Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

VI

Միւս առաւօտը այն գիշերին, որի մասին խօսեցանք, Մանուշակը առողջ վեր չկացաւ իւր անկողնից:

Նորա չափազանց թուլութիւնը երեւում էր նորա գունաթափ երեսից եւ աչքերից, որ կորուսել էին իւրեանց սովորական փայլը: ժամանակ առ Ժամանակ ցաւութիւն էր, զգում նա իւր մարմնի մէջ, որ յետոյ փոխւում էր դէպի նոյն չափով ջերմութիւն, որով նորա տկարութիւնը համարեա՛ թէ կրում էր իւր ճակատին ջերմախտի կնիք թիւթիւնճի֊օղլուն, նկատելով Մանուշակի տկարութիւնը, իսկոյն կամեցաւ բժիշկ կանչել: Կինը, որ առհասարակ չէր հաւատում բժշկի տուած դեղերին, որովհետեւ նա այն կնիկ մարդերից էր, որ աղօթելով կամ այլ ճարերով հաւատում էին ամենայն ցաւի բժշկութիւն, այսուամենայնիւ Մանուշակի համար, զոհ էր բերում իւր արմատացած նախապաշարմունքը: Բայց ինքը, Մանուշակը ամենեւին չէր կամենում բժշկի գալը եւ աշխատում էր հաւատացնել իւր ծնողքը, թէ հիւանդ չէր ինքը:

Թիւթիւնճի-օղլուն այնպէս սիրում էր իւր դուստրը, այնպէս սուրբ էր նորա համար Մանուշակի խօսքը, որ թէեւ աչքով տեսանում էր նորա թուլութիւնը, այնուամենայնիւ մեղք էր համարում հակառակուիլ Մանուշակի խօսքին: Եւ այս պատճառով եւս բժիշկ կանչելը թողուցին, ուրեմն եւ Մանուշակը մնաց իւր տկարութեան մէջ առանց բժշկուելու:

Մի շաբաթ յետոյ այս անցքից, որ միջոցին ոչինչ արժանի ուշադրութեան բան չպատահեց այս գերդաստանի մէջ, բացի ամենօրեայ միօրինակութիւնից, վերջապէս, Թիւթիւնճի-օղլուն վճռական կերպով յայտնեց իւր կնոջը եւ Մանուշակին, թէ նոյն օրը ահա բժիշկ էր կանչելու: Մանուշակը դարձեալ աղաչում էր ետ դնել այս հոգաբարձութիւնը: Նա ասում էր, թէ հիւանդ չէ ինքը, եւ թէ չէր ընդունելու բժշկի տուած դեղերը, երեւի Մանուշակը մտածում էր, թէ իւր տկարութեան պատճառը հոգեկան ցնցմունք լինելով, եւ այս թուլութիւնը յառաջացած այդ հոգեկան ուժաթափութենից, օգուտ ստանալու չէր բժշկի նիւթական դեղերից:

Տիկին Թիւթիւնճի-օղլուն, յաջող ժամանակ համարելով իւր նանրահաւատութիւնքը հանդէս բերելու, համաձայնեցաւ Մանուշակի կարծիքին եւ ասաց իւր ամուսնուն, որ մի երկու օր եւս սպասէ, մինչեւ որ ինքը գործ դնէ Մանուշակի վերայ իւր առողջացուցիչ հնարքը, եւ եթէ չառողջանայ Մանուշակը, այն ժամանակ բժիշկ կանչեն:

Այս վերջին խօսքերը դուրս չէին գալիս տիկին Թիւթիւնճի֊օզլուի սրտի վկայութենից․ նա հաստատապէս հաւատում էր, թէ դիւթական սնոտի արարողութիւնքը հազար անգամ ստոյգ ներգործողք էին, քան թէ բժշկի դեղերը, բայց իւր ամուսնու բարկութիւնը չշարժէլու, եւ նորա թոյլտւությունը ստանալու համար, յաւելացրեց այն վերջին խօսքերը, որպէս թէ չէր հերքում բժշկի օգտակարութիւնը, այլ առաւել ստոյգ համարելով պահում էր նորան, գործ դնել նեղութեան մէջ, եթէ Աստուած մի՛ արասցէ, Մանուշակը առողջանալու չլինէր իւր մօր դեղերով:

Մանուշակը թէեւ լաւ գիտէր իւր մօր ճարերի չնչին եւ յիմարական բաներ լինելը, բայց շուտով յօժարեցաւ մօր կարծիքին, որովհետեւ ոչինչ դեղ եւ ոչինչ բան մտանելու չէին նորա կազմուածքի մէջ, այլ միմիայն կատարուելու էին մի քանի վհկական արարողութիւնք, որ օգուտ կամ  վնաս չէին կարող պատճառել ֆիզիկապէս. նա յօժարեցաւ այս բանին դարձեալ այն պատճառով, որ հանդարտեցնէ ծնողաց սիրտը, որ մաքուր մնայ նոցայ խղճմտանքը այն բանի մէջ, թէ անխնամ չէին մնացած դէպի իւրեանց սիրական, մի հատիկ Մանուշակի առողջութիւնը:

Այսպէս ահա տիկին Թիւթիւնճի-օղլուին յանձնուեցաւ Մանուշակի առողջութեան մասին գլխաւոր հոգաբարձութիւնը:

Թիւթիւնճի֊օղլու տիկինը, իւր բոլոր ճարերի մէջ, գերադաս էր համարում թեթեւը, այս պատճառով սկսեց նա թեթեւի պատրաստութիւնը տեսանել:

Այստեղ պատշաճ ենք համարում ծանօթացնել մեր ընթերցողներին, թէ ի՞նչ է թեթեւը:

Խոստանալով ծանօթութիւն տալ թեթեւի մասին, մէք յանձնառու չենք մեկնել դրականապէս, թէ ի՞նչ պատճառով այդ արարողութեան անունը թեթեւ է. բայց միեւնոյն ժամանակ չենք հրաժարւում մեր կարծիքը հրապարակելուց, թէ որովհետեւ տեղացի կարծիքով այդ արարողութիւնը պարգեւում է ցաւերին բժշկութիւն եւ թեթեւութիւն, վասն որոյ մտածում ենք, թէ այս պատճառով եւս ստացած լինի այդ արարողութիւնը թեթեւ անունը: Ինչեւիցէ. մէք ծանօթութիւն կը տանք նորա պատրաստութեան մասին, եւ թէ ինչպէ՞ս էր կատարւում այդ արարողութիւնը:

Նախ եւ յառաջ, առնում են մի ցորեանի մաղ. սորա մէջ դնում են եօթն տեսակ չոր միրգ, զոր օրինակ արմաւ, չամիչ, թուզ եւ այլն, եւ այլն. դնում են մի ճրագ, մեղր, իւղ, բրինձ, կորեկ, փոքրիկ հայելի. փոքրիկ մկրատ, վրձին, սանր, երկու բարակ մոմեղէնը եւ մի քաի կոտոր արճիճ: Յետոյ մի հատ ձու, եօթն աւելի ճիւղերի վերայ կապում են հիւանդի հին կամ նոր հանդերի եօթն տեսակ կտորներից մանր-մանր դրօշակներ, եւ այս բոլոր բաները կարգով շարում են մաղի մէջ, որի տակումը փռած էր հիւանդի հանդերձից մի պաստառ. թեթեւի պատրաստութիւնը լինում է երեկոյեան ժամանակ: Երբ այս բոլորը պատրաստ էր, մաղը հանդերձ իւր միջի բաներովը, դնում են ամբողջ գիշեր հիւանդի գլխի տակ. միւս օրը երեկոյեան ժամանակ, այսինքն ճաշից յետոյ, կանչում են թեթեւ թափողը:

Թեթեւ թափողը գալով հիւանդի տունը, նախ եւ առաջ առնում է մաղի միջից արճիճը, տանում է նորան խոհարան, եւ ձգելով իւր կասկարայի մէջ հալեցնում է կրակի վերայ: Բայց որպէսզի շուտով հալուի արճիճը, ճրագու ես ձգում է կասկարայի մէջ, որ բորբոքուելով շուտով հալեցնում է արճիճը, տարածելով մի անդիմանալի գարշահոտութիւն: Երբ հալուած պատրաստ էր արճիճը, բերում է հիւանդի մօտ. հիւանդը պառկում է մէջքի վերայ, երեսը ծածկում են մի պաստառով. մի կին բռնում է մաղը իւր սարքովը հիւանդի գլխի վերայ, իսկ մի այլ կին բռնում է մաղի մէջ մի ջրով լիքը պնակ: Թեթեւ թափողը լցնում է հալած արճիճը պնակով ջրի մէջ: Իսկոյն երբ աւարտուած էր այս, հանում է ջրից սառած արճիճը, եւ նորա զանազան կերպարանք ստանալուցը մեկնում է հիւանդի ցաւերի պատճառը. թէ ի՞նչ կերպով կամ ու՞ր հանդիպել է հիւանդը այդ ցաւին: Աւարտելով այս զննողութիւնը, վերստին հալեցնում է արճիճը եւ նոյն բանը կատարում է հիւանդի կուրծքի վերայ, յետոյ ծնկների վերայ, յետոյ ոտքերի վերայ եւ այլն: Երբ բոլորը աւարտած էր, տալիս է հիւանդին մաղի միջի փոքրիկ հայելին, որ հիւանդը նայի նորա մէջ. այստեղ մաղի մէջ գտանուած սանրով, սանրում են հիւանդի գլուխը եւ մկրատովը կտրում են մազերից, որ ձգում են մաղի մէջ: Սորանից յետոյ հիւանդի հանդերձի կոտորի մէջ լցնում է միրգերը եւ դրօշակները եւ քսում է հիւանդի վերայ, գլխից բռնած մինչեւ ոտքը. այստեղ հիւանդին ասում են, որ երեք անդամ թքանէ այն կապոցի մէջ: Մոռացանք վերեւումը յիշել, որ այս բոլոր արարողութեան ժամանակ, մաղի երկու կողմումը վառւում էին այն երկու բարակ մոմեղէնքը. եւ գործողութիւնը աւարտուած, մաղը իւր սարքովը եւ վառած մոմերովը դնում են տան շեմքի վերայ, եւ առաջարկում են հիւանդին, երեք անգամ անցանել նորա վերայով. սորանից յետոյ արդէն առնում են նորա մրգերը եւ առհասարակ այն բաները, որ պիտի ձգուէին: Թեթեւ թափողը բոլորովին աւարտելով իւր գործը, երեք անգամ պտուտում է հիւանդի գլխին կապոցը, եւ դնում է ձգել ճարը նշանակուած տեղում [1]: Թեթեւ թափողի արդիւնքն է ճրագը, վրձինը, մկրատը, հայելին մնում են դարձեալ տանը. իսկ միւս բաները բոլորը փաթաթւում են կապոցի մէջ ձգուելու համար:

Թեթեւ թափողը, որ տանում է թեթեւը ձգելու, ամենեւին ետ նայելու չէ թեթեւը ձգելուց յետոյ. առաջին այն պատճառով, որ հիւանդը չէր բժշկուելու, երկրորդը, որ թեթեւ թափողին մեծ վնաս կը յառաջանար: Թեթեւ թափողը, թեթեւը ձգելուց յետոյ գալիս է հիւանդի տուն, նորան հարցանում են. «ի՞նչ բերեցիր», նա երեք անգամ ղենջակը թօթափելով հիւանդի վերայ, պատասխանում է` առողջութի՛ւն. յետոյ ստանալով իւր վարձը, գնում է իւր բանին

Շատ տկարութիւնք, շատ անբժշկելի ցաւեր, որոնց վերայ բժշկութիւնը նայում է ինչպէս մի վարագոյրով ծածկած խորհրդական բանի վերայ, եւ չունի դրական հնարներ այդ ցաւերը բժշկելու, թեթեւը բժշկում է առանց ամենայն տարակուսութեան: Թեթեւ թափողը, եթէ հանդիպի մի այնպիսի մարդու, որ փոքր ի շատէ բան հասկանալով ծիծաղում էր այս յիմարական գործողութեան վերայ, եւ չկամէր մասնակից լինել այդ արարողութեանը, իսկոյն սկսանում է պատմել այն հրաշքները, որ կատարել էր թեթեւի միջնորդութենով. այն բժշկութիւնքը, որ ստացել էին շատ անառողջանալի հիւանդներ. նորա մեծ վկայութեան մինը եւս այս է, թէ թափել էր եւ վարդապետի վերայ եւս, որ չնայելով, թէ շատ կարդացող էր, այսուամենայնիւ կատարել էր տուել իւր վերայ այս արարողութիւնը:

Թէ ինչպէ՛ս էր լինում, որ այս արարողութենով, որին ամենեւին մասնակից չէր նիւթապէս հիւանդի մարմինը, ցաւը վտարւում է հիւանդի կազմուածքից, ընթերցողը կ՚իմանայ յետագայ գլխումը [2]: Այժմ մենք դառնանք դէպի մեր պատմութիւնը:

Տիկին Թիւթիւնճի-օղլուն պատրաստութիւն տեսաւ թեթեւի. միւս օրը Հոլոյին կնիկը, որ երեւելի թեթեւ թափող է, կանչուեցաւ Թիւթիւնճի–օղլուի տուն: Նա իւր սովորութենով կատարեց այս արարողութիւնը: Թիւթիւնճի-օղլուն չէ կարելի ասել, թէ հաւատում էր բոլորովին այս վհկական գործողութեանը, բայց միեւնոյն ժամանակ իսպառ հաստատել չէր կարելի, թէ հերքում էր դրականապէս թեթեւի գերբնական զօրութիւնը: Այս անորոշ վիճակի մէջ, մանաւանդ բանը Մանուշակի վերայ լինելով, նա առատապէս վարձատրեց Հոլոյին կնիկը, որ հարիւր, հազար շնորհակալութիւններով դուրս գնաց Թիւթիւնճի-օղլուի տանից, ձեռքին բռնած թեթեւի կապոցը եւ մի ճրագ: Ինքը Մանուշակը, ոչինչ հաւատ չունէր դէպի այս գործողութիւնը. նա թոյլ տուեց կատարել այս արարողութիւնը իւր վերայ, հնազանդուելով մօր կամքին: Նորա խելքը, միտքը կապուած էր Շահումեանցի հետ. նա մտքից չէր հանում այն խորհրդական  տեսաւորութիւնը կէս գիշերուայ լռութեան մէջ, որ մեծ ազդեցութիւն ունէր նորա ապագայ վիճակի վերայ:

Մանուշակին թեթեւ թափելը պատահեցաւ հինգշաբթի երեկոյ [3]:



[1]     Թեթեւի ուր ձգուելը կախուած է նորա վախեցած տեղի նմանութեան հետ: Եթէ հիւանդը վախեցել է ջրի մօտ, ապա ջրի մօտ պիտոյ է ձգել, եթէ ձորի, ձորի մէջ: Եթէ վախեցած տեղը յայտնի է հիւանդի տէրերին, ապա ուղղակի կը ձգեն այնտեղ, իսկ եթէ չգիտեն, այն ժամանակ թեթեւից յառաջ կը կանչուի թուղթ նայողը, որի գործն է իմանալ եւ վճռել այս բանը, սահմանելով, թէ ուր արժան էր ձգել թեթեւը. եւ թէ ո՛ւր էին բնակւում հիւանդին բռնող փէրիները (այնտեղ կարծում են, թէ մարդը հիւանդանում է, եթէ փէրիները բռնեն նորան)։

[2]     Պատշաճ ենք համարում ծանօթաբանել, թէ թեթեւը երկու տեսակ կը լինի. մինը արճիճով, որ առաւել ստոյգ եւ ազդու է, իսկ միւսը՝ մոմով: Այս մոմը առնում են եկեղեցուց եւ ասւում է «մոմի արտասուք» այն կաթած ու սառած մոմերից, որ վառուելու ժամանակ թափւում է նոյն իսկ մոմեղէնի վրայ: Մոմի թեթեւը մեծ համարման մէջ չէ, եւ աճճի թեթեւ թափողը մոմի թեթեւ թափողների վերայ նայում են որպէս մի խաբեբայի վերայ, այն աչքով, ինչ աչքով խելացի բժշկականութիւնը (ալլոպատները) նայում են հոմէոպատների վերայ: Բացի այս թեթեւներից, փոքր բաների համար, սոխ են ձգում ճանապարհի վերայ, որ խաչաձեւ ճեղքած, մէջը եօթն կոտոր աղ դրած, մնացել էր մի գիշեր, տկարի գլխի տակում:

[3]       Թեթեւ թափել կամ ճար ձգել, չէ կարելի կիրակամտին կամ այլ տօներում եւ թէպէտ բացի այս օրերից միւս օրերում միշտ կարելի է, սակայն բոլորից ներգործական, բոլորից գերազանցը է հինգշաբթի երեկոյեանը, որ այնտեղ անուանւում է «Ուրբաթ մուտք»։