Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԵՐՁՈՐ, ԶԱՎԵ, ՔՈՒՍՏԻ–ՓԱՌՆԵՍ, ՓԱՌԻՍՈՍ ԳԱՎԱՌՆԵՐԸ, ԶԵՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ (ՎԻՃԱԿ)

103. Կուրանի ձորահովտի արեւմտյան կողմը՝ Կուրակի պատսպարանը, որը կազմում է Մռավ լեռան արեւելյան կողմը կամ Այրում եւ Չլաբերդ գավառների անջրպետը, իմ կարծիքով, հին Բերդաձոր գավառն է, թեեւ բազմիցս ասացինք, որ Այրումի մեջ է մտնում, բայց չենք կարծում, թե նա ամբողջովին ամփոփվում է նրանում, քանի որ Արցախի հին ոչ մի այլ գավառի մեջ հնարավոր չէ այն տեղադրել, քան Բերդաձորի, որի անունն էլ պետք է բխեցնել տեղի բնությունից, բազմաթիվ ամրոցների ու խոր ձորերի քարափների առկայությունից, բայց աշխարհագրի [1] շատ օրինակներում եւ պատմիչների մոտ Բերձոր է անվանված, որն այլ իմաստ է տալիս՝ արգավանդություն: Սակայն կարծում եմ, որ այն հնչյունական կամ բարբառային աղավաղման արդյունք է:

Ըստ Խորենացու, այն պետք է լինի Վայկունիքի մոտ, նրան կից, որը Աղվանքի աշխարհագրության մեջ ներկայացվում է ավելի երկար ձեւով: Այդ նույն բանը հաստատում է նաեւ Աղվանքի Պատմիչը՝ այն դասելով բաղանիկեցիների կողմից նվաճված գավառների շարքը. «Վերին Վայկունիքը, Բերձորը, Սիսականը եւ այլն» [2]: Սրանք գավառների նվաճումից առաջ, 830-ին ասպատակելով «սրերով ու նիզակներով կոտորեցին Բերդձոր գավառի ավանները՝ Ուռեցը, Կառնակաշը, Հակարին, Տափարը »: Այդ պատճառով Ստեփանոս Աբլասաթը բերեց Բաբան բռնակալին եւ կոտորեց նրանց, բայց իրեն էլ դավեցին: Սակայն դրանց անունները կամ տեղը ինձ ծանոթ չեն:

104. Երկրամասի ելքի կողմում նշանակված է մի փոքր գավառ, որը հնում կրում էր Զավե անունը: Այն Խորենացին չի հիշատակում, այլ տեղադրում է Աղվանքում, միացնելով Հայաստանից, Ուտիքից, Արցախից գրաված քսան կամ քսանչորս գավառներին. «Շիկաշեն Գարդման, Կողթ, Զավե, Քուստի-Փառնես եւ այլն» [3], որը պատմության մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում, այլ մինչեւ այժմ հայտնի է Զեյվա անունով եւ պետք է լինի նույն կողմում, Ղարա-չայ կամ Կուրան գետի մոտ: Այն հանգամանքը, որ այժմ էլ այդ գավառը ընկած է նեղ շերտով, ինչպես հնում, վկայում է նրա՝ Քուստի-Փառնես մեծ գավառի մի մասը լինելու մասին: Այն պետք է գրավի հիշյալ գետերի հովիտը, որը եւ հաստատվում է պատմիչների կողմից. այն դրվում է նույն գավառներին կից: Այսպես, օրինակ, այդ բանը հաստատվում է վերոհիշյալ աշխարհագրի եւ Աղվանքի պատմիչի կողմից [4]: Նա Սահակ Սեւադայի մասին ասում է, որ Թ դարում նա տիրել է Գարդման եւ Քուստի-Փառնես գավառներին, քանի որ այն ժամանակ Գանձակը ամուր եւ անվանի պետություն չէր, եւ ընդարձակ Գարդման գավառը իր տիրապետության տակ էր առել նաեւ այժմյան Գանձակի գավառը, որին հարավից սահմանակից է Քուստի-Փառնեսը, արեւմուտքից՝ Մեծ Կողմանքը: Եվ «Միսայել եպիսկոպոսը Մեծ Կողմանքի եւ Քուստի-Փառնես նահանգի », այսինքն՝ այդ երկու գավառների, որպես մեկ ամբողջություն, եպիսկոպոսն է: Է դարում այդ տեղանունը նշված կա այդ տարածության եւ մեծ իշխանության մեջ:

105. Այս գավառը առավելապես ծաղկում ու հզորանում է Ժ դարում, է՛լ ավելի հռչակվելով ԺԳ դարում, բայց տակավին ոչ թե Քուստի-Փառնես, այլ Փառիսոս անունով: Անկախ անունների նմանությունից կամ տարբերությունից, պատմական նշաններից պետք է ենթադրել, որ այն միեւնույն գավառն է: Քանի որ Վարդան Պատմիչն ասում է, թե Մամ տիկինը եկել է Փառիսոսի իշխան Գրիգորի մոտ եւ նրանից խլել Շամքորի գավառը [5], որն իր տեղում հիշեցինք: Դրանից էլ հայտնի է դառնում, որ այն Փառիսոսի մի մասն էր կամ էլ նրան կից էր: Մխիթար Գոշն ասում է, որ Գանձակի մեծ երկրաշարժի ժամանակ շարժվում են շատ տեղեր «Փառիսոսի եւ Խաչենի գավառներում» [6], որից պետք է ենթադրել, որ Փառիսոսը ընկած էր Գանձակի եւ Խաչենի միջեւ: Ասողիկը Գագիկ Ա-ի մասին ասում է, որ նա տիրել էր «Փառիսոսի, Խաչենի, Վայոց ձորի սահմաններից սկսած» [7], որն սկիզբ է առնում արեւմուտքից՝ Վայկունիքից եւ, ձգվելով Խաչենին զուգահեռ, հասնում է երկրամասի սահմանին: Եվ նույն ինքը այլ տեղերում [8] ասում է երկրամասի թագավորների վերացման մասին՝ Գագիկի (որը տիրել էր այդ վայրերի սահմանամերձ շրջաններին) եւ Գանձակի տիրակալ Փատլունի մասին, որոնք կռվելով միմյանց դեմ, մեկը մյուսից խլում էր երկրամասը: Դա եւս ապացուցում է, որ այդ երկրամասն ընկած էր այդ երկուսի իշխանությունների միջեւ: Փառիսոսի այդ թագավորները նույն Աղվանքի թագավորներն են՝ Սյունյաց ազգականները, որոնք Ժ դարի կեսին կրկին փայլեցին արքայական փառքով: Իրենց անվանը նոր փառք ավելացրին Սենեքերիմ եւ Գրիգոր եղբայրները, որոնք մահացան 1003-ին «եւ նրանց երկրամասը կռվով իրար միջեւ բաժանեցին Հայոց Գագիկ արքան եւ Գանձակի ամիրա Փատլունը», որը, ըստ Վարդանի, բռնեց Փիլիպեին՝ իր բարերար Գրիգորի որդուն, հոր մահից հետո սպանեց նրան եւ այդպիսով տիրեց երկրին [9]: Սակայն նույն ցեղից կրկին բողբոջեց իշխանների եւ թագավորների տոհմը Աղվանքում եւ Խաչենում, ինչպես ցույց կտրվի առաջիկայում: Եվ դրանով իսկ շատ պարզ կերպով ապացուցվում է, որ այլ էին Փառիսոսի հարստության թագավորները, եւ այլ՝ Սյունյաց Բաղա հարստությանը, թեեւ նրանք խնամիներ էին եւ սերում էին Առանյան նույն ցեղից: Եվ երբ նրանք նահանջեցին Խաչեն, Փառիսոսը Գանձակի տերերի իշխանության տակ ընկավ եւ ԺԱ–ԺԲ դարերում այն հիշվում է որպես այդ նահանգի մի մեծ մասը: Այնտեղից դուրս եկան հոյակապ մարդիկ՝ Աղվանքի մի քանի կաթողիկոսներ եւ տաղանդավոր Հովհաննես Սարկավագ Վարդապետը:

Վրաց պատմիչը ավելի վաղ, այն է՝ մեր Արտաշես Արշակունի արքայի օրոք, հիշատակում է Փառիսոսի դուռը, որից դուրս ելան, ասում է, վրացիները եւ կովկասյան ասպատակները ու Վանանդը, Բասենը, Նախիջեւանը ավերելուց հետո, անմիջապես անցնելով Կուր գետը, գնացին Կամբեջ [10]: Բայց ես չգիտեմ, թե ինչ տեղի է համապատասխանում այս դուռը: Այդ հին գավառները կամ Կուրանի հովտում գտնվող մի մասը այժմ գտնվում են Չրբերդ մեծ գավառի հյուսիսային կողմում եւ համարվում են առանձին բնակավայրեր (վիճակ), օտար լեզվով Իկիրմիտեօրթ (քսանչորս)՝ «նրանում նույնքան գյուղ լինելու պատճառով», դրանց թվում են նաեւ Զեվան կամ Զեյվան եւ մեզ ծանոթ հին ու նոր նշանավոր շատ տեղեր:

106. Աշխարհացույցում Մռավի արեւելյան ստորոտներում նշվում է նոր Պուլանըգ մենաստանը, որը, չգիտեմ, կոչում են նահատակված հավատացյալ Թաթարի անունով, թե՞ մի այլ կապակցությամբ, կամ էլ գուցե աղավաղված է այդ անունը: Նրա մոտ, լեռների ստորոտներում, Կուրակի վտակների մոտ են գտնվում Պուզլուգը, Մոնաշիտը, Էրգեն եւ այլն, որոնք, թվում է, քսանչորսից են, որոնց մի մասը ավերակ է ու անմարդաբնակ: Դրանք գոյություն են ունեցել անցյալ դարի վերջին եւ դարիս սկզբին, որոնց տիրում էին հայկական առանձին իշխաններ (մելիքներ), եւ ցարդ հայտնի է Փրիդոնյանների անվան տունը:

Սրանց մոտ, ավելի հեռու լեռներում, Կուրակի եւ Կուրանի անջրպետներում է գտնվում Բերիս գյուղը, որ, կարծես, Փառիսոսի բուն տեղում է, որի անունով էլ այդ կողմերում ասվում է այժմ ամայի քաղաքի տեղը: Հների մոտ այս անունով քաղաք կամ ավան չի հիշատակվում, նպատակահարմար է այն կարծել գավառի անունից եւ այդտեղից էլ՝ Սարկավագը: Բայց նրանք Ժ դարից հիշում են Փառիսոսի վանքը, որի կործանման ժամանակ առաջնորդն էր Պետրոս Վարդապետը: Նա ընտրվեց Աղվանքի կաթողիկոս եւ տասներկու տարի անց «հրաժարվեց աթոռից, եւ նրան հաջորդեց Փառիսոսի վանական տեր Մովսեսը» [11]: Եվ մինչեւ օրս այն ճգնավորների ամայի մենաստանն է:

Բերիսից հյուսիս է գտնվում Ռելյադլը, արեւելքում, Կուրանի ձախ ափին՝ Ղարաչինար մեծ գյուղը (Սեւ Սոսի), աջից՝ Ղարա - յաքան, Բերիսի հարավ-արեւմուտքում, նույն Կուրանի մոտ՝ Ագճա - քենդ երկու գյուղերը, որոնց մոտ է գտնվում Մանասբեկ ավանը, հյուսիս-արեւելքում, Չրբերդի ու Ճեւանշիրի սահմանամիջում՝ Զեյվան կամ Զեյվալը: Այն ընկած է Կուրանի աջակողմյան մի վտակի մոտ, մի արգավանդ վայրում, որը իր անունով էլ կոչվում է, եւ դրանից էլ ծագում է գավառի Զավե հին անունը:

Աշխարհացույցում այսքան բան է նշված Փառիսոսի հռչակավոր գավառի մասին, որի փառքն ու անունը ավելի հին են, քան նախորդ նշվածները:

107. Այս բնակավայրի հյուսիսային կողմում, Կուրակ գետի մոտ պետք է փնտրել Զարդունի դաշտակի տեղը, որտեղ նահատակվեց Ս. Եղիշե առաքյալը Գիսից գալու ճանապարհին. «դիցամոլ կռապաշտների զոհարանի տեղում նահատակվեց, եւ հայտնի էլ չէ, թե ում կողմից կատարվեց (նահատակության) գործը: Եվ այնտեղ, մահապարտների փոսի մեջ ընկավ նրա պատվական նշխարքը եւ ծածկվեց այն տեղոում, որը երկար ժամանակ Հոմենք է կոչվում» [12]: Հայսմավուրք գիրքն ասում է, որ ոչ թե նշխարքները, այլ հենց ինքը՝ սուրբը իր մի աշակերտի հետ միասին «ընկավ մի շատ խոր եւ թունավորաբնակ փոսի մեջ՝ մարմնով շատ այլ չարագործների հետ»: Նշխարքների մասին ասում են, թե դրանք հայտնի են եղել Վաչագանի ժամանակներից, իսկ ըստ Պատմիչի «շատ ժամանակ անց աստվածավախ մարդկանց տեսիլք է երեւում, եւ մի խումբ գալիս է փոսի մոտ ու այնտեղ տեսնում իրար վրա կիտված շատ ոսկորներ: Նրանք առհասարակ տարակուսեցին, բայց դիզեցին եւ գիշերները աղոթքներով հսկեցին այն: Եվ առավոտյան մեծ երկրաշարժ եղավ, եւ այնտեղ եղողները ընկան գետնին: Անապատում բարձրացավ ուժեղ քամի եւ անսուրբ մարդկանց ոսկորները սփռեց ամբողջ դաշտով մեկ, իսկ տեղում մնացին միայն առաքյալի նշխարքները: Ուռեկան գյուղի մեծահարուստ ոմն Ստեփանոս քահանան հափշտակեց նրա միայն գլուխը, աճապարելով նստեց իր երիվարն ու հեռացավ: Երբ բազմությունը ընկավ նրա ետեւից, մթամած մառախուղը փայլատակումներով նրանց միջից անցնելով, սարսափեցրեց նրանց, որոնք վերադարձան հավաքատեղի: Տեսիլքով հայտնված սուրբ Եղիշայի նշխարքները տարան, տեղավորեցին Ուռեկան ավանում, որտեղ դրվեց նրա գլուխը սուրբ քահանա Ստեփանոսի ձեռքով: Այնուհետեւ այնտեղից տեղափոխեցին Ներս-Միհրի սուրբ վանքը (Ուխտ), որն այժմ կոչվում է Ջրվշտիկ, որը նույն ինքը Եղիշա առաքյալն է՝ ի փառս ամենակալ տեր Աստծու: Երկար ժամանակ անցնելուց հետո բարեպաշտ Վաչագանը Եղիշայի նահատակության փոսի վրա հուշասյուն կանգնեցրեց: Եվ արքայի սենեկապանը, առանձնանալով այնտեղ, իր կյանքին վերջ տվեց այդ հուշասյան վրա» [13]:

108. Այդ փոսի տեղը, այն է՝ Հոմենքը կամ Աղվանքի խոր Վիրապը այժմ չի հիշվում, բայց Ուռեկանն ու Ջրվշտիկը հայտնի են: Առաջինը Հոռիկ է կոչվում, որը գտնվում է արեւմուտքում, Զեյվայից ոչ շատ հեռու: Այն Ուռեկն է, որը պահել է հին անունը եւ ոչ թե այն ծագում է հյուր եկ ձեւից, ինչպես կարծում են տեղացիները, որպես թե այնտեղ գիշերով հյուրընկալվել է Վաչագան արքան: Ինչպես որ անհայտ են սրբի նահատակության հանգամանքները, նույնպես եւ անհայտ է նշխարքի առաջին գյուտի ժամանակը: Թվում է՝ Վաչագանի ժամանակ կամ նրանից հետո այնտեղ կառուցվում է Գտավանքը, այսինքն՝ Գյուտի վանքը: Գյուտը եղել է Վաչագանի օրոք, ինչ-որ մեկի կարծիքով՝ 489 թ. եւ սեպտեմբերի 29-ին՝ ըստ Հայսմավուրքի: Ասում են՝ Գյուտ է կոչվում այն գյուղը, որտեղ Վաչագանի ժամանակ հայտնվեցին նշխարքները. դա հիշում է նաեւ Գյուտ վանքի վանահայրը Եղիա կաթողիկոսի ժողովում, Աղվանքում. արդյոք սա վերոհիշյալ Պուլանըգ վանքը չէ:

Հոռիկում մինչեւ օրս կանգուն մնացել են 1279 թ. կառուցված մի եկեղեցի եւ 1284 թ. կառուցված ժամատունը, ինչպես որ ցույց են տալիս արձանագրողները. մեկը գրում է. «ՉԻԸ (1279) թվին, տեր Ստեփանոսի քահանայության օրոք. այս եկեղեցին կառուցող տեր Հովհաննեսին, իր ծնողներին, եղբայրներին հիշեցե՛ք հանուն Քրիստոսի»: Մյուսը գրում է. «ԺԼԳ (1284) թվին, աշխարհակալ Ապաղա խանի տերության, տեր Ստեփանոսի հայրապետության եւ Նորադենի, Սրադենի, Գարապիջինի իշխանության ժամանակ, ես՝ տեր Հովհաննեսս, շինեցի գավիթը՝ ի հիշատակ ինձ, իմ ծնողների եւ եղբայրների»: Եկեղեցու շուրջը կան տոհմիկ մարդկանց գերեզմաններ, որոնց թվում նաեւ Բեկլար իշխանինը, նրա մոտ էլ՝ վերջին ժամանակներս նշանավոր մարդու՝ Մելիք Ադամի քարաշեն ապարանքը: Եկեղեցու սահմանում կան նաեւ բազում այլ շենքեր:

109. Գտավանքից պակաս չէ նաեւ Ներս Միհրի վանքը, որը կոչվում է Ներսմիհրական միաբանություն ( ուխտ ), ուր Վաչագանը տեղափոխեց սրբի նշխարքները, որի հետեւանքով էլ նրա անունը ընդհանրապես Ս. Եղիշե է կոչվում: Ինձ թվում է՝ Ներս Միհր իշխանը վանքը կառուցողն է, եւ թերեւս երկար ժամանակ վերակացուներ նշանակվեցին նրա ցեղից այդ տեղի համար: Այդ է պատճառը, որ նրանք կոչվում են վանքի վանահայրեր, ինչպես, օրինակ, սրբազան Քշիկը՝ Եղիա կաթողիկոսի օրոք, Ը դարի կեսին, Գտավանքի վանահայրը եւ ուրիշներ: Այն մասին մեզ քաջ հայտնի են դարձնում Աղվանքի կաթողիկոս Սիմեովնի այն կանոնները, որոնք սահմանեց Եղիան, ըստ որի «շատերից տրտունջ եմ լսում, թե շատ տեղերում եկեղեցիներին վանականությամբ հանդերձ զինվոր մարդիկ են տիրում, որոնք իրենց չար գործերի պատճառով արժանի չեն եկեղեցի մտնելու, ուր մնաց եկեղեցական հասույթն ու հացը ուտելու: Այդ մասին էլ Ներս Միհրի վանահայր սրբազան Քշիկը գրել է, թե աղվանից իշխան Վարազ Տրդատը մի փոքրիկ գյուղակ է տվել սուրբ Խաչիս՝ սպասավորելու իր հոգու փրկության համար, իսկ այժմ Փուսան-Վեհ անունով հեծյալը, անառակ կյանք վարելով, գրածը մեջտեղ է բերում, թե Աղվանքի իշխանը իրեն է տվել այդ եկեղեցին վանականությամբ, որպեսզի ինքը հոգ տանի…: Եվ թող Փուսան-Վեհը չտիրի այդ եկեղեցուն՝ ըստ սուրբ հոգու հրամանի» [14]: Եղիա կաթողիկոսը ժողովի կանոնների այս պատճենը տվել էր Քշիկին՝ պահելու, ինչը եւ նա կատարեց:

Շատ հին է վանքի Ջրվշտիկ անունը, որով եւ մինչեւ օրս կոչվում է: Այն գտնվում է նույն Հոռիկի արեւմտյան կողմում, դժվարանցանելի ձորամիջում, որի պատճառով էլ անապատ է կոչվում: Այդ վանքում, ասվում է մի հիշատակարանում, գտնվել է Տիրամոր վերափոխման պատմությունը, որը Քերթողահայրը եւ Մանդակունին հրատարակեցին: Պահպանվել են ԺԳ դարում կառուցված շենքերը: Եկեղեցին փոքր է եւ կառուցված է կանոնավոր ձեւով, անմշակ մեծ քարերով Վաչագանի դաստակերտի հիմքի վրա հետեւյալ արձանագրությամբ. «ՈՂԴ (1245) թվին ես՝ սուրբ միաբանության Սերոբ սարկավագս, նախկին հիմքի վրա շինեցի սուրբ Առաքյալ վանքը. ձեր աղոթքների մեջ հիշեցե՛ք»: Գավիթը եւս անշուք ձեւով է շինված, 1264-ին, ինչպես վկայակոչում է արձանագրությունը. «ՉԺԴ (1264) թվին ես՝ Խաչատուրս, աստծու կամքով շինեցի այս ժամատունը, առաջնորդությամբ տեր Սիմեովնի. աղաչում եմ՝ հիշեցե՛ք հանուն Քրիստոսի»: Սերոբին եւ Խաչատուրին օգնել են եւ ուրիշները, ինչպես որ գրում են. «Մենք՝ Առաքել վարդապետս եւ Ջահան իշխանի որդի Թեոդորոսս, Աստծու օգնությամբ կառուցեցինք այս եկեղեցին եւ ժամատունը՝ ի հիշատակ մեզ եւ մեր ծնողների»:

Կան եւ այլ համառոտ արձանագրություններ, ինչպես՝

Ա. «Ես՝ Գրիգորս, Աստծու կամքով շինեցի Ուտապատ եկեղեցին, ավետարան գնեցի եւ Քերթ հողամասը նվիրեցի սուրբ միաբանությանը: Առաջնորդ տեր Սիմեոնը եւ միաբանները Համբարձման տոնի ժամանակ երկու ժամ պատարագ արեցին»:

Բ. «Ես՝ Սերովբ քահանաս, Աստծու կամքով երեք գիրք տվեցի սուրբ ուխտին: Առաջնորդ տեր Սիմոնը եւ միաբանները Բարսեղի տոնի առթիվ պատարագ կատարեցին»:

Գ. «Ես՝ Դավիթս եւ իմ ամուսինը միաբանեցինք սուրբ ուխտի հետ եւ խաչ նվիրեցինք: Առաքյալների տոնի ժամանակ մեզ համար երեք պատարագ կատարեցին»:

Դ. «Մենք՝ Առաքել Վարդապետս, Շրվանի թոռ տեր Մատթեոս եպիսկոպոսս, Ճհանշի որդի Տիրանս, Աստծու կամքով շինեցինք այս եկեղեցին, սալեցինք ժամատունը՝ ի հիշատակ մեզ եւ մեր ծնողների. ՋԾԸ (1509) թվին»:

Ե. «Ես՝ տեր Մատթեոսս, Աստծու կամքով սալեցի այս եկեղեցին ՉԿԶ (1317) թվին, իսկ զանգակատունը շինվեց ՉՀԲ (1323) թվին. հիշեցե՛ք աղոթքների մեջ»:

Զ. «Ես՝ Հովհաննեսս, Աստծու կամքով միաբանեցի սուրբ Առաքյալին, այս սուրբ նշանը տվեցի ավագ եկեղեցուն, Սիմեոնի առաջնորդության ժամանակ, եւ միաբանները Ղազարոսի տոնին երկու ժամ պատարագ տվին: Կատարողները օրհնվեն Աստծու կողմից. ՉԽԱ (1292) թվին»:

Մի այլ արձանագրություն էլ գրված է մի փոքրիկ մատուռի մասին, որտեղ հանգչում է բարեպաշտ Վաչագան արքան, որի շնորհիվ Աղվանից հավատը դարձել է հաստատուն ու փառավորված: Մատուռի վրա գրված է. «Սա է Վաչագան թագավորի հանգիստը. թող աստված ողորմի հայրապետին, նրա ծնողներին եւ նրանց, ովքեր շինեցին այս եկեղեցին տեր Սիմեովնի առաջնորդությամբ. դա ՉԼԵ (1286) թվին էր»: Գավթում կան ուրիշ տապաններ էլ, դրանց թվում նաեւ 1656 թ. օտարների կողմից սպանված Մելքիսեթ առաջնորդի տապանը: Մենաստանը շրջապատված է քարուկիր պարսպով: Կանգուն են մնացել սենյակներն ու ընդարձակ սեղանատունը:

Ջրվշտիկին մոտիկ, քարքարոտ տեղերում կան մեծ շենի ավերակներ: Այդ շենը մայրաքաղաք են կոչում: Նրա մոտ են գտնվում Մելիք Ադամի քարաշեն գեղեցիկ ապարանքը եւ մի մատուռ՝ կառուցված Փախրադինի իշխանության եւ Սուքիասի առաջնորդության ժամանակ, 1260 (ՉԹ) թվին, որից էլ պարզ է դառնում, որ այդ տեղում եղել է մենաստան: Ինձ թվում է, որ Ներս Միհրին մոտիկ պետք է եղած լինի եւ Հուսեփի վանքը, որի վանահայրը Եղիա կաթողիկոսի ժողովի ժամանակ հիշատակված Գրիգորն էր:



[1] Հմմտ., Մ. Խորենացի, Մատենագրութիւնք, Վենետիկ, 1843, էջ 609:

[2] Կղնկտ., էջ 327:

[3] Մ. Խորենացի, Աշխարհացոյց:

[4] Կղնկտ., էջ 341:

[5] Վարդան Վարդապետ, Հաւաքումն պատմութեան, Վենետիկ, 1862, էջ 100:

[6] Ալիշան Ղ. Հ., Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 361:

[7] Ստեփանոս Տարօնեցի, Պատմութիւն տիեզերական, Պետերբուրգ, 1885, էջ 256:

[8] Անդ, էջ 283:

[9] Վարդան Վարդապետ, Հաւաքումն, էջ 100:

[10] Ջուանշէր, Համառօտ պատմութիւն Վրաց, Վենետիկ, 1884, էջ 32:

[11] Կիրակոս Գանձակեցի, էջ 199:

[12] Կղնկտ., էջ 10–11:

[13] Անդ, էջ 11–12:

[14] Անդ, էջ 309: