Հրապարակախօսութիւն եւ քննադատութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՕՍ ԵՒ ՎԱՐԴԻԹԵՐ ՎԷՊ ՊԵՐՃ ՊՌՕՇԵԱՆՑԻ

(Մատենախօսութիւն)

 

…Գինի խմելու ժամանակ ամեն տեղ գործ են ածում եւ շատ անգամ էլ որպէս եախշի եօլ * ), որ, միամտաբար թարգմանելով «բարի ճանապարհ», կարծում են, թէ գինուն են մաղթում այդ բարի ճամբան դէպի փորը։ Բայց մենք դառնանք դէպի Պ. Պռօշեանցի գործը։

Ֆաթալիզմի վրայ խօսելով՝ ազգային աւանդութեանց մէջ մտանք, այնտեղից էլ՝ ծանօթութեանց մէջ, այնպէս որ բուն վիպասանութեան վերաբերեալ նկատողութիւնքը ընդհատվեցան։ Կը ներեն մեզ մեր ընթերցողքը եւ մենք այս անկարգութիւնքը վկայ ենք դնում այն բանին, թէ մտել ենք քննութեան մէջ առանց ծածուկ մտքերի, այլ պարզութեամբ, եւ խօսում ենք ուղղակի մեր սրտից, որ շատ անգամ չէ ենթարկվում սառը կանոնների։ Բայց կարգից դուրս գալը դուրս գալ է, գոնէ ծանօթութեանց հետ մեր հաշիւը վերջացնենք ու այնպէս դառնանք դէպի վիպասանութեան բովանդակութիւնը։

Ծանօթութեանց մէջ պօլ բառը բացայայտված է կոտ, կամ կօպի, կամ կօլոտ։ Խոստովանում ենք, որ այս բացայայտիչներն նոյնպէս անհասկանալի են, ինչպէս բացայայտեալ պօլը. եւ այս ոչ միայն ընդհանուրին անհասկանալի, այլ եւ մեզ իսկ, մինչ փոքր ի շատէ հայերէն սորված ենք, ոչ միայն հին լեզուն, այլեւ՝ նորը, որքան մեզ կարելի է եղել, եւ մի քանի էլ գաւառական բարբառներ։ Այսպիսի բառերը աւելի լաւ է մի քանի խօսքով բացայայտել, քան թէ տեղական մի այլ բառով. ինչպէս շուշտակ, բաշորթիկ, ճլպինդ եւ չալ-օխամ կամ չալ-շխամ բառերը բացատրված են։ Այս բառերից բաշորթիկը թուրքի բառ է երեւում՝ բաղկացած բաշ–գլուխ եւ էօրթմէք–ծածկել, հովանացնել բայից։ Բայց չալ-օխամը կամ չալ-շխամը * *) չգիտենք, թէ ինչի բառ է, թէեւ թուրքի հոտ է գալիս. օրինակ՝ Չալ ։ Ճլպինդը անշուշտ հայի բառ է, բայց թէ ճլ- ը ինչ բառի կտոր է, որ կպել է պինդ բառին, չգիտենք։ Շուշտակ բառը մինչեւ այժմ ուրիշ նշանակութեամբ գիտէինք, այսինքն՝ աբեղայ, որ առաջ ամուսնաւոր քահանայ էր եւ այրիանալով վանական դարձած։ Առհասարակ, տեղ-տեղ խրթին գաւառական բառեր, որ թէեւ մեզ հասկանալի այլ ընդհանուրին ո՛չ, մնացել են առանց բացատրութեան, թէեւ շատերն էլ բացատրված են։ Բացի սորանից, ցաւում ենք, որ պ. Պռօշեանցը փոխաբերաբար առնուած ոճերի եւ ձեւերի բուն նշանակութիւնը չէ բացատրում՝ թողնելով «հետախոյզ բանագիտաց», ինչպէս ասում է յառաջաբանի վերջին տողերում։ Այս շատ անգործադրելի գաղափար է։ Մարդը մեղաւո՞ր եղաւ, որ հետախոյզ բանասէր դարձաւ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինէ։ Ասենք թէ գլուխը քարը տուեց, շինեց, յետոյ պիտի այդ բառարանը տպէ ու հրատարակէ, որ «Սօս եւ Վարդիթեր» կարդացողները հասկանան այն փոխաբերական ձեւերը եւ ոճերը, որ առաջ չէին հասկացել, եւ որոնք շատ տեղ, այո՛, աղ ու համ են տալիս գործին։ Մի՞թէ աւելի լաւ եւ աւելի յարմար չէր, որ ինքը հեղինակը բացատրէր, քան թէ թողնում է «հետախոյզ բանագիտաց»։ Ինչ որ մեզ է վերաբերվում, խոստովանում ենք, որ ախորժակ չունենք մի այդպիսի բառարան շինելու, թէեւ բոլոր այլաբանութիւնքը շատ լաւ հասկանում ենք։ A propos, Հորթաթողի բարեկենդան կամ Հորթաթողի պաս խօսքերը, որ այլաբանութիւն չէ, այլ պարզ անուն, չգիտենք, թէ Վարագա՞յ Խաչինն է, Յիսնակա՞ց, թէ՞ սուրբ Յակոբի։ Մեզ թվում է, թէ այս բառը աւելի կարօտ էր ծանօթաբանութեան, քան թէ եաքըշի օլը, որ ձախողակի ամեն հայի յատնի է թէ՛ ուղիղ, թէ՛ սխալ հասկացողութեամբ։

Այժմ դառնում ենք դէպի «Սօս եւ Վարդիթերի» բովանդակութիւնը։

Մենք արդէն ասած ենք, որ թէ «Սօս եւ Վարդիթերը» առնունք որպէս բանաստեղծութիւն, նորա տկար եւ թոյլ կողմերը այն տեղերումն են, ուր հեղինակը, դուրս գալով բնականի սահմանից, օգնութիւն է խնդրում երեւակայութիւնից։

Այս դրութիւնը մենք արդէն օրինակներով արդարացուցինք, բայց համեմատաբար աւելի թեթեւ հանգամանաց մէջ։ Անցքի կատաստրօֆը, որ ամեն իրաւունքով պահանջում է հեղինակից աւելի հմտութիւն եւ ճարտարութիւն, ուր պիտի որ գործի ամբողջ ընթացքի մէջ շարված թելերը աւելի ճարտարութեամբ, աւելի հնարագիտութեամբ եւ աւելի բնականաբար միանան, հաւաքվին եւ կենդրոնանան, ինչպէս արեւի ճառագայթքը, անցնելով մի ոսպնաձեւ ապակուց, որ իսկոյն կրակեն այդ կատաստրօֆը, եթէ համեմատում ենք գործի ընդհանուր արժանաւորութեան հետ, շատ թոյլ է եւ ոչ միայն այսչափ, այլեւ անբնական։ Այո՛, հեղինակի բուն խորհուրդը Սօսի կամ Վարդիթերի պատմութիւնը չէ, ինչպէս առաջ էլ ասած ենք, այլ Աշտարակի կեանքը, բայց եւ այնպէս, իբր թէ եւ որպէս օգնական առել է Սօսը, Վարդիթերը եւ սիրու կրակը, ցանկալի էր, որ կատաստրօֆը ունենար աւելի բնականութիւն։

Անբնական է, երբ Վարդիթերը որպէս տասն եւ մէկ տարեկան աղջիկ մի ջլերը սասանեցնող տխուր անցքից կաթուածահար է լինում։ Անբնական է, երբ կաթուածից հոգեվարք մարդը ցոյց է տալիս ուղեղի եւ ջլերի անխոտոր եւ առողջ պաշտօնակատարութիւն։ Եթէ նորա ուղեղը եւ ջլերը այն վիճակում են, որ նա հանգիստ խօսում է, ուղիղ մտածում է, յիշողութիւնը չէ կորցնում, աչք տեսնում է եւ ականջը լսում, էլ ի՞նչ պատճառից է մեռնում։ Ոտքե՞րն են կաթուածահարուել. այնպիսի դիպուածում նա կարող է շատ տարիներ ապրել։ Թոքերը կամ սի՞րտն է կաթուածահար եղել. այն ժամանակ պիտի՛ որ մեռնէր՝ առանց ոչ թէ շաբաթներով, օրերով, այլ եւ ժամերով ապրելու։

Թէ Սօսն ասես, շատ կեղծ վիճակում է։ Ցրտում, գլխաբաց, ոտքը բոբիկ ման է գալիս երեք գազ ձնի միջում եւ այն ցուրտ ձմեռ եւ Արագածի զառիվայրում։ Ձորը մտնում է, ջրում լողանում, աղուէսների եւ գայլերի հետ կռիւ տալիս եւ այն օրերով։ Եւ չնայելով, որ նա մահ է փնտռում, քան թէ կեանք, այնուամենայնիւ, չէ մոռանում իր կեանքի պահպանութեան հոգսը. «Խոտի քօքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս» տեսնում են նորան Ապարանցիք։ Մի շաբաթ է, որ նորա քամակից ման են գալիս Աշտարակի տղաքը, տեսնում են, բայց սիրտ չեն անում մօտենալ։ Վերջապէս երկու շաբաթ անցնելուց յետոյ Գարեգինն է նորան տեսնում, եւ Սօսը գալիս է նորա մօտ։ Գարեգինը խրատում է, համոզում է տուն դառնալ, եւ Սօսը դառնում է։ Բայց այս երկու շաբաթում, այն ցրտի եւ ձնի մէջ, սառը ջրում լողանալով, սառուցի վրայ թեք ընկնելով, սոված եւ ծարաւ, բնաւ նորա երեսի գոյնը չէ թռչում, նորա առողջութիւնը չէ սասանում։ Իսկ երբ տանը նստած լսում է Վարդիթերի մահը, խոր հոգոց է քաշում մէջքի վրայ, յետ գնում, գլուխը Գարեգինի ձեռքի վրայ դնելով՝ խնդրում է, որ աշխատի երկուսին (իրեն եւ Վարդիթերին) իրար կշտի թաղել տայ, իր մօրը մխիթարէ, եղբարցը մնաս բարով ասէ, ինքն էլ ուրախ կենայ (!), յետոյ աչքերը վերեւ բարձրացնում, աղօթք անում ու հոգին աւանդում։ Իրար մօտ թաղելու խնդիրը անում է նաեւ Վարդիթերը, երբ դեռ Սօսը մեռած չէ, որին արգոյ հեղինակը մի վայրկեան Փանուէլի աղջկայ շնորհքն է ընծայում։

Մենք չենք ուզում այս բոլոր անբնական եւ շատ թոյլ նկարված անցքերը քննութեան դանակի տակ ձգել. այդ շատ երկար կը լինի։ Առանց նորան էլ երկարում է մեր հատուածը։ Գուցէ աւելորդ էլ լինէր այս աչքի յայտնի թուլութեան վրայ շատ խօսել, մանաւանդ որ ինքը՝ արգոյ հեղինակը, կամ մեր ընթերցողքը, եթէ ուշադրութեամբ կարդան այս անցքերի նկարագրութիւնը, որ մենք, առանց մեր կողմից մեծ խօսք եւս աւելցնելու, քաղեցինք բնագրից (եր. 218-222), իրենք կը տեսնեն մեր տեսած անբնականութիւնը եւ հակասութիւնը։ Այսչափ միայն ասում ենք, որ վիպասանութեան շինուածքին մեծ հարուած է տուել կատաստրօֆի այս անբնականութիւնը։ Եւ որպէս թէ հերիք չէր, ինչ եղել էր, այն պատուական տապանագրից յետոյ.

«Ահա սիրոյ պտուղներ,

Մի ագահ մարդու զոհեր,

Ով ըստեղից անց կենայ,

Յիշի Սօսն ու Վարդիթեր»,

որ շատ ընտիր է, կարճ եւ ազդու, դնում է Գարեգինի անտէր ողբը։ Ամբողջ գործի մէջ բոլոր ոտանաւորքը, որ տակ ու վերեւ են անում, մէկ հատ չկայ այսպիսի անխորհուրդ, անաջող եւ սառը ոտանաւոր։ Պատճառը շատ բնական է։ Գործը հեղինակի մտքում եւ սրտում արդէն վերջացած է, նորա ոգին էլ բան չունի այս գործի հետ։ Բայց երբ բռնադատում ես գրիչը ինչ որ էլ լինի բան գրել, յայտնի բան է, որ Գարեգնի ողբի պէս կը լինի, որ ո՛չ բարով պիտի ասէր։

Եթէ ստոյգ ասենք, մեր քննութեան այն մասը, որ նուիրված էր թերութիւններին Սօս եւ Վարդիթեր գործի, որպէս վիպասանութեան, պրծաւ։ Մեր այսուհետեւ նկատելի թերութիւնքը էլ վերաբերութիւն չունին բնագրին, այլ՝ հեղինակի լեզուին եւ յառաջաբանին։ Հեղինակի լեզու ասելով՝ չենք իմանում Աշտարակի բարբառը * ), որով գրված է գործի բնագիրը, ուր կամ խիստ քիչ խառնել է հեղինակը Աշտարակի բարբառի մէջ օտար ձեւ, օտար ոճ, կամ, կարելի է ասել, ամենեւին ոչինչ։ Եւ հեղինակը, ուզելով իր գործը այդ բարբառով գրել, որ կարդացողը ոչ միայն Աշտարակի վարքի, բարքի, այլ նորա լեզուի վրայ էլ տեղեկութիւն ստանայ, ոչ միայն ազատ է այդ լեզուի մասին պատասխանատուութիւնից, այլ եւ մեծ շնորհակալութեան արժանի։ Մենք կարող ենք որեւիցէ գաւառական բարբառ քննել, սորվել, տեսնել նորա արժանաւորութիւնքը եւ թերութիւնքը, բայց այսչափ միայն եւ ոչ աւելի։ Ինչպէս մի հեղինակի կարող ենք ասել, թէ. «Ինչի՞ այս ձեւը այսպէս ես գործ դնում կամ այնպէս», այդպէս չենք կարող խօսել հազարների եւ բիւրերի հետ։ Հեղինակը ազատ է այս ու այն ձեւը գործ դնել կամ չդնել, բայց մի գաւառի բնակիչ (մեր խօսքը բուն հասարակ ժողովրդի վրայ է) չունի այդ ազատութիւնը. նա այնպէս միայն կարող է խօսել, ինչպէս խօսում է ամբողջ ընկերութիւնը, որին անդամ է եւ ինքն խօսողը։ Իսկ այդ ընկերութեան բարբառը կերպարանագործվել է աշխարհագրական եւ բնութեան ազդեցութեան տակ, պատմական դէպքերը չեն անցել նորա վրայից առանց իրենց հետքը խոր դրոշմելու, եւ բարբառները նոցա խօսողի անցուցած կեանքի արդիւնքն են։ Յայտնի է, թէ ոչ մէկ մարդ պատասխանատու չէ, թէ մի որոշեալ տեղում այնպէս է ազդել բնութիւնը եւ ոչ այսպէս, թէ ինչի պատահել են այս կամ այն պատմական դէպքերը եւ ինչի համար այնպիսի ընթացք եւ ուղղութիւն է ստացել հասարակաց կեանքը, որի արդիւնքը բնականաբար եղել է այս կամ այն բարբառը։ Եւ որովհետեւ բնութեան եւ պատմութեան ազդեցութեանց մասին պատասխանատու չէ մարդը, ուրեմն պատասխանատու չէ եւ ոչ իսկ պախարակելի կամ ծաղրելի, եթէ մի սարսափելի աւերանքի տակ ընկել նորա լեզուն։ Այս դրութիւնից պարզ երեւում է, թէ որ աստիճանի թեթեւամտութիւն է այս կամ այն գաւառական բարբառը ծաղրելը եւ նորանով խօսողի վրայ որպէս մի ստոր եւ խեղճ էակի վրայ նայելը, որպէս թէ այն մարդը յանցանք է գործել։

Եթէ ցանկալի եւ հոգով չափ ցանկալի է նոր լեզուի համազգային միութիւնը, ապա ուրեմն պիտի ուրախութեամբ ողջունել մի ամբողջ գործ, որ կատարված էր որեւիցէ գաւառական բարբառով, որ տակաւին, տպագրութեան միջնորդութեամբ, հեռաւորների եւ ընդհանուր ուսումնասիրութեան նիւթ չէր եղած. պատճառ, նոր լեզուի հիմնաւոր գիտութիւնը, նորա մշակութիւնը եւ ապագայ միութեան գաղափարը առանց այդ գաւառական բարբառների օգնութեան աներեւակայելի է անգամ։ Մենք շատ փաստեր հաւաքած ենք այս դրութիւնը պաշտպանելու համար, բայց այստեղ անյարմար է ասպարէզ բանալ. ուրիշ ժամանակ, մի առանձին գործով կը հրատարակենք մեր տեսութիւնը նոր լեզուի մշակութեան մասին, եթէ միայն աջողի մեզ կատարելագործել այդ ձեռքկապ աշխատութիւնը։ Բայց այս չափ միայն, գոնէ հարեւանցի, անհրաժեշտ ենք համարում ասել, որ, ստրկանալով հին լեզուին, առանց ժողովրդին ականջ դնելու, լեզուի նոր ծլած ձեւերը, որ դեռ թարմ են եւ աճելու վրայ, կապելով եւ ճնշելով անցածի եւ մեռածի պատանքի մէջ, նոր լեզուի մշակութեան գաղափարը ազգին համար դառնում է նոյնպէս ամուլ եւ անպտուղ, ինչպէս հին լեզուի գործադրութեան գաղափարը։ Անշուշտ, այս խօսքերը չեն նշանակում, թէ հին լեզուի լծից ազատելով՝ նոր լեզուի մշակութիւնը դնել այս կամ այն գաւառական բարբառի լծի տակ։ Տեղական բարբառը ազգի ընդհանուրի համար գործական արժէք չունի եւ նոր լեզուն այս կամ այն գաւառական բարբառի տակ, դրականապէս, մշակելու գաղափարը նոյնպէս ամուլ եւ անգործադրելի է, ինչպէս հին լեզուի գաղափարը, ինչպէս սորա ստրկութեան տակ աճած նոր լեզուի գաղափարը։ Այս տեսակ մշակութիւնը ինքն իրեն հակասում է նոր լեզուի մշակութեան գաղափարին, որ է որքան կարելի է առաւել շատ եւ առաւել մեծ բազմութեան հասկանալի կերպով խօսել։ Այս պատճառներով, նոր լեզուն պիտի նայվի եւ մշակվի ինքնուրոյնաբար, առանց ամենեւին հին լեզուից խպնելու * ) եւ առանց այս կամ այն գաւառական բարբառին ստրկանալու։ Բոլոր գաւառական բարբառների էական տարերքը, որ իրենց ձեւով եւ բազմութեամբ աւելի ընդունական են կենդանի՝ ընդհանրութեան լեզուի վրայ պատուաստվելու, պիտի ընկնեն ճարտարապէս հեղինակների քուրայի մէջ եւ այնտեղ հալվելով եւ քիմիաբար (ֆիզիկաբար ո՛չ) միանալով պիտի դուրս գան ոչ որպէս թլպատութիւն կամ անթլպատութիւն, այլ որպէս նոր արարած։ Այո՛, ծանր խնդիր է այս եւ իր բնութեամբ շատ ժամանակի կարօտ. բայց գոնէ այս է մեր ճամբան, այս է մեր պարտականութիւնը, որ ինչքան մեր ոյժը կը տանի, ձգտենք այս խնդիրը լուծելու։

Ուզելով շինել հազարամեայ աւերանքը, չպիտի փոքրոգութեամբ սրտնեղենք, թէ ինչի՛ մէկ դարում կամ հինգ դարում չէ շինւում։ Այն, որ հազար տարիներով, տարբեր աշխարհների եւ տարբեր պատմական դէպքերի տակ աւերվել է եւ այդ հազար տարիների միջոցում ամեն մեր լեզուի մօտից անց կացող թուրք, թաթար, արաբացի, պարսիկ, ռուս Սարգիս Բուխարացու գեօռի պէս մի քար է ձգել, բնականաբար անհնարին է, որ մի ակնթարթում շինվի, կոկվի, փայլի եւ պայծառանայ. այստեղ հարկաւոր է համբերութիւն եւ յարատեւ արիաջան աշխատութիւն։

Աւելորդ է ասել, որ մենք բնաւ պահանջողութիւն չունինք, թէ մեր գործադրած ձեւ ու ոճը աւելի մօտ է կատարելութեան գաղափարին. քա՛ւ լիցի։ Մենք ամեն օր ուսանում ենք նոր լեզուն, ամեն օր մշակում ենք, որքան մեր խելքը զօրում է. սորան որպէս անմերժելի վկայութիւն դնում ենք մեր գրուածքը 1857-ից սկսած, որոնց ժամանակագրական յաջորդութեանց մէջ պարզ երեւում է, թէ մենք կանգնած չենք, այլ գտնվում ենք անդադար ընթացքի մէջ, մեր կարծիքով՝ դէպի առաջ։ Յայտնի է, թէ այն մարդը, որ գիշեր ցերեկ աշխատում է մի բան աւելի առաջ տանել, դորանով ներկայ վիճակը չէ կարող նորան գոհացնել աւելի փոքր, կատարելութիւն համարուիլ։ Ստիպվեցանք ծանօթաբանել, որ մենք ուրիշի ձեւ ու ոճ ենք դատում, կարծէ թէ մենք մեր վրայ դրական կամ բռնաւորական գաղափար ունինք։ Բռնութիւնը ո՛ր դիմակի կամ ինչ շպարի տակ եւս ծածկվի, այնուամենայնիւ մինչեւ գերեզման մեզ միշտ ատելի կը մնայ։

Մեզ կարող են ասել, թէ պ. Պռօշեանցը հազիւ մի քանի տող է գրած սեփական ձեւ ու ոճով, կ՚արժէ՞ այդ քանի մի տողերի համար ատեան կանչել նորան։ Իրա՛ւ, պ. Պռօշեանց միայն յառաջաբանը եւ ծանօթութիւնը գրել է իւր ձեւով, բայց այդ մի քանի տողից էլ պարզ տեսնում ենք նորա ուղղութիւնը նրա լեզուի մշակութեան մէջ, եթէ միայն նախատեսաբար եւ սկզբունքի վերայ հիմնուած ուղղութիւն է այդ եւ ոչ պատահականութեան արդիւնք. որովհետեւ շատ նորելուկ գրողներ, առանց սկզբունքի, առանց ուղղութեան հանդիպածը գրում են, էլ աջ ու ձախ նայել չկայ։ Լեզուի մասին ատեան ենք կանչում պ. Պռօշեանցին՝ ոչ ծաղրելու եւ ոչ պախարակելու մտքով, այլ կատարեալ բարեմտութեամբ, յուսալով, թէ մեր մի քանի նկատողութիւնքը կարող են նորան օգտակար լինել նորա ապագայ ասպարիզում, մանաւանդ եթէ ուխտ չէ արել միշտ Աշտարակի լեզուով գրելու։ Թէեւ ճշմարտութեան անունով ասում ենք, որ նորա բնագրի (Աշտարակի) լեզուն համեմատաբար աւելի կատարելութիւն եւ աւելի բնականութիւն ունի, քան թէ այն լեզուն, որով գրել է իւր ծանօթութիւնը եւ շատ անաջող յառաջաբանը։ Անաջող ածականը՝ նորա յառաջաբանին տրված, նորա բովանդակութեանն է վերաբերւում, որ լեզուի մասին մի քանի բան նկատելուց յետոյ կը քննենք։ Նոյնպէս, հանդէս հանելով այստեղ այն թերութիւնքը, որ տեսնում ենք պ. Պռօշեանցի սեփական ձեւ ու ոճի մէջ, ստիպվում ենք ասել, թէ գրողների մեծագոյն մասը ազատ չէ այդ տեսակ թերութիւններից, ուստի մեր նկատողութիւնքը հաշուէ՛ ուղղված են ընդհանուրի թերութիւններին, քան թէ մասնաւորապէս պ. Պռօշեանցի։ Եւ եթէ այդ ուրիշները նոյնպէս օգուտ քաղեն մեր նկատողութիւններից, գո՛նէ մի ծեղի չափ թող շնորհակալ լինին, ինձնից ո՛չ, այլ պ. Պռօշեանցից, որի գործը պատճառ է եղել մեզ այս տողերը գրելու։

Դարձեալ, մի քանի տեղ լոկ մի հատ բառը կամ մի հատ ձեւը, որ գործ էր ածում պ. Պռօշեանցը, որ թերեւս կարող էր տպագրութեան սխալ լինել։ Մենք հանդէս ենք հանում, սորանից չէ պիտոյ եզրակացնել, թէ բծախնդրութիւն է մեր արածը, ո՛չ այլ մենք այդ բոլորի վրայ թէ խօսում ենք, այն է պատճառը, որ պ. Պռօշեանցի գործի մէջ մի անգամ երեւցածը ուրիշների մօտ շատ կան, ուստի եւ մեր բոլոր նկատողութիւնքը պիտի ընդհանուրին ընծայուի, թէեւ պ. Պռօշեանցի պատճառով էինք խօսք բացում։

Պ. Պռօշեանցի ձեւ ու ոճի մէջ մենք տեսնում ենք հին լեզուին ստրկութիւն։ Բայց արգոյ հեղինակը ստրկանում է ոչ թէ հին լեզուի ոգուն եւ տրամաբանութեան, որի տակ հինգ տարի ընկճված էինք մենք էլ։ Ո՛չ. այդ տակաւին խորհուրդ ունէր եւ սկզբունքից առաջ էր գալիս, թէեւ ոչ դրականապէս գործադրելի էր այդ սկզբունքը, այլ ստրկանում է հին լեզուի արտաքին ձեւին՝ կեղեւին, որ բնաւ խորհուրդ չունի։ Բայց այս էլ ճշմարիտ է, որ պ. Պռօշեանցի գերութեան ոգին բուն հայկական է եւ կատարելապէս ազատ այն եկամուտ ձեւերից, որ Ռուսիայում, շատ ռուսագէտ հեղինակների եւ մանաւանդ Տաճկաստանի ֆրանսագէտ հայ հեղինակների գրուածքի մէջ վխտում են *

Հին լեզուի կեղեւին ստրկանալ համարում ենք, երբ մի հեղինակ, փոխանակ ժողովրդի հանրական ձեւին հետեւելով, կենդանացնելու, գրելու, կանգնելու, նստելու եւ այլն ասելու տեղ, գրում է կենդանեցնելոյ, գրելոյ, կանգնելոյ, եւ այլն։ Ինչ է այս ոյասիրութեան խորհուրդը. գրածին աւելի վսեմութի՞ւն տալ, թէ՞ աւելի հասկանալի անել նորան ժողովրդեան։ Նախ որ ոյ ու- ից ոչ գեղեցիկ է եւ ոչ վսեմ. ու վերջաւորութիւն սեռական աներեւոյթ եղանակի, որպէս համօրէն ազգի գործածած, նոր լեզուի մէջ միշտ աւելի գեղեցիկ եւ աւելի պատշաճաւոր է, քան թէ ոյ- ը, որ նոր լեզուի մէջ բնաւ հանդէս չունի։ Երկրորդ, ոյ- ը ու- ից ո՛չ միայն աւելի հասկանալի չէ, այլ շուտով աւելի անհասկանալի, ասել է թէ՝ այս երկու պատճառով էլ ոյասիրութիւնը չէ կարող արդարանալ, մնում է մէջտեղ հին լեզուի ստրկութիւնը, որ ստիպում է հեղինակին կենդանի ժողովրդի կենդանի լեզուի արտօնութիւնը յափշտակելու։ Նոյնպէս ի գործ դնել, ’ի մէջ բերել, ի լոյս հանել, որպէս թէ եթէ գործ դնել, մէջ բերել եւ լոյս հանել ասէ, կամ աւելի անարգ է լինում, կամ անհասկանալի. սորանից լաւերը կան՝ «ջանի գործ ենք լինում», «յօրէ անտի իւր հաստատութեան մինչեւ ցայսօր»։ Չպիտի մոռանալ, որ այդ նախդիրները կորուցել են իրենց իրաւունքը ազգի շրթունքի վրայ, եւ տնաքանդները սօսինձի նման մի մածուցիկ բան էլ չունին, որ մի հեղինակ թէ կամենայ դնել ազգի շրթունքի վրայ, կպչեն մնան ու վայր չընկնեն։

Հին լեզուի մէջ յատկացուցիչը կարող է դրուել ե՛ւ նախադաս, ե՛ւ վերջադաս, բայց նոր լեզուի ընդհանուր կանոնն է, որ յատկացուցիչը լինի միշտ նախադաս։ Այն ժամանակ միայն կարելի է վերջադաս դնել, եթէ յատկացուցիչը յարաբերեալ է, այսինքն՝ մի որ, իսկոյն հետեւելով, այդ յատկացուցչին է յարաբերում. պատճառ, նոր լեզուի մէջ յարաբերեալի եւ յարաբերականի մէջ չկարողանալով ուրիշ բան մտնել, եթէ յարաբերական ունեցող յատկացուցիչը սովորական կանոնին հետեւելով դրուի յատկացուցեալին նախադաս, այն ժամանակ կորցնում է իւր յարաբերականը, որովհետեւ սորա ուժը յարաբերում է յատկացուցեալին, որ անմիջապէս յարաբերականից առաջ է։ Պ. Պռօշեանցը հին լեզուի համաձայն, բայց նոր լեզուի հակառակ յատկացուցիչը դրել է մի տեղում վերջադաս. «այս է կարգը կանգնելոյ» (եր. 181)։

Մենք նորա համար այս մէկ հատ բանը մէջ բերինք, որ իրեն իսկ հեղինակին որոշ կերպով երեւի այդ անբնականութիւնը, որ թէ ուրիշ ամենը թողած՝ իր առաջաբանի մէջ գործ դրված յատկացուցիչներին նայի, կը տեսնէ, որ ժողովրդի խօսած լեզուի հոսանքին հետ երթալով՝ յատկացուցիչը միշտ նախադաս է գործածված։

Նոր լեզուի մէջ կան բայեր, օրինակ՝ տամ, գամ, երբեմն եւ՝ լամ, որ իրենց լծորդութեամբ դուրս են ընդհանուր կանոնից։ Ընդհանուր եւ միակ լծորդութիւնը է ումեմ. օրինակ՝ գրում եմ, տեսնում եմ եւ այլն։ Իսկ տալը, գալը, երբեմն եւ՝ լալը խոնարհւում են տալիս եմ, գալիս եմ եւ լալիս եմ * Բայց, չնայելով այս բոլոր Արարատեան աշխարհին ընդհանրացած սովորութեան վրայ, կան մարդիկ, ինչպէս նաեւ բոլոր Աշտարակը (ինչպէս երեւում է Սօս եւ Վարդիթերից), որ թէ բայի վերջաւորութիւնը, այսինքն՝ եմ, ես, է ն նախընթաց է դրւում բայարմատից, ինչպէս չեմ տալիս եւ այլն, չեն ասում չեմ տալիս կամ չէ տալիս, այլ չեմ տալի կամ չէ տալի։ Պ. Պռօշեանցը իր գրութեան մէջ գործ է ածում այս ձեւը. մօռացնել տալի, յառաջ գալի, հոգի է տալի եւ այլն, փոխանակ՝ մոռացնել կամ մոռցնել տալիս, յառաջ կամ առաջ գալիս, հոգի է տալիս ասելու տեղ։ Ինչպէս երեւում է, պ. Պռօշեանցը ուրիշ շատերի նման կարծում է, թէ տալիս եմ- ը շինւում է տալի ընդունելութիւնից, որի ծայրն թարմատարաբար կպել է ս տառը, ուրեմն եւ աւելի ուղիղ է տալի ասել, քան թէ տալիս, մանաւանդ որ տալին էլ գործ է ածում ժողովուրդը։ Շտապում ենք ծանօթաբանել, որ ներկայութիւն, մօտաւորութիւն ցոյց տուող է այն թարմատար համարված Ս տառը եւ առանց նորան, տալի եմ ասելով, չենք կարող ցոյց տալ այն գործողութիւնը, որ կատարվում է ներկայում։ Եւ մեզ թվում է, թէ տալիս եմ- ի արմատը բնաւ տալի ընդունելութիւնը չէ, այլ տալ աներեւոյթ եղանակը եւ տալիս ը հոլովեալ աներեւոյթ է, նախդրիւ տրական, որ, միանալով եմ, ես, է- ի հետ, դիմաւոր բայի զօրութիւն է ստանում. որպէս թէ ասէր, ի գալս իմ, այսինքն՝ գալու գործողութիւնը կատարելու վրայ։ Նոր լեզուի մէջ հոլովակերտ եւ հոլովառու նախադրութիւնքը, շատ տեղ եւ գրեթէ մեծ մասով, դարձել են վերջաւորութիւն, եթէ ծիծաղելու համար կարելի է այսպէս ասել, եւ շատ տեղ էլ հոլովակերտը իսպառ դուրս ընկել, ուստի չպիտի զարմանալ, եթէ տալիս- ը աներեւոյթ եղանակի նախդրիւ տրական է դիմորոշ յօդի հետ միացած։ Օրինակներով այդ ամենը ցոյց տալը քերականութեան գործն է, բայց մենք կամեցանք, որ այս երկու խօսքով պատճառ տանք մեր գրագէտներին, որ թէ մենք սխալվում ենք այսպէս կարծելով, մեր սխալը մեզ ցոյց տան, որ մենք էլ, ուղիղ կանոնը սորվելով, լեզուին ընդդէմ չմեղանչենք։ Բայց թող առաջուց յայտնի լինի, որ հեշտութեամբ չենք թողուլ պատերազմի ասպարէզը։ Մենք, բացի գալ, տալ բայերից, ցոյց ենք տալիս բոլոր միւս բայերի նախդրիւ տրական հոլովված աներեւոյթ եղանակները՝ տեսնելիս, նայելիս, օրինակ՝ «նորան տեսնելիս ասա», «նորա վրայ նայելիս զարմացան». ինչ են այս նայելիս ը, տեսնելիս ը, եթէ ոչ ի տեսանել, ի նայել ։ Ս տառը չպէտք է ընդունել այստեղ որպէս առաջին դէմք ցոյց տուող, այլ որպէս բանի մօտաւորութիւնը, ներկայութիւնը. հին լեզուի մէջ «տեղի ս անապատ է եւ օր ս տարաժամեալ», նոր լեզուի մէջ «գիշեր ս շատ քնեցի», չեն նշանակում ես տեղ, ես օր, ես գիշեր, այլ, այս տեղը, ուր որ այժմ կանգնած ենք, անապատ է, այս օրը, որ անցնում է, ուշացել է, այս գիշերը, որ անցաւ, եւ այլն։ Շատ անգամ, ինչպէս նաեւ Աշտարակում, նախդրիւ տրականի տեղ, օրինակ՝ գալիս, գործ են ածում սեռականը, բայց դարձեալ՝ ս տառը աւելցնելով. ինչպէս՝ «գալուս տեղը տեսայ»։ Բայց ոչ միշտ գործ են ածում այս, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արգոյ Պռօշեանցը գրում է. «…շնորհակալութիւն անելիս, ու խոտերի քօքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս»։ Բայց այս մասին այսքանը առ այժմ հերիք է։

Նոր լեզուի մէջ կրաւորական բայը վ տառը պիտի ունենայ խոնարհվող վերջաւորութեան նախընթաց եւ այս այնպիսի ընդհանուր կանոն է, որ հին լեզուի հասարակ ասած բայերն էլ, ինչպէս՝ ծնանեմ, դատեմ եւ այլն, նոր լեզվում դարձուցել է ներգործական, որովհետեւ կրաւորականը ծնանվել, դատվել եւ այլն է։ Հին լեզվում ներգործականից կրաւորական է դառնում բայը միայն ներգործականի ե չը ի նի փոխվելով, օրինակ՝ գործեմ–գործիմ, բայց նոր լեզուի մէջ այդ ինիի նախընթաց պիտի եւ մէկ վեվ աւելացնել՝ գործել–գործվիլ, որովհետեւ շատ անգամ հին կրաւորականը կամ, ինչպէս ասացինք, հասարակ բայը դարձել է ներգործական, ուստի եւ կրաւորականի բուն կազմութիւնը հենվում է վեվի վրայ * Կան բայեր, որ երբեմն դուրս են գալիս այդ ընդհանուր կանոնից, օրինակ՝ կորուցանել, կամ կորցնել. յայտնի է, թէ ներգործական է, բայց դորա կրաւորականը լինում է շատ անգամ կորչել։ Ասացինք շատ անգամ, որովհետեւ կրաւորականը գործ են դնում որպէս կորցվիլ. մէկ խօսքով, կրաւորականը վեվով գործ դնելը համօրէն ազգի հանրական կանոն է եւ ոչ մի տեղ չենք լսում նորան առանց վեվի։ Պ. Պռօշեանցը նոյնպէս ընդունում է այս, թէեւ վեվի տեղ ու գործ ածելով, ինչպէս, բարձուում է, վերահաստատուիլը, պառակտուիլը, պատարուիլը եւ այլն։ Բայց մի տեղ էլ գործ է դրել ամրապնդիլ, փոխանակ ասելու ամրապնդվիլ, յայտնի է, թէ դարձեալ հին լեզուի ազդեցութեամբ։ Թող ներեն մեզ, որ մենք այսպիսի մէկ-մէկ հատ երեւցած արտուղութեանց վրայ խօսք ենք բանում. բանը շատի կամ քչի վրայ չէ, այլ կանոնի վրայ, ուստի հարկաւոր է, որ լեզուի վրայ աշխատողքը իրենց մշակութեան արդիւնքը եւ իրենց նկատողութիւնքը յայտնեն միմեանց, որ այս հասարակաց փոխադարձ գործակցութեամբ լեզուի գործը առաջ երթայ։

Բացի սորանից, վեվի տեղ ու գործ դնել այնտեղ, ուր իսկոյն յաջորդում է ում ը, շատ ծանր է եւ հասարակ ժողովրդին գայթակղեցուցիչ, որոնց շատը, ուում է տեսնելով, չէ կարդում վում է, այլ՝ ուում է։ Պէտք չէր գործ դնել այս ձեւը, եթէ հարկ չկայ։ Այսպէս ասում ենք այն պատճառով, որ երբեմն հարկը ստիպում է վեվի տեղ ուն պահել՝ չնայելով, որ իսկոյն հետեւում է կամ ում, կամ ութիւն։ Այս այնպիսի դիպուածներում, երբ բառը իր ուղղական վիճակում ու է վերջանում, ինչպէս լեզու, կատու, առու եւ այլն եւ այլն, կամ պատասխանատու, հարկատու, որ ստէպ ութիւն վերջաւորութիւն են ստանում վերացական նշանակութիւն առնելու համար։ Մնացած միւս դիպուածներում մենք յօժար ենք ժողովրդի ընթերցանութիւնը հեշտացնելու համար եւ կամ ւ իւնը վ եվով փոխանակել, ինչպէս գրում ենք թիւ, թվի, թվական։ Աւետիքեան Հ. Գաբրիէլեան ականաւոր Քերականը սորանից յիսուն տարի առաջ խոստովանել է իր ընտիր քերականութեան մէջ, նոր լեզուի սեփական ուղղագրութեան իրաւունքը։

«Անորոշ տարբերութենէն մտեր է, որ ու- ով կամ եւ- ով բառերը երբեմն վեվով կը գրեն. զոր օրինակ բուրուառ եւ բուրվառ, երիվար եւ երիւար, նուագ եւ նըվագ. թուական եւ թվական։ Ասոնցմով կիմանաս պատճառը՝ որ ինչո՞ւ աս քերականութեան աշխարհաբարին * ) վեվով դրինք, անվան, պատվական, հիմակվան, առվօտանց եւ այլն. անոր համար որ աշխարհաբար վեվ կըսենք նէ, վեվ վեվ ալ գրելու է եւ ոչ ու կամ ւ, որ ծուռ հնչիւնը հաստատել չերեւնայ» (Տես նորա քերական. 179 եր.

Ծուռ հնչում ասում է այն պատճառով, որ ինքը հիմնաւորապէս ապացուցանում է ւիւնի ձայնաւոր լինելը, ինչպէս այժմեան ֆրանսիական u կամ Յունական y իպիսլոնը։ Եւ իրաւունք ունի։ Նոր լեզուի մէջ, եթէ ու վերջաւորութիւնը հոլովվում է, իսկոյն վեվի ձայն է ստանում, ոչ ոք չէ լսում лезуи, lezoui, այլ лезви, lezvi։ Պ. Աբովեանցը, աւելի հաւատարիմ մնալով նոր լեզուի իրաւունքին եւ արտօնութեան, իր «Վէրք Հայաստանի» գործում ու- ի տեղ միշտ վեվ է գործ ածում, մինչեւ անգամ այնպիսի տեղերում, ուր միմիայն Երեւանի գաւառում ու ն վեվ է, իսկ այլ տեղեր՝ ու։ Նա գրում է «Նազլվի սուգը, Նազլվի նամակը». յայտնի է, թէ, բացի Երեւանի գաւառից, ուրիշ տեղերում այդ բառը արտաբերվում է որպէս Նազլուի, նոյնպէս կատվի, փոխանակ կատուի։ Մենք չենք գնում տակաւին մինչեւ այսչափ. որովհետեւ շատ բառ ժողովրդին հասկանալի է լինում, եթէ հոլովված ժամանակ իր ուղղական վիճակը պահում է. մանաւանդ լեզվի վերածնութեան ժամանակ, երբ այս ու այն գաւառական բարբառներից բառեր ենք առնում։ Այս է դարձեալ պատճառը, որ մենք շատ անգամ սեռական կամ ուրիշ հոլովում պահում ենք բառերի ամբողջ ուղղականը, մինչդեռ նոքա, ընդհանուր կանոնով, տառ պիտի կորցնէին իրենց միջից հոլովելու ժամանակ։

Սակայն ու վերջացած բառեր հոլովելու ժամանակ եւ բացի ուած * ) վերջաւորութիւնից վեվի տեղ ու պահելը աւելորդ շռայլութիւն է եւ քանի որ այդ ու ն վեվ պիտի հնչվի, ու պահելու խորհուրդն ի՞նչ է. ընթերցանութիւնը դժարցնել։ Ինչ որ մեզ է վերաբերում, մենք ընդդէմ ենք այս տեսակ պահպանութեանց, որովհետեւ ծանր են գալիս հասարակ ժողովրդին այդ ձեւերը, որ հազիւ հազ է կարդում։ Բացի այս ծանրութիւնը, աւելորդ ներմուծութիւնք եւ շատ անգամ հին լեզուով էլ չեն կարող արդարանալ։ Օրինակ՝ հին լեզուում հաշտեմ բայը նոր լեզուի մէջ եղել է հաշտվում եմ. էլ հաշտ ու ում եմ գրելու ժամանակ, այդ ու ն ինչ իրաւունքով եւ որտեղից է մտնում։ Պ. Պռօշեանցը սովորաբար գրում է՝ երգում-է, փայլում-է, կարողանում-է եւ այլն, այսինքն՝ բայ արմատի վրայ ումը թողնելով, իսկ բայական վերջաւորութիւնը՝ եմ, ես, է, առանձին գրելով։ Բայց, արդարութեան անունով խոստովանում ենք, որ այս ձեւը բնաւ պ. Պռօշեանցին միայն սեփական չէ, այլ գրեթէ բոլոր գրողներին, բացի մեզանից եւ պ. Նազարեանցից, որքան յիշում ենք։ Հարկ չկայ ասել, որ այս մի աններելի սխալ է, որի մասին աւելորդ չէ մի քանի բառ խօսել։ Բայը մէկ մասն բանի է, որ ցոյց է տալիս անել կամ կրել դէմքով, ժամանակով եւ այլն։ Գործ բայ չէ, այլ՝ անուն, իսկ գործեմ ը բայ է եւ ցոյց է տալիս անելու գործողութիւնը առաջին դէմքում, որոշեալ եղանակով, ժամանակով եւ թըվով։ Անելը կամ ցոյց տալը, այսինքն՝ բուն բայի պաշտօնակատարութիւնը երեւում է այս եմ վերջաւորութեան մէջ, որ միանալով գործի’ն հետ, գոյական գործ անունին տալիս է բայի զօրութիւն։ Հին լեզուի մէջ միայն եմ վերջաւորութիւնը չէ, որ ունի այս ոյժը, այլ կան երեք ուրիշներ էլ, ինչպէս ում, իմ, ամ. սոքա էլ ճիշտ նոյն պաշտօնակատարութիւնն ունին ինչպէս վերը դրված եմ ը։ Այս վերջաւորութիւնքը առանձին առնված բայ չեն, բայացուցիչ մասնիկներ, այնպէս որ թէ նոքա չմիանան մէկ բայարմատի հետ, իրենք իրենց ոչինչ նշանակութիւն եւ խորհուրդ չունին։ Թէեւ առաջին լծորդութեան վերջաւորութիւնը նման է էական եմ բային, բայց այդ պատահական նմանութիւն է միայն սահմանական եղանակի ներկայի եւ անցեալ անկատարի մէջ, որովհետեւ եմ բայի կատարեալը եղէ, ապառնին եղէց է, մինչդեռ եմ լծորդութեան տակ գնացող բայերի կատարեալի եւ ապառնու վերջաւորութիւնքը եցի եւ եցից է։ Կարող են մեզ վրայ ծիծաղել, թէ այդ ինչ ասելու բան է, որ ասում ես, ո՛վ չգիտէ։ Թէ ամենքը պարտակա՛ն են գիտենալ, այդ գիտեմ ես, բայց թէ գիտե՞ն ստուգապէս, դորան դրական ապացոյց չկայ, մանաւանդ թէ ամեն քայլափոխ հակառակ վկայութիւնք եմ տեսնում։ Եթէ գիտենային, եթէ գրելու ժամանակ իրենք իրենց հաշիւ տային, թէ ի՞նչ բանի վրայ են, այն ժամանակ բայական վերջաւորութիւնը պէտք չէր, որ իբրեւ առանձին առնված էական բայ բայարմատից բաժանէին. ի՞նչ են կարծում այդ պարոնները, խոնարհածները աներեւոյթ եղանա՛կ է, թէ ընդունելութիւն որ եմ, ես է’ ն իբրեւ էական բայ գրում են առանձին։ Թերեւս մեր պահանջողութիւնը երիտասարդ գրողներից այնքան խիստ չէ, որովհետեւ նոցա մեծագոյն մասը հին լեզուն չգիտէ, բայց ի՞նչ ասենք այն պարոններին, որոնք ոչ միայն պարծենում են իրենց հին լեզուի գիտութեամբ, որպէս միակ արժանաւորութեամբ, այլ քսան երեսուն տարիներով, ոչ բարով, քերականութիւն են դաս տուել։ Պէտք չէ՞, որ մտածեն, թէ չէ կարելի գրել գործ եմ, մեղանչ եմ, եւայլ եւայլն, այլ թէ գործեմ, մեղանչեմ, եւ այլն։ Բայց այն պարոնները մեզ կարող են ասել, թէ այդ հին լեզուի կանոն է, դորանից նոր լեզուին ի՞նչ * Ինչպէս թէ ինչ. հին լեզուի բայը բայ է, նոր լեզուինը բայ չէ՞։ Եթէ հին լեզուի առաջին լծորդութեան բայերի եմ վերջաւորութիւնը էական բա՞յ չէ դարձել եւ միայն այն պատճառով, որ երկու երեք ժամանակի մէջ երեւում է եւ մնացած ժամանակների մէջ բոլորովին կորչում, որովհետեւ այդ եմ ը ունի իր սեփական վերջաւորութիւնքը։ Եթէ եմ ը էական բայ է, ինչպէս կարծում են բաժանողքը, հարկաւորապէս պիտի խոստովանեն նոյնպէս, որ նոր լեզուի մէջ, բացի էական բայից, ուիրշ բայ չկայ։ Բայց կարելի՞ է թոյլ տալ մէկ լեզու, որ միայն էական բայ ունենայ, առանց ուրիշ բայեր էլ ունենալու. յետոյ կարելի՞ է մի այդպիսի լեզուով խօսել։ Կարելի է, ասում են, որովհետեւ էական բայը ինչ բայի որ կպչի, նորան բայացնում է եւայլն։ Չպիտի մոռանալ, որ նոր լեզուի մէջ, թէեւ գրեթէ միակ լծորդութիւնը եմ է, այնուամենայնիւ միայն ինքը եմ ը չէ կարող բայական զօրութիւն տալ բառին, սահմանական եղանակում, պէտք է որ նա կպչի նոյնպէս ում մասնիկի հետ։ Եթէ ասենք կամ գրենք «նորա ձեռքերը ներկում են» եւ այս են ը ընդունենք որպէս էական բայ, ուրեմն ներկումը դառնում է նորան խնդիր եւ ուրիշ բան չէ հասկացնում, եթէ ոչ այս թէ «նորա ձեռքերը ներկի մէջ են»։ Իսկ եթէ գրենք «նորա ձեռքերը ներկումեն», այս տեղ են ը ընդունելով որպէս բայական վերջաւորութիւն, ում ի հետ միացած, իսկոյն հասկանում ենք, թէ նորա ձեռքերը ոչ թէ ներկի մէջ են, այլ ներկելու գործողութեան վրայ։ Եթէ եմ, ես, է բայական վերջաւորութիւնը էական բայ է, եւ նոր լեզուի բոլոր բայերի ծնող կամ կազմող, ուրեմն անհնար է, որ իւրաքանչիւր բայի իւրաքանչիւր ժամանակը, դէմքը եւ թիւը գրվեն առանց էական բայի։ Բայց մենք տեսնում ենք, որ ինչպէս մեր լեզուի, նոյնպէս եւ օտար լեզուների մէջ մի բայ իր մի որոշեալ եղանակում, ժամանակում, դէմքում, թվում, պահում է իր կազմուածքը անխախտելի, անթերի եւ անփոփոխ, այնպէս չէ մեր նոր լեզուի բայերի կազմութիւնը։ Նախ, հերիք է, շատ անգամ, եթէ եղանակ, ժամանակ, դէմք եւ թիւ ցոյց տուող վերջաւորութիւնը մէկ անգամ երեւի, նորան հետեւող բայերը կարելի է դնել առանց այդ վերջաւորութեան. այսպիսի դիպուածում էլ այս հետեւեալ բայերը ցոյց են տալիս գործողութիւն, բայց եղանակ, ժամանակ, դէմք եւ թիւ նախընթաց բայի վերջաւորութեան ուժով, ինչպէս՝ «գնում է կարդում, յետոյ բերում վառում»։ Եթէ եմ, ես, է ’ն էական բայ է եւ նոր լեզուի բայերի կազմող, ուրեմն առանց նորան, բայը չպիտի բայ լինի, բայց մենք վերի օրինակից տեսնում ենք, որ կարդում, բերում, վառում բայեր են եւ ամբողջ բայական զօրութեամբ, որի դէմքը, թիւը եւ ժամանակը երեւում միայն նախընթաց գնում է բայում։ Երկրորդ, շատ անգամ հերիք է, եթէ հարցնողը իր խօսքի բայով ցոյց տայ ժամանակը, դէմքը եւ թիւը, պատասխանի մէջ կարելի է բայերը դնել առանց եմ, ես է ’ի. օրինակ, «ի՞նչ են անում ծոյլերը»՝ «ուտում, խմում, պառկում», այսինքն՝ ուտում են, խմում են, պառկում են։ Յայտնի է, որ թէ եմ, ես է ն էական բայ լինէր եւ միւս բայերի կազմող, ուտում, խմում, պառկում չէին կարող բայի զօրութիւն ունենալ առանց, անպատճառ, իրենց վերջում ունենալու եմ, ես, է։ Եւ այս եմ, ես, է բայական վերջաւորութիւնք բուն էական բայի հետ չ’շփուելու համար չէ կարելի բաժան գրել, երբ բայը գրում ենք ամբողջապէս, ինչպէս «ներկում է», որպէսզի ներկում խօսքը, էական է բային խնդիր չդառնայ եւ գաղափարի շփոթութիւն չծագի։ Բայց մեզ կարող են ասել, թէ ինչի՞ ուրեմն բաժանում ենք, երբ այդ վերջաւորութիւնքը դնում ենք նախադաս, ինչպէս «տուն եմ գնում». ի՞նչպէս է, որ այս դիպուածում չէ հասկացվում այս եմ ը որպէս էական բայ։ Եւ եթէ նախադաս դրվելով՝ բաժան է գրվում, ինչի՞ չէ կարող բաժան գրվել եւ վերջադաս լինելով։ Ստոյգ է, որ շատ անգամ լեզուի ոգին պահանջում է այդ վերջաւորութիւնքը գրել նախադաս եւ մենք գրում ենք. բայց, այսպիսի դիպուածում եմ, ես, է ’ն չեն կարող բուն էական բայ կարծվել, որովհետեւ էական բայի խնդիրը միշտ նախադաս է լինում բայից. չենք ասում «ձեռքերը են ներկում», եթէ անորոշ է ներկը, իսկ թէ որոշեալ, այն ժամանակ նորա ծայրին կպչում է ը տառը, որով փարատվում է ամեն մթութիւն։ Ուզելով ասել՝ ձեռքերը ներկի մէջ են, այլ ասում ենք «ձեռեքերը ներկում են», ուր ներկումը, որպէս նախադաս, խնդիր է լինում, ներկումից չէ ընդունվում որպէս առանձին առնված բայ եւ ներկումը նորան խնդիր, այլ երկուքը միասին մէկ բայ, թէեւ բայական վերջաւորութիւնը նախադաս։ Կան քանի մի պատճառներ, որ պահանջում են շատ անգամ բայական վերջաւորութեանը նախադասութիւնը, որոնց մանրամասն քննութիւնը քերականութիւնից պիտի պահանջել, բայց մենք աւելի աչքի երեւցող եւ ամեն մարդու հասկանալի մէկ պատճառը միայն դնենք։ Նոր լեզուի բաղաձայն բառով վերջացած հայցականը կամ որոշեալ ուղղականը իրենց վերջում ըթ ուեն, ինչպէս ձեռքերը։ Այս ըթ ը, որ բառի վրայ մէկ վանկ է աւելցուցել, նու է փոխվում, եթէ հետեւեալ բառը ձայնաւոր տառով է սկսվում, եւ այդ նուն հնչվում է այդ հետեւեալ ձայնաւորով սկսած բառի առաջին վանկի հաշուով, այնպէս, որ մէկ ամբողջ վանկ պակասում է, որով խօսքը թեթեւանում է։ Եթէ գրենք «ներկում են», այն ժամանակ ձեռքերը խօսքը չէ կարող իր ը թը նու փոխել եւ եթէ այդպէս խօսող էլ լինի, ինչպէս կան մի քանի նու ասէր մարդիկ, դարձեալ բառի կազմութեան մէջ վանկի տնտեսութիւն չի լինիլ, որովհետեւ ինչպէս ձեռ-քե-րը, այնպէս էլ ձեռ-քեր-րն երեք վանկից են բաղկանում, իսկ թէ բայական վերջաւորութիւնը նախադաս դնենք, այն ժամանակ են ը իր հաշուով է հնչում ձեռքերի նուն, ինչպէս ձեռ-քեր-ն են–ներ-կում, որով ձեռքերը խօսքը առանց իր նշանակութիւնը փոխելու կամ կորցնելու ձգտում է մէկ վանկ եւ թեթեւանում է։ Նոր լեզուի բովանդակ կազմութեան մէջ մեծ պաշտօն ունի այս տնտեսութիւնը, որպէս նաեւ բառերի վանկերը եւ տառերը հաւասարաչափ միմեանցից բաժանելու ձգտողութիւնը։ Եւ առողջ աչքերով նայողը կը տեսնէ, որ նոր լեզուի մէջ, ժամանակի խնայողութիւը, առոգանութեան ներդաշնակութիւնը եւ արտաբերութեան հեշտութիւնը մեծ քայլափոխ են արել։ Մենք բաւական նիւթ պատրաստել ենք, որ վերաբերվում են նոր լեզուի անդամազննութեան եւ ֆիզեօլօգեային, բայց բոլորը պիտի մտնեն նոր լեզուի մշակութեան տեսութեանը մէջ, որ մի ներածութիւն է… Եթէ, ինչպէս մի անգամ ասացինք, աջողի մեզ գլուխ բերել այդ կտիտ գործը։

Այս բոլոր խօսքի զօրութիւնը այս է, ա) թէ բայերը չպիտի բաժան գրվին իրենց բայական վերջաւորութիւնից, ինչպէս, փայլում-է, այլ անբաժան, ինչպէս փայլումէ։ բ) Կարելի է բաժնել, եթէ այս վերջաւորութիւնը նախադաս է դրվում, ինչպէս, է փայլում։ գ) Եթէ մի որպիսի եւ իցէ բայ ամբողջ գրվում է, ինչպէս՝ գնումէ, կամ են գնում, հետեւեալ բայերը, ինչպէս՝ կոտրում, բերում, վառում եւ այլն, կարող են առանց վերջաւորութեան գրվիլ։ Եւ դ), նոյն այս կանոնի զօրութեամբ եթէ Մարկոսը իր հարցմունքի մէջ գործ է դնում բայը եղանակով, ժամանակով, դէմքով եւ թվով, ինչպէս «ինչ են անում», Կիրակոսը կարող է պատասխանել բուն հարցմունքին առանց բայական վերջաւորութեան, ինչպէս, «ուտում, խմում, պառկում»։

Որեւիցէ հեղինակ, մի բան գրելու ժամանակ, պէտք է նայի, որ իր ձեւը եւ ոճը հարթութիւն ունենայ եւ մի կանոնով առաջնորդվի, իսկ առանց կանոն, առանց համակարգութիւն, երբեմն արեւելք նայելով եւ երբեմն արեւմուտք, լեզուն դառնում է մի մածնաբրդոշ, էլ դժուար է այնուհետեւ հաւատալ, թէ այդ լեզուով գիրք կամ օրագիր հրատարակելը կարող է ժողովրդի խօսած լեզուն մաքրել, մշակել կամ նորա վրայ ազդեցութիւն ունենալ։ Եւ ինչպէս կարնայ ժողովուրդը իր կարդացած գրքից մի ձեւ առնուլ մի որոշեալ բառի վերաբերութեամբ, երբ այդ բառը տարբեր ձեւերով է գործ ածվում այնտեղ, ո՞րը նոցանից ընդունէ որպէս հետեւելի օրինակ։

Նոր լեզուի մէջ, թէեւ կան վեց հոլովմունք * ), բայց նոցանից առաջինը իր տակ քաշել է բառերի ամենամեծ մասը, այնպէս, որ մնացած հինգ հոլովմունքը, միասին առնելով, առաջին հոլովման տակ գնացող բառերի եւ մի քառորդը չունին. բայց սորանից այս հինգ հոլովմունքը իրենց սեփական յատկութիւնը միայն եզականում ունին, իսկ յոգնականի մէջ բոլորն էլ գնում են առաջին հոլովման տակ, եթէ միայն դուրս հանենք մի քանի բառ, որ երբեմն գործ են դրվում հին ձեւով, ինչպէս դպրութիւնք–դպրութեանց եւ այլն, կամ Հայաստանեայք–Հայաստանեայց։ Բայց որպէս այս խոտորմունքը, նոյնպէս եւ ուրիշ շատեր, մեզ պէս, ոչ բարով, գրողների պահպանութիւնք կամ թոյլատուութիւնք են, այս կամ այն պատճառով եւ ոչ թէ ժողովրդի ոգու կամ հանճարի ստեղծած։ Մեր առաջին հոլովումը է քաղաք, քաղաքի, քաղաքից. քաղաքներ, քաղաքների, քաղաքներից։ Երկրորդը՝ մարդ, մարդու, մարդուց։ Մեր երկրորդ հոլովումը Տաճկաստանի Հայոց առաջին հոլովումն է եւ մեր առաջինից աւելի բռնակալ, այնպէս, որ գրեթէ լեզուի բոլոր բառերը գնում են այդ հոլովումի տակ խիստ քիչ բացառութեամբ։

Պ. Պռօշեանցը գիտէ այս, որովհետեւ Արարատեան աշխարհի ծնունդ է եւ իր գրուածքի մէջ գլխաւորապէս հետեւում է բուն Արարատեան առաջին հոլովման, եթէ այդ հոլովումի տակ է հոլովվում բառը, ինչպէս՝ ճիւղեր, ճիւղերի, ճիւղերից. բայց եւ այնպէս երբեմն խոտորվում է եւ անխտիր գործ է դնում ճիւղեր, ճիւղերու։ Խօսքը այն չէ, թէ առաջինն է գեղեցիկը, թէ երկրորդը, այլ այն, թէ ո՞րը սոցանից հանրական է Արարատեան լեզուին եւ թէ կարդացողը ո՞րը պիտի ընդունի՝ ճիւղեր, ճիւղե՞րի, թէ՞ ճիւղերու։ Ոչ լոկ այս բառի վրայ է մեր խօսքը եւ ոչ իսկ պ. Պռօշեանցի գրուածքի վրայ. այսպիսիք հազարներով կան մեր ամենիս գրուածքի մէջ։ Բայց այս է մեր ասածը, թէ, խնամով եւ ուշադրութեամբ վարվելով նոր լեզուի հետ, հարկաւոր է այս ցիր ու ցան ճապաղ ընկած ձեւերը կարելի սկզբունքների վրայ ամրացնել, որպէսզի նոցա միջնորդութեամբ կարելի լինի մի համակարգութիւն, մի ուղղախօսութեան արուեստ կազմել եւ նոր լեզուի ուսումնասիրութիւնը հեշտացնել։ Բացի սորանից, հին լեզուի յոգնակի սեռականները շատ խնամով (որովհետեւ օտար է ժողովրդին) պիտի թոյլ տալ երբեմն, եթէ նոր յոգնականը բազմավանկ է, մանաւանդ եթէ երկու կամ երեք այդպիսի սեռականք (վերջահոլով տրականն էլ պակաս չէ) իրար քամակից են գալիս։ Իսկ միավանկ կամ քիչ վանկով բառերում իսպառ պէտք է հեռանալ հին սեռականներից, որովհետեւ ժողովուրդը ունի իր բուն ձեւը։ Շատ ուրիշների հետ, պ. Պռօշեանցը անխտիր գործ է ածում երգոց, զօրաց եւ այլն, երգերի զօրքերի ասելու տեղ։

Ըստ նախադրութիւնը, որ հին լեզուում սովորաբար վերջահոլով տրական խնդիր է առնում, նոր լեզուում բոլորովին անգործածական է։ Ժողովուրդը, շատ անգամ «ըստ քաջութեան» կամ «ըստ քաղցրութեան» ասելու տեղ, ասում է կամ լոկ «քաջութիւնով», «քաղցրութիւնով» կամ «իր քաղցրութիւնով», «իր քաջութիւնով» եւ այլն, իսկ թէ գործիականի մտքով չէ կարելի հականալ ըստ իր խնդրով, օրինակ «վկայքն պսակին ըստ ճգնութեանցն», այն ժամանակ ըստ խնդիր դարձած բառը առնում է սեռական հոլովով եւ նորա մօտ դնում է կամ չափ խօսքը՝ գործիական չափով, կամ համեմատ խօսքը եւ կամ մի ուրիշ խօսք, որ աւելի յարմարութիւն ունի բանին. Ինչպէս՝ «վկաները պսակվում են իրենց ճգնութեան չափով» եւ այլն։ Մէկ խօսքով՝ ըստ- ը վերջահոլով տրականի խնդրով կենդանի լեզուի մէջ չէ գործածվում։ Համաձայն ենք, որ գիտնական առարկաների մէջ, ուզենք չուզենք, պիտի ստիպվինք ըստ ներս առնուլ, բայց եւ այնտեղ պարտք կայ մեր վրայ խնամով գործ դնել եւ աշխատել, որ բուն իր խնդրի մօտ մի հին յոգնակի սեռական յատկացուցիչ էլ չունենայ։ Պ. Պռօշեանցը շատ է քշում այս ըստ- ը. «ըստ ժամանակին ներգործութեանց», - գրում է նա, որ պարզ գրաբառի կանոնիցն էլ դուրս եւ աւելի միջակ եւ խրթին ոճերի համաձայն, յատկացուցիչը յատկացելուց նախընթաց։ Բայց սորանից էլ լաւերը կան՝ «ըստ այլ եւ այլ ժամանակին հանգամանաց», «թէ ըստ դիպաց, թէ ըստ հանգամանաց եւ թէ ըստ այլ եւ այլ իրողութեանց», «ըստ պահանջման հանգամանաց վիպասանութեան»։ Ասես թէ լուսահոգի Խապառաճին Կըկռիկեանի հետ է կռվում. «կը քննեն, կը քաշքշեն, կը կրկտեն ըստ զանազան խելաց եւ իդէայից» * Միշտ ներելի է հին լեզուից փոխ առնուլ, եթէ նորում չկայ այդ ձեւը կամ այդ բառը, բայց միշտ՝ խնայելով եւ պէտք եղածից աւելի չառնելով։ Մենք ասացինք, որ ըստ- ը պիտի ստիպուենք ներս առնուլ, բայց՝ գիտական առարկաների մէջ եւ այն աւելի կարճութեան եւ ճշտութեան համար, ապա թէ ոչ ըստ- ը ինքն իրեն այն նախադրութեանց կարգումն է, որ ժողովուրդը կորուցել է։

Մենք ամեն քայլափոխի մէջ տեսնում ենք հին ձեւերի ազդեցութիւնը պ. Պռօշեանցի լեզուի վրայ։ «…Խորենացին… ախորժանօք * *) նուագ է հնչեցնում հասարակ ժողովրդեան հետ նրա բամբիռը»։ Պարոններ, Աստծու սիրուն, խնայեցէք ժողովրդին, իրաւունք երէք նորան։ Նախ՝ որ ոչ մի տեղ այդպիսի խօսակցութիւն չէ լսվում ժողովրդի մէջ, երկրորդ՝ պ. Պռօշեանցը, գեղեցիկ եւ վսեմ ձեւերի հետեւելով, (?) բուն իրը փախուցել է, կենդանի է Աստուած, որ մենք չենք հասկանում այստեղ մէջ բերված խօսքերը։ Խորենացու հնչեցուցածը նուա՞գն է, թէ բամբիռը։ Եթէ հնչեցուցածը նուագ է (ինչ ասել է՝ նուագ հնչեցնել), ուրեմն հնչեցնել բայը հասել է իր դադարման կէտին նուագի մէջ, այսինքն՝ Խորենացու առարկան նուագն է կամ Չամչեանի խօսքերով՝ «նուագն է խնդիր սեռի բայիս հնչեցուցանէ», ուրեմն խեղճ բամբիռը մնում է անգործ, թէեւ տեսքի համար մէջտեղ է բերվում։ Բայց անտիկեան բամբիռը չէ ուզում երկբայութեան տակ մնալ, նա դրականապէս բողոքում է եւ ասում է, թէ երբ թափեցիր իմ վրայից երկու երեք հազար տարեկան փոշին եւ էլ հանեցիր կեանքի աշխարհը, ուրեմն պատշաճապէս ներգործել տուր ինձ, ապա թէ ոչ, թո՛ղ ճնշուիմ դարերի ծանրութեան տակ։

Ա՜խ, պարոննե՛ր, մաքուր սրտով եւ սուրբ խղճմտանքով ասում եմ ձեզ, քանի որ դուք այդ վսեմ ոճերի քամակից գնաք, միշտ անպակաս պիտի լինին ձեր գլխից այս տեսակ փորձանքներ. ձեռք վեր առէք դոցանից եւ այն բարձրաստիճան պատուանդաններից իջէ՛ք հասարակ ժողովրդի մէջ։ Հին լեզուի կարկատանները այնքան յարմարութիւն ունին նոր լեզուին, որքան խաչը՝ Աթենասին, որ Սիքստոս հինգերորդը տուեց Աթենասի արձանի ձեռքը՝ խլելով նորա նիզակը։ Բայց նա իր խելքով ասում էր, երբեմն, Հռովմի մէջ Աթենասի պաշտողքը խաչ պաշտողների արիւնը թափեցին, թող այժմ խաչը յաղթական կանգնի Աթենասի ձեռքում, եւ թո՛ղ փշրվի նորա մահաբեր նիզակը։ Մենք չենք կարող այս դրութեան հետեւել. նոր լեզուն հնի առջեւ այնպէս յանցաւոր չէ, ինչպէս Սիքստոսը յանցանք էր համարում Աթենասին քրիստոնեաների մարտիրոսութիւնքը։ Մնաց որ նոյն իսկ Սիքստոսի գործը անխորհուրդ եւ յիմարական, վրէժ հանել անշունչ արձանից, երբ նա քրիստոնեաների կոտորվելու ժամանակ էլ այնքան անմեղ էր իր նիզակով, որքան այժմ Սիքստոսի տուած խաչով։

Համաձայն ենք, որ մէկ մարդ, կարդալով մեր այս տողերը եւ տեսնելով, որ մենք մի կողմից վսեմ ոճերի հետեւողութիւնը, հին լեզուից արտաքին ձեւեր փոխառնուլը դատապարտելով, ինքներս շատ անգամ աւելի խրթին բառեր ենք առնում հին լեզուից, որ ժողովուրդը չէ գործածում, տեղ-տեղ էլ գաւառական բառեր կամ ձեւեր գործ ածում, որ ամբողջ ազգի մէջ սովորական չէ, կարող է ոչ միայն զարմանալ մեզ վրայ, որպէս մի ինքնահաւանի վրայ, որ ինքն էլ չգիտէ, թէ ինչ է ասում, այլ մինչեւ անգամ արհամարհել մեզ՝ կածելով, թէ մեր խօսքերը ուրիշ բանի համար չեն, եթէ ոչ ուրիշի գրածը դատել եւ պակասութիւնքը երեւան հանել, մինչդեռ մենք ինքներս մինչեւ մեր վիզը թաղված ենք այդ տեսակ պակասութեանց մէջ։ Աւելորդ չէ երկու խօսք ասել այս պատճառով, որ երեւցած հակառակութիւնը բացատրվի։

Նոր լեզուի հնից գլխաւոր եւ հիմնական տարբերութիւնը էապէս հիմնված է բանի կազմութեան վրայ, բաղդասութեան եւ ձեւերի վրայ։ Ստոյգ է, որ հին լեզուի բառերի շատ մասը մոռցել է ժողովուրդը, ստոյգ է, որ շատ բառ չի հասկանում, բայց, ինչպէս մի չգիտցած լեզու սովորելու ժամանակ, եթէ առանձին առանձին առնված բառեր միայն սորվենք, հերիք չէ մեզ այդ բառերով խօսող ազգի լեզուն հասկանալ եւ դորա հակառակ, եթէ այդ լեզուի կազմութեան օրէնքը եւ բաղդասութիւնը սորվենք, այլ բառ ոչ այնքան շատ, այնուամենայնիւ այդ լեզուն մենք կը հասկանանք։ Այնպէս էլ մեր ժողովուրդը, չնայելով, որ երբեմն հարկից ստիպուած նորան անծանօթ բառեր ենք գործ դնում, կը հասկանայ մեր գրածը, եթէ հաւատարիմ մնանք նոր լեզուի ոգուն բաղդասութեան եւ օրէնքներին։ Առանձին առանձին առնված բառեր սորվելը շատ հեշտ է, մենք մեր փորձերից կարող ենք ստուգել, երբ սկսում ենք օտար լեզուներ սովորել։ Բայց թէ ինչ օրէնքներով միմեանց հետ են կապվում այդ բառերը, մէկ խօսքով լեզուի բաղդասութիւնը այնպէս հեշտ չէ եւ երկար տարիներով կեանք ենք մաշում, մինչեւ սորվում ենք։ Մտքի զօրութիւնը բաղդասութեան օրէնքի մէջ է. եթէ այդ օրէնքը մեզ յայտնի է, մեզ անծանօթ բառ հանդիպելու էլ լինի, շատ անգամ առանց բառարանի օգնութեան հասկանում ենք նորա նշանակութիւնը, որովհետեւ ամբողջ բանի զօրութիւնը մեզ հասկանալի է, որովհետեւ բաղդասութիւնը եւ ձեւերը ծանօթ են։ Ապա եթէ մի այնպիսի բառի պատահենք, որ չկարողանանք հասկանալ, ում հարցնենք, որ մեզ չասէ, կամ ո՛ր բառարանը չէ կարող լուծել մեր տարակոյսը։ Սորա հակառակ, ինչպէս վերը ասինք, եթէ լեզուի բաղդասութեան օրէնքը անհասկանալի են մեզ, բանի զօրութիւնը կը մնայ անյայտ, էլ ոչ Մարկոսը կարող է օգնել, ոչ բառարանը։ Այս պատճառով հին լեզուի առտաքին ձեւերը, նորա բաղդասութեան կճեպը (կեղեւը) նոր ժողովուրդը չի մարսիլ. այս պատճառով էլ մենք ընդդէմ ենք, երբ ամբողջ նախադասութիւնք գործ են դրվում այդ ձեւով։ Բայց նոր լեզուն, գոյանալով ա՛յլ պատմական դէպքերի, ա՛յլ աշխարհների եւ ա՛յլ ժամանակների ազդեցութեան տակ, շատ բառ չունի, որովհետեւ ժողովուրդը կա՛մ չունի այդ բարերի գաղափարը, կամ՛ օտար բառ է գործ ածում։ Յայտնի է, թէ այդպիսի դիպուածում պիտի բառ փոխ առնենք հին լեզուից, եւ այնպէս գաղափարների համար, որ նոր քաղաքակրթութեան արդիւնք են եւ բնաւ նոցա բուն բառը հին լեզուում էլ չունինք, պիտի նաեւ օտար լեզուներից առնունք, ինչպէս մեր նախնիք առել են, որ մենք կարող ենք հարիւրներով ցոյց տալ։ Տարակոյս չկայ, որ ժողովուրդը, իսկոյն, կարդացած րոպէին, չէ կարող հասկանալ ո՛չ հին լեզուի եւ ո՛չ օտարից առնված բառերը. այստեղ ո՛չ ժողովուրդն է մեղաւոր, ո՛չ հեղինակը։ Ինչ անէ ժողովուրդը, որ չգիտէ այդ բառը, կամ ինչ անէ հեղինակը, երբ ուրիշ բառ չկայ եւ հարկից բռնադատված՝ ընդունել է կա՛մ հինը, կա՛մ օտարը։ Հեղինակը բնաւ հնար չունի այս ցաւին ճար անելու. բայց ժողովուրդը այդ առանձին առանձին առնված բառերը կարող է կամաց կամաց սորվել եւ հասկանալ, մանաւանդ եթէ մի փոքր ուշադրութեամբ կարդայ, կամ թէ մի մարդու հարցնէ կամ բառարանին ակը տայ։ Հեղինակի պարտականութիւնն է ժողովրդի լեզուի բաղդասութեան հաւատարիմ մնալ, եւ հին կամ օտար լեզուներից առնված բառերը ժողովրդին յայտնի օրէնքով կապակցել։ Ժողովրդի պարտականութիւնն է հեղինակի գրածը ուշադրութեամբ կարդալ եւ չհասկացած բառի նշանակութիւնը սորվել՝ կա՛մ մի գիտեցողի, կա՛մ բառարանի միջնորդութեամբ։ Գո՛նէ այսպէս է մեր հայեացքը եւ այն պատճառը, որ տեղն եկած ժամանակ, երբ ուրիշ հնար չկայ, չենք փախչում հին լեզուի կամ օտար լեզուների բառերից։

Գաւառական բառերը, եթէ բուն հայերէն են եւ այդ բառի գաղափարը հասկացնելու համար մեր նոր գրական լեզուն բառ չունի կամ երկու երեք բառ է գործ դնում այն գաւառական մէկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այդ գաւառական բառը, որ գործ ածվելով կը դառնայ հանրական։ Գրութեան շնորհքն է, որ այսօր Ռուսիացի եւ Տաճկաստանցի հայերը միմիանց գրած աւելի շատ են հասկանում, քան թէ տասը տարի առաջ։ Հարկ չկայ ասել, որ քսան տարի ետքը աւելի լաւ պիտի հասկանան իրար խօսածը։

Կան գաւառական բառեր, որ գրեթէ նոյնանշան են, բայց եւ այնպէս բարակ քննութիւնը բացում է նոցա տարբերութիւնը։ Այդ բառերը պիտի գործ ածել իրենց բուն, ճիշտ նշանակութեամբ եւ դորա նման մի բառ ունինք ասելով այն բառը շռայլութիւն չհամարել։ Մարդկային միտքը շատ նազիկ գոյներ ունի եւ որքան շատ հայելի ունենանք՝ իւրաքանչիւր այդ գոյները մեզ ցոլացնող, այնքան պարզ կը տեսնվի մտքի ամբողջ նկարը, բայց եթէ կոպտութեամբ միայն գլխաւոր եւ խոշոր գոյների քամակից գնալով՝ կէս գոյները կամ կէս ստուերները աչքից փախցնենք, նկարի տպաւորութիւնը կը կորցնէ իր ներդաշնակութիւնը։ Մտքի գոյները ցոլացնողքը բառերն են, եւ աշխարհիս երեսին ոչ մի լեզուում երկու բառ չկայ մաթեմաթիկաբար ճիշտ միեւնոյն նշանակութիւնը տուող. ամենքն էլ տարբերվում են իրարից՝ թէ՛ շատ եւ թէ՛ քիչ։ Լեզուի հարստութիւնը բառերով է, նոքա են այն ամանները, որոնց միջնորդութեամբ մեր միտքը հասնում է ուրիշին։ Այստեղ տղայական նեղսրտութիւնք կամ ցնդի հեգնութիւնք, արհամարհանք այս կամ այն գաւառական բառի վրայ, եթէ ոչ կորստաբեր ազդեցութիւն կունենայ նոր լեզուի մշակութեան եւ առաջադիմութեան վրայ, գոնէ կը դանդաղեցնէ նորա ընթացքը։ Կան բառեր կամ ձեւեր, որ Արարատեան Հայն է մշակել եւ կերպարանել, կան բառեր, որ Վանեցին է մշակել կամ Մշեցին։ Բայց ինչ հարկաւոր է այսպիսի ուժով կենդրոնների վրայ խօսել. շատ հոյակապ եւ հեշտ պատուաստող բառեր եւ ձեւեր կան այս ու այն տեղ, նաեւ շատ փոքր հասարակութեանց մէջ։ Պէտք է այդ բոլորից էլ օգուտ քաղել խնամով եւ շրջանկատ ընտրութեամբ։ Եթէ այժմեան գրագէտը մի որոշեալ գաղափարի համար բառի կամ ձեւի է կարօտ, աւելի լաւ չէ՞, որ մի հայ ընկերութեան միջից առնու իր չունեցածը, որ հայ ազգի ոգուց առաջացած լինելով, աւելի հեշտ կարող է մարսական լինել ազգի ընդհանրութեան, որովհետեւ եւ այն տեղի հայերը միմեանց հետ ունին ոգու բնական ազգակցութիւն, քան թէ նստի բառ արուեստակէ, ձեւ շինէ, կամ այս ու այն ազգից մուրայ, որ իր անսովորութեամբ կամ օտարութեամբ գուցէ բնաւ չի պատուաստվի էլ ազգի լեզուի վրայ։ Վերստին կրկնում ենք, մինչեւ բոլոր գաւառական բարբառներից ճանփաներ չբացուին դէպի գրական լեզուի կենդրոնը, սա ոչ միայն չէ կարող ծաղկել եւ ուժ առնելով՝ հանրական խորհուրդ ունենալ ազգի համար, այլ կա՛մ մի գաւառի կը ստրկանայ, կա՛մ չորցած, ամուլ եւ անպտուղ կը մնայ. երկու դիպուածումն էլ լեզուն, հանրականութեան խորհուրդը կորցնելով, ազգին համար կը լինի չեղածի պէս, իսկ ինքը՝ ազգը՝ կենդանի, գրական լեզուի կարօտ։ Թէեւ այս խնդիրների ընդհանուր մշակութիւնը տեղիս վերաբերութիւն չունի, բայց եւ այնպէս չհամբերեցինք, որ մի քանի խօսք չասենք։ Այս խնդիրը խիստ մօտ է իմ սրտիս, ուստի թող ներեն մեզ մեր ընթերցողքը մեր տկարութիւնը, երբ չենք կարողանում մեր խօսքի ընթացքը կտրել, երբ բանը գալիս է լեզուի մշակութեան։

Հին լեզուի ումն վերջացած բայանունները, որպէս անկումն, հերքումն եւ այլն, ընկած է ժողովրդի բերնից. այդ բառերը փոխանակել է նա նոցա բայերի աներեւոյթ եղանակով, ինչպէս ընկնել, հերքել եւ այլն, եւ որ նոյնն բանն ասել է, մինչեւ որ Սալլանթեանց Միքայէլ եպիսկոպոսը, բացի աներեւոյթ եղանակը ուրանալով, ընկնելը եւ հերքելը անկման եւ հերքման հաւասար գոյական անուն է, ասաց։ Յայտնի է, թէ Սալանթեանցի սխալը տրամաբանութեան մէջ չէր, այլ՝ սկզբունքի մէջ։ Քերականութիւնը միայն նշանակութեամբ չէ որոշում մասունք բանին, որով շատ խառնափնտորութիւնք կը լինէին, այլ եւ բառի կազմութեամբ։ Ստոյգ է, աներեւոյթ եղանակը անունի պարագաները ունի եւ բայի պարագայք չունի, բայց հասարակ բայանուններից տարբերվում է նորանով, որ բայի լծորդութեան արմատը ունի իր մէջ՝ գործել, դառնալ, թողուլ, հաշտիլ, որոնք իրենց ծայրի տառերը, միմիայն դէմք ցոյց տուող տառերով փոխանակելով, ինչպէս՝ մ, ս, է, արդէն ստանում են բայի կատարեալ ուժը եւ զօրութիւնը, մինչդեռ բայանունները, որ ճիշտ աներեւոյթ եղանակի նշանակութիւն ունին, չեն կարող այս կերպով բայի պարագայք ստանալ՝ անունի պարագայքը իրենց վրայից ձգելով։ Սորանից երեւում է, որ այս բայանունները կամ նոյն բայերի աներեւոյթ եղանակները կարող են միմեանց փոխանակ գործ դրվիլ, որովհետեւ նշանակութիւններն մի եւ նոյնն է եւ աներեւոյթ եղանակը տարբերվում է այդ անուններից նորանով, որ միայն դէմք ցոյց տուող տառեր առնելով՝ իր վերջը կատարելապէս բայի որականութիւն է ստանում, ուրեմն ժողովուրդը դատապարտելի չէ, եթէ այդ ումն վերացական առքական անուններն փոխանակել է նոյն բայերի աներեւոյթ եղանակով, որ հեշտ հոլովվում է երկրորդ հոլովումի տակ, ինչպէս՝ մարդ, մարդու ։ Հաւատարիմ մնալով ժողովրդին՝ մենք պարտական ենք ընդունել այս կանոնը, բայց ոչ դրականապէս։ Տաճկաստանի նորահիւս հայ հեղինակները շատ տեղ գործ են դնում այս առքական անունները առանց նու ի, ինչպէս՝ հերքում, մերժում, հոլովելով հերքումի եւ մերժումի ։ Պիտի թոյլ տալ այս ձեւը, որովհետեւ շատ անգամ երկու աներեւոյթ եղանակներ միմեանց քամակից են գալիս, եթէ բնական աներեւոյթ եղանակից յետոյ ումն էլ դարձնում ենք ել, ինչպէս՝ մերժումն–մերժել ։ Յայտնի է, թէ այս բոլոր բացառութիւնքը, որ անում ենք ժողովրդի ձեւի ընդդէմ, պիտի խնամով, զգուշութեամբ եւ միայն անհրաժեշտ եղած տեղը գործ դնել եւ ոչ թէ բան գործ շինել։ Իսկ բուն հին ձեւի գործադրութիւնը՝ հեղումն–հեղման եւ այլն, չպիտի թոյլ տուած, թէեւ մինչեւ այժմ ազատ չենք նորանից եւ կարճութեան համար * ) ստիպվում ենք երբեմն գործ դնել։

 




* Պ. Աբովեանցը ասում է. (Վէրք Հայաստ., եր. 92) «Ազգին անհաւատ են կանչում, լեզուն սիրում, զարմանալի չի՞»։ Բայց դու կրակը տես, որ թուրքը իսկի գինի էլ չի խմում ընդհանրապէս, եւ եաքըշի եօլ էլ յայտնի է, թէ չունի. բայց եւ այնպէս հայերը ոչ միայն թուրքերից փոխ են առնում, այլ եւ ծաղկեցնում են նոցա լեզուն։

* * Սոցանից մինը պէտք է որ տպագրութեան սխալ լինի։

* Այդ բարբառիս քննութիւնը տեղիս վերաբերութիւն չունի, բայց եւ այնպէս այսքան պէտք է ծանօթացնել, որ նա իր մի քանի վերջաւորութեամբ եւ ձեւերով տարբերւում է Երեւանի բարբառից։ Զարմանալի մի բան է. Քանաքեռ, Երեւան, Վաղարշապատ եւ Աշտարակ, իրարուց երեք չորս ժամ հեռաւորութիւն ունին, բայց այդ տեղերում խօսված լեզուին ուշադրութեամբ ականճ դնողը կարող է տարբերութիւն գտնել։ Պ. Աբովեանի Վէրք Հայաստանին եւ պ. Պռօշեանցի Սօս եւ Վարդիթերը այս տարբերութեան ծայրումն են. Քանաքեռ եւ Աշտարակ, ուստի եւ տարբերութիւնը աւելի շօշափելի է։ Բայց, աստիճան աստիճան երթալով, տարբերութիւնը թուլանում է։ Քանաքեռի եւ Երեւանի մէջ քիչ տարբերութիւն կայ, որպէս նաեւ՝ Երեւանի եւ Վաղարշապատի մէջ, ինչպէս այս վերջինի եւ Աշտարակի մէջ։ Բայց եթէ այս շղթայի մէկ կամ երկու ողը հանում ես, այն ժամանակ տարբերութիւնը աւելի որոշ է լինում, ինչպէս Վէրք Հայաստանի եւ Սօս եւ Վարդիթեր վիպասանութեանց ձեւի եւ ոճի մէջ։ Մենք այս խօսքերը ասում ենք ոչ միայն հիմնուելով այդ երկու գործի վրայ, այլեւ անկաճ դնելով այդ բարբառներին։

* Հին լեզ. խուպանիլ։

* ) Վխտալ՝ кишѣть։

* «Լալիս եմ» քիչ ենք լսել, սովորաբար լինիմ բայով է վարվում, «լաց եմ լինում» եւ այլն։ Տալը, գալը, Աստրախանցիք խոնարհում են «տամ եմ», «գամ եմ», բայց այս շատ անգործադրելի է եւ տգեղ, յայտնի է թէեւ դպրութեան մէջ անընդունելի։ Նոյն այս բայերը Նոր Ջուղայի եւ Հնդկաստանի հայերի բերանում մի ուրիշ ձեւ են ստացել։ Նոքա ասում են «գալման եմ», «գոլման եմ» ( Գալը գոլ է եղել։ Երբ առաջին անգամ լսեցի այբի ո կամ ե փոխուելը (նոքա չեն ասում՝ լաւ, այլ՝ լեւ ), անգլիական այբի ազդեցութիւնը կարծեցի, բայց վերջը ստուգեցի, որ այս նմանութիւնը պատահական էր)։ Թէեւ հին լեզուի մէջ գոլումն, տալումն չկայ, բայց լալումն կայ, եւ Հնդկաստանցին ասում է «լալման եմ»։ Արդեօք այս դարձեալ նախդրիւ տրականի ուժով չէ, այսինքն՝ «լալու վրայ եմ». մենք գոնէ կարծում ենք։ NB Լինիմ բայով վարվում է տեղ տեղ եւ թաց ’ը- թաց լինել. բայց նոր լեզուն ունի թրչվել բայը, որ ամեն տեղ հասկանալի է, ուստի եւ աւելորդ է գործ դնել թաց արի, թաց եղայ, փոխանակ թրչվեցի, թրչվեցայ, որի կազմուածքը աւելի պարզ է եւ կարճ։

* Եթէ բայը դիմաւոր է, ներգործականից կրաւորական դառնալու համար (յայտնի է, թէ նոր լեզուում) միայն մի վեվ է առնում, իսկ թէ անդէմ, օրինակ՝ աներեւոյթ եղանակ, այն ժամանակ ե՛ւ վեվ է աւելանում, ե՛ւ եչ ը փոխւում է ին ի. ինչպէս՝ գրում եմ–գրվում եմ, գրել–գրվիլ։ Պ. Պռօշեանցը որպէս կրաւորական աներեւոյթ եղանակ գործ է ածել մի տեղ կատարելագործուել, փոխանակ կատարելագործվիլ ասելու։ Վերը մէջ բերած օրինակում, նա հերիք է համարում, ներգործականի եչ ը ին ի անելով կրաւորականացնել, ինչպէս ամրապնդիլը, իսկ այս օրինակում կրաւորականացուցել է միայն ու (վեվի տեղ իհարկէ) աւելացնելով ներգործականի վրայ, ինչպէս՝ կատարելագործվել։ Ո՛չ առաջինը եւ ո՛չ երկրորդը տալիս են նոր լեզուում կրաւորականի գաղափար։

* Շատ մարդիկ, որ ամեն բան չափում են հին լեզուի չափով, Աւետիքեան Հ. Գաբրիէլի պէս նոր լեզուին ասում են «աշխարհաբար»։ Չափեցէք պարոններ, բայց այնպէս արէք, որ նոյն իսկ հին լեզուին չհակառակէք։ Հին լեզուի բար մասնիկը մակբայացուցիչ է եւ աշխարհաբարը մակբայ եւ ոչ լոկ ածական անուն։ Բացի սորանից, եթէ նոր լեզուն «աշխարհաբար» է, ուրեմն հինը՝ «գրաբար» եւ ոչ «գրաբառ»։ Յայտնի է, թէ ուղիղ խօսելով՝ չէ կարելի ասել գրաբար, այլ գրաբառ, ուրեմն եւ աշխարհաբառ եւ ոչ աշխարհաբար ։ Շտապում ենք այդ պարոններին իմացնել, որ գրաբառ կամ աշխարհաբառ խօսքերը չեն բաղկացած գիր եւ բառ կամ աշխարհ եւ բառ բառերից, այլ գիր եւ բարբառ, աշխարհ եւ բարբառ ։ Ոչ մի տեղում չենք տեսնում ի գրոց բառ, ի բառ աշխարհին, այլ ի գրոց բարբառ կամ ի բարբառ գրոց, ի բարբառ աշխարհի կամ յաշխարհիկ բարբառ, որ միանալով (կրճատուել է բարբառ խօսքը եւ մնացել է միայն բառը, որով եւ դարձել է մէկ բառ (ածական) գրաբառ, աշխարհաբառ։ Ածական անունը երբեմն վարվում է որպէս մակբայ, ինչպէս նաեւ գրաբար եւ աշխարհաբար խօսքեր՝ գըրաբառ խօսել, աշխարհաբար գրել. բայց բուն մակբայը կամ մակբայի սեփական վերջաւորութեամբ բաղադրված մակբայը չէ վարվում որպէս ածական։ Նոյն այս հին լեզուի կանոնով էլ սխալ է «աշխարհաբար» ասելը, աշխարհաբառ ասելու տեղ։

* Շատ նորելուկ գրողներ այնքան սիրահարուած են վեվի տեղ ու գործածելու վրայ, որ կրաւորականի անցեալ ընդունելութիւնն էլ շատ անգամ գրում են ու մասնիկով. ինչպէս, գրված ասելու տեղ ասում են գրուած. այս երկուքը տարբեր բաներ են եւ առանց ուղղախօսութիւնը շփոթելու չեն կարող իրար տեղ գործ դրվել։ Ներգործականի անցեալ ընդունելութիւն է գրած, իսկ կրաւորականինը՝ գրված. էլ սոցանից դուրս անցեալ ընդունելութիւն չկայ։ Մնաց որ շատ անգամ կրաւորականի տեղ էլ ներգործականն է բանում. չենք ասում հալված եղ, այլ՝ հալած եղ. յայտնի է, թէ հալածը կրաւորականի զօրութիւնով է գործ դրվում այստեղ։ Պիտի իմանալ նոյնպէս, որ անցեալ ընդունելութիւնը գործ է դրվում ածական առմամբ։ Իսկ ուած կամ ուածք ը, երբ միանում են մի բառի հետ, ինչպէս գրուած կամ գրուածք, գոյական են եւ վերացական նշանակութիւն են ստանում, ինչպէս գրութիւն։ Միեւնոյն ուժն ունի, եթէ ասենք «իմ գրութեանց մէջ կամ իմ գրուածքի մէջ»։ Պարզ է, թէ այս ընդունելութիւն չէ, այլ գոյական անուն։ Բացի սորանից, ուած կամ ուածքը, միանալով մի բայարմատի հետ, ինչպէս ծեծուածք, ռուսի ость կամ ность, իսկ ֆրանսերէն ––––––––– վերջաւորութեանց ուժն ունի. Ինչպէս՝ երկաթի ծեծուածքը, երկաթի քաշուածքը՝ ковкость желѣза, тягучесть желѣза։ Չգիտենք, թէ ինչպէս բացատրենք մեր գաղափարը, որ աւելի որոշ կերպով յայտնվի։ Պ. Պռօշեանցի գործի մէջ (եր. 1088) կարդում ենք «Ամբերթը գոված ջուր ա, համա սրա խումը չունի»։ Այս խում խօսքը ճիշտ այն է նշանակում, ինչ որ մենք ուրիշ բառերում ուզեցանք ասել. այսինքն՝ եթէ ջրին խումը, ապա եւ երկաթին ծեծուածքը։ Յոյս ունինք, որ այժմ հասկացուցինք, թէ ինչ նշանակութիւն ունի ուածը կամ ուածքը եւ թէ որքան հեռու է նա կրաւորականի անցեալ ընդունելութեան ված վերջաւորութիւնից։ Եթէ այսպէս է (որպէս եւ է), ապա ուրեմն կրաւորական ընդունելութեան ված վերջաւորութեան տեղ ուած կամ ուածք գրելը աններելի սխալ է ուղղախօսութեան ընդդէմ։ NB. Իւ վերջացած բառերը, ինչպէս պատիւ, եթէ գործ են դրվում որպէս պատուած եւ այլն, վերացական նշանակութիւն չունին եւ կարող են կրաւորական անցեալ ընդունելութեան տեղ վարվել, մանաւանդ որ պատուածը պատել բայի կրաւոր անցեալի ընդունելութեան տեղ կարող է հասկացվել, թէեւ պատած կարելի է եւ կրաւորականապէս գործ դնել, ինչպէս հալածը, որի մասին խօսեցանք։

Առ հասարակ մենք խօսում ենք ընդհանուր կանոնների վրայ, որոնց մանրամասն եւ բացառայական կանոնների աւանդութիւնքը պիտի քերականութիւնից եւ բառարանից պահանջել։

*   Մենք շատ հին լեզուով գրողներ գիտենք, որ եւ հին լեզուի մէջ երբեմն գործ են ածում իրենց սքանչելի տրամաբանութիւնը. փոխանակ գրելու ցաւէ ինձ ՝ ցաւ է ինձ գրելով։

*   Այս բոլոր հոլովմունքը մանրամասն ե՛ւ իրենց խոտորմունքներով, ե՛ւ բացառութիւններով աւանդելը քերականութեան գործն է եւ մեր ներկայ քննութեան մէջ տեղ չունի. ապա թէ ոչ, մեր հատուածը բնաւ չի վերջանալ։

* Թուղթ կաթուղիկեայց Խապառաճեան հօր ընդդէմ Թոռնակայ Կըկռեկեան, տպեալ ’ի Փարիզ, յերեսներորդ եօթներորդ ամի բնակութեան հեղինակին ’ի նմին քաղաքի։

* * օք վերջաւորութեամբ գործիականը միմիայն «ձեռք» բառը հոլովելի ժամանակ Նոր Նախիջեւանի հին պառաւները ասում էին՝ «ձեռօքս գրի», բայց այժմ իսպառ չէ լսվում։ Առ հասարակ այդ քաղաքի լեզուն մեծ փոփոխութեան է ենթարկվել, որոնց մի քանիսը՝ մեր աչքի առջեւ կատարված։ Սորանից 20-30 տարի առաջ շատ պառաւներ կամ ծերունիք գործ էին ածում այնպիսի բառեր, որ բաւական մօտաւորութիւն ունէին հին լեզուին, օրինակ՝ բերեմ բայի կատարեալի երրորդ դէմքում ասում էին ի բեր փոխանակ եբեր, նոյնպէս դնեմ- ի կատարեալը եդեր, փոխանակ եդ ։ Այսօր այս բոլորը անհետացել են, եւ Ղրիմից բերած թաթար բառերի պաշարի վրայ ոչ միայն «օր ըստ օրէ», այլ «ժամ ըստ ժամէ», եթէ կարելի է այսպէս ասել, աւելանում են ռուսի բառեր. այնպէս որ, սորանից յիսուն տարի ետքը, եթէ այս աղճատանքի առաջը չառնվի, հարիւր բառի մէջ քսան հինգ բառ հայի չպիտի մնայ։ Ցաւալի երեւոյթ։

* Արդարութիւնը պահանջում է խոստովանել, որ այս կարճութեան համար պահելն էլ իրաւունք չէ։ Նոր լեզուի բառը կարճ է թէ երկայն, որ այդպէս է ձեւաւորվել, մենք ի՞նչ ունինք մերժել այդ բառը։ Հին լեզուում չկան բազմավանկ բառեր։ Բայց այս կայ, որ անհնար է մէկ օրվայ մէջ կամ մէկ տարու մէջ, միայն տեսական կանոնների վրայ հիմնվելով, հազար տարու աւերանքը շինել. հերիք է, եթէ միայն այդ ուղղութիւնով առաջ երթանք։