Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆԴԷՍԸ

Հողագնդի կենտրոնումը կայ մի մեծ բնակարան, որի բարձրութիւնը 99 ասպարէզ կը լինի, թէեւ մի պապական աբեղայ, բնական աշխարհագրութիւնը խառնափնդորելով աստուածաբանութեան հետ, գրել էր, թէ 999 ասպարէզ է այս բնակարանի բարձրութիւնը, բայց պապական աբեղային հաւատալ չէ կարելի, եթէ դժոխքի վերայ եւս խօսելու լինէր. պատճառ, նա մի յարակցութիւն ստեղծագործելով դժոխատիրոջ հետ, մի տեսակ օգուտ ստանալու ակնկալութեամբ շատ սովորական կերպով 99 թուականը կը բարձրացնէ մինչեւ 999-ը. ինչեւիցէ:

Այս բնակարանը ունի իւր մէջ որպէս զանազան խորհրդով պատրաստած սենեակներ, նոյնպէս մի մեծ պաշտօնական դահլիճ, ուր դրած է դժոխքի իշխանի փառաւոր գահը, կազմած մարդու ոսկերքից եւ զարդարած, փոխանակ գոհարների, չորացուցած չղջիկներով եւ գորտերով: Այս գահի վերայ նստում է սատանան, երբ պաշտօնական հանդէսով կամենում է տեսնել իւր ստորադրեալքը, կամ լսել իւր դեսպանների յայտարարութիւնքը, կամ երբ կամենում է ընդունել մի շնորհաւորութիւն իւր նշանաւոր դեւերից, որոնցով լցուած է լինում դահլիճը մինչեւ առաստաղը: Եթէ ձեզ պատահել է երբեւիցէ ընթեռնուլ հայր Բուզենբաումի, Յիսուսեան կարգի աստուածաբանի եւ փիլիսոփայի, իմաստուն գրուածքը, ուրեմն գիտէք դուք, եւ ինչպէ՞ս կարելի [է] այդքան եւս տգէտ լինել, թէ դեւերը ցերեկը քնում են, եւ զարթնում են արեւը մայր մտնելու ժամանակ, երբ Հռովմումը կատարում են երեկոյեան ժամերգութիւնը: Դոյն այդ ժամանակումը զարթնում է եւ սատանան. երբ որ զարթեցաւ, իսկոյն հագնում է իւր վերարկուն, որ կարած է հաստ թղթից, որի վերայ նկարագրած են բոցավառ կրակներ. այս վերարկուն Թովմաս Տորգուեմատայն ընծայ էր ուղարկել սատանային ինկվիզիցիոնի պահարանից: Մոռացայ ձեզ ասել, որ սատանան ամենայն օր չէ կրում այս վերարկուն, այլ այն օրերը միայն, երբ հարկաւոր էր նորան պաշտօնական կերպով հանդէս դուրս գալու. եւ այսպէս, հագնելով վերարկուն դուրս է գալիս դահլիճը, ուր հաւաքուած է մեծ բազմութիւն հաւատարիմ դեւերի` խաւարի իշխանները, դժոխային կեղծաւորները, դժոխային պալատականները եւ դժոխային լրտեսները: Այստեղ կը գտնէք դուք շատ հերետիկոսներ, մեղաւորներ, որոնք յարգելի էին սատանայի աչքումը, փառաւորուած նեռներ, նոցա հետ միասին գտնւում են եւ նոքա, որոնք փառաւորեցին այս նեռների անունը իւրեանց յառաջաբանների եւ ընծայաբերութիւնների մէջ. մի խօսքով ամբողջ դժոխքի փառքը:

Այս տեղագրական եւ համառօտ պատմական ծանօթութիւնքը հարկաւոր էին որպէս ներածութիւն, այլապէս շատ դժուար կը լինէր քեզ, սիրելի ընթերցող, հասկանալ: Ինչպէս աշխարհի երեսի եղած բաների, նոյնպէս եւ դժոխքի մասին խօսելու ժամանակ, ճշդութիւնը անհրաժեշտ պայման է. պատճառ, դու կը տեսնես, որ դժոխքումը սատանան միեւնոյն կարգով կատարում է իւր պաշտօնական հանդէսը, ինչպէս կատարում են այդ աշխարհի երեսին:

Մեր պատմութիւնը սկսւում է այն ժամանակ, երբ Հռովմում կատարում էին երեկոյեան ժամերգութիւն, ուրեմն սատանայի համար առաւօտ էր լուսացել: