Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

V

Երեկոյեան տասն ժամը զարկեց:

Դեռեւս արեւը մայրը մտանելու ժամանակ, մի թանձր մառախուղ պատել էր բոլորովին թաց քաղաքը, այս պատճառով գիշերուայ մթութիւնը թանձրացել էր այնպէս, որ տասն ոտնաչափ տեղից չէր կարելի բան տեսանել:

Թիւթիւնճի-օղլուն ինը ժամին քնած էր արդէն, նորա տիկինը, նոյնպէս, զարթուն մնացողը էր միմիայն Մանուշակը, որի սիրտը քանի գնում էր սաստկացնում էր եւ շատացնում էր իւր զարկը, որովհետեւ մօտենում էր մի ժամ, երբ առաջին անգամ իւր կեանքում պիտի խոսէր նա մի օտար մարդու հետ, հօրից եւ մօրից ծածուկ:

Նա մտածում էր, առաջին անգամ Շահումեանցը տեսածովը մեղադրել սաստիկ, նորա նամակ սառնութեան մասին, բայց յետոյ լաւ էր համարում, լսել նորա մի քանի ասած խօսքը, եւ եթէ տեղիք կը լինէր այդպիսի մեղադրանքի, ապա յիշել Շահումեանցին նորա նամակի սառնութիւնը: Նշանակած ժամանակը մօտենում էր հետզհետէ:

Մանուշակը լսելով Շահումեանցից 11 ժամում գալու խոստմունքը, նայում էր անդադար նշանակուած ժամի զարկելուն․ նա կարծում էր, որ ուղիղ տասն եւ մինին, ոչ մի րոպէ աւելի, ոչ մի րոպէ պակաս, պիտոյ է տեսանէ Շահումեանցին:

Վերջապէս սկսեց ժամացոյցը զարկել ճակատագրական տասն եւ մի ժամը:

Մանուշակը չհամբերեց, որ աւարտուի զանգակի զարկը․ նա շուտով դուրս եկաւ ննջարանից եւ անցանելով խոհարանից, ուր խոր քնով քնած էր աղախինը, կամաց բացեց դուռը եւ դուրս եկաւ բակը...

Մութ եւ մառախուղ:

Փողոցից լսւում էր պահապանի ձայնը, որ քնաթաթախ կանչում էր երբեմն, մինը միւսին զարկելով ձեռքի փայտերը բոլորովին մեքենաբար: Մանուշակին շատ ահարկու երեւեցաւ այս գիշեր... Նորա սիրտը թրթռում էր, ոտքերը ծալւում էին. վերջապէս լաւ փաթաթուելով իւր կարճ մուշտակի մէջ, մօտեցաւ պարտիզի դուռին, բացեց նորան այնպիսի երկիւղով, ինչպէս մի գող բանում է օտարի դուռը, մտաւ պարտէզը, նայում էր այս եւ այն կողմը, եւ ահա՛, ոչ ոք չկար:

Նա բարկացաւ ժամացոյցի վերայ, պատճառ, չէր կարող ամենեւին կարծել, թեւ Շահումեանցը այսպիսի կեղտոտ կատակ յանձն կ՚առնու կատարել: Յանկարծ, լսում է ծառերի եւ թուփերի միջից մի խշխշոց... Մի սպիտակ բան, նետի նման անցանում է նորա մօտից եւ անյայտանում է  պարսպի միւս կողմում, որ դէպի փողոցն էր նայում: Խեղճ Մանուշակը ուշաթափ ընկաւ մի նստարանի վերայ, որ թացացել էր անձրեւից եւ խոնաւ մառախուղից:

Մանուշակը գիշերի մէջ տեսանելով այս սպիտակ բանը, անտարակոյս պէտք է, որ նախիջեւանցոց սովորութենով կարծած լինէր մի գերբնական բան... Մի ոգի․․․ Մեզիմեն աղէկ… [1] ։

Բայց այդ սպիտակ բանը, որ ուշաթափութիւն պատճառեց Մանուշակին, ոչ աւելի, ոչ պակաս մի սպիտակ կատու էր, որ լսելով պարտիզի դուռի բացուելը եւ երկիւղ կրելով թշնամուց, թողել էր իւր դարանը եւ լաւ էր համարել պատսպարան գտանել անմարդացած փողոցի մէջ:

Ճշմարի՛տ է, Մանուշակը Շահումեանցի հետ ծանօթանալուց յետոյ մի քանի լուսաւոր գաղափար ստացել էր, որոնց եզրակացութիւնը թոյլ չէր տալիս հաւատալ այսպիսի ցնորամիտ մարդերի հնարած մեզիմեն աղեկների, բայց ընթերցողքը այս գործին կարող են համաձայնիլ, որ մի արմատացած նախապաշարմունքից ազատուելու համար հերիք չեն մի քանի լուսաւոր գաղափարներ, այստեղ հարկաւոր է հիմնաւոր դաստիարակութիւն, որ կարողանայ ազատութիւն պարգեւել մտքին, այսպիսի ծառայեցուցիչ գաղափարներից:

Մանուշակը ծնած օրից լսել էր մեզիմեն աղեկների մասին, նանրահաւատաթիւնը եւ նախապաշարմունքը կաթի հետ միասին մտել էին նորա մէջ: Թէեւ նա փոքր ի շատէ հասկացողութենովը կարողացել էր ազատել իւրեան այսպիսի նախապաշարմունքներից, բայց այսպիսի ազատութիւնը ներգործում է միայն ազատ ժամանակը մինչ հանդարտ էր հոգին․ իսկ թէ սա մի փոքր վրդովուած էր, իսկոյն հին նախապաշարմունքը կը վտարէ ազատութիւնը եւ մարդը դարձեալ կը մնայ կապերի եւ կապանքների մէջ: Այսպէս պատահեցաւ եւ Մանուշակին․ բայց ինչպէ՞ս  զարմացաւ նա, մինչ աչքը բացած, տեսաւ Շահումեանցին իւր առաջեւը, որ նորա ձեռքից բռնած աշխատում էր վերայ բերել Մանուշակի ուշը:

Արդէն տասն րոպէ կը լինէր, որ Շահումեանցը պարտէզն իջած ու տեսած Մանուշակը ուշաթափ ընկած նստարանի վերայ, վերջին աշխատութիւնը գործ էր դնում, որ ետ դարձնէ նորա զգայութիւնը: Վերջապէս Մանուշակը մի խոր հառաչանք արձակելով բացեց աչքերը, եւ տեսանելով իւր մօտ Շահումեանցը, այնպէս զարմացաւ, որ ոչինչ չկարողացաւ խօսել: Շահումեանցը իւր կողմից տեսանելով այս անորոշ նայուածքը, քիչ մնաց որ համարէ, թէ Մանուշակը ընկած էր խելագարութեան մէջ:

Ի՞նչ պատահեց քեզ, սիրական, հարց արեց Շահումեանցը:

Ես... Ես... ինքս եւս չգիտեմ, ընդհատուած պատասխանեց Մանուշակը, որի սիրտը զարկում էր դեռեւս, եւ որի ձեռների սառնութիւնը չէր անցանում, չնայելով, որ Շահումեանցը սեղմում էր նորանց իւր ջերմ ձեռների մէջ:

Քեզ անպատճառ մի բան պատահել է, շարունակեց Շահումեանցը, ուշաթափ ընկնիլ... Առանց պատճառի... Անկարելի է:

Դու ուշացար, Շահումեանց, ես այստեղ սպասում էի քեզ ուղիղ 11 ժամին, յանկարծ մի սպիտակ բան... Չգիտեմ ի՞նչ էր, այնտեղ թուփերի միջից դուրս թռաւ եւ վազեց ուղղակի վերաս... Աւելի ոչինչ չգիտեմ: Երբ միւս անգամ աչքս բացի, տեսայ, որ դու կանգնած ես մօտումս:

Ինչպէ՞ս թոյլ ես Մանուշակ, եւ ինչպէ՞ս մի փոքր պատճառ դղրդում է քո ջլերը: Ի՞նչ պիտոյ է եղած լինէր այն... Անպատճառ կատու կը լինէր, որ քեզանից իսկ երկիւղ էր կրել եւ փախչում էր, թէեւ նոյն ինքը թուել էր քեզ ահարկու կէս գիշերուայ լռութեան եւ խաւարի մէջ: Հանդարտի՛ր, հոգիս, այժմ ես քո մօտումն եմ. ուրեմն պատճառ չունիս երկիւղ կրելու: Ճշմարիտ է, ես մի քանի րոպէ ուշացայ, բայց ես չեմ մեղաւորը, փողոցի անիծեալ պահապանը կանգնած էր ձեր պարտիզի պարսպի տակ, այնպէս որ նորա ներկայութիւնը խափանարկու էր ինձ ցած իջանելու այստեղ պարսպի վերայով: Բաւական միջոց սպասեցի, մինչեւ որ պահապանը գնաց փողոցի միւս ծայրը, որ ես կարողացայ ցած իջանել պարտէզը:

Մանուշակը մի փոքր հանդարտած էր երեւում:

Դու գիտե՞ս, Մանուշակ, ասաց Շահումեանցը, որ իմ սէրը անչափ է քո վերայ․ գիտե՛ս, որ եթէ իմ հոգին աշխարհի երեսին ունի մի թանկագին, կամ առաւել լաւ ասել անգին բան, այդ դու էիր. ուրեմն, ինչպէս կարելի է, որ ես ուշանայի եւ սպասել հարկադրէի քեզ: Ներիր  ի՛նձ. այդ, ինչպէս ասում եմ, պատահեց պահապանի պարսպին մօտ կանգնած լինելուց:

Մանուշակը այնպէս լսում էր այս խօսքերը, այնպիսի ծարաւով, ինչպէս մի ագահ եւ արծաթապաշտ ծերունի, դողդոջուն ձեռքով կը հաւաքէր ոսկիքը, եթէ գտանէր նորանց ճանապարհի վերայ: Մանուշակը այնպէս էր ուրախացած այս սիրայայտ խօսքերի մասին, որ մոռացաւ իւր մեղադրանքը, որ պատրաստուել էր առնել Շահումեանցին նամակի սառն հոգով գրուածի համար:

Ափսոս, որ հանդարտ չէ հոգիդ, խօսեց Շահումեանցը, ես մի քանի բան ունէի քեզ ասելու, որ չեմ կարող այժմ, պատճառ, աղմկուած է քո սիրտը եւ երկիւղ եմ կրում, թէ միգուցէ այդ խօսքերը առաւել եւս վրդովէին քո հոգին:

Այդ խօսքերի վերայ Մանուշակը դարձեալ շփոթուեցաւ. նա երկիւղ էր կրում, թէ լսելու էր Շահումեանցից մի քաղաքավարի բացասութիւն, բայց ժողովելով իւր վերջին ոյժը, հոգու վերջին կարողութիւնը, ասաց.

Ես հանգիստ եմ այժմ... Ասա, ի՛նչ որ ունէիր ասելի... Կը տանեմ, թէեւ պատրաստած լինէիր ինձ մի խորտակիչ հարուած, հանդարտ հոգով կը լռեմ քո խօսքը` թէեւ լինէր այն իմ մահու դատակնիքը...

Այդպիսի բաներ չեն իմ ասելիքը: Ես կամէի վճռաբար լսել քեզանից քո յօժարութիւնը ինձ հետ ամուսնանալու, կամէի լսել քո խոստմունքը, քո կուսական երդումը: Այո՞, կամէի ստոյգ իմանալ, սիրու՞մ էիր դու ինձ, թէ չկամենալով ամուսնանալ Աղուանեանցի հետ, երկու չարերի փոքրն էիր ընտրում ինձ գալով:

Մի՞թէ քո խիղճը չէ տանջում քեզ, պատասխանեց Մանուշակը, այդպիսի սիրտ խոցոտող հարցմունք առնելու ժամանակ, դու գիտե՛ս, որ իմ սիրտը դուրս է թռչում դէպի քեզ. գիտե՛ս, որ իմ հոգին ապրում է քո հոգու կեանքովը, եւ այս բոլորը ապացուցուած է արտասուքի հազարաւոր կաթիլներով: Գիշերներով, ամբողջ գիշերներով, քունը փախել է աչքիցս, եւ այն կիսաքուն թմրութեան մէջ քո ուրուականն է եղել ինձ մխիթարողը:

Դա մի՛ բարկանար իմ վերայ, որ այդպէս հարցմունք արեցի․ ես ունիմ մի հիմնաւոր պատճառ․ այս է, թէ ես նայում եմ ամուսնութեան վերայ, ինչպէս մի սուրբ եւ անխախտելի բանի վերայ: Ես տեսանում եմ այնտեղ մի խորհուրդ, որ սրբացած էր ամուսինների փոխադարձ սիրովը: Դու, երիտասարդ աղջիկ, չկամելով ամուսնանալ Աղուանեանցի հետ, իմանալով իմ հարստութիւնը, անունը, գուցէ թէ ամուսնանում էիր իմ հետ այս պատճառներով, ես չկամիմ այդ. պատճառ, ամուսնութիւնը սուրբ է, եւ վա՜յ այն ամուսնութեանը, եթէ ամուսինքը չէին սիրում  մինը միւսին, եթէ պատրաստ չէին նոքա կեանքները զոհել միմեանց համար: Ես իմ կողմից. սիրով ցանկանում եմ ամուսնանալ քո հետ, եւ եթէ դու եւս զգում ես քո մէջ այդ մաքուր եւ վերին ձգտողութիւնը, եթէ քո իմ հետ ամուսնանալու ցանկութիւնը շարժուած չէ իմ անունով, հարստութենով, ապա խոստովանի՛ր ինձ, որ ես կարողանամ հանգստացնել իմ խիղճը այն բանի մէջ, թէ ես, աւերելով մի մարդու առաջացրած ամուսնութիւն, երջանկացուցել էի մի օրիորդ, որ զոհ էր գնալու իւր քաղաքի վայրենի եւ բարբարոսական սովորութեանը: Ես նուիրում եմ քեզ իմ սիրտը, բայց դորայ փոխանակ պահանջում եմ նոյնպէս քո սիրտը, ես ուխտ եմ դնում հաւատարիմ մնալ քեզ մինչեւ իմ մահը, եւ նոյն ուխտը պահանջում եմ եւ քեզանից: Մի՛ վիրաւորուիր դու իմ այս խօսքերից, պատճառ, հարկաւոր էր, որ լսէիր դու նորանց յառաջուց, քան թէ կատարուած էր մեր ամուսնութեան խորհուրդը քաղաքապէս եւ եկեղեցապէս: Ամուսնութիւնը խաղալիք չէ, որ կատարուէր առանց մտածելու, առանց խօսելու, առանց մինը միւսի վճռական կամքը լսելու, միմիայն հետեւելով մի անցողական, կամ լաւ ասել, րոպէական շարժառիթի ազդեցութեան...

Մինչդեռ Շահումեանցը խօսում էր այսպէս, Մանուշակը պայծառ երեսով նայում էր նորա վերայ, պատճառ, մաքուր էր նորա խիղճը, եւ հոգու յօժարութենով ցանկանում էր ամուսնանալ Շահումեանցի հետ, ոչ այն նպատակով, որ հարստի կին դառնայ, այլ որպէսզի գտանէ Շահումեանցի մէջ իւր կեանքի ընկերը, մի ազատ եւ լուսաւոր սիրտ, որ կարելի էր սիրել եւ պաշտել:

Հազիւ թէ Շահումեանցը աւարտել էր իւր խօսքը, Մանուշակը վեր առեց.

Ինչ որ դու ասում ես ամուսնութեան մասին, բոլորն ճշմարիտ է, եւ հարկաւոր է ամուսինների կողմից այն փոխադարձ ձգտողութիւնը, միայն ես չեմ կարող արդարացնել քեզ իմ աչքումը այն բանի մէջ, որ դու կասկածում ես իմ սրտիցը եւ համարելով, թէ ամուսնանալ խնդրում էի քո հետ, քո անունի եւ հարստութեան պատճառով, կարդում ես ինձ այդ քարոզը: Ես ինքս գիտեմ, որ ամուսնութիւնը քաղցր չէ, եթէ չէ հաստատուած ամուսինների սիրու վերայ, այդպիսի ամուսնութիւնը մի լուծ է, որ ամուսիններից մինը դատապարտուած էր մինչեւ իւր կեանքի վերջը կրել իւր պարանոցին, մի պատիժ է, որ գերեզմանը միայն կարող էր վերացնել: Տեսնելով քո սիրտը, շօշափելով քո հոգին, եւ, այս քննութենից յետոյ, յարմար գտանելով նորան իմ սրտին եւ հոգուն, ցանկանում էի, որ այս երկու սիրող սրտերը կապուէին օրհնութեան պսակի կապով: Ինչպէս դու, նոյնպէս եւ ես, տալիս եմ քեզ իմ սիրտը, այսուհետեւ նա  իմը չէ, այլ քոնը, ա՛ռ նորան եւ միացուր քո ազնիւ սրտի հետ, թո՛ղ այս գիշերուայ խորհրդական լռութիւնը վկայ լինի իմ անխարդախ կուսական երդմանը:

Այս խօսքերի վերայ, լուսինը գողի նման դուրս նայեց մի վայրկեան թանձր եւ խաւար ամպերի տակից. նորա լուսով տեսանելի էր Շահումեանցի եւ Մանուշակի գրկախառնութիւնը ծառերի մէջ, թէեւ ոչ այնքան պարզ․ պատճառ, օդը շատ թանձր լինելով, թոյլ չէր տալիս լուսնի ճառագայթներին զարկել սոցայ վերայ:

Ընդունում եմ քո երդումը, սիրական, ասաց Շահումեանցը համբուրելով Մանուշակի ձեռքը, եւ այս օրից, դու կարող ես ազատ համարել քեզ Աղուանեանցի հետ ամուսնանալուց. ես շուտով կը խօսեմ քո հօր հետ եւ կ՚աւարտեմ գործը:

Մանուշակը թրթռում էր նորա գրկի մէջ, նորա թուլացած գլուխը հանգչած էր Շահումեանցի ուսի վրայ, իսկ եղանակի թացութիւնը անխնայ տամկացրել էր նորա զգեստը եւ մազերը:

Շահումեանցը տեսանելով Մանուշակի դրութիւնը պատճառուած օդի ազդեցութիւնից, մանաւանդ որ արդէն բաւական ժամանակ էր, քանի նա դուրս էր եկել տանից, ասաց նորան.

Այժմ տու՛ն գնայ, սիրական Մանուշակ, ժամանակը ուշ է...

Մանուշակը առանց խօսեյոլ համբուրեց Շահումեանցի երեսը:

Մնաս բարեա՛ւ, ասաց Շահումեանցը:

Երթաս բարեա՛ւ, սիրական, պատասխանեց Մանուշակը` բաժանուելով նորա գրկից:

Մանուշակը հազիւ թէ դուրս էր եկել պարտիզից եւ մօտեցել իւրեանց տան դուռին, մինչ Շահումեանցը նեղ եւ ցեխոտ փողոցով, փաթաթուածI իւր վերարկուի մէջ, գնում էր կամաց–կամաց: Շուտով անհետացաւ նա թանձր մառախուղի մէջ եւ պահապանների երբեմն–երբեմն քնաթաթախ ձայնարկութիւնը ընդհատում էր փողոցի լռութիւնը:



[1]     Նախիջեւանցոց բարբառով «մեզիմեն աղեկը», այսինքն մեզանից լաւը, նշանակում է յաւէրժահարսն: Այնտեղ այսպէս հաւատում են մեզիմեն աղէկներին, թէ նոքա, աներեւոյթ էակներ էին, բայց երբ կամին, երեւելի․ թէեւ բաղկանում է արական եւ իգական ցեղից․ թէ ծնանում են երեխայքը: Զարմանք է, որ դոցայ մեռանելու վերայ գաղափար չանին. եւ ինչպէ՛ս է, որ ծնանում են, բայց չեն մեռանում: Մեզիմեն աղէկները ազդեցութիւն անին մարդերի վերայ, թէ կարող են վնասել, առողջութիւնը խլել կամ պարգեւուել եւ այլն, եւ այլն: