Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՅԿՈՒՆԻՔ ԳԱՎԱՌ

95. Արցախի երրորդ գավառը, Կողթից եւ Բերդաձորից հետո, որոնք հարկ համարեցինք Գանձակ նահանգի մեջ նկարագրել, Վայկունիքն է, որը պարզ կերպով առանձնացված է մյուս մասերից, որոնցից ավելի արեւմուտք լինելով, երկու կողմից սահմանակից է Սյունիքին, արեւմուտքից՝ Սոդք գավառին, որից անջատվում է արցախական Թարթառի եւ Գեղամա ծովի ավազանների բարձր լեռների անջրպետով, հարավից՝ Հաբանդով կամ այժմյան Զանգեզուրով, իսկ սահմանի ելքից՝ Արցախի Չլաբերդ գավառով, հյուսիսից՝ նեղ Քունկուր լեռով, որտեղ վերջանում է Այրում գավառը: Երկիրը հարուստ է բարձրավանդակներով եւ լեռնաճեղքերով, ջրարբի է, օժտված բնության զանազան գեղեցկություններով, քանի որ ճանապարհորդները այդտեղով առանց հետաքրքրության չեն անցել:

Լեռներից ու բլուրներից բխում են շատ աղբյուրներ ու առվակներ, որոնք հավաքվում են երեք գետակների մեջ, որոնք էլ արեւելյան սահմանում միանալով իրար, կազմում են Թարթառ մեծ գետը: Միջին գետը հենց Թարթառն է, որը բխում է գավառի հարավարեւմտյան ծայրից, Արցախի ամենահեռավոր մասից՝ Սարյալ-Սըռչալ լեռից եւ, իր մեջ առնելով մանր վտակներ, իջնում է դեպի հյուսիս ու թեքվում դեպի արեւելք: Դրանցից առաջինը կոչվում է Իսթի-սու, երկրորդը ձախ կողմից խառնվում է սրան, որն իջնում է հյուսիսից՝ Քունկուրից եւ Մռավի բարձունքից: Դրա անունը չի նշված, ես կարծում եմ, որ այն Ականա գետակն է, ինչպես որ ստորեւ կասեմ: Երրորդը կոչվում է Տուդխու-չայ, որը, բխելով Զանգեզուր լեռների թիկունքից, աջով իջնում է հարավից դեպի հյուսիս եւ խառնվում վերոհիշյալ գետակին: Երեք վտակների միավորումից հետո Թարթառը հոսում է հարավից դեպի արեւելք եւ, անցնելով Սիսական, Քուստի-Փառնես, Մեծ Կողմանք գավառների միջով, թեքվում է դեպի հյուսիս կամ ձախ, հոսում Մեծիրանքի միջով դեպի հարավ կամ աջ եւ Գյուլիստանի Մոլլա Իսմայիլ ավանի մոտով դուրս է գալիս Ջիվանշիր գավառը, Ուտիքի դաշտը: Սա Կուրի ձախակողմյան վտակներից գրեթե ամենահզորն է եւ ամենամեծը՝ Արցախի եւ Ուտիքի գետերի մեջ: Այն այդ կողմերի պատմության մեջ մեր նախնիների կողմից անվանվել է Տրտու կամ Տրտուական գետ, իսկ պարսիկների կողմից՝ Թերթեր: Երկրամասի բնական պայմանների համաձայն՝ մեր նախնիները արեւմտյան կողմը կոչել են գի կամ գիհի ծառի պուրակներ, արեւմտյան կողմը, Տուդխու գետակի մոտ՝ բաղանիքի տաք ջրեր, որոնց կանդրադառնանք ստորեւ:

96. Այս գավառի անվան ծագման պատճառը, որը գրվում է նաեւ Վայունիք եւ Վայկունիք, մեզ է հասցրել մեր վիպահայր Խորենացին: Նա նշում է նաեւ ժամանակը՝ Փրկչի ծննդից 40 տարով առաջ. Երբ Տիգրանն ու Արտավազդը կռվում էին պաղեստինցիների դեմ, «Վայկուն անունով մի ավազակ խռովություն է բարձրացնում Հայաստանում եւ գրավում Ամուր լեռը, եւ այժմ այդ ավազակի անունով լեռը կոչվում է Վայկունիք» [1], որի պատճառով արքան շտապեց վերադառնալ Հայաստան եւ երկիրն ազատել ավազակի ձեռքից, որը Կովկասի այն կողմերից էր, թե՞ հայոց նախնիներից, հայտնի չէ: Ըստ երեւույթին, նա երկար ժամանակ տիրել է այդ երկրամասին, եւ այն կոչվել է նրա անունով, իսկ առաջներում, ինչպես ցույց է տալիս պատմիչը, այդ լեռները, իրենց բնության համաձայն, կոչվել են Ամուր: Այդ բառը ուրիշներն էլ են համարում հատուկ անուն, այն նոր անունով կոչելով, ինչպես, օրինակ, Անեցին ասում է. «Վայկուն ավազակի անունով լեռը կոչվում է Վայկունիք» [2]: Այդ պատճառով թվում է, որ Սյունյաց մի այլ անվանի գավառ էլ կար՝ Վայոց ձոր կոչեցյալ եւ ոչ թե այդպես կոչվեց այնտեղ Ստեփանոս Սյունեցի եպիսկոպոսին սպանելու պատճառով, ինչպես որ նահանգի պատմիչն է ասում [3], որովհետեւ այդ անունը կա նաեւ մեր հնագույն նախնիների մոտ: Եվ այդ գավառի առանձին բաժանման պատճառով Թ դարի Աղվանից պատմիչը [4] այն կոչում է Վերին Վայկունիք, որը 830 թ. Նվաճեցին բաղանիկեցիք կամ բաղանակացիք, որոնք տասնհինգ տարի ասպատակեցին Բերձորն ու շրջակա գավառները, եւ նրանց դուրս վռնդեց քաջ Ապումուսեն: Սա հիշատակվում է Բերձոր եւ Սիսական գավառների միջեւ, հյուսիսից դեպի հարավ: Այդ բաղանիկեցիք, որոնք տասնմեկ տարի անց նորից են ասպատակում Սիսականն ու Ամարասը, անտարակույս Արցախի եւ Գեղամա կողմերի բնակիչներն են, եւ ըստ եղած կարծիքների, ինձ թվում է, որ ամուր գավառի, այսինքն՝ հռչակված Բաղանիքի կողմերից են, որոնք հիշատակվում են այն ժամանակներից: Իսկ այնուհետեւ այն բաժանվում է ոչ շատ եւ բազմապիսի բնակավայրերի (վիճակների), ըստ առաջադիմության՝ ավելի մեծ եւ ամուր շեների: Այսպես, արեւմտյան կողմը կոչվում է Ծար, արեւելյան ընդարձակ մասը՝ Հանդաբերդ, հյուսիսայինը, ըստ իս, Ականան է, եւ այդ բաժանումը կատարվում է Տրտուի վերոհիշյալ երեք վտակներին համապատասխան՝ անջրպետված լեռների բազուկներով:



[1] Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913, էջ 129:

[2] Սամուէլ Անեցի, Հաւաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 50:

[3] Կղնկտ., էջ 322:

[4] Անդ, էջ 340: