Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա.

Ճռճռացին սատանայի ննջարանի երկաթեայ ժանգոտ դռները, դուրս եկաւ խաւարի թագաւորը, մտաւ դահլիճը եւ բազմեցաւ իւր գահի վերայ. բոլոր ներկայ գտանուողքը հպատակօրէն գլուխ տալով աղաղակեցին միաձայն, ապրի՛ տէր սատանան. բայց նոցա ձայնը ոչ ոք ձեզանից չէր կարող լսել, որովհետեւ նոքա ուրուականք են եւ նոցա ձայնը ուրուականի ձայն, այսպիսին ձայներ լսելու համար պիտոյ է լինել կամ սատանայ կամ մատնիչ:

Լուկուլլոսը, որ վախճանուեցաւ որկրամոլութիւնից, սատանայի պալատի մէջ կարգուած է տնտես եւ գլխաւոր խոհարար. նա կառավարում է խոհարանը, ապսպարում է ճաշ, եւ նախաճաշիկը ինքը իւր ձեռքովն է բերում: Երբ որ վերեւում յիշուած, մեզ անլսելի, աղաղակը դադարեցաւ, դուրս եկաւ Լուկուլլոսը բռնած ունենալով ձեռքում մի ահագին սկուտղ, որի վերայ շատ յարմար էր շինել մի գինետուն եւ մի մատենադարան: Այս սկուտղի վերայ դրած էին երկու մեծ մատաղի կաթսաներ, մինը՝ ղահուէով, իսկ միւսը կաթնով լիք. Հռովմի սուրբ ջրի աւազանը ծառայում է այստեղ բաժակի փոխանակ, եգիպտոսեան մարմարոնեայ դագաղներից մինը շաքարամանի փոխանակ, իսկ այն մեծ տակառը, որի մէջ անցուց իւր կեանքը Դիոգինէսը, լցուած պաքսիմատներով եւ այլ հացեղէնով, պատրաստ դրած էր ահագնատեսիլ դժոխքի թագաւորի նախաճաշիկի համար: Սատանան հանեց դագաղից մի մեծ, ահագին շիպի կտոր, պատճառ, նա չէ գործածում ճակնդեղի կամ եղէգնաբոյսի շաքար, ձգեց աւազանի մէջ, մի կաթսայից լցրեց, դարձեալ աւազանի մէջ, մաքուր արեւելեան նաւթ, որ գործ է ածում ղահուէի տեղ, եւ միւս կաթսայից յաւելացուց նորա վերայ ծծմբային թթւուտ, որ սովորական է կաթի տեղ գործածել դժոխքում. իւր ահագին սեւ թաթը կոխեց տակառի մէջ` մի քանի պաքսիմատ տանելու համար. բայց դժոխքումը եւ պաքսիմատները մեր պաքսիմատների նման չեն. մերը եփած է, իսկ դժոխքինը՝ տպած:

Դժոխքի թագաւորը խիստ սուր ճաշակ ունի. նա կուլ է տալիս անխնայ իւր ղահուէի հետ մեր ողորմելի գրուածները, թէ արձակ եւ թէ ոտանաւոր, հաստ, թէ բարակ, զանազան ձեւերով կազմած մեր մատենագրութեան հարստութիւնը, Պիլուարդի Աստուածաբանութեան հատորները, տրամաբանութիւններ, զանազան, ընդարձակ թէ համառօտ հրահանգներ, դատարկ ճառեր, չոր քերականութիւններ, զանազան ուսումնական եւ փիլիսոփայական քննութիւններ, որոնցով ոչինչ քննուած ու ապացուցուած չէ. պատմութիւններ, որոնց մէջ ոչինչ չէ պարունակւում, ճարտասանութիւններ, որ ոչինչ չուսուցին, մանաւանդ մեծ եւ մանր քերթուածներ, նկարագրական, պատմական, բարոյական, փիլիսոփայական, բանաստեղծական, ուսումնական, եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Բայց մի քանի ժամանակից սկսած, սատանան նկատեց արդէն, որ այս տեսակ պաքսիմատները եւ ուտելիքը, ծանրացնում են նորա ստամոքսը. այս պատճառով պաշտօնական հրովարտակով պատուիրեց տալ իւրեան նոր-նոր գրեր, հին եւ ամենախրթին ոճերով գրած, սպիտակ թղթերի վերայ տպած, կէտադրութենով ու պատկերներով զարդարած, ոսկեզօծ եւ փառաւոր կաշով կազմած. սոքա համարւում են աւելի դիւրամարս եւ այնպէս անվնաս սատանայի ստամոքսի եւ գլխի համար, որպէս դատարկ եւ իստակ թղթերը, որոնց վերայ ոչինչ գրած կամ տպած չէին: Այս տեսակ պաքսիմատներ պատուիրել էր նորան պալատական արհի բժիշկ, երեւելի վարդապետ եւ վիրաբոյժ Հիպոկրատեսը, որ աշխարհի երեսին հազարաւոր մարդ սպանեց իւր բժշկական պատուէրներով, որի համար եւս մարդիկ անուանեցին նորան հայր բժշկութեան, եւ սատանան ընդունեց նորան իւր մօտ պալատական արհի բժշկի պատուանունով:

Սատանան հանեց տակառից չորս հատոր բաւական լաւ կազմով գրքեր, որ համեղ էին երեւում նորա աչքումը, թաթախեց իւր ղահուէի մէջ, դրեց բերանը եւ խածեց կէսը. երբ որ ծամել էր, իսկոյն թթուեցաւ նորա երեսը. Ո՞ւր է Անասնագլուխը, գոռաց նա բարկացած: Յանկարծ դեւերի բազմութեան միջից դուրս պրծաւ մի ոգի, միջակ հասակով, բաւական լիքը, որ հագած էր մի հին ֆրակ երկայն, եւ խոնարհադէմ գլուխ տուեց սատանային. սա նորա ուսումնական գրապետն էր, որ յառաջ Նադիր Շահի մօտ երեւելի լեզուագէտի պաշտօն ունէր: Այս դեւը անգիր գիտէր բոլոր շարադրութիւնների անունները, կարող էր մանրամասն ասել բոլորի տպագրութեան տարին, միտքն էր պահում, թէ ո՛ր գրքում, որքան երես կայ. բայց այդ երեսների բովանդակութիւնը արհամարհում էր նա, որպէս մի չնչին բան. սիրում էր միայն տպագրութեան սխալանքը, որ մեծ հաճութեամբ կարդում էր եւ որ համարում էր միմիայն արժանաւոր գործ մարդկային բանականութեան եւ արժանի յատուկ եւ մեծ ուշադրութեան:

Անպիտան, ի՛նչ պաքսիմատներ ես ուղարկել ինձ, ասաց սատանան բարկութեամբ, չոր են միանգամայն իբրեւ փայտ:

Ձեր մռայլութիւն, պատասխանեց վախեցած դեւը, լաւը չկարողացայ գտնել․ իրաւ է, շարադրութիւնքը բաւական հին բաներ են, բայց դորա փոխանակ տեսէք ինչպէ՛ս տպած է, եւ դեռ նոր է դուրս եկել տպարանից:

Քանի՞-քանի անգամ ասացի ես քեզ, որ չեմ սիրում վերստին տաքացրած բաներ, եւ ասել եմ, որ տաս ինձ միայն թեթեւ բաներ, որ մանաւանդ ախորժելի եւ դիւրամարս էին, բայց դու չնայելով այդ պատուէրներին, այլ կամակորուած միանգամայն, տուեցիր ձեռքս չոր եւ անհամ բաներ...

Մռայլագոյն տէր, համարձակւում եմ հաւատացնել ձեզ, որ դոքա մեր ժամանակի շատ լաւ եւ յարգելի գործերիցն են:

Դոքա՞ են ձեր ժամանակի գործը. ուրեմն պիտի ասել, որ ձեր ժամանակը շատ յիմար է:

Ես մեղաւոր չեմ, Ձեր մռայլութիւն. ես գրապետ եմ, ես չեմ այդ յիմարութիւնների հեղինակը, այլ որպէս գրապետ ես ընդունում եմ նորանց մատենադարանի մէջ եւ շարում եմ կարգով, ինչպէս հարկն է: Դուք ասացիք, որ այս պաքսիմատները դիւրամարս չեն. ի՞նչ պիտոյ է առնել, եթէ չկայ սոցանից լաւը․ բայց իմ կարծիքով, թէպէտ ես բժիշկ չեմ, պիտոյ է դոքա դիւրամարս լինէին. պատճառ, այդ բոլորի մէջ եւս չկայ եւ ո՛չ մի հատ ծանր եւ ամուր մտածութիւն:

Երբ գրապետը ամենայն ջանք գործ էր դնում արդարանալ տէր սատանայի առաջեւը, թափելով իւր բոլոր համոզողական փաստաբանութեան զօրութիւնը, սատանան հետաքրքրութեամբ հանեց բերանից խածած կտորը, որի վերայ դեռ երեւում էին գրի անունի հետեւեալ տառերը .... նգ.... ան...... ան...... այ...... տի..... ւոյ տպէ..... 850.....

Այս ի՞նչ բան է, ասաց սատանան նայելով բարկացած իւր պալատական գրապետի վերայ. սա, մինչեւ անգամ տաքացրած եւս չէ, այլ ամենեւին սառն... դեռեւս խաշխաշով է, յաւելացրեց խաւարի իշխանը, մի լաւ զննելով պաքսիմատը:

Ձեր մռայլութիւն, շո՞ւտ կբարեհաճիք քնել այսպիսի նախաճաշիկ ուտելուց յետոյ:

Դու խաբում ես ինձ եւ համարձակւում ես ծիծաղե՞լ եւս իմ վերայ, գոռաց սատանան դժոխային բարկութեամբ. ե՛կ մի րոպէ իմ մօտ: Գրապետը մօտեցաւ նորան ահ ու դողով: Սատանան բռնեց նորա ականջից, բարձրացրեց օդի մէջ իբրեւ մի փետուր, դրեց նորան Մխիթարի, ահագին, Մատթէոսի Աւետարանի մեկնութեան մէջ, որ դրած էր մօտին, եւ որ ժառանգել էր նա հանգուցեալ Իգնատիոս Փափազեանի մատենադարանից, եւ նստաւ նորա վերայ: Այն ահագին հսկայի ծանրութեան տակ, տարաբաղդ դժոխքի գրապետը իսկոյն սեղմուեցաւ այն կոշտ մեկնութեան երեսների մէջ, ինչպէս մի չոր անանուխի տերեւ, որ դնում են երեխայք իւրեանց գրքերի մէջ. հերիք չէր այս, սատանան հրամայեց գրապետին մնալ այնտեղ 1111 տարի, որքան ժամանակ մնալու էր այս գիրքը սատանայի ձեռքում:

Սատանան ոչինչ չհասկանալով այս գրքից, մտածում է այդքան տարի եւս պահել նորան, բայց զուր է. դարձեալ բան չէ հասկանալու. պատճառ, ինքը գրողը եւս չէ հասկացել:

Գտի՛ր իմ համար մեր անիծեալներից, այս ինքնահաւանի տեղ մի խելօքը, ասաց սատանան, դառնալով դէպի իւր վեզիր Բէհեղզեբուղը. ես միտք ունիմ ժամանակով իմ գրապետ շինել այն վարդապետը, որ անցեալներումը պատուեցաւ Հռովմից իւր ազգայինքը եւ իւր ազգի երախտաւորքը հալածելու համար. երբ նա շնորհ կը բերէ մեր մօտ, նորան անշուշտ, հանձնիր այդ պաշտօնը. նորանից արժանաւորը չկայ. նա աշխարհի երեսին անցաւոր բռնակալի հաճոյանալու համար չխնայեց իւր եղբարքը, որոնց երախտապարտ էր, բայց այստեղ ծառայելով իմ յաւիտենական գայիսոնի տակ եւ օր ըստ օրէ մեծարուելով ինձանից, հաւատայ, որ ոչինչ չէ խնայելու:

Շատ բարի, ասաց վէզիրը եւ առաւել ցոյց տալու համար իւր խոնարհութիւնը, համբուրեց երկիւղամեծար պատկառանքով տէր սատանայի պոչի ծայրը:

Խաւարի թագաւորը սկսեց տակառը խառնել, լաւ պաքսիմատ որոնելով. նորա բաղդից հանդիպեցան նորա ձեռքին Իգնատիոս Փափազեանի Եկեղեցական պատմութիւնը, Եւրոպա լրագրի 1856 թուականի յունուարի առաջին թերթը, հայերէն գրուած Օսմանեան պատմութեան վերջին թերթերից մի քանիսը, որ առանց հեղինակի գիտութեանը յաւելացուցել էին տէր սատանայի հրամանով. այս բոլորը դրեց միմեանց վերայ, թաթախեց աւազանի մէջ, կուլ տուեց եւ խմեց նաւթը վերայից:

Պիտոյ է իմանալ, եթէ մի սատանայ կերաւ մի որպիսի եւ իցէ շարադրութիւն, իսկոյն անյայտանում է աշխարհի երեսից այդ գրքի պատիւը եւ նորա հեղինակի անունը. այս պատճառով ահա մոռացւում են այնքան անհամար աշխատութիւնք, որ դուրս են գալիս զանազան տեղերում: Թեպէտ գրականութեան մէջ ոչինչ տեղ յիշատակութիւն չկայ այս մասին, բայց դոցա մասին մնում է մի պաշտօնական ծանօթութիւն դժոխքի մէջ:

Դժոխքի հրամանատարը, խմելով իւր ղահուէն, դարձուց իւր հայեացքը դահլիճի եւ ներկայ գտանուող դեւերի վերայ. կարծես թէ մի բան անհանգիստ էր առնում նորան: Նա իւր աչքերում զգաց մի անհանգիստ կսկիծ. յանկարծ, նայելով դէպի վեր առաստաղի վերայ, տեսաւ մի ծակ, որից անցանում էին արեգակի ճառագայթքը, երբ նա մայրն էր մտնում:

Իսկոյն հասկացաւ սատանան իւր աչքի ցաւելու պատճառը, վասն որոյ եւ գոռաց. Ու՞ր է ճարտարապետը. որտեղ է նա, գանչեցէ՛ք իմ մօտ այդ աւազակը: