Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՅՈՒԼԻՍՏԱՆ-ՌՈՍԱՍՏԱԿ

110. Կուրանի եւ Թարթառի միջով հոսում է ձկնաբեր (կարմրախայտ) Ինճե գետը, որը, ինչպես ինձ թվում է, բխելով Մռավի արեւելյան բլուրներից, անցնում է Ուտիքի Ճեւանշիր գավառը: Բայց չի նշվում նրա գետաբերանը, այն է՝ Կո՞ւր գետն է թափվում, թե՞ մի այլ տեղ: Հարկ է մտածել, որ հնում այն պետք է եղած լիներ Քուստի-Փառնեսի կամ Մեծ Կողմանքի մի մասը, որոնք Աղվանքի գավառների մեջ են մտնում: Օրինակի համար, վերոգրյալ Զավեն կամ Ռոսաստակը, որը Աղվանիքի պատմիչը համարում է Մեծ Կողմանքի մի մասը [1], աշխարհագրի մոտ նշված Ուտռուստակ կամ Ոտռոտսակ սխալագրությամբ: Անտարակույս այն պետք է ընկած լինի Թարթառի եւ Ինճեի միջեւ, բայց թե դրա ամբողջ հովիտը Արցախի որ մասն է գրավում, չգիտեմ:

Միջին դարերում, երբ այլազգիները իրենց ձեռքը գցեցին այս տարածքը, այն կոչվում էր Գյուլիստան, որպես եւ մինչեւ օրս է կոչվում, գետի ձախ ափին գտնվող բերդավանի հետ միասին, որն ընկած էր Ագճաքենդ գյուղերից հարավ:

Խթրավանքի մի արձանագրությունում Գոլաստյան է կոչվում: Ասվում է նաեւ ԺԲ դարի սկզբի այդ կողմերի արքայազն-իշխան Վասակի մասին, որը, գնալով այնտեղ, ազատում է այն օտարների ձեռքից եւ այնտեղ բնակեցնում իր որդուն: Այնտեղ բերվում է մի մեծ խաչվեմ, որի վրա էլ արձանագրվում է այս բանը:

Արցախում, Ինճեի հովիտներում, ըստ Ջալալյանի, դեպի ձորամեջ ընկած գետափին, նշվում են ճգնավորների՝ Ռադիպեկի անունով ամայի վանքը, իսկ գավառի սահմանում, Գյուլիստանից ավելի հյուսիս-արեւելք՝ Թալիշ գյուղավանը: Գետի ափին, մի բարձր վայրում գտնվող Գանձասարի արձանագրությունում հիշատակվում է Աբով հայրապետը՝ Թալիշի իշխան Հովսեփի որդին, որը 1657 թ. իր կին Հերիքնազի հետ միասին օգնում է նորոգելու սուրբ աթոռի երկու եկեղեցիները: Սրանց ցեղից են սերում ԺԸ դարի անվանի եւ քաջ մարդիկ՝ Մելիք Հովսեփը եւ Մելիք Բեկլարը: Թալիշից հյուսիս նշվում է Թուրուս գյուղը:



[1] Կղնկտ., էջ 205: