Հրապարակախօսութիւն եւ քննադատութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա




ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ

ՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՏԱԽՕՍ ԱԲԵՂԱՆԵՐԻՆ

Թարգմանութիւն եւ բացատրութիւնք

Մ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆՑ

 

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ [1] ) ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ ԵՒ ՄԱՐԶՊԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՑ ՏԻՐՈՋ ՎԱՀԱՆԻՆ ԱՄԻԹ ՔԱՂԱՔԻՑ

ՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՏԱԽՕՍ ԱԲԵՂԱՆԵՐԻՆ ԹՂԹԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ [2] )

Աստուածային շնորհը միշտ լուսաւորում է արդարութիւն սիրողներին եւ մանաւանդ նորանց, որ սորվելով Քրիստոսից, որ ասում է «քննեցէք գրքերը», [3] ) աստուածային բանի քննութեանը պարապեցան։ Մեծ շահ համարելով իրենց անձերին երկնաւոր խօսքը՝ միշտ պատրաստ ունեցան, որ թէ՛ իրենց եւ թէ՛ լսողների հոգիները թեւաւորեն այն տեսակ առաքինութեան մասների հասնելու համար. որովհետեւ, զօրութեան եւ իմաստութեան որպէս պատճառ ընդունեցին այդ խօսքը՝ սորվելով մարգարէից, որ ասում է, թէ. «Ով որ պատուականը անարգից հանէ իմ բերանը կը լինի»։ [4] ) Պատճառ, ճշմարիտ, արդար եւ օրինաւոր խօսքը՝ ժողովրդին խրատելու համար ասուած, երկնաւոր լուսով ծաղկեցնելով, պտղաբեր է անում լսողների հոգիները։ Այս մարդիկը, վաճառականների նման, ծով ու ցամաք ման են գալիս՝ իրենց մտքի խորհուրդը երկնաւոր եւ չապականուող գանձով հարստացնելու համար, որ իրենցից խնդրողներին տալ կարողանան աստուածային խօսքը, հոգու փրկութեան համար։

Այս տեսակ մարդերից մէկը՝ երանելի Ղազարը, սիրող եւ պարապող այսպիսի երկնաւոր արուեստի, դեռ երեխայական հասակից սկիզբն անելով բանական գիտութեան պարապելու, Յունաց աշխարհը գնաց, եւ այնտեղ լաւ եւ առաքինի մարդերի ձեռքի տակ ուսանելով եւ աստուածային խօսքի մարգարիտը կատարելապէս իր մէջ ընդունելով՝ վերադարձաւ իր աշխարհը։

Եւ որովհետեւ մարդկութեան մէջ սովորական մի բան է, որ իմաստունները եւ մեծամեծները գնում են վաճառականներից մարգարիտը եւ պատուական հանդերձները, որ ամեն երեւելի մարդոց մէջ երեւելի եւ պայծառ երեւին, այսպէս էլ իմաստուն եւ Աստուծու պատուէրներին տեղեակ մարդիկը, Ղազարի գիտութեան մասին լսելով, գովեցին։ Եկեղեցիները, նահատակների մատուռները եւ ուսումնարանները ամեն ժամանակ խնդացին եւ ուրախացան նորանով. նորան լսողների հոգիները ծաղկում էին այն շնորհից, որ նորա բերնից էին դուրս գալիս [5] ). եւ, բանական գիտութեամբ, հայրապետների եւ եպիսկոպոսների մէջ արուսեակ աստղի պէս պայծառացած էր փայլում։

Մեծիմաստ Վահան մարզպանը՝ Հայոց զօրավար եւ Մամիկոնէից Տէրը, կամենալով նորան առաւել մերձաւոր եւ սիրելի անել իրեն, նորան յանձնեց Նոր քաղաքի երեւելի եւ հոյակապ տեղը, որի անունը Սուրբ Կաթուղիկէ եկեղեցի էր, վանքովը հանդերձ [6] Ղազարն էլ, մարզպանի հրամանը ընդունելով, կառավարում էր այդ վանքը։

Եկեղեցու փայտեղէն շինուածքի կրակից վնասուելու պատճառով շատ նեղութիւն քաշեց Ղազարը չնչին եւ անպիտան մարդերից. ուստի միտքը բերելով եւ յիշելով Պաւղոսի խօսքը, թէ. «Թո՛ղ աստուածասէրքը ամեն ժամանակ այնպէս ապրին, որ նոցա խիղճը չտանջէ նորանց» [7] ), աղօթք էր անում՝ ասելով, թէ Աստուծուց խնդրում ենք, որ ձեզ մի չար բան չպատահի, եւ միտքը դրեց այն տեղից Յունաց կողմերը գնալ։ Հասաւ Ամիթ քաղաքը եւ այնտեղ մի քանի ժամանակ մնաց։ Այս տեսնելով՝ չար նախանձով լցուած մարդիկը սուտ խօսքեր հանեցին նորա վանքի եւ նորա ուսումի մասին, որ նորա բարձր անունը կարողանան ցածցնել։

Լսելով այս բոլորը՝ Ղազարը քաջ պատերազմողի պէս զինեց իրեն, որ զօրաւոր խօսքերով իր ոգու եւ անվախութեան եւ կերպարանքի պատկերը այս թղթի ձեռքով յայտնէ նոցա, որով եւ լուսափայլէ վաստակը իր քարոզութեան, որ առաջ արել էր նոցա մէջ, որպէսզի չարախօս մարդոց լեզուն կարճանայ, որովհետեւ այս կերպով (ասում էր) տգէ՛տ եւ չիք մարդիկը Հայոց աշխարհից հալածեցին լաւ եւ պիտանի մարդոցը։ Եւ մանաւանդ վստա՛հ լինելով ամենիմաստ մարզպանի վրայ, թէ նա գիտէ չլսել խաբեբայական խօսքերի եւ իրաւունքը ճանաչել, որպէսզի նորա առջեւը արդարացնէ իւր անձը այս թղթի ձեռքով։ Եւ յաղթօղ երեւելու համար, գիտութեան զէնքը առնելով իր ձեռքը, ուղարկեց այս թուղթը բարեսէր, մեծ եւ պատուական նախարար Մամիկոնեան Համազասպի [8] ) ձեռքով, որ Ղազարի այս տեղից վերադառնալուն բուն պատճառը դարձաւ, որ մարդիկ միւսանգամ խմեն նորա գիտութեան աղբիւրից եւ արդարութիւն պտղաբերեն Աստուծու։

Հայոց երրորդ պատմութիւնը [9] ) իմ երանելի Ղազարը գրեց. այս պատճառով, այդ գրքի մէջ մենք նորա այս Թուղթն էլ գրեցինք, որ ընթերցասէրքը, Պատմութիւնը կարդալով, այս Թուղթն էլ կարդան եւ նորա խօսքի արժանաւորութիւնը փորձով հասկանան։

 


 

ԲՈՒՆ ԹՈՒՂԹԸ

 

Մեր Փրկիչը եւ Տէրը Յիսուս Քրիստոսը, սաստիկ զգուշացնելով առաքեալիներին, պատուիրում էր, թէ երբ ամեն ինչ որ հարկն է կատարէք, ասացէ՛ք, թէ անպիտան ծառաներ ենք [10] Բայց ինչի՞ Աստուծու հոգեւոր մշակ սուրբ Պաւղոսը, նեղանալով երբեմն այն մարդոց վրայ, որ նախանձել էին նորանում եղած մեծ շնորհին, այլեւ այդ մարդոց նոր դարձուած աշակերտների հետ գայթակղեցուցիչ եւ անհանճար բաներ խօսելու համար, սո՛ւտ մշակներ անուանեց նորանց [11] ), եւ, չկարողանալով դիմանալ եղած գայթակղութեանը, Քրիստոսի կանոնին ընդդէմ վարուեցաւ, եւ ինքը իր լաւութիւնքը եւ աշխատութիւնքը մեծ մեծ պարծանքով գրեց [12] Եւ ո՛չ բնաւ որպէս մի սխալուած մարդ մերժուեցաւ, ա՛յլ, պայծառապէս կացաւ ու մնաց նո՛յն առաքելութեան մէջ։ Եւ թէ ինչի՞ այս այսպէս էր լինում, թո՛ղ քննողը հասկանայ, եթէ կարող է. ապա թէ ո՛չ, թող լռէ՛։

Արդ, դո՛ւ, Տէ՛ր, քա՛ղցր, խոնարհամի՛տ, արդարասէ՛ր եւ ճշմարտասէ՛ր մի մարդ ես, եւ Աստուծու հաւատքին առաւե՛լ մօտ ծանօթ [13] ), ինչպէս եւ քո ամեն նախնիքը։ Իսկ ե՛ս՝ անպիտա՛նս, թէպէտեւ Տիրոջդ առջեւը ամենների կղկղանք [14] ) երեւիմ, տղամարդի որդի լինելով [15] ), իբրեւ մի անզգամ, ինչպէս Պաւղոս մեծ առաքեալը, բայց դո՛ւ Քրիստոսին նմանելով, տանելով եւ ներելով իմ անզգամութեանը, ընդունէ՛ ինձ որպէս մի անզգամ [16]

Տղայութեանս ժամանակ իմ վարած կեանքի որպիսութիւնը, դո՛ւ, Տէ՛ր, ի՛նքդ լաւ գիտես [17]

Իմ ուսուցիչների [18] հրամանով գնացի Յունաստան եւ մի ժամանակ մնացի։ Այն տեղից վերադարձած կեցայ Կամսարականների [19] մօտ, այն բոլոր պատերազմների եւ խռովութեանց ժամանակները մինչեւ ձեր հնազանդուիլը [20] ։ Նորանից յետոյ, ձանձրացած լինելով այդ շփոթների նեղութիւնից, կամեցայ աղօթքի պարապել եւ հանգստանալ։ Այս պատճառով գնացի Սիւնեաց աշխարհը եւ երկու տարի կեցայ, ձմեռները մի քարանձաւում, գաւառի բոլոր բնակիչներից, բոլոր կրօնաւորութեան մէջ հռչակուած մի մարդու մօտ, որի անունը Մովսէ՛ս էր եւ տեղի անունը՝ Անձուկ։ Իսկ ամառները, այն տեղի շատ տաք լինելու պատճառով, Սիւնեաց եպիսկոպոսը՝ տէր Մուշէն [21], տանում էր ինձ իր մօտ, ինչ տեղ որ լինէր ինքը ապահովութեան դուրս եկած։

Եւ ա՛յսպէս, իմ առաջուայ վարք ու բարքս գիտեն տէր Ներսէ՛հ եւ Հրահա՛տ [22] Կամսարականները, իսկ Սիւնեաց երկրում ունեցած կեանքիս որպիսութիւնը գիտէ վերը յիշուած Սիւնեաց աշխարհի եպիսկոպոսը։ Եւ դու, փնտռելով ինձ եւ գտնելով Սիւնեաց աշխարհում, տարիր քո տունը ո՛չ որպէս մի տան պատկանաւորներից, կամ սպասաւորներից մի աղքատ մարդ, եւ ո՛չ որպէս քեզանից օտար, կամ մի ուրիշի ծառայ [23]. որովհետեւ պարեգօտ հագնողները ազատուած են Քրիստոսով։ Իսկ ինձ աշխարհի ծառայութիւնից պարեգօտով որոշող եւ ազատութեան պատճառ եղողը Տէր Աղանն էր՝ Տիրոջդ մօրեղբայրը [24] ։ Այդ պատճառով, Հայերի մէջ, քե՛զ, Տիրո՛ջդ արժանի էի։

Բացի սորանից, քո երանելի մայրը, երբ բդեշխի [25] մօտ բերեց ձեզ, որի տանը եւ մե՛զ ուսում էին տալիս. թէպէտեւ տարիքով աւելի հասակաւո՛ր էինք ձեզանից, այլ սննդակի՛ց էինք ձեզ եւ խաղակի՛ց՝ խաղալու ժամանակ ձեր արկանելին [26] ձեր քամակից տանելով։ Եւ ձեր օրհնեալ մայրը եւ Անոյշ-Վռամը, իրենց հոգեսիրութեամբ, մե՛զ էլ ձե՛զ հետ, ձե՛ր պէս սնուցին։ Այս բոլո՛ր պատճառներով քե՛զ՝ Տիրո՛ջդ արժանի էի։

Իսկ, իմ ունեցած շատ շնորհին նայելով, որ Քրիստոսը տուեց ինձ, որպէս արժանաւորի, թէ անարժանի, այն՝ տուողը լաւ գիտցաւ, ապա արդա՛րեւ քե՛զ միայն արժանի էի։

Որովհետեւ վերին Նախախնամութիւնը այս դարում, քո քաջութիւնդ զօրացնելով, պայծառացուց ամեններից առաւել, քան որ կային եւ կամ որ ա՛յժմ կան Հայերի մէջ, եւ իմ շնորհը՝ առաւե՛լ, քան շատ պարեգօտաւորների շնորհից (ահա անզգամեցայ եւ խօսում եմ, աղաչում եմ մի փոքր ներէ՛ իմ անզգամութեան), այս պատճառով էլ, ճի՛շդ եւ առաւե՛լ, քե՛զ միայն արժանի էի։

Եւ ես եմ ա՛յն Ղազարը, որին, քո եւ շա՛տ ուրիշների ասածին պէս, փոխանակը մարդ չկայ. իսկ ա՛յժմ, նախանձի չարութեան պատճառով, շատե՛րն աշխատում էին լինել իմ փոխանակ. բայց թէ կարողանայի՜ն լինել։

Դեռ արարածների սկզբի՛ց շատ ոճիրներ գործեց նախանձը աշխարհում։ Սատանա՛ն, դեռ սկզբում, նախանձելով կործանեց նախաստեղծին եւ հո՛ղ դարձուց նորան։ Իմաստութեան [27] մէջն էլ վկայում է Աստուածաշունչը, թէ «Սատանայի նախանձե՛լով մահը աշխարհ մտաւ»։ Դեռ երկո՛ւ մարդ միայն ծնուել էին Ադամից աշխարհի երեսին՝ Կայէ՛ն եւ Աբէլ, նախանձ ձգող դեւը տիեզերքի անչափելի տարածութեան վրայ որպէս մի փոքրիկ եւ նեղ բանի վրայ նայել տուեց Կայէնին՝ եղբայրասպան անելով։ Եսա՛ւը, նախանձի՛ց գրգռուելով Յակոբի վրայ, սորա մահն էր մտածում [28] ։ Նախանձի՛ ձեռքով անմեղ Յովսէփին դէպի ստրկութիւն վաճառեցին նորա խելացնոր եղբարքը [29] ։ Նախանձի՛ ձեռքով Ահարոնին եւ Մարիամին՝ այդ երկու հոգեշնորհ անձանց, սատանան, անարժան խորհուրդ յղանալ յանդգնեցնելով, մարգարէ կնոջը բորոտեցուց [30] ։ Նախանձի՛ ձեռքով Սաւուղը այն թշնամին կործանող եւ ժողովուրդը ապրեցնող մարդուն՝ Դաւթին, անդադար ականատներ էր դնում եւ աշխատում էր կորցնել [31] ։

Բայց, էլ ո՞ւր եմ խօսում արարածների միմեանց ունեցած նախանձի մասին, երբ եւ ամեննե՛րի արարչին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, նախանձի պատճառով Հրէից ժողովուրդը եւ քահանայապետքը, առաջ ժամանակներում ծաղր անելով, թշնամանում էին՝ երբեմն կախա՛րդ կոչելով, ինչպէս. «Դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռքո՛վ դեւեր է հանում դա՛» [32] ։ Երբեմն, գինեմո՛լ եւ ուտող խմող էին անուանում՝ Նորա աշակերտների ասելով. «Ինչի՞ ձեր Վարդապետը մեղաւորների հետ միասին ուտում է, խմում» [33] ։ Բացի սորանից, «պահք չպահո՛ղ եւ ամեն ժամանակ կերակուր ուտող» անուանելով, նախատո՛ւմ էին՝ «Ինչի՛ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները պահում են եւ քո աշակերտքը չեն պահում եւ խառն ուտում են» [34] ասելով։ Նորան «դիւահա՛ր» էլ կոչեցին. «Չէ՞ որ ճշմարիտ ենք ասում, թէ Սամարացի՛ ես դու եւ դեւ կայ քո մէջ»։ [35] Յետոյ, սուտ վկանե՛ր ժողովելով, իրենց նախանձի եւ վրէժխնդրութեան պատճառով, ոչինչ բաներ էին խօսել տալիս նորանց, [36] եւ իրենք ուրախացած բացագանչում էին դատողների առջեւը, ուր, ինչպէս Աւետարանիչը վկայո՛ւմ է, Պիղատոսը ճանաչելով, թէ նախանձի պատճառով մատնեցին նորան, ձեռքերը լուանալով, ասաց. «Ես անպա՛րտ եմ այդ մարդու արիւնից, որովհետեւ մահի արժանի յանցանք բնաւ չգտայ դորանում, դո՛ւք առէք եւ ձեր օրէնքով դատեցէք»։ [37] Եւ ձգեց նորան օրէնքի եւ ժողովրդի ձեռքը, որ երկո՛ւքն էլ մահապարտ էին՝ ե՛ւ Հրէից ժողովուրդը, ե՛ւ օրէնքը։ Սոքա՛, չդիմանալով դիւամոլ նախանձին, մահի մատնեցին Նորան, եւ ո՛չ արդարների, այլ՝ անիծուա՛ծ [38] մահի, որպէս մի չարագո՛րծ եւ մարդասպան, այսինքն՝ խա՛չի. Նորա՛ն, որ արարի՛չ էր եւ նորոգիչ, կեա՛նք տուող եւ մահ սպանող, ամենի՛ երախտաւոր, քաղցր եւ շա՛տ ողորմած։

Եւ այս բոլորը մեր համար իր անձով քաշելով՝ Փրկիչը շուտ շուտ զգուշացնում էր այս մասին եւ իր աշակերտներին, թէ՝ ձե՛զ էլ պիտի պատահի այս ամենը, եւ չլինի՛ թէ, անպատրա՛ստ գտնուելով, ձե՛զ հասած վշտերից վախենաք։ Եթէ ի՛նձ սիրեցին, ապա եւ ձե՛զ կը սիրեն, եթէ ինձ հալածեցին, ձե՛զ էլ կը հալածեն, եթէ ինձ ատեցի՛ն, ձե՛զ էլ կ’ատեն. [39] եւ եթէ ի՛նձ, որ տանը տէ՛րն էի, Բէեղզեբո՛ւղ անուանեցին, ո՞րչափ եւս առաւել ձե՛զ եւ իմ մօտ մարդոցը պիտի ասեն [40] ։

Ա՛յսպէս էլ, նախանձի պատճառով, իմ մասին հանել էին շատ բամբասանքներ՝ ասելով, «թէ Ղազարն ասո՛ւմ է, որ պոռնկութիւնը մեղք չէ՛. այս բանը մարզպանին էլ գրել է նա»։ Թէ ճշմարի՞տ էր այդ, դո՛ւ, Տէ՛ր, խիստ լաւ գիտես, քան թէ այն սո՛ւտ կարծողքը։ Եւ ուտող խմող եւ պի՛ղծ մարդիկ քա՛ղցր ախորժանքով ընդունում էին այդպիսի բաների լուրը՝ իրենց մէջ բուն դրած չար գործերին որպէս մի օգնութիւն։

Բայց ո՞վ արդեօք անհաւատներից, չասե՛նք՝ քրիստոնեաներից, իր մտքի մէջ կարող է այդպիսի բան խորհել, թող թէ եւ մի ուրիշի մօտ բերնից հանել. ո՞ր անմիտը, ո՞ր տգէտը, ո՞ր Հրէան, ո՞ր այլաղանդը։ Եւ Ղազա՞րն էր այդ քարոզում. ո՞ւմ կամ ո՞ւր եւ կամ ե՞րբ։ Ղազա՞րը, որ տգէ՜տ է գրոց, որ անկի՜րթ է եւ անուսումն, որ Մովսիսական օրէնքին օտա՜ր է եւ Քրիստոսի տուած շնորհին անտեղեա՜կ։ Արդեօ՛ք, այս մեր Հայոց աբեղայքը արտասուքի, ողբալու եւ շատ սուգի արժանի չե՞ն, երբ հանում են անպիտան համբաւներ եւ նախանձի պատճառով խօսում են անարժան բաներ։

Պա՛տճառ, ո՞վ արդեօք երկայնամիտ եւ բարկութիւն չունեցող Աստուածը դրդելով դէպի այնպիսի ահաւոր բարկութիւն շարժեց, որ ջրհեղեղ անէր բովանդակ երկրի երեսը, մինչեւ որ բոլոր սարերը ծեծկուեցան. չէ՞ որ նա, որ պոռնկութեամբ էր բորբոքուած։ «Տեսա՛ն, - ասում է, - Աստուծու որդիքը մարդոց աղջկերքին եւ խառնակուեցան նոցա հետ» [41] ։

Ի՞նչ բանի համար, որդոց որդի, մինչեւ յաւիտեան այնպէս մե՛ծ համարուեցաւ Ահարոնեան Փենեհեսի արդարութիւնը, եթէ ոչ Զամբրո՛ւն, իր Մադիանացի բոզի հետ միասին, գեղարդով զարկելո՛ւ, գետնին ցցելո՛ւ եւ Աստուծու բարկութիւնը իջեցնելուն համար [42] ։ Ո՞ր բանի պատուհասի համար, Տիրոջ ժողովրդից քսան եւ չորս հազար հոգի մէ՛կ պատերազմում ընկան [43] ։ Ամոնը չէ՞ր, որ, անխե՛լք խօսքերի համար, երկար ժամանակ ատելի դարձած լինելով իր եղբօրը, սպանուեցաւ նորա ձեռքով [44] ։ Ուզո՞ւմ են դեռ Մովսիսի գրած պատմութիւնից եւ ուրիշ մարգարէներից լսել այդ բաների հակառակը. թող նայի՛ն եւ տեսնե՛ն առաջին հարց ապաշխարութեան ճանապարհը։ Աստուծու մա՛րդը՝ Ենո՛վքը, որ օրինաւորապէս ամուսնացա՛ծ էր, հաճո՛յ գտնուեցաւ Աստուծու եւ դէպի անմահական վիճակը փոխուեցաւ [45] ։ Նո՛յը, շատ ժամանակ, մինչեւ հի՛նգ հարիւր տարի կուսութիւն պահելով եւ սորանից յետոյ որդեծնութեան համար սրբութեամբ ամուսնանալով, այս աշխարհի երկրորդ հայրը դարձաւ [46] ։ Այսպէս եւ մարգարէների մէջ մեծը՝ Մովսէ՛սը. այսպէս էլ նորա պաշտօնեայ եւ կուսութեամբ պատուած Յեսո՛ւն։ Իսկ այն զարմանալի մարդու՝ Եղիայի գովութիւնը ո՛վ արդեօք բերնով կարող է պատմել, որ մարմնի մէջ եղած ժամանակ անմարմինների պէս ապրելով հրեղէ՛ն կառքով դէպի հոգեղէն կեանքը վերացաւ [47] ։ Իսկ եթէ Քրիստոսի պարգեւած Աւետարանից կամենան այսպիսի օրինակներ, աւելի խի՛ստ եւ աւելի զարհուրելի՛ բաներ կը գտնեն։ Փրկի՛չը, գործուածի մեղք լինելը բոլորովին մի կո՛ղմ թողած, լո՛կ ցանկութեան պատճառով նայե՛լը կատարուած շնութեան հետ հաւասարեց՝ ասելով, թէ որ մէկը ցանկութեան պատճառով նայի կին մարդու վերայ, արդէն իր սրտի մէջ շնացաւ նորա հետ [48] ։

Այլեւ հեթանոսաց վարդապետի քարոզութիւնն էլ սոցա վրայ աւելցնելով՝ թող լսե՛ն ու լռեն լի՛րբ եւ անամօ՛թ մարդիկը, որ ուրիշների բերնից իրենց կամքի ուզա՛ծն են խօսում եւ չե՛ն սոսկում Տարսոնացի Սերովբէ Պաւղոսից՝ ա՛յն մարդուց, որով Քրիստոսը խօսում էր [49] աշխարհի հետ, որ Փրկչի չարչարանքների մնացո՛րդը իր նեղութեամբ լցուած մարմնի վրա՛յ էր կրում [50] ։ Ինչ որ սա՛, իր բոլոր թղթերում, պոռնիկների արքայութիւն չժառանգելու մասին գրեց խի՛ստ շատ են, եւ այդ բոլորը մանրամասն գրել այստեղ շա՛տ աշխատութիւն եմ համարում եւ աւելո՛րդ. պա՛տճառ, Հաւատքի տեղեա՛կ [51] մարդու հետ է խօսքս։ Այլ այն քի՛չ խօսքերից, որ Կորնթացոց առաջին [52] թղթումն է գրում, թէ ինչի՞ բնաւ պոռնկութեան անունը կայ ձեր մէջ, մնացած ամե՛նն էլ հասկացւում է։ Եւ Եփեսացո՛ց, թէ «պոռնկութեան եւ ամենայն պղծութեան, կամ ագահութեան անո՛ւնն էլ թող չլինի ձեր մէջ» [53] ։ Եւ իսկո՛յն, սորա քամակից, թէ «ո՛վ որ պոռնի՛կ է, կամ պի՛ղծ, կամ ագա՛հ, որ է կռապաշտ, ժառանգութիւն չունի՛ Քրիստոսի թագաւորութեան մէջ» [54] ։

Թո՛ղ ասե՛ն այժմ այդ չնչին եւ թշուառակա՛ն մարդիկը, թէ ինչի՞ նախանձի պատճառով ձգում են իրենց անձը չապաշխարուելու մեղքի տակ, որոնց մասին եւ Յովհաննէս առաքեալը [55] յիշում է՝ ասելով, թէ «կա՛ն մեղքեր, որ մահի՛ հաւասար են», որ եւ Աւետարանչաց գրուածոց մէ՛ջ անգամ կարդում են, թէ «ո՛վ որ Հոգին Սո՛ւրբը հայհոյէ, նորա մեղքը չթողուի՛, ո՛չ այս եւ ո՛չ գալու աշխարհում» [56], բայց արհամարհողների պէս, բանի տեղ չեն դնում։ Բայց մարդ մարմնի թուլութեան պատճառով մեղք է գործում, ինչպէս եւ ես, որ ամեն մարդերից էլ մեղաւո՛ր եմ. բայց մեղքը մե՛ղք չէ ասել, ո՞ր արհամարհոտ եւ ամբարիշտ հոգին կարող է մտքից անցնել։ Իսկ ով որ ճանաչէ իր յանցանքը եւ զարհուրած սրտով կարող լինի զղջալ շտապել իսկոյն թողութիւն կը ստանայ։ Բայց ո՛վ որ յիմար կոյսերի [57] ձեւո՛վ կամենայ ազատուիլ, թողութիւն չի ստանայ։

Դարձեալ ասում էին. «Աղանդաւո՛ր է»։ Եւ այս բանը աշխատում էին շուտ շուտ ամենին յայտնել եւ, տկարամիտ մարդերին հաւատացնելով, իմ մէջ եղած շնորհի վարդապետութեանը, որպէս մի թերի բանի վրայ նայել էին տալիս։ Աղանդի անո՛ւնն անգամ, որով այդ յանդուգն մարդիկը բամբասում էին ինձ, գրով գրելու համար ես շա՛տ աղտեղի եմ համարում։ Բայց նոցա հայհոյանքի խորհուրդը, մի փոքր առաջ յիշուած, դարձեալ նոցա ասած բաներին նման էր, ինչպէս պոռնիկների մեղքը թեթե՛ւ եւ չնչի՛ն համարելը։

Բայց ե՛ս, իմ կարողութեան չափով, Յունական գիտութեանց պարապելով, իմ տկա՛ր մտքի զօրելու համեմատ, կարդացա՛ծ եմ գրուածքը սո՛ւրբ մարդոց, որ Սուրբ Հոգու զէնքով զինուած, աղանդաւոր վարդապետութեանց հոգեսպան սուրերը այդ վարդապետութիւնքը հնարողների սրտերին դէմ դարձնելով, նոցա աղեղները փշրեցին [58], եւ իրենց փրկարար վարդապետութիւնը գրո՛վ մեզ աւանդեցին, ինչպէս արդա՛ր եւ հոգեսէ՛ր հայրեր՝ ամեն յիմար մարդոց օգտի մասին հոգալով։ Որոնց գրուածքը եթէ մի մարդ երկա՛ր եւ ջե՛րմ սիրով կարդայ, անվնա՛ս կարող է լինել եւ հեշտ ազատուիլ չար աղեղնաւորների կրակ թափող նետերից. Սուրբ Աթանաս Աղեքսանդրացու եւ երկու միանուն մարդոց՝ Կիւրեղ Աղեքսանդրացու եւ Կիւրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու եւ Նազազացի Գրիգորի, որ իր շատ շնորհի պատճառով աստուածաբան ասուեցաւ, եւ մեր առաքելանմա՛ն նահատակ Հայոց վարդապետ Գրիգորի մասի՛ն է խօսքս, եւ նոցա՛ նմաններին, որ նո՛յն առողջամտութեան ճանապարհին հետեւելով վարդապետեցին։ Այս պատճառով եւ մի՛ւս բոլորը եւ ինչ որ նոցա մօտ եղած մարդո՛ցը վերաբերեալ, նորա ծառաները [59], Աղեքսանդրացի Արիոսի, Գատիկեցի Ապողինարոսի, Անտիոքացի Նեստորի, Կոստանդնուպօլսեցի Եւտիքէսի եւ Կումբրի ստրկի (որ յետոյ Մանի անուանեց իրեն, եւ այս պատճառով էլ նորա հետեւողքը Մանիքեցիք կոչուեցան) բոլո՛ր գրուածքները ունին եւ ուրիշ շատերի, սոցա նման կորստի ճանապարհը գնացողների գրուածքը, որոնց Սուրբ, Կաթուղիկէ եւ առաքելական Եկեղեցին նզովե՛լ եւ դո՛ւրս է ձգել, որոնք հեռացած Աստուծու ուղղափառ եկեղեցուց, մինչեւ այսօր վարւում են, ամենքը իր չարութեամբ ներկուած, որ անյայտ չեն միմեանց եւ ամե՛ն ուղղափառ ժողովրդոց էլ յայտնի։

Եւ թէպէտ այս մարդիկը մոլորուա՛ծ են եւ չբժշկուե՛լու կերպով կաղում են հաւատքի մէջ, բայց, այս խօսքո՛վ է միայն եւ ո՛չ գործով. պա՛տճառ, մարմնի պարկեշտութեամբ, ամե՛ն ճգնութեանց մէջ, մինը միւսից գերազանցում են եւ մա՛նաւանդ՝ կերակրի, խմիչքի եւ ցանկականի համբերութեան մէջ։ Իսկ Հայոց աշխարհի աղանդը, որ ասո՛ւմ են, մի հիմնադրի անուն չունի իր վրայ եւ գրուած մի բան չէ՛։ Հաւատքից եւ ուսումից զո՛ւրկ են, գործի մէջ ծո՛յլ եւ անհամբե՛ր, որոնցից, նայելով այն տգիտութեանը եւ անկարգ վարքին, որ կայ նոցա մէջ, արդա՛րեւ արժա՛ն էր, որ ա՛յդպիսի մի աղանդ բուսանէր, առասպելի ասածին համեմատ, թէ «Խո՛զի պէս հարսին կպրէ–կարասը բաղնիք» [60] ։ Իրա՛ւ որ, «թող չպատմուի այս Գէթի մէջ եւ չլսուի՛ Ասկաղովնի դռներում» [61]. կարդացողը կը հասկանայ։

Բայց ես թէ՛եւ այդ տեսակ աղանդաւորներից մի մարդ գիտէի, սա՛կայն, լոկ համբաւի վրայ հիմնելով, դատե՛լ կամ դատապարտե՛լ բնա՛ւ կամք չունէի, ուստի, այն չարաթոյն մարդիկը, կարծո՛ւմ էին, թէ ե՛ս էլ նոցա նման եմ։ Բայց ես չէի դատապարտում ա՛յն պատճառով որ ուսել էի Քրիստոսից, որ չէ հրամայում ամեններին, մինչեւ հնձի ժամանակը յանդգնութեամբ որոմը ցորենից քաղել, այլ խոստանում է հնձի ժամանակ ուղարկել իր հրեշտակները [62], որոնց կամ հրեշտակ է ասում եւ կամ ճշմարիտ վարդապետ. ինչպէս Սուրբ Գիրքը սովո՛ր է վարդապետներին հրեշտակ անուանել [63], որպէս եւ իշխաններին Աստուած ասացին մարգարէքը [64] ։ Իսկ ես, որ ո՛չ հրեշտակ եմ եւ ո՛չ վարդապետ, երբէք էլ սորա կամ նորա կամքը հարցնողներից չեմ եղած, որ մի իշխանութեան գործ գտնեմ, ո՛չ երբէ՛ք [65]. Պատճառ, ինձ ատելու համար (կարելի է՝ իմ անարժանութեան պատճառով) սո՛ւրբ, անարա՛տ եւ ամեն մեղքից ազատ Հայոց այդ ուսուցիչքը, թող թէ մեծ մեծ պաշտօնների հասցնել, ինչպէս եպիսկոպոսութեան, կամ նոցա մէջ առաջին պաշտօնի եւ կամ եկեղեցու դատաւորութեան, այլ քորեպիսկոպոս էլ չարաւ ինձ նոցանից մինը, որ Պարսիկները եւ անարժան մարդիկ այսօր էլ անում են [66] ։

Իսկ ինքս ինձ յանդգնութեամբ առաջ քշել դէպի վարդապետութիւն, ինչպէս անպիտաններից շատերին տեսնում էի, որ անում էին, սարսափում էի Յակովբոսի պէս ահագին մարդուց, որ աղաղակում է. «թէ շատ վարդապետներ մի՛ լինիք, ե՛ղբայրներ, գիտցած եղիք, որ մեծ դատաստան պիտի ընդունինք» [67] ։ Դարձեալ չէի յանդգնեցնում ինձ վարդապետելու, պի՛ղծ եւ վատթա՛ր գործերով լցուած մարդոց պէս, որ իրենց գերանին չնայելով, ուրիշների աչքին մօտենալով՝ նայում են, որ շիւղը հանեն։ Եւ այսպիսի խաբեբայութեամբ աշխատում են իրենց անձը արդա՛ր ցոյց տալ աշխարհի, բայց այդ խաբեբայութիւնը բնա՛ւ չի ծածկուիլ, եւ նոքա է՛լ աւելի շատ յաւելուածներով բարկութիւն են հաւաքում իրենց գլխին դատաստանի օրում եւ չե՛ն լսում Պաւղոսի բողոքը. «թէ որ մեր անձը դատէինք» [68] (ապա չպիտի դատապարտուէինք)։ Ուրիշներն էլ, ագահութեա՛ն ցաւով հիւանդացած, պարտաւորութեան տա՛կ են ձգում արդարի՛ն էլ, ա՛նարդարին էլ, եւ արծա՛թը միայն, որի համար հարստահարում են, ձեռք բերածի պէս, այնուհետեւ ամենին էլ արդա՛ր եւ անմե՛ղ են անուանում եւ չլսո՛ղ լինելով՝ արհամարհում են Ամբակում մարգարէի աղաղակը, մանաւանդ թէ աղաղակով [69] ։

Եւ յօժարութեամբ գուցէ միտքդ բերես, Գիւտ կաթողիկոսի եղբօրորդու երանելի Յովհաննի, Սեւուկի [70] պարտէզում, մի քանի մարդերի կողմից քեզ Տիրոջդ ասած խօսքերը, որ այն մարդիկը, քեզ արծաթ խոստանալով, խնդրում էին այդ տեղը։ Եւ դու, Տէ՛ր, կանչելով քո եղբօր՝ տէր Վարդին, Հայդիկին [71] եւ իմ անարժանութիւնս, Տէր Յովհաննին հրամայեցիր, որ միւսանգամ կրկնէ այն մարդոց ուղարկած խօսքը. որի ընդդէմ դու, Տէր, ուրիշ էլ շատ բաներ ասելով, տուած պատասխանիդ գլխաւոր բանը [72] այս արիր, թէ «պէ՛տք էր, որ նոքա մտածէին եւ մի այդպիսի խօսք ինձ չուղարկէին։ Անզգամութիւն է նոցա արածը. բայց ես այսպիսի քրտինքով առաջ բերած մեծ վաստակս եւ շատ աշխատութեամբ արած ծախքս, վատ վաճառականութեամբ, թեթեւ բանի հետ չեմ կարող փոխել, եւ ո՛չ մի հոգեւոր եւ յաւիտենական գանձ անպէտ եւ անցաւոր ընծաների հետ»։ Եւ տէր Յովհաննին էլ նեղացար, թէ «բնաւ քեզ պէս մի մարդու արժան չէր լսել, թո՛ղ թէ ինձ էլ բերել»։

Եւ որովհետեւ ես, երկրաւոր մտքով, տկարամիտ եւ անզգոյշ մարդ եմ, ուստի չկարողացայ դաւաճանութիւնը այն միջոցին հասկանալ. բայց ինձ պէտք էր իսկոյն ոտքդ ընկնել, արտասուքով աղաչել եւ այդ վանքի հոգաբարձութիւնից հեռու փախչել։ Այն ժամանակ ազատուած կը լինէի չարաթոյն ժանիքից գազանների, որ այն օրից սկսած ծածուկ դարան մտնելով եւ իրենց անհամար հարստութեան համեմատ շատ եւ շատ արծաթով յեսան (սրող քար) գնելով՝ թուրի պէս սրեցին իրենց լեզուները եւ իժերի թոյն կար նոցա շրթունքի տակ [73] ։ Եւ ես [74], չկարողանալով Սաղմոսերգողին պէս աղօթել, թէ «պահէ՛, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից եւ չա՛ր մարդուց փրկէ՛ ինձ» [75], նոքա ընկան այնուհետեւ քամակիցս, իմ գնացքը խափանեցին եւ վրայ հասնելով՝ դէպի մահ խոցոտեցին։

Բայց խնդում եմ ցնծալով, որ այն վէրքերով, իմ հոգիս, որ առաջուց խոցոտուած էր մեղքերով, առողջանալով զօրացաւ։

Եւ այսպէս կատարելով իրենց կամքի բոլոր ուզածը իմ վրայ, այնուհետեւ զուարճանալով ուրախացան, ինչպէս մի տօն կատարելու ժամանակ։ Որոնց պարտքն էր, սենեկում չորս կողմս նստած, լալ իմ վրայ, որպէս մի վիրաւորի վրայ եւ ճա՛ր անել, այս բոլորի հակառակ արին. ուրա՛խ սրտով ծաղր անելով՝ շրջապատեցին ինձ, բացին իմ վրայ իրենց բերանները եւ ասացին՝ վա՛շ վա՛շ, մեր աչքը տեսաւ [76] ։ Եւ լոկ վայրախօսութիւն չէ այս իմ կողմից, այլ ստո՛յգ իրողութիւն է, որ Տիրոջդ առջեւ դնում եմ։

Մի երեւելի ազնուական մարդ, ականաւոր տոհմից, ուղարկեցի այդ Հայոց գլխաւոր քահանային, այդ հոգիների հիւանդատեսին՝ ասելով. «Վիրաւորներին բժշկութիւն տալու շուտո՛վ հասիր. թշնամին անթիւ նետերով խոցոտեց ինձ. վէրքերիցս մահի դուռն եմ հասած, քո պարտքն է այսուհետեւ դեղ դնել եւ բժշկել, իսկ թէ մեռնիմ, տանել գերեզման եւ թաղել»։ Եւ նա, պատասխան տալով, ասաց պատգամաբերին. «Քրիստոսի շնորհելով ո՛ղջ եղիր, եւ այրն ոչինչ թեթեւ եթէ ես, չեմ համարձակւում երկիւղից նաեւ տեսնե՛լ քեզ, բայց դու դեռ ասում ես, թէ գամ բժշկեմ եւ կամ թաղէ՛. չլինի թէ մի մարդ իմանալով, Սուրբ Հոգու խօսքը իմ վրայ բերէ, թէ՝ վա՜յ նորան, որ չար ագահութիւն է պահում իր տանը»։

Դարձեալ ասում էին, թէ «մէկ խօսքով պի՛ղծ եւ չարագործ մարդ է. վանք ունի այնտեղ Ղազարը եւ սիրում է նորանց»։ Այս բաները ասողների գործերի մասին ես ահա լուռ եմ կենում, որովհետեւ ինձ բնա՛ւ հարկ չկայ ասել. Քրիստոսի ահագին եւ անաչառ օրը չի լռիլ, այլ անշէջ կրակին կը մատնէ։ Եւ ինձ բարեկամ էին անուանում քո եղբարքը, Տիրոջդ, սուրբ գրուանի գին, եղբօրորդու հետ միասին։ Այդ երեքն էլ հոգեպէս եւ մարմնապէս կրթուած եւ դաստիարակուած մարդիկ են, եւ ուղղափառ հաւատի ուսումը ստացած են քո օրհնեալ մօրից եւ նո՛յն իսկ Տիրոջիցդ։ Եւ հասակով թերակատար կամ պակասաւոր մարդիկ չեն, այլ թէ խելքով եւ թէ քաջութեամբ լցուած եւ կատարեալ։ Նոցա հետ միասին եւ Աբեղենից տիրոջը (ինձ բարեկամ էին անուանում), որ քո՝ Տիրոջդ, սիրուն եւ ամենին ընդունող բարերարութիւնից, յարգելի մարդ է եւ հրապարակում երեւելու պատճառ ունի եւ Տիրոջից. եւ Քրիստոսի շնորհից ամենքն էլ ողջ են եւ մէջտեղում, թո՛ղ հարցանուին նոքա, իմ ըստ աշխարհի որպէս հայր տուած խրատներիս եւ ըստ հոգու իմ վարդապետութեան խօսքերի մասին. եւ ինչ որ ամեն մինը լսել են, առանց իրենց հոգին պարտաւորելու թող ճշմարիտը ասեն։

Բայց երեք եղբարքն էլ սիրում էին Սուրբ Կաթուղիկէի վանքը՝ ընծաներ եւ ամեն հարկաւոր բաներ նուիրելով, որոնցից ամեն մէկի տուածը յայտնի էր եւ գրով մնաց վանքում. եւ ճշմարի՛տ որ, Տիրոջդ կամքի կատարողքը դոքա եղան։ Որովհետեւ այն օրից, երբ դու, Տէ՛ր, քո անարգ մարդ մեծարող խնամքովդ ինձ քո ընտանիքին յանձնեցիր, դոքա եղան իմ վրայ քո խօսքի հրամանը կատարողքը, առանձին առանձին, ի՛րենց կամեցողութեամբ, վանքի պտղաբերութիւնը հատուցանելով։

Մեռնելու չափ անմխիթար տրտում եմ, որ գայլերի նման վազեցին իմ ունեցած չունեցածի վրայ եւ առանց խնայելու կտրատեցին, երբ տեսան, թէ քո աչքից ընկայ։ Եւ այժմ, իմ ունեցածներով զարդարուած, ման են գալիս՝ ինձ ծաղր անելով։ Իսկ ինչ որ իմ բաներիցս վանքումը մնաց, այդ մասին, ուրա՛խ եմ եւ ցնծում, որովհետեւ մի սո՛ւրբ եւ հոգեւոր տեղում մնաց։

Բացի սորանից, ուրիշ չար խօսքերով քեզ, Տէ՛ր, իմ վրայ նեղացնել էին աշխատում, թէ մի մանուկ չէ կարող վանքի հոգաբարձութիւն անել։ Եւ իմ համար մի հրեշտակ մարմին չառաւ, որ գո՛նէ, իր հոգեղէն բնութեամբ տեսնելով թշնամիների ծածուկ լարած որոգայթը, կարողանար զգուշացնել ինձ եւ յանձն առնուր լինել իմ համար երկրորդ ես, որ անշուշտ կ’անէի։

Իսկոյն դաւաճանութեամբ նենգողների մօտ վազելով եւ միտք պղտորող խաբէբայական չար խօսքերով ասում էին. «Ա՛յ յիմար մարդիկ, ինչի՞ էք ունայն տեղը աշխատում, ո՞ւր էք այդ շոգ կրակում կենում եւ յիմարաբար անձնամահ լինում. Մամիկոնեանց տան մի քանի աւագ ծառաները երդումով խօսք են տուած մեզ, եւ այդ տան Աւագ անունով քահանան ասել է, թէ. «Երբ էլ որ լինի, ես իրեն իսկ՝ Ղազարին չպիտի թողում հանգչել այդ տեղում, թո՛ղ թէ նորա մարդոցը»։ Եւ լսողքը, այսպիսի խօսքերից թուլանալով, էլ այնուհետեւ աշխատում էին ժողովել առաւել իրենց պարկերի, քան թէ վանքի ամբարի մէջ։ Բայց ես, մեղուի նման ամեն կողմից բերելով, կարողանում էի հոգալ եւ՛ վատնողների պէտքերը, եւ՛ վանքի պաշարը։

Բայց դո՛ւ, Տէր, լաւ յիշողութիւն ունիս եւ բան չես մոռանում, մանաւանդ քո հոգասիրութեամբ. որովհետեւ շատ էր կառավարել նա այդ վանքը, թէ ուր եւ իցէ գտնւում է, թո՛ղ հարցանուի եւ թո՛ղ ասէ։ Իսկ ինչ որ կարգել էին ինձ տարեկան տէր Ներսէհը եւ Հրահատը (կերակրի, հանդերձի եւ ձիու համար), յայտնի՛ է։ Նոյնպէս եւ Տիրոջդ եղբօրորդիներից նշանակուածը. այն էլ դեռ հերիք էր լինում ինձ, եւ երբեմն իմ աւելորդներից վանքի պէտքերի համար էր գործ դրւում։ Իսկ Աղուանստանից, Վրաստանից, Սիւնեաց եւ Արշարունեաց երկիրներից իմ բերած բաներս եւ ինչ որ բո՛ւն Տիրոջդ եղբօրորդիներից ստացել էի, այդ բոլորը՝ իւրաքանչիւրի տուածը առանձին առանձին գրի անցուցած, մնաց վանքում, եւ ինձ մե՛րկ եւ խայտառակութեա՛մբ դուրս հանեցին իմ բոլո՛ր ունեցած չունեցածի միջից, ինչ որ տղայութեանս ժամանակից սկսած ժողովել էի։ Մինչեւ անգամ եւ Յունարէն գրքե՛րս ինձ չտուին, որ ընկած են այժմ վանքում՝ ցեցերի կերակուր լինելու համար. բայց արդեօք այդ գրքերը կարդալով պիտի լուսաւորուի՛ն այդ տեղում բնակվողքը, կամ ուրիշներին պիտի լուսաւորե՞ն։

Եւ դու, Տէ՛ր, եւ այս մի բանը չես իմացած, բայց արժա՛ն էր, որ իմանայիր. ես լսեցի, որ իս քամակից ասում էին, թէ «ես վանքում բան չունէի»։ Եթէ բոլոր կահ կարասիքի կողմից եւ ամեն հարկաւոր եղած բաներով, երկու հարիւր տարուց շինուած վանքերից փոքր պակաս կամ յետ մնացած լինէին, ապա բնա՛ւ արժանի չէի համարիլ ինձ այնտեղ մնալ։ Թէպէտ վանքի սարք ու կարգը շինուածքի անհաստատութիւնից մի երկու անգամ ջարդուվեցաւ, բայց այս վերջին անգամինը եթէ Տէրդ գիտնար եւ ինձանից համար պահանջած լինէր, որ ամեն բան մանրամասն քեզ յայտնուէր, այն ժամանակ կ’իմացուէր, գովութեան եթէ մեղադրանքի էի արժանի։ Բայց ես միայն իմ դուրս ձգուելուցս յետոյ ընկայ այս ու այն տեղ՝ իմ պէտքս եւ կարօտութիւնս առանձնապէս հոգալով. սակայն իմ քարոզութիւնքս շատ ախորժելով եւ պատուականութեամբ ընդունում էին, ինչպէս մի առողջ վարդապետի քարոզութիւն, եւ հօր պէս էլ պատւում էին, եւ մանաւանդ է՛լ աւելի տէր Համազասպը, որին ողորմութիւն անէ Տէրը ինչպէս Ոնիսիփորի տանը, այս խօսքերը ասողի բարեխօսութեամբ. պատճառ, շատ անգամ ինձ հանգստացուց եւ իմ հալածուելու ժամանակ իմ կերակրիչը եղաւ։

Ոմանք էլ ասում էին, թէ «ես Տիրոջդ տանը որպէս մի աւելորդ անօթ էի», որովհետեւ մտածում էին, «թէ իմ ո՞ր արուեստի համար դո՛ւ, Տէ՛ր, պահպանելով պիտի մեծարէիր ինձ»։ Սորանում ի՞նչ բանի չէին ցանկանում դոքա, արծաթ եւ ոսկի, որ թէ ես մի ունեւոր մարդուց գտնում էի, որ թէ ուզում էր մէկը ձեռք բերել, այն եւս վանքի պէտքերի վրայ էի ծախում։ Կերակուրներ եփել սորված չէի, որ ձկան աղիքներով եւ հաւի փորոտիներով այդ ուտողների համար լաւ լաւ կերակուրք պատրաստէի, եւ թերեւս այդպիսի բաներով կարողանայի մարդու հաճելի լինել։

Բայց ես մի ուրիշ նո՛ր բան էլ ասեմ Տիրոջդ, որ թէ քո արդարութիւն փնտռող մտքիդ ընդունելի երեւի, խնդրում եմ Տիրոջիցդ, ամեն բանից առաջ այդ բանը քննել, եւ ճիշդ տեղեկանալով, կամ զարմացի՛ր եւ կամ, եթէ ճշմարիտ չէ ասածս, անարգէ՛։ Այն օրից, երբ դո՛ւ, Տէ՛ր, ինձ վանքը տարիր, մինչեւ իմ այն տեղից հալածուելու օրը, վանքի եկամուտից կամ բերուած ընծաներից մինչեւ անգամ եւ մէկ դրամ վրաս անցուցած չեմ, եւ ո՛չ իմ պէտքերի համար ում եւ իցէ տուած, եւ այս բանը գիտեն իմ հետ այնտեղ բնակվողքը։ Բայց ուրիշներից աւելի Ակիթ անունով մի մարդ, որ Գարդմանի վանքից եկած էր մեր վանքը, այն օրից, երբ սորա հիմքը ձգել էին, եւ մինչեւ իմ վանքից գնալը նա այնտեղ էր, իսկ այժմ լսեցի, թէ Անդլոյ մօտ է գտնւում, ահա այդ մարդը շատ լաւ տեղեակ է ասած բաներիս եւ ինձ քեզ հետ կը թաղէ, որ քա՛ջ հովուի աներկիւղութիւն է։

Ո՞ւր է արդար ուսուցչի հոգողութիւնը, ո՞ւր է արդար հայրապետի Քրիստոսին նմանելը։ Արարածների արարիչը մեղաւորների փրկութեան համար մա՛րդ եղաւ, շատ անարգութեան, գլխին զարկելու եւ երեսին թուք ընդունելու եւ փշեղէն պսակի եւ ուրիշ էլ աւելի մեծ մեծ բաների համբերեց. իսկ դա՛ վէրքերից թուլացած մարդու երեսին եւ ջո՛ւր անգամ ցանել չհամարձակուեցաւ՝ մարդերից վախելով։ Դահեկանները լիքը բռնով Սամարացի գթածիցը առնելով այդ արծաթը՝ հիւանդները նայելու գինը, սապատների մէջ է ժողովում, իսկ հիւանդներին պանդոկից հանելով դուրս է ձգում, մե՛ծ ամփութութեամբ։ Քրիստոս Փրկիչը բարձր ձայնով ամեն օր մեղաւորներ է կանչում. «Ինձ մօտ եկէ՛ք, ամեն հոգնածներ եւ ո՛վ որ ծանր բեռներ ունի, եւ ես կը հանգստացնեմ ձեզ». եւ Պաւղոսը աշխարհի անյայտ դէպքերից անկանգնելի ընկնելու մասին, դեռ չընկնողներին, զգուշացնում է՝ Գաղատացիներին գրելով. «Եղբա՛րք, - ասում է, - եթէ յանկարծ ձեզանց մէկը որեւիցէ յանցանքի մէջ բռնուի, դուք, որ հոգեւորներ էք, հեզութեան հոգով կանգնեցրէ՛ք այնպիսուն. զգո՛յշ եղիք ձեր անձին, որ չլինի թէ դուք էլ յանցանքի մէջ ընկնիք. միմեանց բեռը վերուցէ՛ք եւ այնպէս կատարեցէք Քրիստոսի օրէնքը»։ Իսկ դա նորա հակառակն է աղաղակում. «Ո՞ւր ես գալիս, չե՛մ ուզում, համարձակութիւն չունի՛մ քեզ տեսնել»։ Արդեօք, մէկ կամ երկու անգամ, տարա՞ւ ինձ իր սենեակը, եւ խօսեցա՞ւ իմ հետ, ինչպէս Փրկիչը հրամայում է, ես եւ ինքը առանձին, կամ մէկ եւ կամ երկու ընկերով, որ չհաւնելով եւ իբրեւ մեղաւոր եւ մաքսաւոր համարելով՝ ինձ հալածէր։

Յիշելով, ասում է, մի անգամ մի մարդ իմ անունը Աւագի մօտ, մի քանի պարեգոտաւորների առջեւ, տրտում հառաչանքով ասաց, թէ. «Իրաւացի չեղաւ Ղազարի՝ մեր աշխարհից հեռանալը. պատճառ, նա եկեղեցու զարդ էր»։ Եւ լսողները, ուրիշ բան չկարողանալով ասել, միայն այս պատասխանը տուին, թէ. «Նորա հալածուելու պատճառը բնա՛ւ մենք չենք. բայց ինչ որ նորա գիտութեան մասին էք խօսում, ստո՛յգ է, առաջ շատ համեղ եւ զօրաւոր կերպով էր քարոզում, իսկ այս վերջի ժամանակները իսպառ վատ էր նորա քարոզը»։ Եւ այսքանը չկարողացան հասկանալ, թէ իրենց դատապարտութեան եւ ամօթի համար խօսում էին այդպիսի բաներ։

Թո՛ղ ասեն ուրեմն, որի՞ համար շնորհուելով պարգեււում է վարդապետութեան խօսքը, ասողի՞ համար. չէ՞ որ ախորժանքով անկաջ դնողների, լսողների եւ նոցա խնդրուածքի համար։ Նայեցէ՛ք Յունաց ժողովրդի վրան, երբ իմա՛ց է տրւում, եւ քարոզ ասողը նշանակուած տեղն է անց կենում, ամենքը իրենց սիրտը զարթեցնելով բարձրացնում են դէպի Աստուած. թեւերը բանալով՝ խաչի նման են լինում եւ միաձայն խնդրուածքներով եւ արտասուալից աղաղակով խնդրում են Փրկչից. «Խօ՛սք տուր, - ասում են, - շնո՛րհ ուղարկէ. բո՛ւն դու ինքդ խօսէ մեզ հետ դորա բերնով, ինչպէս երբեմն խօսում է՛իր սուրբ Պաւղոսի ձեռքով։ Նորա՛ն իմացուր քո հաշտ լինելը քո ծառաների հետ։ Մեր մեղքի պատճառով ամուլ ամպերի թող չնմանի դա՛, այլ առա՛տ անձրեւ թափելով՝ թող ջրէ՛ մեր հոգիների անդաստանքը, որով ծաղկելով՝ քո կամքիդ հաճելու արժանի պտուղներ բերենք եւ քե՛զ մատուցանենք։

Արդեօք ո՞ր տգէտի, թո՛ղ թէ փոքր ինչ ուսումնականի, միտքը չի զարթիլ, նորա մտածութեան գործարանը չի վառուիլ եւ Սուրբ Հոգու գանձերից հին ու նոր դուրս չի հանիլ, մանաւանդ, եթէ այդ մարդը քարոզելու ելնէ խոնարհութեամբ եւ ոչ հպարտական գիտութեամբ, լսողների աղօթքով եւ ոչ իր անձի գիտութեամբ պարծենալով։ Եթէ Աստուծու ընտիր անօթը՝ Պաւղոսը, Եփեսոսի մէջ հաւատացեալներին գրում էր՝ աղաչելով, թէ. «Աղօ՛թք արէք եւ իմ համար, որ ինձ խօ՛սք տրուի բերանս բանալու ժամանակ». արդ եթէ նա, որ Աստուծու խորհուրդների հազարապե՛տն էր, աղօթքի էր կարօտում եւ աղաչում էր, ո՞րչափ եւս առաւել մենք՝ շատ տկարութիւններով պատած, այժմեան մարդիկս։

Իսկ այդ Հայոց աբեղայքը, իրենց սրտերի հետ միացած դառնաշունչ նախանձի պատճառով, այդ բաների հակառակն են անում, եւ՛ իրա՛ւ որ, մարգարէի ասածին պէս, «ցաւե՛ր են յղանում եւ անօրէնութի՛ւն ծնում»։ Աղօ՛թք էլ չեն անում իսկի քարոզողի համար։ Բացի սորանից, եթէ յանկարծ մարդասէր Աստուծուց խօսք շնորհուի, խեղդւում են նախանձից։ Եթէ տեսան ժողովրդից մի մարդ, որ գովում էր, ծա՛ղր անելով՝ ամաչեցնում են նորան։ «Միանգամ թէ խօսեց, էլ լռել չգիտէ, - ասում են, - եւ զուր տեղը կանչում է եւ հառաչում»։ Իսկ Յունաց ժողովուրդը եւ երեխայքն անգամ, իրենց ծնողաց ուսերի վրայ, գովելու համար ձեռները շարժելով եւ կցկտուր ձայներ հանելով, թռչկոտում են։ Բայց դոքա՛, գլուխները ծածկա՛ծ * ) եւ երեսները փաթաթա՛ծ, նստում են ինչպէս մի հոտած սատկոցի մօտ, մո՛ւնջ դեւի պէս պապանձուած։ Եւ եթէ Մարդասէրը գթալով, ժողովրդոց փրկութեան համար, խրատի խօսք կամենայ տալ քարոզչին, նայելով նոցա դառն խորհուրդներ որոճալուն, իր մէջ քաշելով արգելում է շնորհը. անընդդիմանալի են, արդա՛րեւ, ինչպէս Օրհնութեանց Օրհնութիւնների մէջ գրուած է, այս երկուքը՝ Սէր եւ Նախանձ, նորա կայծերը, կրակի բոցի կայծեր են, որոնցից ամեն մէկը դէպի բարին գործ դնողներին մտցնում է արքայութիւն, իսկ դէպի չարը վարողներին դժողքն է ժառանգեցնում։

Արդեօք, այս ժամանակումս կա՞յ Երեմիայ մարգարէին նմանող մի մարդ, որ ողբալով ասէր. «Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր եւ աչքերս արտասուքի աղբիւր» եւ նստէի լայի մեր աշխարհի թշուառութիւնը։

Նոյնպէս ասում էին. «Առաջ գիտնաբար էր խօսում Ղազարը, իսկ այժմ՝ անգիտաբար»։ Քանի որ դոցա մէջ տակաւին լուռ էր նախանձը, իմ մէջ զօրացած էր շնորհը, իսկ երբ տեսան, որ ժողովրդի բազմութիւնը յօժարութեամբ էր լսում, երբ տեսան, որ մարդիկ, միմեանց պատմելով շնորհի առատ թափուիլը, հակամիտ էին գովելու՝ յարգելով եւ անմոռաց զարմանալով լուսաւոր եւ ողջամիտ խօսքերի բղխելու վրայ, հրապարակներում եւ փողոցներում միայն այս բանը միմեանց հռչակելով եւ ուրախանալով՝ վեր էին ցատկում, այն ժամանակ իրենք՝ այդ աբեղայքը, գետինն անցան. էլ այնուհետեւ սկսեցին ոխակալութիւն յղանալ եւ նախանձ ծնանել։ Իսկ երբ դոցանում առատացաւ այդպիսի չարակամութիւնը, խօսքը դադարեցաւ եւ արգելուեցաւ, եւ ո՛չ թէ ասողից, քա՛ւ լիցի, «որովհետեւ շնորհը յետ չէ դառնում, եւ պարգեւքը չեն պակասում», այլ դոցանից, որ իրենց փրկութեան խօսքը չլսեն. որոնց վրայ կատարւում է Հոգու խօսքը, որ ասում է, թէ. «Տիրոջ խօսքերը լսելու սո՛վ կ’ուղարկեմ ձեզ»։

Իրենց մտածութիւնքը ուրիշ շատ տեղեր տանել բերելով, միւս սեւ՜ բամբասանքների վրայ այս էլ աւելցնելով՝ ասում էին. «Այդ մարդը գիրք չէ կարդում, բայց ընթերցուածը այնպէս անսխալ ասում է, ինչպէս գրքին մէջ գրուած է»։ Այս էլ չկարողացան, որ իմանային, թէ որոնք որ լաւ գիտեն, Դաւթի սաղմոսը պէտք է միայն ժամի միջոցին անսխալ իմանալ եւ ոչ թէ Աստուածաշունչը միշտ ձեռքը բռնած, յիմարացած մարդոց պէս այս ու այն խօսել։ Իսկ մեր երանելի ուսուցիչքը, եկեղեցու բոլոր Կտակարանքը երեք չորս անգամ ծայր ի ծայր մեզ ուսուցանելով, համար էին պահանջում մեզանից եւ այն բոլորը Դաւթի սաղմոսի պէս գիտնալ էին հրամայում։ Իսկ այժմ լիրբ եւ նախանձոտ մարդերից շատերը եկեղեցական գրքերի անունները անգամ կամ կանոնների կարգադրութիւնը հազի՛ւ կարանում են գիտել, բայց, նախանձ ձգող դեւի գրգռելով, միմենաց մօտ նստած, ուրիշներին լսելի կերպով յիմար յիմար խօսում են բարձրաձայն։

Էլ ի՞նչ ասեմ. իմ ժամանակս բաւական չէ թշնամու իմ վրայ քաշած նետերից ստացած անթիւ վէրքերս համարելու, որ օրէ օր եւ ժամէ ժամ վտանգով ընդունելով՝ համբերում էի ամեն բանի հարկից լինելով ստիպուած։ Պատճառ, որպէս ամուր եւ պիրկ կապով կապուած լինելով Տիրոջդ քաղցր եւ ախորժելի սիրով, որի անուշութեան համը հերիք է եթէ մարդ միանգամ առնու, ուզում էի առաւել մեռնել, քան թէ այդ սիրուց զրկուիլ։

Բայց այժմ, խօսքս վերջացնելու գալով, յարմա՛ր եւ արժա՛ն եմ համարում յիշել զարմանալի եւ երեք անգամ երանելի աւազակի խօսքը, որ խաչին վրայ իր թշուառ ընկերին էր ասում, թէ. «Մենք, մեր գործած յանցանքի համեմատ, արժանապէս ընդունում ենք այս փոխարէնը», եւ, Փրկչի վրայ ցոյց տալով, թէ. «բայց Սա ինչի՞»։

Այսպէս էլ ես, իմ գործերի համեմատ արժանի պատուհաս ընդունեցի ահա, եւ խոստովանում եմ հրեշտակների եւ մարդերի առջեւ, բայց ուրիշ առաքելանման մարդիկը ինչի՞, այսպիսի եւ սորանից է՛լ աւելիներին հանդիպելով այս աշխարհում, շատ խիստ վշտերով վախճանեցան։

Երանելի Մովսէս Փիլիսոփոսը (Խորենացին), որ արդա՛րեւ, մինչդեռ մարմնով էր ապրում, գրեթէ երկնքի զօրքերին էր քաղաքակից. չէ՞ որ այդ Հայոց աբեղայքը այստեղից այնտեղ հալածական արին նորան։ Չէ՞ որ նորա լուսաւորող եւ տգիտութիւն հալածող գրքերը տգիտութեամբ Փաթաղիկէս էին կոչում, եւ ուրիշ այլ շատ բաներով նախատեսելով, յետոյ, ուրիշներից ամաչելով, խաբէական եպիսկոպոսութիւնքը մահադեղի պէս խմեցնելով սուրբին, խեղդեցին. որ թէ իր վախճանելու ժամանակ ինչ ահաւոր նզովք գրով դրել է գլխաւոր քահանաների վրայ, այդ, դուք ինքներդ շա՛տ լաւ տեղեկացած լինելով, գիտէք… տիրոջ մասին. նորան անչափ անհանգիստ աշխատութեանց եւ գիշեր ցերեկ Հայոց աշխարհի լուսաւորութեանը վաստակելու վրայ դրեց։ Ոսկորները հանել էին տալիս եւ գետը թափել, այն հրեշտակին նման մարդուն՝ տիրո՛ջը, անհանգիստ հալածանքով վախճանեցուցին եւ այժմ էլ դեռ անյագութեան գինով հարբած մեռածին հետ կռւում են։

Անարատ եւ ամեններից յարգուելու արժանի յոյսը՝ տէր Խոսրովիկը, տակաւին մեր երկրի սահմանը չհասած, մինչ դեռ գալիս էր եւ սոքա լսեցին, ինչպէս մի թշնամու վրայ նորա ընդդէմ զինուեցան՝ «էլ ո՞ւր է գալիս միւս թարգմանն էլ» ասելով։ Եւ այն օրհնուածը, հեռուից լսելով նոցա մահաձայն աղեղների աղմուկը, աղօթեց Աստուծուն եւ շուտով իր խնդրածը ստացաւ, որի փափաքելի ոսկերքը մենք ո՛չ, այլ ուրիշները արժանի եղան ընդունելու։

Նոյնպէս յարմար եմ դատում նոցա հետ յիշել եւ տէր Աբրահամ եպիսկոպոսը, որում ըստ ձաթի խորհրդոյն եւ չհանգուցանէր ’ի ծերութիւնս. եւ կարող լինէի առ նմա գո՛նեայ սուղ ինչ ժամանակ մնալ, թէպէտ եւ ոչ թերակատար գոլով սուրբ եւ ստոյգ հաւատ, զոր ուսեալ ’ի տղայութեանն յերանելւոյ Ալանայ, կեամ նովիմբ ’ի նմին անփոփոխութեամբ մինչեւ ’ի վախճան կենցաղոյս իմոյ։ Այլ յաղագս իմաստաւոր բանի ըստ նորա տեառն մեծ հրահանգին, շահեալ ’ի նմանէն հանգոյն մեծի գանձու ամփոփելոյ հաշուէի զպարարումն զայն։ Յորոյ վերոյ տեսեալ պարեգօտաւորաց, զայրագնեալ իմն զօրհնելոյ տիկնոջ Աւագի զմիտսն ոչ ծանուցին առ ժամայն. նա աղաչելով զերանելի մայրն հոգացեալ իբրեւ զեղբայրս ’ի վերայ եղբօր, այլ առաւելս զայրացուցեալ, գրգռելով զկամացն իւրեանց նովաւ կատարեցին զհաճոյս։

Եւ սոցա այսպէս նախատուիլը եւ հայհոյուելով հալածուիլը, ոչ թէ անցած ժամանակների պատմութեամբ, կամ որպէս մի լուր մի մարդուց լսելով մեզ յայտնուեցաւ, այլ բո՛ւն մեր օրերում եւ մեր ժամանակում այս ամենը կատարուած տեսանք։

Իսկ զյառաջագոյն գրելոյս սուրբ արանցն, զորս ’ի պատմութեանն նահատակին Գրիգորի դրոշմեալ յիշատակէ։ Էլ ինչ ասեմ արդա՛ր եւ արժանաւոր բարեպաշտ եւ սուրբ Ներսէս կաթուղիկոսի մասին եւ կրօնաւոր, առաքինի եւ Հայոց մեծ լուսաւորիչ տէր Սահակի եւ ուրիշ շատերի մասին, որոնք վախճանեցան՝ ո՛չ օրհնելու համար բանալով իրենց բերանը։

Այս պատճառով զարհուրած վախենում եմ, չլինի թէ եւ դոցա կպչի Աւետարանի սպառնալիքը, որ ասում է. «Ահաւասիկ ես կ’ուղարկեմ ձեզ մարգարէներ, իմաստուններ եւ կարդացողներ եւ դուք նոցանից կ’սպանէք, կը խաչէք եւ ձեր ժողովարանների մէջ կը տանջէք եւ քաղաքից քաղաք կը հալածէք, որ ձեր վրայ գայ երկրի երեսը թափուած ամեն արդար արիւն, արդար Աբէլի արիւնից սկսած մինչեւ Բարեքի որդի Զաքարիայի արիւնը, որ տաճարի եւ սեղանի մէջտեղը սպանեցիք, ճշմարիտն ասում եմ ձեզ, որ այդ ազգից պիտի պահանջեմ»։ Այլ տգէտները պիտի մխիթարեն մեզ Հրէից ազգին ասուած կարծելով այդ խօսքերը։ Այնպիսին, թո՛ղ, լաւ ուշադրութեամբ մտածէ. արդար Աբէլի արիւնից ասաց. որ նորա սպանուելու ժամանակին նայելով, երկիւղով հասկանայ, թէ այդ խօսքը վերաբերում է այն ամեն մարդոց, որոնք նոյնտեսակ գործեր կը գործեն։ Համարձակւում եմ յանդգնութեամբ այս էլ ասել, եթէ ստոյգ չեն իմ կարծածները, դո՛ւ, Տէ՛ր, քաղցրութեամբ, բանի տեղ չդնելով, ներէ՛ ինձ որպէս մի տկարամիտ մարդու։ Եւ քո իսկ ամենասքանչ անձինդ, որից ամեն մեծ կամ փոքր մարդու, որ կան Հայոց մէջ հասել է մեծապէս օգտակարութիւն եւ պատիւ եւ փա՛ռք, իսկ մի քանիսին էլ մահից դէպի կեանք եւ կորստից դէպի գտնուիլ եւ մէջտեղում լինել դո՛ւ, Տէ՛ր պատճառ ես եղած։ Այժմ, տեսնելով Տիրոջդ օրէ օր Աստուծու փառաւորութեամբ լցուած հմտութիւնը, որ պարգեւել է եւ բերել է նոցա շքեղութիւն եւ պարծանք, եթէ կարելի լինէր, նախանձի պատճառով, շատերը կը կամենային հնարք գտնել, որ Տիրոջդ արած լաւութեան տեղը բարի չհատուցանէին, այլ նորա հակառակը։ Իսկ վերին արդարատես Աչքը չէ նայում չա՛ր կամքերի ուզածներին, այլ իր խնամակալութեան աջողութեամբ, հանապազ եւ անփոփոխ բարին է կատարում, իր սո՛ւրբ անունը ա՛յժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից փառաւորուելու համար. ամէն։



* Այստեղ հարկաւոր ենք համարում ծանօթաբանել, որ բնագրում ասած է, Գլխարկեալք, պատատեալ երեսօք, եւ այլն։ Հայկազնեան բառարանը «գլխարկեալ» հասկանում է ոչ «գլուխը ծածկած», այլ՝ «գլուխը կախած». եւ այդ բառարանի բերած վկայութիւնքը արդարեւ այդ միտքն են տալիս։

Բայց սակայն այն վկայութիւնքը, որ տիրապէս «գլուխը կախած» են հասկանում, բնաւ արգելք չեն եւ «գլուխը ծածկած» հասկանալու, որովհետեւ ամենահին վկայութիւնը Աստուածաշնչից է. «Եւ Համան գնաց ’ի տուն իւր գլխարկեալ» (Եսթեր, գլ. Զ., հմ. 12), որ չէ ցոյց տալիս որոշակի կամ գլուխը ծածկած կամ կախած։ Միտքը այն է, թէ Համանը գնաց տրտմած եւ ամպած։ (?)

Այս ծանօթութիւնը գրելու րոպէիս յունարէն Աստուածաշունչը ձեռքիս չէր, որ նայէի, թէ ինչ բառ է գործ դրած այնտեղ։ Հրէական բնագիրը «գլուխը ծածկած» է ասում։

Մեր թարգմանութիւնը ոչ թէ հրէական բնագրին հետեւելով է եղած, այլ թէ այն տեղում մենք այսպէս ենք հասկացել այդ բառը, թէեւ ընդդէմ չենք, որ կարելի է նաեւ թոյլ տալ «գլուխը կախած» հասկանալ։