Առաքել Դաւրիժեցու Պատմութիւնն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գլուխ երրորդ.
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ


Եթե մեկենասային գործոնից բացի նկատի ենք առնում 5-րդ դարի հայ պատմագրության ստեղծման թեկուզեւ գեղագիտական նպատակը, որ տարաբնույթ ձեւակերպումներով Ագաթանգեղոսը, Եղիշեն, Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին հանգեցնում են ընդհանրական այն մտքին, թե` «գիրքը պետք է ծառայի ժողովրդի շահերին եւ ունենա դաստիարակիչ նշանակություն» [1], ինչն անպայման ենթադրում է գեղարվեստականության մեծ չափաբաժին երկի կառուցման սկզբունքներում, ապա պարզ է դառնում, որ գեղարվեստական արժեքի խնդրադրությունը պատմագրական երկերի քննության ժամանակ անտարակուսելի է: Մանավանդ որ` «Գեղարվեստականությունն այստեղ (պատմագրության մեջ–Ա. Ն. ) չի հակասում երկի հավաստիությանը, այլ նպաստում է նրա բարոյական ներգործությանը» [2]: Աշոտ Ալեքսանյանն իրավամբ ավելի հեռուն է գնում` պատմագրությունը դիտարկելով նաեւ որպես «գեղարվեստական մտահղացման, հեղինակային սուբյեկտիվ նպատակադրումների իրականացման, գեղագիտական ճաշակի արտահայտության մի բնագավառ, ուր առաջնահերթ նշանակություն ու սկզբունքային ժանրակազմակերպիչ դեր է հատկացվում գեղարվեստական հորինումի, ստեղծագործական երեւակայության տարրերին» [3]:

Ուստի` բնական է, որ հայ պատմագրության ընդհանրապես ու մասնավորապես Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության գործառնականությունը առաջին հերթին պայմանավորված է եղել գեղարվեստական արժանիքներով, գեղեցիկ խոսք կառուցելու վարպետությամբ ու կարողություններով: Պատմիչները հստակ գիտակցել են դա, ու թեեւ նրանց նպատակն առաջին հերթին եղել է սերունդներին հավաստի պատմական տեղեկությունների փոխանցումը, այնուհանդերձ, անընդհատ ուղեկից է եղել նաեւ այն մտայնությունը, որ պատմությունը պետք է մատուցվի գեղեցիկ ու պատկերավոր խոսքի միջոցով: Իհարկե, դա հանգեցրել է այն բանին, որ շատ պատմիչների մոտ երբեմն ոճի արհեստականություն է նկատվում, եւ զգալի են գեղեցիկ գրելու ներքին ճիգերը:

Այս գլխում քննվող խնդիրներն առավելապես վերաբերում են այն մասնավորություններին, որոնք Դավրիժեցու պատմագրքին հաղորդում են գեղարվեստական արժեք. կերպարներ ու կերպարային համակարգ, դիմանկար, դիմանկարային բնութագրումներ, գեղարվեստական արտահայտչամիջոցներ` համեմատություններ, բաղաձայնույթ, այլախոսություն-պատկերավորություններ, թվարկում, մակդիր եւ այլն, ճարտասանական հնարքներ: Այդ ամենն առավել ակնառու ցուցանելու համար ներկայացվել են նաեւ «Գիրք պատմութեանց»-ի ոճական ընդգրկումներն ու Դավրիժեցու աշխատանոցի որոշ յուրահատկություններ:



[1]       Ժենյա Քալանթարյան, Հայ գրականագիտության պատմություն (5–19-րդ դարեր), էջ 20:

[2]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում,
էջ 11:

[3]       Աշոտ Ալեքսանյան, Հայ միջնադարյան նամակը (IV–XIV դարեր), էջ 112: