Ժ․
Այն
քաղաքի
մէջ,
ուր
անցանում
էին
վերեւում
պատմած
անցքերը,
վաղուց
ահա
բնակւում
էր
պ.
Յովնաթանեանցը:
Այս
անունը
առաջին
անգամ
պատահում
է
մեր
ընթերցողներին,
ուստի
պարտականութիւն
ենք
համարում
մի
փոքր
տեղեկութիւն
տալ
նորա
մասին,
որ
յետոյ
կարողանանք
ներս
տանել
մեր
ընթերցողքը
նորա
տունը,
այն
րոպէին
երբ
կոմս
էմմանուէլը
անձնատուր
եղած
մելամաղձութեան,
ուղղում
էր
ընթացքը
դէպի
իւր
օթեւանը:
Պ.
Յովնաթանեանցը,
որպէս,
Հայերի
աչքով,
մի
փոքր
ի
շատէ
հարուստ
վաճառականի
գործակալ,
դեռեւս
իւր
երիտասարդութեան
ժամանակ
ուղարկուած
էր
այստեղ:
Նա
բաւական
միջոց
յառաջ
վարելով
իւր
պարոնի
գործերը
այս
քաղաքում,
իհարկէ
ոչ
առանց
անձնական
օգտի,
վերջապէս
դարձել
էր
նորան
ընկերակից:
Բնութեան
մէջ
կայ
մի
օրէնք,
եթէ
վնասւում
է
կամ
խանգարւում
է
որեւիցէ
զգայարանը
մարդու,
կամ
այլ
կենդանու
կազմուածքի,
իսկոյն
մի
այլ
զգայարան
աւելի
զօրութիւն
եւ
նրբութիւն
ստանալով
կատարում
է,
գոնէ՛
կիսով
չափ,
այն
խանգարուած
զգայարանի
պաշտօնը:
Կոյր
մարդերի
ձեռքի
մատները
կամ
առհասարակ
շօշափողական
ջլերը
այնպէս
զօրանում
են
եւ
նրբանում
են,
որ
մի
մաշուած
դրամ
եւս
շօշափելով
կարող
են
հասկացնել
կուրին
դրամի
որպիսութիւնը
եւ
արժէքը:
Տեսողութիւնը
խուլ
մարդերի
նրբանում
է
եւ
զօրանում
է
մինչեւ
այն
աստիճան,
որ
առանց
մի
ձայն
լսելու,
միմիայն
նայելով
խօսողի
բերանի,
դէմքի
եւ
ձեռքերի
շարժողութիւններին,
խուլը
կարողանում
է
հասկանալ,
թէ
ինչ
էր
ասում
նորա
հանդէպ
կանգնած
մարդը:
Այն
օրէնքը,
բնական
եւ
բժշկական
գիտութենների
մէջ,
յայտնի
է
անունովս
անտագոնիսմոս
(Antagonismus):
Երեւի
թէ
այս,
կամ
սորա
նման
մի
oրենքի
հիմքի
վերայ,
կամ
գուցէ
մի
այլ
բնական
պատճառից,
պ.
Յովնաթանեանցը,
ամենեւին
զուրկ
լինելով
կրթութենից
եւ
դաստիարակութենից,
շատ
վարժ
եւ
յաջող
կերպով
սկսեց
իւր
առեւտրական
գործողութիւնքը:
Նա
ձեռք
էր
զարկում
գործերին
նոյն
վստահութեամբ,
ինչ
վստահութեամբ
հմուտ
եւ
վարժ
որսորդը
ուղղում
է
իւր
հրացանը
որսի
վերայ,
հաւաստի
լինելով,
որ
շուտով
պիտի
գետին
ընկնի
որսը
որսորդի
օգտի
համար:
Պ.
Յովնաթանեանցի
բաղդից,
ժամանակը
ձեռնտու
էր
նորան,
բաների
կարգը
եւս
յաջողում
էր...
Մի
քանի
ժամանակից
յետոյ
սկսեց
նա
ձեռք
զարկել
մեծ
մեծ
գործերի.
սկսեց
իւր
վերայ
առնուլ
զանազան
տէրութենական
պաշարներ
պատրաստելու
պարտականութիւնք:
Ո՛ւր
մնացին
նորա
նախկին
պարոնը
կամ
ընկերակիցքը.
նա
սկսեց
նայել
նոցա
վերայ
այնպէս,
ինչպէս
մի
մարդ
կը
նայէր
բարձր
աշտարակից
դէպի
վայր,
փոքր
ինչ
յառաջ,
իւր
հետ
միասին
մի
յատակի
վերայ
կանգնող
մարդերի
վերայ:
Չար
լեզուներ
ասում
էին...
ի՛նչ
ասում
էին...
ասում
էին,
թէ...
ինչե՛ր
չեն
ասում
չար
լեզուները...
Առհասարակ
պիտի
իմանալ,
որ
այսպիսի
գործողութենների
մէջ
մտանող
մարդը,
եթէ
հետեւում
է
այն
վարդապետութեան,
թէ
նպատակը
կը
սրբէ
հնարը,
ապա
ուրեմն
շատ
հեշտութեամբ
կարող
է
կարճ
ժամանակից
միլիոնների
մասին
խօսք
բանալ.
ըստ
որում,
որքան
քայլ,
այնքան
շահաստացութիւն:
Բայց
ճշմարիտը
պիտոյ
է
ասել,
ինչո՞ւ
չէ
պիտոյ
օգուտ
քաղել
դիպուածներից,
օգուտը
գողութիւն
չէ,
յափշտակութիւն
չէ,
այլ
յառաջ
է
բղխում
գործերը
օրինաւոր
եւ
խելացի
կերպով
յառաջ
վարելուց:
Դնենք,
թէ
ես
պարտականութեան
էի
առել
իմ
վերայ
Տէրութեան
զօրքի
համար
պատրաստել
մի
բան,
ասենք
թէ
կօշիկներ:
Եւ
այսպէս,
ինձ
յանձնած
է
երկու
հարիւր
հազար
կօշիկ
պատրաստել,
իւրաքանչիւր
կօշկի
համար
ես
պիտի
ստանամ,
դնենք
թէ
մի
եւ
կէս
մանէթ:
Բայց
այն
կօշիկը,
որ
ցոյց
էին
տուել
ինձ
որպէս
գաղափար,
որի
նմանը
ես
պարտական
էի
հատուցանել
կառավարութեանը,
ինձ
նստելու
էր
մի
մանէթ
եւ
մի
քառորդ,
եւ
այս
կերպով
ամէն
մի
կօշիկից
իմ
ստանալին
էր
մի
քառորդ,
այսինքն
է
քսան
եւ
հինգ
կոպեկ
արծաթ.
միթէ՞
յիմարութիւն
չէ
լինելու
իմ
կողմից,
եթէ
աւելի
ստոր
արժանաւորութեան
նիւթերից
չպատրաստեմ
կօշիկները
այնպէս,
որ
իւրաքանչիւրը
ինձ
մի
մանէթ
նստելով,
կէս-կէս
մանէթ
զուտ
օգուտ
բերէին:
Եւ
այսպէս
պ.
Յովնաթանեանցը
յառաջ
գնալով,
արդէն
վաղուց
եւ
ընտանիքի
տէր
դարձած
էր:
Ունէր
բաւական
մեծ
գերդաստան,
կին,
որդիք,
դստերք,
որոնց
բացի
նիւթական
հարստութենից
ոչինչ
ունէր
թողնելու,
ըստ
որում
հոգաբարձու
չէր
եղած
իւր
զաւակների
կրթութեան
մասին:
Պարոնը
ապրում
էր
բաւական
լաւ,
եւ
նորա
մօտ
ել
ու
մուտ
ունէին
ոչ
թէ
միայն
նորա
նման
մարդիկ,
այլեւ...
զանազան
խորհուրդներով:
Պ.
Յովնաթանեանցի
տեսութեամբ,
բոլոր
աշխարհը
շարժող
եւ
կառավարող
ուժը
եւ
զօրութիւնը
էր
արծաթը,
եւ
նա
այնպիսի
մարդերից
էր,
որոնք
դեռեւս
զարմանում
են,
թէ
ինչպէ՛ս
Աստուած
ստեղծել
է
աշխարհը
առանց
մի
օգտի
ակնկալութեան,
եւ
թէ
ինչպէ՛ս
ամենայն
օր
երկնքի
լուսաւորքը
լուսաւորում
են
երկիրը
առանց
մի
բան
ստանալու:
Այս
պարոնը
ունէր
նոյնպէս
մի
քանի
եղբարք,
որոնցից
փոքրը
աւելի
մօտ
յարակցութիւն
ունէր
մեր
նկարագրած
պարոնին,
քան
թէ
միւսքը:
Կինը
եւ
դստերքը,
տէր
լինելով
աւելի
հարստութեան,
քան
թէ
իւրեանց
կարգի
շատ
մարդիկ,
դատապարտելի
հպարտութեամբ
նայում
էին
ուրիշների
վերայ,
եւ
նոցա
հայեացքի
մէջ
կար
մի
թունաւոր
բան,
որ
հանդիպողի
երեսին
էր
զարկում
սորա
չքաւորութիւնը,
իսկ
իւրեանց
հարստութիւնը:
Դստերքը,
այսպիսի
ուղղութեամբ
եւ
այսպիսի
խանգարուած
բարոյականութեամբ
ատմոսֆէրայի
մէջ
աճելով
եւ
կրթուելով,
դեռեւս
երեխայութենից
սկսեցին
մարդու
երջանկութիւնը
որոնել
ամենայն
տեսակ
զեղխութեան
մէջ:
Որդիքը,
միանգամայն
մարմնից
բաղկացած,
բթացած
ուղեղներով
եւ
ասես
թէ
արբեցած
իւրեանց
հօր
հարստութեամբ,
բոլորովին
անզգայացած
դէպի
ամենայն
մարդկային
եւ
վայելչական
բան,
իւրեանց
անուսումնասիրութեան
եւ
անընդունակութեան
պատճառով,
դուրս
քշուեցան
դպրոցից,
ուր
դրել
էր
նորանց
նոցա
հայրը,
ո՛չ
այն
դիտաւորութեամբ,
որ
բան
ուսանէին
(պ.
Յովնաթանեանցը,
իւր
սրտում,
ատեցող
էր
ամենայն
լուսաւորութեան),
այլ
մանաւանդ,
ուրիշներին
բամբասանքի
տեղիք
չտալու
համար,
որպէս
թէ
զանցառու
էր
զաւակների
կրթութեան
մասին:
Ինքը
պարոնը,
ինչպէս
սովորաբար
լինում
են
չնչին
դրութենից
վեր
բարձրացող
մարդիկը
(թէպէտեւ
պ.
Յովնաթանեանցը
զուրկ
էր
ամենայն
բարոյական
բարձրութենից),
սեպհականել
էր
ինքեան
մի
յիմար
հպարտութիւն,
եւ
ամենայն
հասարակութեան
մէջ
կամենում
էր
խելացի
մարդու
պաշտօն
վարել:
Նորա
ամէն
մի
քայլը,
ամէն
մի
շարժուածքը
հաշուած
ու
համարած
էին,
որպէսզի,
մի
փոքր
ծառայութիւն
բարքի
տալով
ինքեան
գրաւէ
տեսողների
համարումը:
Եւ
նա
սխալուած
չէր
իւր
հաշւում:
Հայոց
ազգի
մէջ
դժուարին
չէ
ստանալ
մեծարողական
պատուանուններ,
որովհետեւ
նախ
եւ
յառաջ
տուողքը
չգիտեն
իւրեանց
արժանաւորութիւնը,
երկրորդ,
այդ
պատուանունների
արժանաւորութիւնքը:
Հարկ
չկայ
ասելու,
որ
այս
ճանապարհով
ստացածը
լինում
է
բոլորովին
անխորհուրդ:
Մեր
պարոնը,
մանաւանդ
խաժամուժ
ամբոխի
աչքերը
ներկելու
համար,
ազգասիրութիւն
էր
ցոյց
տալիս
այնպիսի
տեղերում
եւ
դիպուածներում,
ուր
հարկ
չկայ
իւր
ցանկութիւնը
իսկոյն
գործով
ապացուցանելու:
Ի՛նչ
մի
դժուար
բան
է
խօսքերով
միայն
լինել
ազգասէր
եւ
այսպիսի
ամուլ
շատախօսութեամբ,
առանց
ամենայն
զոհաբերութեան,
տօնացուցի
մէջ
գրուելու
արժանի
համարուիլ...
Մեր
մէջ,
ինչ
ասես
կարելի
է
պ.
Յովնաթանեանցը
խօսում
էր
դպրոցների
վերայ
եւ
բերան
սերտած
բառերով
հաստատում
էր
նոցա
օգուտը,
առանց
ամենեւին
գաղափար
ունենալու,
թէ
ի՛նչ
ասել
է
դպրոց,
եւ
թէ
ինչպէս
պիտի
լինէր
նա,
որ
լցուցանէր
իւր
խորհուրդը:
Պարոնը
կը
լինէր
այսպէս
մօտ
յիսուն
տարեկան,
միջահասակ,
հաստափոր
եւ
ճաղատ
ճակատով.
նորա
յօնքերի
եւ
ընչանցքների
սեւութիւնը
մանաւանդ
աւելի
որոշակի
յայտնի
էր
լինում
նկատողին,
որքան
անասնական
անհոգութենից
ուռած
թշերը
կարմրում
էին
նորա
անխորհուրդ
երեսի
վերայ:
Եթէ
ինձանից
հարցանէին,
թէ
ո՛ր
բանից
մանաւանդ
զզւում
եմ
աշխարհի
երեսին,
ապա
պատասխանելու
էի,
թէ
մի
երեսից,
որ
ոչինչ
մարդկային
բան
չէր
ցոյց
տալիս:
Երեսը
արդարեւ
հոգու
պատկեր
է.
հոգու
ամէն
մի
շարժուածքը
ջլերի
անբացատրելի
միջնորդութեամբ
երեւում
են
երեսի
գծերի
վերայ:
Եւ
երեսը,
որ
ոչինչ
էր
ցոյց
տալիս,
վկայում
է
ոչնչութիւնը
հոգու,
որ
նստած
էր
մի
կազմուածքի
մէջ:
Ես
գերադասում
եմ
չքութիւնը,
քան
թէ
լինելութիւնը,
եթէ
մարդը
պիտոյ
է
լինէր
ու
ապրէր
որպէս
մի
լոկ
բուսական
կամ
շնչական
արարած:
Ես
անգութ
չեմ
դէպի
որեւիցէ
արարած,
բայց
դորա
փոխանակ
յարգում
եմ
նորանց
իւրեանց
տեղում.
մարդկային
պատկերի
տակ
անասնութիւն...
կղկղա՛նք
մարդկութեան:
Բայց
պ.
Յովնաթանեանցի
համար
այսպիսի
մտածութիւնք
երազի
նիւթ
եւս
չէին,
մինչ
ամբողջ
գիշերը
թաւալւում
էր
իւր
անկողնի
մէջ
խռխռալով:
Նա
քնած
ժամանակ
եւս
մտածում
էր
շահաստացութեան
վերայ.
առաւօտը
զարթնում
էր
եւ
նորա
կիսաբաց
աչքերին
երեւում
էին
ոսկեղէն
սարեր:
Նա
հաց
էր
ուտում
առանց
մոռանալու
ճիշդ
մաթեմատիկական
հաշիւը,
թէ
այն
օրուայ
ճաշի
համար
ծախսուած
արծաթից.
որքա՛ն
բաժին
հասանում
էր
այն
վերջին,
ամենափոքրիկ
հացի
փշրանքին,
որի
տասը
կտորը
միասին
կարող
էր
տանել
մի
մրջիւն
դէպի
իւր
բոյնը:
Նա
ստացել
էր
քարեայ,
երկու
յարկով
բաւական
ընդարձակ
տուն,
եւ
այս
տան
գլխաւոր
արժանաւորութիւնը
էր
այն,
որ
միեւնոյն
ժամանակ
պատկանում
էր
երկու
փողոցի.
նորա
պատուհանքը
նայում
էին
դէպի
արեւելք
եւ
արեւմուտք:
Թո՛ղ
որքան
կամին
զրպարտեն
պ.
Յովնաթանեանցին,
որպէս
թէ
նա
հոգաբարձու
չէր
իւր
ընտանիքի
երջանկութեանը.
նորա
այսպիսի
տուն
ընտրելը
արդէն
հիմնաւորապէս
ապացուցանում
է,
թէ
որքան
շատ
մտածում
էր
եւ
հոգս
էր
առնում
իւր
ընտանիքի
մասին:
Մի
խուլ
տան
մէջ
նորա
ընտանիքը
կարող
էին
ձանձրանալ,
բայց
մի
այդպիսի
տան
մէջ,
որի
պատուհանքը
նայում
էին
դէպի
զանազան
փողոցներ,
երբէք
չէր
կարելի
ձանձրոյթ
զգալ,
որովհետեւ
մանկահասակ
դստերքը
երբեմն
այս
եւ
երբեմն
այն
պատուհանից
կարող
էին
մի
անմեղ
հայեացք
ձգել
անցաւորի
վերայ:
Ո՛ւր
թողունք
այն
մեծախորհուրդ
հոգացողութիւնը
պ.
Յովնաթանեանցի,
որով
մի
ապակեկազմ
սենեակ
եւս
յաւելացուց
իւր
տան
կողքին,
որի
ծաղկազարդ
վայելչութիւնը
կարող
էր
տրամադրել
պատանի
օրիորդների
սիրտը
եւ
հոգին
դէպի
մի
րօմանական
կեանք...
Պ.
Յովնաթանեանցի
մասին
այսքան
տեղեկութեան
տալուց
յետոյ,
շտապում
եմ
սկսանել
իմ
պատմութիւնը
այն
րոպէից,
երբ,
ինչպէս
ասացի,
կոմս
էմմանուէլը
գնում
էր
իւր
օթեւանը:
Արդէն
բաւական
ուշ
էր,
եւ
պ.
Յովնաթանեանցը
միայնակ
նստած
իւր
առանձնարանում
նայում
էր
ճրագին,
որ
չգիտէ
ոչինչ
տնտեսութիւն
եւ
անխնայ
վառւում
է
տան
տիրոջ
վնասի
համար:
Գունաթափուած
էր
երեսը
եւ
քրտինքը
դուրս
էր
զարկել
ճաղատ
ճակատի
վերայ
կաթ
կաթ,
ամենեւին
նոյն
կերպով,
ինչ
կերպով
իւղոտ
ամանի
մէջ
կանգնում
է
սրսկած
ջուրը:
Նեղութեան
կամ
բարկութեան
ժամանակ
ձեռքերը
ճնշել
եւ
տրորել
ժառանգութիւն
է
փոքրոգի
մարդերի.
պարոնը
վեր
կացաւ
սօֆայի
վերայից,
ուր
ընկած
էր
որպէս
մի
շնչաւոր
եւ
ձեռքերը
տրորելով
սկսեց
ման
գալ
սենեկի
մէջ
զանազան
ուղղութեամբ,
անհաւասար
քայլերով:
–
Չէ,
–
ասաց
նա,
–
պիտի
այս
բանի
առաջը
առնուլ.
անշուշտ
վատ
կը
լինի
սորա
վերջը
եւ
կը
խայտառակուի
իմ
տունը
այս
քաղաքի
մէջ
մինչ
ի
սպառ:
Ես
շատ
անբաղդ
մարդ
եմ,
–
շարունակեց
նա,
–
անբաղդ,
որպէս
եղբայր,
անբաղդ,
որպէս
ամուսին,
անբաղդ,
որպէս
հայր:
Եւ
այս
քանի
տարու
մէջ
ի՛նչ
բաներ
անցկացան
իմ
գլխից.
եւ
այդ
բոլոր
անախորժութենների,
վատահամբաւութենների
պատճառքը
ովքե՛ր
են.
եղբայր,
եղբօր
կին,
դստերք,
փեսայ,
որդիք
եւ
վերջապէս
ամուսինս:
Ստո՛յգ
է,
որ
ասում
են,
թէ
աշխարհի
երեսին
ամենայն
լաւութիւն
վճարւում
է
ապերախտութեամբ:
Եղբայրս
որ,
եթէ
ես
չլինէի,
պիտի
ծառայ
լինէր
ուրիշին,
գլխաւոր
պատճառն
է
այս
բոլոր
բաների:
Նորա
կինը,
թէեւ
գեղեցիկ
հռչակուած,
սակայն
իմ
ընտանիքի
համար
դարձաւ
մի
անախորժութեան
անլուծանելի
մակարդ:
Ո՛վ
ճանապարհից
հանեց
իմ
դուստրը,
եթէ
ոչ
նա.
ո՛վ
սովորեցուց
նորան...
ա՛հ,
մտածելը
անգամ
դառն...
իսկ
որդիքս,
որդիքս.
ի՛նչ
առնեմ,
ո՞ւմ
ասեմ,
իմ
երեսի
կեղտը
պիտի
որ
ես
ինքս
ծածկեմ
օտարների
աչքից...
Մինչդեռ
այսպիսի
մտածմունքով
ման
էր
գալիս
նա
տան
մէջ,
ներս
մտաւ
ծառան
եւ
յայտնեց
բժշկապետի
գալը:
Պ.
Յովնաթանեանցը
իսկոյն
ընդունեց
մի
պատուաւոր
դրութիւն
եւ,
աշխատելով
մի
փոքր
գործունեայ
մարդու
կերպարանք
ցոյց
տալ
բժշկապետին,
յօնքերը
մօտ
քարշեց
աչքերին:
Դուռը
բացուեցաւ,
եւ
բժշկապետը
երեւեցաւ
շեմքի
վերայ:
Սովորական
ողջունատուութենից
յետոյ,
պ.
Յովնաթանեանցը
հարց
արեց.
–
Ինչպէ՛ս
գտաք:
–
Չէ
կարելի
գովել,
–
պատասխանեց
բժշկապետը:
–
Նորա
հիւանդութիւնը
խճճւում
է
վերահաս
ախտաւոր
յայտնութեններով:
Քաջ
գիտէք
դուք,
որ
նա
եղած
չէ
իմ
բժշկական
հոգաբարձութեան
տակ
իւր
ամուսնութենից
յառաջ.
ես
այն
օրից
տեսայ
ձեր
դուստրը,
երբ
նա
կարօտեցաւ
իմ
մանկաբարձական
օգնութեանը:
Նորա,
յառաջուց
ունեցած
հիւանդութեան
մասին
այսքան
միայն
լսած
եմ
բժշկող
պարոններից,
թէ
յառաջանում
էր
արիւնի
անկարգ
շրջանառութենից
սեռական
գործարաններում:
Ես
ընդունում
եմ
յարգելի
բժիշկների
վկայութիւնը,
որպէս
ստոյգ
իրողութիւն:
Մարդկային
կազմուածքը
բաղկանում
է
զանազան
գործարաններից,
որոնք
մեծ
յարակցութիւն
ունին
միմեանց
հետ.
նոցանից
մինը
խանգարուելով,
խանգարում
է
միւսը,
որով
շատ
անգամ
վտանգւում
է
եւ
ամբողջ
կազմուածքը:
Դուք
գանգատել
էք
ինձ
շատ
անգամ,
թէ
ձեր
դուստրը
երկար
ժամանակ
ունեցած
էր
էպիլեպսիա,
եւ
թէ
այժմ,
թէպէտեւ
չէ
երեւում,
սակայն
ստեպ
ստեպ
սաստիկ
ծանրանում
է
նորա
շնչառութիւնը:
Ինչ
ասեմ.
եթէ
բժիշկ
կամ
թէ
բնագէտ
լինէիք,
կարո՛ղ
էի
հասկացնել
ձեզ,
թէ
սեռական
գործարաններում
արիւնի
անկարգ
շրջանառութիւնը
ի՛նչ
կերպով
ծանրացնում
է
շնչառութիւնը:
Բայց
այժմ,
որքան
եւս
բացայայտեմ,
այնուամենայնիւ
դուք
հասկանալու
չէք.
այս
եւս
կայ,
որ
ձեզ
այնքան
հարկաւոր
չէ
ցաւի
պատմութիւնը,
որքան
այդ
տկարութեան
դարման
տանելու
հնարը:
–
Ամենեւին
ճշմարտութիւն
է,
որ
խօսում
էք,
–
ասաց
պ.
Յովնաթանեանցը,
–
եւ
ես
մեծ
յօժարութեամբ
պատրաստ
եմ
լսել
ձեր
մարդասիրական
խորհուրդը:
–
Լաւ
ասացիք,
–
պատասխանեց
բժշկապետը,
–
իմ
տալու
խորհուրդը
չէ
միայն
բժշկական,
այլեւ
բարոյական.
տարակոյս
չկայ,
որ
բարոյականութիւնը
հիմնուած
է
մարդասիրութեան
վերայ:
–
Մեղուն
գրել
է,
Ճռաքաղը
[1]
եւս
հաստատեց...
–
Ես
չգիտեմ,
թէ
ի՛նչ
է
գրել
մինը
եւ
ինչ
է
հաստատել
միւսը.
բայց
իմ
խորհուրդը,
–
շարունակեց
բժշկապետը,
ընդհատելով
պարոնի
խօսքը:
Պ.
Յովնաթանեանցը
իւր
կարգով
ընդհատեց
նորա
խօսքը:
–
Պարո՛ն
բժշկապետ,
ես
բարերար
եւ
գործակալ
էի
Մեղուին.
Ճռաքաղը
եւս
հեռի
չէ
մնացել
իմ
շնորհից,
խնդրեմ
չմոռանալ:
–
Այս
բաները
այնքան
աննշան
են
եւ
մանաւանդ
անխորհուրդ
ձեր
դստեր
բժշկութեան
մասին,
որ
չգիտեմ,
թէ
ինչ
մտածեմ,
թէ
ի՛նչ
պատճառով
մէջ
էք
բերում
այդ
բաները:
–
Ներողութիւն,
ներողութիւն,
ինձ
թուեցաւ
թէ
ազգասիրութեան
վերայ
ենք
խօսում
ձեր
հետ:
–
Ուրեմն
դուք
չգիտէք
ձեր
խօսածը,
եւ
ինչպէս
վարձկան
լալականը
ննջեցելու
տունի
տեսածի
պէս
սկսանում
է
իւր
ողբը,
այնպէս
եւ
դուք
մեքենաբար
խօսում
էք
այդպիսի
բաների
վերայ,
առանց
զգալու...
–
Ես
շատ
պարապած
եմ,
ուստի
շատ
անգամ
շփոթւում
եմ,
–
պատասխանեց
պ.
Յովնաթանեանցը,
ծածկելով
իւր
տհաճութիւնը:
–
Սակայն
խնդրում
եմ
լսել
ձեր
խորհուրդը,
որի
պատճառով
այսքան
խօսք
յառաջացաւ:
–
Իմ
առաջին
եւ
վերջին
խորհուրդը
այս
է,
որ
յետ
հրաւիրէք
դուք
ձեր
փեսան...
Համաձայնեցէք
ինքներդ.
ձեր
դուստրը
գտանւում
է
պատանեկութեան
հասակում.
նա
սովորած
լինելով
քնքշութեան,
արուեստական
կերպով
դարձել
է
մի
ջլային
խառնուածքի
տէր,
կենակցութիւնը
իւր
փեսայի
հետ
այս
դարումս
միակ
հնար
է
կին
մարդերի
համար,
ազատուելու
իւրեանց
ծնողների
կամ
ամուսինների
խօսքերից
եւ
նկատողութեններից.
մանաւանդ
որ
ձեր
դուստրը
ամենայն
օր
շրջապատուած
է
հրապոյրներով,
ամենայն
օր
բորբոքուած
է
նորա
ուղեղը...
ես
կարճ
եմ
ասում
ձեզ,
որ
եթէ
դուք
չկատարէք
իմ
առաջարկութիւնը,
ձեր
դստեր
բանը
շատ
եւ
շատ
վատթարանալու
է:
–
Ներկայումս
այդ
առաջարկութիւնը
կատարել
ինձ
ամենեւին
անհնար
է,
–
պատասխանեց
պ.
Յովնաթանեանցը:
–
Բայց
ձեր
դստեր
համար
արգանդի
կատաղութիւն
(Nymphomania)
ստանալը
ամենեւին
հնարաւոր
է,
–
պատասխանեց
բժշկապետը
գերմանական
սառնութեամբ:
–
Դուք
վաճառական
չէք
եւ
ոչինչ
հաշիւ
չգիտէք.
վաթսուն
հազար
մանէթ...
–
Իսկ
ձեր
համար՝
բացի
մանէթներից,
այլ
բան
չկայ
աշխարհի
երեսին:
–
Միթէ՞
դուք
առանց
օգտի
կատարում
էք
ձեր
բժշկական
պաշտօնը:
–
Ես
ոչ
ոքին
պարտական
չեմ
ձրի
ծառայել.
բայց
իմ
համար,
իմ
անձի
համար,
միշտ
չնչին
արժէք
ունի
արծաթը:
–
Այդ
կորստական
սկզբունքը
հերիք
պատճառ
է,
որ
դուք
չհարստանայիք
երբեք:
–
Դորա
փոխանակ,
դուք
հարստացել
էք.
բայց
արծաթի
ժանգը
նստել
է
ձեր
ուղեղի
վերայ:
Երբեք
ցանկանալու
չէի
այդպիսի
հարստութեան:
–
Դուք
չափից
դուրս
էք
գնում:
–
Նորա
համար,
որ
դուք
երբեք
չէք
եղած
չափի
տակ.
եւ
ձեր
այդպիսի
անբարեխառնութիւնը
ցոլանում
է
ձեր
ընտանիքի
եւ
ձեր
զաւակների
վերայ:
Պարոն,
խնդրեմ,
թոյլ
տուեցէք
ինձ,
որպէս
բժշկապետի,
մի
քանի
նկատողութիւնք
առնել
ձեր
ընտանեկան
կեանքի
մասին,
բարի
խորհրդով:
–
Իսկ
ես,
խնդրում
եմ,
պարոն
բժշկապետ,
եթէ
հնար
է
ազատ
թողուլ
ինձ
ձեր
նկատողութեններից.
պատճառ,
ամենայն
խրատ
եւ
խորհուրդ,
որ
ուղղակի
վերաբերւում
էին
իմ
ընտանեկան
կեանքին,
որ
մի
բան
եւս
հասարակաց
չունի
ձեր
հետ,
պատշաճ
չեմ
համարում
լսել:
–
Թէ
ձեր
ընտանեկան
կեանքը
մի
բան
ունի՛
հասարակաց
իմ
հետ,
կամ
ինչպէ՛ս
եւ
ո՛ր
չափով
ունի,
այդ
եթէ
դուք
ուրանաք,
քաղաքը
վկայում
է...
ես
այժմուս
կամէի
միայն
վկայութեններով
եւ
աշխարհի
երեսին
կատարուած
փորձերով
ապացուցանել
ձեզ,
թէ
մի
ընտանիք,
ինչպէս
ձերն
է,
երբեք
ճաշակելու
չէր
երջանկութեան
քաղցրութիւնը:
–
Ինչու
այդպէս
խիստ
պատժում
է
Նախախնամութիւնը
իմ
ընտանիքը:
–
Ո՛հ,
սխալւում
էք,
պարոն.
այդ,
նախախնամութեան
գործը
չէ:
Նախախնամութիւնը
միօրինակ
պահպանում
է
եւ
դարմանում
է
ամբողջ
տիեզերքը
առանց
խտրութիւն
առնելու,
թէ
այս
մինը
մարդ
էր,
իսկ
այն
միւսը
մի
խեղճ
ճճի:
Նախախնամութեան
գոգում,
հաւասարապատիւ
զաւակներ
են
բոլոր
արարածք,
որ
գոյանում
են
եւ
պահպանւում
են
բնութեան
մէջ:
–
Ես
մի
ժամ
առաջ
ինձ
համարում
էի
անբաղդ,
բայց
այժմ
տեսանում
եմ,
որ
դուք
առաւել
անբաղդ
էք
եղած,
քան
թէ
ես:
Հաւասարութիւն
որոնել
այս
աշխարհում,
արդէն
թշուառութիւն
է.
պատճառ,
մի
մազի
չափով
եւս
խելք
չկայ
դորա
մէջ:
Ինչպէս
կարելի
է,
որ
ես
իմ
պատուանուններով
եւ
պատուանշաններով
հաւասար
լինիմ
իմ
եղբոր
հետ,
որ
ոչինչ
ունէր.
դուք
ուրանում
էք
մարդկային
արժանապատուութիւնը,
պարոն
բժշկապետ:
–
Ես
խոստովանում
եմ
եւ
քարոզում
եմ
մարդկային
արժանաւորութիւնը
մարդկութեան
եւ
ոչ
արտաքին,
պատահական,
կամ
գնած
պատիւների
մէջ.
եւ
դուք,
գերադաս
համարելով
ձեզ,
քան
թէ
ձեր
եղբայրը,
տեղի՞ք
ունէիք
բամբասել
Նախախնամութիւնը,
թէ
նա
էր
պատճառը,
որ
ձեր
ընտանիքը
ճաշակելու
չէր
երջանկութեան
քաղցրութիւնը:
Ուր
չէ
խոստովանւում
մարդկային
հաւասարութիւնը,
ուր
իւրաքանչիւր
մարդ
կցորդ
չէ
ազատութեան
հաւասարապէս,
այնտեղ
թագաւորում
է
մոլութիւնը:
Իսկ
ուր
մոլութիւն
է,
չկայ
հոգու
խաղաղութիւն.
այնտեղ
տիրում
է
մի
դժոխային
ամբոխումն
եւ
նախանձի
որդերը
եռ
են
գալիս
այն
ապականեալ
սրտի
վերայ:
–
Արդեօք
այդ
բաները
յարակցութիւն
ունէի՛ն
իմ
դստեր
հիւանդութեան
կամ
բժշկելու
հնարի
հետ:
–
Անտարակոյս,
այո՛:
Բժշկութեան
մէջ
գործակատար
են
ոչ
միայն
զանազան
մարմինք,
որ
շատ
անգամ
պիտոյ
էր
զգուշութեամբ
ներս
բերել
հիւանդի
կազմուաձքի
մէջ,
այլ,
գլխաւորապէս
հոգին:
Որեւիցէ
անախորժութիւն
խանգարելով
հոգու
եւ
սրտի
անդորրութիւնը,
ձգում
է
ամբողջ
կազմուածքը
մի
ալեկոծուած
վիճակի
մէջ:
Այդպիսի
վիճակում
ոչ
թէ
միայն
չէ
կարելի
հիւանդը
բժշկել,
այլեւ
առողջ
մարդիկ
կարող
են
հիւանդանալ
եւ
մեռանել
եւս:
Դո՛ւք,
ձեր
տարապայման
ժլատութեան
պատճառով,
չկամենալով
կատարել
ձեր
խոստմունքը,
որ
արել
էիք
ձեր
փեսային,
հարկադրել
էք
նորան
հեռանալ
ձեր
ընտանիքի
միջից...
Հերիք
չէր
այս,
դուք
հետ
էք
պահել
ձեր
մօտ
նորա
ամուսինը,
որ,
աստուածային
եւ
քաղաքական
օրէնքներով,
պարտական
էր
հնազանդուիլ
նորան
եւ
գնալ
նորա
քամակից:
Միթէ՞
այս
անբնական
գործողութեան
հետեւանքը
չէ,
որ
այսօր
ձեր
դուստրը
գտանւում
է
այդ
վիճակում:
Յայտնի
բան
է,
մինչդեռ
ձեր
փեսան
հեռանում
էր
այս
քաղաքից,
դուք
մտածեցիք,
թէ
ոչինչ
պակասելու
չէր
ձեր
դստերը
այստեղ,
բայց
մոռացաք,
որ
պակասելու
էր
նորան
մի
մարդ,
որի
պաշտօնը
օրինաւոր
կերպով
ոչ
ոք
չէր
կարող
լցուցանել,
եւ
որի
հետ
զուգուած
էր
ձեր
դուստրը
այնպիսի
անքակտելի
կապերով,
որ
մարդու
ձեռքը
իշխանութիւն
չունի
բաժանել:
Դո՛ւք
չարաչար
գործ
դրեցիք
ձեր
ծնողական
իշխանութիւնը,
որ,
զաւակի
ամուսնութենից
յետոյ,
վերջանում
է
իսկոյն,
դո՛ւք
չարաչար
օգուտ
քաղեցիք
ձեր
հարստութենից,
եւ
առանց
մարդկային
սրտի
զգացողութեան
ընթանալով
ձեր
դստեր
եւ
փեսայի
հետ,
նոցա
հոգու
անդորրութիւնը
փոխանակեցիք
արծաթի
հետ:
Պ.
Յովնաթանեանցի
երեսը
ծածկուեցաւ
կարմրութեամբ,
տհաճութիւնը
կաթում
էր
նորա
մեռած
աչքերից:
Նա
վերջին
ջանքը
գործ
դրեց
իւր
անձը
սառնարիւն
ցոյց
տալու,
որովհետեւ
ձեռնտու
չէր
պատերազմ
յայտնել
բժշկապետին,
նախ,
որ
նա
գիտէր
պ.
Յովնաթանեանցի
բոլոր
ընտանեկան
գաղտնիքը,
եւ
երկրորդ,
որ
պարոնի
ընտանիքը
միշտ
կարօտ
էր
բժշկապետի
այցելութեանը...
–
Ին՛չ
պիտոյ
է
առնել,
–
ասաց
պ.
Յովնաթանեանցը,
մի
փոքր
ուղղուելով,
երբեմն
զանազան
հանգամանք
ստիպում
են
մեզ
այլապէս
ընթանալ,
քան
թէ
ցանկանում
էինք:
–
Մարդը
կորուսանում
է
իւր
արժանաւորութիւնը,
եթէ
կամք
չունի,
եթէ
դադարում
է
նորա
մէջ
ձգտողութիւնը:
Մեր
պարտականութիւնն
է
պատերազմել
հանգամանքների
հետ
եւ
հողի
հետ
չհաւասարուիլ
ամէն
մի
հանգամանքի
առաջեւ,
որպէս
մի
անբան
անասուն
կամ
մի
կոտոր
կապերտ:
–
Ուրեմն
ձեր
վերջին
խօսքն
է
հրաւիրել
իմ
փեսան,
որի
երեսը
ցանկալի
չէր
ինձ
տեսանել:
–
Այո՛,
այդ
է
իմ
վերջին
խօսքը:
–
Համաձայնեցէք,
պարոն
բժշկապետ,
որ
դուք
ձեր
խորհուրդը
տուեցիք
ինձ
շատ
խիստ
խօսքերով:
–
Ճշմարտութիւնը
միշտ
աչք
է
ծակում:
–
Ճշմարտութիւնը
մի
վերացական
բան
է,
որով
ամենայն
մարդ
արդարացնում
է
իւր
գործերը:
–
Այո՛,
եւ
գողերը
եւ
յափշտակողքը
կամին
հաւատացնել
աշխարհին,
թէ
իւրեանց
կողմում
ունէին
ճշմարտութիւնը,
բայց
այդպիսի
դիպուածում
չարաչար
էր
գործ
դրուած
ճշմարտութեան
անունը:
Վերջին
խօսքերը
ասելով
դուրս
գնաց
բժշկապետը,
իւր
արծաթապահի
մէջ
դնելով
մի
տասն
մանէթանոց
թղթարծաթ:
Պ.
Յովնաթանեանցը
մնաց
միայն:
Ժամը
մօտ
էր
տասն
եւ
մինին:
Նա
հնչեցուց
զանգակը
եւ
երեւեցաւ
սպասաւորը:
–
Պօղո՛ս,
–
կանչեց
պարոնը,
–
կոչի՛ր
շուտով
Գրիգորը:
–
Գրիգորը
գլխաւոր
գործակատար
էր
պ.
Յովնաթանեանցի,
եւ
նորա
ձեռքում
էին
բոլոր
գործերի
հաշիւքը:
Շտապելով
ներս
մտաւ
գործակատարը:
–
Ի՛նչ
շինեցիք
գործարանում,
–
հարց
արեց
պ.
Յովնաթանեանցը:
–
Ինչպէս
հրամայել
էիք,
տուեցի
գործաւորներին
հարիւր
քառասուն
փուդ
արճիճ...
–
Սաստիկ
պատուիրեցի՛ր,
որ
ոչ
ովին
բան
չասեն:
–
Այո՛,
ասացի:
Երբ
կ’աւարտէք
գործողութիւնը,
յաւելացուցի,
պարոնը
կպարգեւէ
ձեզ
բաւական
մեծաքանակ
արծաթ
արաղի
համար,
–
պատասխանեց
գործակատարը,
ստրկական
պատկառանքով:
–
Շատ
լաւ,
եթէ
խօսք
դուրս
չգայ
գործաւորներից,
ոչ
ով
ոչինչ
չէ
իմանալու:
Այնքան
կլայեկի
մէջ
հարիւր
քառասուն
փուդ
արճիճը
մի
մեծ
բան
չէ...
ընդունողը
վաղուց
ստացել
է
երկու
հազար
մանէթ...
անտարակոյս,
ընդունելուց
յետոյ
մի
բան
դարձեալ
պիտոյ
է
սեւցնել
նորան:
–
Այո՛,
իմ
պարոն.
բայց
դուք
շատ
լաւ
իմանում
էք
այս
գործերը:
Աշխատաւորքը
գործարանում
անձնատուր
են
մեզ,
ընդունողը
արդէն
յաոաջուց
պատրաստուած...
ոչինչ
երկիւղ
չկայ:
Եթէ
կը
ներէք
համարձակութեանս,
դուք
բաւական
օգուտ
կը
ստանաք
այս
գործողութենից:
–
Հը՛մ,
բաւական
օգուտ,
–
կրկնեց
քթի
տակից
պարոնը,
–
բայց
ի՛նչ
արժէ
ինձ
այդ
օգուտը
եւ
ի՞նչ
է
մնում
նորանից
ինձ
սեփական:
Այս
մինին
բերանը
ծեփիր,
այն
միւսին
ընծայ
տուր...
իսկ
որքա՛ն
դողալ
հարկաւոր
է,
մինչեւ
այդ
բոլորը
ամենայն
ապահովութեամբ
կ’անցանէ
ձեռքից:
Ամենայն
անգամ
ես
գիտեմ,
թէ
ի՛նչ
եմ
կրում.
Դեպարտամենտի
դուռերը
մաշուեցան:
–
Է՛հ,
ձեզ
գիտեն...
–
Գիտեն,
գիտեն,
բայց
առաջին
ժամանակները
չեն
այժմ,
ասես
թէ
իմ
աստղը
վայր
է
ընկել
երկնքից:
Պարտականութիւն
կայ
մեր
վերայ,
պարզելով
այս
խօսակցութիւնքը
մի
փոքր
հասկանալի
կացուցանել
մեր
ընթերցողներին
բանի
խորհուրդը:
Պ.
Յովնաթանեանցը
իւր
վերայ
էր
առած
տէրութենական
հիւանդանոցների
համար
պատրաստել,
չգիտեմ
թէ
որքան
կլայեկեայ
անօթներ
եւ
ամաններ:
Այժմեան
հոգաբարձութեան
խորհուրդը
այն
էր,
որ
հարիւր
քառասուն
փուդ
արճիճ
խառնուի
կլայեկի
մէջ:
Սորա
հետեւանքը
լինելու
էր
այն,
որ
կառավարութիւնը
այդ
արճճի
քանակութիւնը
պիտի
ստանար
որպէս
անգլիական
կլայեկ:
Կարծում
ենք,
թէ
այժմ
կը
հասկանան
մեզ,
մանաւանդ
նոքա,
որ
փոքր
ի
շատէ
գաղափար
ունին
կլայեկի
եւ
արճըճի
արժողութենների
վերայ:
Մինչդեռ
խօսում
էր
պարոնը
իւր
գործակատարի
հետ,
ամենայն
զգուշութեամբ
բացուեցաւ
նախասենեկի
դուռը:
Պ.
Յովնաթանեանցի
առաջեւ
դրած
սեղանի
վերայ
վառւում
էին
երկու
ճրագ,
որ
չէին
լուսաւորում
տան
հեռաւոր
անկիւնը,
ուր
բացուեցաւ
դուռը,
այս
պատճառով
եւս,
դուռը
բացուելուց
յետոյ,
շեմքի
վերայ
երեւեցաւ
միայն
մի
մառախլապատ
կերպարանք:
Այս
կերպարանքը
երկու
քայլ
յառաջ
սողալով
դէպի
խօսողքը,
յետ
գնաց
յանկարծ
երեք
քայլ:
Պ.
Յովնաթանեանցը
չտեսաւ
եւ
չնկատեց
այս
կերպարանքը.
բայց
նորա
պատահական
հայեացքից
դէպի
դռան
կողմը
սարսափեցաւ
կերպարանքը,
եւ
ասես
թէ
յառաջուց
գուշակեց
որոտալու
կայծակները:
Մի
ճնշուած,
խեղճ
ողորմելի
սիրտ
ամենայն
վայրկեան,
հարիւրներով
զարկում
էր
այդ
կերպարանքի
մէջ:
Նորա
սրտի
եւ
հոգու
խռովութիւնը
անցել
էր
չափից,
յուսահատութիւնը
սրտապնդեց
նորան
եւ
նա
յառաջ
եկաւ
ոտքի
մատների
վերայ
երեք
քայլ:
Նորա
այդ
երեք
քայլափոխութիւնը
կատարուեցաւ
հինգ
րոպէում,
յետոյ
սոսկաց
յանկարծ
եւ
մի
վայրկենի
մէջ
այնպէս
սաստիկ
հետ
գնաց
դէպի
դուռը,
որ
անզգուշաբար
զարկելով
եւ
աղաղակ
հանելով,
դարձուց
պարոնի
ուշադրութիւնը
դէպի
այն
կողմը:
–Ո՛վ
է
այդտեղ,
–
գոռաց
պ.
Յովնաթանեանցը
բիրտ
ձայնով:
Այս
հարցմունքից
յետոյ
չէր
կարելի
այլեւս
ծածկուել,
պիտոյ
էր
յառաջ
գալ,
եւ
կերպարանքը,
գլուխը
կախած
ստրուկի
պէս,
մօտեցաւ
սեղանին:
Դա
մի
ծառայ
էր,
որ
չորս
ամիս
ոչինչ
վարձ
չստանալով
եւ
հասած
լինելով
վերջին
տառապանքի
եւ
նեղութեան,
եկել
էր
խնդրել
իւր
անցած
ծառայութեան
վարձը:
–
Ինչո՛ւ
ես
եկել,
–
հարց
արեց
պ.
Յովնաթանեանցը:
–Պարոն,
–
պատասխանեց
ծառան
դողալով,
–
խնդրեմ,
եթէ
կարելի
է,
շնորհեցէք
ինձ
տասն
արծաթ:
–
Ի՛նչ
հաշուով
տասն
արծաթ.
ինչի՛դ
է
հարկաւոր
այդքան
մեծ
գումար...
–
Պարոն,
ես
չորս
ամիս
է,
բան
չեմ
ստացած.
ամիսը
հինգ
մանէթով
արդէն
քսան
մանէթ
պատկանում
է
ինձ.
բայց
ես
չեմ
համարձակւում
այդքան
խնդրել,
առ
ժամս
հերիք
է
տասն
արծաթը:
Խնդրում
եմ,
ոտքերդ
համբուրում
եմ,
մի
մերժէք
ինձ,
ես
աղքատ
տղայ
եմ...
–
Այդ
բոլորը
լաւ,
բայց
ամսական
հինգ
մանէթի
անուն
տուեցիր,
այդ
ի՛նչ
հինգ
մանէթ
է:
–
Իմ
ամսական
ծառայութեան
վարձը:
–
Քեզ
ո՛վ
է
կարգել
հինգ
մանէթ
թոշակ.
քո
պէս
ծառան
դեռ
կերած
հացի
համար
եւս
պիտոյ
է
մի
բան
վճարէ
տիրոջը:
–
Պարոն,
աղաչում
եմ
արդարադատ
եղիք.
միթէ
վատ
ծառայեցի
մինչեւ
այժմ,
կամ
միթէ
այժմ
զանցառու
եղայ
իմ
ծառայական
պարտականութեանը:
Ո՞չ
ապաքէն
դուք
ինքներդ
գովեցիք
ինձ,
մինչ
ես
երկու
միլիոն
կանգուն
տասներկու
կոպեկանոց
կտաւը,
որ
գնել
էի
իմ
ձեռքով,
տուեցի
պաշար
ընդունող
աստիճանաւորին
նշանակած
տասն
եւ
ութ
կոպեկանոցի
տեղ:
–
Կորի՛ր,
անիծած,
դո՛ւրս,
դո՛ւրս,
անզգամ:
Սպասի՛ր,
ես
քեզ
այն
օրը
ձգեմ,
որ
օրական
հացի
կարօտ
դառնաս,
նզովեալ․
Հայ
չե՞ս,
քեզ
մարդ
ասողին
ի՛նչ
ասեմ:
Սորան
նայիր,
ծառայութեանը
նայիր,
պահանջած
վարձին
նայիր...
կորի՛ր,
կորի՛ր,
որ
աչքս
չտեսանէ:
Այլ
բան
չկար,
որ
խոսէր
ողորմելի
ծառան,
ուստի
դուրս
եկաւ,
անիծելով
իւր
ծնած
օրը,
իւր
հայութիւնը,
որովհետեւ
ուրիշ
ամէն
տեղ
անարգուելուց
յետոյ,
հայ
պարոնի
առաջեւ
եւս
անարգւում
էր:
Մի՛
վրդովուիք,
պատուելի
ընթերցողք,
այս
պատկերը
պատկանում
է
պ.
Յովնաթանեանցի
ներքին
ընտանեկան
կեանքին:
Բազմութեան
մէջ
նա
դարձեալ
երեւելի
Հայ
է,
մինը
այն
ազգասէրներից,
որոնք
իւրեանց
ազգասիրութեամբ
այնքան
լցրել
են
օդը,
որ
բոլոր
մարդկութեան
շնչառութիւնը
դժուարացել
է...
Նա
ազգասէր
է.
Աստուած
կեանք
տայ,
Աստուած
հաստատ
պահէ,
որ
ազգը
սիրելով,
կառքերով
ման
գայ,
աշխարհի
վայելչութեններով
թմրի,
արբենայ.
մեզ
Հայերիս
պարծանք
է
եւ
մեր
ազգին
մեծ
օգուտ...
Մի
քանի
րոպէից
յետոյ,
երբ
փոքր
ինչ
հանգստացել
էր
պ.
Յովնաթանեանցը,
պատուիրեց
գործակատարին,
շտեմարանի
պատուհանների
կոտրատուած
ապակիների
տեղ
հաստ
թուղթ
կպցնել,
որ
ընդունող
աստիճանաւորը
չկարողանայ
լաւ
նկատել
պատրաստուած
հազարաւոր
վերարկուների
մահուդի
անպիտանութիւնը:
Այս
եւս
մի
շատ
զգուշաւոր
հոգաբարձութիւն
էր.
վաճառականութիւնը
եւս
ունի
իւր
Մեթերնիկները․․․
Գործակատարը
պատրաստակամութեամբ
յանձն
առաւ
կատարել
իւր
պարոնի
պատուերը
ամենայն
ճշտութեամբ:
–
Մուրհակը,
որ
ստացաք
այսօր,
վաւերացուցա՞ծ
է
օրէնքի
զօրութեամբ,
–
հարց
արեց
պ.
Յովնաթանեանցը:
–
Այո՛,
–
պատասխանեց
գործակատարը
եւ
ձեռքը
տարաւ
դէպի
ծոցը,
որ
հանէ
եւ
ցոյց
տայ:
–
Ներողութի՛ւն,
–
ասաց
նա,
–
ահաւասիկ
մուրհակը,
բայց
այսօր
երեկոյին
մի
նամակ
ստացայ
ձեր
անունով
քաղաքական
սուրհանդակից,
որ
մոռանալով
չմատուցի
մինչեւ
այժմ:
–
Այս
ասելով,
հանեց
գործակատարը
մի
փոքրիկ
ծրար
եւ
տուեց
պ.
Յովնաթանեանցին:
Պարոնը
արձակեց
գործակատարը
եւ
սկսեց
կարդալ
նամակը,
որի
բովանդակութիւնը
այսպէս
էր.
«Ողորմած
պարոն.
Ցաւում
եմ,
որ
ճակատագիրը
դարձեալ
զարկում
է
մեզ
միմեանց.
ցաւում
եմ
մանաւանդ,
որովհետեւ
երբէք
ցանկալի
չէր
ինձ
գործ
ուենալ
ձեր
հետ:
Չգիտեմ,
թէ
ինչ
կամիք
դուք
ինձանից:
Մի
անգամ
ձեր
անզգուշութեան
եւ
դատարկաբանութեան
փոխարէն
ընթերցաք
Հայի
հայրենիքը
[2].
բայց
երեւում
է,
որ
փոքր
էր
ձեզ
այդքանը.
դուք
վերստին
վշտացնում
էք
իմ
այրական
պատիւը
մրոտ
ճանապարհներով,
որ
ես...
բայց
ո՛չ.
ես
չկամիմ
բնաւին
ունենալ
որեւիցէ
յարակցութիւն
մի
այնպիսի
մարդու
հետ,
որին
արհամարհում
եմ
հոգով
եւ
հոգու
բոլոր
զօրութեամբ:
Մի
մոռանաք,
գէթ
այսուհետեւ,
զգուշութեամբ
բերան
առնուլ
իմ
անունը.
դուք
չէք
կարող
ծամել
եւ
կուլ
տալ
նորան,
նա
կփշրէ
ձեր
ժանգոտ
ատամները:
Կարծեմ,
որ
այս
յառաջաբանութիւնը
անհասկանալի
չէ
ձեզ.
բայց
հաստագլուխ
մարդու
հետ
աւելի
պարզախօս
լինել
մեր
պարտականութիւնն
է:
Երբ
եկայ
ես
այս
քաղաքը,
որից
երկար
ժամանակ
հեռացել
էի,
մի
քանի
բարեկամք
ասացին
ինձ,
թէ
քաջափայլ
պարոնի
մինը
ստացել
է
մի
անստորագիր
նամակ,
որպէս
թէ
Աստրախանից,
որի
մէջ
ափեղ
ցփեղ
բաներ
խօսուելուց
յետոյ,
ասւում
է
եղած,
թէ
դուք
հետամուտ
էք
խլել
այդ
պարոնի
պաշտօնը
եւ
այլ
այսպիսի
շատ
բաներ:
Դուք,
իմանալով
այս,
իսկոյն
վճռում
էք,
թէ
պիտոյ
է,
որ
ես
լինեմ
այդ
յիմար
նամակի
հեղինակը,
եւ
այդպէս
հաւատացնելով
այն
պարոնին,
որի
հետ
վաղ
ուրեմն
վերջացուցած
եմ
ամենայն
յարակցութիւն,
բորբոքում
էք
զուր
տեղը
նորա
թշնամութիւնը
դէպի
ինձ:
Թէ
ի՛նչ
է
ձեր
փաստը,
եւ
ի՛նչ
հաստատող
վկայութիւն
այդ
մասին
կարող
էիք
մէջ
բերել,
չգիտեմ,
այլ
այսքան
դրականապէս
ասում
եմ,
որ
ձեր
կողմից
այդպիսի
կարծիք
տալը
իմ
մասին
մեծ
ցածութիւն
է:
Իմ
համար
ոչինչ
է
այդ
պարոնի
բարեկամութիւնը
կամ
թշնամութիւնը,
ըստ
որում
սովորած
չեմ
բարեկամ
լինել
կամ
ոտք
լիզել
օգտի
ակնկալութեամբ,
սակայն
ձեր
ընթացքի
մէջ
տեսանում
եմ
մի
վերին
աստիճանի
տմարդութիւն:
Թողունք
ամենայն
հակառակաբանող
պատճառքը,
այլ
այս
միայն
առնունք
աչքի
տակ,
թէ
դուք
ինչպէ՛ս
կարողացաք
կարծել,
որ
կոմս
էմմանուէլը
կարող
էր
երբեւիցէ
մտածել,
թէ
դուք
կարող
էիք
հասանել
այն
պարոնի
պաշտօնին:
Գուցէ
դուք
ձեր
ծանծաղամտութեամբ
երեւակայում
էք
ձեզ
մի
նշանաւոր
մարդ,
եւ
ձեզ
այդպէս
հաւատացնում
է
ամբոխը
ստորաքարշ
մարդերի,
որոնք
աչքերը
տնկել
էին,
որեւիցէ
կերպով
օգուտ
քաղել
ձեր
հարստութենից,
բայց,
իմ
աչքում
ամենեւին
զանազանութիւն
չունիք
այն
ռամիկներից,
որոնց
վերայ
գոռում
է
ձեր
արծաթը.
արծաթն
եմ
ասում
եւ
ոչ
դուք,
որովհետեւ
արծաթն
է
տալիս
ձեզ
այդպիսի
տմարդի
իրաւունք,
եւ
առանց
այդ
արծաթին,
պիտոյ
է
մինը
լինէիք
այն
ռամիկներից,
եթէ
ոչ
աւելի
վատթար.
ըստ
որում
շատ
ռամիկների
սիրտ
եւ
հոգի
այնքան
ապականուած
չէ,
ինչպէս
ձերը:
Կարծեմ
թէ
ապացուցել
էի
ձեզ
եւ
ձեր
ընկերակիցներին,
թէ
տեղիք
չունիմ
ծակամուտ
ճանապարհներով
գործ
կատարել,
եւ
իմ
ասածը
կամ
գրածը
ունիմ
զօրութիւն
իմ
ստորագրութեամբ
կնքելու,
որին,
եթէ
վերստին
մի
նոր
ապացուցի
տեղ
չկարողանայ
ծառայել
այս
նամակս,
մի
օր,
երբ
թեթեւացած
կը
լինիմ
գործերից,
ցոյց
կը
տամ
ձեզ
ձեր
անձը
Յիշատակարանիս
հայելու
մէջ:
Ուրիշ
կերպ
չեմ
կարող
վերջացնել
նամակս,
եթէ
ոչ
այս
խօսքերով,
թէ
դուք
վշտացնելով
իմ
պատիւը,
պարտական
էք
զղջալ
եւ
քաւութիւն
որոնել,
այլապէս
ուրիշ
տեսակ
հաշիւ
կ’ունենաք
իմ
հետ
եւ
կը
զղջաք
ձեր
յամառութեան
վերայ:
Ողջ
եղիք,
ձեր
անձը
եւ
բարքը
փոխելու,
այլեւ
փոքր
ինչ
խելք
ուսանելու
համար,
իսկ
ես
մնում
եմ
միշտ
պատրաստ,
որքան
կարող
եմ
ձեզ
օգտակար
լինել:
Ձեր
իրաւասութիւնը
մերժող
ԿՈՄՍ
ԷՄՄԱՆՈՒԷԼ»
–
Առ
քեզ
խայտառակութիւն,
–
բացականչեց
պարոնը,
ձեռքը
միմեանց
զարկելով,
–
Не
было
печали,
черти
накачали,
որ
ասում
է
Ռուսը,
շատ
յարմար
է
այս
հանգամանքներին,
որոնց
մէջ
ընկայ...
Ստոյգ
է,
որ
ես,
ասել
եմ
քաջափայլ
պարոնին,
թէ
կոմսն
էր
այն
անստորագիր
նամակի
հեղինակը.
բայց
այդ
իմ
սեփական
կարծիքը
չէր.
ինձ
այդպէս
հաւատացուցել
էին
Մահտեսի
Քուշարը
եւ
նորա
երախտապարտ
սանը:
Բայց
արի
տե՛ս,
որ
ներկայումս,
մահտեսին
բոլորովին
ազատ
է
կոմսի
յարձակմունքից,
որ
ուղղւում
է
միայն
իմ
ընդդէմ:
Ինչպէս
առնել,
որ
մի
կերպ
վերջացնէինք
այս
բանը...
ինչ
յիմար
մտածութիւնք.
Կոմսը
ո՛վ
է,
որ
Յովնաթանեանցը
երկիւղ
կրէ
նորանից.
ի՛նչ
պիտոյ
է
առնէ,
որի՞ն
է
վախեցնում:
Ես
այսուհետեւ
աւելի
զայրացած
կխօսիմ
նորա
վերայ,
եւ
պատահած
տեղը
կ’աշխատեմ
իսպառ
խայտառակել
նորա
ե՛ւ
անունը,
ե՛ւ
անձը:
Լաւ,
ապա
եթէ
այդ
նզովեալը
վեր
կենայ,
եւ
ինձ
եւս,
ինչպէս
Բէգզադէին
[3]
մատին
փաթեթ
շինէ
եւ
աշխարհին
խայտառակէ:
Դնենք,
թէ
ես
չունիմ
այնպիսի
գործեր,
որ
կարողանային
երկիւղ
կրել
կոմսի
յարձակմունքից.
բայց
ընտանի՛քս
ինչ
առնեմ...
որ
կարող
է
ծառայել
կոմսին
առատ
շտեմարանի
տեղ...
Այս
մտածութիւնքը
ընդհատուեցան
տիկին
Յովնաթանեանցի
ներս
մտանելով
մեր
պարոնի
առանձնարանը:
Յովնաթանեանցը,
բոլորովին
ամբոխուած,
ծածկեց
նամակը,
որովհետեւ
սովոր
էր
նա
մեծ
մարդ
ցոյց
տալ
իւրեան,
մանաւանդ
իւր
ընտանիքի
առաջեւ:
Այսպիսի
խայտառակող
մի
նամակ
կարող
էր
ցածացնել
պ.
Յովնաթանեանցի
պատիւը
նորա
ընտանիքի
աչքում:
–
Առաւօտը
ես
գնում
եմ
ամառանոց,
–
ասաց
տիկինը,
–
արդէն
ժամանակ
է.
համարեա
թէ
ամբողջ
քաղաքը
բնակւում
է
այժմ
ամառանոցում,
իսկ
մենք
փտում
ենք
այստեղ:
Ամենայն
պատրաստութիւն
տեսել
եմ.
կահ
կարասիք
բարձուած
են
սայլերի
վերայ:
Դուք
էգուց
ձեր
գործերի
աւարտելուց
յետոյ,
5
ժամուն
կը
գաք
ամառանոց
ճաշելու,
–
յաւելացուց
տիկինը:
–
Ինչպէս
կարելի
է,
–
պատասխանեց
պ.
Յովնաթանեանցը.
–
Նախ
որ
ես
դեռ
որոշած
չէի
գնալու
օրը,
երկրորդ,
գործերս
դեռ
չեմ
աւարտել,
երրորդ,
դստերս
հիւանդութիւնը...
–
Առաջինը,
–
կտրեց
խօսքը
տիկին
Յովնաթանեանցը
շտապ
խօսելով,
–
ընտանեկան
բաների
մէջ
ներգործական
է
իմ
ձայնը
եւ
վճիռը.
երկրորդ,
ձեր
գործերը
վերջ
չունին.
երրորդ,
մեր
դուստրը
ամառանոցում
աւելի
հնար
կ’ունենայ
իւր
ցաւին
դարման
տանելու...
ես
վճռել
եմ
եւ
վերջացուցել
եմ.
էգուց
գնում
եմ,
կամի՛ս,
եկ,
չկամիս`
ինչպէս
գիտես:
Տիկին
Յովնաթանեանցի
ցաւը
չէր,
որ
մի
երկու
օր
յետոյ
տեղափոխուէին
դէպի
ամառանոց,
բայց
տիկինը
այդ
օրում
ժամադրել
էր
ամառանոցում
մի
տեսութիւն...
Վերջին,
վճռական
խօսքերը
ասելուց
յետոյ,
դուրս
գնաց
տիկինը:
Ցաւալի
էր
նայել
պ.
Յովնաթանեանցի
վերայ.
նա
մեռած
էր,
քան
թէ
կենդանի:
Երկար
ժամանակ
սենեկի
մէջ,
դէպի
այս
եւ
այն
կողմը
ման
գալուց
յետոյ,
մտաւ
անկողին,
որոշելով
իւր
մտքում,
առաւօտուն
գնալ
կոմսի
մօտ
եւ
բանը
մի
կերպ
վերջացնել
խաղաղութեամբ:
Այդ
գիշերը
անցուց
նա
մի
ջերմախտական
վիճակի
մէջ,
երբեմն
մի
բարակ
դող
եւ
երբեմն
ջերմութիւն
խաղում
էին
նորա
մարմնի
մակերեւոյթի
վերայ.
վերջապէս
քուն
եղաւ...
քուն
եղաւ,
բայց
նորա
աչքին,
երազում,
երեւեցան
կոմս
էմմանուէլը
եւ
Բեգզադէն:
[1]
Բանասիրական
ամսագիր,
որ
հրատարակւում
էր
Մոսկուայում
Մսեր
Մագիստրոս
Մսերեանցի
եւ
նրա
որդի
Զարմայր
Մսերեանցի
կողմից
1858–1862
թթ.
ընքացքում:
Պահպանողական
մի
օրգան,
որ
առաջին
իսկ
օրից
ծայրայեղ
թշնամական
դիրք
բռնեց
«Հիւսիսաայլի»
հանդէպ:
[2]
Մ.
Նալբանդեանի
բանաստեղծութիւններից
է:
[3]
Բեկզադեն.
կերտուած
է
նաեւ
«Յիշատակարանում
»:
Նա
գիշատիչ
բուրժուայի
տիպ
է
․
ղեկավարուելով
«Մարդը
մարդուն
գայլ
»
ցինիկ
նշանաբանով,
կատարում
է
խարդախութիւններ,
խաբեբայութիւններ,
ստորութիւններ
եւ
այլն: