Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ.

Յունիսի 24-ից սկսած՝ ամբողջ երեք օր, անձրեւը գետի նման թափւում էր երկնքից՝ առանց մի րոպէ դադարելու: Այս առատութիւնը անձրեւի պատճառ էր տուել մեր գիւղի շինականներին՝ հրատարակել նանրահաւատութենից յառաջացած մի առասպել, թէ կայծակից զարկուած ու մեռած կին լուացել են անձրեւի տակ այդ կնոջ անզգոյշ մերձաւորքը, եւ թէ այդ պատճառով վեց շաբաթ շարունակ անձրեւը հեղեղելու էր մեր արտերը: Մի քանի այլ շինականների բերանից լսւում էր մի այլ առասպել, որով մխիթարւում էին նոքա, որ չկամէին անձրեւի տեւողութիւնը, թէ կղմինտր եւ աղիւս շինողները, որովհետեւ մեծ վնաս ունէին անձրեւից, կենդանի կենդանի թաղել են մի հորթ, որ կտրուի անձրեւը, որպէսզի հնար ստանան իւրեանց կղմինտրները եւ աղիւսները չորացնելու: Չգիտեմ՝ կը հասկանա՞ն արդեօք այն մարդիկը, որոնց ձեռքը ընկնելու էր մի օր իմ տխուր Յիշատակարանը՝ իմ անմխիթար միայնութեան արդիւնքը, թէ ինչ յարաբերութիւն կայ անձրեւի եւ մեռած կնոջ կամ թէ մի կենդանի թաղուած հորթի մէջ։ Ես ինքս չեմ հասկանում, միայն գրում եմ այն, ինչ որ կայ շինականների մէջ եւ ինչ որ նոցա կենդանի լեզուովը լսում եմ նոցանից: Աւանդութիւնը ասում է. «Եթէ կայծակից մեռած կնոջ մարմինը լուացուի անձրեւի տակ, ապա կը շարունակուի այդ անձրեւը վեց շաբաթ, իսկ այդպիսի անձրեւային եղանակի մէջ, եթէ վեր առնուի մի հորթ եւ ողջ ողջ թաղուի գետնի մէջ, այնուհետեւ անձրեւը կը կտրուի քառասուն օր»: Ինչպէս եւ էր այդ բանը, ստոյգը այս է, որ անձրեւը անդադար թափւում էր, եւ ես նստած իմ սենեկի մէջ միայնակ, նայում էի պատուհանիցս դէպի դուրս: Աչքս ոչինչ այլ բան չէր տեսանում, բացի պատառուող պղպջակներից, որ լողում էին լճացած անձրեւաջրի երեսին:

Արեւը մայրն էր մտել արդէն։ Որոտմունքը դղրդում էին ոչ թէ միայն երկնակամարի օդը, այլեւ իմ ողորմելի պատուհաններիս ապակիքը, որ ներկել էր ժամանակը ծիրանի գօտու գոյներով: Ահագին փայլակները մութ ու թանձր ամպերի մէջ փայլատակելու ժամանակ թւում էր, թէ պատառւում է երկինքը, իսկ փայլակների լոյսը ներկում էին ամենայն բան երբեմն մորագոյն եւ երբեմն ծծմբագոյն: Անձրեւի կատաղութիւնը, որոտմունքի թնդիւնը, փայլակի լոյսը, մրրկի սուլելը եւ ծառերի հպատակօրէն խոնարհելը նորա բռնութեան տակ, բիւր տեսակ սօսափիւնք պատճառելով իւրեանց տերեւներով ու ճիւղերով, այս բոլորը միացած, կազմում էին մի ահարկու եւ տխուր ներդաշնակութիւն, եւ յառաջացնում էին մարդու մէջ մի այնպիսի անախորժ զգացողութիւն, որ ասէիր, թէ ահա ամենայն ինչ վերջացած էր նորա եւ աշխարհի մէջ, թէ մի սատակիչ շանթ կարող էր իսկոյն չքացնել նորան, եւ այնուհետեւ զուր էր ծագելու գեղեցիկ եւ խաղաղ առաւօտը նորա լուռ ու մունջ գերեզմանի վերայ:

Այս անախորժ վիճակի մէջ անցուցել էի ահա երեք օր եւ երեք կիսով չափ անքուն գիշերներ, եւ այդ միջոցին, երբ սկսում եմ իմ պատմութիւնը, գտանւում էի պատուհանիս մօտ մի տաղտկալի միայնութեան մէջ, որ շարունակւում էր երրորդ օրից սկսած: Յանկարծ ի՛նչ տեսանեմ. մի մարդ, փաթաթուած իւր վերարկուի մէջ, այս սաստիկ անձրեւի տակով վազում է դէպի իմ տան կողմը: Ես ամենեւին չկարծեցի, թէ իմ մօտ է գալիս, որովհետեւ ոչ ոքի չէի սպասում, եւ իմ ծանօթքը այնքան խելք ունէին, որ այսպիսի եղանակում ոտք դուրս չէին դնելու շեմքից: Մտածեցի, թէ այդ մարդը գալիս է իմ դրացու տուն, կամ գուցէ ինքը դրացիս է, որ վերադառնում էր դէպի տուն՝ մի շատ հարկաւոր ընտանեկան գործի համար դուրս գնացած լինելով: Օրի մռայլոտ մթութիւնը, այդ մարդու թրջուած հալաւները, որոնց վերայից ամենայն գոյն կորել էր, անհնարին էին կացուցանում ստուգապէս ճանաչել այդ մարդը: Վերջապէս լսում եմ՝ դուռիս զանգակը զարկեցին… Ծառաս գնաց դէպի դուռը եւ մի քանի վայրկեան ուշացաւ: Լսում եմ մի խօսակցութեան անորոշ ձայն, բայց բան չեմ հասկանում։ Վերջապէս ներս մտաւ ծառաս եւ յայտնեց, թէ մի մարդ կամենում էր տեսանել ինձ՝ յաւելացնելով, թէ որովհետեւ առաջին անգամ տեսանում էր այդ մարդը, վասնորոյ եւ չէր կարողացել ճանաչել նորան: Իսկոյն հասկացայ, որ հիւրը մի քաղաքավարի մարդ պիտոյ է լինի, որովհետեւ, առանց իւր անունը եւ ո՛վ լինելը ծառայիս յայտնելու, հրամայել էր նորան յայտնել ինձ իւր ցանկութիւնը: Ինչեւիցէ, հրամայեցի ծառայիս ընդունել նորան. նախասենեակի եւ առանձնարանիս դուռերը բացուեցան եւ փակուեցան, եւ ներս մտաւ պ. Բէգզադէն՝ թրջուած միանգամայն մինչեւ ոսկրը: Ջուրը թափւում էր զգեստներից աղբիւրի նման։ Նա հանեց բոլորովին ջուր կտրած գլխարկը եւ ամենայն քաղաքավարութեամբ սկսեց թօթափել նորան առանձնարանիս մէջ։ Ես նայում եմ նորա վերայ, նա երկար ժամանակ չէր եկած իմ մօտ, եւ այդ էր պատճառը, որ ծառաս չէր ճանաչում, որովհետեւ նոր էի բռնել սորան: Ողջոյն եւս չտուած՝ դրեց նա թաց գլխարկը աթոռի վերայ, հանեց վերարկուն, որից ամենայն առատութեամբ թափւում էր ջուրը, նոյնպէս թօթափեց եւ գուցէ կը ձգէր եւս աթոռի վերայ, եթէ ծառաս յառաջամատոյց չխնդրէր ինքեան տալ:

Երբ որ բաւական սրսրկել էր առանձնարանս անձրեւի ջրով, ձեռքերը տրորելով՝ մօտեցաւ ինձ, եւ մեր մէջ բացուեցաւ մի այսպիսի խօսակցութիւն՝ առանց ողջունի.

Մեր տղա՛յ, ոչինչ բանից տեղեկութիւն չունիս, դուրսը բոլորովին ջրհեղեղ է, իսկ դու հանգիստ նստել ես տանդ:

Է՛հ, քեզ ո՞վ է ասել, որ այսպիսի անախորժ եղանակում ոտքդ դուրս դնես տանից։ Ես, ահա ինչպէս տեսանում ես, երեք օր է, որ փակուել եմ տանս, որովհետեւ ոչինչ հնար չկայ դուրս գնալու:

Ո՛վ գիտէ՝ դարձեալ ինչ բանով ես պարապած. դու զուր տեղը երեք օր տանը չես նստում. երեւի թէ հարստացնում ես Յիշատակարանդ: Լա՛ւ նայիր, հա, չլինի, թէ այս իմ օտարոտի այցելութիւնը եւս նիւթ դառնայ քո Յիշատակարանիդ։ Ես գիտե՞ս ինչպէս մարդ եմ… Ես ուրիշների նման չեմ… Երեք հազար մանէթ ջուրը կը դնեմ, որ քո Յիշատակարանդ արեւ չտեսանէ… Ինձ Բէգզադէ են ասում:

Թող եւ Շահզադէ լինէիր դու, այնուամենայնիւ, այդ քո մականունը ոչինչ բան չունի իմ Յիշատակարանի հետ. ոչինչ մարդու ծառայ չէ իմ Յիշատակարանը, ես նորան չեմ տպում, օտարի չեմ ցոյց տալիս, ունիմ երկու հարիւր ութսուն բարեկամ, միայն նոքա են տեսանում: Եւ այն մարդը կամ այն անցքը կ’ընկնի Յիշատակարանիս մէջ, որ արժանի էր յատուկ ուշադրութեան լաւ կամ վատ կողմից, եւ քո պէս մարդը պէտք է ուրախանայ եւ շնորհակալութիւն մատուցանէ ինձ, եթէ արժանացել էր մի երկու թերթ տեղ ստանալու Յիշատակարանիս մէջ: Եթէ դու աւելորդ արծաթ ունիս, քեզ մի բարի խորհուրդ տամ։ Մեր գեղի մէջ չկայ աղջիկների ուսումնարան։ Դու այդ քո աւելորդ արծաթը գործ դիր գոնէ առ ժամս, մի փոքրիկ ուսումնարան բաց, ուր թող ուսանին աղջիկ զաւակները մեր ազգի՝ կրթուած եւ դաստիարակուած մայր դառնալու համար ապագայումը. այդ շատ օգտակար գործ է, եւ ես այն ժամանակ կը փառաւորեմ քո անունը Յիշատակարանիս մէջ, հաւատա՛ ինձ, Պարսից Շահի հրովարտակի նման ոսկի տառերով կը գրեմ անունդ:

Ինչե՞ր ես խօսում. ի՞նչ բանի համար ջուրը ձգեմ այդքան արծաթ, ես դուստր չունիմ, իսկ օտարի զաւակների վերայ ես հոգաբարձո՞ւ եմ, ինչ եմ: Ի՞նչ պարտական եմ ես ազգին, ամենայն ծնող թող հոգս առնէ, եթէ կամի, իւր զաւակի դաստիարակութեան վերայ։ Դու կամիս, որ ծիծաղեն իմ վերայ եւ ասեն դեռեւս հասարակաց առածը, թէ «խելագարի հացը խելօքի փորը»։ Շատ շնորհակալ եմ խրատիցդ:

Եղբա՛յր, եթէ դու աւելորդ կարողութիւն ունիս, որ քո ապրուստի համար հարկաւոր չէր, եւ եթէ մի այդպիսի արծաթագլուխ յօժարում ես զուր տեղը չքացնել Յիշատակարանիս արեւ ցոյց չտալու համար, մի՞թէ պարծանք չէր քեզ եւ քո բոլոր գերդաստանին այդ ուսումնարանը, որ միշտ եւ հանապազ կրելու էր քո անունը, եւ ապագայումը շատ մայրեր աղօթք կ’առնէին քո հոգու համար, շատ երեխայք, առաջին անգամ խօսել սկսանելով, սիրով կը սովորէին արտաբերել քո անունը: Դու ասում ես, թէ «դուստր չունիս եւ թէ ոչինչ պարտական չէիր ազգին, թէ դու ուրիշի զաւակների հոգաբարձուն չէիր»: Մի՞թէ մի մարդ մի բարի գործ կատարում է նորա համար, որ պարտական էր, եւ ի՞նչպէս կարելի էր այնուհետեւ բարեգործութիւն անուանել այդ, եթէ նա, կատարելով որեւիցէ գործողութիւն, վճարել էր իւր պարտքը, եթէ Աստուած օրհնել է քեզ հարստութեամբ, ինչու դու մասնակից չառնես այդ բարութեան մի ուրիշը, որ զուրկ էր նորանից։ Մի՞թէ Քրիստոսը պարտական էր մարդկութեանը իւր անմեղ արիւնը, որ քամեց Գողգոթայի վերայ՝ մարդկութեան կեղտը լուանալու համար: Դու ասում ես, թէ չունէիր դուստր. մի՞թէ մարդը պիտոյ է այն բանը առնէ միայն, որից օգուտ էր յառաջանում իւր ընտանիքի եւ իւր համար յատկապէս։ Եթէ դու ստացած լինէիր Աստուծուց դուստր եւ դաստիարակած նորան, նա պիտոյ է ապագայումը օրհնէր քո յիշատակը եւ աղօթէր քո գերեզմանի վերայ, իսկ եթէ դու խնամ տանէիր եւ դաստիարակէիր ուրիշ մարդերի դստերքը, որ, աղքատ ծնողների զաւակ լինելով, մնալու էին կոպիտ հասկացողութեան մէջ, մի՞թէ այդ կրթուած եւ դաստիարակուած օրիորդքը հայհոյելու էին քո անունը, ո՞չ ապաքէն ամեն մինը նոցանից երախտագիտական արտասուքով պատուելու էին քո գերեզմանի հանգիստը: Դու ասում ես, թէ «հոգաբարձու չէիր ուրիշի զաւակներին». մի՞թէ դատապարտուելու չէր մի մարդ, որ, թէեւ հոգաբարձու չէր մի այլ մարդու վերայ, այլ, այնուամենայնիւ, տեսանելով, որ մի այդպիսի մարդ մօտենում է մի անդունդի բերանի եւ պիտոյ է կործանուի նորա մէջ, եւ նա, տեսանելով եւ հնար ունենալով փրկել նորան, գործ չէր դնում իւր հնարը, եւ այն խեղճը կորչում էր այնպէս զուր տեղը: Մեք ամենքս մի ազգի որդիք ենք, մեր հայրը Հայկն է, եւ մեք բոլորս՝ մի գերդաստանի անդամ։ Ամօ՞թ չէ այդպիսի գերդաստանի որեւիցէ անդամին, պաշտելով իւր սեպհական անձնասիրութիւնը, անհոգանալ ընտանիքի լաւութեան մասին, ամօթ չէ՞, ասում եմ, միեւնոյն ընտանիքի մէջ որոշել իմ եւ քոն: Դու լսի՛ր ինձ, Պ. Բէգզադէ, եթէ ունիս կարողութիւն, արի գործ դիր նորան, բարի օրինակ դարձիր մեր միւս կարող եղբայրակիցներին, ջերմացո՛ւր քո կրակով եւ նոցա սիրտը մեր անտէր ազգի վերայ եւ հաւատա՛, որ շնորհակալ կը լինիս յետոյ ինձանից մինչ կը վայելես պտուղը այն ծառի, որ իմ խորհրդով տնկել էիր:

Քո քարոզը մեծ պասից երկայն էր։ Ես արծաթ եմ վաստակել՝ քրտինք թափելով, եւ կը ծախեմ նորան իմ բաւականութեան համար միայն եւ, եթէ սիրտս տայ, երեք հազար մանէթ երեք կոպէկի նման կը չքացնեմ՝ քո Յիշատակարանդ չքացնելու համար. ինձ Բէգզադէ են ասում…

Եթէ այդպէս է, եթէ բարի խորհրդի ընդդէմ ականջդ խցում ես իժ օձի նման, եթէ այդ քո հարստութիւնը պահում ես ձեռքումդ, որ չարութիւնք յառաջացնես նորանով, ուրեմն գնա, այդ երեք հազար մանէթը մածունի տուր, երեսդ քսիր, գո՛նէ այդ օգտակար եւս կը լինի, որովհետեւ ի բնէ շատ սպիտակ չես, բայց երբ այս ամառնային ջերմութիւնքը սկսանում են, ասես թէ եթովպացի ես դառնում: Ո՞վ է թքում քո հարստութեան վերայ եւ ապացուցանելու համար, թէ դու ոչինչ վնաս չէիր կարող տալ ինձ քո արծաթովը, անպատճառ կ’ընկնես Յիշատակարանիս մէջ:

Մեծ մեծ մի՛ խօսիր… Ինձ Բէգզադէ են ասում…

Ասացի քեզ միանգամ, թէ կամիս Շահզադէ ասեն, ինձ ինչ փոյթ: Իմ Յիշատակարանիս ընթերցող երկու հարիւր ութսուն բարեկամքս կարող են զարմանալ, թէ այս ի՛նչ տեսակ խօսակցութիւն է: Պատճառն այն է, որ վաղուց ճանաչում ենք միմեանց, եւ Պ. Բէգզադէն այնքան վատ մարդ չէ, թէեւ մի փոքր յիմար է. նա այսպէս խօսում է այն ժամանակ միայն, եթէ մի փոքր աւելի փախել էր անիծած արաղը:

Կատակը միւս կողմ դնենք, ասաց Պ. Բէգզադէն (որպէս թէ իմ մինչեւ այժմ խօսածը կատակ էր), ես գործի եմ եկել եւ շատ հարկաւոր գործի: Տեսանո՞ւմ ես՝ այս սաստիկ անձրեւը եւս արգելառիթ չէ եղել իմ գալուն…

Ասա՛, ես լսում եմ քեզ:

Լսելով բան չէ դառնում, դու մի Էֆիմերդէն առնուս ձեռքդ, մի սարսափելի երազ եմ տեսել…

Ես Էֆիմերդէ չունիմ։ Ա՞յդ է քո շատ հարկաւոր գործը, խելքիդ աղ առնեմ. ո՛վ մարդ, տարիքդ քառասունից անցել են, քո խելքդ ե՞րբ է գալու։ Դիցուք թէ փորդ պատառենք, միջումը այբ չկայ, բայց եւ խելապատակիդ մէջ հաւի խելք չկայ. ինչ յիմար բաներ ես ասում, Էֆիմերդէս ո՞րն է…

Նոր նոր հաւեր են դուրս եկել, երկաթի ձուեր են ածում. մինչեւ այժմ խելօքները, գիտնականները, կարդացողները, քահանայ ասես, վարդապետ ասես, եպիսկոպոս ասես, հաւատացել են եւ գործ են ածել Էֆիմերդէն, սա չէ հաւատում եւ չէ ընդունում։ Տէ՛ր Աստուած, յետոյ ասում ենք, թէ Աստուած բարկանում է մեր վերայ, ի՛նչպէս չբարկանայ, երբ աշխարհը տակ ու վերեւ են բերում այսպիսի թերահաւատ մարդիկ: Դուք բոլորովին դարձել էք Լօթեռ ասեմ, Ֆարմասօն ասեմ, Չիք յարութիւն դաւանող ասեմ, Աստուած ազատէ:

Մեզ օրինակ չեն քո յիշած մարդիկը, որ Էֆիմերդէն բան ու գործ էին շինել իւրեանց համար: Աստուած մեզ խելք ու բանականութիւն է տուել, մեք քո հետ ո՛չ երեխայ ենք եւ ո՛չ խելացնոր պառաւ, որ ամօթ չլինէր հաւատալ այդպիսի բաների: Եւ եթէ Աստուած բարկանում է, դորա պատճառը մեք չենք՝ Էֆիմերդէ չընդունողներս, այլ նոքա, որ ընդունում են, ինքեանք իւրեանց տգիտութեամբ մոլորւում են, յետոյ պատճառ են դառնում եւ ուրիշների մոլորութեանը: Էֆիմերդէ ասած բանը Սուրբ գի՞րք է, ի՞նչ է, որ եթէ մի մարդ չհաւատար դորան, Աստուած պիտոյ է բարկանար մի այդպիսի մարդու վերայ։ Ձեր փոյթը չէ ամենեւին, եթէ մի մարդ չէր պահում Աստուծոյ պատուէրները, որ Աւետարանի մէջ քարոզւում են Քրիստոսի բերանով, եւ չկամիք մտածել, թէ այդ բանի համար իսկապէս կարող էր Աստուած բարկանալ, որովհետեւ դուք ձեր յիմար աւանդութենների համար անտես էիք առնում Աստուծոյ բանը: Ձեզանից շատերի տանը գտանւում է Էֆիմերդէ, բայց Սուրբ գիրք՝ շատ սակաւ։ Աչքերդ ձգեցէք, չասեմ այլ քրիստոնեաների, այլ անքրիստոնեայ ազգերի վերայ։ Մի մարդ կը գտանե՞ս հրէաներից, որ չունենայ իւր տանը Հին Կտակարանը, կամ մի մօհամեդական, որ չունենայ Կուրանը։ Ինչո՞ւ համար. նորա համար, որ նոցա կրօնի աղբիւրքը գտանւում են այդ գրքերի մէջ, իսկ մեր Պ. Բէգզադէները Էֆիմերդէ են որոնում: Դու ասում ես, թէ մեք թերահաւատ էինք։ Ողորմելի մարդ, ի՞նչ է մեր թերահաւատութիւնը, արդեօք ա՞յն, որ, ճիշդ ընդունելով Սուրբ գիրքը, չէինք ընդունում Էֆիմերդէն կամ ուրիշ այդպիսի յիմարաբանութիւնք, եւ ա՞յդ էր պատճառը, որ ձեր պէս խելօքների բերանով անուանւում էինք Լօթեռ ու Ֆարմասօն։ Գիտե՞ս դու, թէ ինչ ասել է Լօթեռ կամ Ֆարմասօն…

Կարծում ես, թէ երեխայի հե՞տ ես խօսում, որ հարցանում ես, թէ ի՞նչ ասել է Լօթեռ կամ Ֆարմասօն…

Ուրեմն գիտե՛ս:

Անտարակո՛յս:

Ապա ասա՛, ի՞նչ ասել է:

Անհաւատ, հերետիկոս, հերձուածող, անաստուած, դժոխքի բաժին, Չիք յարութիւն դաւանող, Մուտ եւ տես…

Հերիք է, հերիք է, ցոյց տուեցիր խելքիդ տակը, հասկացայ եւ ժամանակ չունիմ քո հետ գլուխ դնելու, գլուխս ցաւում է: Դու խնդրում ես, որ ես Էֆիմերդէ բանամ քո համար եւ այդ պատճառով եւս եկած ես իմ մօտ, այնպէս չէ՞:

Ամենեւին այդպէս:

Ես Էֆիմերդէ չունիմ, ուրեմն եւ չեմ կարող կատարել քո փափագը, երկու խօսք պակաս խօսելու համար, վատ չէր լինելու, եթէ թողուիր ինձ միայն:

Ի՛նչ է ասում այս մարդը։ Է՜յ, բարկացար, ինչ է, մեր տղա՛յ, եւ եթէ բարկացար, ո՛վ է վախենում քեզանից, ես դեռ երազս պիտի պատմեմ քեզ… Ինձ Բէգզադէ են ասում… Լաւ նայիր, հա՛…

Գլխիդ դիպչի քո Բէգզադէութիւնը։ Ի սէր Աստուծոյ, ձեռք վեր առ ինձանից. ականջներս ցաւում են, չեմ կարող լսել…

Եթէ միայն լսելով քո ականջն է ցաւում, ի՞նչ առնէ ապա այն մարդը, որի փորի մէջ մտել է…

Խելքդ գլխի՞դ է, թէ ոչ. ի՛նչ մարդ, ի՛նչ փոր:

Իհարկէ, չգիտես, բայց դու հարցուր մի ինձանից, Աստուած հեռի արասցէ, խեղճ մարդը կարո՞ղ է միթէ մարսել. ընկել է վերին աստիճանի կատաղութեան մէջ: Յետոյ ասում են, թէ մարդ կատաղում է։ Ակամայ կը կատաղիս, եթէ այդպիսի կրակ ունենաս փորիդ մէջ:

Ես չեմ հասկանում քեզ, կարծեմ, դու խելքդ թռցրել ես: Եւ, յիրաւի, մեծ երկիւղի մէջ էի, թէ մի՛գուցէ Պ. Բէգզադէն խելագարուած լինի. մի այնպիսի ջերմութեամբ խօսում էր նա իմ հետ, որպէս թէ ես էի այն մարդու փորը կրակ ձգողը:

Լսի՛ր, աղաղակեց Պ. Բէգզադէն՝ աջ ձեռքը դէպի յառաջ պարզելով օդի մէջ, այսօր քնած էի ճաշից յետոյ, բայց, երկիւղ կրելով, որ մի՛գուցէ անձրեւային եղանակի խոնաւութենից ոսկրացաւս նորոգուի, կրկնապատկեցի արաղով շինած դէքոքտիս չափը յառաջ, քան թէ քնել էի, եւ ահա քունս տարաւ: Տեսանում եմ երազիս մէջ, որ աշխարհի ժամանակը յետ է գնացել քանի հազար տարիներով։ Թւում է ինձ, թէ գտանւում եմ Յունաստանի մէջ… Մի սարի վերայ… Յետոյ ինքս ինձ գտայ յունական աստուածների Ոլիմպոսի վերայ: Մի փոքր ժամանակից յետոյ լսում եմ որոտմունք, թնդիւն, եւ ահա Արամազդը երեւում է իւր գահի վերայ լուսափայլ ամպերի քամակից: Ամպերը կամաց կամաց ցրուեցան, եւ տեսանում եմ դարձեալ Արամազդը, բայց մարդու միսը վերան փուշ փուշ է լինում՝ Արամազդի երեսը տեսանելով: Գոռում է, աղաղակում է նա, բայց, ինչպէս տեսանում եմ, կռիւը Աթենասի հետ է:

Իմ շանթե՛րը, գոռում է Արամազդը, ո՞ւր են իմ շանթերը:

Աթենասը շնորհալի կերպով, քաղցր ժպիտը շրթունքների վերայ՝ պատասխանում է.

Հայրի՛կ…

Իմ շանթե՛րը, որոտում է Արամազդը:

Քո շանթերը հասած են իւրեանց նպատակին, ասում է Աթենասը:

Ի՛նչպէս:

Ի՛նչ բանի համար պահում ես դու այդ շանթերը, ո՞չ ապաքէն չարագործ մարդիկ պատժելու համար:

Այո՛:

Ես պատահեցայ ի չարագործի, որ վերատեսուչ էր Հնդկական Բրամինների, որ անարգում էր հրապարակով քո դուստրը, որ մահու չափ հալածում էր ինձ: Ես գործ դրեցի այն բոլոր շնորհքը, որ, քո ուղեղից ծնանելով, ստացել էի, բայց երբ տեսայ, որ կամակոր է դարձեալ եւ կամի իմ հետ պատերազմ բանալ, եկայ Ոլիմպոս: Դուք լսում էիք այն միջոցին Աստղկի հաճոյախօսութիւնքը: Յանկարծ ականջիս հասաւ սորա բարեխօսութիւնը այն սեւահոգի, սեւագլուխ եւ սեւադէմ չարագործի մասին, որ միշտ զոհ էր բերում Աստղկին եւ բուրվառ էր ձգում նորա որդուն… Չդիմացայ այս անարգութեանը եւ խլելով այն բոլոր շանթերը, որ Կիկլոպները պատրաստել էին մի ամբողջ ամսի համար, հասայ այն չարագործ Բրամինապետին, մինչ նա մի հարուստ եւ ազնուական հնդկացու մօտ հիւր էր գնացած: Ներս մտայ այնտեղ իմ սպասաւորի կերպարանքով, շանթերդ պահել էի վահանիս տակ, որ անտեսանելի էր նորան, եւ դարձեալ լսելով նորա յիմար ընդդիմախօսութիւնքը՝ արձակեցի, Հա՛յր, քո շանթերը, որ այժմ նորա փորի մէջ պատճառում են այնպիսի հրայրեացք, որպիսի չէր պատճառել յունական բանակի հուրը Ագամեմնոնի կառավարութեամբ բացուած Տրոյայի վերայ:

Ի՛նչ մարդ է այդ, Ճակատագի՛ր, որոտաց աստուածների հայրը. հանդէս եկ եւ համար տուր ինձ, ո՞վ է այդ մարդը, եւ ի՞նչ ես գրել դորա ճակատի վերայ:

Երեւեցաւ Ճակատագիրը եւ, գլուխ տալով Արամազդին, սկսեց իւր յայտարարութիւնը այսպէս․

Գիրսաս է այդ Բրամինապետի անունը, ճանաչում եմ մօրը, բայց հօր անունը չկայ մեր մատեանների մէջ. այդ մասին պիտոյ է հարցանել փրփրածին Աստղկից… Մի մարդ տիրութիւն էր առնում նորան երեխայ ժամանակին. կարծիք կար այդ մարդու եւ երեխայի վերայ, որ դոքա ունենային մի հայր որդիական առնչութիւն, թէեւ այդ մարդը ցոյց էր տալիս իւրեան որպէս լոկ բարերար… Այդ բարերար անուանուածը աշակերտ տուեց Գիրսասը մի Բրամինի մօտ։ Երկար ժամանակ մնաց այնտեղ մի մեհենում, որ ոչ շատ հեռի մի կատաղի գետից, գտանւում է մի ձորի մէջ: Մի փոքր իւր անունը ազգի մէջ տարածելու համար եւ յիմար ու կարճատես մարդերի աչքը ներկելու համար աշակերտներ հաւաքեց այստեղից եւ այնտեղից, բայց որովհետեւ ինքը ոչինչ չգիտէր, վասնորոյ եւ աշակերտքը եւս կատարելապէս նմանեցան իւրեանց վարդապետին: Շատ հրաշագործութիւնք պատմում էին նորա կողմնակիցքը, որպէս թէ խոր գիշերի մէջ, նորա մեհենի մօտ կամ դպրոցի մէջ Աստղիկ էր ծագում… Թէեւ երկինքը պատած էին թանձր ամպերով:

Ծնանելու ժամանակ այդ բոլորը գրել էի ես նորա ճակատին. նա Բրամինապետ դարձաւ իմ ազդեցութեամբ: Գրել էի նոյնպէս, որ նա ստանալու էր ձեր շանթերը Աթենասի ձեռքով, եւ այդ շանթերը, լափելով նորա փորոտիքը, պիտոյ է վախճան դնէին նորա անարժան Բրամինապետութեան կեանքին: Անչափ են դորա չարագործութիւնքը. մի խօսքով, այդ մարդը մի շարժական գահ է սատանայի եւ բոլոր դժոխքի զօրութեան. նորերումս ձեռքերը ներկեց մի՞ ծերունու արիւնով…

Արամազդը, կտրելով ճակատագրի յայտարարութիւնը, գովեց Աթենասի գործողութիւնը եւ հրամայեց Կիկլոպներին՝ մի մեծ շանթ պատրաստել այդ թշուառականի օրը խաւարեցնելու եւ Պլուտոնի թագաւորութիւնը ուղարկելու համար:

Այս միջոցին ամենայն բան աներեւութացաւ, թնդաց երկինքը, եւ ես, այս դղրդիւնից զարթելով, գտայ ինձ մահճիս մէջ հանգստացած. կայծակը ջարդել էր այն մեծ գոմը, որ մեծ հայրս շինել էր անտառի մօտ՝ լճի առաջեւ՝ մեծ արծաթ վատնելով: Քրտինքս թափուել էր գետի նման, մահիճ, վերմակ, սփռոց՝ ամենայն ինչ ջուր էր դարձած: Շատ մտածեցի այս երազի վերայ, բայց խելքս բանի չհասաւ: Էֆիմերդէ չունէի, որ նայէի: Օրացոյց ունէի, բայց երազի մասին բարի ու չար օրերը չկային նշանակած. երեւի թէ դորա շինողը եւս մի թերահաւատ մարդ էր: Միայն մի խաչ է դրել Յունիսի 27-ի առաջեւ, բայց այդ խաչը ցոյց է տալիս արիւն թողնելու համար օրի լաւութիւնը: Ճարս կտրուեցաւ, վեր կացայ եւ, չնայելով եղանակի այսպիսի անյարմարութեանը, ահա գտանւում եմ քո մօտ: Աստուծոյ սիրուն, նայի՛ր մի Էֆիմերդէն, տե՛ս, ի՞նչ է ասում:

Ես արդէն ասացի քեզ, թէ Էֆիմերդէ չունիմ, այդ պատճառով եւս չեմ կարող լցուցանել քո ցանկութիւնը: Միայն այսքան կարող եմ ասել քեզ, որ երազ ասացեալը հաւատալու բան չէ։ Դու, ինչպէս ասում ես, կրկնապատկել ես արաղով շինած դէքոքտի չափը, արիւնը թանձրացել է գլխիդ մէջ, իսկ ջլերդ, հասուցանելով դրսի որոտմունքը, եւ թնդիւնը՝ ուղեղդ, սա գտանուել է մի աւելորդ ջերմութեան մէջ, եւ պատճառել է այդ ցնորքը: Հանգստացի՛ր, դա մի վնասակար բան չէ:

Պ. Բէգզադէն, սաստիկ յուսահատուած իմ սառնութենից, վեր առաւ գլխարկը եւ վերարկուն եւ, անձրեւի գետօրէն թափուելուն ուշադիր չլինելով, գնաց:

Յիշատակարանիս ընթերցողներին թողում եմ իմաստասիրել, թէ անկրթութիւնը մինչեւ ո՞ր աստիճան մոլորեցնում է մի մարդ: Դիցուք թէ երազ էր տեսել։ Դորանից մի օգուտ կամ վնաս չկար իւրեան. շանթը ինքը չէր ուտողը, թող Բրամինապետը հոգս առնէր, մանաւանդ, անձրեւի տակ ընկնելով, կարող էր տկարանալ ու կարօտել այնուհետեւ Հիպոկրատի շանթերին, որ փարատէին նորա ցաւը:

Այսպիսի բաներ տեսանել կամ լսել շատ ցաւելի է ինձ. արդեօք կը տա՞յ Աստուած մի օր, որ ես իմ սիրական ազգը տեսանէի նանրահաւատութեան, սնապաշտութեան եւ անկրթութեան բարբարոսական լծի տակից կատարելապէս ազատուած:

* * *

Նոյն օրին, երբ որ պատահել էր իմ եւ Պ. Բէգզադէի հետ այստեղ յիշած խօսակցութիւնս, բարեկամիս մինը քաղաքական փոստայով ուղարկեց իմ մօտ մի ոտանաւորի պատճէն, որ առանց ստորագրութեան ստացել էր Թիֆլիզից եւ որի բնագիրը Մայիսի 15-ից ուղարկել էին մի լրագիր հրատարակողի: Կարդացի այդ ոտանաւորը եւ, երբ կամէի արտագրել նորան Յիշատակարանիս մէջ, հօրեղբայրս ներս մտաւ: Իմ հօրեղբայրը իմ գլխին ցենզօրի նման մի բան է, շատ խիստ բարոյականութեան տէր մարդ է, ամենայն օր նայում է Յիշատակարանիս, որ մի անպատշաճ բան չգրեմ: Թէպէտ այդ ոտանաւորը ունէր իւր մէջ անպատշաճութիւնք, բայց, այնուամենայնիւ, նորա հիմքը ճշմարտութիւն էր: Ափսո՛ս, որ չգիտեմ այդ ոտանաւորի հեղինակը։ Եթէ այդ պարոնը հնար տար ինձ, ես նորան կ’ուղարկէի մի նամակ, որ հօրեղբօրիցս ծածուկ շարադրել էի եւ շատ հաւատացած եմ, որ կ’ուրախանար այդ նամակի վերայ: