Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
34. ԻՄ ՑԱՒԸ
       Սուրբ տենչերով լոկ ծարաւած՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամաքի՜լ ծաղիկ հասակի մէջ,
Ո՜հ, չ՚է այնչափ ցաւ ինձ համար:
       Ջերմ համբոյրով մը դեռ չ՚այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար՝
Հանգչեցունե՛լ հողէ բարձին,
Ո՜հ, չ՚է՛ այնչափ ցաւ ինձ համար:
       Դեռ չը գրկած էակ փունջ մը
Ժպտէ, գեղէ, հուրէ շաղեալ՝
Գրկե՛լ սա ցուրտ հողակոյտը,
Ո՜հ, չ՚է՛ այնչափ ցաւ ինձ համար:
       Քաղցր երազով մ՚յըղի մրափ մը
Չ՚անդորրած գլուխս մրրկահար՝
Ննջե՛լ հողէ վերմակի տակ,
Ո՜հ, չ՚է՛ այնչափ ցաւ ինձ համար:
       Հագնի՛լ հիւղին մուր֊անունը,
Ծըծե՛լ նորա մըրուր֊օդն յար,
Միշտ ցաւի՛լը միանգամայն,
Ո՜հ, չ՚է՛ այնչափ ցաւ ինձ համար:
       Հէգ մարդկութեան մէկ ոստը գօս՝
Հայրենիք մը ունիմ թըշուառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՛լ աննշան,
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցաւ ինձ համար:
       1871