Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

XI

18… օգոստոսը վերջանում էր:

Առաւօտեան տասն ժամին երկու ձիաւոր մտան Սուրբ Գէորգի եկեղեցու բակը․ նոցա փոշոտուած հանդերձներից, երկայնացած մօրուքներից եւ զրահաւորուած իրաններից երեւում էր, որ հեռի տեղից էին գալիս... Սուրբ Կարապետից էին գալիս․ պատճառ, Սուրբ Կարապետից եկողները ուղիղ Սուրբ Գէորգ կ՚երթան, ինչպէս նաեւ գնալու ժամանակ Սուրբ Թորոս:

Նորանցից մինը միջահասակ, թուխ, սեւ աչքերով, սեւ մօրուքով...

Նոքա մտան եկեղեցին, բայց ժամասացութիւնը արդեն աւարտուած էր:

Քահանան ճանաչեց պարոն Մկրտչին եւ շնորհաւորեց նորա գալուստը:

Միթէ՞ դուք գիտէիք մեր գալը, Տէր հա՛յր, ասաց Մկրտիչը քահանային, որ այսպէս պատրաստ սպասում էիք:

Ամենեւին ո՛չ, պատասխանեց քահանան, մէք մկրտութիւն ունինք առնելու, կնքահօրն ենք սպասում:

Ովի՞ երեխայն է մկրտելին:

Շահումեանց Գէորգի:

Միթէ՞ նա ամուսնացաւ

Դեռ անցեալ տարի նոյեմբերի վերջին:

Տեսանում ես, մտածում էր պարոն Մկրտիչը, եթէ ես եւս հոկտեմբերին ամուսնացած լինէի, ինչպէս մտածում էի, այժմ երեխայս մի ամսական կը լինէր:

Ովի՞ աղջիկը առեց, -հարցրեց սա:

Թիւթիւնճի-օղլուի:

Ի՞նչ Թիւթիւնճի-օղլու:

Մի հատ է Նախիջեւանում Թիւթիւնճի-օղլու, շատ չկայ. նորա Մանուշակ դստեր հետ ամուսնացաւ, եւ ահա նոցայ որդին է մկրտելին:

Պարոն Մկրտիչը գունաթափուեց եւ առանց հրաժարական ողջունի բաժանուեց քահանայից: Քահանան չկարողացաւ հասկանալ նորա այս շփոթութեան պատճառը: