Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մեռելածին հայեւռուս պայմանագիրը

Շանթի պատուիրակութիւնը Երեւան էր հասել Սեպտեմբեր 14-ին միայն եւ համոզուած պնդում էր, որ ինչ գնով էլ լինի, պիտի համաձայնութեան գալ բոլշեւիկների հետ, թէկուզ եթէ դա վտանգի տակ դնի Սեւրի դաշնագիրը: Նրանք յոյս ունէին, որ այդ միջոցով կարելի կլինի Մոսկուային համոզել՝ Կարմիր Բանակը Նախիջեւանից, Ղարաբաղից ու Զանգեզուրից դուրս բերելու: Հայաստանը երկու կրակի մէջ էր մնացել, եւ Ռուսաստանի միջամտութիւնն ընդունելը անխուսափելի էր: Բայց Մոսկուայի համար այլեւս անկարեւոր էր բանակցութիւնները վերսկսել Երեւանում: Հայաստանի պատուիրակութեան նախապէս ներկայացուած պայմանները այլեւս կորցրել էին իրենց այժմէականութիւնը: Մոսկուան պատրաստ էր թուրքերին ժամանակ տալ, որպէսզի իրենք իրենց սահմանները Հայաստանի հետ կարգադրէին, բայց, ի հարկէ, միեւնոյն ժամանակ չպիտի ուզէր առիթ տալ Դաշնակիցներին մտածելու, թէ բոլշեւիկեան Ռուսաստանը հովանաւորում է ազգային Թուրքիոյ յարձակումը Հայաստանի վրայ: Այս զգուշաւոր քաղաքականութեան թելադրութեամբ, Լեգրանն էր այս անգամ յետաձգում իր ժամանումը Հայաստան: Նոյնիսկ մեծ հարց էր դարձել նրա կեցութեան պայմանները Երեւանում, եւ ամբողջ Սեպտեմբեր ամիսը Լեգրանի ներկայացուցիչը անցկացրել էր Երեւանում նրա մեծաթիւ պատուիրակութեան համար յարմարութիւն փնտրելով:

Երեւանի դաշնակցական մամուլը վերլուծում էր կացութիւնը եւ առանց վերապահութեան յայտարարում, թէ թրքական յարձակումները կատարւում են Մոսկուայի հաւանութեամբ եւ թէ բոլշեւիկեան Ռուսաստանը հայ ժողովրդի արիւնարբու թշնամի թուրքերի հետ միացել է Հայաստանը բզկտելու:

Վերջապէս, Հոկտեմբեր 11-ին, 47 հայ եւ թուրք բոլշեւիկներով շրջապատուած, Երեւան է հասնում Լեգրանը: Բանակցութիւնները սկսում են Հոկտեմբեր 13-ին: Լեգրանը պահանջում էր հրաժարուել Սեւրի դաշնագրից, թոյլ տալ խորհրդային զօրքերին՝ Հայաստանի վրայով անցնել եւ քեմալական զօրքերին հասնել եւ ընդունել Խ. Ռուսաստանի միջնորդութիւնը՝ Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ սահմանային վէճերը լուծելու: Հայաստանի պատուիրակութիւնը, որ նոյն Մոսկուայի բանակցութիւններին գործուղուած կազմն էր, մերժում է առաջին կէտը: Ի վերջոյ համաձայնութիւն է կայանում մի քանի այլ կէտերի շուրջ: Այդ նոյն ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները Թիֆլիսում իզուր փորձում էին Վրաստանի համագործակցութիւնը ապահովել՝ Թուրքիոյ դէմ միացեալ ճակատ կազմելու: Վրաստանը Թուրքիոյ կողմից վտանգ չէր սպասում:

Լեգրանի հետ բանակցութիւնները տեւում են շուրջ երկու շաբաթ: Այդ ընթացքում, ըստ Համբարձում Տէրտէրեանի վկայութեան, Լեգրանի հայ օգնական Սահակ Տէր-Գաբրիէլեանը ծածուկ յայտնել էր իրեն, որ վերջնագիրը չընդունուելու պարագային Խորհրդային Ռուսաստանը որոշել է զինուորական գործողութեան դիմել: [1] Հոկտեմբեր 28-ին արդէն պատրաստ էր պայմանագրի նախագիծը, ուր 1) Խ. Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախութիւնը եւ ներքին անձեռնմխելիութիւնը. Հայաստանի մէջ պիտի մտնէր Զանգեզուրը, իսկ Ղարաբաղի ու Նախիջեւանի վիճակը պիտի որոշուէր իրաւարարութեամբ. 2) Խ. Ռուսաստանը պիտի միջամտէր՝ կասեցնելու Հայաստան-Թուրքիա պատերազմը. 1914-ի սահմանի վրայ պիտի ստեղծուէր չէզոք գօտի, եւ սահմանային վէճերը պիտի լուծուէին Ռուսաստանի միջնորդութեամբ. 3) Հայաստանը համաձայնւում էր ռուսական զօրքերին արտօնել իր ճամբաները գործածելու. Թուրքիա փոխադրուող զէնքի 30 տոկոսը պիտի մնար Հայաստանին՝ իբրեւ ինքնապաշտպանութեան միջոց. 4) Հայաստանը ընդունում էր Խ. Ռուսաստանի միջնորդութիւնը իր եւ հարեւանների հողային վէճերը լուծելու համար. 5) Խ. Ռուսաստանը Հայաստանին վճարելու էր 2. 5 միլիոն ոսկի ռուբլի, բացելու էր նաւթային ճամբան, մատակարարելու էր երկրագործական գործիքներ, յանձնելու էր Էջմիածնի գոյքերը, որոնք Մոսկուա էին գտնւում, օգնելու էր Հայաստան փոխադրելու Ռուսաստանի մի քանի կենտրոններում գտնուող հայկական մշակութային արժէքները եւ աջակցելու էր հայ գաղթականների Հայաստան վերադարձին: [2]

Բանակցութիւնները աւարտած Լեգրանը իր պատուիրակութեան անդամ Սիլինին Երեւան թողնելով՝ Թիֆլիսի վրայով Բաքու է մեկնում: Նա իր հետ տանում էր համաձայնագրի բնագիրը՝ Մոսկուայից վերջնական համաձայնութիւն ստանալու համար: Պայմանագրին, ի հարկէ, իր համաձայնութիւնը տուել էր Լեգրանը, բայց լիազօր ներկայացուցիչ լինելով հանդերձ՝ չէր ստորագրել:

Համաձայնագիրը բոլոր զիջումներով տուեալ պարագայում դարձեալ նպաստաւոր էր Հայաստանի համար։ Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախութիւնը, Զանգեզուրը մնում էր Հայաստանի տարածքի մէջ, Ռուսաստանը միջնորդի դեր էր ստանձնում հայ-թրքական պատերազմի մէջ եւ Սեւրի դաշնագրից հրաժարուելու դէպքում, յանձն էր առնում համոզելու թուրքերին՝ որոշ հողամասեր զիջել Հայաստանին: Այս բոլորի դիմաց Հայաստանի կառավարութիւնը արտօնում էր Խորհրդային Ռուսաստանին իր բանակները եւ ծանր զէնքերն ու մեքենաները Հայաստանի ճամբաներով տեղափոխելու: Երեւանի ղեկավար շրջանակը այն յոյսն էր փայփայում, որ եթէ պարտադրուած լինի հրաժարուելու Սեւրի դաշնագրից, բոլշեւիկեան Ռուսաստանի հետ ստորագրուելիք համաձայնագիրը երկրորդ նպաստաւոր ընտրանքն է Հայաստանի համար: Լեւոն Շանթը դիտել է տալիս, թէ Լեգրանի համաձայնութիւնը առաջադրուած պայմաններին զարմացրել էր թէ՛ Հայաստանի կառավարութեան եւ թէ՛ անգլիական ներկայացուցչին: «Կամ թուրքերը չէին ճանչնար ինչպէս հարկ է, կամ մեզի օրօրել կ՚ուզէին, կամ վստահ էին, որ անգամ մը Հայաստանի մէջ ոտքերնին դնելէն ետքը, ամէն ինչ կը պայթեցնէին. գուցէ եւ այս երեքը միասին: Եւ վերջապէս եղածը թուղթի կտոր մըն էր եւ դատարկ ստորագրութիւն մը, ի՞նչ կարեւորութիւն», - տարիներ յետոյ Վրացեանին ուղղուած մի նամակում գրում է Շանթը: [3] Արդեօք նոյն կարծի՞քն ունէին Հայաստանի ղեկավարները, երբ բանակցում էին բոլշեւիկների հետ: Հազիւ թէ: Դէպքերի յետագայ զարգացումն ու բոլշեւիկներից ստացած յուսախաբութիւնն էր առաջացրել Շանթի մէջ խօսող այդ յոռետեսութիւնը:

Նոյեմբեր 1-ին Լեգրանը Թիֆլիսից համաձայնագրի բովանդակութեան մասին Մոսկուա է հեռագրում եւ աւելացնում, որ Դաշնակիցների դերակատարութիւնը մէկ անգամ ընդմիշտ Հայաստանից վերացնելու սիրոյն եւ Դաշնակիցների ստեղծած Վրաստան-Հայաստան հակախորհրդային պատնէշը քանդելու համար, պէտք է ընդունել համաձայնագրի պայմանները: Մոսկուան դեռ որեւէ հակազդեցութիւն ցոյց չէր տուել, երբ 1920-ի Նոյեմբեր 4-ին Բաքուի մէջ տեղի ունեցաւ Ազրբէյջանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի Քաղբիւրոյի եւ Համամիութենական Կոմունիստական Կուսակցութեան Կենտր. Կոմիտէի Կովկասեան Բիւրոյի անդամների լիագումար նիստը Ստալինի մասնակցութեամբ:

Լեգրանը իր հետ բերած ռուս-հայկական համաձայնագիրը ներկայացնում է նիստին, որը մերժւում է խստօրէն: Օրակարգի մաս էր կազմում նաեւ Հայաստանի կացութեան քննարկումը: Այս մասին Ղազախից զեկոյց է ուղարկում Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտկոմի անդամ Շաւարշ Ամիրխանեանը: Զեկոյցի մէջ նշուած էր, թէ Հայաստանի շատ վայրերում փաստօրեն իշխանութիւն գոյութիւն չունի, եւ եթէ իրենք ուղղութիւն ունենան եւ ատակ ղեկավարութիւն, Հայաստանի խորհրդայնացումը շատ արագ կարելի է իրագործել: [4]

Մոսկուայի Մարքսիզմ-Լենինիզմի Ինստիտուտի Կենտրոնական Կուսակցական արխիւում պահուած այս նիստի արձանագրութեան մէջ (Արձանագրութիւն թիւ 4) կարդում ենք ՝ «Լսեցին Լեգրանի զեկոյցը Հայաստանի վիճակի մասին, որոշեցին՝ 1) Հայաստանի կողմից ներկայացուած պայմանագրի մասին վերջնական որոշում չհանել՝ մինչեւ այդ հարցով բանակցութիւններ չընթանան Ռ. Կ. Կ. Կենտկոմի հետ, որը յանձնարարել ընկ. Ստալինին. 2) Միաժամանակ յայտնել Քաղբիւրոյի կարծիքը, որ պայմանագրով նախատեսուած Նախիջեւանի եւ Զանգեզուրի յանձնումը Հայաստանին ձեռնտու չէ ինչպէս քաղաքական, այնպէս էլ ռազմական առումով եւ կարող է իրականացուել միայն ծայրայեղ դէպքում. 3) անհրաժեշտ համարել Լեգրանի ուղեւորութիւնը Մոսկուա՝ Հայաստանի հետ կապուած հարցի պարզաբանման համար. 4) Նախիջեւանի եւ Զանգեզուրի վերաբերեալ Քաղբիւրոյի կարծիքի հիմնաւորումը կազմելը յանձնարարել ընկ. Նեդի…-ին. 5) ընկ. Դովլաթովին Հայաստան չուղարկել»: [5]

Արձանագրութիւնը թուագրուած է 1920, Նոյեմբեր 5: Նիստին ներկայ են եղել Քաղբիւրոյից՝ Նարիմանովը, Կամինսկին, Հիւսէյնովը եւ Եգորովը. Կաւբիւրոյից՝ Ստալինը, Օրջոնիկիձէն, Ստասովան. հրաւիրուած են եղել Շէյմանը, Լեգրանը, Սահակ Տէր-Գաբրիէլեանը եւ Կարաեւը: Արձանագրութեան տակ նշուած է «9 ստորագրութիւն»՝ առանց անուններ յիշատակելու: Կարելի է ենթադրել, որ Լեգրանը եւ Տէր-Գաբրիէլեանը ստորագրած չլինեն նիստի արձանագրութիւնը:

Այս նոյն նիստին անդրադառնալով, Սիմոն Վրացեանը մէջբերում է կատարում Տիկ. Օրջոնիկիձէյի (11-րդ Բանակի ռազմական կոմիսար Սերգօ Օրջոնիկիձէյի այրին) վկայութիւնից, որը որպէս յուշ տիկինը գրի էր առել յետագայում: Այդ յուշերի մէջ նա յիշում է այս ժողովի առիթով Ստալինի Կովկաս այցելութեան մասին եւ Ստալինի կարգադրութիւնը՝ օգնելու «Հայաստանի ապստամբած աշխատաւորութեան»: [6] Օրջոնիկիձէն ի հարկին գործադրում է հրամանը: Նոյն վկայութեան մէջ տիկին Օրջոնիկիձէն գրում է. «Դաղստանի եւ Թերեքի համագումարների աւարտումից յետոյ, Սերգոն Բաքու վերադարձաւ եւ 19 Նոյեմբեր 1920-ին, 11-րդ Բանակի զօրամասերը ուղարկեց տապալելու համար դաշնակների ատելի կառավարութիւնը»:

Այսպէս, մէկ անգամ եւս, Բաքուն էր թելադրում Հայաստանի ճակատագիրը: Իրօք, ի՞նչ կլինէր կենտրոնի որոշումը Երեւանում ձեւակերպուած համաձայնագրի վերաբերեալ, եթէ չլինէր Բաքուից եկած այս ուժեղ հակազդեցութիւնը: 1920-ի Նոյեմբեր 12-ին Անգլիոյ ներկայացուցչութեան յղած հեռագրում Չիչերինը նշում է, թէ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Ջուլֆայի ու Նախիջեւանի շրջանները վիճելի հողամասեր են իրենց խառն բնակչութեան պատճառով, եւ երկու կողմերի (Հայաստանի եւ Ազրբէյջանի) անդրդուելի կեցուածքն ու երկուստեք բերած լուրջ փաստերը՝ իրենց պահանջը հիմնաւորող աւելի են բարդացնում խնդիրը: Չիչերինը աւելացնում է, թէ այս անլուծելի իրավիճակին վերջ տալու համար եւ թշնամի կողմերի միջեւ «պաշտպանութեան պատ» հաստատելու նպատակով, Խ. Ռուսաստանը «ժամանակաւորապէս գրաւել է» այդ հողատարածքը ու շեշտում, որ Խ. Ռուսաստանի նպատակը Կովկասում ազգամիջեան խաղաղութիւն հաստատելն է: Հեռագրում բնականաբար որեւէ խօսք չկայ Հայաստանի խորհրդայնացման մասին, իսկ բովանդակութիւնը հակառակ ուղղութիւնն ունի: Չիչերինը դատապարտում է Հայաստանը ղեկավարող «հայ ազգային կուսակցութեան՝ դաշնակցութեան», որ բազմիցս մերժել է Խ. Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ միջնորդութիւն կատարելու: Նա շեշտում է, թէ Ռուսաստանը համակրում է հայ ժողովրդին եւ հետապնդում է խաղաղութիւն Միջին Արեւելքում, իսկ այդ խաղաղութիւնը հայութեան համար կապահովի ազատ ազգային ինքնորոշման իրաւունք: [7]

Խ. Ռուսաստանի վարած քաղաքականութեան արտաքին երեւոյթները մտածել են տալիս, թէ Հայաստանի խորհրդայնացումը այդքան շտապողականութիւն չունէր: Բաքուից յղուած յանձնարարութիւնները իրենց ազդեցութիւնն էին թողնում: Որոշիչ ազդակներ էին նաեւ Հայաստանի բանակների անյաջողութիւններն ու Կարաբեքիրի շահած յաղթանակները:

 


[1] Հ. Տէրտէրեան, «Հայրենիք» ամսագիր, 1954, Մայիս, թիւ 5 (339), էջ 7:

[2] Դաշնագրի կէտերը, տես՝ նոյն տեղում, էջ 8-9. նաեւ՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 458-459, եւ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 259-261:

[3] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 613:

[4] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 249, էջ 397:

[5] Մարքսիզմ-Լենինիզմի Ինստիտուտի Կուսակցական Արխիւ, Ֆոնտ 3, ցուցակ I, գործ 1996:

[6] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 496: Մէջբերումները կատարուած են տիկ. Օրջոնիկիձէի «Մի Բոլշեւիկի Ուղին» աշխատութիւնից, նուիրուած իր ամուսնուն, որը Ստալինի աջ բազուկը լինելով հանդերձ զոհ գնաց նրա մաքրագործումներին:

[7] Տես՝ Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Ա., թղթածրար թիւ 9/9, փաստաթուղթ թիւ 143: