել, որ Շահազիզյանի հետ միասին Բուդաղյանը պատկանում էր «Հյուսիսափայլ»-ի այն բանաստեղծների թվին, որոնք 60-ական թվականների սկզբներին ենթարկված էին Նալբանդյանի մտավոր գերիշխանությանը: Բոլոր նշաններից դատելով՝ մերձավորությունը Նալբանդյանի եւ Բուդաղյանի միջեւ ավելի անմիջական էր, քան Նալբանդյանի եւ Շահազիզյանի միջեւ: Նալբանդյանի եւ Բուդաղյանի հոգեկցությունը ուժ էր ստանում մասամբ նրանց տարեկցության եւ անձնական շփումների հանգամանքներով: Նրանց մոտիկության մասին է վկայում նաեւ 1860–62 թվականների նրանց նամակագրությունը, որի հետքը առկա է Նալբանդյանի ծոցատետրում: Պատահական չէ նաեւ, որ Բուդաղյանը մեկն էր Ալեքսեեւյան Ռավելինում ձերբակալվածին այցելող մարդկանցից. այդ ակներեւ է Նալբանդյանի գրած «Բերդի հիշատակարանից»:

/143/ Ղ. Աղայանը պատմում էր հետագայում, որ Բուդաղյանը գլխեգլուխ բերան էր արել Նալբանդյանի՝ բերդում գրած «Արկածք Ադամա»-ն եւ արտասանում էր հաճախ [46]:

Իր տեղում դիտել ենք, որ հիսունական թվականների վերջերին Բուդաղյանին զբաղեցնում էր Պետերբուրգում հայերեն թերթ հրատարակելու միտքը: Հիշել ենք նաեւ, որ, հավանորեն, թերթի շարժիչ ոգին լինելու էր ոչ թե Բուդաղյանը, այլ Նալբանդյանը: Սակայն թերթ հրատարակելու միտքը հանդիպեց ցենզորական վարչության դիմադրությանը: Ակներեւ է, որ Բուդաղյանը չէր վայելում ցարական հսկիչների վստահությունը [47]:

Շահազիզյանը եւ Բուդաղյանը ռուսահայ միակ մտավորականները չէին, որոնք գաղափարապես մոտ էին Նալբանդյանին: Նրանցից շատ կային նաեւ ուրիշներ, որոնց անվանապես չէին հիշատակում «Երիտասարդ Հայաստան»-ի կապակցությամբ եղած գրագրությունների մեջ: Հիշենք երաժշտագետ Հովհաննես Մատրասյանին, 1864 թ. Պետերբուրգում տպված եւ բանտում նստած Նալբանդյանին ձոնված հայերեն «Տրովատոր»-ի հրատարակչին [48], կամ Նալբանդյանի մերձավոր ընկեր Ան. Սուլթանշահին ու նրա համշիրակ Հ. Բերբերյանին: Հիշենք նաեւ Ղ. Աղայանին, որը 60-ական թվականների կեսերին ապրում էր Պետերբուրգում եւ գրական առաջին իր գործերի մեջ արտահայտում էր Նալբանդյանին համահնչուն մտքեր ու տրամադրություններ: Նալբանդյանից ազդված էր, մասամբ, նաեւ «Հյուսիսափայլ»-ի էջերում առաջին անգամ երեւան եկած Հ. Մելիք-Հակոբյանը, հետագայում հռչակ ստացած Րաֆֆին, որը վաթսունական թվականների վերջերին համարում էր իրեն Նալբանդյանի ուղղության մարդ: Իր «Սալբի»-ով նա փորձեց արդարացնել այդ հայտարարությունը: Նալբանդյանից կրած ազդեցությունը մասամբ /144/ երեւան էր գալիս նաեւ նրա հետագա երկերում, որոնք, սակայն, էական մի շարք կետերում գնում էին Նալբանդյանից խոտոր իդեական ճանապարհով:

Վերը թվարկված քիչ թե շատ հայտնի դեմքերից զատ, 60-ական թվականների սկզբներին Մոսկվայում եւ Պետերբուրգում կային բազմաթիվ անհայտները, հատկապես ուսանող երիտասարդների շարքերում, որոնք այս կամ այն չափով անմիջական շփում ունեին Նալբանդյանի հետ կամ ենթարկված էին նրա ազդեցությանը: Սրանց ուներ, անշուշտ, Կ. Եզյանը աչքի առաջ, երբ մինիստրին հղած իր գրության մեջ հիշատակում էր «Նալբանդովի պարտիայի» մասին: է Սխալ կլիներ, սակայն, ենթադրել, թե Նալբանդյանի հասարակական կենդանի կապերը Մոսկվայում կամ Պետերբուրգում սահմանած, փակվում էին սոսկ իր «պարտիայի» մարդկանց հետ ունեցած իդեական կամ գործնական հանդիպումներով: Նրա սենտական գործին կցված վավերագրերը ակնբախ են դարձնում նրա ոչ միայն հայ, այլեւ ռուս եւ՝ օտարազգի համախոհների հետ ունեցած շփումները:

Սակայն Նալբանդյանը չէր սահմանափակվում սոսկ համախոհների հետ ունեցած կապերով: Ինչպես «Հյուսիսափայլ»-ի խմբագրության մեջ աշխատելիս, նույնպես եւ հետագայում նա Համագործակցության եզրեր էր որոնում հասարակական լայն շրջանների հետ: Գիտեր, անշուշտ, որ եւ առանց դրան իր հայացքները չէին գտնի համազգային արձագանք եւ իր հրապարակախոսությունը չէր լինի ավելին, քան ամուր սեկտանտություն:

Այս տեսակետից վերին աստիճանի ուշագրավ են այն փաստերը, որ հաղորդում է ձեռագիր իր «Հիշատակարան»-ում Նալբանդյանի եւ նրա Պետերբուրգի ծանոթների գործունեության մասին Գաբրիել Պատկանյանը: է 1862–63 թվականներին Պետերբուրգում Ռ. Պատկանյանը, Կ. Եզյանը եւ Մ. Բուդաղյանը ջանք էին թափում ստեղծելու մի ընկերություն կամ, ինչպես ասված է այդ «Հիշատակարան»-ում, «ազգային միություն», որին պիտի մասնակցեին Մ. Սանասարյանը, Հ. Իզմիրյանը, Ք. Պատկանյանը, . Գ. Սուլթանշահյանը) եւ Մ. Միանսարյանը: Մտադրություն կար ներգրավել այդ ընկերության մեջ նաեւ Խ. Լազարեւին, Հ. Դելիանովին եւ Ս. Աբամելիքին: «Հիշատակարան»-ի համաձայն՝ ընկերություն ստեղծելու միտքը հղացել էր Ռ. Պատկանյանը, բայց ի վերջո Եզյանն ու Բուդաղյանը նրան չեզոքացնում են եւ հարկադրում, որ նա հրաժարվի դրանից. Ռ. Պատկանյանը հարկադրված է լինում նույնիսկ հրաժարվել Եզյանի տանը հավաքվող ուսանողական ժողովներից, որովհետեւ, ինչպես ասված է «Հիշատակարան»-ում, «հայտնի տեսնում էր», որ Եզյանի /145/ կիսամաշ գաղափարներով տոգորված եւ Սանասարյանի ու Լազարեւների միջոցներով ու վերին հրահանգներով սնվող այդ ժողովները չեն կարող օգնել Հայոց ազգին» եւ հասցնել դրական արդյունքի [49]:

  Գ. Պատկանյանի վկայության համաձայն՝ Բուդաղյանի եւ Եզյանի արծարծած «ազգային միության» գաղափարով ոգեշնչված էր նաեւ Նալբանդյանը: Սրանով էլ նա բացատրում է այն հանգամանքը, որ ասպարեզ գալով նրա «Հայկ եւ Լեւոն մոռանանք, եղբարք» եւ «Հիմի է՞լ լռենք» բանաստեղծությունների դիրքավորման դեմ, նա գրի առավ իր «Հիմի է՞լ խոսենք» եւ «Հայկ ու Տիգրանին հիշե՛նք» պարոդիաները [50]:

Դ. Պատկանյանի հաղորդած այս տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ 1862 թ., արտասահմանից վերադառնալով, Նալբանդյանը Պետերբուրգի մոտիկ իր ծանոթների շրջանում արծարծել է այն միտքը, թե անհրաժեշտ է մայրաքաղաքի հայերի շրջանում կազմակերպել լեգալ մի ընկերություն եւ այդ միջոցով նյութական միջոցներ կուտակել ազգային ինչ-ինչ նպատակների համար։ Ծրագրված այդ ընկերության մեջ շոշափելի անդամավճարներով պիտի մասնակցություն ունենային նույնիսկ Պետերբուրգի հայ հարուստները:

Ոչ միայն բացարկված չէ, այլեւ շատ հավանական է, որ Նալբանդյանը ոչ միայն ունեցել էր նման միտք, այլեւ իր ծանոթների միջոցով ջանք էր գործ դրել գլուխ բերելու դրա իրագործումը: Այլեւայլ նպատակներով։ ընկերություններ կազմակերպելու միտքը Նալբանդյանը եւ Նազարյանցը խրախուսում էին տակավին «Հյուսիսափայլ»-ի էջերում: Նման ընկերություններ տարածված էին մանավանդ թյուրքահայերի մոտ: Տեսանք, որ Պոլսում գտնված ժամանակ Նալբանդյանն անձնապես ոչ միայն անդամագրվեց Կ. Պոլսի Բարեգործականին, այլեւ օգտագործում էր այդ ընկեր րության լեգալ շրջանակները արեւմտահայ իր համախոհների գործունեության համար: Կարելի է կարծել, որ Պետերբուրգում կազմակերպվելիք ընկերության հետ եւս Նալբանդյանը կապում էր նման հեռանկարներ: Անհավանական չէ, որ այդ ընկերության միջոցներն ուներ ի նկատի Նալբանդյանը «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում, ուր գրում էր այն մասին, թե հարկավոր է «բարեպաշտ եւ առաքինի» անձանց խնամարկությունը Պետերբուրգի եւ Մոսկվայի գործարաններում հայ արհեստագիտական կադրեր պատրաստելու համար [51]: Շատ հավանական է, որ ըն/146/կերության միջոցներով էր ենթադրվում ապահովել նաեւ ազգային պարբերականի հրատարակությունը:

Գ. Պատկանյանի ասելով՝ Ռ. Պատկանյանը ծրագրում էր կազմակերպվելիք ընկերության միջոցներով գլուխ բերել «Հյուսիս» շաբաթաթերթի տպագրությունը [52]: Սակայն, ի վերջո ենթարկվելով Եզյանի եւ Բուդաղյանի ազդեցությանը, Սանասարյանը երես է շուռ տալիս Ռ. Պատկանյանից եւ ցանկություն հայտնում, որ «Հյուսիս» շաբաթաթերթի հրատարակությունը փաստապես անցնի Մ. Բուդաղյանի ձեռքը [53]: Ռ. Պատկանյանը չի համաձայնում դրան, որից հետո 1863 թ., ինչպես պատմում է Գ. Պատկանյանը, «Սինոդրիոնի խորհրդարանը» (իմա՝ Սանասարյան, Եզյան եւ Բուդաղյան) որոշում է երեքամյա պայմանագրությամբ ապահովել Նազարյանցին՝ վերսկսելու դադարած «Հյուսիսափայլ»-ի հրատած րակությունը: «Այդ մասին, գրում է Գ. Պատկանյանը, Բուդաղյանը գնացել է այն ամրոցը, ուր կայր Միքայել Նալբանդյան ի դիպահոջ (խոսքը Պետրոպավլովյան բերդի մասին է, Ա. Հ. ) եւ նա խոստացել է խմբագրել [ Հյուսիսափայլ ը] ընկերովյան Նազարյանի, որպես եւ 1864 թվին սկսավ կրկին երեւիլ… Այլ որովհետեւ հանգամանքը փոխվեցան, Ռափայել գնաց` Նոր Նախիջեւան, Տեր Գաբրիելն Հյուսիս ի ի լույս ընծայումն ընդմիջեց…: Հյուսիս ը որ վերջացավ, Հյուսիսափայլ ը որ նախանձու եւ բարկության վիժածն էր, նույնպես կարճատեւ եղավ, 1865 ամն մնաց առանց Հյուսիս ի եւ առանց Հյուսիսափայլ ի» [54] ։

Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը հեղինակի ախտակիր բնավորությամբ: եւ սուբյեկտիվ տրամադրություններով տոգորված աղբյուր է: Հեղինակն ինքն իսկ խոստովանում է յուր «բնիկ կասկածոտ բնավորությունը» [55]: Կասկածամտությունը հարկադրում էր նրան ամենուրեք որոնել ու տեսնել վատն ու հոռին, հանգամանք, որ դարձնում է «Հիշատակարան»-ը չարաստումներով լեցուն մի մատյան, ուր ամեն ինչ նկարված է մռայլ ներկերով ու մռայլ հետնախորքի վրա: Բամբասանքների երանգ ունեցող անտեղի ու անհամոզիչ բազմաթիվ մեղադրանքներ է՝ բարդում «Հիշատակարան»-ի հեղինակը նույնիսկ իր հարազատների եւ մերձավորների եւ, մասնավորապես, Նալբանդյանի վրա, որի մահը, այնուամենայնիվ, ողբալու էր որպես «կորյունակորույս առյուծ» [56]:

/146/ Այսուհանդերձ, զանց առնելով հեղինակի տված սուբյեկտիվ երանգավորումները, անհրաժեշտ է հաշվի առնել «Հիշատակարան»-ի հիման վրա վերը շարադրած մանրամասնությունները, որոնք նոր եւ հետաքրքքիր լույս են նետում ոչ միայն Մ. Բուդաղյանի, այլեւ 60-ական թվականների սկզբներին նրա Հետ գաղափարապես կապված Նալբանդյանի գործունեության վրա:



[1]     Նկատենք, որ «Հայկ ու Լեւոնին մոռանանք, եղբարք»-ը սկզբնապես կրում էր «Մանուկ-Հայաստան» վերնագիրը: Տե՛ս այդ ոտանավորի բնագիրը, ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 95:

[2]     ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 352:

[3]     Պիտի կարծել, որ «Եվրոպա» ասելով Ռ. Պատկանյանը ազգային-պահպանողած կան մյուս գործիչների պես գլխավորապես աչքի առաջ ուներ Անգլիան: 1871 թ. հոկտ. 15-ին Ք. Պատկանյանին գրած նամակում նա ասում էր. «Մեզ խոմ հայտնի է, որ եթե կա աշխարքումս արդար պոլիթիքա, այդ անկլիականն է» (Տե՛ս Գրականության` թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 270, թ. 65ա—բ): Այս տեսակետից հատկանշական է, որ ինքը՝ բանաստեղծը «ցնորք» բառով է վերնագրել իր այն ոտանավորը, որ բաղձանք էր հայտնում…. Բիսմարկի ձեռքով ազատված տեսնելու Հայաստանը:

[4]     ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 290. թ. 132ա:

[5]     Նույն տեղը, թ. 397ա:

[6]     «Արարատ», 1850, M 8:

[7]     «Հյուսիսափայլ», 1860, 44 7, եր. 35:

[8]     Նույն տեղը, եր. 41:

[9]     Նույն տեղը, եր. 42:

[10]   «Հյուսիս», 1863, N 1:

[11]   Ռ. Պատկանյան, Երկասիրություններ, III, Եր. 7:

[12]   Նույն տեղը, եր. 8:

[13]   Նույն տեղը, եր. 13:

[14]   «Տարազ», 1901, N 20:

[15]   Ռոտինյանի գրության բնագիրը ժամանակին հանդիպել ենք Հ. Թումանյանի արխիվում, որ ներկայիս հանձնված Է ՀՍՍՌ Գրականության թանգարանին:

[16]   ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 270, թ. 304բ:

[17]   Տե՛ս նույն տեղը, թ. 350բ:

[18]   «Մուրճ», 1905, N 2–3, եր. 94:

[19]   Բնագիրը գտնվում է պրոֆ. Հ. Կուսիկյանի մոտ:

[20]   «Փորձ», 1880, N 1, եր. 160:

[21]   «Փորձ», 1880, N 1, եր, 158 եւ հետ.:

[22]   «Հայ ազգի սրտացավները», հմմ. նաեւ «Սուտ աղա» ոտանավորը:

[23]   Նշանակալի հանգամանք է, որ 1889 թ. Մ. Փորթուգալյանը, առանց հեղինակի անվան հիշատակում է, որոշ փոփոխություններով, առանձին տետրակով լույս ընծայեց Պատկանյանի այս «Վարդապետարան»-ը, նշմարելով դրա մեջ «Հայոց Հայրենասիրական Միություն» կոչված արմենական կազմակերպության կրեդոն:

[24]   Վերջը կիմանաք, Պատմություն հայոց ազգի, Ս. Պետերբուրգ, 1863, եր. 247 եւ հետ.:

[25]   Նույն տեղը, եր. 265 եւ 268:

[26]   Նույն տեղը, եր. 263 եւ հետ.:

[27]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. 3 172, վավ. N 104:

[28]   Տե՛ս Լազարեւների արխիվի N 27 գրքով Շահազիզյանի անտիպ նամակը եւ Լազարեւներին մեծարող ներբողը: «Պատանեկական զբոսանք»-ը լույս չի տեսել տպագրությամբ: Հավանորեն, հեղինակի առաջին այն հատորն էր այդ, որի մասին 1860 թ. որպես «երկրորդ հատոր» լույս տեսած «Ազատության ժամեր»-ի շապկի վրա հայտարարվում էր, թե «առաջին հատորը (որ գրոց լեզվով է) եթե կհաջողի, մի ժամանակից դուրս կգա»: Հազիվ թե հայ գրականությունը շատ բան կորցրեց հեղինակի գրական երախայրիքի անտիպ մնալուց: Այդ մասին է վկայում նույնիսկ «Ազատության ժամեր»-ի գրական տհասությունը:

[29]   Հմմ. «Հյուսիսափայլ», 1861, N 4, եր. 340, «Սեւորակ աչեր» ոտանավորը, գրված 1860 թ. նոյեմբերին:

[30]   «Արարատ», 1916, եր. 719:

[31]   Ю. А. Веселовский, Русское влияние в современной армянской литератype, Mocквa, 1909, եր. 14 եւ հետ»:

[32]   Ժողովածուի մեջ զետեղված գործերի տակ Շահազիզը համառորեն նշանակել է 1864 տարեթիվը: Ստացվել է այն տպավորությունը, որ հրատարակված նյութերի գրվել են մի շնչով, 1864 թվականի ընթացքում, մեծ մասով Բոգորոդսկոմ, ամարանո ցային ժամանցի ամիսներին: Բայց սխալ է այդ տպավորությունը: Այսպես, նույն ժողովածուի մեջ զետեղված են 1864 թվականով նշված մի շարք ոտանավորներ, որոնք լույս էին տեսել նախապես, 1861–62 թթ. «Հյուսիսափայլ»-ի տետրակներում եւ մտել «Լեւոնի վշտի» մեջ՝ անփոփոխ կամ աննշան շտկումներով: Պարզ է, որ Շահազիզյանի նշանակած տարեթիվը հաճախ ցույց է տալիս ոչ թե ոտանավորների գրության, այլ դրանց վերջնական խմբագրման տարին: Այս դիտողությունը կարեւոր է ոտանավորների եւ վաթսունական թվականների սկզբում երկրում արծարծված շարժումների միջեւ եղած կապի անմիջականությունը նշելու համար:

[33]   Հմմ. նաեւ «Դավաճան» ոտանավորը:

[34]   «Լեւոնի վշտից» զատ հմմ. «Ճշմարիտ կրոն» եւ «19-րդ դարի կրոնասերը» ոտանավորները:

[35]   Հարկավ ցենզուրական ճնշումն է, որ հարկադրում էր Շահազիզյանին խոհեմաբար լռելու Ռուսաստանի ներսում ծայր առնող ազգային-ազատագրական շարժումների մասին:

[36]   Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 95 եւ հետ.:

[37]   Հմմ. Ե. Շահազիզ, Սմբատ Շահազիզյանի կենսագրությունը, եր. 27:

[38]   Ե. Շահազիզ, նույն տեղը, եր. 94:

[39]   Հմմ. նույն տեղը, եր. 71 եւ 84:

[40]   Ե. Շահազիզ, Սմբատ Շահազիզյանի կենսագրությունը, եր. 64:

[41]   Ю. А. Веселовский, Армянский поэт Смбат Шах-Азиз, М., 1950, եր. 20։

[42]   Ե. Շահազիզ, Սմբատ Շահազիզյանի կենսագրությունը, եր. 32:

[43]   Ս. Շահազիզ, Հոբելյանի տարեդարձ, Մոսկվա, 1893, եր. 45:

[44]   Նույն տեղը:

[45]   «Հյուսիսափայլ», 1861, N 11, եր. 403. հմմ. նաեւ «Դեպի գարուն» ոտանավորը, նույն տեղը, եր. 404:

[46]   Ղ. Աղայան, Երկեր, III, եր. 86:

[47]   Մասնավորապես, ցենզորական արգելքի պատճառով էր, գուցե, որ անտիպ մնաց՝ Բուդաղյանի 1861 թվակիր «Գերդաստան կամ ընտանեկան տուն» վերնագրված մեծ հոդվածը, որի մասին հիշատակություն է պահվել Նազարյանցից հետո մնացած թղթերի ցուցակում:

[48]   «Տրովատոր»-ի հայերեն հրատարակության առիթով Ռ. Պատկանյանը համառոտ «հայտարարություն» տպեց «Հյուսիս»-ում, ուր, դրվատելով Սահրատյանի աշխատանքը, նշում էր. «պ. Սահրատյանցը, ինչպես լսեցինք, տվել է յուր թարգմանությունը ուղղելու մեր այժմու գիտնական մատենագիրներեն մեկին, որի արգասիքը արդեն քաջ ծանոթ է ընթերցասիրաց»: Կարծում ենք, վերջին ակնարկը կարող է վերաբերել Ք. Պատկանյանին: Շնորհակալություն հայտնելով հրատարակչին՝ Ռ. Պատկանյանը ավելացնում է. «նմանապես թո՛ղ ընդունե եւ պ. Մ. Նալբանդյանցը մեր անկեղծ շնորհակալությունը այն թելադրության համար, որով սիրտ առած՝ մեր համազգի երաժիշտը սկսավ եւ ավարտեց յուր ձեռնարկությունը: Տե՛ս «Հյուսիս», 1864, հոկտ. 31-ի համարը:

[49]   Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի ձեռագիր «Հիշատակարան»-ը, եր. 650 եւ հետ.:

[50]   Նույն տեղը, եր. 654:

[51]   «Անտիպ երկեր», եր. 213 եւ հետ», ծան.:

[52]   Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի ձեռագիր «Հիշատակարան»-ը, եր. 650:

[53]   Նույն տեղը, եր. 681:

[54]   Նույն տեղը, եր. 685:

[55]   Նույն տեղը, եր. 735:

[56]   Նույն տեղը, եր. 686: