Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ

Ինչ որ մինչեւ այստեղ գրեցինք պարսից թագավորների պատմությունն է, որոնք (թագավորները) կոչվում են Շեյխօղլի: Սկսեցինք Ջհանշահ թագավորից 878 (1429)* թվից մինչեւ Շահ Սաֆի թագավորը 1083 (1634) թիվը քեզ հաղորդեցի թե սուտ, թե ճիշտ, որ լսել էի ի լրո: Այսուհետեւ կգրեմ այն, ինչ աչքով տեսա եւ ականջով լսեցի ներկա ժամանակի կատարյալ մարդկանցից, դույզն խոսքով կհիշեցնեմ գալիքներիդ օսմանցիների Մուրադ թագավորի Արարատ գալը եւ Երեւան քաղաքի գրավումը: Ապա պարսից Սաֆի թագավորի գալը եւ նույն Երեւանի հետգրավումը: Կհիշեցնեմ նաեւ մեր տառապանքը, որ կրեցինք, զի դուք մտաբերելով զգուշանաք եւ ձերը տեսնելով մեզ ողորմաք եւ լինեք ամեն ինչով ողջ ու առողջ:

 

* Տարեթիվը ճշտված է ըստ ռուսերեն հրատարակության: Տես` նշված գրքի 106 էջի ծանոթագրությունը:

ԳԼՈՒԽ Բ
ԱՄԻՐՋԱՆ ՏԱՆՈՒՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամիրջան անունով մի մարդ, որ հպարտ ու գոռոզ էր, ինքնահավան ու (ուրիշներին) ծաղրող: Քանզի ում որ իրենց գյուղի՝ Քանաքեռի տանուտեր էին նշանակում, նա անարգում ու ծաղրում էր՝ ասելով՝ գյուղի ավերող ու քանդող: Այս պատճառով բոլոր գյուղացիները միաբանվեցին եւ ասացին՝ եկեք սրան տանուտեր նշանակենք, թերեւս սրա հպարտությունը սանձենք: Եվ այդպես էլ արին, նրան դրին Քանաքեռի տանուտեր: Մկրտիչ անունով մի մարդ, որ ճարտար էր ու լեզվանի, պարսկերեն իմացող, սաղմոսներ կարդացած ու մտքում պահած, սրան էլ նշանակեցին նրան քարտուղար, որպեսզի ինչ առեւտուր լինի գյուղի համար, Մկրտչի ձեռքով կատարվի, եւ այն ամենը գրի առնի, որպեսզի ոչ մի բան զուր չկորչի:

Եվ այդպես հաշտ մնացին տանուտեր Ամիրջանն ու քարտուղար Մկրտիչը չորս տարի: Ինչ որ ծախվում էր, Մկրտիչը գրում էր թվականով եւ ամսվա օրերով: Այնպես եղավ, որ մի օր գյուղի մեծամեծները հավաքված էին եւ խոսում էին իրենց շահույթի մասին: Մկրտիչը նույնպես մի խոսք ասաց գյուղի օգտի մասին: Իսկ տանուտերը ըստ իր մեծասրտության եւ բարքի գոռոզության կատաղեց Մկրտչի վրա եւ ասաց՝ քեզ ո՞վ իրավունք տվեց հրապարակում խոսել: Մկրտիչը ասաց. ի՞նչ վնաս տվեց իմ խոսելը, որ դու այդպես զայրանում ես: Ամիրջանը մահակը բարձրացրեց նրա վրա եւ նրան կին հայհոյեց՝ կնոջը բոզ անվանելով: Մկրտիչը ոչինչ չասաց, այլ ելավ ու լռելյայն գնաց: Նրա հետ շատերը ելան: Մկրտիչը գնաց իր քենու՝ Աղամ անունով տեգոր մոտ, որ մի պատվական ու խաղաղարար մարդ էր, եւ գանգատվեց նրան, որ իր կնոջը բոզ է ասել: Իսկ Աղամը նրան խրատեց՝ համբերել երկու օր, որպեսզի զղջա եւ քեզ կանչի: Նա համբերեց երեք օր, իսկ Ամիրջանը չկանչեց ու ոչ էլ նրա հետ հաշտ խոսեց, այլ մարդ ուղարկեց Մկրտչի մոտ բարկությամբ ու սպառնալիքով եւ ասաց՝ ինձ ուղարկիր առեւտրի թղթերը: Իսկ Մկրտիչը ուղարկվածներին հետ դարձրեց անարգանքով եւ ասաց՝ ես նրա հրամանով չեմ գրել, այլ գրել եմ գյուղի ավագների հրամանով: Մկրտիչը այս ասաց եւ ելավ գնաց Աղամի մոտ: Իսկ Աղամը ասաց՝ այժմ դու գիտես, արա ինչ որ գիտես: Մկրտիչը գնաց իր համախոհների մոտ, որոնք երեք հոգի ավագներ էին՝ մեկի անունը Բարսեղ էր, որին կոչում էին Բիսցնող (Բուսցնող), երկրորդինը՝ Սարգիս էր, որին Մոծակ էին կոչում, երրորդինը՝ Ղազար էր, որին փալանդուզ (համետագործ) էին կոչում: Սրանց միաբանվեցին այլ ավագներ եւ գնացին, հավաքվեցին մի տեղ: Մարդ ուղարկեցին, կանչեցին տանուտերին եւ ասացին նրան՝ մենք հավաքվել ենք քեզ համար, դու պետք է հաշիվ տաս քո տանուտերության վերաբերյալ, իսկ նա լռել, չէր խոսում: Մկրտչին ասացին, կարդա ձեր առեւտրամատյանը: Իսկ նա կարդաց այն ամենը, ինչ որ տվել էին տանուտիրոջ ձեռքը, մինչեւ իսկ մի ձուն էլ գրել էր: Նրա վրա կուտակեցին երեք տարվա հարկը երեք հարյուր քառասուն թուման եւ պահանջեցին հաշիվ: Իսկ Ամիրջանը գրգռված դեւի կողմից՝ սկսեց հայհոյել նրանց եւ ասաց՝ դուք ի՞նչ շուն եք, որ ես ձեր խոսքով հաշիվ տամ, գնացեք խանից ոստիկան բերեք, որ նրա ներկայությամբ հաշիվ տամ: Ապա դարձավ Մկրտչին եւ բազում հայհոյանքներով ասաց՝ այդ երեք հարյուր քառասուն թումանը, որ ինձ ես տվել, քո Վարդ կնոջ գինն է: Ապա ցասումով լցվեցին նաեւ գյուղացիները եւ նույն Մկրտչին ուղարկեցին խանի մոտ: Նա գնաց եւ խանի հետ խոսեց երես առ երես, քանզի նախապես ծանոթ էր նրան պարսկերեն խոսելու հետեւանքով:

Եվ առնելով Գուլնազար անունով բնիկ պարսիկ մի ոստիկան, որ թուրքերեն չգիտեր. սա պատվեր էր ստացել խանից տանուտերության հաշիվ պահանջել, իսկ եթե նրա վրա որեւէ բան մնա, կկախես նրան (ասել է խանը), բրածեծ կանես եւ առնելով կտաս գյուղացիներին:

Գուլնազարը եկավ, կանչեց տանուտերին հրապարակի ատյանը եւ ասաց՝ երեք հարյուր քառասուն թումանի հաշիվը ներկայացրու: Իսկ տանուտերը ինչ որ ասաց, նրանք հաճույքով ընդունեցին: Մնաց վաթսուն թումանը, չկարողացավ իմանալ, թե ինչ է արել:

Գուլնազարը ասաց՝ արդ՝ հատուցիր վաթսուն թումանը, իսկ տանուտերը լռեց: Ապա բերին անիվ, գցեցին պարանոցը եւ կախեցին բարձր պատից եւ երկու կողմից ծեծելով ասում էին՝ տուր վաթսուն թումանը: Իսկ նրա ազգականները աղաչեցին գյուղացիներին՝ ինչ որ մի մաս զիջել, եւ նրանք զիջեցին երեսուն թումանը, իսկ մնացած երեսունը պահանջում էին եւ կախել խիստ սաստիկ ծեծում էին: Իսկ նա անճարացած ասաց՝ ես չորս որդի ունեմ եւ մի գեղեցիկ դուստր, նրանց թող խանը առնի եւ ինձ ազատի:

Գուլնազարը իջեցրեց նրան կախաղանից եւ պահ տվեց նրա եղբայր Առաքել քահանային եւ ասաց՝ պահիր դրան, որ չփախչի, մինչեւ գնամ խանի մոտ: Եվ գնաց, հայտնեց խանին Ամիրջանի խոսքը: Խանը բարկացած ասաց՝ մի՞թե նա իմ դրամն է վատնել, որ ես նրա որդիներին ու դստերը առնեմ: Այժմ թող տա քանաքեռցիներին եւ ազատվի, իսկ դու այնպես արա, ինչպես ասացի:

Եվ նա գնաց, կախեց նրան. եւ այստեղ դու տես նրա չարչարանքները, որովհետեւ այնքան խփեցին ոտքերին, մինչեւ որ տասը եղունգները թափվեցին, եւ ուռուցքը բարձրացավ ծնկից վեր: Վեց օր այդպես սաստիկ ձաղկեցին նրան: Զատկից հետո հիսունքի (հիսուն օրվա) չորրորդ շաբաթն էր, նրա պատժի յոթերորդ օրը, կեսօրին ամպ եղավ արեգակի տակ, երկիրը մթնեց, եղավ ինչպես գիշեր, ամպը գոռաց ու ճայթեց, փայլատակում եւ կայծակ եղավ, անձրեւ եկավ եւ հավի ձվի չափ մեծամեծ կարկուտ եկավ, ամենքը, որ այնտեղ (պատժավայրում) էին, փախան, մնաց միայն Ամիրջանը կախաղանից կախված, կարկուտի տակ: Ապա եկավ Խանսոլթան անունով մի կին, որ Մկրտչի հորեղբոր դուստրն էր, ոտքի կապերը քանդեց, նրա առջեւ դրեց կոշիկները եւ ասաց՝ գնա, փախիր: Նա գնաց ջրբաժան տեղը, որ կոչվում է Կրունք. այնտեղ նրան պատահեց Առաքյալ անունով մի մարդ, ջարդեց (պարանոցի) անիվը, իսկ Ամիրջանը փախավ մինչեւ Աղստեւ ու ազատվեց:

ԳԼՈՒԽ Գ
ՄՈՒՐԱԴ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՎԱՆ ԳԱԼԸ

Ամիրջանի պատմությունը այն բանի համար առաջ դրինք, որովհետեւ խոնդկարի (թագավորի) Երեւան գալը նրա պատճառով է լինում, քանզի հազար ութսուներեք (163) թվին Հունաստանի վաճառականները եկան եւ ասացին խանին, թե օսմանցիք զորաժողով են արել. ոմանք ասում են՝ գնանք Բաղդադ, ոմանք՝ Երեւան, իսկ ոմանք էլ՝ Իլով*, բայց ճիշտը մենք չիմացանք: Իսկ խանը ավագանուն ասաց՝ մի մարդ գտեք, որ ուղարկենք օսմանցիների երկիրն իբրեւ լրտեսի: Ասում են, թե տանուտեր Ամիրջանը խիստ հմուտ ու տեղյակ է այն երկրին: Խանը քանաքեռցիներին ասաց, որ գնան Ամիրջանին բերեն: Քանաքեռցիները նրան նամակ ուղարկեցին, բերին, եւ առան տարան խանի մոտ: Խանը նրան ճանապարհածախս, ձի տվեց եւ ասաց՝ գնա Ստամբոլ եւ իմացիր, թե ուր է կամենում գնալ խոնդկարը (Թուրքիայի թագավորը), եւ մեզ տեղեկություն բեր:

Ամիրջանը հեռացավ խանից եւ պատրաստվեց գնալ: Իսկ Մուրադ բեկը խանից գաղտնի առավ նրան եւ տարավ իր կացարանը եւ նրան չորս կնքած նամակ տվեց, որոնցից մեկն ուղղված էր խոնդկարի անվան, մյուսը՝ փոխարքայի, երրորդը՝ սպարապետի, իսկ չորրորդը՝ մեծ իշխանի: Նրանց մեջ գրված էր, թե ես լսեցի ձեր շարժման մասին, որ կամենում եք պատերազմ գնալ: Ոչ մի տեղ մի գնաք, այլ եկեք Երեւան, որ իմ ձեռքում է: Որ օրը դուք այստեղ մտնեք, նույն օրը ես ձեր ձեռքը կտամ Երեւանը:

Ամիրջանը Երեւանից դուրս եկավ դեկտեմբերի սկզբին, մարտի քսանմեկին մտավ Բյուզանդիա: Այդ օրը նրանք պատրաստված էին գնալ Իլովի (Լվովի) վրա: Երբ նամակները տվեց (Ամիրջանը), այդ ժամանակ մունետիկներին հրամայեցին՝ բարձր աղաղակել, թե ամեն ոք, որ մեր ձայնը լսի, թող պատրաստվի, որ երեք օրից գնալու է Երեւան: Եվ այսպես խիստ հրամանով կազմակերպվեցին եւ մարտի քսանհինգին Կոստանդնուպոլսից դուրս եկան եւ օգոստոսին վեցին հասան Արարատյան աշխարհը, Ամիրջանն էլ նրանց հետ: Երբ Շիրակ գավառում էին, Ամիրջանն ասաց, ես առաջուց գնամ, խանին ավետիս տամ ձեր գալստյան առթիվ: Եկավ մտավ բերդը եւ գնաց խանի մոտ. խանը հրամայեց նրան գինի տալ, ապա հարցրեց՝ ինչ լուր ունես: Հենց խոսքի սկզբում ասաց՝ ահա խոնդկարին բերի հասցրի Շիրակ: Մուրադ բեկն ասաց՝ մենք քեզ ուղարկեցինք լուր բերելու, իսկ դու գնացիր խոնդկարին բերիր: Ամիրջանն ասաց՝ ես չբերի, այլ քո չորս նամակները բերին: Խանը հարցրեց՝ ինչպիսի նամակներ էին: Եվ նա ամեն բան պատմեց մի առ մի: Իսկ խանը բարկացավ եւ ոտքով զարկեց Մուրադ բեկի գլխին եւ ասաց՝ ով սեւ էշ, ես չգիտեի, որ քո շնությունը չարիք էր գործելու: Այս ասաց, ելավ գնաց: Իսկ Մուրադ բեկը ելավ, ինքը սպանեց Ամիրջանին եւ գցեց աղբահորը: Երեք օրից հետո խոնդկարը եկավ, պաշարեց բերդը եւ ինն օր հետո գրավեց ու տիրեց: Իսկ պարսիկներին ասաց՝ ով որ մեզ սիրում է, թող մնա այստեղ, իսկ ով չի կամենում մնալ, թող գնա, ուր կամենում է: Վեց պարսիկներ ելան, որ գնան Գանձակ. գնացին մինչեւ Քանաքեռի հանդը՝ այն տեղը, որ կոչվում է Ավանափոս, տեսան այնտեղ օսմանցիների զինվորներ իջած, հարձակվեցին նրանց վրա, կոտորեցին եւ ավարեցին ինչքերը: Մինչ թագավորը իմացավ, զորք ուղարկեց նրանց դեմ, նրանք փախան, գնացին դեպի Գանձակ:

Խոնդկարը Երեւանի բերդում նշանակեց իր քեռայր Մուրթուզա փաշային տասնհինգ հազար այրերով, իսկ ինքը գնաց Թավրիզ: Մորից նամակ ստացավ, թե լատինները քո աթոռը գրավեցին: Թավրիզից ելավ գնաց Վանի վրա, ապա մեկնեց Կոստանդնուպոլիս:

 

* Լվով:

ԳԼՈՒԽ Դ
ՄՈՒՐԱԴ ԲԵԿԻ ՍԱՏԱԿՈՒՄԸ

Բերդը գրավելուց հետո կանչեց Թահմազղուլիին եւ նրան անվանեց Ուսուփ փաշա, իսկ Մուրադ բեկին՝ Մուրադ փաշա եւ ուղարկեց Ստամբուլ մինչեւ իր գնալը:

Նրանք ելան իրենց ամբողջ ունեցած-չունեցածով, ծառաներով ու աղախիններով. նրանց հետ գնացին Մասում բեկը եւ Ասլան փաշան եւ այլ աննշան մարդիկ: Երբ հասան օսմանական սահմանը, երկրից մարդիկ էին ելնում սրանց տեսնելու. ոմանք ծաղրում ու հայհոյում էին եւ մականուն դնելով ծաղրաբար խոսում էին: Այս անարգանքը Թահմազղուլին իրեն վերագրեց: Հիշում էր իր մեծությունը ժամանակին եւ այժմյան տեսած ու լսած անարգանքները եւ հոգոց էր հանում եւ փղձկում, բայց ոչինչ չէր կարողանում անել եւ մնում էր լուռ:

Գնալով գնացին, հասան մի պանդոկ, որը կոչում էին Ալաջախան. այդտեղ օթեւանեցին: Ոչ ոք չընկերացավ Մուրադ բեկին, մինչեւ իսկ նրա եղբայր Ասլան աղան, ոչ ոք, այլ բոլորը ընկերացան Թահմազղուլուն, դարձան սեղանակից եւ համակամ: Իսկ Մուրադ բեկը մնում էր մեկուսի իր ծառաներով իր վրանում: Մի օր խանը Ասլան աղային ուղարկեց նրա մոտ եւ ասաց. կանչիր քո սեւ էշ եղբորը, թող գա, բան ունեմ ասելու: Գնաց Ասլան աղան եւ ասաց՝ խանը քեզ կանչում է: Մուրադ բեկը ասում է՝ միթե ես նրա ծառան եմ, որ գնամ նրա մոտ: Մի փաշա նա է, մի փաշա ես եմ: Եվ չգնաց:

Ասլանը վերադարձավ, խանին պատմեց: Խանը ասաց՝ կրկին կանչիր նրան: Գնաց, դարձյալ կանչեց: Նա բարկացավ ասաց՝ իգացող մանուկը ինչո՞ւ է կանչում ինձ. ես նրան ասելու բան չունեմ, որ գնամ նրա մոտ, իսկ եթե ինքը որեւէ բան ունի ասելու, թող ինձ մոտ գա: Գնաց նրան ամենը պատմեց: Խանը Ասլան աղային ասաց. «Թուրդ կապիր մեջքդ եւ եկ ինձ հետ, ինչ որ կասեմ, արա»: Եվ գնացին Մուրադ բեկի վրանը: Իսկ նրա ամբարտավանությունն ու համառությունը կորուստ պատրաստեցին նրա համար, որովհետեւ խանին տեսնելիս ոտքի չկանգնեց, այլ սնոտի հույսով փքված նստեց: Խանն ասաց՝ սեւ էշ, դու օսմանցիներին բերիր իմ վրա, դու ավերեցիր իմ երկիրը, դու հանձնեցիր իմ բերդը, դու ինձ, երկիրս գերության մատնեցիր: Ահա լսում եմ՝ ոմանք պարսիկ են կոչում, ոմանք՝ անհավատ, ոմանք՝ քաֆուր (անխիղճ), իսկ ուրիշներն էլ կոչում են ռաֆուզի (անիրավ, հերետիկոս): Այս ամբողջը քո շնության պատճառով եկավ ինձ վրա, իսկ այժմ այնքան մեծ եղար, որ ինձ (փուշտ) իգացող երեխա ես անվանում:

Ապա Ասլան աղային ասում է՝ մտիր, այդ շան մոտ: Եվ սուրը հանելով պատառ-պատառ արեց նրան: Եվ այդպես կորավ նա ի փառս սատանայի: Նրան թաղեցին այնտեղ եւ կրից արձան կանգնեցրին նրա վրա:

Իսկ նրանց ուղեվարները այս բանը պատմեցին խոնդկարին [1], եւ խոնդկարը ասաց՝ լավ արեց, որ իր ծառային սպանեց:

Եվ ելավ գնաց Ստամբոլ, թագավորը կանչեց նրան եւ ասաց՝ ահա երկիրը քո առջեւ է, որտեղ հաճում է քո սիրտը, այնտեղ քեզ բնակության վայր դարձրու: Նա գնաց Քաղկեդոնի [2] կողմը, Ուսկուտար [3] քաղաքը եւ այնտեղ շինեց շենք ըստ պարսից շենքերի եւ այնտեղ ապրեց մինչեւ մահվան օրը: Իսկ նրա մահը իր տեղում կպատմենք:

ԳԼՈՒԽ Ե
ԿԱՐԲԵՑԻՆԵՐԻ ԱՎԱՐՈՒՄԸ

Երբ Թահմազղուլին լսեց, թե մոտեցել է օսմանցու Արարատյան երկիրը գալը, հրաման տվեց Երեւանի ամբողջ երկրամասին՝ ցրվել ու գնալ, ուր կամենում են, թող փախչեն, քանի որ օսմանցին եկել է ավերելու: Նրանց ուղեվարներ չնշանակեց. ասաց՝ ամենքը թող իրենց կամքով գնան ուր կամենան:

Իրենց բնակությունից ելանս ցրվեցին, ոմանք գնացին Վրաստան, ոմանք՝ Աղվանք, Վակամ, Գանձակ, Խաչեն [4], Վարանդ [5] եւ այլուր, որտեղ կարողացան: Իսկ կարբեցիները բոլորը միասին դուրս եկան Վարդավառի բարիկենդանի շաբաթ օրը եւ դիմեցին Քաշաթաղ [6] երկիրը, հասան մինչեւ Հոչես [7] գյուղը. իսկ այնտեղ սեւ վրաններով բնակվում էին քրդերի բազմաթիվ ընտանիքներ: Երբ քրդերը տեսան նրանց, ասացին՝ սրանք փախստականներ են, եկեք սրանց կոտորենք եւ ինչքերը կողոպտենք:

Իսկ կարբեցիք քրդերի մտադրությունը իմացան եւ զինվեցին նրանց դեմ պատերազմելու: Քրդերը հարձակվեցին կարբեցիների վրա սաստիկ ընդհարումով եւ սպանեցին հինգ մարդ՝ Տեր-Մխիթարին, Դաթլու Բաբին, Դավթին, Գիլաղին եւ Այվազին: Թեպետեւ կարբեցիք էլ նրանցից սպանեցին, սակայն պարտվեցին, քանզի նրանք հանգիստ էին ու չաշխատած, իսկ սրանք հոգնած էին ու անպատրաստ: Սրանց կողոպտեցին, կանանց մերկացրին եւ հասցրին վերջին թշվառության, գերեցին երեք մանուկներ, եւ այդպես մնացին մերկ ու կողոպտված, որովհետեւ գյուղացիները եւս օգնեցին քրդերին: Քանզի վախեցան նրանցից, որ միգուցե իրենց եւս թալանեն: Իսկ կարբեցիք մնացին այնտեղ նայելով կատարվածին:

Կարբուց մի մարդ կար, որին կոչում էին Ժանդենց Միրզա. սա այդ օրը Թավրիզում էր վաճառականության պատճառով: Սա լսեց իր գյուղի կողոպտվելը, սաստիկ ցավում էր: Նաեւ լսեց, թե շահը պատրաստվել է արշավել Երեւանի վրա: Գանգատագիր գրեց շահին քրդերի վերաբերյալ: Գանգատագրի պատճենը հետեւյալն է:

«Շահի ոտքերի հողին թող հայտնի լինի Կարբու ողորմելի շինականների մասին: Քանզի մենք լսեցինք, թե օսմանլուն գալիս է մեր երկիրը, մենք վարժվել ենք պարսիկներին. գյուղով ելանք փախանք (այն պատճառով), որ օսմանցիներին ծառա չենք կարող լինել, եւ եկանք քո տերության սահմանները, որպեսզի քո ոտքերի ներքո ապրենք: Հասանք Հոչես գյուղը: Քրդերը եկան այնտեղ, մեզ կողոպտեցին, մեզնից շատերին կոտորեցին, կանանց մերկացնելով խայտառակեցին, մեր մանուկներին գերեցին, մեր բոլոր ինչքերը հափշտակեցին, մեր կանայք ու երեխաները մերկ ու ողորմելի վիճակում են մնացել: Այլեւս ոչ ոք չունենք, որ մեզ օգնի, բացի Աստծուց ու քեզնից: Քո տերությունը պետք է խնամի մեզ, քանզի մենք հնազանդված ծառաներ եւ շահի ոտքի կոխան (հողն) ենք: Ողջ լեր»: Միրզան առնելով այս գանգատագիրը՝ գնաց շահին ընդառաջ, եւ Աստծու ողորմածությունն օգնության հասավ, քանզի շահը առավ գանգատագիրը կարդաց եւ վերահասու եղավ ճշմարտությանը: Մեծ զորք ուղարկեց քրդերի վրա եւ պատվիրեց, ասելով՝ մի խղճացեք նրանց: Եթե հայերից մի ուլ են առել, փոխարեն ութ թող վերցնեն, հավի փոխարեն ձիեր առնեն, ամեն մի սպանվածի դիմաց տասը թուման առնեն: Կանանց խայտառակելու դիմաց, թող նրանց կանայք խայտառակվեն:

Արդ՝ ինչ որ պատվիրեցի ձեզ, անթերի կատարեք: Այդ քրդերը օսմանցիների դավանանքին էին պատկանում, այս էր պատճառը, որ շահը այդպիսի խիստ պատվեր տվեց իբրեւ (օսմանցի) ազգին նախատինք: Զորականները այս պատվերը ընդունելով՝ գնացին նախ կարբեցիների մոտ, իսկ կարբեցիք եկան ընկան զորականների ոտքերը, լալիս էին գոռալով, աղաղակում ու ցույց էին տալիս իրենց մերկությունը: Զորականները գրեցին այն ամենը, որ քրդերը վնաս էին տվել քրիստոնյաներին: Ապա ելան գնացին քրդերի մոտ:

Այժմ տեսեք ու լսեք, որ չարիք չմնաց, որ քրդերը չարին կարբեցիների նկատմամբ: Բայց եւ չմնաց փոխարենը, որ չընդունեցին զորականների բազմապատիկը: Քանզի բոլոր քուրդ տղամարդկանց բռնեցին, բոլորի ձեռքերը կապեցին հետեւները եւ անխղճորեն ծեծցին, նրանց կանանց խայտառակելով ապականեցին, հափշտակեցին ու կողոպտեցին նրանց ինչքն ու ստացվածքը եւ ամեն ինչից թափուր թողին: Ապա կանչեցին կարբեցիներին եւ բաժանեցին նրանց քրդերի ինչքերը, գերված մանուկները հետ վերադարձրին, սպանվածների արյան գները առան իրենք: Նաեւ քուրդ աղջիկներից ոմանց, որ գեղեցիկ էին, գերեցին, տարան շահին: Գործը այսպես ավարտվեց: Կարբեցիք մնացին այնտեղ մինչեւ որ շահը Երեւանը գրավեց: Դրանից հետո վերադարձան եւ եկան, բնակվեցին իրենց Կարբի գյուղը:

ԳԼՈՒԽ Զ
ՇԱՀԻ ԳԱԼԸ ԵՐԵՎԱՆ

Երբ եղավ մեր 1085 (1636) թվականը, պարսից թագավոր Շահ Սաֆին զորաժողով արեց հարյուր հազար մարդ, նաեւ արհեստավորներ, վաճառականներ, ավելի քան պատերազմող զորքերը: Սրանցով ելավ եկավ Երեւանի վրա: Սուրբ Հակոբի պասի չորեքշաբթի օրը շրջապատեցին բերդը եւ նրա շուրջը նստան երեք ամիս:

Աստծու ողորմածությամբ ոչ մի փաթիլ ձյուն չեկավ: Ամեն կողմից զորքին սնունդ ու պիտույք էին գալիս (բնագրում գոյր, հավանորեն գայր) այդ պատճառով անհոգ էին բոլոր կողմերով եւ հանգիստ նստած էին: Երբ թուրքերի թագավոր սուլթան Մուրադը լսեց, որ պատերազմը ուշացավ եւ բերդը չգրավեցին, բերդին օգնական ուղարկեց շատ զորքով մի փաշայի, որին կոչում էին Քոռ Խազինադար: Երբ հասավ Կարին, հանկարծակի շատ սաստիկ ձյուն եկավ, եւ օսմանցիների զորքերը չկարողացան շարժվել: Քոռ Խազինադարը հրամայեց սուխրա՝ այսինքն կոռ հանել, որպեսզի ձյունը մաքրեն եւ ճանապարհ բանան զորքի համար: Բայց այն, ինչ ցերեկը մաքրում էին, գիշերը բուքը լցնում էր: Շատ չարչարվեցին, բայց ոչ մի օգուտ չեղավ: Քոռ Խազինադարը ասաց՝ Աստված է պարսիկներին օգնական, մարդը չի կարող ընդդիմանալ նրանց, գործը դադարեցրին: Մեծ պասի միջին երրորդ շաբաթում բերդը գրավեցին, քանզի Մուրթուզա փաշան, որ տիրում էր բերդը, երբ տեսավ, որ չկարողացան դիմադրել պարսից զորքերին, մահու դեղ ընդունեց, մեռավ, իսկ բերդում մնացածները բերդը հանձնեցին: Պարսիկները տիրեցին բերդին: Շահը հրամայեց օսմանցիներին, ուր ուզում են թող գնան: Նրանք վերցրին Մուրթուզա փաշայի դիակը եւ ելան գնալու: Երբ կեսօրվա ճանապարհ գնացին, պարսից նենգ ազգը գնաց նրանց հետեւից եւ կոտորեց նրանց, հափշտակեց ինչքերը. մնացածները վերցրին Մուրթուզայի դիակը եւ փախան, գնացին Կարին: Իսկ շահը Երեւանի երկիրը հանձնեց Քալբալի խանին: Ինքը առնելով Շխիջան, Մայմուն, Իբրահիմ փաշաներին՝ գնաց Սպահան: Փաշաներին ուղարկեց Անուշ բերդը, որին իրենք Ղախա ղալա են անվանում. (փաշաները) այնտեղ մնացին եւ այնտեղ մեռան:

ԳԼՈՒԽ Է
ԿՌԱՊԱՇՏ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քանի դեռ շահը Երեւանում էր, հրաման տվեց Մակուի բերդը քանդել եւ գյուղի բնակիչներին բերել Արարատի Կոտայք գավառը, բնակեցնել Կամարիս (Գամրեզ) գյուղում: Այդպես էլ արին: Նույն Մակու գյուղից մի բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա մարդ (հայ) Կիրակոս անունով երկու որդիների՝ Հովհաննեսի ու Սաֆարի հետ եկավ Քանաքեռ ու բարեկամացավ իմ հոր տանը եւ բնակվում էր մեզ մոտ: Երբեմն-երբեմն գնում էր վաճառականության եւ գալիս: Սա ճարտարախոս եւ չափազանց խելոք էր:

Մի օր մեր տանը հավաքված էին գյուղացիները, խոսում էին հացի սղության մասին: Իսկ Կիրակոսը ինչ-որ բան պատմեց, թե մի ժամանակ հացի սղություն եղավ մեր գյուղ Մակուում: Մեր նահանգում ցորեն չէր գտնվում: Մեզ ասացին, թե Խոյի երկրում ցորենն առատ է: Մենք չորս մարդ գրաստներով ու դրամներով ելանք գնացինք մի գյուղ եւ հարցրինք ցորենի մասին: Մեզ ասացին՝ թե ցորեն կա այսինչ տանը, մենք գնացինք, տունը գտանք եւ ողջույն տվինք, բայց նրանք մեր ողջույնը չընդունեցին: Մենք տանտիրոջը հարցրինք, թե ցորեն ունե՞ք վաճառելու: Մարդն ասաց՝ ունենք: Մենք ասացինք՝ փողով մեզ ցորեն տուր եւ տվինք նրան դրամը: Նա առավ դրամը եւ ցորենով լցրեց մեր ջվալներն ու բերանները կարեց:

Ապա մեր առջեւ հաց դրեց, իսկ մենք՝ ասացինք՝ օրհնեցեք Աստծուն: Իսկ մարդը խիստ բարկացավ, վերցրեց հացը ու ասաց՝ ո՞ւմ եք կամենում օրհնել, նրա՞ն, որ ոչ ոքի բարիք չի անում: Եվ թափեց ցորենը, ջվալներն ու դրամը վերադարձրեց ու ասաց՝ ելեք, կորեք մեր դռնից (տնից):

Մենք կարծեցինք, թե գյուղացիները բոլորը այսպես են, ելանք լռելյայն գնացինք: Օրեր հետո դարձյալ ցորենը պակասեց, սովից նեղվեցինք: Ապա ասացինք՝ եկեք դարձյալ գնանք այն մարդու մոտ եւ ողջույն չտանք: Իսկ եթե հաց տա, լռելյայն ուտենք եւ Աստծու անունը չտանք, ցորենն առնենք, վերադառնանք:

Մեկը իմ առաջին ընկերներից, երկու ուրիշներ եւ ես ելանք գնացինք գյուղը եւ նայեցինք այն մարդու տանը. ահա մի մեծ սաստիկ խոր ու լայն փոս. մենք խիստ զարմացանք, թե սա ի՞նչ բան է:

Ապա մի կնոջ հարցրինք, թե, այ մայրիկ, այս գյուղում մի հարուստ մարդ կար, որ ցորեն էր վաճառում, ո՞րն է նրա տունը: Եվ նա ձեռքով ցույց տվեց փոսը ու ասաց՝ այս է նրա տունը: Մենք պատճառը հարցրինք: Կինն ասաց՝ նա մեր Աստվածը չէր պաշտում, այլ իրեն համար պղնձե աստված ուներ, այն էր պաշտում: Նրա ամեն ինչը շատացավ, թե շարժական, թե անշարժ. նա շատ հարկ էր տալիս իշխանին, այդ պատճառով նրան ոչ ոք որեւէ բան չէր կարող ասել: Նա ոչ ոքի հետ չէր խոսում, հրապարակներ չէր մտնում, մեզ հետ առեւտուր չէր անում, ոչ մեկի ողորմություն չէր տալիս: Հայհոյում էր մեզ ու մեր Աստվածը:

Այդ պատճառով մեր Աստված բարկացավ նրա աստծու վրա եւ մի գիշեր թեթեւ երկրաշարժ եղավ, ոչ մեկին որեւէ վնաս չեղավ, մինչեւ իսկ մի հավ չկորավ: Իսկ առավոտյան տեսանք կործանված տունը, ոչ մի կենդանի հավ չմնաց դրան: Մենք լսեցինք այդ բանը եւ փառք տվինք արդարադատ Աստծուն, ասելով՝ ինչպես որ արդար ես լինում քո խոսքերով եւ քո դատելու մեջ հաղթող:

ԳԼՈՒԽ Ը
ՇԵՅԽ ԻՍԼԱՄԻ ՍԱՏԱԿԵԼԸ

Ինչպես առաջ ասացինք, թե քանաքեռցի Միքայել եպիսկոպոսը պաշտոնազուրկ անել տվեց Շեյխ Իսլամին եւ շեյխությունը վերցրեց, եւ այդպես (Շըխիսլամը) մնում էր արտաքսված: Այնպես եղավ, որ խոնդկարը եկավ գրավեց Երեւանը եւ պարսից զորքերին հրամայեց՝ գնալ, ուր կամենում են: Իսկ այս Շեյխ Մահմադը չգնաց պարսից զորքի հետ, այլ մնաց այստեղ: Գնալով օսմանցիների գլխավորի մոտ եւ նրանցից ստացավ շեյխության իշխանություն: Երբ շահը Երեւանը գրավեց եւ այնտեղ իշխան նշանակեց Քալբալի խանին, բայց Շեյխ Մահմադն էր վարում շեյխությունը. վեճ ծագեց երկու մահմեդականների միջեւ: Նրանք գնացին շեյխի մոտ դատաստանի, իսկ շեյխը նրանցից առանձին-առանձին կաշառք առնելով դատը լուծեց, իսկ մահմեդականները միաբանվեցին եւ հավաքեցին շատ պարսիկներ իրենց շուրջը՝ գնացին նրա մոտ, քարով, փայտով զարկին սպանեցին նրան: Նրա ազգականները աղմուկ բարձրացրին խանի մոտ, իսկ խանը կամեցավ նրանց բռնել: Նրանք ասացին՝ սյունի էր Օմարի ու Օսմանի համար էր աղոթք անում, մենք դրա համար սպանեցինք նրան: Խանը թույլատրեց, ոչինչ չարեց: Եվ այդպես վերացրին նրան մեջտեղից:

ԳԼՈՒԽ Թ
ՄԱՂԱՍ [8] ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ

Հունաց Մորիկ [9] թագավորը ազգությամբ հայ էր՝ Արարատ գավառի Օշական գյուղից: Նրան հաջողվեց թագավորել Կոստանդնուպոլսում քառասուներկու տարի: Սա իր հայրենի երկիր Հայաստան Մաղաս անունով հայազգի մի մարդ ուղարկեց, որ իր անունով մի քաղաք կառուցի Հայաստանում: Սա գնաց, Շիրակ գավառում Անիին մոտիկ՝ հարավային կողմը, Ախուրյան գետի ափին երկու լեռների միջեւ մի տափարակ տեղ գտավ, որը երեք կողմից շրջապատված էր բարձր քարափներով, իսկ արեւմտյան կողմը փոքր-ինչ հարթ էր, բայց քիչ զառիվայր: Տեղը հավանեց, այն պարսպեց եւ դուռ կախելով անվանեց Մաղասաբերդ: Քանի դեռ իշխանությունը քրիստոնյաների ձեռքին էր, քրիստոնյաներ էին տիրում Մաղասաբերդը: Երբ կրկին ընկավ պարսիկների ձեռքը, պարսիկները Մաղասաբերդը տիրեցին մինչեւ մեր օրերը: Մեր ժամանակ մի մահմեդական օսմանցի ծպտվեց կարմիրագլուխների (պարսիկների) կերպարանքով, հագավ մորթի, իրեն անվանեց օրինապահ, որ նշանակում է ավդալ կամ դարվիշ: Սա երբեմն գնում էր Կարբի, երբեմն՝ Մաղասաբերդ: Այսպես երթեւեկությամբ ծանոթացավ Մաղաս բերդի սուլթանին: Այնպիսի հավատարմություն ցույց տվեց, որ բերդի բանալին վստահեցին նրան: Այնպես եղավ, որ սուլթանը գնաց Երեւան. սուլթանը ազգությամբ բողչալու էր: Բերդում թողեց իր որդուն: Բերդում էր նաեւ դարվիշը: Օրերից մի օր Կարսի փաշայի մոտ ուղարկեց մի մարդ եւ զեկուցեց նրան, թե այսինչ գիշերը եկեք դուք այս բերդի դուռը, եւ ես սա կտամ ձեր ձեռքը:

Երբ օսմանցիք այս լսեցին, ուրախացան, պատրաստեցին երկու հարյուր մարդ, պայմանավորված գիշերը պատրաստվեցին եւ ելան արագավազ ձիերով գնացին ձորի բերանը. իջան, ձիերը կապեցին այնտեղ, իսկ իրենք ոտքով անծպտուն ընթացան մինչեւ բերդի դուռը: Իսկ անիծյալ ավդալը (օրինապահը) կանգնած էր պարսպի վրա ու նայում էր: Եվ տեսավ օսմանցիների զորքը, քանի որ ձեռքին բերդի բանալին ուներ, բացեց դուռը եւ նրանց ներս մտցրեց: Բռնեցին սուլթանի որդուն եւ գերեցին նրա մեջ եղածներին:

Իսկ սուլթանի կինը երբ տեսավ, որ բերդը գրավեցին, իր երեսը պատեց գլխաշորով, իրեն բարձր քարից վայր նետեց եւ մեռավ:

Այսպես քաղաքը ընկավ օսմանցիների ձեռքը մինչեւ այսօր: Երեւանի խանը այս լսելով բռնեց սուլթանին, մորթը տիկ հանեց, լցրեց խոտով, ուղարկեց շահին, իսկ ինքը զորք ուղարկեց Քրդստանի կողմը, բերեց շատ ավար եւ գերիներ թվով հարյուր քառասուն:

Այս տեղի ունեցավ 1087 (1638) թվին:

ԳԼՈՒԽ Ժ
ԹԱԹԱՐՆԵՐԻ ԳԱԼԸ ԵՐԵՎԱՆ

Երբ Կարսի թուրքերը գրավեցին Մաղասաբերդը, իրենց արքա սուլթան Մուրադին ավետիս հղեցին: Թագավորը հրամայեց, որ բերդը տան նույն գրավողին որդեցորդի: Եվ այդպես էլ եղավ, (գրավողը) կոչվում է Խաթունօղլի: Ինքը սուլթան Մուրադը առավ իր զորքը ավելի քան յոթ հարյուր հազար եւ գնաց Բաղդադի վրա:

Հինգ հարյուր թաթար Կաֆայից ուղարկեց Կարին Քանան փաշայի մոտ եւ պատվիրեց նրան՝ հավաքել մերձակա փաշաներին զորքերով եւ գնալ պարսից կողմերը՝ ավարելու եւ գերեվարելու: Նա հավաքեց բոլորին, ինչպես որ հրաման առավ՝ Կողոնիայի [10] փաշային, որ Շապղարասարն է, Դարունքի [11] փաշային, որ Հասան Ղալան է, Կարսի փաշային, Ախալցխայի Սաֆար փաշային, հավաքվեցին ավելի քան քառասունը եւ եկան Արարատի երկրի վրա, հասան մինչեւ Կոտայք [12] գավառը, գերեցին, ավարեցին, ինչ որ գտան: Երեւանի խանը այս լսելով հավաքեց իր զորքերը շատ քիչ եւ ելավ Քանաքեռի դիմացի առապարը, անկոխ տեղով գնաց իսմայելացիների զորքերի վրա: Գնացին մինչեւ Կետրոն* (Քեթրան), անցան Հրազդան գետը, որ կոչվում է Զանգու: Նրանց ձիերը ծարավից պապակված էին, ջուր խմեցին ու ծանրացան: Եվ գնացին Պտղնի [13] կոչված ավերակ գյուղի վերեւը եւ ընդհարվեցին միմյանց: Իսմայելացիք կանչեցին բարձրաձայն աղաղակով եւ հարձակվեցին պարսիկների վրա: Ոմանք հետապնդեցին խանին եւ նրան լախտով զարկին, որ թոփուզ է կոչվում: Խանը եւ իր ամբողջ զորքը փախան: Խանի փախուստի ժամանակ ձին հոգնեց ու կանգնեց, չէր կարողանում գնալ: Ոմն պարսիկ Բխուղաթ բեկ անունով իջավ ձիուց եւ խանին նստեցրեց իր ձին եւ փախցրեց: Ինքը բռնեց խանի ձիու սանձը եւ քաշելով ինչ-որ տեղ՝ թաքնվեց, ազատվեց: Իսկ խանը մի թիկնապահով մազապուրծ եղավ, ապաստանեց բերդում: Հագարացիք (արաբները) հալածեցին կարմրագլուխներին (ղզլբաշներին), ոմանց սպանին, ոմանց գերեցին, ոմանց կիսամեռ արին, իսկ իրենք սփռվեցին երկրում անահ ու աներկյուղ:

 

* Բնագիրն է Գետրոն: Հրատարակիչը անծանոթ բառ է կարծել: Զանգվի ափի Քեթրան գյուղի Կենտրոն անունն է` Կոտայքի շրջանում:

 



[1]            Խոնդկար էին կոչվում օսմանյան թագավորները, որոնք իրավունք ունեին օրական որոշ քանակությամբ մարդ սպանելու:

[2]            Քաղկեդոնը Բոսֆորի ասիական ափին կառուցված հնագույն քաղաք է, որ պատմության մեջ մտավ 451 թվին տեղի ունեցած ընդհանուր եկեղեցական ժողովի շնորհիվ, որի որոշումները մերժեց հայ եկեղեցին: Այժմ Քաղկեդոնը Պոլսի արվարձաններից է Գատը գյուղ անունով:

[3]            Ուսկուտարը Պոլսի այն թաղամասն է, որտեղ ծնվեց հայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

[4]            Խաչենը Արցախի գավառներից է, հնում գործածվում էր Արցախի փոխարեն: Ավելի ուշ Խաչենի մելիքության տարածքն էր, որ բռնում է Խաչենագետի ավազանը: Հյուսիսում սահմանակից էր Թարթառ գետի հովտին, արեւելքից` Գյուլիստանին, հարավում սահմանը Բալուջա գետն էր, արեւմուտքից սահմանն էր Ռմբոստյան լեռները:

[5]            Վարանդը Արցախի գավառներից է Շուշի կենտրոնով:

[6]            Քաշաթաղը թուրքերի կողմից վերանվանված Լաչինն է, որտեղ այժմ հայեր են ապրում եւ կոչում են Քաշաթաղ: Գորիսից Արցախ տանող ճանապարհի կեսին է:

[7]            Հոչեսը Քաշաթաղի շրջանի գյուղերից է եղել:

[8]            Մաղաս կամ Մաղասաբերդը կառուցված է Շիրակում` Ախուրյանի աջ ափին Անիից 4 կմ հարավ: Կառուցել է Բյուզանդիայի Մորիկ կայսեր հայ կուսակալ Մաղասը 6-րդ դարի վերջում:

[9]            Մորիկի հայ լինելը ավանդություն է եւ իրականությանը անհամապատասխան: Մոլեռանդ հայատյաց բյուզանդացի էր եւ թագավորել է 582-601 թվերին:

[10]          Կողոնիա կամ Կոլոնիա Հայաստանի ծայր-արեւմտյան (Սեբաստիայի շրջանում) քաղաքներից է, որը Զաքարիա Քանաքեռցին անվանում է նաեւ Շապղարասար:

[11]          Դարույնքը բերդամրոց է Մեծ Հայքի Արարատ նահանգի Կոգովիտ գավառում: Թուրքերը վերանվանել են Հասանղալու:

[12]          Կոտայքը Մեծ Հայքի Արարատ նահանգի շրջաններից է: Հնում հյուսիսային սահմանը հասնում էր ներառյալ Այլուբերից գյուղը. հարավ-արեւելյան սահմանը ներկայիս Արտաշատի վերջին ավանն է դեպի արեւելք, որ կոչվել է Օվա (Յուվա): Արեւելքից Կոտայքը սահմանագծվում էր Արմաղան (Աղմաղան) լեռների գագաթնագծերով:

[13]          Պտղնին Կոտայքի շրջանի գյուղերից է, որ գտնվում է Աբովյան քաղաքից դեպի արեւմուտք 6-7 կմ-ի վրա: