Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ․

Պ. Մարկոսը, ներս մտանելով Շաքարեանցի տուն, չգտաւ նորան այնտեղ: Հարցանելով ծառայից, իմացաւ, որ դիւթութեամբ պարապում է դարձեալ ախոռում: Ի՛նչ անքրիստոնեայ մարդ է դարձել դա, մտածում էր պ. Մարկոսը պ. Շաքարեանցի մասին: Աստուած, հրեշտակները, սուրբերը, նահատակները թողած, բան է բռնում սատանաների հետ, ահա ի′նչ է նշանակում դաստիարակութեան պակասութիւնը: Եթէ նա կարդացած լինէր այն գրեանքը, ինչ որ ես կարդում եմ, այն ժամանակ, մազերը գլխի վերայ ցցուելու էին: Ես երանելի մարդ եմ, մտածում էր նա, որ երեխայ ժամանակից աշակերտուեցայ Սիմոն վարժապետին, այնպիսի կարդացող եւ աստուածաբան մարդու: Ի՛նչ գլուխ ունէր, ի՛նչ ուսում ունէր, կարճ խօսելով, փիլիսոփայ մարդ էր: Ինչպէ՛ս գեղեցիկ մեկնում էր ժողովածուն. ապա եկեղեցի եւ կաթողիկոս բառերի մեկնութիւնը, չկարծեմ, որ եպիսկոպոսները եւս այնպէս իմանան: Աստուած լուսաւորեսցնէ քո հոգին, Սիմոն վարժապետ, եթէ դու չլինէիր, եթէ քո գրեանքը ինձ ժառանգութիւն չմնային, ո՛վ գիտէ, ո՛վ կարող է երաշխաւոր լինել, գուցէ ես եւս Շաքարեանցի նման գլուխս տայի դիւական պարապմունքի:

Այստեղ պ. Մարկոսը երեք անգամ երեսը խաչ հանեց, որպէս թէ հրաժարուելով դեւերից եւ վահանափակելով իւր անձը սատանայական փորձանքների երեսից, յետոյ հարց արեց ծառայից, թէ վաղո՛ւց է արդէն, որ նորա պարոնը գնացել էր ախոռ: Ծառան պատասխանեց, թէ բաւական ժամանակ է: Բայց, յաւելացրեց նա, ես չկարծեմ, որ այսօր շուտ աւարտուի նորա հանդէսը, պատճառ, շատ պատրաստութիւնք տեսաւ ախոռը մտանելուց յառաջ:

Ի՞նչ պատրաստութիւնք․ սկսեց պ. Մարկոսը հարց առնել:

Հրամայել էր ինձ գտանել մի բոլորովին սեւ կատու, մի սեւ հաւ, մի հայելի, մի որձ չղջկի կուրծքի կարթաձեւ ոսկր, մի պտուկ եւ այլ մանրամասնութիւնք, որ ուրիշ ժամանակ չէր գործ ածում:

Ես կ’երթամ նորա մօտ եւ կ’ասեմ, որ թողու այժմ այդ բանը մի այլ ժամանակի...

Չգնաք, չգնաք, աղաչում եմ, գոռաց ծառան, համարեա թէ արտասուքը աչքերում, այդ վնասակար կը լինի եւ ձեզ եւ իմ պարոնիս: Նա միշտ այդպիսի դիպուածներում արգելում է մտանել ախոռը եւ մօտենալ նորան, որովհետեւ չար ոգիների ազդելուց կարելի էր խեղանալ իսկոյն կամ անդամալուծուիլ:

«Ապա հաւատով խոստովանիմը ո՞ր օրի համար է, յիմա՛ր, Նարեկացու  սքանչելի եւ դիւահալած աղօթքները: Բացի դորանից, ես միշտ իմ վերայ պահում եմ կտորը այն ծառի, որին կապել էին Քրիստոսին Գէթսեմանի պարտիզում մատնութեան գիշերին: Ես դեւերից երկիւղ չունիմ... »։

Գուցէ ճշմարիտ էք խօսում, ապա ուրեմն, այդպիսի վատաբաղդ դիպուածում վնասը կը հասանի իմ պարոնին:

Բան չկայ, գոնէ կը խելօքանայ եւ կը դադարի այդ բաներից: Ցոյց տո՛ւր ինձ ախոռը․ արի՛ գնանք:

Ամենեւին․ կամիք սպանեցէք ինձ, այնուամենայնիւ յանձնառու չեմ գնալ. ես ձրի չեմ գտել իմ կեանքը, որ յիմարաբար վտանգի մէջ ձգեմ:

Մինչդեռ պ. Մարկոսը խօսում էր ծառայի հետ, եւ ահա պ. Շաքարեանցը բարկացած, շողիքը բերանից թափելով ներս մտաւ:

Այդ անկարելի է... այդ անհնարին է... չկամիմ ամենեւին տեսանել. այդ ինչ սոսկալի կերպարանափոխութիւն... կապիկ է միանգամայն: Ափսո՛ս աշխատանքիս, ափսո՛ս սիրելուս, որ զուր տեղը կորաւ... երկինք, փուլ արի իմ վերայ... երկիր, կուլ տուր ինձ, ո՛հ, մի օգնութիւն, սիրտս այրւում է... ո′հ... ո′հ, եւ մի քանի այսպիսի կցկտուր խօսքեր դեռեւս արտաբերելով, ընկաւ աթոռի վերայ ամենեւին ուժաթափ:

Պ. Մարկոսը նայում էր զարմացած: Ծառան դուրս փախաւ սենեկից, հայր մեր ասելով: Պ. Մարկոսը տեսանելով, որ բանը վատ է, փոքր է մնացել, որ իւրեանց մտքումը դրած խնջոյքը դէպի տրտմութիւն փոխուի, իւր կարգով սկսեց գործ դնել իւր արհեստը, եւ, կանգնելով պ. Շաքարեանցի գլխի տակ, սկսեց մրմնջել մի աղօթք, եւ երեք անգամ կրկնելով հալին մեղք, հալածին դեւք խօսքերը, այլեւ մի փոքր ջուր սրսկելով Շաքարեանցի երեսին, զգաստացուց նորան:

Պ. Շաքարեանցը վեր կացաւ եւ կովի նման նայում էր պ. Մարկոսի վերայ, յետոյ սկսեց, մի քանի արաբական խօսքեր արտաբերելով, պտոյտ գալ սենեկի մէջտեղում: Պ. Մարկոսը տեսանելով, որ մի աղօթքով բան չդարձաւ, բռնեց Շաքարեանցին, նստեցուց բռնութեամբ աթոռի վերայ եւ սկսեց անգիր կարդալ մի այլ աղօթք, որ աւելի ներգործական էր նորա աչքում: Պ․ Շաքարեանցը քնեց... Դեռեւս ամբոխուած էր նորա շնչառութիւնը, սիրտը մի առանձին խռովութեամբ բաբախում էր կուրծքի մէջ. երեսի վերայ, երբեմն, երբեմն երեւում էին ակամայ եւ անզգայ ցնցողական զարկողութիւնք:

«Փա՛ռք Աստուծոյ, ասաց պ. Մարկոսը, գոնէ՛ քնեց: Արի մի գնամ դորա ախոռը․ ի՞նչ կայ այդտեղ, որ այս խեղճի լերդը պատառել էր»:

Թէեւ պ. Մարկոսը, զանազան դիւահալած աղօթքներով վահանափակել  էր իւր անձը, այնուամենայնիւ հարկաւոր համարեց հանել շապիկի տակից մի փայտի կտոր, որ արծաթեայ շղթայով կախած էր կուրծքի վերայ, համբուրեց եւ յառաջ գնաց... Նա տեսաւ, որ ախոռներից մինի դուռը բաց է, ուստի կարծելով, որ այդտեղ պիտոյ է կատարուած լինի դիւահարցութիւնը, ներս մտաւ նորա մէջ: Ախոռի յատակի վերայ քարշած էր կաւիճով մի շրջանագիծ․ նորա մէջտեղում մի ահագին սեւ կատու թաթերով բռնելով մի գլխատած հաւի մարմին, ուտում էր մռմռալով: Դորա մօտ դրած էր մի պտուկ: Պ. Մարկոսը մօտեցաւ պտուկին, տեսաւ, որ ջրով լիքն է, շրջեց պտուկը, եւ ահա նորա միջից դուրս ընկան չղջկի կուրծքի կարթաձեւ ոսկրը եւ Յուլիա Պոստրանայի [1]  պատկերը Այս բաները մեծ զարմանք բերեցին պ. Մարկոսի վերայ, բայց չկարողացան դրականապէս պատասխանել նորա հարցասիրութեանը, թէ ի՛նչ դիպուածով յատկապէս ընկել էր Շաքարեանցը այդ վիճակի մէջ: Շաքարեանցի ծառան դրսումը կանգնած զարմանում էր պ. Մարկոսի քաջասրտութեան վերայ, որով նա համարձակուել էր ներս մտանել մի բնակութեան մէջ, ուր ստեպ հաւաքւում էին փերիներ եւ դեւեր:

Պ. Մարկոսը, թողնելով իւր հետաքրքրութիւնը, ներս մտաւ Շաքարեանցի սենեակը, ուր քնած թողել էր իւր բարեկամը: Սա զարթեցաւ պ. Մարկոսի ներս մտանելուց․ առատ քրտինքը թափւում էր նորա ճակատից, եւ ամենեւին չիմանալով իւր գլխից անցածը, համարեց, թէ նոր է գալիս պ. Մարկոսը: Այս պատճառով վեր կացաւ տեղից եւ կամեցաւ, յառաջ գնալով, ողջունել իւր բարեկամը. բայց պ. Մարկոսը յառաջեց խօսել.

Ինչպէ՛ս է այժմ առողջութիւնդ, ես, ճշմարիտն ասեմ, շատ վախեցայ...

Երեւի թէ առաւօտուն վաղ մարդ ուղարկելուս պատճառով: Օրհնած հոգի, ո՞չ ապաքէն տոմսակումս գրել էի հրաւիրելուս պատճառը. փառք Աստուծոյ. ի՛նչ վախենալու բան կայ. պիտոյ էր ուրախանալ:

Սեւ ուրախութիւն կը գար քո գլխին, եթէ չէի կարդացել... ի՛նչ օր էին ձգել քեզ քո բարեկամքը. հաւատա՛, Շաքարեանց, դու մի օր յանկարծ կը մեռանիս եւ հոգիդ բաց աչքով կը մատնես, որ կերակուր լինի սատանայի: Միթէ՞ ամօթ չունիս, դու քրիստոնեայ մարդ ես. ինչպէ՛ս կարելի է սատանայական բաներով պարապիլ...

Պ. Մարկոսի այս բաները խօսելու ժամանակ, Շաքարեանցը ընկաւ մի տխուր մտածութեան մէջ: Երազի նման յիշում էր իւր ախոռից ներս վազելը եւ պ. Մարկոսին տեսանելը: Հաւաստելու համար, թէ այդպէ՞ս էր արդեօք, կամեցաւ յառաջ ուրանալ այն խորհրդով, որ եթէ պ. Մարկոսը ստուգապէս տեսել էր ամենայն բան, ապա ինքն եւս խոստովանելու էր բոլորը․ այս դիտմամբ կտրելով պ. Մարկոսի խօսքը, ասաց.

Եղբա՛յր, ինչե՛ր ես խօսում, ի՛նչ դեւ, ի՛նչ աղօթք, ի՛նչ բան. խելքդ գլխի՞դ է, թէ ոչ:

Իմ խելքս գլխիս է, բայց քոնը եկա՞ւ թէ չէ. մի ժամ յառաջ խելագարուել էիր ախոռից ներս վազելով, այնպէս, որ քեզ հանգստացնելուց յետոյ, ստիպուեցայ գնալ եւ հարցասիրել քո խելագարութեան պատճառը: Ախոռը ներս մտայ, տեսայ մի մեծ շրջանագծի մէջ մի սեւ կատու, որ լափում էր մի գլխատած սեւ հաւի մարմին, տեսայ մի ջրով լիք պտուկ․ բայց ասա՛ խնդրեմ, միթէ՞ Յուլիա Պոստրանայի պատկերը եւս անհրաժեշտ առարկայ է դիւթութեան մէջ, որ չղջկի ոսկրի հետ միասին դրել էիր ջրով լիքը պտուկի մէջ...

Միթէ դու մի բան տեսա՞ր, կտրեց խօսքը պ. Շաքարեանցը:

Եղբայր, ես կոյր չեմ, եւ ինչ որ մարդկային աչքով կարելի է տեսանել, միշտ տեսանում եմ: Ինչպէ՞ս չտեսայ Պոստրանայի պատկերը, եւ դեռ եւս ներկով նկարած:

Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ես այժմ հասկանում եմ, ասելով զարկեց երկու ձեռքով ճակատին: Ես խաբուել եմ... ափսո՛ս եւ հազար ափսո՛ս, այդ մի յիմարութիւն է եղել, երեւի թէ դրացուս կողմից, որովհետեւ նա նկարել գիտէ... այո՛, նորա բանն է, անիծածը երէկ երեկոյեան երեւի լսել է իմ ձայնաւոր խորհրդածութիւնը իմ հետ, եւ այդ բանը բերել է իմ գլուխը: Փոյթ չէ, դրացի, ես մի օր քո դրան առաջեւ եւս կը չոքեմ...

Ասա՛, խնդրեմ, ի՛նչ խորհուրդ ունի այս բոլորը․ ես ոչինչ բան չեմ հասկանում․ եւ քո ընթացքը, ախոռի հանդերձանքը, այժմեան խօսակցութիւնդ, իմ համար, եգիպտական առեղծուածներից (հանելուկներից) անցան:

Պարո՛ն Մարկոս, հոգի՛ս, դու գիտես, որ ես քեզ հոգուս պէս սիրում եմ եւ քեզանից երբեք մի բան ծածկած չեմ, ուրեմն լսիր եւ այս գաղտնիքս, որ ոչ ոք չգիտէ, եւ առաջինը դու պիտոյ է լինիս, որ իմանաս: Ես քո բարեկամութեան վերայ երկբայութիւն չունիմ, ուստի եւ անկասկած կարող եմ հաւատալ քեզ իմ գաղտնիքը, որովհետեւ ճակատագիրը այսպէս է բերել, որ դու իմանայիր նորան: Փո՛յթ չէ, դու եւս մի կարդացող մարդ ես, այսօր դարձիր եւ խոստովանահայր, ի՛նչ կայ որ:



[1] Հարկաւոր ենք համարում այստեղ մի փոքր ծանօթաբանել Յուլիա Պոստրանայի մասին; Դա մի աղջիկ է, Մէկսիկոյից, 23 տարեկան. հասակի բարձրութիւնը 4 ոտնաչափ եւ 6 բթաչափ, զարմանալի կանոնաւոր կազմուածքի տէր: Կզակի վերայ բուսած է երկայն մօրուք, որ միաւորւում է նորա ընչանցքի եւ թուշերի մօրուքի հետ: Յօնքերը թանձր որպէս եւ գլխի մազը, սաստիկ սեւ եւ առանց գանգուրների: Երեսի միւս մասերը, որպէս եւ բոլոր մարմինը, բացի արմունկներից, ձեռքի ափերից եւ ոտքի գարշապարից, պատած է կարճ մազերով: Կուրծքը սաստիկ կերպարանագործուած եւ լիքը: Քթի պնչերը տափակաձեւ եւ քարշուած, այնպէս որ առիթ են տալիս եզրակացնելու, թէ աճառ չկար նոցա մէջ: Բերանը մեծ, շրթունքը դէպի դուրս դարձուած: Ներքին ծնօտի վերայ կան ատամները ամբողջապէս, իսկ վերին ծնօտի ատամներում երեւում են պակասութիւնք: Դէմքի գծագրութիւնը չունի նեգրի բնաւորութիւն, բաւական փոքր է երեսի անկիւնը: Ձայնը կանացի է, մանաւանդ բարձր ոճերը: Թէեւ անկիրթ է նա, այնուամենայնիւ ունի լաւ խելք եւ հասկացողութիւն: Այս աղջիկը, որին շատերի հետ եւ մենք ականատես եղանք, աւելի նմանութիւն ունի կապկի քան թէ մարդու, եւ նայելով զանազան բնագէտների եւ եւրոպական օրագրերի եւ լրագրերի խօսքերին, դեռեւս մի հատ է ամբողջ երկրագունդի վերայ: Անտարակոյս մեր ընթերցողներից ոմանք տեսած կը լինեն նորան, մինչդեռ գտանւում էր նա 1858 թուականին Պետերբուրգ եւ Մոսկուա մայրաքաղաքներում: Այս աղջկայ ծագումը ծածկած է անյայտութեան վարագոյրի տակ: Չէ կարելի դրականապէս ասել, թէ նա պատկանում է արմատակերների մի ցեղին․ պատճառ, ունի շատ որակութիւնք, որով բաժանւում էր նոցանից: Չկամինք այստեղ երկարաբանել մէջ բերելով այդ զանազանութեան ապացոյցները, չկամինք նոյնպէս յիշէք այն բոլոր խօսք ու զրոյցը այս աղջկայ մասին, այլ միայն դնում ենք այստեղ այն, ինչ որ մեծ մասով ընդունելի է եղած եւ որ երեւում է աւելի ստոյգ: 1830 թուականին, արմատակերների ցեղից մի քանի կանայք Կոպալից, գնացին սարի տակ լճի մէջ լուացուելու: Իւրեանց տեղը վերադառնալով նկատեցին, որ չկայ իւրեանց մի ընկերը: Շատ որոնեցին, շատ հարց ու խնդիրք արեցին, բայց բոլորը իզուր եղաւ, եւ ամենեքին հաւանեցան կարծել, որ խեղդուած լինի ջրում: Վեց տարի յետոյ այս անցքից մի հովիւ իւր ոչխարները սարերում արածեցնելու ժամանակ, մի քարայրի միջից լսեց մի ձայն, որ համարեց մէկսիկացու ձայն: Նա սկսեց որոնել ձայն տուողը եւ գտաւ․ նա էր կորուսած հնդկական աղջիկը: Սա պատմեց, թէ լուացուելուց յետոյ, մոլորուելով սարերի մէջ, ընկել էր արմատակերների մի այլ ցեղի ձեռք, որ այսքան ժամանակ արգելել էր նորան վարուելով բռնակալի պէս: Բայց տեղը, ուր գտել էր հովիւը այդ կնոջը, քանի հարիւր մղոնով հեռի էր մարդկային բնակութենից եւ գտանւում էր այնպիսի կողմում, ուր լիք էին կապիկներ եւ արջեր: Այդ միջոցին կերակրում էր նա մի երկու տարեկան աղջիկ, որին շատ սիրում Էր, թէեւ հաւատացնում էր, թէ ինքը չէ նորա մայրը, այլ գտանելով նորան անհոգ եւ անխնամ, դարման էր տանում: Այդ աղջիկը անուանեցին Յուլիա Պոստրանայ, եւ իւր մայրացուի մահից յետոյ գրեցին նորան Ուլլոայի գաւառապետի գերդաստանի մէջ, որպէս աղախին: Այստեղ մնաց Յուլիան մինչեւ 1854 թ. ապրիլը եւ յետոյ գնաց դէպի Միացեալ Նահանգները: Այդ օրից սկսեց նա երեւել Միացեալ Նահանգների մեծ քաղաքների մէջ եւ ամենայն տեղ գրգռեց բժիշկների եւ բնագէտների հետաքրքրութիւնը: Երբ որ Ամերիկայում բաւական տեղ երեւել էր, ապա եկաւ Եւրոպա, համարեա թէ իւր վերայ դարձուց բոլոր մայրաքաղաքացիների ուշադրութիւնը: Մօտ իբր վեց, եօթն ամիս մնաց Պետերբուրգ եւ Մոսկուա մայրաքաղաքներում. յետոյ ճանապարհորդեց դէպի Գերմանիա: Նորերումս ռուս օրագրերը հրատարակեցին նորա վերադարձը դէպի Պետերբուրգ, ուր երեւում է բազմութեանը մի Ալբինոս կնոջ եւ մի 30 բթաչափ գաճաճի հետ: