Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԺԱ
ՇԱՀԻ ԳՈՒԼՓԻՔԱՆ ԳՆԱԼԸ

Շահ Աբասը սովորություն ուներ երբեմն-երբեմն այլակերպվել եւ շրջել: Պատահում էր, որ ձիով եւ փայեկով (հետիոտն թիկնապահ՝ ծառա) գնում էր, ուր որ կամենում էր, երբեմն էլ մենակ էր գնում փերեզակի կերպարանքով, որ նշանակում է չարչի: Եվ այսպես շրջում էր մեծամեծների ու ռամիկների մեջ, հարցնում ու տեղեկանում էր ամեն ինչից՝ շահից ու երկրից, հարկերից ու ամեն բանից:

Ինչ-որ ժամանակ այնպես եղավ, որ Շահ Աբասը զորքով գնաց Գուլփիքանի սահմանները: Զորքը թողեց եւ հեծնելով ձի՝ առանձին շրջում էր: Ժամանակը Սուրբ Գեւորգի պասի մոտերքն էր: Սաստիկ անձրեւ եկավ, թրջեց շահին եւ սպասավորին: Գնացին դեպի Գուլփիքան գյուղաքաղաքը: Երեկոյի մոտ էր, շահը տեսնում է մի մեծ բակ երկփեղկ դռներով եւ ուղղվում է դեպի այդ դուռը: Ձիով մտնում է բակը եւ տեսնում է մի մարդ բաց պատշգամբի, որ այվանն է, ներքեւում նստած: Ողջունելով ասում է. «Շահի սիրո համար ընդունիր ինձ, քանի որ ցրտից մրսեցի»: Մարդը ասում է. «Քանի որ շահին հիշեցիր, իջիր ձիուցդ»: Եվ այդ մարդը կանչեց իր ծառային եւ ասաց. «Այդ ձին եւ սուրհանդակին լավ կնայես», իսկ ինքը առնելով շահին մտնում է մի զարդարված տուն: Եվ շահի հագուստները հանելով՝ ուղարկում է տուն եւ ասում, չորացրեք դրանք՝ եւ բերելով մի սամույրե մեծ մուշտակ՝ գցեց նրա վրա: Եվ ծիծաղելով ասում է. լա՞վն է: Հյուրը ասում է՝ այո՛, լավն է: Մարդն ասում է՝ ինչո՞ւ լավ չպիտի լինի (բառացի ինչպե՞ս լավը չի), բոզի կավատ, որ նշանակում է ղուռումսաղ:

Դարձյալ մարդը հարցնում է, եթե կրակ անենք, լա՞վ կլինի: Հյուրը ասում է, այո՛, լավ կլինի: Մարդը ասում է, հիրավի լավ կլինի, կավատ: Եվ հրամայեց ակութը վառել: Եվ դարձյալ ասում է մարդը. եթե խորոված անեմ, լա՞վ կլինի: Շահը ասում է՝ լավ կլինի: Մարդը ասում է. հիրավի լավ կլինի, կավատ:

Եվ այսպես ասում էր մարդը, եւ այսպես պատասխանում էր շահը: Եվ ինչ որ ասում էր մարդը (արեց), խորտիկներ պատրաստեց, բերեց գինի, նստեցին ուտելու եւ ըմպելու: Եվ խոսում էին աշխարհի, շահի մասին, իսկ մարդը միշտ իր լավ գոհունակությունն էր հայտնում շահից: Եվ այսպես խոսեցին մինչեւ կեսգիշեր: Ապա բերել տվեց թանկագին անկողիններ շահի եւ իր սպասավորի համար եւ ասաց ներսից դուռը պետք է փակել, իսկ ձիու մասին ասաց՝ չհոգաք: Եվ քնեցին մինչեւ առավոտ (բնագրում՝ եկաց մինչեւ զառաւոտն, ըստ ձեռագրի): Երբ լույսը բացվեց, շահը մարդուն ասաց. «Ասա, ի՞նչ ես ծախսել մեզ վրա, որ գինը վճարենք»: Մարդը ասում է. «Աստված չանի, որ շահի անուն հիշողը եւ Աստծու եկած հյուրը մի պատառ հաց ուտի, դրա գինը առնեմ եւ կորցնեմ իմ (երկնային) վարձատրությունը»: Եվ այսպես ճանապարհ դրեց նա: Բայց շահը հարցրեց նրա ծառային, թե ի՞նչ է քո տիրոջ անունը: Իսկ նա պատասխանեց, թե Ալլահվերդի է կոչվում:

Եվ շահը այնտեղից ելավ գնաց իր տեղը. եւ երեք մարդ ուղարկեց Գուլփիքան՝ այսինչ տունը, եւ ասաց՝ գնացեք տան տիրոջը ասեք, թե շահը հրամայել է, որ դու գնաս շահի մոտ: Իսկ եթե հարցնի, թե շահը ինձ որտեղի՞ց է ճանաչում, կասեք, թե գիշերը երազում է տեսել քեզ, դրա համար էլ կանչում է, որ իր մոտ գնաս: Մարդիկ գնացին, նրան գտան, ողջույն տվին եւ հարցրին. Դո՞ւ ես Ալլահվերդին: Նա ասում է, այո՛, ես եմ Ալլահվերդին: Նրանք հայտնում են շահի պատվերը: Շատ խոսելուց հետո, նրանց համար սեղան բացեց, իսկ ինքը հագավ դիպակե պատմուճանը եւ մեջքը կապեց թանկագին շալե գոտին եւ վարն հագավ սամույրե վերարկուն (մուշտակը), կապեց պողպատյա թուրը, գլխին փաթաթեց ոսկետուտ (ոսկեծայր) մանդիլը (շոր), հագավ ամրակոշիկները, ուսը գցեց հրացանը, հեծավ բոսորագույն ձին եւ առաջը գցեց իր սպասավորին եւ ելավ գնաց հրավիրակների հետ: Ճանապարհին մարդկանց հարցնում է, թե ի՞նչ է կամենում ինձնից շահը, գիտեմ, որպեսզի ինձ սպանի: Քանզի անցյալ օրերին մեր գյուղը մի զինվոր էր եկել, անպատշաճ բան էր արել, իսկ ես ծեծեցի նրան. նա գնացել գանգատվել է շահին, այդ պատճառով շահը պահանջել է ինձ սպանել: Բայց ես իմ թուրը կգցեմ իմ վիզը եւ կընկնեմ նրա ոտքերը, ինչ կամենում է անել, թող անի:

Իսկ մարդիկ նախապես մտան շահի մոտ եւ նրան ամեն ինչ պատմեցին: Շահը հրամայեց նրան բերել իր առջեւ: Երբ մտավ շահի մոտ եւ ողջույն տվեց, ճանաչեց, որ այն հյուրն էր, որին ապաստան տվեց ինքը: Շահն ասում է. «Բարով եկար, կավատ»: Ապա ասում է, եթե ազնիվ պատմուճան հագցնեմ, լա՞վ կլինի: Մարդը ասում է՝ լավ կլինի: Շահն ասում է իրո՞ք լավ կլինի, կավատ: Իսկ եթե քեզ թամբով ձի տամ, լա՞վ կլինի: Մարդը ասում է, լավ կլինի: Շահը ասում է, այո, լավ կլինի, կավատ: Իսկ եթե քեզ տամ խոհանոցներով տաղավարներ, լա՞վ կլինի, մարդը ասում է՝ լավ: Շահն ասում է, իրոք լավ կլինի, կավատ: Եթե քեզ Սիսես քաղաքի, որ Շիրազն [1] է, խանությունը տամ, ի՞նչ կլինի: Մարդը ասում է՝ ամենից ավելի շատ բարին դա է:

Ապա հրամայեց տալ այն ամենը, ինչ որ ասաց: Եվ գրեց հրամանագիր եւ Շիրազի խանությունը տվեց նրան: Այս այն Ալլահվերդին է, որը հիշատակում է Առաքել պատմագիրը Արծկեի [2] եւ Վանա պատերազմի մասին խոսելիս: Այս ստույգ այսպես է, ինչպես որ գրեցինք: Այս բանը լսեցինք Մուրադխան անունով մեկից, նաեւ սակավ բան՝ իմ մորից: Երբ Շահ Աբասը երկու անգամ (հայերին) քշեց տարավ պարսից երկիրը, իմ մայրը իր հորով ու մորով բնակվեց Գուլփիքանում: Հետո քանաքեռցի Դավիթ-Մելիքը, որ Կոտայքի գավառապետն էր, նրանց բերեց բնակեցրեց իրենց Արծնի [3] գյուղում: Իմ տատ Խոսրովը քենին էր Մելիք Դավթի, որին ասում էին Մելիք թուրքչաբիլմազ (թուրքերեն չիմացող մելիք), իսկ իմ մայր Խանաղային կնության տվեց իր նոտար Մկրտիչին, որոնք սերեցին ինձ, որին այս պատմությունը պատմեց իմ մայրը:

ԳԼՈՒԽ ԺԲ
ՇԱՀ ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բազմահնարամիտ եւ հանճարեղ Շահ Աբասը, երբ թագավոր դարձավ, նրա գործերը հաջող գնացին, քանի որ ինչ երկիր որ իր հոր ժամանակ կամ այլ ժամանակ գրավել էին, սա բազմաթիվ քաջագործություններով հետ գրավեց՝ պարսից երկրից էին Ջոջանեթը, որ Գիլանն է, Ղանդահարը, Հուրմուզը, Հրեն (Հերաթ) [4] եւ այլք:

Ապա զորեղացավ օսմանցիների նկատմամբ: Քանզի ինչպես պատմում է Առաքել պատմագիրը, թե Ջալալի ավազակները, որոնց անունները գրել է, սրանք բազմացան Կոստանդնուպոլսից մինչեւ Երեւան: Այդ պատճառով ուժեղացավ նաեւ շահը: Հավաքեց իր զորքերը, գնաց գրավեց բոլոր այն երկրները, որ օսմանցիք խլել էին պարսիկներից: Սրա համար մենք այստեղ շարադրեցինք. դրանք հետեւյալներն են՝ Թավրիզ, Նախիջեւան, Երեւան, Տփխիս, Գորի, Կախեթ, Գանձակ, Շամախի, Բաղդադ եւ այլն՝ իրենց բոլոր գավառներով: Հետո օսմանցիք ոգեւորվելով՝ միաբանվեցին նաեւ նրանք: Նրա դեմ ուղարկեցին զորավար Ջալալօղլի Սինան փաշային: Սրա ջարդի մասին պատմում է Առաքելը, սրա պատմությունից սովորեք, իսկ մենք չերկարացնենք: Նախքան Ջալալօղլու գալը ամբողջ երկիրը, ռամիկներին ու շինականներին (Շահ Աբասը) քշեց, տարավ Պարսկաստան: Թե նրանց, որոնց ինքն էր հնազանդեցրել, եւ թե նրանց, որոնց խաներն էին բերել այլ երկրից, բոլորին քշեց, տարավ Պարսկաստան: Սրա համար մենք կարեւոր համարեցինք այստեղ շարադրել այն բոլոր երկրների մասին, որ նա ավերեց: Դրանք են ըստ անունների թե հետ, թե առաջ, իսկ դու հիշիր սկսած Նախիջեւանի կողմերից՝ Եղեգնաձոր [5], Գեղամ [6], Լոռի [7], Համզաչիման [8], Նիգ [9], Շարաբխանա [10], Շիրակ, Զարիշատ [11], Կարսի գյուղերը, Կաղզվանի [12] ձորը, Ալաշկերտ [13], Մակու [14], Աղբակ [15], Սալմաստ [16], Խոյ [17], Ուրմի [18], Թավրիզի կողմը, Արարատյան դաշտը, Երեւան քաղաքը, Կոտայք գավառը, Ծաղկնուձորը [19], Գառնու ձորը [20], Ուրծաձորը [21] *, Կարինի ու Բասենի [22] գավառները, Խնուս [23], Մանազկերտ [24], Արծկե [25], Արճեշ [26], Բերկրի [27], Վանի բոլոր գավառները եւ այլ շատ տեղեր գերեց ու ավերեց, այրեց, հրդեհեց բոլոր բնակավայրերը, որպեսզի շինություն չմնա: Այս ամենը, ինչ գրեցինք, քշեց տարավ բնակեցրեց պարսից բոլոր գավառները:

Բնակեցված տեղերը հետեւյալներն են՝ Արդաբիլ, Ահար, Ապահր, Ղազվին, Համադան, Շիրազ, Գուլփեքան, Քրման, Սպահան, Խունսար, Սիլախոր, Փարիա, Փուավարի, Գենդուման, Լնջան, Ալինջան, Խոյիկան, Շըխշաբան եւ պարսից այլ գավառներ, որոնք անունով չգիտեմ: Ժողովուրդը այն տեղերը մնաց մինչեւ այսօր: Սրանցից առաջ Կախեթի եւ Քարթլիի** գավառների բնակիչներին քշեց տարավ Ֆահրապատ, Աշրափ, Քուշան: Եվ այսպես բնակեցրեց Իրաքի երկրները եւ պարսից ամբողջ պետությունը մարդաշատ արեց: Նրա բոլոր այլ գործերը նկարագրել է Առաքել վարդապետը:

 

* Բնագրում Ուրնաձոր կարդում ենք Ուրծաձոր:

** Վրացական գավառներ են:

ԳԼՈՒԽ ԺԳ
(ՇԱՀԻ)՝ ԴԱՎԻԹ ԵՐԵՑԻ ՏՈՒՆ ԱՅՑԵԼԵԼԸ

Ըստ իր սովորության՝ Շահ Աբաս թագավորը ծպտվեց մանրավաճառի )չարչու( կերպարանքով, որ կոչվում է խուռդաֆռիշ***: Ելավ, շրջում էր ռամիկների մեջ, հարցնում ու տեղեկանում էր: Այսպես գնալով ու շրջելով մտավ մի գյուղ, որ կոչվում է Լնջան: Գնաց մտավ մի այրի քահանայի տուն, որի անունն էր Դավիթ: Դավիթը գրիչ էր )գիրք արտագրող) եւ Հայսմավուրք էր գրում: Շահը տուն մտավ եւ ասաց՝ մանր ապրանք առնո՞ւմ եք: Քահանան հարցրեց՝ լավ գրիչ կտրիչ ունե՞ս (զմելի, փոքրիկ դանակ): Վաճառականը ասում է, այո, ունեմ թանկագին եւ լավ դանակ: Քահանան ասում է՝ բեր որ տեսնեմ: Իսկ նա դնում է նրա առջեւ իր վաճառելիքը: Առնելով փոքրիկ գրչահատը (զմելին) եւ տալիս է նրա գինը՝ տասներեք կոպեկ (փող, դանգ, ստակ): Եվ սկսեցին խոսել շատ բաներ: Կեղծ վաճառականը ասում է. «Տեր հայր (բառացի՝ տերտեր, հայր), շահից գո՞հ եք, թե՞ դժգոհ»: Քահանան ասում է. «Դեռ ոչ լավն եմ իմանում շահի, ոչ վատը, բայց որովհետեւ թագավոր է, վայել չէ նրա մասին վատ ասել»: Եվ երկար խոսակցությունից հետո վաճառականն ասում է. «Այդ ի՞նչ գիրք ես գրում»: Քահանան ասում է. «Մեր լեզվով Հայսմավուրք [28] է կոչվում, իսկ ձեր լեզվով՝ շեիդ քիթաբի»: Շահն ասում է. «Աստծու սիրուն, եթե շահին սիրում ես, պատմիր շեիդների (նահատակների) մասին, թե ինչպես են շեիդ դառնում»:

Ապա քահանան բանալով (գիրքը) գտավ Հակոբ նահատակին վերաբերող գլուխը: Կարդում եւ թուրքերեն պատմում էր մի առ մի սրբի մարմնի կտրատումը: Իսկ շահը ունկնդրելով լսում եւ մտապահում էր:

Շահը հարցնում է, թե ո՞վ էր այդ ժամանակ թագավորը, որ այդ բանը արեց: Քահանան պատասխանում է, թե նրա անունը Հազկերտ էր: Շահը հարցնում է. «Ի՞նչ հավատքի էր»: Քահանան պատասխանում է՝ պարսիկ էր, բայց կրակապաշտ էր եւ ոչ մահմեդական: Շահն ասում է. «Այժմ էլ Սպահանում կրակապաշտ կա, որոնց գյավուր են կոչում»: Քահանան ասում է. «Այո, այն ժամանակ նրանք էին թագավոր»:

Շատ խոսելուց հետո շահը ելնում եւ ասում է. «Աղոթիր»:

Եվ ելավ գնաց իր տեղը, բայց հիշում էր այն պատմությունը, որ քահանան պատմեց:

Մի օր շահը կանչեց իրենց հավատի գլխավորներին, որոնց ասում են սատր կամ նավապ (նախարարապետ, նախագահ) եւ էնդիմալ դովլաթին (արքունական խնամակալ), որ վազիրն է՝ անունը Սարիթաղի ներքինի եւ այլ գլխավորների ու ասաց նրանց. «Այս գիշեր մի զարմանալի երազ տեսա, եւ ահա սիրտս դողում է»: Նրան ասում են. «Պատմիր քո երազը եւ թող նավապը (նախարարապետը) մեկնի»: Շահն ասում է, թե իմ երազը անմեկնելի է, բայց գործնականում կատարելի: Եվ այն, ինչ լսել էր քահանայից, իր վրա էր առել )իրեն էր վերագրել(, որպես թե ինքն էր արել: Եվ հետո ասում է. «Երբ կատարվեց իմ հրամանը, ապա երկնքից մի պայծառ ու ահեղ լույս իջավ նրա վրա, այնքան, որ արեգակի լույսը արգելվեց:

Արդ, ես ձեզ ասում եմ, գրեցեք ձեր գրքերում կանոններ եւ անեծքով փակեցեք, որ երբ քրիստոնյաները մահմեդական դառնան եւ հետո վերադառնան իրենց հավատին, մի արգելեք կամ մի չարչարեք, այլ թույլ տվեք նրանց՝ մնան իրենց հավատին: Միգուցե սպանեք նրանց, եւ լույս իջնի նրանց վրա, եւ այս տեսնեն մահմեդականները եւ երկմտեն իրենց հավատի մեջ, եւ լինի մեծ պակասություն մեր ազգի համար: Երբ ձեզ մոտ գան, նրանց թույլտվության թուղթ տվեք իրենց հավատը պաշտելու, թող լինեն հավատուրաց եւ ձեզ հարկեր վճարեն»: Այս հրամանը կատարվում է մինչեւ այսօր: Երբ մեկը որեւէ պատճառով մահմեդականանում է, գնում, առնում է արքունի հրամանագիր եւ գալով համարձակ պաշտում է իր հավատքը, իսկ մահմեդականներից ոչ ոք ոչինչ չի ասում: Իսկ մենք գնացինք Ղազվին քաղաքը 1124 (1675) թվին վանքի գործով, փարպեցի մահմեդականացած հինգ հայերի համար Շահ Սուլեյմանից առանք հրամանագիր: Եվ ահա նրանք քրիստոնեական հավատքի մեջ են եւ պաշտում են Քրիստոսին, ինչպես պաշտում են մյուս չմահմեդականացածները:

 

*** Պարսկերեն:

ԳԼՈԻԽ ԺԴ
ՁԻԵՐԻ ԶԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Կամենում եմ խոսել սույն Շահ Աբաս թագավորի մասին, քանզի չափազանց հնարամիտ եւ հույժ հանճարեղ գրավող էր մարդկանց սրտերը եւ իր գործերը անում էր մարդկանց հաճույքի համեմատ: Այնպես եղավ, որ իր ձին զարդարեց ոսկեզարդ ասպասարքով՝ թե թամբը, թե սանձը, թե կշտապանակը, թե ամբարձին (ասպանդակը), թե կրծքապանակը եւ ձիու այլ բոլոր սարվածքը ոսկի արեց: Նաեւ իր հանդերձանքը նույնպես գեղեցիկ ու թանկագին` ըստ թագավորական վայելչության: Եվ երբ երեների որսի էր ելնում, կամ զբոսանքի, այդպես զարդարված էր գնում:

(Մի անգամ) տեսավ, որ ամբողջ զորքը իրենց հանդերձանքը, ձիերի սարվածքը իր նման արին եւ քիչ-քիչ եղան շահի նման: Երբ շահը տեսավ, թե բոլորը կերպավորվեցին իր նման, ասաց արքունի խնամակալին. Լալա, քեզ բան ունեմ ասելու, քանի որ տեսնում եմ իմ ամբողջ զորքը հագնում է ավելի թանկագին զգեստ, քան ես, իսկ նրանց երիվարների զարդերը ավելի թանկագին են, քան իմունը: Եվ արդ ի՞նչ բանով եմ մեծ նրանցից: Եթե անծանոթ մեկը գա մեր զորքի մեջ, ինչպե՞ս կճանաչի ինձ, թե ես շահն եմ, որովհետեւ ամեն մեկն ունի շահի կերպարանք, եւ ինձնից ոչ մի բանով պակաս չեն: Որովհետեւ եթե իմ անունը շահ է, նրանք կերպարանքով բոլորը շահ են: Եթե նրանց ասեմ՝ ինչո՞ւ եք ինձ նման հագնում, նրանք կհայհոյեն ինձ, թե ինքը մեզ հանդերձանք չի տալիս, եւ մենք ինքներս ենք գնում, նա նախանձում է մեր հագնելուն: Եվ արդ՝ Լալա, քեզ պատվիրում եմ, որ կանչես մունետիկներին, որ շրջեն Սպահան քաղաքի մեջ եւ նրանց գոչեն՝ ասելով, թե շահի հրամանն է, եթե որեւէ մեկը իր զգեստը եւ ձիու սարվածքը ոսկով չզարդարի, նրա գլուխը կկտրենք, ահա բոլորդ լսեք շահի խստագույն հրամանը»: Երբ այս լսեցին, ով կարող էր, թե չէր կարող, շահի պատվերը կատարեցին անմիջապես: Իսկ ինքը շահը իր ձիու սարվածքը պատրաստեց խամ կաշուց, իսկ իր զգեստը այնպես, ինչպես սովորական մարդկանց զգեստն էր: Եվ այս հնարամտությամբ ամենքի սիրտը շահում էր եւ հաճոյանում բոլորին:

ԳԼՈՒԽ ԺԵ
ԱԹԱՅԻ ՏՈՒՆ ՇԱՀԻ ԱՅՑԵԼԵԼԸ

Կամենում եմ՝ այն, ինչ որ Շահ Աբասի ժամանակ կատարվել է, նկարագրել, բայց չեմ կարողանում, քանզի ժամանակը իմացողները քիչ են, որոնք ամեն բան ստույգ կերպով պատմում էին: Սակայն ինչ լսել եմ, այն եմ գրում: Այն ժամանակները, երբ շահը գնաց Վրաստան եւ հնազանդեցրեց նրանց եւ վերադառնալիս եկավ Կայանի ձորը [29], որ այժմ կոչվում է Ղրաղի ձոր, եւ ձմեռը կանգ առավ այնտեղ: Ըստ իր սովորության այստեղ եւս եկավ կերպարանափոխ. հագավ կաշուց տրեխներ եւ կերպավորվեց մանրավաճառի կերպարանքով: Շրջում էր գյուղերում, հարցնում, տեղեկանում եւ վերահասու էր լինում ամեն բանի: Այդպես գնալով հասավ մի գյուղ, որ կոչվում է Միափոր [30]: Եղանակը աշնանային էր: Մտավ մի տուն եւ տեսավ մի կին, որ կրակ էր վառել ակութում եւ մոտիկ նստել, գուլպա էր գործում, իսկ մի փոքրիկ աղջնակ՝ մոտ հինգ տարեկան` նրա հետ: Մտնելով տուն` շահը ասում է՝ մանրուք առնո՞ւմ եք: Կինը հարցնում է՝ ուլունքներ ունե՞ս: Շահը պատասխանում է՝ այո՛, ունեմ մեծեր եւ մանրեր: Կինն ասում է՝ բեր, որ տեսնեմ: Շահը նրա առջեւ է դնում արկղը, որ կողովիկ է, եւ բանալով` ուլունքները առաջարկում է նրան: Կինը հարցնում է՝ ի՞նչ արժե սա: Սուտ վաճառողը ասում է՝ ինչ որ տաս, գինը այն է: Շահը ասում է՝ շատ քաղցած եմ, ինձ հաց բեր ուլունքների գնի դիմաց: Կինը ասում է՝ մի՞թե մարդու հաց են տալիս, գին առնում եւ լինում վարձքավաճա՞ռ: Այս ասաց եւ ելավ, երեք ձու բերեց եւ մի փոքր կճուճով դրեց կրակի վրա, խաշեց եւ դրեց նրա առջեւը, բերեց նաեւ մածուն, կարագ եւ կորեկախառն հաց: Շահը այն կերավ եւ շատ հարցուփորձ արեց: Եվ հետո ասաց, իմ մայր, դու ամուսին ունե՞ս: Կինը ասաց՝ ունեմ, բայց հովիվ է եւ խաշներ է արածեցնում: Շահը հարցնում է՝ ոչխարները ձե՞րն են, թե՞ ուրիշների: Կինը պատասխանում է՝ եւ մերն են, նաեւ ուրիշների: Երեք ընկերներ են, միասին պահում են եւ երբեմն-երբեմն գալիս գնում են, քանի որ արոտը մոտ է: Շահը հարցնում է՝ քո ամուսնու անունը ի՞նչ է: Կինը պատասխանում է, թե Աթա է կոչվում: Ապա բացում է արկղը եւ ուլունքների բազմաթիվ շարեր կախում աղջկա պարանոցից, իսկ մորը տալիս է մի դեղին ապարանջան եւ ասում է. «Աստված շեն պահի քո տունը»: Կինը ասում է. «Ասա սրանց գինը, որպեսզի վճարեմ»: Մանրավաճառը ասում է, որ դու քո վարձքը չես վաճառում, ի՞նչ է, ես իմը պետք է վաճառե՞մ արդյոք: Այս ասելով ելավ գնաց իր տեղը: Եվ երկրում ահարկու հրաման արձակեց, թե ով որ պարսից ազգի ռամիկներից բռնությամբ որեւէ բան առնի, գլուխը կկտրեմ. ինչ որ առնեն, գինը պետք է վճարեն, որովհետեւ կինը գանգատվել էր:

Երկու օր հետո շահը մի զինվոր ուղարկեց Միափոր գյուղը եւ ասաց՝ գնա Աթա հովվի տունը եւ նրան ու կնոջը ասա, թե շահը ձեզ կանչում է: Իսկ եթե հարցնեն, թե շահը մեզ որտեղի՞ց է ճանաչում, ասա, որ ձեր համբավը լսել է, դրա համար ձեզ խնդրում է: Զինվորը գնաց, գտավ տունը եւ ահա այդ նույն ժամին տանն էր նաեւ Աթան: Զինվորը շահի պատգամը հաղորդեց, եւ ասելուց ու լսելուց հետո պատրաստվեցին գնալու: Աթան գնաց իր հոտից բերեց խոշորաեղջյուր մի խոյ, իսկ կինը հագավ իր ունեցած հագուստները, տունը հանձնեցին իրենց հարեւաններին, ամուսինը շալակեց աղջնակին եւ այդպես հովվական զգեստով խոյը առաջներն արած գնացին: Հաջորդ օրվա առավոտյան հասան շահի մոտ: Ըստ զինվորի պատվերի՝ ընկան երեսների վրա, երկրպագեցին շահին եւ ապա մտան վրանը: Շահը ասաց՝ բարով ես եկել, մա՛յր: Կինը ասաց՝ բարին արեւդ եւ հոգուդ: Շահը հարցնում է. «Ինձ ճանաչո՞ւմ ես»: Կինը ասում է՝ այո՛, դու այն մարդն ես, որ իմ դստերը շնորհեցիր այս ուլունքները: Ապա ծիծաղելով շահը ծափ զարկեց եւ ասաց՝ այ հա, այն ժամանակ ուլունքավաճառ էի, իսկ այժմ ինչպե՞ս շահ դարձա: Հրամայեց նստել, շատ բան խոսեց նրանց հետ եւ նրանցից լսեց իմաստուն, հաճելի եւ ընդունելի խոսքեր: Երբեմն ամուսնու հետ էր խոսում, երբեմն կնոջ հետ եւ առանձին-առանձին լսում էր պատշաճ ու շատ խելացի պատասխան: Երկու օր հետո, ոտից գլուխ հանդերձավորելով ամուսնուն ու կնոջը եւ աղջնակին՝ նոտարին հրամայեց գրել մելիքության հրովարտակ, որ րաղամն է, եւ իրավունք տվեց նրանց որդուց որդի լինել այն գավառի մելիք: Եվ միեւնույն զինվորին հրամայեց՝ մելիք Աթային տանել, շրջեցնել գավառում եւ հայտարարել շահի հրամանը: Եվ մինչեւ այսօր մելիք է Կայենաձոր նույն գավառում, որ Ղրաղի ձորն է:

Եվ 1086 (1637) թվին իմ եղբայր Խաչատուրը ինձ առավ, գնացինք Միափոր գյուղը եւ Մելիք Աթայի տանը խանութ վարձեցինք եւ ոսկերչություն էինք անում. այս ամենը նրանից լսեցինք: Սրա անունը Մելիք Աթա էր ըստ իր պապի` առաջին Մելիք Աթայի անվան: Ուրեմն մի պատառ հացը այսքան մեծության հասցրեց:

ԳԼՈՒԽ ԺԶ
ՂԱՌՉՂԱ ԽԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Չպետք է զանց առնենք անցյալ եղելությունները, այլ պետք է պատմենք ըստ մեր կարողության եւ ըստ պատմված լուրի: Քանզի, ինչպես պատմում է Առաքել վարդապետը, վրացի Մովրովը (գավառապետ) գնաց բերեց Շահ Աբասին եւ տարավ Վրաստան: Նա (շահը) քանդեց, ավերեց ամբողջ Վրաստանը, Կախեթը, իսկ Կախեթի թագավոր Թամրազին փախցրեց Վրաստանի խորքերը: Թիֆլիսի թագավոր Շավարսափին էլ տարավ իր հետ Պարսկաստան, եւ վրաց երկրում թողեց Ղառչղա խանին բազմաթիվ հեծյալներով, խանի հետ նաեւ Մովրովին եւ ասաց. «Երբ ողջ վրաց աշխարհը հնազանդեցնես, Մովրովին տար Թիֆլիս եւ դրան թագավորեցրու»: Քանի որ այդպես էր նրա՝ Մովրովին տված խոստումը: Իսկ ինքը` Շահ Աբասը, Պարսկաստանում էր, եւ Ղառչղա խանը Վրաստանում էր, եւ մտահոգվում էր երկրի մասին, թե ինչպես կարող է նվաճել Վրաստանը:

Իսկ բազմաշնորհ Շահ Աբասը, որ իր սրտի մեջ կուտակել էր չարությունը, կամենում էր իսպառ վերացնել քրիստոնյաների իշխանությունը: Եվ մտածեց, թե Մովրովը կենդանի մնա եւ դառնա Վրաստանի թագավոր, կլինի մեզ խոչընդոտ եւ հակառակ մեր թագավորության: Ապա խորհրդակցեց իր համախոհների հետ՝ սպանել Մովրովին: Եվ նամակ գրեց Ղառչղա խանին: Նամակի պատճենը հետեւյալն է. «Շահ Աբասից թող հայտնի լինի քեզ, Ղառչղա խան, թե երբ Վրաստանը քեզ կենթարկես, ինչ էլ լինի, ջանա սպանել այդ Մովրովին, որպեսզի մեզ հակառակորդ չլինի կամ մեր թագավորությանը վնաս չհասցնի»: Այս նամակը գրեց, կնքեց եւ տվեց սուրհանդակի ձեռքը՝ ասելով որեւէ մեկին չտաս այս նամակը, միայն կտաս Ղառչղա խանին: Իսկ սուրհանդակը հագավ սպասավորի թեթեւ զգեստ, ոտքին կապեց բոժոժ (զանգակիկ), նամակը առավ ու գնաց:

Շահի մտածածը խափանվեց, եւ նրան հակառակորդ եղավ ըստ գրվածի, թե կառնես այն, ինչ որ մտածում ես, կամ ըստ Սողոմոնի՝ Ով ընկերոջ համար փոս է փորում, իրենով է լցնում այն*, որ եւ իսկապես կատարվեց: Քանզի, երբ սպասավորը գնաց հասավ այնտեղ, որտեղ զորքն էր, Մովրովը իր վրանը զարկել էր բանակի եզրամասում` ճանապարհի վրա: Եվ ահա գալիս է սուրհանդակը: Մովրովը լսեց բոժոժների ձայնը եւ դուրս եկավ վրանից. տեսավ սուրհանդակին, որ գալիս էր եւ կանչեց իր մոտ: Եվ հարցնում է, թե ո՞վ ես եւ որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում: Իսկ նա ասում է, թե ես սուրհանդակ եմ, շահի կողմից եմ գալիս եւ գնում եմ Ղառչղա խանի մոտ, որովհետեւ շահից նամակ ունեմ նրան առաքված: Մովրովն ասում է, թե ինքն է Ղառչղա խանը, եւ առավ նրան տարավ իր վրանը: Իսկ զորքից ոչ ոք չիմացավ սուրհանդակի գալը: Մովրովը նրանից առավ նամակը եւ հրամայեց իր ծառաներին՝ գաղտնի պահել սուրհանդակին: Եվ բանալով նամակը տվեց կարդալ եւ իմացավ իրողությունը: Հրամայեց սուրհանդակին կորցնել: Նույն օրը մի առ մի կանչեց վրաց բոլոր իշխաններին պարսիկներից գաղտնի եւ ասաց շահի դավադրության մասին: Խոսեց նրանց հետ եւ ասաց. «Ինչ վնաս արի նրան, որ նա կամենում է ինձ սպանել: Ա՞յս է իմ հատուցումը այն բանի փոխարեն, որ Վրաստանը ավերեցի, նրա թագավորներին հալածեցի, եւ այժմ այս է նրա խոստումը, որ կամենում էր ինձ թագավոր անել Վրաստանի վրա: Արդ իմ ազգը եւ ընտանիքը դուք եք, մի՛ թողեք պարսից անհավատ ազգին՝ սպառել մեր ազգը: Եղեք արի այրեր, այս գիշեր ջնջելու նրանց»: Եվ պարսից ազգը բաժանեց վրաց ազգի վրա, իսկ ինքը իր զորքերով գերեց Ղառչղա խանին: Պայման դրեց, թե այսինչ նշանի ժամին բոլորդ ընկեք յուրաքանչյուրը իր բաժնի վրա եւ անխնա կոտորեք: Իսկ պարսիկները այս բանը չգիտեին, յուրաքանչյուրը իր տեղում քնած էր: Պայմանավորված ժամին վրացիք վեր կացան պարսիկների վրա եւ նրանց կոտորեցին, ինչպես մրջյուններին տաք ջրով: Սպանեցին Ղառչղա խանին, Հուսուփ խանին, Ղազախ խանին: Իսկ այլ մեծամեծներ, երբ լսեցին, ելան գոտիարձակ, գլխաբաց, բոբիկ փախան՝ թողնելով կարասիք, գանձեր, իրենց կյանքի փրկությունն էին որոնում: Այդ գիշեր այնտեղ պարսիկներից ոչ մի մարդ չմնաց: Իսկ վրացիք թափվեցին պարսիկների ունեցվածքի վրա, հափշտակեցին, կողոպտեցին: Մտան գավառները, ավերեցին ամեն բան եւ ինչ մահմեդական տեսան, անխնա սրի քաշեցին, կանանց գերեցին: Այս բոլոր չարիքները արին վրացիները: Նաեւ քրիստոնյաների (հայերի) ինչքն էին կողոպտում, բայց մարդու վնաս չէին տալիս: Այս բանը մեզ պատմեց Աղջո վանքի [31] Պետրոս աբեղան, որ բնակվում էր Օհանավանքում, որովհետեւ իրեն եւս վրացիները կողոպտել էին 1074 (1625) թվին:

 

* Առակք, ԻԶ 27:

ԳԼՈՒԽ ԺԷ
ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

Երբ Մովրովը կոտորեց պարսիկներին եւ երկիրը ավերեց, իմացավ, որ շահը չի լռի այս լուրը լսելով: Իր կինն ու որդիները եւ կայքը ուղարկեց Կարին, իսկ ինքը հավաքելով բոլոր վրացիներին, պատվիրեց նրանց պատրաստ լինել, մինչեւ որ տեսնենք, թե ինչ է լինելու: Իսկ այն պարսիկները, որ Մովրովից փախան, գնացին շահին պատմեցին: Երբ շահը այս լուրը լսեց, փռնչում, մռնչում էր, գոռում-գոչում էր ինչպես ձագակորուստ առյուծ: Ապա հրամայեց մի իշխանի, որին կոչում էին Շոռչիբաշի, զորք հավաքել եւ ինքը լինել նրանց հրամանատարը եւ գնալ վրացիների վրա: Նա կատարեց շահի հրամանները եւ չվեց Վրաստանի կողմը:

Նույնպես էլ Մովրովը առավ վրաց զորքերը եւ հասավ պարսից զորքերի մոտ իբրեւ միմյանց ախոյաններ մի վայրում, որ կոչվում է Ալգեթ: Վրաց զորքերում գտնվում էր հաղթամարմին ու հաստանձ մի մարդ, լայնաճակատ էր ու մեծագլուխ եւ պատերազմական գործի մեջ քաջ: Սրա անունն էր Աղաթանկին: Նա պատերազմում նախահարձակ եղավ եւ ասում էր, որ պարսից ամբողջ զորքը ինձ բաժին թող լինի (այսինքն՝ ես կոտորեմ), սակայն միայն շեկ վարազից երկյուղ ունեմ, այսինքն՝ Ամիրգունա խանից երկյուղում եմ:

Եվ նույն Ալգեթ վայրում սաստիկ ընդհարվեցին միմյանց այնպիսի ուժեղ բախումով, ինչպես դարբինն է երկաթներ ծեծում եւ պղնձագործն է պղինձը կոփում: Այդպես իրար հետ կռվեցին ամբողջ օրը: Հրացանների ձայնից եւ աղեղների ճայթյունից, արյան խոխոջից, ձիերի փռնչյունից պարսից բոլոր բեռնակիր անասունները՝ ուղտերը, ձիերը, ջորիները, էշերը, ամենը գլուխներն առան փախան իրենց տեղերը: Ասում էին, թե նույն գիշեր ուղտերը հասան Շիրազ. եւ սա ճշմարիտ է, քանի որ ճանապարհին պատահած մարդկանց իրենց տակով արին եւ սպանին, իսկ իրենք արագությամբ հասան իրենց տեղերը:

Այդ նույն պատերազմում իրար հանդիպեցին Ամիրգունա խանը եւ Աղաթանկին: Ամիրգունա խանը ասում է. «Քարաբլուր, ո՞ւր ես փախչում» եւ անմիջապես թրերը շարժեցին միմյանց վրա մի ակնթարթում: Նախ Աղաթանկին թուրը վրա բերեց խանի ձախ թեւին եւ խոցեց: Նույնպես խանը եւս հարվածեց վրացու ձախ ուսին, որը եւ կտրվեց ու ընկավ գետնին, իսկ ինքը վրացին կախված մնաց ձիուց: Նրա զորականները վերցրին նրան, տարան իրենց մոտ եւ նա այնտեղ մեռավ: Իսկ Ամիրգունա խանը վիրավոր եղավ: Նա ուներ Թահմազբեկ անունով մի տղա, որ իր մոտ էր. սա եկավ վիրակապեց իր հորը եւ ուղարկեց Երեւան, իսկ ինքը մնաց այնտեղ պարսից զորքի հետ: Այնտեղ այդ պատերազմում ընկան Շահբանդա խանը, Սելիմ Սուլթանը եւ այլք պարսից մեծամեծներից: Չնայած սրանք ընկան, բայց վրացիները կորան, ոչնչացան: Մովրովը փախավ օսմանցիների երկիրը (Թուրքիա), իսկ պարսիկները զորացան եւ տիրեցին Վրաստանը մինչեւ այսօր:

ԳԼՈՒԽ ԺԸ
ԴԱՎԻԹ ԽԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Որովհետեւ կամեցա պարսից գործերը պատմել, կասեմ նաեւ հետեւյալը: Երբ շահը Գանձակը գրավեց, այնտեղ իշխան նշանակեց Դավիթ խանին:

Սա նենգավոր, հպարտ, ինքնահավան եւ գոռոզ մարդ էր, որեւէ մեկին ամենեւին չէր խոնարհվում: Իսկ երբ շահը Ղառչղա խանին թողեց Վրաստան, որ նրանց հնազանդեցնի, այնտեղ թողեց նաեւ Դավիթ խանին, ասաց՝ թե Ղառչղա խանի խոսքով գնա եւ հնազանդվիր նրան: Իսկ նա թեպետ մնաց այնտեղ, չգնաց Ղառչղա խանի մոտ, եւ ոչ էլ Ղառչղա խանը իր մոտ կանչեց Դավիթ խանին:

Այսպես քենով էին լցված միմյանց նկատմամբ: Իսկ Դավիթ խանը միշտ գնում էր Մովրովի մոտ եւ նրանք դարձան միմյանց սիրելի սեղանակիցներ:

Դավիթ խանը միշտ հայհոյում եւ անարգ խոսքեր էր ասում Ղառչղա խանի մասին եւ ասում էր, թե եթե ես իշխանություն ունենամ նրա վրա, ոչ թե թրով կսպանեմ նրան, այլ մաս-մաս կհոշոտեմ: Այսպես ամեն օր խոսում էր Մովրովի առջեւ:

Եվ եղավ, որ սուրհանդակի բերած նամակը Մովրովն առավ, կանչեց Դավիթ խանին եւ ցույց տվեց նամակը: Իսկ նա խրատեց նրան, ինչպես եւ արեց իսկությամբ: Դավիթ խանը փախավ եւ գնաց Գանձակ: Իսկ երբ շահը Ղոռղչի բաշուն ուղարկեց Մովրովի վրա, մարդ ուղարկեց Դավիթ խանի մոտ, որ գա Ղոռղչի բաշու հետ: Իսկ նա կոչին չընդառաջեց, այլ պատրվակ բռնեց, թե որպես թե վերք ունի, որի պատճառով չի կարող գնալ: Պատերազմը վերջանալուց եւ Մովրովի՝ օսմանցիների երկիրը փախչելուց հետո Դավիթ խանը իմացավ, որ հակառակ է կանգնել շահին, այս պատճառով փախավ նաեւ ինքը վեց մարդկանցով եւ գնաց օսմանցիների երկիրը, գտավ Մովրովին եւ այնտեղ մնաց, այնտեղ՝ օսմանցիների երկրում էլ կորավ:

ԳԼՈՒԽ ԺԹ
ՇԱՀԻ ԵՄԽԱՆԱ ԳՆԱԼԸ

Ինչ պատմություն որ լսել եմ, այն եմ գրում, բայց հետ ու առաջ լինելը եւ թվականը չգիտեմ: Իսկ ովքեր կարդում եք, մի մեղադրեք, իսկ եթե սա ձեզ դուր է գալիս, Տիրոջ շնորհն է, իսկ եթե դուր չի գալիս, դուք ողջ եղեք: Իսկ այն առաջիկա պատմությունը, որ պիտի պատմենք, թե ով պատմեց մեզ, կասեմ: Մի վաղեմի ծեր մարդ կար՝ Վաղարշապատ գյուղից, անունն էր Երանոս: Սա ասաց, երբ շահը տեղահանեց մեր երկիրը, ես քսանամյա էի, դարձա շահի ջորեպան: Ուր որ գնար շահը, ես իմ ջորին բարձում եւ նրա հետ գնում էի, ուր նա գնար: Թավրիզից վերադարձին Ղազվին գնալու ժամանակ հասա մի գյուղաքաղաք, որ կոչվում է Եմխանա: Սա գտնվում է Ղափլանթու լեռան այս կողմը՝ Թավրիզի կողմը:

Շահը ըստ իր վավաշոտ սովորության՝ հրաման արձակեց, որ բոլոր դեռահաս կանայք եւ աղջիկները հավաքվեն մի վայրում: Շուրջանակի նստեցրեց միմյանց դեմառդեմ եւ այնտեղ ոչ մի արու մարդ չթողեց, այլ բոլորը կանայք էին եւ փոքր տղաներ:

Սեղան բացեց ուտելու, խմելու եւ պարելու համար, իսկ ինքը ելավ ոսկի բաժակով գինի էր տալիս նրանց: Որին որ սիրում էր, բաժակի կեսը ինքն էր խմում, կեսը տալիս էր նրան: Բազմածների հետ կար մի գեղեցիկ կույս, որ ոչ ուտում էր, ոչ խմում, ոչ խոսում եւ ոչ էլ վեր էր նայում: Սա խոսքկապված էր մի երիտասարդի հետ: Շահը մոտեցավ նրան եւ բռնեց աղջկա ծնոտից եւ ասաց. «Աղջիկ, դու ինչու վերեւ չես նայում»: Հազիվ աղջիկը վեր նայելով եւ բերանը բանալով՝ ասաց. «Ով թագավոր, դու նույնպես վեր նայիր»: Երկու անգամ ասաց այդ միեւնույն նախադասությունը: Իսկ շահը մտքում պահեց աղջկա խոսքը եւ երբ իր ուրախությունը վերջացրեց, հրամայեց յուրաքանչյուր կնոջ գլխին մի երեսծածկոց գցել՝ այսինքն ռոհփակ (քող), իսկ տղաներին՝ յուրաքանչյուրին մի գլխարկ եւ բաց թողեց նրանց:

Ինքը գնաց իր տեղը եւ կանչեց այն աղջկան, որ իր հետ խոսեց (խնջույքի ժամանակ), համբուրեց նրան եւ ասաց. «Ախ, դու, իմ դուստր, այն ինչ խոսք էր, որ դու ինձ ասացիր իմ երեսին»: Աղջիկը ասաց. «Հայր իմ, շահ, ես քո աղախինն եմ, ահա երկու տարի է, որ ինձ համար խոսք են տվել մի երիտասարդի, ես բնավ տղամարդու երես չեմ նայել ու չեմ խոսել, մեր տանից դուրս չեմ եկել մինչեւ այսօր, երբ պատռվեց իմ երեսի քողը: Ես պետք է հող մտնեի, քան տղամարդու երես տեսնեի»: Շահն ասում է. «Շատերը ցանկանում են տեսնել թագավորի երեսը եւ չեն կարողանում, իսկ դու տեսնում ես եւ վշտանում»: Աղջիկն ասում է. «Եթե ռամիկ մարդու երես տեսնելը ամոթ է, որչափ ավելի ամոթ կլինի մեծ թագավորի երես տեսնելը»: Ապա շահը զարդարեց աղջկան եւ հրամայեց հարսանիքն անել: Եվ որովհետեւ արքունական հրամանագրով քաղաքը նրան շնորհեց, որ որդոց որդի պատկանի նրան մինչեւ հավիտյան: Այդպես ավագ դստերն են բաժինք տալիս: Եվ ոչ ոք չպետք է իշխի այդ գյուղաքաղաքին, բացի ավագ դուստրից, եւ այդ պատճառով քաղաքը կոչվում է Ղզշահրի՝ աղջկա քաղաք, իսկ ըստ մեզ՝ Միանա:

ԳԼՈՒԽ Ի
ԳՈԶԱԼ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՈՋ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ, երբ երկրները տարագրեց շահը եւ տարավ Պարսկաստան, նրանց հետ տեղահանեց եւ տարավ Աստապատ [32] գյուղը: Աստապատ գյուղից մի գեղեցիկ, լայնաճակատ եւ հոնակից (հոնքերը միացած), ճոխահեր, պարող ու երազող մի կին կար: Իր ամուսնու մեռնելուց հետո սա այլեւս չամուսնացավ եւ բնակվում էր Սպահան քաղաքում: Երբ շահը շրջում էր Ջուղայում, եւ ահա տանը փակված բոլոր կանայք իրենց տներից ելնում էին զբոսնելու եւ շահին տեսնելու: Տանից ելավ նաեւ այս Գոզալ անունով կինը: Իսկ շահը աչքերը շրջում էր այս կողմ, այն կողմ, նայում էր կանանց: Նայելիս տեսավ Գոզալին եւ կանգնեց այնտեղ: Մի ներքինի ուղարկեց նրան տեսնելու եւ որտեղից եւ ով լինելը հարցնելու: Ներքինին գնաց եւ ամեն ինչին տեղեկացավ, եկավ շահին պատմեց: Իսկ շահը (մարդ) ուղարկեց Ջուղայի [33] ավագների մոտ եւ պատվիրեց, թե այսինչ անուն կնոջը դրեք այդ ներքինիի հետ եւ ուղարկեք, գա ինձ մոտ: Ներքինիները եկան կամքով, թե ակամա նրան առան տարան շահի մոտ: Շահը տեսնելով նրան՝ ինչպես խելագար ապուշ կտրեց, սիրեց նրան չափից ավելի եւ որեւէ տեղ գնալիս տանում էր հետը: Իսկ եթե ընթրիքի էր բազմում, նստեցնում էր իր ծնկներին, սիրում եւ գգվում էր նրան: Իսկ երբ այս վերջինը ելնում, պարում էր ու պարերգեր էր ասում եւ մեջքը շարժում ու ճոճում էր, շահը խնդում, ուրախանում էր՝ նրան տեսնելով:

Եվ այդպես շատ ժամանակ մնալով երբեք հավատքի նկատմամբ երկմտություն չունեցավ (կինը), եւ շահն էլ հավատի առթիվ որեւէ բան չասաց, եւ այդպես կինը պահպանում էր քրիստոնեական հավատքը, երբեմն-երբեմն գնում էր եկեղեցի եւ աղոթում: Ոչ ոք նրան որեւէ բան չէր ասում:

Այնպես եղավ, որ շահը գնաց Բաղդադ՝ գրավելու այն: Գոզալին հետը չտարավ Բաղդադ, Գոզալը մնաց Սպահանում: Շատ չանցած Գոզալը հիշեց Աստծու ահեղ դատաստանը, մտամփոփեց նաեւ իր մտքերը եւ հագավ մենակյացի զգեստ, մտավ հավատավոր կանանց կարգը: Գնաց կույսերի վանքը եւ ապաշավում էր իր մեղքերը ապաշխարությամբ, առատ արցունքներով քավում էր իր մեղքերը:

Այնպես եղավ, որ շահը գրավեց Բաղդադը եւ վերադարձավ Սպահան: Օրերից մի օր շահը նստեց ձի եւ երկու սուրհանդակի հետ գնում էր քաղաքի միջով, եւ հանկարծ նրան պատահեց սեւազգեստ Գոզալը: Շահը ճանաչեց նրան եւ ասաց. «Ով դու բոզ, մի՞թե դու Գոզալը չես»: Գոզալն ասաց. «Ես եմ՝ քո սեւերես ու մեղավոր աղախինը»: Շահը հարցնում է, այդ ի՞նչ տարազ է, որ հագել ես: Գոզալը պատասխանում է. «Հիշեցի Աստծու դատաստանի օրը, մտաբերեցի իմ մեղքերը եւ հագա այս սեւերը, որ գուցե իմ հանցանքներին թողություն գտնեմ»: Իսկ շահը մի պահ լռեց, ապա ձեռքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Ով Տեր Աստված, մեզ էլ արժանի արա հավատքին»: Այս ասելով անցավ գնաց: Երբ մի քարընկեց հեռացավ, կանգնեց եւ իր մոտ կանչեց Գոզալին ու հարցրեց՝ որտե՞ղ ես բնակվում: Գոզալը պատասխանեց. «Ջուղայում շատ են ինձ նման սեւազգեստ կանայք, այնտեղ եմ լինում, նրանց հետ նաեւ ես»: Շահը հարցնում է՝ որտեղի՞ց եք կերակրվում: Գոզալը պատասխանում է. «Քո տերությունից, նաեւ ինչ որ Աստված պարգեւում է, նրանով գոհանում ենք»:

Ապա շահը մի սուրհանդակին թողնում է նրա մոտ եւ ասում է. «Դու սուրհանդակի հետ դանդաղ կգաս ինձ մոտ», իսկ ինքը մի սուրհանդակով գնաց: Գոզալը լացով ու կսկիծով գնում էր ու մտածում, թե չար բաների համար է կանչում իրեն: Ծանր մտքերով գնում էր, հասավ արքունիք, տեսավ, որ շահը նստած է գահին, գնաց նրա մոտ եւ ոտքը համբուրեց: Շահը ասաց. «Քեզ ազատագիր կտամ, որպեսզի ոչ ոք քո հանդեպ նենգություն չանի»: Կանչեց նոտարին եւ ասաց՝ գրիր այսպես. «Ես` Շահ Աբասս, Գոզալ անունով կնոջը ազատագիր տվի, որտեղ էլ լինի, պաշտի քրիստոնեական հավատը: Ոչ ոք սրան հակառակ չլինի հավատի վերաբերությամբ, որովհետեւ նա քրիստոնյա է: Եթե որեւէ մահմեդական դրան մահմեդական ասի, ինքը մահմեդական չէ, իսկ եթե քրիստոնյաները դրան մահմեդական ասեն, իրենք կլինեն մահմեդական»: Այս գրեց, կնքեց եւ տվեց Գոզալին: Կանչեց գանձապահին եւ ասաց. «Հիսուն ոսկի բեր եւ տուր դրան եւ ասաց՝ «Այդ քեզ ծախսելու փող հագուստի համար»: Խոհարարներին ասաց. «Տասը լիտր բրինձ, հինգ լիտր յուղ, երեք բեռ ցորեն ուղարկեք այնտեղ, որտեղ դա կլինի»: Եվ արին այնպես, ինչպես որ հրամայեց:

Քանի Շահ Աբասը կենդանի էր, Գյոզալը մնաց Սպահանում: Երբ Շահ Սաֆին թագավոր եղավ, Գոզալը վերադարձավ, եկավ Աստապատ: Մի օր նրան է հանդիպում վաղարշապատցի Զաքարիա վարդապետը, նա, որ եղավ Օհանավանքի առաջնորդը: Սա նախածանոթ էր Գոզալին: Վարդապետը պարսկերեն ասում է նրան. «Մուդար, զի քունի, զի հալդարի՞ն»: Գոզալը պատասխանում է. «Շուքրի խուդա հալումարա, խուբաստ տերտերա հաղորդ նադադան»: Վարդապետն ասում է՝ զիրա: Գոզալն ասում է՝ մի գոյանքիթու պոռնկի: Սա հայերեն թարգմանվում է այսպես՝ մայր, ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում: Պատասխան. Փառք Աստծու, լավ եմ:

Բայց քահանաները հաղորդ չեն տալիս: Հարց. ինչո՞ւ չեն տալիս: Պատասխան. ասում են, թե դու պոռնիկ ես: Վարդապետը քահանաների վրա բարկացավ եւ հաջորդ օրը Հակոբ անունով ավելի կրտսեր մի աբեղայի հրամայեց, որ Աստապատի վանքի առաջնորդ եղավ, պատարագ անել: Գոզալին կանգնեցրեց բեմի առջեւ, ապա պատարագի ավարտին քարոզ ասաց վարդապետը դարձողների (զղջացողների) մասին, որի խորագիրը այս էր. «Եթե մեղավորը իր մեղքերից դարձ է կատարում, ապրելով թող ապրի»: * Եվ հաղորդ տվեց նրան:

Քրիստոսի հավատին մնալով, մեղքերը քավեց (Գոզալը) եւ մեռավ. պոռնիկը գերեզման դրվեց արդարացած, Քրիստոսի շնորհներով օրհնվածին` հավիտյանս ամեն:

 

*Եզեկ., ԺԸ 21:

 



[1]            Տես` ծանոթ. 28:

[2]            Արծկեն Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունի գավառի քաղաքներից է Վանա լճի հյուսիսային ափին:

[3]            Արծնի կամ Արզնի գյուղ է Կոտայքի շրջանում: Աբովյան քաղաքից 7 կմ հեռավորությամբ:

[4]            Գիշանը, Ղանդահարը, Հուրմուզը, Հրեն կամ Հերաթը Աֆղանստանի քաղաքներ են:

[5]            Եղեգնաձորը հնում ընդգրկում էր Եղեգնաձորի եւ Վայքի շրջանները եւ մտնում էր Սյունյաց նահանգի մեջ:

[6]            Գեղամը Գեղարքունիքն է, որ տարածվում է Սեւանի հարավային ափերին:

[7]            Լոռին Մեծ Հայքի Գուգարք նահանգի շրջաններից է: Անունը ստացել է Ստեփանավան քաղաքի մոտ գտնվող Լոռե քաղաքից, որ այժմ ավերակ է: Կառուցվել է 11-րդ դարում:

[8]            Համզաչիման գյուղ Գուգարքի շրջանում, այժմ` Մարգահովիտ:

[9]            Նիգը Ապարանն է, որ արեւմուտքում սահմանակից է Շիրակին, հարավ-արեւելքում՝ Աշտարակին:

[10]          Շարաբխանան Ալիշանը տեղադրում է Նիգ գավառի արեւմուտքում Շիրակին սահմանակից, որ կոչվել է Շիրաղալա:

[11]          Զարիշատը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի քաղաքներից է: Պարսիկները կործանեցին, բայց նորից վերակառուցվեց:

[12]          Կաղզվանը Կարսից հարավ` Արաքսի աջ ափին է, շրջապատված է ծառաստաններով:

[13]          Ալաշկերտը Մեծ Հայքի Արարատյան նահանգի Բագրեւանդ գավառում է: Վաղարշակերտ բերդաքաղաքի թրքական աղավաղյալ ձեւն է:

[14]          Մակուն Պարսկահայքի քաղաքներից է՝ Մասիսից հարավ-արեւելք:

[15]          Աղբակը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից է:

[16]          Սալմաստը Պարսկահայքի գավառներից է, որի Փայաջուկ գյուղում ծնվել է Րաֆֆին:

[17]          Խոյը Պարսկահայքի քաղաքներից է:

[18]          Ուրմիան եղել է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաքի գավառի կենտրոնը: Հայաստանի՝ 387 թվականի բաժանումից հետո անցել է Պարսկաստանին: Ուրմիա լճից արեւմուտք քաղաք է մոտ 2 հարյուր հազար բնակչով:

[19]          Ծաղկնուձորը կամ Ծաղկոցաձորը ըստ Ալիշանի՝ հյուսիսից սահմանագծվում է Տաշիրքի լեռներով, արեւմուտքից ու հարավից Նիգ (Ապարան) գավառով, հարավից ու արեւելքից՝ Կոտայքով ու Սեւանով: Կենտրոնը Ծաղկաձորն է եղել, որ հռչակավոր ամառանոց է:

[20]          Գառնու ձորը սկսվում է Գեղարդավանից եւ Ազատ գետի հոսանքով հասնում է մինչեւ Դվին, ըստ Ալիշանի` մինչեւ Խոր Վիրապ:

[21]          Մեզ թվում է պատմիչը Ուրծաձոր ասելով հասկանում է Վեդիից հյուսիս-արեւելք ընկած տարածքները, որտեղ Պարույր Սեւակ գյուղն է եւ Զանգակատունը: Իսկ Ալիշանը Ուրցաձորը համարում է Վեդի ավանը:

[22]          Բասենը Մեծ Հայքի Արարատ նահանգի գավառներից է, որ տարածվում է Արաքսի վերին հոսանքների շրջանում: Մի ժամանակ սահմանը հասել է մինչեւ Վանանդի շրջանը (Կարս): Բասենը բաժանվում է երկու մասի՝ Վերին եւ Ներքին:

[23]          Խնուսը Կարինի (Էրզրումի) վիլայեթում քաղաք է նույնանուն շրջանում:

[24]          Մանազկերտը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի կենտրոնն է:

[25]          Արծկեն Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի քաղաքներից է Վանա լճի հյուսիսային ափին:

[26]          Արճեշը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի քաղաք է: Վանա լճի ափին, որ այժմ մեծ մասամբ ջրի տակ է անցել:

[27]          Բերկրին Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերան գավառի քաղաք է Վանից 77 կմ արեւելք: Մինչեւ 1915 թիվը Բերկրիում բնակվում էր ավելի քան երկու հազար հայ:

[28]          Հայսմավուրքը եկեղեցական գիրք է, որտեղ ըստ կարգի գրված են սրբերի վարքերն ու մարտիրոսությունները: Մի ժամանակ մեր եկեղեցիներում ըստ տոնացույցի կարդում էին այդ վարքերը: Վարքերը սկսվում էին. «Յայսմ աւուրք տօնն է սրբոյ Գրիգորի Նարեկացւոյ»: Յայսմ աւուրքից առաջացավ այսօրվա «Հայսմավուրքը»:

[29]          Կայանի ձորը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջորոփոր գավառն է Աղստեւ գետի միջին հոսանքում: Այս գավառում է գտնվում հռչակավոր Մակարավանքը Աչաջուր գյուղի մոտ:

[30]          Միափորը գավառ է եւ գյուղ այժմյան Տավուշի մարզում: Հնում Շամշադինը բաժանվել է երեք գավառի՝ Միափոր, Տավուշ, Զակամ:

[31]          Աղջո վանքը վանքային համալիր է Կոտայքի շրջանի Գեղարդավանից 7 կմ հարավ Ազատ գետի ձախ ափին՝ բարձունքի վրա: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում:

[32]          Աստապատը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջեւան Գավառի գյուղերից է՝ Արաքսի ձախ ափին:

[33]          Ջուղան Արաքսի ձախ ափին տեղակայված հարուստ քաղաք էր 17-րդ դարում: Գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում: 16-17-րդ դարերում զարմանալի զարգացած ու փարթամորեն հարուստ քաղաք է եղել, ունեցել է մինչեւ 40 հազար հայություն: 1604 թվին Շահ Աբասը Կենտրոնական Հայաստանի հայերի հետ գաղթեցրեց նաեւ Ջուղան եւ քաղաքը հիմնահատակ կործանեց, հրդեհեց: Իբրեւ շնորհ Ջուղայի հայերի համար Սպահանի մոտ կառուցեց մի այլ Ջուղա՝ Նոր Ջուղա անունով: