Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
2. ԻՑԻ՜Ւ ԹԷ
       Ո՜հ, ի՞նչ ես դու, սէ՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ…
Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ , լուսափթիթ,
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ:
       Գիշերն երկնի կայծից, լուսնոյն սխրադէմ,
Ցերեկն ալեաց, ծաղկանց ժպտիս մէկո՜ւն գէթ…
Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղօթեմ ,
Դու չ՚ես շնորհեր նայուածք մ՚ինձ հուր աչերէդ:
       Արդեօք էա՞կ մ՚ես թէ երկնի զըւարթուն,
Կը նախանձին փայլիդ վրայ վարդ , լուսնակ.
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն՝
Նոճերու մէջ կ՚սըգայ լըռիկ լուսինեակ:
       Ծնէի իցի՜ւ թ՚հեւացող հով մ՚անուշիկ,
Եւ գգուելով երազք ճակտիդ այդ անսուգ՝
Տայի շունչըս շուրթերուդ մէջ ես յուշիկ,
Լոկ սրբելով՝ եթէ շողար աչքդ արտսուք :
       Պարտէզդ իցի՜ւ թէ փթթէի վարդ լացող,
Եւ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝
Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցօղ,
Թոռմէի գիրգ ձեռքըդ տայի կեանքիս վերջ:
       Բխէի ես իցի՜ւ թ՚առու մը վճիտ,
Եւ երբ յուշիկ նստած մօտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելւոյն մէջ քու ժըպիտ ՝
Պղտորելով կապոյտ ալիքս՝ ցամքէին:
       * , իցի՜ւ թէ լինէի ես ճառագայթ,
Շողշողայի դէմքիդ վըրայ վայրիկ մի,
Խաբէի քեզ թ՚ես աւելի գեղազարդ,
Ւ՚անուշաբոյր մազերուդ մէջ մարէի:
       Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթէ տըւիր մէկուն սէր,
Իցի՜ւ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
Եւ դու թօշնած գաս շնչե՜լ շուրջս արտասուե՜լ…
Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ…
       1867