Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ալեքսանդրապոլի դաշնագիրը

Իշխանութիւնը պիտի յանձնուէր բոլշեւիկներին, ուրեմն, կարելի էր հայ-թրքական դաշնագրի ստորագրումը եւս թողնել նրանց։ Ինչպէս Վրացեանն է տրամաբանում, «Անձնապէս Հայաստանի ղեկավարութեան համար այդ կլինէր բարիք. պատմութեան առաջ նա ազատ կլինէր Ալեքսանդրապոլի «խայտառակ» դաշնագիրը ստորագրելու պատասխանատւութիւնից, բայց դրանից հայ ժողովուրդը կը շահէ՞ր»։ [1] Եւ Հայաստանի ղեկավարութիւնը որոշեց ընդունել նաեւ այդ պատասխանատւութիւնը։ Հաւաստիք չկար, որ հակառակ պարագային բոլշեւիկները այդ ուժն ու սրտացաւութիւնը ցուցաբերէին՝ Հայաստանը պաշտպանելու Թուրքերի գրոհից։ Դարձեալ ըստ Վրացեանի՝ տրամաբանութեան «Եթէ բոլշեւիկները, իրօք, այդքան ազդեցիկ էին թուրքերի առջեւ, նրանց համար դժուար չէր լինի մերժել «դաշնակ»ների ստորագրութիւնը եւ Հայաստանի համար աւելի նպաստաւոր դաշնագիր կնքել։ Եթէ բոլշեւիկները այդ կարողութիւնը պիտի չունենան վաղը, նշանակում է այսօր էլ նրանց խոստումները անարժէք էին»։

Վրացեանը հեռագրով յայտնում է Ալեքսանդրապոլի պատուիրակութեանը կառավարութեան հրաժարման մասին եւ աւելացնում, թէ ըստ երեւոյթին պէտք է ընդունել թուրքերի պայմանները եւ ստորագրել դաշնագիրը։ Աւելի անորոշ է Դեկտեմբեր 2-ին կազմուած «կոալիսիոն կառավարութեան» (կամ յեղափոխական կառավարութեան) անունից Դրոյի խօսակցութիւնը Խատիսեանի հետ։ Դրոն յայտնում է, թէ հրաժարուած կառավարութիւնը իրաւասութիւն չունի կարգադրութիւն անելու, իսկ ինքը թուրքերի հետ ստորագրուելիք դաշնագրի վերաբերեալ վաղը միայն կարող է յստակ թելադրութիւն կատարել։ Խատիսեանի հարցապնդումի վրայ Դրոն աւելացնում է, «Դուք ազատ էք ստորագրել դաշնագիրը կամ ոչ»։ [2]

Դաշնագրի ստորագրումից առաջ Կարաբեքիրը ստանում է Կասեանի հեռագիրը Դիլիջանից, ուր նա Հայաստանի խորհրդայնացման լուրն էր հաղորդում։ Կարաբեքիրը առ ի պատասխան շնորհաւորական հեռագիր է ուղարկում եւ իր խնդակցութիւնն է յայտնում, որ հայ պրոլետարիատը վերջապէս կապիտալիստական լծից ազատուեց։ Այս լորձնաշուրթ շնորհաւորանքի հետ բարի կամեցողութեան ո՛չ մի զիջում։ Կարաբեքիրը, իմանալով հանդերձ իշխանութեան փոփոխման մասին, ճնշման տակ է դնում Խատիսեանին՝ ստորագրելու պայմանագիրը։

Դեկտեմբեր 2-ին, կէս գիշերից անց ժամը 2-ին, որոշ մանր փոփոխութիւններ յաջողեցնելով եւ աննշան զիջումներ ստանալով՝ պատուիրակութիւնը ստորագրում է հայ-թրքական դաշնագիրը։ [3] Խատիսեանը յաջորդ առաւօտ տեղեկացնում է Դրոյին դաշնագրի ստորագրման մասին եւ խնդրում նրանից ապահովութիւն եւ անձեռնմխելիութիւն հայթայթել պատուիրակութեան համար։ Թէեւ Կարաբեքիրը առաջարկել էր պատուիրակութեան անդամներին Կարսի վրայով արտասահման անցնել, սակայն նրանք որոշեցին Երեւան վերադառնալ։ Երբ խումբը Դեկտեմբեր 3-ին մեկնումի էր պատրաստւում, Դրոն ու Սիլինը մի հրամանագիր են հռչակում եւ Դեկտեմբեր 1-ից սկսած չեղեալ են համարում թուրքերի հետ բանակցութիւններ վարելու պատուիրակութեան իրաւասութիւնը եւ նշում են, թէ մինչեւ նոր պատուիրակութեան նշանակումը, ինքը՝ Հայաստանի Ռազմա-Յեղափոխական Կոմիտէն, բանակցութիւնների մէջ պիտի մտնի թուրքերի հետ։ [4] Յովհաննիսեանի կարծիքով, այս հռչակագիրը հող էր պատրաստում դաշնագիրը մերժելու՝ մինչեւ Կարմիր Բանակը Երեւան կհասնէր։

Հայ-թրքական այս դաշնագրի մէջ, ինչպէս Ս. Վրացեանն է անդրադառնում, կայ մի կէտ, 14-րդ կէտը, ուր ասուած է, թէ դաշնագիրը պէտք է մի ամսուայ ընթացքում վաւերացման ենթարկուի Հայաստանի խորհրդարանի եւ Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովի կողմից։ Այդ պայմանը երբեք չլրացաւ, ուրեմն կարելի է ասել, որ դաշնագիրը իր վաւերականութիւնը կորցրեց։ Եթէ բոլշեւիկները ցանկանային, եթէ Ռուսաստանի համար իրապէս կարեւոր լինէր հայ ժողովրդի դատը, կարող էին հենց այս կէտը կամ նոյնիսկ Դրոյի եւ Սիլինի ստորագրած հռչակագիրը օգտագործելով՝ չեղեալ համարել դաշնագիրը։ Բայց այդ օրերին բոլշեւիկների համար կարեւոր էր ամէն գնով թուրքերին բաւարարել եւ Հայաստանից հողեր զիջելով՝ վերջ տալ նրա բանակների առաջխաղացման Կովկասում։

Յետագայում, ի հարկէ, Խորհրդային Հայաստանի պատմաբաններն ու ղեկավարները դաշնագիրը գործածեցին դատափետելու Դաշնակցութեան, առանց նկատի ունենալու, որ հայ պատմագրութիւնը մի օր պիտի վեր հանի դէպքերի ճշմարիտ յաջորդականութիւնն ու էութիւնը։ Բարեբախտաբար սպասումը երկար չտեւեց։ Չնայած Խորհրդային կայսրութիւնը փլուզուել է արդէն, եւ Հայաստանը թօթափել է համայնավար վարչակարգի լուծը, այնուամենայնիւ պատմական ճշմարտութիւնը երեւան է գալիս իր ամբողջ մանրամասնութիւններով, եւ այն էլ ո՛չ դաշնակցական եւ ո՛չ էլ խորհրդային պատմագրութեան մէջ։

Րիչըրդ Յովհաննիսեանը արծարծելով Ալեքսանդրապոլի դաշնագրի հարցը եւ նրա արձագանքն ու ազդեցութիւնը Հայաստանի յետագայ պատմութեան վրայ, բացայայտում է ճշմարտութիւնը։ Այո՛, դաշնագրի ստորագրումը անխուսափելի փուլն էր դէպքերի գլխապտոյտ զարգացման։ Այո՛, եթէ Խորհրդային Ռուսաստանի կամ յետագայում Խորհրդային Միութեան եւ Թուրքիոյ սահմանները հիմնուած մնացին Ալեքսանդրապոլի դաշնագրի վրայ, դրա պատճառը ազգայնական Թուրքիայի անդրդուելի ու կարծր կեցուածքն էր՝ թէեւ Չիչերինը փորձեց սպառնալ, որ պիտի կասեցնի ռուսական ոսկու եւ զէնքի հոսքը Թուրքիա, թէեւ Լեգրանը, Մդիվանին եւ Հայաստանի Յեղկոմը դիմումներ կատարեցին մեղմացնելու պայմանները։ Յովհաննիսեանը գրում է, թէ Կարաբեքիրը մէկ առիթով նոյնիսկ ընդունել է դաշնագրի անօրինականութիւնը, բայց յարել, որ եթէ դաշնագիրը օրինական չէ, ապա օրինական եւ արդար են նրա հիմքը կազմող սկզբունքները։

«Իրենց իշխանութիւնը պահելու համար Հայաստանը թուրքերին ծախեցին» յաճախակի արտայայտութիւններով Դաշնակցութեան հասցէին կատարած ամբաստանութիւնները նպատակ ունէին ծածկելու Խ. Ռուսաստանի անզօրութիւնը Թուրքիոյ նկատմամբ եւ այն քաղաքական շահերը, որ Խ. Ռուսաստանը սպասում էր ունենալ Թուրքիայից եւ որոնց դիւրութեամբ զոհեց Հայաստանը։

Յատկանշական է, որ «Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ Ռեւոլիւցիան Եւ Սովետական Իշխանութեան Յաղթանակը Հայաստանում» հատորում, ուր տեղ են գտել բոլշեւիկներին պանծացնող եւ Դաշնակցութեանը վարկաբեկող ամէն մի կտոր գրութիւն ի հարկէ, միշտ բոլշեւիկ-դաշնակցական յարաբերութիւնների ընդհանուր շրջագծի մէջ տեղադրուած է նաեւ «Հայաստանի դաշնակցական կառավարութեան եւ Թուրքիայի միջեւ Ալեքսանդրապոլ-Գիւմրիում կնքուած պայմանագիրը» (փաստաթուղթ թիւ 258), բայց հատորում տեղ չի գտել Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որ արտացոլքն է Դաշնակցութեան վերջին ճիգերի՝ Հայաստանի մարող անկախութեան ի խնդիր գոնէ որոշ նպաստաւոր պայմաններ ապահովելու (այս փաստաթուղթը տպագրուած է եղել նոյն հատորի ռուսերէն տարբերակում)։

Հայաստանի խորհրդայնացումը, ըստ խորհրդային պատմաբանների, ընդունուած է Նոյեմբեր 29-ին։ Եթէ այդ թուականը համապատասխանում է իրականութեան, ապա Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրուել է խորհրդայնացումից յետոյ։ Սա անաքրոնիզմ չէ՞։ Բայց գիտենք, որ Նոյեմբեր 29-ը Հայաստանի խորհրդայնացման թուական ընդունելը իրականութեան չի համապատասխանում եւ որ մինչեւ Դեկտեմբեր 2-ը բանակցութիւններ էին գնում անցման կառավարութեան բնոյթը որոշելու եւ խորհրդայնացման պայմանները ճշտելու համար։ Իսկ խորհրդայնացման պայմանագիրը ստորագրուեց Դեկտեմբեր 2-ին։

Ալեքսանդրապոլի դաշնագրի մասին Անահիտ Տէր-Մինասեանը դիտել է տալիս, թէ անցման կառավարութեան կեանքը մի քանի օր էր միայն, բայց բաւական՝ Դաշնակցութեան վրայ բարդելու պատասխանատւութիւնը մի քայլի, որից գուցէ խորհրդայինները իրենք նոյնպէս չկարողանային խուսափել։ [5]

 


[1] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 503։

[2] Հեռագրի բնագիրը եւ Դրոյի կարգադրութիւնը Խատիսեանին տես՝ «Հայաստանի Ծագումն Ու Զարգացումը», էջ 310։

[3] Դաշնագրի պատճէնը (Ֆրանսերէնով եւ հայերէնով) տես՝ ՀԽՍՀ Պետական Կենտրոնական Պատմութեան Արխիւ, Ֆոնտ 200, ցուցակ 1, գործ 12, էջ 61-68։ Դաշնագրի ամփոփումը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 504-507։

[4] The Republic of Armenia, vol. IV, էջ 398։

[5] La Question arménienne, էջ 184։