Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԱՐԶԿԱՆՔ ԳԱՎԱՌԸ ՇՈՒՇԻԻ ՎԻՃԱԿԸ

154. Արցախի վերջին, փոքրիշատե ծանոթ գավառը Պարծկանքը կամ Պարզկանքն է, այն է՝ Պանծկանքը, որը գրչագրական այլ ձեւով հայտնի է Պազկանք, Պածկանք եւ այլ անուններով: Շատ պատմիչներ նշում են, որ այն պետք է ընկած լինի Ամարասից հարավ: Բաղանիկեցիների՝ դեպի Հաբանդ, Ամարաս, Պարզկանք, Մախանք արշավանքների մասին ստուգապատում հին պատմիչ Կաղանկատվացին Սուրբ Գրիգորիսի նշխարքների գյուտի պատմության մեջ մեջբերում է Հովբ ճգնավորի մասին ծերերից ավանդածը Վաչագան արքային: Այնտեղ գավառի աշակերտության սկիզբն է դրվում հանուն Քրիստոսի, որտեղ պատմվում է. «Ոմն ճգնավոր այր Հովբը, հույժ առաքինի վարքով ապրելով աշխարհում, որն ուներ նաեւ առաքելական շնորհ, իր բազմաջան աշխատանքով, Քրիստոսի նկատմամբ հավատով եւ սիրով Արցախ աշխարհի մի մեծ մասը՝ Պարզկանք կոչվածը, ետ է դարձնում մոլորության ճանապարհից՝ դիվանվեր սնոտի պաշտամունքից փոխարկելով Քրիստոսի ծանոթ աստվածությանը…: Շատ անգամ գալով՝ սա կատարում է սուրբ Գրիգորիսի հիշատակը» [1]: Հայտնի է, որ Պարզկանքը սահմանակից էր Ամարասին, իսկ Հովբի վարդապետության ժամանակը թվում է ավելի առաջ, քան Սուրբ Մեսրոպի գալուստը:

Պատմիչները այս գավառում ոչ մի շեն կամ վայր չեն նշում, որի հետեւանքով բացի Ամարասի հետ սահմանակցությունից, հնարավոր չէ այն քննել հանգամանորեն: Թվում է, որ սա ընկած էր Գարգարի ձորահովտում, սկսած նրա ակունքից վերջացրած Գարգարացիների դաշտաբերանով, որտեղ եւ մենք ենք հատում վիճակիս աշխարհագրության սահմանը: Հարավային կողմից իր մեջ առնելով արեւելյան վտակների բոլոր հովիտները՝ հասնում է մինչեւ գետերի ջրբաժանը, որոնք հարավից հոսում են դեպի Երասխ: Եվ ըստ այդմ նրա մեջ է մտնում նաեւ այժմյան մեծ Վարանդին գավառի հյուսիսային ծայրը, որը մենք համարում ենք Շուշիի բուն վիճակը (գավառը)՝ մեծ քաղաքի անունով, որը ընկած է Չըրբերդի, Վարանդինի եւ Զանգեզուրի սահմանամիջում, եւ այն ամբողջ Առանի, այսինքն՝ Ղարաբաղի գլուխն է:

155. Մեծ եւ ամուր Շուշա կամ Շուշի քաղաքը գտնվում է Գարգարի գետի ձախ կողմում, առանձնացած սարահարթում, կավախառն ու պատռված անառիկ ու անմատույց ժայռոտ տեղում, բացի քաղաքի երեւանյան եւ գանձակյան կողմերից, որոնք էլ ամրացված են աշտարակներով: Բարձրավանդակի շրջագիծը մոտավորապես երկու մղոն է, որի փոքր մասում բերդաքաղաքն է, իսկ մեծագույն մասում՝ գերեզմաններն ու պարտեզները:

Անցյալ դարի երկրորդ կեսին ինչ-որ գյուղ էլ է հիշատակվում Շուշիի տեղում, որի կոնկրետ տեղը չի նշվում: Չեմ կարող կարծել, թե այն Վարդանի [2] կողմից հիշատակված Շուշուաղը լինի, Խաչենի կողմերում եղածը, որին տիրեց Փատլունը: Նադիր Շահի կողմից հալածված թաթարները, երբ Խորասանից վերադառնում են այստեղ, ունենում են Ճեվանշիր տոհմից Փանախան անունով մի թուրքմեն առաջնորդ: Սա տիրեց Ղարաբաղին, նվաճելով երկրի հինգ մելիքներին եւ իր աթոռը հաստատեց նաեւ Պայադ, ապա Շահպուլագ վայրերում, այնուհետեւ 1789 թ. այդ տեղը գրավեց իր աներ Շահնազար Մելիքից եւ կառուցեց ամուր բերդը՝ պարսիկներից պաշտպանվելու համար: Բերդը կոչվեց Փենապատ, որտեղ դրամ կտրեց իր անունով, որը մինչեւ օրս գործում է: Երբ այստեղ տեղափոխեց Շուշի գյուղի բնակիչներին, բնակավայրն ստացավ նրանց գյուղի անունը (Շուշի): 1790 թ. Փանային հաջորդեց նրա որդի Իբրահիմը, որի օրոք պարսից Աղա Մահմուդ Շահը 1794 եւ 1795 թթ. երեք անգամ պաշարեց քաղաքը, երրորդ պաշարման ժամանակ քաղաքը սովի մատնելով՝ գրավեց այն եւ դաժանորեն վարվեց բնակիչների հետ: Այդ պատճառով ինքը չարաչար սպանվեց, եւ քաղաքը նորից անցավ Իբրահիմին: Նա 1805 թ. ռուսների պաշտպանությամբ մտավ քաղաք եւ նահանջելիս զրկվեց կյանքից: Նրան հաջորդեց իր որդին՝ Մեխդի Խուլին: Նա եւս կամեցավ քաղաքը հանձնել պարսիկներին: Ռուսները 1822 թ. ամբողջությամբ գրավեցին Շուշին ու Ղարաբաղը՝ զորապետ Մադաթով Հայկազնի հրամանատարությամբ եւ դարձրին տաճկական երեք կուսակալությունների՝ Ղարաբաղի, Շեքեի եւ Շամախի մայրաքաղաքը:

Քաղաքաբերդը ի բնե ամուր էր, որն է՛լ ավելի ամրացել էր խոր կիրճով: Կիրճը նրա ներքեւի կողմում է, իսկ հարավային կողմում քարակտուր բլուրն է՝ երկու բարձր աշտարակաձեւ բարձունքներով: Քաղաքի ներքին կերպարանքը գորշ ու տգեղ է. նրանում չկան գեղեցիկ շենքեր, փողոցները նեղ են ու ցեխոտ՝ կավոտ ու կրոտ հողերի ու դարուփոս տեղերի պատճառով: Տները հողով են շաղախված, մասամբ քարաշեն են, մի շուկա ունի՝ քարով ու ազյուսով շինված: Քաղաքը ջրակարոտ է, որովհետեւ ջուրը փողրակով բերված է Երեւանի կողմը:

Քաղաքում հայկական երկու եկեղեցի կա՝ Ագուլեցոց եւ Ղազանչեցոց կոչվածները, կան նաեւ երկու փոքր, անշուք եկեղեցի, հայկական մի շուկա՝ փոքր կրպակներով: Քաղաքն ունի նաեւ տպարան, որտեղ լույս են տեսել մատյաններ (գրքեր) արքեպիսկոպոս եւ մետրոպոլիտ, բանասեր Տեր Բաղդասարի ջանքերով: Նա իր աթոռը հաստատեց այստեղ՝ դառնալով Աղվանքի կաթողիկոսների հաջորդը: Նրա թեմերն են՝ Ղարաբաղն ու Շրվանը: Շուշիի վարժարանում * գործում է Պաղիլեի ավետարանական ընկերությունը: 1864 թ. քաղաքի հայազգի տիկնանց ջանքերով բացվեց աղջիկների վարժարանը, որն անվանվեց Ղարաբաղի Սուրբ Մարիամի Օրիորդաց ուսումնարան: Շուշիում են նստում նաեւ ռուսաց զորավարը եւ Ղարաբաղ գավառի քաղաքական պաշտոնյաները:

Քաղաքի բնակիչները հայեր են եւ թաթարներ, մոտավորապես 7000 հոգի՝ բոլորն էլ ճարտար ու զվարթ մարդիկ: Քաղաքի կլիման այնքան էլ առողջարար չէ՝ ամառվա տոթի եւ ձմեռվա ձյան ու ցրտի պատճառով, որովհետեւ այն Կասպից ծովի մակարդակից բարձր է մոտավորապես 4000 մ: Բայց իր բարձրության ու շրջակայքում եղած անտառների շնորհիվ Կովկասի լեռների, Արցախյան ու Սյունյաց գավառների համար ստեղծում է գեղեցիկ ու հաճելի տեսարան:

Քաղաքի շրջակայքը գեղեցիկ դիրք ունի, անտառապատ է, տարածքը՝ ապառաժոտ, գույնզգույն քարերով ու դեղնասպիտակ կրահողով ծածկված: Գարգարի աջից, քաղաքից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա Շուշաքենդ գյուղն է, որը հին Շուշի գյուղն է, ուր, գետի ափին, կան ջրաղացներ:

156. Շուշիի բոլորակաձեւ հովիտը, ըստ Տյուպոսի երկրաբանական հետազոտության, նման է երկրամուղ զորության կողմից բարձրացված մի բաժակի՝ կրային կազմությամբ, ընդմիջարկված հրաբխային զանգվածներով, որոնց մեծամեծ կտորները ընկած են այս ու այն կողմն:

Այդ վիճակում (գավառում) նշված գյուղերն են՝ Գարգարի ձախ կողմից, քաղաքի հարավ-արեւմուտքում՝ Տաշ-ալդը, որը ընկած է այն քարալեռան ներքեւում, որի վրա քաղաքն է: Սրա արեւմտյան կողմում Զարիստրն է, որը հիշատակված է Աղվանից թեմի Քարտիշ վանքի արձանագրությունում. «Զարիստրը յուր գետով», թեեւ այդտեղի գետը Գարգարն է: Սրա մուտքից ավելի հեռու եւ Հաքարի գետը (որը Զարիստրի հետ հիշատակվում է նույն արձանագրությունում) ու Սյունյաց լեռան անջրպետի ստորոտում գտնվում է Լիսոգորսկի (՞) գյուղավանը, որը համարվում է ռուսական պահապան զորքի զորանիստը: Այդ գյուղավանի մոտ է գտնվում Գարգարի ակունքը:

Իսկ Շուշիից հյուսիս-արեւելք գտնվում են՝ Խալիֆալը, Կոպելիքենդը, Քերքենանը, Խանքենդը, Պեկլյուլը, Խանիծակը ՝ Գարգարի մի վտակի միացման տեղում: Թվում է, որ սա նույն Խանձիկ գյուղն է, որտեղից էր Աղվանից կաթողիկոս Պետրոսը, ԺԷ դարի կեսին: Սրանից հյուսիս ընկած են Պալըճան եւ Մեխդուքենդը, որի մասին խոսք եղավ Ամարասի ժամանակ:

157. Գարգարի աջից, Շուշիից հարավ, գյուղեր չեն նշվում, այլ Շուշաքենդից ավելի հյուսիս-արեւելք նշվում են Տաղտաղը, Տաշքենդը, Էղլիսը, Խանտաղը ՝ Գարգարի մոտ: Սրա վերջում՝ Թիրավը, հյուսիսից՝ Ապտալը, սրա հյուսիսային ելքի մոտ՝ Առանծամյունը (՞), Բիրճամալը, որի վերջից դեպի հյուսիս, Գարգարի մոտ, Նախջավանն է:

Թիրավի վերջում ձգվում են լեռնաշղթաներ՝ Գարգարի վտակները անջրպետելով Քանաշին (՞) գետից, որը իջնում է այդ լեռներից: Այդ գետը հոսում է դեպի արեւելք, բայց ինձ անծանոթ են նրա ընթացքն ու գետաբերանը: Լեռների, գետի ու Գարգարի հովտի միջեւ նշվում են վերոգրյալ գյուղերը՝ Թաքիրը, Էնջու-քենդը, Ղարաքենդը, Կյուլպաշլը եւ այլն:

158. Մինչեւ Վարանդին գավառին անցնելը նշանակենք վերջին ուսումնասիրողների կողմից հիշված գյուղերը, որոնք Խաչենի կողմերում են գտնվում: Դրանք են՝ Սեյկյուտլու գյուղը, որտեղից էին կաթողիկոսներ Թումասն ու Առաքելը, ԺԷ դարի վերջին, Ղշլախը, որտեղից էր Սարգիս կաթողիկոսը, ԺԶ դարի սկզբին *, Պումը, որտեղից էր Փիլիպոս կաթողիկոսը, ԺԶ դարի երկրորդ կեսին:

Դրանցից նշանավոր է Ճալեթը, որտեղ կա անվանի մենաստան, ուր եղել է Աղվանքի կաթողիկոսների աթոռը, ԺԷ դարում: Կաթողիկոսներից մի քանիսի գերեզմանները կան այնտեղ, ինչպես որ երեւում է արձանագրություններից.

Ա. «Հանուն Աստծու ես՝ Կարապետ կաթողիկոսս, ՊԿ թվին շինեցի այս եկեղեցին՝ իմ հոգու հիշատակի համար. ձեր աղոթքներում հիշեցե՛ք»:

Բ. «ՋԻԴ թվին մահացավ Թովմա կաթողիկոսը»:

Գ. «ՋԿ թվին ես՝ Տեր Առաքյալ կաթողիկոսս, պարոն Հասան Բեկից վերստին գնեցի եկեղեցու դռան խոտհարքը (ղուրուղ), գռ (3000) թանկայի ծախս արի եւ տվեցի, մեր հոգու փրկության համար՝ նաեւ այս սուրբ Աստվածածինը: Ով հակառակվի եւ ջանա խլել կամ ծախել այս հանդըգիշերում կա, Կայենի բաժինը կստանա: Արդ, ես՝ Տեր Առաքել կաթողիկոսս, կանգնեցրի խաչ եւ նորոգեցի եկեղեցու գլուխը Տեր Թովմա կաթողիկոսի հոգու համար. ով նստի աթոռին, թող Զատկին մեկ պատարագ անի. ՉԻԹ թ. »:

Դ. «Թիվ ՊԿ. Կարապետ կաթողիկոսի եւ

Երիցս վեհերի տապանն այս է,

Որոնք օծվել են Աղվանից տանը,

Թափառել այստեղ, իսկ այն ժամանակվանից

Ամփոփված են այս տապանի ներսում

Եվ միշտ սպասում եմ ամեն ինչի ստեղծողին՝

Ակնկալելով պտղալից կյանքին»:

Վանքի մոտ ջրի ափին, Ներքին-Ընծուն ագարակում, խաչարձան է տնկած, եւ վրան գրած. «Ես՝ Հարբելս (կամ Հարքելս), կանգնեցրի այս խաչը իմ քրոջորդի Դեղի համար. ձեր աղոթքներում հիշեցե՛ք Դեղին եւ Գրիգորին. …Խթ. ». թվականի առաջին տառը ջնջված է: Սա թերեւս վերոգրյալ Էնջու գյուղն է, ըստ թուրքական հնչման: Դրան մոտիկ մենաստան կա:

Մեր նախնիների կողմից հիշատակված Գողթագրակ տեղը այս կողմերում պետք է լինի, որովհետեւ Վիրո կաթողիկոսը, հոների ասպատակությունից խույս տալով Պարսկաստանից, այստեղ է ընկել եւ այստեղից դուրս գալով ու մեծ արագությամբ ընթանալով՝ մի գիշերում կամ օրում հասել Չարաբերդ»:



[1] Կղնկտ., էջ 75:

[2] Վարդան Վարդապետ, անդ, էջ 100:

* Որպես աղբյուր Ալիշանը նշում է՝ «Մեղու, Իբ, 70»:

* Ալիշանն իր ձեռագրում մի հատված ջնջել է, այն է՝ «Արջաձոր կամ Առաջաձոր, որտեղից Դավիթ կաթողիկոսն էր, ԺԶ դարի կեսին, որտեղ 1453 թ. գրված մի ավետարան է հիշում Տեր Բաղդասար Հասան Ջալալյանը»: