Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

Եօթը շաբաթը [1] սկսուել էր: Ցեխը կրկնապատկուած էր անձրեւի շարունակ գալուց, այդ փողոցի փայտաշեն եւ կեղտոտ տների տեսքը, առաւել եւս տխուր դէմք էին ցոյց տալիս, թրջուելով սեւանալուց եւ օդի միգախառն անթափանցութենից: Լուսաւորչի զանգակատնից լսուեցաւ երեկոյեան զանգակահարութեան առաջին հարուածը, ուրեմն երեք ժամն էր ճաշից յետոյ: Այս միջոցին, գլուխը կախած, անձրեւից թրջուած եւ բնութեան թթու դէմքից տխրած մի մարդ, միջահասակ, թուխ, սեւ աչքերով, սեւ մազերով, փաթաթուած իւր կիսամաշ վերարկուի մէջ, գնում էր Թիւթիւնճի-օղլուի փողոցով: Երեւում էր, որ այս մարդը մի մտածմունք ունէր. պատճառ, շատ անցած, հեռացած լինելով Թիւթիւնճի-օղլուի փողոցից, երբ աչքը բարձրացնելով չորս կողմը նայեցաւ, ետ դարձաւ կրկին իւր գնացած ճանապարհից ու կամաց-կամաց մտաւ Թիւթիւնճի– Օղլուի բակը:

Թիւթիւնճի-օղլուն տանը չէր. նա այն օրը ճաշ եւս չէր կերած տանը. երեւի թէ զանազան պատճառներ ուշացրել էին նորան Խաչատուր աղայի ղահուէտնումը, եւ յետոյ ճաշի ժամանակը կորուսանելով, լաւ էր համարել մտանել Բարբոյի պանդոկը, եւ մի փոքր կաղամբով միս կերած, դառնալ ղահուէտուն, ինչպէս շատ անգամ պատահում էր:

Զարմանք բան է, որ Նախիջեւանի նման քաղաքի մէջ, ուր եթէ գիշերով մի տան վերայ մի չղջիկ նստի, բոլոր քաղաքը կ՚իմանայ, այսպիսի քաղաքի մէջ, ասում եմ ես, ուր ամբողջ ընկերութիւններ կան, սորա նորա անցքը իմանալու, խօսելու եւ շատ անգամ պատգամախօսի պաշտօնը յօժար սրտով վերաները առած, գուշակելու մի մարդու ապագան, չէին իմանում թէ ի՞նչ գործով է պարապում Թիւթիւնճի-օղլուն, կամ ի՞նչ աղբիւրից ստանում է նա արծաթ, իւր ընտանիքը կառավարելու համար: Ոմանք ասում էին, թէ հետը բերած արծաթ ունէր կամ գոհարեղէնք, երբ եկել էր Նախիջեւան, որպէս թէ կամաց-կամաց վաճառում է եւ նորանցից ստացած արծաթովը ապրում է. բայց նորա Նախիջեւան գալը արդէն տասն եւ եօթն տարի էր. պատճառ, Մանուշակը մի տարեկան ծծի երեխայ էր, երբ մի քանի հայ առաջին անգամ տեսել էին այս ընտանիքը Տագանրոգի մաքսատան մէջ, նարինջ գնելու գնացած լինելով այնտեղ ապրիլի մէջ: Իսկ այս միջոցին Մանուշակի 18 տարեկան լինելը, համարեայ թէ պաշտօնական լուր էր այն փողոցի պառաւների բերանումը, որոնք աշխարհի երեսին երկու բան գիտեն, աղեկատ մանել եւ ուրիշի աղջիկների հասակի ճիշտ մետրիքական մատեան վարել: Ինչպէ՛ս եւ իցէ մի հաստատ խօսք չկար Նախիջեւանումը այս մարդու վերայ, այնտեղ, ուր շատ անգամ շատ մարդիկ դրականապէս ապացուցանում են կամ հերքում են մի բան առանց ամենեւին իմացած լինելու բանի զօրութիւնը, այլ մի միայն իւրեանց եթերային տրամաբանութեամբ: Այսքան միայն յայտնի էր, որ Թիւթիւնճի-օղլուի ապրուստը շատ պարզ էր, նորա կեցութիւնը շատ հասարակ. մարդ եւ կին տարին երկու ձեռք հագուստի տեղ մի ձեռք էին կարում իւրեանց, երկրորդի գումարը տնտեսելով Մանուշակի պիտոյքների համար: Կինը շատ անգամ ասում էր, եթէ Թիւթիւնճի-օղլուն ոգեւորուած խոստանում էր մի աւելորդ հալաւ կարել իւր կամ կնոջ համար, թէ «մա՛րդ, մէք աղջիկ ունինք հարս տալու, պէտք է նորա համար պատրաստութիւն տեսանել»: Այս խօսքը Թիւթիւնճի-օղլուի համար մի այնպիսի բացասական էլեկտրականութիւն էր եւ այնչափ ազդու, որ իսկոյն անգործ էր կացուցանում նորա բորբոքուած դրական էլեկտրականութիւնը:

Բայց թէ նոքա ինչպէ՞ս էին հագցնում իւրեանց մի հատիկ Մանուշակը, արդարեւ արժան էր, որ ամենայն ծնող օրինակ առնուր նոցանից. նորա հագուստները մաքուր, գեղեցիկ, նոր եւ արժանաւոր պաստառներից: Թիւթիւնճի-օղլուի կինը, որին դեռ չենք ծանօթացրել մեր ընթերցողքը, շատ սրտաբաց կին էր. կարճահասակ, հաստամարմին եւ յիսուն տարեկան հասակը արդէն դրել էր նորա նեղ ճակատի եւ դուրս ընկած թուխ թշերի վերայ իւր կնիքը խորշումը: Նորա հագուստը, ինչպէս առհասարակ նախիջեւանցի կնիկ-մարդերի հագուստը, շատ հաւատարիմ էր մնացած թաթարի տարազին, որ 1779-ին բերել էն Ղրիմից:

Գլուխը կապած մի բարակ բամբակեայ ծաղկանկար թաշկինակով, որ այժմ եւս ստանում են Տաճկաստանից եւ մեծ յարգ ունի այնտեղ. սորա տակից երեւում է նորա բաշը (փերչամը) մէջտեղից ճեղքած, որ ծերութեան նշան էր այնտեղի սովորութենով: Վերայի կապան, թէեւ հասարակ պաստառից, բայց կուրծքը բաց կարած. եւ այս սէգմենտի (թաց տեղի) չորս կողմը շրջակարած ոսկեթել ժապաւէնով եւ արծաթի բօժօժներով, որոնց միջի դատարկութեանը վկայում էին բօժօժների վերայի փոքրիկ ծակերը: Բայց կուրծքը բաց կարած ասելով, մի՛ իմանար, պատուելի ընթերցող, թէ երեւում էր նրա կուրծքը, քա՛ւ լիցի, եւ իւրեանց ձեռքով մանած ու գործել տուած բեհեզեայ շապիկը եւս տեսանելու չէիր, եթէ պատահէիր այնտեղ. պատճառ, կապայի տակից ծածկում են կուրծքերը մի կերպասեայ թաշկինակով, եւ կապան հագնելով վերայից, նորա կուրծքի սէգմենտը ցոյց կը տայ քեզ այն շատ անգամ թուխ գունով թաշկինակը, որ իսկ եւ իսկ կոկորդի տակումը կօճակւում էր մի յատուկ այս գործի համար շինած կօճակով. այսպէս կօճակած էր եւ Թիւթիւնճի-օղլուի կինը, որի կօճակի վերայ մէջտեղումը երեւում էր մի մաշուած զմրուխտ չորս կողմը զարդարած մանր յակինթներով (եաղութ): Գլխի մազը շատ խնամքով երեք բաժանած եւ մի գէս հիւսած ընկած էր թիկնամիջումը ողնաշարի վերայ. մէջքը կապած մի գօտի, որ ժամարար քահանայքը գործ են ածում:

Մէք փոքր ինչ մանրամասն նկարագրեցինք այս կնկայ հագուստը եւ ձեւը այն պատճառով, որ շատ անգամ մի տպաւորութիւն, որ այսպիսի պատկեր տեսանելը գործում է մեր վերայ, հասկացնում է մեզ այն մարդու բնաւորութիւնը, որ միշտ իւր արտաքին ձեւը վարում է իւր որպիսութեան հետ զուգահեռաբար:

Այս միջոցին, որի մասին խօսում ենք այստեղ, տիկին Թիւթիւնճի–օղլուն աղախնի հետ միասին իջած էր տան գետնատունը, տնտեսական գործով ապուխտ եւ երշիկ պատրաստելու համար. յինանց պաշար. որ Նախիջեւանի սովորութենով մեծ տնտեսութիւն է, տարեկան կառավարութեան մէջ:

Ուրեմն տանը ոչ ոք չկար բացի Մանուշակից, որ միայն մնացած նստել էր պատուհանի տակ եւ կարում էր իւր կարը:

Տան լռութիւնը ընդհատւում էր գէթ ճպուռի ձայնովը, որ մի անկիւնում կատարում էր իւր երգեցողութեան վերջին հանդէսներից մինը. պատճառ, ձմեռը շուտով փակելու էր ահա նորա բերանը մինչեւ մարտ ամիսը: Այս տխուր, լուռ ու մունջ բնակարանի մէջ մանաւանդ զգալի էր Մանուշակի գեղեցկութիւնը. նորա գլուխը ծածկած էր գեղեցիկ թաւիշեայ ֆէսով, որի շրջանակը կարած էր չերքեզի ոսկեթել ժապաւէնով, եւ որի վերայ ձախ կողմումը տատանում էր գեղեցիկ ոսկեթել փունջը ամէն մի ասեղ կոխելու եւ հանելու ժամանակ: Շագանակագոյն մազերը ճակատի վերայից բաժանած եւ ականջի վերայով ետ տարած ու մի գէս հիւսած, ինչպէս մօր գէսը, մի նկարչական ստուեր էր ձգում նորա թարմ վարգա-շուշանագոյն երեսի վերայ, նորա խարտեաշ աչքերը թէպէտ եւ ուղղեցած էին դէպի իւր կարը, այսուամենայնիւ փայլում էին խիտ եւ երկայն թերթերուկների միջից:

Սորա կապան նման չէր Թիւթիւնճի-օղլու տիկինի կապային, այլ  կարած նոր եւրոպական ձեւով, իրանը գեղեցիկ քաշած, այնպէս, որ մէջքի տրամագիծը հազիւ թէ լինում էր տասն բթաչափ, կուրծքի սէգմենտից երեւում էին սպիտակ մարմարիոնեայ գունդերի վերին կիսաբաժինքը, եւ լաւ ուշ դնողի համար կարելի էր նկատել, որ նորա կուսական սիրտը զարկում էր մի րոպէում ո՛չ առաւել, քան թէ ութսունհինգ անգամ:

Վիզը կապած էր մի նեղ թաւիշեայ սեւ ժապաւէն, որի տակից առանձին ոսկի շղթայով կախած փոքրիկ եւ գեղեցիկ ոսկի խաչը բարձրանում էր եւ ցածանում էր նորա շնչառութեան հետ միասին:

Դուռը բացուեց յանկարծ, եւ շեմքի վերայ երեւեցաւ այն մարդը, որ փողոցից մտել էր սոցայ բակը: Մանուշակը այլայլեցաւ, վեր թռաւ տեղից եւ ձեռքից թողնելով կարը, պատրաստ էր ահա փախչել դէպի իւր ննջարանը, մինչ այն մարդը եւս նոյնպէս ամբոխուած, առանց յառաջ խաղալու շեմքի վերայից, հարցրեց նորանից, թէ տա՞նն էին արդեօք նորա ծնողքը:

Մանուշակը այս հարցմունքի վերայ շփոթուած, կարմրեցաւ մինչեւ ականջները եւ աչքերը դէպի գետին կորացուցած, մի փոքր լուռ կանգնելուց յետոյ, վազեց իւր ննջարանը եւ շուտով փակեց քամակից իւր դուռը, ամրացնելով նորան փոքրիկ երկաթի կարթով, որ կախած էր դուռի վերայից:

Անծանօթ մարդը մնաց միւս տանը կանգնած:

Ես կ՚աշխատէի արդարացնել Մանուշակը իմ ընթերցողների առաջեւ, եթէ դոքա հայեր չլինէին եւ չիմացող լինէին, թէ Մանուշակը ինքը չէր մեղաւոր այսպէս ընթանալով, այլ այն բարբարոսական սովորութիւնը հայերի մէջ ինչպէս նաեւ ասիացոց եւ այլ վայրենիների մէջ, ուր պատշաճից դուրս է համարւում կնիկ մարդերի եւ մանաւանդ աղջիկների երիտասարդ մարդերի հետ խօսելը: Ո՜հ, ե՞րբ պէտք է վերանայ այս կեղտը, որ մի թեթեւ կերպով ցոյց է տալիս, թէ հայերի կանայքը առհասարակ իւրեանց ամուսինների առաջեւ համարւում էին եթէ ո՛չ բոլորովին, գոնէ՛ մի բարակ կերպով, ստրուկի պէս բան:

Տարակոյս չկայ, որ Մանուշակը փակելով այն դուռը, որ հիւրընդունարանն էր հանում, բացեց միւսը, որ խոհարանն էր գնում, կայծակի արագութենով ցած վազեց սանդուղքներից եւ մօրը ուղարկեց խօսելու այցելուի հետ, ինքը մնալով գետնատնումը մօրը տեղ: Այս պատճառով անծանօթը դեռ չէր ուղղուած իւր շփոթութենից մինչ Թիւթիւնճի–օղլու տիկինը յայտնուեցաւ տան մէջ. նորա հագուստի վերայ շատ զգալի էր փոփոխութիւնը. պատճառ, մի մեծ ղենջակ սկսած մէջքից ծածկում էր մինչեւ ոտքերը:

Ներեցէ՛ք խնդրեմ, պարոն փեսայ, ասաց Թիւթիւնճի-օղլու  տիկինը, որ տեսանում էք իմ հագուստը այդպէս անկարգ, ի՛նչ առնես. տան հարկաւորութիւնքը ստիպում են երբեմն դուրս գալ սովորական տարազից:

Ոչինչ, ոչինչ, կրկնեց այցելուն, դուք ներեցէ՛ք ինձ, որ ես այսպէս անհանգիստ արեցի ձեզ, ես չգիտէի...

Ի՞նչ անհանգստութիւն է, պարոն Մկրտիչ, զոքանչի համար եւ առհասարակ ծնողքի համար, փեսայի նոցայ տուն գալը, ընդհատեց նորա խօսքը Թիւթիւնճի-օղլու տիկինը, ամենայն ժամանակ բաց է մեր դուռը: Ինչպէ՞ս է Վարդ-խաթուն խնամուս առողջութիւնը:

Փառք Աստուծոյ:

Խօսքերը վերջացան եւ տիրեց մի քանի րոպէական լռութիւն, երեւում էր մի բան կամէր ասել պարոն Մկրտիչը, բայց չէր համարձակւում:

Երեւի, ընդհատեց լռութիւնը Թիւթիւնճի-օղլու տիկինը, կամենում էիք տեսանել Մանուշակս, այնպէս չէ՞, պարոն Մկրտիչ, բայց նա միայն ամաչել էր, ի՞նչ առնես, աղջիկ տղայ է, նորան այնպէս կը վայելէ:

Չէ. ես ձեզ տեսանելու եւ խնդրելու եկել էի, ասաց կակազելով պարոն Մկրտիչը, որ եթէ կարելի է այս եօթն շաբաթի մէջ հարսանիք առնէինք. պատճառ, ես յիսնակից յետոյ գնալու եմ Ղրիմ եւ կը մնամ այնտեղ մինչեւ զատիկ. զատկից յետոյ մինչեւ առաջին պսակները չէ կարելի այդ. իսկ յունիսի մէջ, ես նոյնպէս միտք ունիմ...

Երթալո՞ւ դարձեալ, հարցրեց Թիւթիւնճի-օղլու տիկինը, ո՛ր կողմ... Աստուած յաջողէ:

Տիկի՛ն, առակ կայ, ասում են, թէ «երեխային միրգ խոստացիր, սուրբին մոմ», այսինքն, որ խոստացել ես, պիտի կատարես:

Դու ուխտի մասին ես խօսում, շարունակեց Թիւթիւնճի-օղլու տիկինը:

Ամենեւին այդպէս, պատասխանեց պարոն Մկրտիչը, ձեզ յայտնի է, որ ես դեռ անցեալ տարի պիտի երթայի, եթէ եղբայրս չվախճանէր, բայց այս տարի անպատճառ պէտք է գնալ, ուխտ դնել եւ չկատարելը յաջողութեան մեծ վնաս է, աւուր կարճութիւն է. մանաւանդ ես ինչ որ խնդրել եմ, ուխտ դնելով, ստացել եմ, փառք Աստուծոյ:

Շատ բարի, պատասխանեց Թիւթիւնճի-օղլու տիկինը, Աստուած ընդունելի առնէ. բայց, որդի՛ս, բանը այս է, որ մէք դեռեւս պատրաստութիւն չունինք: Նա [2]  եւս անցեալները, որ խօսում էինք, ասաց թէ ամառը Աստուծով Մանուշակի հարսանիքը կը կատարենք. բարով փեսաներս կը գայ սուրբ Կարապետից. բայց եթէ դուք անպատճառ կամենում էք, ի՞նչ պիտոյ է առնել, խօսքը կտրիճինն է...

Պարոն Մկրտիչը չթողեց, որ աւարտէր Թիւթիւնճի-օղլու տիկինը իւր խօսքը. իսկոյն բռնեց նորա մսի աւիշկով եւ իւղով տոգորուած ձեռքը եւ ջերմ-ջերմ համբուրեց:

Խորհուրդ մարդկան, կամք Աստուծոյ, շարունակեց Թիւթիւնճի-օղլու տիկինը, ես նորա հետ եւս կը խօսեմ եւ կը յայտնեմ ձեզ մեր վճռական համաձայնութիւնը կամ անհամաձայնութիւնը:

Շատ բարի, պատասխանեց պարոն Մկրտիչը, միայն խնդրեմ այնպէս առնէիք, որ այո՛ լինէր քան թէ ո՛չ. պատճառ, ամենայն մարդ իւր հաշիւը ունի. ինձ այսպէս յարմար է, պսակուիլ եւ յետոյ ուխտ գնալ:

Ի՞նչ ասել է. ի հարկէ հաշիւը մեծ բան է, եւ այդ հաշիւն է, սիրելի՛ որդի, որ մեզ կառում է եւ կապում է, որ դժուարանում եմ այս րոպէիս ձեզ խօսք տալ:

Ուրեմն ես մի քանի օրից սպասեմ պատասխանու...

Անպատճառ, ես կը հոգամ եւ կ՚աշխատեմ նորա եւս խօսք հասկացնել։

Մնաք բարեաւ:

Երթաք բարեա՛ւ, ողջունեցէ՛ք խնդրեմ Վարդ-խաթուն տիկինը:

Յատուկ շնորհակալ եմ:

Դեռեւս պարոն Մկրտիչը բակի դուռը չէր բացած, մինչ կարմրած աչքերով նստել էր իւր տեղումը Մանուշակը պատուհանի տակ, երբ որ բակի դուռը բացուեց ու փակուեց, նա աչքերը ձգած պատուհանին մի արհամարհական ձեւով նայում էր պարոն Մկրտչի գնացածին, որ առաւել քան թէ քայլելու, ճօճելու նման էր: Թիւթիւնճի-օղլուի տիկինը իջանելով գետնատունը, որովհետեւ դեռ ճրագ չէին վառած այնտեղ, չկարողացաւ նկատել, որ աղջիկը լացել էր, եւ ինքը եւս ամբոխուած լինելով այս անակնկալ հարսանիք պահանջելուց, չկարողացաւ եւս լսել, մինչեւ Մանուշակը առանց եւ մի խօսք եւս ասելու իսկոյն վեր ելաւ սանդուղքից, արձակելով սանդուղքի ծայրումը մի հեկեկանք, որ բռնութեամբ դուրս թռաւ նորա կուսական կուրծքից:

Ի՛նչ լալու բան կար այստեղ, մի՞թէ տխուր բան էր 18 տարեկան աղջկայ համար մի ոտք յառաջ ամուսնանալ. չէ՛, այդ չէր պատճառը. Մանուշակի սրտին այլ մարդ էր տիրած. նաեւ տեսանել չկամէր անգամ պարոն Մկրտիչը, որին պիտոյ է տային նորա ծնողքը:

Պարոն Մկրտիչը շատ հասարակ եւ անկիրթ մարդ էր, եւ  Մանուշակին խօսել էր իւր կին առանց հարցանելու նորա կամքը, եւ Մանուշակի ծնողքը եւս, ի՞նչ մեղքս պահեմ ուրիշ նախիջեւանցի ծնողների նման, յարմարուելով իւրեանց զանազան հաշիւներին, խոստացել էին տալ Մանուշակը այս մարդուն, որ մի փոքր կարողութեան տէր վաճառական մարդ էր:

Մանուշակը սիրում էր... Նորա հոգու առաջեւ մի խելքի եւ հարստութեան, սէրի եւ մարդավարութեան իրագործուած գաղափար էր Շահումեանց Գէորգը. նա ամենայն օր մտածում էր նորա վերայ եւ շատ անգամ երկու արտասուքի կաթիլներ գիծ քարշելով նորա թաւիշեայ երեսի վրայից, գլորւում էին նորա կարի վերայ. նա երեւակայում էր ամուսնութեան այն թշուառութիւնները, որ պիտոյ է յառաջանային միջումը սէր եւ յօժարութիւն չլինելուց: Մկրտիչը սէր ասացեալ ինչ եղածը չգիտէր. պատճառ, դորայ համար հարկաւոր է քնքուշ սիրտ. նա պսակւում էր Մանուշակի հետ, տեսանելով, որ նա գեղեցիկ է, բայց առանց ամենեւին մի հոգեկան ձգտողութեան, իսկ Մանուշակը ոչ թէ միայն չէր սիրում, այլեւ արհամարհում էր նորան իւր մտքումը եւ ուխտ էր դրել, թէ նորա ծնողը հարկադրելու լինէին, Դօնը ընկնիլ խեղդուիլ, քան թէ այսպիսի մարդու կին դառնալ:

Նա շատ անգամ երեկոները իւր ննջարանի մէջ ծունկ չոքած Աստուածածնի պատկերի տակ, աղաչում էր նորան եւ խնդրում էր նորայ պաշտպանութիւնը. նա ասում էր. «Տիրածի՛ն, ես չեմ կարող ընդդիմանալ ծնողքիս կամքին. այո, եւ օգուտ եւս չունիմ ընդդիմանալուց. զոհ պիտոյ է լինիմ այս քաղաքի բարբարոսական սովորութեանը, եթէ դու չփրկես ինձ»: Այս էր նորա ամենօրեայ աղօթքը, որ յետոյ մի փոքր լալով հանդարտեցնում էր հոգին, եւ այնպէս տխուր զգացմունքներով գնում էր անկողին:

Ճշմարիտ է, յոյս ունէր Շահումեանց Գէորգի իւր սիրականի վերայ, որ քանի անգամ գրել էր նորան անստորագիր նամակով, թէ սա հոգս չառնէ, թէ նա ինքը գտանելու է մի այնպիսի հնար, որ կարող էր միաւորել այս երկու սիրահարքը օրհնութեան պսակի կապով: Բայց այդ դեռեւս չոր յոյս էր:



[1]     Վարագայ Խաչի տօնից մինչեւ Յիսնակի բարեկենդանը, որովհետեւ միշտ եօթն շաբաթ ուտիք է, եւ երբեմն ութ, երբ չկան շաբաթապահք, նախիջեւանցիք եւ ղրիմեցիք անուանում են այս միջոցը «եօթը շաբաթ»:

[2]     Նախիջեւանի կանայք, եթէ «նա» ասեն, պիտի նորա այրը հասկացած. պատճառ, ամօթ է այրը ասել կամ անունը տալ. փոքր ինչ հասակաւոր կանայքը մարդ են ասում: