Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՉԱՐԱԲԵՐԴ (ՉԼԱԲԵՐԴ), ՄԵԾ ԿՈՂՄԱՆՔ ԳԱՎԱՌՆԵՐԸ

111. Ըստ այժմյան վարչատնտեսական բաժանման՝ գրեթե Արցախի կեսը գրավում է Չլաբերդ մեծ գավառը, որին սահմանակից են հյուսիսից Այրումը, սկզբից՝ Ճեւանշիրը, հարավից՝ Վարանդինը, արեւմուտքից՝ Զանգեզուրը: Մինչ այժմ մեր նկարագրածները՝ Փառիսոսը, Զեւան եւ Գյուլիստանը, ընկած են նրա հյուսիսային կողմում: Նրա միջին մասը՝ Տրտու կամ Թարթառ գետի մեծ հովիտը, Չարաբերդի բուն տարածքն է, որը հնում ամուր բերդ էր՝ հիշատակված Է դարի սկզբից: Ինչպես կարելի է գուշակել պատմությունից, ԺԱ եւ ԺԲ դարերում, Աղվանքի թագավորների թուլացման ժամանակ, Չլաբերդը հասնում է բարգավաճման, ընդարձակման եւ կոչվում Ճառաբերդի աշխարհ: Այն ժամանակ սա եղել է Փառիսոսի եւ Խաչենի միջսահմանը, որոնք այժմ ամբողջովին մտնում են նրա մեջ:

Ըստ Արցախի վաղնջական տրոհման՝ բուն Չարաբերդը Քուստի-Փառնեսի կամ մանավանդ Մեծ Կողմանք գավառի մի մասն է, որի սահմանը Տրտուի հյուսիսային կամ ձախակողմյան ափերն են, թերեւս մի նեղ շերտով այն կողմն անցած, հարավայինը՝ Մեծիրանքը, որը հետագայի բուն Խաչենն է, այսինքն՝ Վայկունիքի արեւելյան եւ Թարթառի հարավային կողմը, որի մասին կխոսենք ստորեւ:

Այս Մեծկողմանք գավառը, որը հայտնի է նաեւ Մեծկունիք կամ Մեծունիք անուններով, հնում արցախական շատ մարզերից ավելի նշանավոր էր եւ նույնպես պետք է բնակեցված եղած լիներ քաջ եւ երեւելի մարդկանցով, որից էլ պետք է ստացած լինի Մեծիրանք անունը: Այն աչքի է ընկել նաեւ ամրությամբ, պատմիչը [1] այն անվանում է ձորերով եւ անտառներով շատ հարուստ վայր, թեեւ նույն պատմիչը գրում է, որ հոները Ե դարի կեսին ասպատակել ու ավերել են այն, որի մասին շուտով կպատմենք:

Եվ սա ըստ իր գրաված դիրքի Միջնարցախ գավառ է կոչվում: Այն ուներ հին եւ առանձին եպիսկոպոսարան Տաղձանք կոչված տեղում: Հիշատակվում են հետեւյալ եպիսկոպոսները՝ Զ դարի կեսին Ղեւոնդը, Է դարի կեսին Դավիթը, նրա հաջորդ Իսրայելը, Միսայելը (՞), Դավիթը, որը 768 թ. կաթողիկոս նշանակվեց, Հովսեփը, որը 848 թ. կաթողիկոս նշանակվեց, Սամվելը, որը 877 թ. կաթողիկոս նշանակվեց, Սահակը, որը կաթողիկոս էր Ժ դարի առաջին կեսին:

Քուստիփառնեսի եպիսկոպոս Միսայելի (եթե տարբեր լինի Իսրայելից) Ս. Խաչին ձոնած ներբողը հասել է մեզ:

Թ դարի կեսին Մեծ Կողմանքի կես մասին իշխում էր քաջ Ապումուսեն, որը հերոսացավ Քշիթ լեռան վրա: Դրանից հետո, Փառիսոսի եւ Ճառաբերդի բարգավաճման ժամանակ, գրքերում այդ անունը այլեւս չի երեւում, բայց հետագա դարերում նորից լսվում է: Այն մինչեւ օրս առանձին իշխան է կառավարում: 1722 թ. Խաչենից այնտեղ եկան լեկերը եւ ասպատակեցին, իսկ երկրի տեր Թարկանղուլի սուլտանի թոռ Քալպ-Ալի-Բեկը փախավ Ծար երկիր եւ ապա, իր որդուն որպես պատանդ նրանց տալով, վերջը տվեց ասպատակությանը եւ վերադարձավ իր տեղը:

112. Մռավի արեւելյան կողմում ընկած են գավառի երկայնանիստ լեռները, որոնք գրեթե ձգվում են Թարթառին զուգահեռ, եւ դրանցից սկսվելով մի վտակ, նույն ընթացքով շարժվելով դեպի արեւելք, միանում է գետին: Խառնարանի մոտ է գտնվում հին ու անվանի Չարաբերդը. այն նախ այդպես է կոչում Կաղանկատվացին, իսկ հետո Գոշը [2] կոչում է Ճառաբերդ, նրանից հետո մինչեւ այժմ գավառը կոչվում էր Չլաբերդ, Չլբերդ կամ Չրբերդ: Իսկ բերդն այժմ կոչվում է Ջրբերդ, նաեւ Ջերմուկ, աշխարհացույցի քարտեզում՝ Աճումրուգ գալե ՝ կառուցված քարե մի բլուրի վրա, որն անմատչելի է երեք կողմերից, իսկ չորրորդը ամրացված է գետով: Այս ամրոցն է հասնում Է դարի սկզբի Աղվանից Վիրո կաթողիկոսը, որը ազատվել էր պարսից կապանքներից, Խոսրովի սպանությունից հետո եւ, հանդիպելով հոների կամ խազիրների արքայորդի Շաթի ասպատակներին, կաթողիկոսն «իր մոտ է հավաքում բոլոր մեծամեծներին, այդ մեծ երկրի թագավորությունների որդիներին, գավառապետներին, գյուղապետներին, քահանաներին, դպիրներին, որոնք այն ժամանակ գտնվում էին այնտեղ՝ Չարաբերդ ամրոցում» [3], եւ խորհրդակցեց ու գնաց Պարտավ, Շաթի մոտ:

ԺԲ դարի կեսին ապրում էր Տողան անունով մեկը՝ Դարի որդին, Ճառաբերդ երկրի եւ նույն դղյակի իշխանը, որը գոռոզանալով կամեցավ տիրել Առանին եւ կռվեց ոմն Թուրքմանի հետ Հերքան բերդում ու սպանվեց: Օտար բռնակալներից հետո այդ բերդին տիրեցին Խաչենի իշխանները, բայց նրանցից այն նորից խլում են թուրքերն ու վրացիները, մինչեւ որ թաթար Սարթախ խանը այն վերադարձրեց մեծ իշխան Հասան Ջալալին, որի հայրենիքն է համարում ժամանակակից Կիրակոս պատմիչը ԺԳ դարի կեսին [4]: Դրանից հետո գրքերում այլեւս չի հիշատակվում Չարաբերդը, որը հետագա դարերում մարտերի ժամանակ շատ անգամ ամուր ապավեն է եղել:

113. Չարաբերդից մի փոքր արեւմուտք, լեռան ստորոտի մի ձորում է գտնվում Երից-Մանկանց կամ Դանիելի վանքը, որը աշխարհացույց քարտեզում գրված է Քիբերդի Վելի վանք անունով, որի մասին հիշատակություններ կան միայն արձանագրություններում: Այն կառուցել են Աղվանից Սիմեոն կաթողիկոսն ու նրա եղբայրը ԺԷ դարի երկրորդ կեսին: Այն կանգուն մենաստան է՝ քարով շարված սենյակներով, պարզունակ քառակուսի եկեղեցով… երկար եւ լայն չորս սյուների վրա: Եկեղեցու դռան պատերի վրա կան արձանագրություններ.

«ՌՃ թվին, Պարսից մեծ արքա Սուլեյման Շահի ժամանակ, ես՝ Սիմեոնս, Աստծու շնորհիվ Աղվանից կաթողիկոսս, շինեցի այս եկեղեցին իմ հարազատ եղբայր Իգնատիոս Վարդապետի հետ միասին. մենք մեծաշենցի Սարգիս քահանայի որդիներն ենք: Ձեր աղոթքների մեջ հիշեցե՛ք, նոր Սիոնի որդիներ, տերունական դռնով մտնելիս եւ ելնելիս. ամեն»:

Իսկ խորանի ճակատին չափածոյով գրված է.

« Կառուցվեց նոր ուխտի պատարագի

Եվ փառքի տաճարն ու Աստծու տան

Նվիրական այս հարկը,

Որը Տեր Հիսուսը մեզ ավանդեց.

Այն կառուցվեց երկու հարազատի

Սիմեոն կաթողիկոսի եւ Իգնատիոս Վարդապետի

Եվ շատ այլ աշխատողների կողմից:

Կյանքի դիվանի մեջ գրված է,

Որ սույն եկեղեցու կառուցումն

Ավարտվեց Հայոց ՌՃԺԳ թվին՝

Ի փառս անճառ Տեր Հիսուսի:

Ովքեր աղոթում են եւ երկրպագում,

Ուղղամտորեն թող այս նկատեն:

Եվ մեր անձանց, է՛լ առավել մեր մարմնավոր

Ծնողների՝ Սարգիս քահանայի, մեր մոր

Եվ այլ աշխատողների համար

Թողություն խնդրեն »:

Ըստ Ջալալյան օրինակի՝ այս ՌՃԺԳ (1664) թվականը բացահայտ սխալ է եւ վերեւում ասվածին հակառակ ու անհնար, որովհետեւ այն ժամանակ կաթողիկոս չի եղել, իսկ եթե ՌՃԾԳ (1704) թվական կարդանք, այն եւս անհնար է, որովհետեւ այն ժամանակ վախճանված էր Սիմեոնը:

Պատի աջ կողմում գրված է. «Այս եկեղեցին կառուցող վարպետ Ուստա Սարգսին հիշեցեք հանուն Քրիստոսի»: Իսկ նրա կողքի արձանագրությունում վանքի վերաբերյալ հիշատակվում է. «Մեր աշխատանքը ավարտի հասցրինք՝ աստվածասերների ու ողորմածների միջոցով ու օգնությամբ. սուրբ Դանիել մարգարեի եւ երեք սուրբ Մանուկների պատվական նշխարքները, որոնք դրված են այստեղ, մեծամեծ հրաշագործություններ են կատարում: Այստեղ այն կառուցվեց մեր փրկության, մեր բազում մեղքերի թողության, մեր հոգեւոր ու մարմնավոր ծնողների, ինչպես նաեւ բոլոր աշխատողների համար. մեզ եւ վանքի միաբաններին հիշեցե՛ք ձեր սուրբ աղոթքների մեջ»:

Կասկածելի է նշխարքների մասին եղած այս տեղերի ավանդությունը, քանի որ, մեր կարծիքով, սրբերի մարմինները երկար ժամանակ մնացել են Բաբելոնում, հետո տարվել Կոստանդնուպոլիս, այնտեղից փոխադրվել Վենետիկ եւ ապա բաշխվել Եվրոպայի տարբեր կողմերում:

114. Այդ Մեծաշեն գյուղը, եթե նույնը չէ, ապա ինձ թվում է, որ այն Խոտորաշեն գյուղի մոտ պետք է լինի, որը մոտ է վանքին եւ այժմ ամայի է. քանի որ եկեղեցին կառուցող Սիմեոն կաթողիկոսը կոչվում է Խոտորաշենցի եւ Չարաբերդցի: Այս գյուղից էր նաեւ մյուս Սիմեոն կաթողիկոսը՝ առաջինի ազգակիցը, որը մեռավ 1810 թ.:

Այս երկրամասում ուրիշ գյուղեր չեն նշվում, բացի Չարաբերդի արեւմտյան կողմում, Թարթառի ափին նշվածներից, որոնք են՝ Ղարապուլագը, Թանկուր - լուլուպեյը, նրանցից ավելի վերեւ գտնվող Հասանրիսը կամ Հասանարիսը, որը թերեւս ծագում է Ջալալյանց Հասան իշխանների անուններից: Է՛լ ավելի վերեւ, հյուսիսարեւմտյան կողմում Թարթառի մի վտակին է միանում Ուզաճըգը: Բայց մեր նախնիները այս Մեծ Կողմանք գավառում նշում են նաեւ այլ նշանավոր վայրեր ու դեպքեր Ե եւ Է դարերում: Այդ ավելի հռչակավոր վայրերից է Աստղաբլուր լեռը, որը մինչեւ այժմ ճանաչվում է այդ անունով. դա գեղեցիկ անուն ու բնություն ունեցող մի առանձին, ծաղկազարդ բլուր է:

115. Ս. Մեսրոպի Գիսից մեկնելուց եւ նրա մահվանից հետո, որի մասին իր տեղում խոսեցինք, նրա մնացած աշակերտները գնալով Երուսաղեմ, այնտեղից վերցնելով սրբերի նշխարքները եւ բազում սուրբ սպասքները, նաեւ իրենց առաջնորդ Աթանաս անունով վարդապետին ու երկու այլ քահանաների, վերադառնում են եւ, հասնելով Մեծկունիքի ձորերը «ճանապարհի կիրճում երկու խմբի են բաժանվում», ինչպես ասում է պատմիչը [5]: Դա եւս ցույց է տալիս, որ այնտեղ, Մռավ եւ Չարաբերդ լեռների միջեւ թերեւս նույն Փառիսոսի դարպասի մոտ լեռնանցք է եղել: Մի գունդը նստում է «այն տեղում, որին Աստղաբլուր են կոչում, որը գտնվում է հյուսիսային կողմում, իսկ երկրորդ գունդը բանակ է դնում Տրտու գետի այն կողմում, Չղախ կոչված անտառապատ պուրակի հովտում, որովհետեւ ուխտով միմյանց խոստացել էին այդ տեղում կատարել ամենասուրբ Զատկի տոնը»:

Եվ եղավ, որ այն ժամանակ հոները մեծ հրոսակախմբերով շարժվեցին դեպի արեւմուտք, որոնցից մի հզոր գունդ, Կուր գետից անցնելով Ուտիքը, «ասպատակեց Մեծկունիքը: Ավազակների համբավի ձայնը լսելով՝ երուսաղեմյան չղախաբնակ գունդը, բոլոր նշխարքների մասունքները ամփոփելով արծաթյա երկու կողովների մեջ, թաքցնում է հողի մեջ: Եվ իսկույն հասնելով օրհասական այն գուժարկու աղմուկը, անխուսափելի տարակուսանքը, տարածվելով հողմացայտ անձրեւի նման եւ անցնելով ծովի ալիքի նման, հասնում է Աստղաբլուր: Նրանք, չկասկածելով այդ երեւույթների վրա, հանկարծակի հանդիպում են անխնա սրի խոցոտման: Եվ գրավելով ոսկու եւ արծաթի սպասքները՝ սուրբ նշխարքները խառնիխուռն կերպով ցրում էին բլուրի վրա եւ այնտեղ նահատակում քահանաների ավագին՝ երանելի Աթանասին, իսկ մնացածներին գերում եւ այդ նույն տեղում էլ փակում են», որոնց հետ էլ «Ուտիքի գավառից Թագուհի անունով մի կնոջ, որը այդ երկրի բնիկ ազատներից էր, Բագին գյուղից», որին հյուսիսի զորավարը կամենում էր առնել կնության: Գավառը գերելուց հետո, [իշխանը] վերցնում է նրան, նահատակվածների ընկերներին եւ բերում է նույն Աստղաբլուր վայրը ու իր սպասավորների հետ միասին աղաչանքով, սպառնալիքներով հորդորում կնոջը՝ հնազանդվել: Երբ չեն կարողանում համոզել համառ Թագուհուն, նրա ձեռքերը կապում են ետեւը ու նրան մազերից քարշ տալիս անապատում անտառի սուր փշերի վրայով: Խփում էին նրա դեմքին եւ մարմինը ամբողջովին պատառոտում, դրանից հետո սուսերով կտրում են երանելու գլուխը: Այսպիսի կռվի է հանդիպում սուրբ տիկինը եւ Քրիստոսի աստվածային պսակով պսակվում մեծն այն Թագուհին: Դրանից հետո նույն գիշերը, քանի դեռ ուրախանալով դեգերում էին այլազան իշխանն ու նրա զորականները, կատարելով ուրախ խրախճանք, հանկարծակի Տիրոջ կողմից նրանց երեւաց մի զարմանալի նշան: Բոլորը իրենց աչքերով բացահայտ տեսնում էին մի լույս, որը ծագել էր այն տեղում, որտեղ նահատակվեց սուրբ Թագուհին, իսկ անտառում ցրված նրա հագուստի ծվենները աստղերի նման փայլփլում էին եւ երկար ժամանակ աստղանման լույս սփռում սուրբ նահատակների վրա, որը, տեսնելով մարդկանց բազմությունը, այդ նույն տեղն անվանեց Աստղաբլուր, որպես եւ կոչվում է մինչեւ օրս: Դրանից խիստ զարմանում ու մեծ ահի տակ է ընկնում իշխանը: Նա հրամայում է իր մոտ կանչել քահանաներին: Նրանցից սովորելով փրկության ճանապարհը՝ նա հավատում է կենդանի Աստծուն եւ հրամայում է հավաքել սրբերի ցրված նշխարքները, փաթաթել սուրբ կտավով ու թաղել բլրակուճ: Տերունական տոնի ժամանակ կրկին հավաքվում էին մեծ խմբերով՝ նույն նահատակների հիշատակի համար»:

Հավատացյալ զորավարը կոչվեց Թեովփիլոս եւ, արձակելով գերիներին, վերադարձրեց «Կրիական գետի ափը, կամրջանման նավահանգստի մոտ», որը, կարծեմ, Թարթառի գետաբերանի մոտ է, եւ մինչեւ օրս այնտեղից ձորեր են անցնում դեպի Կուր գետը, որից այն կողմ բնակվել էր հոների թագավորը: Լսելով զորավարի մասին՝ նա կանչեց եւ նահատակեց նրան 30 մարտիկների եւ երկու քահանաների հետ միասին, իսկ նրա որդիներին ուրիշ շատ մարդկանց հետ ուղարկեց տարբեր կողմեր:

Դար ու կես անց, քաջ Ջվանշերի իշխանության օրոք, Իսրայել անունով մի հոգեկիր մարդ ճգնում էր Աստղաբլուրի մոտ «Մեծկունիք գավառի վերին կողմում, մի բարձրավանդակ լեռան վրա իր Գլխի վանք մենաստանում», որը Չարաբերդի լեռներից մեկն է, բայց չգիտեմ, թե Գլխի վանքի որն է եւ ինչ պատճառով է այդպես կոչվում: Ինձ թվում է՝ լեռան պատճառով է ասվել Գլուխ, ինչպես որ Կատարի վանքը Դիզափայտում: Այնտեղ նա հայտնաբերում է նշխարքները եւ «շտապ հասնում է եպիսկոպոսանոցի եկեղեցական ավանը», Դավիթ եպիսկոպոսի մոտ ու պատմում եղելությունը: Կաթողիկոսի հրամանով նա ուրիշների հետ միասին գնում եւ գտնում է թաքցրած նշխարքները, որոնց մասին մենք կխոսենք ստորեւ, Մեծարանի աշխարհագրության մեջ: Այնտեղ մենք կպատմենք Իսրայելի ձեռքով կողովը այս Գլխի վանք բերելու մասին, ուր եւ հետագայում փոխադրվեց մեսրոպյան խաչը, որը գտավ Գիսում: Տարիներ անց (677–682) Հայաստանից բերում է մեր Ս. Լուսավորչի ծնոտի մի մասը Հեղինե տիկնոջ միջնորդությամբ, որը Աղվանից տանից էր, Գրիգոր Մամիկոնյանի՝ այն ժամանակվա հայոց իշխանապետի եւ նշխարքները Թորդանից Վաղարշապատ փոխադրողի հարսը:



[1] Կղնկտ., էջ 98:

[2] Հմմտ. Հայապատում, էջ 387:

[3] Կղնկտ., էջ 157:

[4] Հմմտ. Կիր. Գանձակեցի, էջ 358–359:

[5] Կղնկտ., էջ 98–99: