Յօդուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅՕԴՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ [1]


Իգնատիոս Լօյոլա. Յիսուսեան Կարգի ծագումը. Տրիդենտեան ժողով. Յիսուսեան Կարգի Ներքին կազմակերպութիւնը. Յիսուսեանների աստիճանքը. –Կառավարութեան կերպը. Յիսուսեան Դպրոցք։

Բոլոր Աբեղայական կարգերից, որ երեւել են աշխարհի երեսին եւ այժմ համարեա՛ թէ անհետացել են, ո՛չ մինը չ’ստացաւ պատմութեան մէջ այն ասպարէզը, ինչ որ ստացաւ Յիսուսեան կարգը։ Նա հաստատվելով այն ժամանակ, երբ նախկին կարգերը արդէն անօգուտ եւ մինչեւ անգամ ծանրութիւն էին Պապական իշխանութեանը, որ ահի ու դողի մէջ էր Լուտերի Վերանորոգութենից, մի անսովոր արագութենով տարածուեցաւ բովանդակ աշխարհի երեսին, ստացաւ անչափ հարստութիւն եւ բոլոր Եւրոպայի գործերի վերայ ազդեցութիւն ունենալուց յետոյ հիմնեց Պարագուայումը մի անկախ Տէրութիւն, որով իրագործեց իւր գաղափարը քաղաքական շինութեան մասին։ Թէպէտ եւ այս գաղափարը ժողովրդի համար մի չոր եւ մեռեալ բան էր, բայց նոյն իսկ Կարգի համար, հաստատ եւ շահաւէտ։ Այս նշանաւոր կարգի յատկացած բնութիւնը այն էր, որ բոլոր ներկայ բաների կարգերի ընդդէմ, ինչպէս եւ լինէին սոքա, զրահաւորուի մի մշտնջենաւոր պատերազմի եւ խռովութեան հոգով։

Յիսուսականութիւնը, որ հակառակ էր Ֆրանսիայի թագաւորական իշխանութեանը, Հենրիկոս երրորդի եւ Հենրիկոս չորրորդի ժամանակ. Անգլիայի Ազնուապետութեանը, Կարոլոս առաջինի եւ Յակոբ երկրորդի ժամանակ, Սպանիայի ինքնակալութեանը, Վենետկեան եւ Հօլլանդեան Հասարակապետութեններին, այս Յիսուսականութիւնը, ծածկելով իւր դիտաւորութիւնը եւ խորհուրդը աղքատութեան եւ բարեպաշտութեան դիմակներով, վերջին ջանքը ու աշխատանքը գործ էր դնում, որ կարողանայ ձեռք ձգել բոլորի կառավարութեան սանձը եւ հիմնել իւր Համաշխարհական թագաւորութիւնը։

Զարմանալի էր Յիսուսականութեան հնարները, որ գործ էր դնում իւր օգտի համար։ Այս հնարների կարգումն են շատ դատապարտելի գործեր, որոնց մէջ մանաւանդ այն, որ ձեռք էին բարձրացնում թագաւորների կեանքերի վերայ, ինչպէս Հենրիկոս IIIի եւ Հենրիկոս IVի, Վիլհէլմ-Օրանեանի, Լուդովիկոս XVի, եւ այլն եւ այլն, բայց Աստուծոյ ողորմութիւնը հասանելով, հանգամանքների դժուարութիւնը արգելք եղաւ այս զարհուրելի գործերին, որպէս յառաջ խաղալուն նոյնպէս եւ աճելուն։

Լուդովիկոս XIVի թագաւորութիւնը Վերսայլեան Տէրութեան ճոխութենով, յաղթութեան եւ դպրութեան փառքերով, ցուցանում էր մի ամենակատար եւ ամենափառաւոր յաղթող ինքնակալութիւն. այլեւ գաղափար էր դարձել Եւրոպայի բոլոր ժամանակակից Տէրութեններին։ Յիսուսեանք, այս բանը շատ լաւ հասկանալով, իւրեանց ներգործութեան համար ընտրեցին այլ ճանապարհ։ Նոքա զանազան խորամանկութեններով խոստովանահայր դարձան բոլոր Եւրոպական թագաւորներին, տիրապետեցին նոցա խղճի վերայ եւ այս ճանապարհով սկսեցին ներգործել։ Կարգի օգուտը ունենալով իւրեանց համար իբրեւ հասարակաց նպատակ՝ խափանեցին ժողովրդի մտաւոր աճեցականութիւնը եւ կենսական շարժողութիւնը, ինչպէս կը տեսանենք յետոյ մանրամասն։ Բայց նոցա խորամանկութիւնը վերջապէս յայտնուեցաւ, եւ նոքա աքսորուեցան եւ հալածուեցան բոլոր Եւրոպական թագաւորութեններից։ Պապերը ինքեանք եւս տեսան վերջապէս, թէ Յիսուսականների ջերմեռանդութիւնը դէպի Հռովմէական գահը էր միմիայն կեղծաւորութիւն եւ խաբեբայութիւն, որի տակ թագուցանում էին իւրեանց պատուասիրական մտածութիւնքը եւ խորհուրդը։

Ինչ ժամանակ նոքա առաքելութեան պատճառով գնում էին հեռաւոր աշխարհներ, աղճատում էին մինչեւ անգամ եւ Քրիստոնէական հաւատի ճշմարտութիւնքը, թագուցանում էին Փրկչի կրած չարչարանքները եւ նորա աշխարհի երեսին ունեցած աղքատ ու ապաշուք կեանքը. սրբացնում էին ստրկութիւնը եւ հերձուածը, որպէս զի կարողանան իւրեանց կողմը շրջել Արեւելքի հզօր իշխանները։

Կոնդակ կոնդակի քամակից դուրս էին գալիս ընդդէմ այս քարոզիչներին, որ աղճատում էին Քրիստոնէական հաւատի հոգին, բայց ո՞վ էր Պապական կոնդակների ականջ դնողը, թէպէտեւ նոցա անդամները, որոնք Պապի երեսն էին տեսանում, լիզում էին նորա ոտքերը եւ կեղծաւորաբար ցոյց էին տալիս, թէ ինքեանք ոչինչ այլ բան չեն, եթէ ոչ Պապի արբանեակներ եւ Հռովմէական եկեղեցու հարազատ զաւակներ...

Կլեմենդ XIV Պապը, հասկանալով Յիսուսեանների հոգին եւ խաբեբայական ուղղութիւնը, մանաւանդ աչքի առջեւ ունենալով նոցա ապստամբութիւնը Պապական հրամաններին եւ կոնդակներին ընդդէմ, 1773 թուականին յուլիսի 21ին դուրս տուեց մի կոնդակ, որով եւ ջնջեց այս Կարգը՝ դատապարտելով նորան որպէս վնասակար Պապական դաւանութեան։ Բայց Յիսուսեանների Մաքիաւելական հոգին չէր կարելի ջնջել. նա վաղուց ահա՛ մտել էր աշխարհի գործերի մէջ։

Պիոս VIIը, որին որսացել էին Յիսուսեանք իւրեանց սատանայական խարդախութեններովը, 1814 թուականին օգոստոսի 7ին լուծեց արժանայիշատակ Կլեմենդ XIVի բանադրանքը Յիսուսեան Կարգի վերայից, իւր անպարծանք կոնդակովը, որ յայտնի է անունովս, Sollicitudo omnium Ecclesiarum, որով եւ վերականգնեց Յիսուսեան ապիրատ Կարգը հին եւ նոր աշխարհների մէջ։ Բայց կործանուած Կարգի գործերը եւ ուղղութիւնը կենդանի էին աշխարհի երեսին։ Պիոս VII, ֆիզիկական կենդանութիւն պարգեւելով մահով դատապարտուած Կարգին, չէր կարող ջնջել նորա անցեալ ապիրատութենների յիշատակը Ազգերի սրտից, որ ամենայն րոպէ սպանում էին նորան բարոյապէս։ Ոչինչ տեղում չ’ընդունեցին այս Կարգը, եւ նորա անդամների առաջեւ փակած մնացին աշխարհների դուռերը։ Բայց եթէ մի քանի տեղերում, ինչպէս Ռուսսիա եւ Պրուսսիա, ընդունեցին նորանց, շուտով զղջալով իւրեանց մարդասիրութեան վերայ, որ ցոյց էին տուել անարժան մարդերի, դարձեալ հալածեցին, ինչպէս մանրամասն կը տեսանենք այս մասին խօսելու ժամանակ։

Զարմանալի է Յիսուսեանների ժրութիւնը եւ հնարագիտութիւնը։ Թէպէտ եւ հասան նորանց ընդհանուր արհամարհութիւնք եւ հալածանք, այսուամենայնիւ նոքա չեն վհատում. բաց ի շատ սակաւ եւ այն թոյլ Յիսուսեաններից, որոնք յօժարեցան փոխել իւրեանց հանդերձը եւ կեանքի եղանակը որոշել, միւսքը, որ մանաւանդ հոգի ունէին, յուսալով իւրեանց խարդախութեան եւ հնարագիտութեան վերայ, մնում էին կամակորուած։ Նոքա, իսկոյն յարմարուելով ժամանակի հանգամանքներին, փոխեցին իւրեանց ուղղութիւնը, սկսեցին աշխատել, որ հասանեն հոգեւոր բարձր պաշտօնների, որպէս զի կարողանան մի կերպով ներգործել ժողովրդի վերայ։ Ինչպէս խօսել եմ յառաջաբանութեանս մէջ, ես հարկաւոր համարեցի մեր Ազգայինների ուշադրութիւնը դարձուցանել այս Կարգի վերայ, որ յառաջ քան թէ «Թափառական հրէայ» վիպասանութեան կարդալը, կարողանան ծանօթութիւն ունենալ այս Կարգի մասին, ճանաչել եւ շօշափել նորա հոգին։

Այս խորհրդով, ես ցոյց կը տամ Կարգի ծագումը եւ արագ տարածութիւնը, կը նկարագրեմ նորա ներքին կազմութիւնը, որի մէջ երեւում է նորա հոգին եւ որից բղխում է նորա յարատեւութիւնը, այն ժամանակ, երբ ինքը Պապականութիւնը կործանւում էր ահա՛։ Ցոյց կը տամ յետոյ, թէ ինչ կերպով ներգործում էր նա նոր երկիրների մէջ, ուր քաղաքականութիւն կամ բոլորովին չ’կար, կամ եթէ կար, այն եւս իւր սկզբնական կոշտ ձեւով։ Ցոյց կը տամ վերջապէս, թէ ինչպէս պատերազմեցաւ նա հզօր քաղաքականութեան հետ, որ արդէն պատմական ընթացքով ստացել էր իւր կատարելութիւնը։ Հզօր քաղաքականութիւն ասելով՝ իմանում եմ Ֆրանսիայն, եւ դիտաւորութիւն ունիմ խօսել միայն Ֆրանսիայի մասին այն պատճառով, որ այս ազգի հոգին, մանաւանդ արգելք լինելով Յիսուսեաններին առհասարակ, Յիսուսեանները քանի՛ անգամ պիտոյ է փոխէին իւրեանց ներգործութեան ձեւը եւ ուղղութիւնը։

Եթէ ես յանձն առնուի գրել Յիսուսեանների մասին այնպէս, որ ոչինչ բան դուրս չ’մնար, ինչ որ պատմութիւնը մեզ հասուցել է, ապա հարկ էր ինձ մի Աստուածաշնչի մեծութենով գիրք գրել, որի վերայ տարիներ պիտոյ էր գործ դնել։ Այդ իմ կողմից, իմ այժմեան հանգամանքների մէջ անկարելի էր։ Ես իմ գործը կատարեցի՝ ժամանակի սակաւութեանը յարմարուելով։ Առաջին անգամը այսքան ծանօթութիւն բաւական համարելով՝ չեմ հրաժարւում այլեւս ուրիշ անգամ նոցա վերայ խօսելուց։

 

Իգնատիոս Լօյոլա՝ Յիսուսեան Կարգի նախահայրը, ծնեցաւ 1491 թուականին Սպանիայի Գվիպուսկօյա գաւառում, Լօյոլա ամրոցի մէջ։ Նորա ծնողքը թէպէտեւ երեւելի մարդիկ էին, բայց ո՛չ հարուստ։ Իգնատիոսը իւր տասն տարեկան հասակում գտնւում էր Ֆերդինանդի եւ Իզաբելլայի պալատում իբրեւ մանկլաւիկ։ Պալատի ճոխութեան եւ շռայլութեան մէջ, մանաւանդ անդադար ամբոխմունքների եւ աղաղակի պատճառով, նա չ’կարողացաւ ստանալ մի հիմնաւոր կրթութիւն. հազիւ թէ կարողացաւ գրել եւ ընթեռնուլ ուսանել, ինչպէս վկայում է Պետրոս Րիբադայները, որ ժամանակակից էր նորան եւ անդամ Իգնատիոսի Յիսուսեան Կարգի։

Իգնատիոսը պատանեկութեան հասակում շատ գեղեցիկ էր եւ անչափ կնամոլ։ Բայց այս միակերպ կեանքը, թէպէտ եւ պերճ պալատի ճոխութենով, չ’կարողացաւ յագեցուցանել նորա վառ երեւակայութիւնը եւ եռանդուն գործունէութիւնը, վասնորոյ թողեց նա այս կեանքը եւ նուիրեց իւր անձը զինուորական ծառայութեան։

1521 թուականին Ֆրանսիացիք պաշարեցին Պամպէլունա քաղաքը։ Պաշարուած զօրքը եւ առ հասարակ բնակիչքը անյաջող հակառակամարտութենից յետոյ արդէն վճռել էին տալ քաղաքը թշնամու ձեռքը։ Միմիայն Իգնատիոսը, որ Պամպէլունայի զօրքի մէջ կապիտանի պաշտօն ունէր, ընդդիմանում էր այս վճռին եւ առաջնորդ դառնալով մի քանի հարիւր կտրիճ զինուորների՝ վերջին յուսահատութեան մէջ պաշտպանում էր քաղաքը։ Բայց ոտքերի վերայ վէրք ստանալով ձախումը՝ պարսպից արձակուած քարից, իսկ աջումը հրազէնքի գնտակից, վայր ընկաւ մեռելի նման։ Նորա այս վիրաւորութիւնը դատակնիք եղաւ պաշարեալներին. Ֆրանսիացիք մի քանի օրից յետոյ քաղաքը առին։ Իգնատիոսը գտանւում էր թշնամիների մեծահոգի խնամածութեան տակ եւ վերջապէս իւր ցանկութեանը համաձայն ուղարկուեցաւ նոյն թշնամիների ձեռքով իւր հայրենի ամրոցը։ Իգնատիոսի վէրքերը բժշկելու համար գանչուած բժիշկները ասացին, թէ հարկաւոր է անպատճառ հանել ոտքի փշրուած ոսկերքը. եւ մինչ կատարում էին այս սոսկալի վիրաբուժութիւնը, նորա մօտ գտանուած մարդիկը, ինչպէս պատմիչները վկայում են, չ’տեսան նորա երեսում երկիւղի կամ չարչարանքի նշան։ Երկար ու ձիգ հարինքից յետոյ, որ հազիւ կարողացաւ տանել, Իգնատիոսի վէրքը բժշկուեցան, միայն մի ոտքը կարճ մնաց միւսից, եւ ծունկի տակում գոյացաւ մի աւելորդ մսի մասն (tyloma), որ մանաւանդ անհանգստութիւն էր տալիս նորան։ Քաջասիրտ Իգնատիոսը հրամայեց սղոցել այս մասնը եւ երկար ժամանակ կապում էր ոտքի վերայ մի երկաթի մեքենայ, որ կամաց կամաց ձգելով՝ երկարացնում էր նորա ոտքը, թէ եւ այսպիսի բժշկութիւնը մեծ ցաւ էր պատճառում նորան։ Ցաւի մեծը այն էր, որ այս բաները օգուտ չ’տուեցին, եւ նա մինչեւ իւր մահը կաղ մնաց։ Իգնատիոսը, իւր ծանր ու դանդաղ բժշկութեան ժամանակ, անգործութենից ձանձրանալով, խնդրեց կարդալու համար Ասպետական վիպասանութիւններ, բայց այնտեղ չ’կար ոչինչ աշխարհական գիրք. նորան տուեցին Պապական վանքերի աւանդութիւնքը։ Աշխոյժ Իգնատիոսը, այս գիրքը կարդալով, զգաց իւր մէջ մի այլ ընդունակութիւն, մի բոլորովին նոր կոչումն։ Նորա երեւակայութիւնը, որ դեռ չէր ամրացած սաստիկ հարինքից յետոյ, պատրաստ էր ընդունել ամենայն հրաշալի բան, վասնորոյ եւ չ’կարողացաւ ընդդիմանալ այն տպաւորութեանը, որ այս գիրքը ազդում էր։ Ֆերդինանդի եւ Իզաբելլայի փառաւոր մանկլաւիկը, քաջ կապիտանը յանկարծ լինում է անապատական եւ հիմնադիր աբեղայական Կարգի։ Իգնատիոսի վարքագրիչքը ասում են, թէ երբ նա դեռ մտատանջութեան մէջ էր, ընտրէ՞ այս ասպարէզը, թէ ո՛չ, յանկարծ երեւեցաւ նորան Աստուածամայրը։ Ծունկ չոքած Աստուածածնի պատկերի առաջեւ երդում կերաւ իւր անձը իւր ծառայութիւնը նուիրել Աստուածածնին եւ նորա անունի վերայ պատերազմիլ անհաւատների հետ, որոնց եւ քարոզել քրիստոնէութիւն։ Այս միջոցին վերկացաւ մի անսովոր աղաղակ, Իգնատիոսի սենեակի պատուհանները դուրս ընկան, Սատանայն, որ մինչեւ այժմ կապել էր նորան աշխարհի հետ, թողեց յաւիտեան։

Իգնատիոսի առաջին խորհուրդը եւ նպատակը Երուսալեմ ճանապարհորդել եղաւ՝ սուրբ տեղերին երկրպագելու. բայց որովհետեւ նորա վէրքը բոլորովին առողջացած չէր, վասնորոյ նստաւ ձիու վերայ, կապեց թամքին գօտին, ճանապարհի պարկը, հողաթափը, մի խօսքով՝ ինչ որ կը վայելէր ուխտաւորի ունենալ, եւ այս կերպով սկսեց իւր ճանապարհորդութիւնը։ Ճանապարհի վերայ պատահեց նորան մի Մաւր, որի հետ սա կրօնական վէճ բաց արեց։ Մաւրը, չ’ընդունելով Իգնատիոսի ասածները, թողեց նորան ճանապարհի վերայ եւ հեռացաւ։ Իգնատիոսը, բարկանալով այս բանի վերայ, զգաց իւր մէջ մի անզովտնալի ծարաւ հեռացած ճանապարհորդը սպանելու. վասնորոյ թողեց ձեռքիցը ձիու սանձը այն խորհրդով, որ թէ հաճոյ եւ ընդունելի է սուրբ կուսին անհաւատի պատժուիլը, ձին կ’երթայ այնպիսի ճանապարհով, որ անպատճառ կը հանդիպէր Մաւրին։ Բաղդը յաջողեց եւ Մաւրը ոչինչ տեղում նորան չ’հանդիպեց։ Իգնատիոսը հասաւ շուտով Մանրէզ քաղաքը, որ հռչակաւոր էր իւր վանքովը եւ Աստուածամօր հրաշագործ պատկերովը։ Այստեղ Իգնատիոսը արձակեց իւր ծառայքը, գնեց մի աբեղայական հաստ մոխրագոյն վերարկու եւ խոստովանուելով մի աբեղայի յայտնեց իւր դիտաւորութիւնը, թէ կամենում էր Քրիստոսի գերեզմանի մօտ կատարել իւր ապաշխարութիւնը։ Աբեղայն գովեց այս դիտաւորութիւնը։ Իգնատիոսը, քանի օր, քանի գիշեր ծունկի վերայ մնալով Աստուածածնի պատկերի առջեւ, կախեց իւր գլխարկը եւ սուրը սեղանի վերայ, եւ ուխտաւորի հանդերձով ճանապարհ ընկաւ ոտքով դէպի Բարսելոն, որպէս զի այնտեղ նաւ գտանելով՝ նստի եւ նաւէ Պալեստին։ Բայց ճանապարհին իմանալով, որ Բարսելոնում ժանտախտ է յառաջացել եւ թէ ամենայն հաղորդակցութիւն այս քաղաքի հետ կտրուած է, յետ դարձաւ վերստին Մանրէզ։ Նա վերջացուց երեսը ածիլելը, նոյնպէս մազ եւ եղունգ կտրելը, հագաւ երկաթի շղթաներ, հաց չէր ուտում այլ կերպ, եթէ ոչ մոխիր խառնած հետը։ Կոշտ շորեր հագած ման էր գալիս փողոցներում՝ ողորմութիւն հաւաքելով։ Ոչ ոք նորա մօտ չէր գալիս, ամենեքեան փախչում էին, իսկ երեխայքը քար էին ձգում նորա վերայ։ Այսուամենայնիւ Մանրէզի մէջ շուտով տարածուեցաւ այս զարմանալի աղքատի հռչակաւոր ծագումը, բնակիչների կարեկցութիւնը դէպի նա օրէ օր աւելանում էր, որ բազմութենով գալիս էին նորան տեսանելու։ Իգնատիոսը, կարծելով, թէ սատանայն փորձում է իւր հեզութիւնը եւ կամենում է գայթակղեցուցանել, հեռացաւ դէպի մի այր, ուր անցուց քանի մի ժամանակ համարեա՛ թէ առանց կերակուր ուտելու։ Կասկած չ’կայ թէ նա կը մեռանէր այնտեղ քաղցածութենից, եթէ չ’գտանէին նորան մի աղբիւրի մօտ կիսամեռ ընկած եւ չ’բերէին Մանրէզ։ Նորա ջլերը բոլորովին թուլացած էին, նորան փոփոխակի երեւում էին երբեմն Աստուածամայրը, երբեմն Սրբերը, երբեմն դժոխք եւ սատանայի փորձութիւնքը։ Վերջապէս տեսանելով, որ իւր սուրբ նպատակին հասանելու համար հարկաւոր է առողջութիւն, իսկոյն մօրուքը ածիլեց, մազերը եւ եղունգները կտրեց, հանդերձը փոքր ինչ կարգի բերեց եւ սկսեց փողոցներում եւ հրապարակներում քարոզել ժողովրդին։

Ինչպէս ասում են նորա պատմիչքը, Իգնատիոսը այս միջոցին գրել է իւր շարադրութիւնը, որ յայտնի է անունովս «Հոգեւոր Վարժութիւն» Exercitia spiritualia, եւ որ Յիսուսեանք խիստ շատ պաշտում են։ Չ’նայելով այս գրքի խորհրդական պարունակութեանը, նորա մէջ երեւում են ջանք եւ աշխատութիւն Կարգի օգտի համար սպանել ամենայն տեսակ բնական կամ, լաւ ասել, սեպհական գործունէութիւն, մի խօսքով՝ մարդը շինել մեքենայ։ Այս պատճառով չէ կարելի կարծել, թէ մի անկիրթ երեւակայութենով մարդ, ինչպէս էր այն ժամանակ Իգնատիոսը, կարողանար այսպիսի գիրք գրել. երեւի թէ նա գրել է այս գիրքը Փարիզի մէջ, երբ նորա երեւակայութիւնը եւ հոգին ստացել էին փոքր խորամանկ Քաղաքագիտութեան մասին տեղեկութիւններ։ Վերջապէս Իգնատիոսը, որ մտածում էր, թէ գնայ Երուսալեմ սուրբ տեղերին երկրպագութիւն տալու, նաւ նստաւ Բարսելոնումը եւ հասաւ Գայէդ, որ տեղից ոտքով գնաց Հռովմ եւ, լիզելով Ադրիանոս IVի հողաթափները եւ այլ ուխտաւորների հետ միասին Պապի օրհնութիւնը ստանալով, շարունակեց իւր ճանապարհը։ Սպանիացիք ճանապարհի համար արծաթ տուեցին նորան, բայց նա բոլորը բաժանեց աղքատներին եւ ինքը ապրում էր ողորմութենով, այսինքն՝ մուրացկանութենով։ Դժուար եղաւ նորա այս ճանապարհորդութիւնը. բոլոր Իտալիա ամայացած էր փոքր ինչ յառաջ գոյացած սարսափելի ժանտախտից, ամբողջ քաղաքներ, ամբողջ գեղեր դատարկուած էին։ Իգնատիոսը՝ գունաթափած, չարչարուած եւ միանգամայն հալումաշ եղած պահքից եւ հիւանդութենից, ոչինչ տեղում չէր գտանում մի օթեւան. նորան, ախտացած համարելով ժանտախտով, հալածում էին ամենայն տեղից։ Գիշերները անցուցանում էր պարզ երկնքի տակ. նորա օտարութիւնը ժողոված էր ո՛չ թէ մի բնակութեան յարկի մէջ, այլ կապոյտ երկնակամարը էր նորան տունի փոխանակ։ Օրերով ոչինչ չէր ուտում, պատճառ, չէր գտանում։ Ամենայն մարդ փախչում էր նորանից՝ երկիւղ կրելով իբրեւ ախտացած մարդուց, որպէս զի ինքը եւս չ’վարակուի անողորմ ցաւովը։ Բայց ի վերայ այսր ամենայնի Իգնատիոսը ուրախանում էր քաշած չարչարանքների համար. նա համարում էր, թէ այն նեղութիւնքը քաւում են նորա մեղքերը, վասնորոյ առաւել զօրանում էր հոգով։

Այս անտանելի ճանապարհորդութեան մէջ, ասում են, որպէս թէ երեւել է նորան Քրիստոս եւ խոստացել է ապահով մուտք տալ Վենետիկ։ Ճշմարիտ. մինչեւ անգամ Վենետկի դուռի պահապանքը չ’հարցրեցին Իգնատիոսից, թէ ո՞վ է, ո՞ր տեղից է գալիս կամ ո՞ւր է գնում, եւ այս կերպով նա կարողացաւ ազատութեամբ մտանել Վենետիկ։ Այնտեղ եւս ապրում էր մուրացկանութենով եւ գիշերները հանգչում էր սուրբ Մարկոսի հրապարակումը։ Նորա ծանօթութիւնը հռչակաւոր Սպանիացիների հետ նորան այնքան օգտակար եղաւ, որ հնար ունեցաւ նստել այն զինուորական նաւը, որ նաւում էր Պալեստին։ Բանի տեղ չ’դնելով ծովային հիւանդութիւնը՝ նա սեւ հաց էր ուտում եւ նաւի սպասաւորներին քարոզում էր շատ խիստ բարոյականութիւն։ Նորա քարոզները փոքր մնաց, որ գլխին փորձանք դառնային. կոշտ ու վատթարաբարոյ նաւաստիքը, ձանձրանալով թափառական քարոզչից, կամենում էին ցամաք հանել նորան առաջին անմարդաբնակ կղզու վերայ։ Հակառակ քամին, որ մղեց տարաւ նորանց մինչեւ Կիպրոս կղզու եզերքը, արգելառիթ եղաւ այս զարհուրելի դիտաւորութիւնը կատարելու։ Նաւը, մի քանի օր այնտեղ կանգնելով, վերջապէս վեր առեց խարիսխը եւ ապահովութեամբ հասաւ Երուսալեմ դեկտեմբերի 4-ին 1523 թուականին։ Իգնատիոսը վաճառեց իւր ունեցած չունեցածը, որպէս զի, կարողանալով հատուցանել Սարրակինոսներին սովորական հարկը, թոյլտուութիւն ստանայ Փրկչի գերեզմանի մօտ աղօթելու։ Իգնատիոսը հազիւ թէ հասել էր իւր նպատակին, փոխուեցաւ. նա մի այլ մարդ դարձաւ բոլորովին, նորա սիրտը յղացաւ նոր խորհուրդ աւետարանել Թուրքերին եւ առ հասարակ արեւելեան ազգերին։ Նորա անսանձ երեւակայութիւնը փոքր առ փոքր հանդարտեց, երեւեցաւ նորա մէջ մտածողութիւն եւ անապատականը դարձաւ Քաղաքագէտ (politicus), դարձաւ հիմնադիր մի հզօր Կարգի։

Լօյոլան, տեսնելով Քրիստոսի դատարկ գերեզմանը, իսկոյն հասկացաւ, որ միմիայն խելքի զօրութենով կարելի է ազգերը դէպի այս կողմ քարշել երկրպագութեան համար։ Այս օրից ահա նորա գաղափարը կազմած է, կարգը (systema) պատրաստ, այս օրից կամքը ստացաւ իւր յատկացեալ պաշտօնը։ Բայց Լօյոլան ոչինչ ուսումն չունի, հազիւ գիտէ գրել եւ ընթեռնուլ։ Ի՛նչ փոյթ. մի քանի ժամանակից յետոյ բոլորը կ’իմանայ։ Արդարեւ, արձակեալ կապիտանը, ապիկար զինուորը թողնում է իւր օդեղէն գաղափարները, վերադառնում է Սպանիա եւ նստում է Բարսելոնի եւ Սալամանկայի դպրոցների աշակերտական նստարանների վերայ։ Մանրէզի անապատականը, Քրիստոսի գերեզմանի ոգեւորուած ուխտաւորը ուսանում է երեխաների հետ միասին քերականութիւն, լարում է իւր զօրութիւնքը, որ ուսանի լատինի լեզուի հոլովմունքը եւ խոնարհմունքը...

Բայց Բարսելոնեան դպրոցից շատ փոքր օգուտ ստացաւ նա. երբ վարժապետը մեկնում էր նորան լատինի քերականութեան կանոնները, նորա երեւակայութիւնը պատկերացնում էր զանազան բաներ։ Վերջապէս, Բարսելոնում երկու տարի մնալուց յետոյ, գնաց Սալամանկա՝ այնտեղ Համալսարանում դասեր լսելու համար, ուր եւ սկսեց քարոզել փողոցներում եւ հրապարակներում։ Նա ո՛չինչ չ’գիտէր. ուսել էր ո՛վ գիտէ ինչ Աստուածաբանութիւն, բայց խօսում էր այնպիսի հաւատով, այնպիսի ոգեւորութեամբ, որ ժողովուրդը խուռն բազմութենով հաւաքւում էր նորան լսելու։ Մինչեւ անգամ երկու երեւելի տիկիններ, համոզուելով նորա քարոզներից, ծպտեալ կերպարանքով ման էին գալիս նորա քամակից եւ գտանւում էին նորա աշակերտների համարում։ Այս պատճառով նորան յափշտակեցին եւ բանդ դրեցին։ Նա դուրս չ’եկաւ բանդից, մինչեւ երկու տիկինները յետ դարձան տուն։ Բացի դորանից, խուզարկու ատեանը սկսեց հետեւել նոցա քամակից։ Դոմինիկեան աբեղաները, նախանձելով Իգնատիոսի յառաջադիմութեանը եւ սիրելի լինելուն ժողովրդի մէջ, մի անգամ հրաւիրեցին նորան իւրեանց վանքը։ Վանահայրը մի քանի Աստուածաբանական հարցմունք առաջարկեց։ Ի հարկէ նա ոչինչ չ’կարողացաւ պատասխանել, եւ ինչպէս կարող էր պատասխանել, մինչ դեռ ոչինչ չգիտէր։ Վանահայրը, տեսանելով նորա տգիտութիւնը, իսկոյն հրամայեց բռնել նորան եւ իբրեւ խաբեբայ կամ ժողովրդի մոլորեցուցիչ տարեց Եպիսկոպոսի առաջեւը։ Եպիսկոպոսը իսկոյն հրամայեց բանդ դնել նորան եւ բոլոր նորա աշակերտքը։ Իգնատիոսը եւ աշակերտքը բանդումը նստած երգում էին հոգեւոր տաղեր, եւ երբ միւս մարդիկը հնար գտան բանդից փախչելու, նա իւր աշակերտների հետ միասին մնաց բանդումը, թէպէտեւ դուռները բաց էին։ Այս բանը այնպէս գրաւեց բոլորի սիրտը, որ իսկոյն արձակեցին նորան բանդից իւր աշակերտների հետ միասին։

Վշտանալով Սալամանկայի անշնորհակալ բնակիչներից, մանաւանդ աբեղաներից եւ Համալսարանի վարդապետներից, որոնք յայտնի յայտնի, ինչպէս ինքը Իգնատիոսը ասում էր, հակառակւում էին Աստուածային հոգուն, որոշեց Փարիզ գնալ, ուր գտանւում էր Եւրոպայի մէջ հռչակուած Համալսարանի Աստուածաբանական ֆակուլտետը։ Նա այս բանը յայտնեց իւր աշակերտներին, բայց նոքա, ձանձրացած լինելով անորոշ եւ անհանգիստ կեանքից, բաժանուեցան իւրեանց վարժապետից, վասնորոյ Իգնատիոսը, բարձելով իշի վերայ իւր գրեանքը եւ ամենահարկաւոր բաները, ինքը միմիայն ճանապարհ ընկաւ դէպի Փարիզ, ուր պիտոյ է ընկնէր նոր փորձանքների մէջ եւ հանդիպէր զանազան արգելառիթների։

Փարիզ հասանելու ժամանակ նա համարեա՛ թէ այնքան բան գիտէր, որքան Բարսելոնում։ Նորա քարոզները, որ Սալամանկայում ասում էր, գործից ձգել էին նորան, վասնորոյ նոր ի նորոյ նստաւ քերականութիւն ուսանելու։ Մի անգամ նորա ընկերներից մինը գողացաւ նորա վերջին արծաթը, որ բերել էր իւր հետ Սպանիայից։ Այն ժամանակ սկսեց նա դարձեալ մուրացկանութիւն առնել։ Բայց Ֆրանսիացիք, որ առ հասարակ մեծահոգի են, ակամայ տալիս էին Սպանիական աղքատին մի բան ողորմութիւն՝ լրտես համարելով նորան. ըստ որում Պաւիա քաղաքի մօտ եղած պատերազմը դեռ չէին մոռացել։ Իգնատիոսը մի աբեղայի խորհրդով ուսումնապարապի ժամանակ ուղեւորեցաւ դէպի Սպանիական Նիդերլանդիա ողորմութիւն հաւաքելու, որ տեղից բաւական արծաթ բերեց իւր ապրուստի համար։

Այս միջոցներումը կարողացաւ նա մի քանի ընկեր ճարել։ Նա այնպիսի գեղեցկախօսութենով նկարագրեց նոցա կամաւոր աղքատութեան ուխտը, որ իսկոյն գնացին նորա քամակից հիւանդանոցները եւ սկսեցին ապրել մուրացկանութենով։ Իգնատիոսը Մոնտեգիւ (Montaigu) դպրոցում մի տարի մնալուց յետոյ մտաւ Սուրբ Վառվառէի Կօլլէգիումը, ուր լսում էր փիլիսոփայական դասեր։ Բայց եւ այստեղ չ’հրաժարուեցաւ նա իւր քարոզութեններից։

Նորան հետեւողներից շատերը կիրակէ եւ տօնի օրերը պահք էին պահում եւ չէին գնում Կօլլէգիումը եկեղեցական վէճերը լսելու, որ ամենայն տօնի օր ուսանողները բանում էին լեզուի մէջ առաւել կրթուելու համար։ Զուր տեղը պատիժներ էին սպառնում նորանց, որովհետեւ լսողը չ’կար։ Այս պատճառով կառավարիչը (Rector) եւ վարդապետները (Professores) վճռեցին, այս անկարգութիւնը վերջացնելու համար, բոլոր ուսանողների ներկայութեամբը ծեծել Իգնատիոսին. այս մի խիստ պատիժ էր, որ գործ էին դնում այն ժամանակ, երբ բանը նեղ տեղը կ’ընկնէր։ Իգնատիոսը ուրախ էր, որ պիտոյ է չարչարուի՝ Աստուծոյ փառքին նախանձաւոր լինելով։ Բայց երբ բերեցին նորան ժողովքի մէջ, հանդէսը, այսինքն՝ ժողոված վարդապետները, ձեռքերում գաւազաններ պատրաստ ունելով նորան ծեծելու համար, ներգործեց նորա վերայ մի զարմանալի ազդեցութիւն։ Մի կողմից նա սաստիկ ցանկանում էր, որ ծեծուի, միւս կողմից՝ լաւ հասկանում էր բանի զօրութիւնը, որ նորա ընկերքը եւ բոլոր վարդապետները պիտոյ է գործ դնէին ամենայն աշխատութիւն նորան Համալսարանից արտաքսելու։ Այսպիսի խայտառակութենից յետոյ եւ ինքը ոչինչ ուսումն չունէր, առանց որին չէր կարող անգամ եւ մտածել իւր գաղափարը կենդանացնելու համար։ Վերջապէս մօտեցաւ Կառավարչին եւ պատշաճաւոր խոնարհութենով կարողացաւ նորան համոզել, որ յետ ձգէ այս պատիժը։ Նա խոստացաւ ջերմեռանդութենով լսել դասերը եւ կրօնական վիճաբանութիւնքը. եւ արդարեւ 1532 թուականին ստացաւ Աստուածաբանական եւ երկու տարուց յետոյ՝ Մագիստրոսական աստիճան։

Մի քանի ժամանակ Իգնատիոսը լսեց Յակոբեանների մօտ Աստուածաբանական դասեր, բայց շուտով նորանից յետոյ սկսեց դարձեալ ապաշխարութիւն եւ խիստ բարոյականութիւն քարոզել ժողովրդին։ Նորա քարոզութեան ձեւը շատ զարմանալի էր։ Ահա՛ նորա մի օրինակը։ Իգնատիոսը գիտէր, որ իւր ընկերներից մինը ամենայն օր գնում է իւր սիրականի մօտ, որի բնակութիւնը Փարիզից շատ հեռի չէր։ Որպէս զի կարողանայ յետ ձգել նորան այս անմաքուր սիրուցը, մի օր ձմեռուայ սաստիկ ցրտի ժամանակ հանեց բոլոր հանդերձը եւ այնպէս մօրից մերկ, մինչեւ պարանոցը մտաւ գետի մէջ, որի մօտից պիտոյ է անցանէր երիտասարդ ընկերը։ Երբ սիրահար երիտասարդը մօտեցաւ գետին, Իգնատիոսը դուրս բարձրացաւ ջրից՝ գոռալով դէպի նա. «Ա՛յ անբաղդ, ո՞ւր ես գնում, չե՞ս տեսանում Աստուծոյ պատուհասը քո գլխի վերայ։ Գնա՛ լցուցանել քո պիղծ ցանկութիւնը, իսկ ես կը մնամ այստեղ՝ այս սառն ջրի մէջ, որ իմ չարչարանքովը հեռացնեմ քեզանից Աստուծոյ բարկութիւնը»։

Իգնատիոսը այս միջոցներում կարողացաւ բաւական օգուտ բերել խուզարկու ատենին։ Լուտերի եւ Կալուինի վարդապետութիւնքը սաստիկ արագութենով տարածւում էին Ֆրանսիայի մէջ։ Մի քանի Համալսարանական ուսումնականք կամակից էին այս բանին։ Իգնատիոսը խաբեբայութեամբ այս բանը նորանցից իմանալով՝ մատնեց նորանց խուզարկու ատենին։ Այս կերպով փոքր առ փոքր յառաջացաւ նա իւր ասպարէզի մէջ, այսինքն՝ Յիսուսականութեան։ Նորա այս նոր ուղղութիւնը երեւում է մանաւանդ իւրեան հետեւող ճարելու ժամանակ։ Նա չէ որոնում այլեւս աղքատ, ռամիկ եւ անուսումն մարդիկ, եւ չէ համոզում նորանց իւր ոգեւորեալ սրբութենովը. նա լաւ գիտէր, որ այդպիսի մարդերից չէ կարելի Կարգ հիմնել, վասնորոյ աշխատում էր իւր կողմը քարշել խելօք եւ ուսումնական մարդիկ։ Բաղդը յաջողեց նորան. նա հանդիպեց Պետրոս Ֆաբերին (Le feve), որ շատ աշխատաւոր եւ քանքարաւոր ուսանող էր։ Իգնատիոսը շատ աշխատութիւն կրեց մինչեւ կարողացաւ համոզել այս ուսանողին դէպի թափառական Հոգեւոր Ասպետութիւնը։ Վերջապէս նորան յաջողեցաւ մինչեւ ամենավերին աստիճան շարժել այս ուսանողի վառ երեւակայութիւնը, իսկ մնացեալ բաները կատարեց «Հոգեւոր Վարժութիւնը»։ Այս կերպով Ֆաբեր առաջին հետեւողը դարձաւ Իգնատիոսին։ Սորանից պակաս դժուարութիւն չ’կրեց Իգնատիոսը իւր երկրորդ ընկերը ճարելու համար։ Շատ ժամանակ էր արդէն, որ նայում էր նա նախանձելով Ֆրանսիսկոս Կսաւիէ Նաւարրացի ազնուականի վերայ, որ այն ժամանակ փիլիսոփայութեան դաս էր կարդում Վօվէսկեան Կօլլեգիումի մէջ։ Սա ծիծաղում էր Իգնատիոսի վերայ եւ ոչինչ զուարճութիւն չէր գտանում նորա կրօնամոլութեան մէջ. պատճառ, ինքը շատ հաստատ չէր հաւատի վերայ։ Բայց Իգնատիոսը ամենեւին չէր յուսահատւում։ Նա մի փոքր ժամանակ Կսաւիէի համար դարձեալ Ֆերդինանդոսի եւ Իզաբելլայի պալատական դարձաւ. ամենայն տեսակ կեղծաւորւում էր Կսաւիէի առաջեւ, վերջապէս կարողացաւ ճանաչել նորա թոյլ կողմը։ Կսաւիէի ապրուստը շատ շռայլ էր, վասնորոյ շատ անգամ արծաթի մեծ պակասութիւն էր զգում եւ ամենահարկաւոր բաների համար։ Իգնատիոսը, արծաթ տալով նորան, որ հաւաքում էր մուրացկանութենով, վերջապէս կարողացաւ նորան դէպի իւր կողմը շրջել։ «Հոգեւոր Վարժութիւնքը» խզեցին եւ միանգամայն ոչնչացուցին այն կապը, որ կապում էր Կսաւիէին աշխարհի հետ։ Շուտով Կսաւիէից յետոյ ուրիշ շատ աշակերտներ եւս մանաւանդ Սպանիացիք եւ Պօրտուգալացիք, հռչակաւոր Յակոբ Լայենէզը, Ալֆոնս Սալմերոնը, Նիկօլայ Բօբադիլեան, Սիմօն Ռոդրիգէզը եւ այլ ուրիշները, «Հոգեւոր վարժութիւնների» հրաշալի զօրութենից համոզուելով, միաւորուեցան Իգնատիոսի հետ։ Որպէս զի կարողանայ նորանց միանգամայն աշխարհքից հրաժարել, կամեցաւ Իգնատիոսը երդումով կապել։ Այս պատճառով Աստուածածնի վերափոխման տօնի օրը, նա աշակերտների հետ միասին հեռացաւ կուսանաց Վանքը, որ Փարիզի մօտ Մօնմարտր տեղումն էր։ Այնտեղ մի մատուռի մէջ Լայենէզը, որ արդէն քահանայ էր, պատարագ արեց, եւ պատարագից յետոյ բոլոր ընկերքը երդում կերան հանդէսով, որ հրաժարուին աշխարհի ամենայն բարութեններից, եւ նուիրեն իւրեանց անձը Աստուծոյ բանի քարոզութեանը անհաւատների մէջ։ Այս խորհրդով խոստացան նոքա ընկնել Պապի ոտքերը, խնդրել նորա օրհնութիւնը, մատուցանել նորան իւրեանց ծառայութիւնները եւ կատարել կուրօրէն ամենայն ինչ, որ հրամայէ Առաքեալի տեղապահը։ Այսպէս սկսեց այս հռչակաւոր հասարակութիւնը։ Հաւանական է, թէ այս Կարգը եւս շուտով կը կործանուէր եւ կը չքանար, ինչպէս շատ հոգեւոր Կարգեր երեւել էին աշխարհի երեսին եւ յետոյ անհետացել, եթէ կամակորութենով սկսէր աշխատել իւր նախկին նպատակին հասնելու համար, այսինքն՝ քարոզել Աւետարանը անհաւատներին։ Բայց Գերմանիայի նորանոր անցքերը, որոնցից ահ կար, թէ կործանելու էին Հռովմի Քահանայապետների ութ հարիւր տարի ունեցած իշխանութիւնը, ուրիշ ուղղութիւն տուեցին այս հասարակութեանը, եւ հարկադրեցին նորան նշանաւոր հանդիսանալ ընդհանուր պատմութեան մէջ։

Քանի մի խօսք ասենք այժմ «Հոգեւոր Վարժութիւնք» անունով գրքի վերայ (Exercitia Spiritualia), որ արդէն քանի անգամ յիշել ենք։ Այս ի՞նչ հրաշալի գիրք է, որին չեն կարող ընդդիմանալ ո՛չ մանկութիւնը, ո՛չ աշխարհայնութիւնը, ո՛չ հարստութիւնը եւ ո՛չ մինչեւ անգամ հպարտ անհաւատութիւնը։ Արդէն ասացինք, որ այս գիրքը Լօյոլայի առաջին տարիներումը գրուած բան չէ. երեւի թէ գրուած է այն Փարիզում այն ժամանակ, երբ արդեն նորա վառ աշխոյժը եւ եռանդը փոխւում էր դէպի մի սառն քաղաքականութիւն։ Այս գրքի մէջ պարունակւում է Յիսուսականութեան բովանդակ հոգին եւ ուղղութիւնը։ Կարգի բոլոր յառաջադիմութիւնքը այս գրքի մէջ իբրեւ գաղափար պարունակուած մտքերի պտուղքն են միմիայն։

Լօյոլա, ոգեւորութեան ամենայն աստիճաններից անցանելով, կարգի է դնում բոլոր փորձերը, որ կատարել էր իւր վերայ, մինչեւ անգամ իւր տեսիլքները հարինքի մէջ։ Նա Ֆիզիկա եւ Քիմիա ուսուցանելու ձեւերը դնում է այն բանի վերայ, որ ամենայն ձեւերից բարձր է, այսինքն՝ մարդկային հոգու թռիչքի վերայ. մի խօսքով՝ շարադրում է «Բնաբանութիւն» (Physiologia) ուսանելու գիրք կամ, լաւ ասել, ոգեւորութեան եւ սրբութեան մի խորհրդական նշան։ Լօյոլայի զանազանութիւնը այլ անապատականներից գլխաւորաբար այն է, որ նա կարողացել է սառնասրտութենով եւ լօգիկաբար նկատել իւր անձը, փորձել իւր անձը իւր պաշտօնի մէջ։ Այս բաներից յետոյ Լօյոլայն, հարկադրելով իւր աշակերտներին միեւնոյնը գործել, ինչ որ ինքը գործել էր իւր անձին հետ, կարողացաւ երեսուն օրի մէջ չքացնել բանականութիւնը եւ ինքնագոյ կամքը։ Յիսուսականութեան հետ զուգընթացաբար ծաղկած խուզարկու ատեանը մասն մասն լուծանում էր իւր անբաղդ զոհերի մարմինը։ Հոգեւոր վարժութիւնքը, Լօյոլայի մեքենայի տակ, լուծանում էին մասն մասն ազատ մտքերը, որպէս զի սրբութեան հասանեն։ Այս գրքի մէջ պարունակւում են հետեւեալ կանոնները. ա) թղթի վերայ զանազան մեծութեամբ գիծեր խազել համեմատ մտքի մեծութեանը, բ) կիսափակ պատուհաններով սենեակի մէջ նստել փակուած (januis ac fenestris clausis tantisper), գ) դուրս արձակել բացագանչութիւնք (in exclamationes prorumpêre), դ) Դժոխքը միտք բերելու ժամանակ, որ ունի իւր մէջ երկու մուտք, հինգ գլխաւոր տեղիք եւ մի խօսակցութիւն (dua praeludia, puncta quinque et unum colloquium) * ) երեւակայել լաց, սուգ աղաղակ, ծուխ, ծծումբ, խղճի որդունքը եւ այլն եւ այլն։ Բացի սորանցից, այս հրաշալի գրքի մէջ գտանում ենք հետեւեալ բաները. աղօթելու երրորդ կերպը բաղկանում է փոքր ինչ բառերի ու աղօթելու ժամանակի չափաւորութենից (tertius orandi modus per quandam vacum et temporum silentii commesurationem)։ Այստեղ մանաւանդ պիտոյ է, որ շնչառութեան եւ բառերի միջոցը լինի հաւասարաչափ (et paria anhelituum ac vocum interstitia observanda)։ Այս կերպով ոգեւորուած մարդը դառնում է մի մեքենայ, որ հառաչում է, հեկեկում է, գանգատական բաներ է խօսում եւ այլն եւ այլն, եւ այն այնպիսի կարգով, որ փորձով ճանաչուած էր ամենալաւ։

Ի՞նչպէս կատարելագործւում է այս կերպով պատրաստուած մեքենայն (Automatum). նա ի՞նչպէս է հասանում վերջապէս մինչեւ հաւատի խորհուրդքը եւ ճշմարտութիւնքը։ Ահա, թէ ինչպէս։ Եթէ բանը վերաբերւում է Քրիստոսի կեանքում պատահած մի անցքի, այն ժամանակ հարկաւոր է երեւակայել մի սահմանեալ տեղ. զոր օրինակ, եթէ Քրիստոսի քարոզութիւնների վերայ, պիտոյ է նախ եւ յառաջ երեւակայել ճանապարհ, հարթ կամ անհարթ (viam planam aut arduam), եթէ նորա Գեթսեմանի պարտէզումը աղօթելու վերայ, պիտի երեւակայել մի պարտէզ որոշեալ մեծութենով եւ դրութենով (certa magnitudine, figura et habitudine), չափել նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը։ Փրկչի յաղթութեան եւ թագաւորութեան վերայ խօսելու ժամանակ հարկաւոր է երեւակայել գեղեր, քաղաքներ (villas et oppida), յետոյ նկարագրել իւր հոգու առաջեւ երկրի թագաւորը իւր ժողովրդի մէջ (punctum primum proponere sibi ob oculos humanum regem), խօսել այս թագաւորի հետ, յետոյ փոքր առ փոքր թագաւորի տեղը դնել Քրիստոսը, ժողովրդի տեղ՝ իւր անձը. ահա այս կերպով կը նկարագրուի Քրիստոսի թագաւորութիւնը։ Ահա՛ այս է մինչեւ խորհրդական բաները բարձրանալու կերպը։ Սորանից ի՞նչ ուղղակի եւ անհրաժեշտ հետեւանք կը ծագի. նիւթական տպաւորութիւնքը վերջին նպատակ շինելը արդեօք չէ՞ նշանակում ասել, թէ հաւատ չ’կայ հոգու վերայ, եւ դորանով չէ՞ հեռանում Քրիստոնէական իսկութենից։ Արդեօք այս ծածուկ եւ ծպտեալ կերպարանքով անցնել չէ՞ դէպի հոգու թագաւորութիւնը… եւ այսպիսի չնչին զգուշութիւնքը չե՞ն դառնում արդեօք վերջումը խորամանկութիւն եւ երեսպաշտութիւն այս զարմանալի վարդապետութեան հետեւողների մէջ։ Ի՞նչպէս։ Փրկիչը ծունկի վերայ արիւն քրտինքի մէջ աղօթում է մարդկութեան համար, դու, փոխանակ այս բանը միմիայն միտք բերելով հիանալու, պարապում ես պարտէզը չափելով, նորա ճանապարհների կարգը զննելով. դու, Թափորի ստորոտումը այն այլակերպութեան անթարգմանելի րոպէում, նայում ես սարի ձեւին, զննում ես նորա բարձրութիւնը, լայնութիւնը, արգաւանդութիւնը… Ա՞յս է Քրիստոսի վարդապետութիւնը։ Ա՞յս է առաքելական Քրիստոնէութիւնը։

Լօյոլա Աւետարանի ուսման հակառակ տալիս է աշակերտներին իւր անձին մի մասը, իւր մտածութեան փեճեկի մի թաղանթը։ Նա իւր մանկութեան ժամանակ գիտէր ոգեւորութիւն, բայց, կազմելով մի անսահման իշխանութիւն, ոչովին չէ տալիս այս կեանքի եւ ազատութեան աղբիւրը։ Նա, փոխանակ ազատ ոգեւորութեան, տալիս է ուրիշներին միմիայն ձեւի եւ կարգի անուրը եւ պահանջում է դէպի իւր Աստուածը ո՛չ թէ մանկական սէր եւ խոնարհութիւն, այլ ստրկական երկիւղ (timor servilis)։

Դառնանք դարձեալ դէպի Լօյոլան։ Մօնմարտրեան նշանաւոր երդումից յետոյ նա դարձեալ ընկաւ (եւ արդէն վերջին անգամ) ցնորման մէջ։ Վերստին երեւում էին նորան սուրբեր ու հրեշտակներ, երբեմն՝ դժոխք ու սատանաներ։ Իգնատիոսի հոգու այսպիսի խառնափնդորուած վիճակը սաստիկ խանգարեց նորա առողջութիւնը։ Աշակերտքը բժիշկներ կանչեցին, որոնք խորհուրդ էին տալիս Իգնատիոսին ուղեւորիլ դէպի հարաւ, բայց նա ամենեւին չէր համաձայնում։ Վերջապէս Կսաւիէն, Լայենէզը եւ Սալմերոնը յայտնեցին, թէ ինքեանք կամէին գնալ Սպանիա, որ կարգի դնեն այնտեղ հասարակութեան գործերը։ Իգնատիոսը երկիւղ կրելով, թէ մի՞ գուցէ այս երիտասարդ մարդիկը, երթալով իւրեանց հայրենիքը եւ ծնողաց աղաչանքին ականջ դնելով, կամ գուցէ դեռեւս աշխարհի ապագայ փառաւոր յոյսերից հրապուրուելով, մնային այնտեղ, հրամայեց նորանց մնալ Փարիզի մէջ, իսկ ինքը ճանապարհ ընկաւ դէպի Սպանիա՝ հաւաքուելու տեղ նշանակելով աշակերտներ Վենետիկ քաղաքը։

Իգնատիոսը երկար չմնաց հայրենիքի մէջ. զուր տեղը նորա ծերունի հայրը եւ մանաւանդ եղբայրը ծունկ չոքած նորա առաջեւը աղաչում էին մնալ։ Նա հերքեց նոցա խնդիրը, հրաժարուեց նորանց օգնութենից եւ շտապեց դէպի Վենետիկ, ուր եւ հասաւ 1537 թուականին։ Այստեղ նա իւր սովորական կերպով սկսեց քարոզել ժողովրդին եւ աշակերտներ ճարել։ Հոգեւորականութիւնը լաւ աչքով չէր նայում նորա վերայ եւ մինչեւ անգամ դատապարտում էր իբրեւ հերետիկոս։ Ասում էին, թէ նա իբրեւ հերետիկոս հալածուած է Սպանիայից եւ Ֆրանսիայից։ Գտանուեցան եւ վկայք, որ պատահել էին Սալամանկայում այն ժամանակ, երբ Դոմինիկեան կրօնաւորները բանդ էին դրել Իգնատիոսը իբրեւ ժողովրդի մոլորեցուցիչ։ Բայց ի վերայ այսր ամենայնի Լօյոլան կարողացաւ ազատուիլ սպառնացած վտանգներից։ Նա սկսեց կեղծաւորուիլ այնտեղի Պետրոս Կարաֆֆա եպիսկոպոսի առաջեւը (որ յետոյ Պապ դարձաւ՝ Պաւլոս IV անունով) եւ բոլորովին արդարացաւ նորա օգնութենով։ Բայց եպիսկոպոսի բարեհաճութիւնը դէպի Իգնատիոսը երկար չ’տեւեց. պատճառ, Կարաֆֆայն ինքը եւս մտածում էր մի Կարգ հիմնել, այն խորհրդով, որ ուղղէր Իտալական հոգեւորականութեան բարոյականութիւնը, որ մինչեւ պարանոցը թաղուած էր վերին աստիճանի անառակութեան մէջ։ Նա յոյս ունէր միաւորել իւր Կարգի հետ Լօյոլան եւ նորա աշակերտքը։ Բայց Իգնատիոսը կարո՞ղ էր արդեօք իւր նպատակից հրաժարուիլ, որին հասանելու համար արդէն այնքան գործ էր կատարած։ Նա հրաժարուեց միանգամայն, եւ Կարաֆֆայն այս պատճառով դարձաւ նորան թշնամի։

Այս միջոցին Իգնատիոսի աշակերտքը, որ Փարիզումն էին, նոր աշակերտներ ճարեցին՝ Կլօդ լէ Ժէ (Le Jay), Ժան Կօդիւր, Պասկիէ Բրուէտ եւ այլ մի քանի խելացի եւ քանքարաւոր մարդիկ։ Նոքա իւրեանց վարդապետի հրամանի զօրութենովը պիտոյ էր 1537 թուականի սկզբումը Վենետկումը լինէին։ Բայց պատերազմը, որ պատրաստւում էր բորբոքուիլ Ֆրանսիայի եւ Սպանիայի մէջ, նորանց հարկադրեց թողնել Փարիզը դեռ 1536 թուականում։ Նոքա ճանապարհ ընկան ուխտաւորների հագուստներով, ձեռքերում Սուրբ գիրք բռնած, իբրեւ ուղղափառութեան նշան՝ գլխների վերայ վարդի պսակներով եւ ի պատիւ Աստուածամօր եւ այլ սուրբերի հոգեւոր տաղեր երգելով։ Այս կերպով Վենետիկ մտան նոքա 1536 թուականի դեկտեմբերի վերջերումը։

Այստեղ նոքա, ողջը միասին հետեւելով Իգնատիոսի օրինակին, մտան զանազան հիւանդանոցներ՝ տկարներին սպասաւորելու համար։ Եթէ կարելի է հաւատ ընծայել Յիսուսեան կարգի պատմիչներին, ուրեմն նոցա նախանձաւորութիւնը այս պաշտօնը լրութենով կատարելու համար մարդկային չէր, այլ՝ մարդկութենից վեր։ Ամենայն բանից անտանելի է մանաւանդ Կսաւիէի գործը. նա ուտում էր այն կերակուրների փշրանքը, որ մնացել էին փոխադրական ցաւեր ունեցող հիւանդներից, ամբողջ օրը ման էր գալիս ափրոդիտական ցաւերով վիրաւորուած մարդերի մօտ, ուր եւ գիշերը քնում էր, խմում էր այն ջուրը, որով հիւանդը լուացել էր իւր վէրքը, մինչեւ անգամ, եթէ կար բժշկական հարկաւորութիւնը, ծծում էր այս տարափոխիկ վէրքերից արիւն ու թարախը։ Սոսկալի անձնազոհութիւն։ Այս կարգից դուրս գործերը եւ ապառաժի նման հաստատ կամքը, որ տեսանում ենք Կարգի անդամների մէջ, մինչեւ Կարգը դեռեւս ծնած չէր, այլ միայն յղացած Լօյոլայի սրտումը, կը տեսանենք յետոյ, թէ ի՞նչ գործերի ծնող դարձան։

Գարունը վերայ հասաւ։ Հարկաւոր եղաւ մտածել դէպի սուրբ տեղերը ցանկալի ճանապարհորդութեան մասին։ Իգնատիոսը կարծում էր, թէ կանուխ է դեռեւս Կարգին օրինաւոր եւ վաւերական հաստատութիւն խնդրել։ Նա երկու հզօր թշնամի ուներ Հռովմի մէջ՝ Կարաֆֆա Կարդինալը (առաջուայ Վենետիկի Եպիսկոպոսը) եւ Պետրոս Օրտիցը, այն երեւելի Աստուածաբանը, որի հետ Իգնատիոսը լաւ չէր մինչ դեռ Փարիզումն էր համալսարանի մէջ։ Այսուամենայնիւ, այս ճանապարհորդութիւնը կատարելու համար անպատճառ հարկաւոր էր Պապի օրհնութիւնը եւ մանաւանդ ողորմութիւնը. պատճառ, Իգնատիոսը եւ նորա ընկերքը ոչինչ չունէին։ Այս խորհրդով նա իւր աշակերտներին ուղարկեց Հռովմ, իսկ ինքը միայն մնաց Վենետկում։ Ֆաբեր եւ Կսաւիէ, Պապական աշխարհի մայրաքաղաքը հասանելուց յետոյ, ողջից յառաջ գնացին Օրտիցի մօտ եւ կարողացան շրջել նորան իւրեանց կողմը։ Օրտիցը ինքը Պապին ներկայացրեց նորանց, որ տուեց իւր օրհնութիւնը եւ ճանապարհի համար յիսուն դուկատ։ Բացի դորանից, նա թոյլ տուեց նոցա միջից նորանց, որոնք չունէին դեռ քահանայական կարգը, ձեռնադրուել քահանայ ո՛ր եպիսկոպոսից եւ կամենան։ Իգնատիոսի աշակերտքը, շատ շնորհակալ մնալով Պապի մարդասէր ընդունելութենից, ստանալով նորա օրհնութիւնը եւ երկու հարիւր դուկատը, որ հաւաքուած էր Հռովմում Սպանիացի վաճառականներից, վերադարձան Վենետիկ, ուր Պապական դեսպանի առջեւ ուխտեցին կամաւոր աղքատութեան եւ ողջախոհութեան ուխտը։

Նոքա, քահանայ ձեռնադրուելով Արդէնեան Եպիսկոպոսից պահքով ու աղօթքով, բնակւում էին Վենետիկ քաղաքի մէջ, քարոզում էին ժողովրդին բարքի սրբութիւն եւ ապաշխարութիւն։ Այսպիսի կեանքը սիրելի դարձաւ Իգնատիոսին. նա դիպուած էր որոնում, որ կարողանայ իւր առաջուայ ուխտիցը, այսինքն՝ Երուսալեմ գնալուց յետ կենալ։ Այս դիպուածը շուտով պատահեցաւ։ Փորթուգալիայի եւ Վենետկի մէջ պատերազմ բացուեցաւ, որով ծովային ճանապարհորդութիւնը շատ վտանգաւոր դարձաւ։ Այն ժամանակ Իգնատիոսը հաւաքեց իւր ընկերքը եւ յայտնեց նորանց, թէ Աստուած ուրիշ բանի համար չէ բորբոքել այս պատերազմը, եթէ ոչ նոցա նախկին մտադրութիւնքը խանգարելու եւ նոր նպատակին ձեռք զարկելու համար, այսինքն՝ Պապական իշխանութեանը պաշտպան դառնալու համար, որ երկիւղ էր կրում եւ ալեկոծութեան մէջ էր Լուտերի Վերանորոգութենից։

Բոլոր ժողովը հաւանեց այս կարծիքին եւ դատողութեանը, եւ վճռեց, որ Իգնատիոսը, Ֆաբերը եւ Լայենէզը գնան Հռովմ, ընկնեն Պապի ոտքերը եւ մատուցանեն նորան իւրեանց ծառայութիւնը, իսկ մնացեալ ընկերքը ցրուին Իտալիայի բոլոր անկիւնները՝ աշակերտ ճարելու համար։ Այստեղ դրուեցան հասարակութեան համար հետեւեալ կանոնները. ա) բոլոր անդամները պարտական են բնակուիլ հիւանդանոցներում եւ ապրիլ մուրացկանութեամբ, բ) այն անդամները, որ կը բնակին մի քաղաքի մէջ, պիտոյ է փոփոխակի իշխեն միմեանց, գ) պարտական են ուսուցանել ժողովրդին փողոցներում եւ հրապարակներում եւ դ) առանց ամենայն վարձի։ Իգնատիոսը, Ֆաբերը եւ Լայենէզը ուղեւորեցան դէպի Հռովմ։ Այս վերջի երկուսը շատ փոքր յոյս ունէին գործի յառաջադիմութեան վերայ եւ այնքան առաւել վհատում էին, որքան մօտենում էին Սուրբ Քաղաքին՝ Հռովմին։ Բայց Իգնատիոսը շուտով արիացրեց նորանց. նա ճանապարհի վերայ փոքր ինչ հեռացաւ նորանցից դէպի մի մատուռ՝ աղօթք կատարելու պատճառով։ Քիչ ժամանակից յետոյ զուարթ եւ ուրախ երեսով դուրս վազեց մատուռից եւ եկաւ աշակերտների մօտ, յայտնեց նորանց, թէ աղօթքի ժամանակ տեսիլք է տեսել եւ ձայն է լսել, որ ասել է նորան «Romae tibi propiturus ero»։

Իգնատիոսը, Հռովմ հասանելով, շատ ջերմութեամբ սկսեց իւր գործը։ Նա կարողացաւ իւր նախկին թշնամի Օրտիցի հաւատարմութիւնը շահել, որ այն ժամանակում, իբրեւ երեսփոխան Կարոլոս գործերումը, երեւելի ներգործող անձն էր Պապական պալատի մէջ։

Օրտիցը ինքը այս երեք ընկերները տարեց Պապի մօտ, որ շատ սիրով ընդունեց նորանց, առաջին հարկաւոր դէպքումը խոստացաւ գործ դնել նոցա ծառայութիւնը, Ֆաբերին եւ Կսաւիէին շնորհեց della Sapienza անունով Կօլլեգիումի մէջ Աստուածաբանութեան ամբիոններ, այլ եւ թոյլ տուեց Իգնատիոսին աշխատել Հռովմի մէջ հոգիների փրկութեան համար։

Այս բանով Լօյոլա, արիանալով «Հոգեւոր Վարժութենների» օգնութեամբը, նոր կողմնակիցներ ստացաւ, որ Պապի դռնումը զօրեղ մարդիկ էին։ Նոցա մէջ էին նաեւ Կարդինալ Կօնտարինի եւ Օրտիցը։ Այս վերջինս հեռացաւ Կասսանօ սարը եւ այնտեղ լսում էր Իգնատիոսից Աստուածաբանական դասեր, չ’նայելով, որ ինքը՝ Օրտիցը, այն ժամանակներում երեւելի աստուածաբան էր եւ մեծ փառք էր ճարել Փարիզի Համալսարանի մէջ։

Իբրեւ երեսփոխան Կարոլոս գործերումը, Օրտիցը հարկադրուած էր մնալ միշտ Հռովմի մէջ, վասնորոյ չէր կարողանում յայտնապէս հետեւել Լօյոլային եւ նորա աշակերտների կարգումը լինել։ Բայց դորա փոխանակ գործ էր դնում նա իւր բոլոր ջանքը եւ հնարը Պապի դռնումը, որ յառաջադիմութիւն պարգեւէ Իգնատիոսի մտադրութեան։ Ամենայն բան լաւ էր գնում հասարակութեան համար։ Իգնատիոսին թւում էր, թէ հասել է վերջապէս Կարգը հիմնելու ժամանակը։ Նա իւր բոլոր աշակերտները Հռովմ կանչեց, որոնք, ժողովով խորհուրդ առնելով, իւրեանց նախկին կանոններին վերայ (աղքատութիւն եւ ողջախոհութիւն) աւելացուցին երկու հետեւեալ ուխտերը՝ «Կոյր հնազանդութիւն դէպի կարգի Գեներալը եւ Պապը»։ Վերջին ուխտը Լօյոլա անհրաժեշտ համարեց. պատճառ, գիտէր, թէ Պապը շատ փոքր է սիրում այլ Կարգերը, որոնք Պապական իշխանութեան այն վտանգաւոր ժամանակում ոչինչ օգուտ չէին բերում։

Աշակերտները կամենում էին Կարգը անուանել հիմնադրի անունով «Իգնատիոսեան», բայց Լօյոլա հրաժարեց իւրեանից այդ պատիւը եւ համոզեց նորանց անուն տալ Կարգին «Յիսուսեան» (societas Jesu)։ Վերջապէս Լօյոլա Կարդինալ Կօնտարինու ձեռքով առաջարկեց Պապին իւր կարգի պայմանքը։ Այդ պայմանները այնպիսի խելքով, այնպիսի խորին իմաստութենով եւ ներկայ քաղաքական գիտութենների հմտութենով գրուած էին, որ չէր կարելի ամենեւին կարծել, թէ այդ անկիրթ Իգնատիոսի գրածը լինէր. երեւի թէ նորա աշակերտներից մինը եւ մանաւանդ Լայենէզն էր գրել։ Պաւլոս III Պապը, կարդալով այս պայմանքը, ուրախութենիցը բացականչեց «Spiritus Dei est hic» (Հոգի Աստուծոյ է այստեղ) եւ երեք Կարդինալի վերահասութեանը յանձնեց այն պայմանները։ Այս Կարդինալներից մինը էր Բարթոլոմէոս Գուիդիչիօնի, որ շատ ուսեալ եւ խելացի մարդ էր եւ իւր բարեպաշտութեան մասին ամենայն տեղ յարգելի։ Այս Կարդինալը հակառակ գտանուեց այս Կարգի հիմնաւորութեանը. նա սորանից յառաջ եւս մի շարադրութիւն էր գրել, որի մէջ շատ հասուն բանականութենով ապացուցանում էր աբեղայական Կարգերի անօգտութիւնը եւ մինչեւ անգամ նոցա վնասակարութիւնը դէպի Պապական իշխանութիւնը։ Այս պատճառով պահանջում էր, որ ջնջուին այսպիսի աբեղայական Կարգերը, որոնք անօգուտ էին ե՛ւ մարդկութեանը, ե՛ւ Քրիստոնէութեանը եւ Պապական իշխանութեանը։ Նորա երկու ընկերքը համաձայնեցան նորա հետ եւ առաջարկութիւնը մնաց առանց հաստատուելու։

Բայց Լօյոլա եւ նորա ընկերքը չ’վհատեցան ամենեւին։ Նոքա առաւել եւս սկսեցին գործ դնել իւրեանց ջերմեռանդութիւնը, որ կարողանան շահել Պապի հաճութիւնը. ցրուեցան բոլոր Իտալիայի քաղաքները եւ սկսեցին քարոզել ապաշխարութիւն, վարքի սրբութիւն եւ հնազանդութիւն դէպի Պապական աթոռը։ Նոցա բարեպաշտութեան համբաւը տարածուեցաւ մինչեւ շատ հեռի տեղեր։ Պորտուգալիայի Տէրութիւնը խնդրեց Իգնատիոսից, որ սա մի քանի մարդ ուղարկէ Հնդկաստան՝ Քրիստոսի Աւետարանը քարոզելու։ Բայց Իգնատիոսը, այսպիսի հարկաւոր ժամանակում չ’կամենալով բաժանել իւր հասարակութիւնը, միմիայն Լիսաբօն ուղարկեց երկու մարդ՝ Րօդրիգէզ եւ Կսաւիէ անուններով։ Նա, օգուտ քաղելով այս հանգամանքից, կրկնապատկեց ջանքը, որ իւր կողմը շրջէ որպէս Պապը, նոյնպէս եւ Կարդինալ Գուիդիչիօնին. փոփոխակի ներգործում էր, երբեմն իբրեւ քաղաքական մարդ, երբեմն իբրեւ Սուրբ, եւ վերջապէս հասաւ իւր ցանկացած նպատակին։ Պաւլոս III Պապը իւր կոնդակովը, որ գրած էր 1540 թիւ դեկտեմբերի 27-ին հաստատեց կարգը միայն այն պայմանով, որ այս հասարակութեան անդամների թիւը քառասունից առաւել չ’լինի։

Սորանից յետոյ հասարակութեան անդամքը ձեռնամուխ եղան Գեներալի ընտրութեանը։ Ամենայն մարդ ցանկանում էր, որ Իգնատիոսը լինի։ Նա երկար ժամանակ հրաժարւում էր, բայց յետոյ, չ’կարողանալով հերքել հասարակաց խնդիրը, որ ծունկ չոքած, աղաչում էին յանձն առնուլ, համաձայնեցաւ նոցա աղաչանքին եւ յանձն առաւ Յիսուսեան Կարգի Գեներալութեան իշխանութիւնը եւ պատիւը։

Լօյոլա պատարագը մատուցանելուց յետոյ, ինչքան Հռովմումը Կարդինալներ կային, նոցա բոլորի ներկայութեամբը հրապարակով ու հանդիսով ուխտեց ճիշտ պահել աղքատութեան, ողջախոհութեան ուխտը եւ կոյր հնազանդութիւն ունենալ դէպի առաքեալի փոխանորդը, ուր եւ բարեհաճէր նա ուղարկել Կարգի անդամները Աւետարանը քարոզելու համար։ Այս բանը այն միջոցին ո՛չ ոք չ’հասկացաւ։ Լօյոլայից յետոյ միւս ներկայ եղող անդամքը նոյնպէս երդում կերան, միայն այս զանազանութեամբ, որ երդում ուտելու ժամանակ նայում էին Իգնատիոսի վերայ, եւ բացի այն ուխտերից, որ արեց Իգնատիոսը, նոքա յաւելացուցին մի այլեւս ուխտ, այսինքն՝ հնազանդ լինել Կարգի Գեներալին։ Շուտով այս բաներից յետոյ Լօյոլա սկսեց իւր սովորական պարապմունքը, այսինքն՝ քարոզել ժողովրդին բարքի եւ վարքի սրբութիւն եւ ուսուցանել մանուկներին կրօնագիտութիւն. նա մանաւանդ հոգս էր առնում բարքերի մաքրութեան մասին։

Այն միջոցին Հռովմէական եկեղեցու հոգեւորականները, Ալեքսանդր VI-ի գործերովը եւ Լեւոն X-ի շռայլութենովը պակասել էին պատշաճից… Իգնատիոսը իւր ուշադրութիւնը դարձուց անպարկեշտ կանանց վերայ. նա հաւաքում էր նորանց մի յատուկ նոցա համար պատրաստուած տան մէջ եւ քարոզում էր ապաշխարութիւն։ Մի անգամ այս կանանց մէջ պատահեցաւ մի ամուսնաւոր կին, որ կռուով ապրում էր իւր մարդի հետ։ Նա, համոզուելով Իգնատիոսի քարոզներից, մնաց այս տան մէջ։ Այս բանը արդէն հերիք պատճառ էր կարգի թշնամիներին. նոքա յանցաւոր էին համարում այս եւ սորա նման գործերի մէջ Կարգի անդամները։ Բանը այսպէս լինելուց յետոյ Իգնատիոսին հարկաւոր եղաւ դիմել դէպի Պապի պաշտպանութիւնը, որ իւր կոնդակովը սրբեց Իգնատիոսի եւ նորա ընկերների արատաւորուած պատիւը։

Այս միջոցին Յիսուսեանները ցրուեցան բոլոր եւրոպական թագաւորութենների մէջ։ Րոդրիգէզ մնաց Պօրտուգալիայում, ուր այնպիսի ազդեցութիւն ունեցաւ, որ թագաւորը ընծայեց Կարգին Լիսաբօնի Սուրբ Անտօնի եկեղեցին եւ Կօիմբրի դպրոցը։ Ինքը՝ Պապը, Սալմերոն եւ Բրուէ Յիսուսեանները ուղարկեց Իրլանդիա, ուր մեծ երկիւղ կար Հենրիկոս VIII-ի Վերանորոգութեան երեսից։ Ֆաբեր Լեժէ եւ Բօբադիլիա գնացին Գերմանիա։ Լեժէ Րեգենսբուրգի մէջ այնպիսի ջերմութեամբ խօսեց Վերանորոգութեան ընդդէմ, որ ժողովուրդը կատաղելով կամենում էր խեղդել նորան Դանուբի մէջ։ Իսկ Ֆաբերը Քեօլն քաղաքում ստացաւ մի նոր անդամ Պետրոս Կանիզի անունով, որ յետոյ մեծ արդիւնք ցոյց տուեց Կարգին, եւ շարադրեց երեխաների համար մի կրօնագիտութիւն՝ խիստ յարգուած Պապականներից եւ մինչեւ այժմ։

Ֆրանսիայի մէջ բաղդը չ’յաջողեց Յիսուսեաններին։ Հենրիկոս II-ը, ինչ ժամանակ պատերազմ ունէր Սպանիայի հետ, քշեց Փարեզից բոլոր Սպանացիները, որոնց կարգումը եւ Յիսուսեանները, բայց դորա փոխանակ Սպանիայի մէջ առանձին պաշտպանութիւն ցոյց տուեց նորանց Ֆրանսիսկոս Բօրջիայն, որ այն միջոցին Կարոլոս V-ի տեղապահն էր Մադրիտի մէջ։ Ինչ որ վերաբերում է Իտալիային, այս երկրում մի նշանաւոր քաղաք չ’կար, ուր չ’լինէր Յիսուսեան։ Շուտով նորանց թիւը բարձրացաւ մինչեւ ութսուն։ Պապը, օրէ օր համոզուելով Իգնատիոսի ջերմեռանդութենից, յաւելացնում էր Յիսուսեանների արտօնութիւնը իւր անսխալելի կոնդակներովը?? Նա շինեց նորանց թիւը անորոշ եւ անսահման, իրաւունք տուեց Կարգին նոր օրէնքներ եւ կանոններ սահմանել իւրեան իսկ Կարգի համար, փոփոխել հին կանոնները՝ յարմարուելով տեղին եւ հանգամանքներին, թոյլ տուեց Յիսուսեաններին պատարագել ամենայն եկեղեցու մէջ, Պապական աշխարհի բոլոր քաղաքների մէջ, քարոզել ժողովրդին հրապարակներում եւ փողոցներում, թողութիւն տալ մեծ մեղքերին, մինչեւ անգամ այնպիսի մեղքերին, որ մինչեւ այն օրը Պապը միայն քաւում էր։ Պապին մնացել էր սեպհական թողութիւն տալ այն մեղքերին, որ յիշուած են «Սուրբ Հաղորդութեան» ասուած կոնդակի մէջ։

Այս կերպով Աբեղայական Կարգից աստիճան առ աստիճան գոյացաւ մի հասարակութիւն, որ ունէր իւր սեպհական օրէնքները, կանոնը եւ իրաւունքը. երեւեցաւ նոր տէրութիւն բոլոր եւրոպական տէրութիւնների մէջ (status in statu)։ Շուտով ահա սորանից յետոյ հանդէս բացուեցաւ Յիսուսեանների առաջ ցոյց տալու իւրեանց ջերմեռանդութիւնը դէպի Առաքելական Աթոռը, կամենում եմ ասել, թէ կազմուեցաւ Տրիդենտեան հռչակաւոր ժողովը։ Այն բաների մասին, որ պատճառ եղան այս ժողովքի կազմութեանը, հարկաւոր համարում եմ մի քանի խօսք ասել։

Եկեղեցական Վերանորոգութիւնը անհաւատալի արագութենով տարածւում էր Գերմանիայի մէջ։ Զուր տեղը Լեւոն X Պապը աշխատում էր փակել նորա առաջը «Նզովքի կոնդակովը»։ Ինքը՝ Կայսրը, մի կողմից խոստովանեցաւ Վերանորոգութեան օրինաւորութիւնը՝ իրաւունք տալով Պրօտեստանտներին (բողոքարկուներին) մի ազատ ժողով կազմել՝ հաւատի վերաբերեալ խնդիրները քննելու եւ վճռելու համար։ Բացի դորանից, Ֆրանսիայի եւ Սպանիայի Եպիսկոպոսքը պահանջում էին իւրեանց արտօնութիւնը մանաւանդ Եպիսկոպոսական գործերի մէջ, այն արտօնութիւնը, որ Հռովմի աթոռը ինքը իւր ազատ կամքովը առանց ոչ ոքի համաձայնութեան սեպհականել էր իւրեան։ Շատ բնական եւ հասկանալի բան է, որ Պապերը, տեսանելով, որ գործը այսպիսի ընթացք ստացաւ, պիտոյ է ամենայն ջանք գործ դնէին ժողովքի առջեւը փակելու, որ թէ կազմուէր, անտարակոյս ցոյց կը տար Պապական իրաւունքների չարաչար գործադրութիւնը, եւ գուցէ դեռեւս կը պահանջէր, որ իսկական Պապական կառավարութիւնը, ինքը իսկ Պապութիւնը ենթարկուի վերանորոգութեան, որ գո՛նէ դորանով կարելի լինի փակել Պրօտեստանտութեան առաջը, որ ինչպէս մի կրակ չոր նիւթերի մէջ, այնպէս առաջ էր վազում դէպի ամենայն կողմ ժողովրդի մէջ։ Այո՛, դեռ Ադրիանոս VI-ը մտածում էր վերանորոգել Պապականութիւնը, բայց վերահաս մահը արգելք եղաւ նորան իւր ցանկութիւնը կատարելու։ Պապական Աթոռը զանազան վէճերի եւ Սիմոնականութեան միջնորդութենով անցաւ Ֆլօրենտացի զօրավարի ապօրինի որդու՝ Յուլիոս Մեդիչիսի ձեռքը։ Այս ամենանենգաւոր մարդը գործ դրեց իւր բոլոր խորամանկութիւնը, որ յետ ձգէ եւ միանգամայն ոչնչացնէ ժողով կազմելու դիտաւորութիւնը, եւ նորա յաջորդը, երբ նստաւ Հռովմի գահի վերայ, տեսաւ, որ արդէն բանը բանից անցել էր։ Պաւլուս III Պապը, որպէս զի կարողանայ այս ընդհանուր ընդդէմ Պապականութեան ապստամբութեան առաջը առնուլ, անհրաժեշտ հարկ համարեց ընդունել հասարակաց ցանկութիւնը եւ թոյլ տալ, որ ժողովքը լինի։ Բայց զուր գնացին նորա աշխատութիւնքը այն մասին, որ ժողովը լինի Իտալիայում. նորան հարկադրեցին, որ լինի այն Տրիդենտի մէջ։ Պապը կամենում էր ուղարկել այն ժողովը իբրեւ իւր երեսփոխան այնպիսի մարդիկ, որ նախ եւ յառաջ շատ ջերմեռանդ հպատակ էին Պապական աթոռին, երկրորդ՝ երեւելի Աստուածաբան եւ կանոնագէտ։ Այսպիսի դիպուածում կարո՞ղ էր արդեօք նա մոռանալ Յիսուսեանները, նոցա կոյր հնազանդութիւնը Պապական իշխանութեան, ատելութիւնը դէպի հերետիկոսները, վէճերի եւ խռովութենների մէջ վարժութիւնը. ամենայն ինչ մի խօսքով շատ յարմար էր Պապի ցանկութեանը եւ հանգամանքների պահանջողութեանը, վասն որոյ հրամայեց նա Գեներալին ընտրել Յիսուսեանների միջից երկու շատ լաւ եւ ուսումնական մարդիկ՝ ժողովը ուղարկելու համար։ Իգնատիոսը ուրախութեամբ կատարեց այս հրամանը, որ պիտոյ է նոր փառքով ծածկէր Կարգի երեսը։ Նա ընտրեց այս մասին Լայենէզը եւ Սալմերօնը, որ իբրեւ Պապական Աստուածաբանք հասան Տրիդենտեան ժողովը մայիսի մէջ 1546 թուականին։

Բնակուելով հիւանդանոցների մէջ՝ նոքա սկսեցին իւրեանց գործը նորանով, որ կեղծաւորուելով այնտեղի հոգեւոր իշխանների առաջեւ, աշխատում էին շրջել նորանց իւրեանց կողմը։

Այս Կարգի Պատմիչքը ասում են, թէ, չ’նայելով, որ Իգնատիոսը հիւանդ էր տենդով, այսուամենայնիւ մի այնպիսի գեղեցկախօսութեամբ ջատագովում էր Մարիամի կուսութիւնը Դոմինիկեանների հակառակ, որ ներկայ գտանուած եպիսկոպոսները համարեցին, թէ տեսանում էին իւրեանց առաջեւումը ո՛չ թէ մի հասարակ մարդ, այլ Աստուծոյ մարգարէ, որ իբրեւ դաբիրայ եռոտանու վերայ մեկնում էր խորհուրդներ եւ քարոզում էր երկնքի Աստուածային նախասահմանութիւնը։ * ) Բայց Տրիդենտեան ժողովքի սահմանադրութենից երեւում է, որ Լայենէզ մասնակից չէր այս վէճին, եւ թէ միայն Օգոստինեան աբեղայքը ջատագովում էին Մարիամի կուսութիւնը Դոմինիկեանների հակառակ, թէ եւ երկու կողմը եւս չ’խլեց մինը միւսից յաղթութեան ձիթենին, եւ երկար չոր ու ցամաք վիճաբանութենից յետոյ հարկադրեցին նորանց լռել եւ դադարիլ այդ անօգուտ խօսակցութենից։ Հաւաստի է միայն այս, որ Լայենէզ իւր առաջին անգամ ժողովքի մէջ յայտնուելու ժամանակ կասկած տարածեց ժողովականների սրտումը, որոնք համարում էին, թէ նա Պելագիական էր. պատճառ, վեցերորդ նիստումը, երբ խօսակցութիւն էր լինում Աստուածային գթութեան մարդու վերայ ներգործութեան մասին, նա հերքում էր մարդումը ամենայն ազատ կամք։

Շուտով Պապի երեսփոխանների եւ այլ եպիսկոպոսների մէջ յայտնի թշնամութիւն ծագեցաւ։ Պապը, օգուտ քաղելով ժանտախտի յայտնուելուց Տրիդենտի մէջ, տեղափոխեց ժողովը Բօլոնեա։ Պապական կողմնակիցքը, նոցա կարգում եւ երկու Յիսուսեանները, գնացին այս քաղաքը, բայց Գերմանացւոց եւ Ֆրանսիացւոց եպիսկոպոսները մնացին Տրիդենտի մէջ եւ շարունակեցին եկեղեցական գործերի քննութիւնը. այս կերպով ընդհանուր ժողովը գլուխ չ’եկաւ։

Ի վերայ այսր ամենայնի. այն վէրքը, որ Վերանորոգութիւնը դրեց Պապական սրտի վերայ, աւելի խոր էր ներգործում հետ զհետէ։ Օրէ օր տարածւում էին Լուտերի Վարդապետութիւնը Գերմանիայում, Ցուինգլիինը Շուէյցարիայում, իսկ Կալուինականութիւնը ծաղկում էր Ֆրանսիայի մէջ։ Հռովմի Քահանայապետութիւնը տեսանում էր իւր մօտակայ կործանումը։ Ամենայն Պապ երկիւղ էր կրում վերջացնել այն գործը, որ սկսած էր ընդդէմ եկեղեցական Վերանորոգութեանը, վասնորոյ եւ թողնում էր իւրեան յաջորդին։ Գերմանացիք, Ֆրանսիացիք եւ մինչեւ անգամ Սպանիացիք զուր էին պահանջում, որ մի Տիեզերական ժողով լինի, եւ քննուին այնտեղ եկեղեցական գործերը։ Վերջապէս կորուսին նոքա իւրեանց համբերութիւնը, սպառնացան Պապին, որ թէ նա չ’հաւաքի մի օրինաւոր ընդհանրական ժողով, ինքեանք ազգային ժողովներով վերջացնելու էին ահա գործը։ Այս պատճառով Պիոս IV Պապը հարկադրուեցաւ տասն տարուց յետոյ նոր ի նորոյ կազմել մի ընդհանուր ժողով, որի համար տեղ նշանակուեցաւ դարձեալ Տրիդենտը։

Լայենէզը եւ Սալմէրօնը դարձեալ յայտնուեցան այս ժողովքի մէջ իբրեւ Պապական Աստուածաբանք։ Նոցա գլխաւոր միտքը այն էր, որ փոխեն ժողովքի ուղղութիւնը, պարապեցուցանեն նորան զանազան Աստուածաբանական չնչին բաներով եւ, այս կերպով մոլորեցնելով ժողովքի ուշադրութիւնը, հեռացնեն այն առարկայից, որի մասին գումարուել էր ժողովքը եւ որ ամենայն իրաւունքով սպառնում էր Պապական Աթոռին չարաչար կործանումն։ Այստեղ իւր ամենայն ճոխութենով հանդէս դուրս եկաւ Յիսուսեանների դպրոցական Աստուածաբանութիւնը։ Զուր տեղը հրամայուեցաւ, որ ժողովքի անդամներից իւրաքանչիւրը կէս ժամից աւելի չ’խօսեն. Սալմերօնը եւ Լայենէզը այնպիսի ճարտարութենով խառնափնդորում էին խնդիրները, որ, մինը միւսից դուրս գալով, անվերջանալի էր լինում, եւ ժողովքը դեռ չէր սկսած իւր գլխաւոր գործը։

Վերջապէս Ֆրանսիայի եւ Գերմանիայի Եպիսկոպոսները, ճարերը կտրուած, առաջարկեցին ժողովքի դատողութեանը, Հռովմէական Աթոռի գործը, այսինքն՝ իւր կամքով զանազան եպիսկոպոսական հոգեւոր իրաւասութենների ինքեան սեպհականելը։ Այստեղ հարկաւոր էր, որ Պապի կողմի մարդիկը պաշտպանէին Հռովմի Աթոռը։ Լայենէզը կատարեց այս գործը մեծ ճարտարութեամբ իւր խօսած ճառովը, որ կարո՛ղ էր օրինակ լինել դպրոցական իմաստակութեան (սոփեստութեան)։ Աւելորդ եմ համարում դուրս գրել այստեղ նորա բոլոր ճառը, որ ամբողջ գրուած գտանւում է Paolo Sarpiի շարադրութենների մէջ «Histoire du concile de Trente» (T. II. p. 139. et squ)։ Յիշեմ միայն այս, թէ Լայենէզը առաջին մասնումը առ հասարակ վարդապետում է Պապական իշխանութիւնը, ապացուցանում է Պետրոսի գերազանցութիւնը միւս առաքեալներից, որից դուրս է բերում եզրակացութիւն, թէ եւ Պապը որպէս յաջորդ Պետրոսի գերազանց է այլ եպիսկոպոսներից, որոնք միւս առաքեալների յաջորդներն էին, ուրեմն գերազանց է եւ ներկայ ամբողջ ժողովքից. ըստ որում, ասում է Լայենէզ, եթէ իւրաքանչիւր եպիսկոպոս առանձին առանձին պարտական են հնազանդուել Պապին, եւ թէ նորանցից մինը չ’հնազանդուի, հերետիկոս կը համարուի, ուրեմն կասկած չ’կայ, որ բոլորը միասին առած, եթէ հակառակուին Պապին, հերետիկոս կը համարուին, եւ ժողովը, որ Պապը կազմել է միմիայն խորհուրդ առնելու համար, կը դառնայ հերետիկոսական ամբոխ։ Այս բոլոր իմաստակութիւնը նա զօրացնում է Սուրբ գրքի վկայութեններով, որ մեկնում էր ինչպէս կամենում էր ինքը, կամ ինչպէս ցանկանում էր Պապականութեան սիրտը, թէ գրուած լինէին, եւ կանոն գրքի յօդուածներով։ Երկրորդ մասնումը հերքում է նա այն կարծիքները, որ առանձին առանձին տրուեցան Պապի հակառակ։

Այս ճառը զանազան տպաւորութիւն գործեց լսողների վերայ։ Պապական դեսպանները մինչեւ երկինք բարձրացուցին Լայենէզի խելքը եւ ճարտարութիւնը, դորա հակառակ ողջամիտ եպիսկոպոսները լցուել էին արհամարհանքով դէպի նա եւ դէպի նորա գոված Պապը։ Մանաւանդ Փարիզի Արքեպիսկոպոսը մի առանձին ոգեւորութենով ջարդեց Լայենէզի կարծիքները օրինաւոր եւ առողջամիտ փաստերով, եւ խոստացաւ հետեւեալ նիստումը ապացուցանել, որ ինքեանք Յիսուսեանք են հերետիկոս եւ կամենում են խռովել եկեղեցու խաղաղութիւնը։

Պապի դեսպանները եւ Յիսուսեանները գործ դրեցին իւրեանց բոլոր խարդախութիւնը, որպէս զի այդ նիստը չ’լինի, ուր պիտոյ է արդարապէս խայտառակուէին Փարիզի իմաստուն Արքեպիսկոպոսի բերանով։ Վերջապէս հասան իւրեանց նպատակին՝ զանազան ազգերի Եպիսկոպոսները, մանաւանդ՝ ֆրանսիացիները եւ սպանացիները կռուեցնելով միմեանց հետ։ Կայսրը, իմանալով այս բանը, գնաց Ինսպրուկ, որ մօտ լինելով Տրիդենտին, իւր ներգործութենովը հաշտեցնէ երկու թշնամացած կողմերը։ Կանիզի Յիսուսեանը, որ գտանւում էր Կայսրի մօտ, ամենայն հնար գործ էր դնում, որ Պապի կողմը շրջէ նորան։ Երբ այս անօգուտ եղաւ, նա լրտես դարձաւ եւ Ֆերդինանդի բոլոր մտածութենների մասին ծանօթութիւն էր տալիս Պապի դեսպաններին եւ Յիսուսեաններին, որոնք իմանալով, վաղ ուրեմն ներգործում էին ժողովքի մէջ եւ Կայսրի խաղաղութեան մասին խորհուրդների առաջը փակում էին։ Ահա՛ այս կերպով ժողովը չ’կարողացաւ հասանել իւր գլխաւոր նպատակին, որ էր Պապական Աթոռի եւ Տէրութեան վերանորոգութիւնը։

Անհնար է նոյնպէս լուռ մնալ Լայենէզի եւ մի այլ խաբեբայութեան մասին։ Ժողովքի մէջ սահմանուած էր շատ փոփոխութիւններ առնել աբեղայական Կարգերում, որոնց մէջ կայր եւ այս թէ, կարգի իշխանը տարեկան հարցաքննութենից յետոյ կա՛մ պիտոյ է թոյլ տար աշակերտներին ընդունել ուխտը, կա՛մ յետ դարձուցանէր նորանց իւրեանց տունը։ Որովհետեւ այս բանը համաձայն չէր Յիսուսեան Կարգի ուղղութեանը, որի անդամ լինել ցանկացողքը շատ տարիներով պիտոյ է փորձուէին, վասնորոյ Լայենէզ խնդրեց, որ բացառութիւն լինի իւրեանց Կարգի մասին, այսինքն՝ այս կանոնը ազդեցութիւն չունենայ Յիսուսականացու աշակերտների վերայ։ Այս խնդրին բոլոր միաբերան համաձայնեցան, բայց երբ այս սահմանադրութիւնը պիտոյ է գրով արձանացնէին, Լայենէզ, Լատինի բաղդասութեան կանոնների վերայ հիմնուելով, հրամայեց գրել «Per hoec sancta sinodus non intendit» եւ այլն։ Այս յոգնակի բառը՝ hoec, փոխանակ եզակի բառիս՝ hoc, երկսայրաբանութիւն տալով ամբողջ սահմանադրութեանը, պատճառ դարձաւ վերջումը, որ Յիսուսեանք չ’ընդունին այս ժողովքի բոլոր սահմանադրութիւնքը աբեղայական Կարգերի մասին։

Այս միջոցին Իգնատիոսը խնդրեց եւ ստացաւ Պապից ուրիշ շատ արտօնութիւններ իւր Կարգին։ Նա ինքը սկսեց փոքր առ փոքր յետ կենալ իւր առաուջայ ուխտերից։ Պորտուգալիայի թագաւորը կամենում էր իւր խոստովանահայր նշանակել Յակոբ Միրա Յիսուսեանը, որ հրաժարուեցաւ այս վսեմ պաշտօնից՝ անհամաձայն համարելով այսպիսի պաշտօնը իւր դրած հեզութեան ուխտին։ Այս բանը բոլորովին անհաճոյ եղաւ Իգնատիոսին. պատճառ, որ գրեց Միրային. «Այդպիսի պաշտօնքը հակառակ չեն մեր կոչմանը. մեք պարտական ենք չ’արհամարհել հասարակաց կարծիքով շատ ցած ճանաչուած գործը, եւ ո՛չ վախենալ շատ բարձր պաշտօններից։ Այո՛, մեզ պիտոյ է հիւանդանոցներումը վարժել մեր ջերմեռանդութիւնը, բայց ի վերայ այսր ամենայնի չ’հրաժարուել եւ թագաւորական ապարանքներից։ Թագաւորները, ամենայն կողմից փորձանքներով եւ ամբոխմունքներով պատած, առաւել եւս քան թէ այլ մահկանացուք, կարօտ էին մեր օգնութեանը, որ հոգու փրկութիւն գտանէին»։ Ահա՛ Յիսուսեանների թագաւորական խոստովանահայր դառնալու եւ նոցա խղճմտանքին տիրելու համար աշխատութենների գլխաւոր հիմքը։ Բայց Լօյոլա միանգամայն այլապէս էր մտածում եպիսկոպոսական արժանաւորութեան մասին եւ երբէք չէր կամենում թոյլ տալ Լէ-Ժէին Կայսրի ձեռքից ընդունել Աուգսբուրգի եպիսկոպոսական աթոռը։ Նա երկիւղ էր կրում, թէ մի գուցէ Կարգի քանքարաւոր եւ օգտակար անդամքը, հոգեւորական բարձր աստիճանների հասնելով, մոռանան եւ անտես առնեն Կարգի օգուտը։

Այս միջոցին Իգնատիոսը իւր Կարգի երկու աստիճանների վերայ (այսինքն՝ անդամների եւ աշակերտների), յաւելացրեց երրորդ աստիճանը եւս՝ «Արտաքին Յիսուսեան» (jésuites extêrnes)։ Այս աստիճանը հաստատուեցաւ նորանց համար, որոնք ստիպուած իւրեանց հանգամանքներից չէին կարողանում ընդունել Կարգի ուխտը, բայց կարո՛ղ էին օգտակար լինել Կարգին. այս պատճառով բոլոր առաջուայ ուխտերի միայն անունը մնաց, եւ Կարգը կորուց մինչեւ անգամ հոգեւորական բնաւորութիւնը եւ յատկութիւնը, այժմ կիսով չափ դարձաւ աշխարհական, որ (ինչպէս կը տեսանենք յետոյ) շատ վէճերի պատճառ եղաւ Փարիզի Պարլամենտի հետ։

Բայց Կարգը իւր արագ յառաջադիմութեան մէջ պատահեցաւ եւ հզօր հակառակորդների, որ ճանաչում էին նորա հոգին եւ ուղղութիւնը։ Պորտուգալիայում դատապարտում էին Յիսուսեանները, թէ նոքա, ուսուցանելով Կօիմբրեան Կօլլեգիումի մէջ, սերմանում են աշակերտների սրտումը այնպիսի գիտութիւն, որ օգտակար էր Կարգին, բայց անհամաձայն թագաւորութեան հին եւ բնաւորեալ սովորութեններին։ Սպանիայում եպիսկոպոսները շատ լաւ չէին նոյնպէս Յիսուսեանների հետ՝ մտքերումը ունենալով նոցա ամենասաստիկ աշխատութիւնը Տրիդենտեան ժողովի մէջ, պապական իշխանութեան գործադրութիւնը արդարացնելու համար, բայց Յիսուսեանների բաղդից այս արհամարհանքների փոխանակ Սուրբ Ինկվիզիցիօն ընդունեց նորանց իւրեան պաշտպանութեան տակ, եւ Լօյոլան կարողացաւ վերջապէս Ֆերդինանտ երկրորդի օրովը հաստատուիլ Նիդերլանդիայի մէջ։

Միմիայն Ֆրանսիայի մէջ Կարգը հանդիպեցաւ սաստիկ արգելառիթների եւ շատ խելացի հակառակորդների։ Շատ ժամանակ է, որ Յիսուսեանք կամենում էին մտանել եւ արմատանալ այս տէրութեան մէջ, որպէս զի կարողանան տիրապետել Աստուածաբանական Ֆակուլտէտին, որի կարծիքը շատ յարգելի էր Պապական աշխարհի մէջ։ Այս խորհրդով Իգնատիոսը դիմեց դէպի Լօտարինգեան Կարդինալը, որ գտանւում էր այն ժամանակ Հռովմում եւ որ շատ հարուստ եւ երեւելի մարդ էր Ֆրանսիայի մէջ։ Կարդինալը խոստացաւ նորան պաշտպան լինել Ֆրանսիայի տէրութեան մօտ, եւ ճշմարիտ. կատարեց նա իւր խոստմունքը, երբ արդէն Փարիզ էր հասել։ Նորա միջնորդութենովը Հենրիկոս II-ը հրամայեց Պարլամենտին արձանագրել թագաւորական հրամանը, որով օրինաւոր էին ճանաչւում Ֆրանսիայի մէջ բոլոր պապական Կոնդակները Կարգի արտօնութենների մասին եւ որով թոյլատրւում էր միմիայն Փարիզ քաղաքի մէջ շինել Տուն եւ Կօլլեգիում երեխաների դաստիարակութեան համար։ Պարլամենտը, դեռեւս այս հրամանը չ’կատարած, բովանդակ գործը ենթարկեց Փարիզի Համալսարանի Աստուածաբանական Ֆակուլտէտի եւ նոյն քաղաքի Արքեպիսկոպոսի վերաքննութեանը։ Սուրբ Ֆակուլտէտը իւր գրաւոր դատողութեան մէջ յայտնեց, թէ այդ «Կարգը սեպհականում է ինքեան մինչեւ այժմ չ’լսուած անուն, այս է Յիսուսեան. թէ նա անդամ է ընդունում անխտիր ամենայն մարդ եւ մինչեւ անգամ այնպիսի մարդիկ, որ մանաւանդ յայտնի էին իւրեանց անպատւութենովը, թէ նա չունի այնպիսի սովորութիւններ եւ կանոնադրութիւններ, որով բաժանուէր Կարգը աշխարհականներից, թէ տուել են նորան աւելորդ արտօնութիւնք, որ վնասակար էին եպիսկոպոսական եւ քահանայական իրաւունքներին, թէ Կարգը այս ճանապարհով, անհամաձայնութիւն եւ վէճ սերմանելով, այլ եւ խանգարելով հոգեւոր իշխանութեան հպատակութիւնը, ոչինչ բարեկարգ Տէրութեան մէջ չէ կարող ընդունուիլ»։ Փարիզի Արքեպիսկոպոսը, որ պատճառ ունէր ատելու Յիսուսեանները, Տրիդենտեան ժողովի մէջ նոցա առաջ բերած խնդիրների եւ կարծիքների մասին, հաստատեց ֆակուլտէտի վճիռը՝ այս եւս յաւելացնելով, թէ որովհետեւ Կարգի գլխաւոր նպատակը այն է, որ քարոզէ անհաւատներին Քրիստոսի Աւետարանը, վասն որոյ առաւել պատշաճ է Սուրբ Յովհանն երուսալեմայու Ասպետների նման ուղարկել նորանց Ասիա։ Յիսուսեանները, ջարդ ու փշուր եղած Սրբազան ֆակուլտէտի եւ Փարիզի Արքեպիսկոպոսի դատակնիքով, հեռացան Սէն-Ժերմէն ագարակը, որ Փարիզի Արք եպիսկոպոսի իշխանութենից դուրս էր, Սէն-Ժերմէնի Աբբային Պապից պարգեւած արտօնութեան զօրութենովը։ Իգնատիոսը գրեց նորանց, որ չի յուսահատուին, այլ շարունակեն իւրեանց աշխատութիւնը։ Նորա հետեւողութենով խուզարկու ատեանը դատապարտեց Փարիզեան Համալսարանի Աստուածաբանական ֆակուլտէտի վճիռը։

Այս միջոցին հասաւ Կարգի պատմութեան խորհրդաւոր դարագլուխը, այսինքն՝ Լօյոլայի մահը։ Նորա կեանքում պատահած անօրինակ անցքերը, նորա անդադար հոգսը եւ աշխատութիւնքը, որ կրում էր Կարգը ընդարձակելու եւ տարածելու համար, հետեւեցուցին նորա մարմնի նուազութիւն, որ թուլացուց Իգնատիոսի ի բնէ բիրդ եւ առողջ կազմուածքը։ Երբ բոլորովին զրկուած ուժից, ընկած էր մահուան մահճի մէջ, նա դեռեւս թելադրեց իւր շարադրութիւնը՝ «Հնազանդութեան օգտակարութեան մասին», եւ կնքեց իւր զարմանալի կեանքը յուլիսի 31 թուականին 1556 տարումը։ Այսպէս եղաւ այս հռչակաւոր մարդի վախճանը, որի մասին զանազան մարդիկ զանազան բաներ ասացին։ Ոմանք սրբացնում են նորան, ոմանք վերագրում են մի առանձին քանքար։ Ճշմարիտը խօսելով եթէ ասենք, նա, ո՛չ այն է եւ ո՛չ այն. նորա հռչակուած սրբութիւնը ո՛չ այլ ինչ էր, եթէ ո՛չ կամակոր մոլակրօնութիւն։ Նա իբրեւ Սպանիացի ունէր արմատական կամ ժառանգական հպարտութիւն եւ անսանձ երեւակայութիւն, որ ժամանակի զարմանալի փոփոխութենների միջնորդութենովը, ձգում էր նորան զանազան կարգից դուրս գործերի մէջ, որոնք մինչեւ անգամ անհնարին բաների կարգումն էին։

Կեանքի վերջին ժամանակներումը չ’մնացին Իգնատիոսի մէջ նորա առաջուայ աշխուժի եւ ոգեւորութեան մինչեւ անգամ եւ հետքը. զանազան հոգսերը Կարգի Կառավարութեան մասին, բնականաբար, պիտոյ է հեռացնէին նորա միտքը երկնային տեսիլքներից, երազներից եւ դարձուցանէին նորան իրական գործերի վերայ։ Իգնատիոսը, բնակուելով Պապական Ապարանքի մօտ, որ այն ժամանակներումը փայլում էր Եւրոպայի մէջ, սեպհականեց ինքեան սնափառութիւն, քաղաքավարութիւն եւ մինչեւ անգամ Պալատական կեանքի շռայլութիւնը։ Նա վերին աստիճանի անկիրթ մարդ էր։ Եթէ արդարութենով, նորանից սահմանուած Կարգը իւր քաղաքականութեամբ կարելի է նշանաւոր համարել, այն ժամանակ Կարգը առաւել երախտապարտ է քան թէ հիմնարկողին, ժամանակի հանգամանքներին, որոնք փրկեցին նորան առաջուայ ուխտերից, այսինքն՝ աղքատութենից եւ հեզութենից, եւ տուեցին ըստ ամենայնի հակառակ ուղղութիւն։ Մի բանի համար միայն Կարգը երախտապարտ է Լօյոլային, որովհետեւ նորանից ստացաւ նորա զինուորական հոգին։ Լայենէզի եւ Ակուաւիու Մաքիաւելականութիւնը հիմնեց Կարգի տիեզերական թագաւորութիւնը՝ խորին քաղաքականութեան բովանդակ մասներով։ Իգնատիոսը եւ մտածած չէր անգամ դորա մասին, եւ կարողութիւն եւս չունէր նորան հասանելու։ Միմիայն կրօնական մոլութիւն էր նորա խորհուրդը եւ նպատակը, որին հասանելու համար ոչինչ բան չէր խնայում։ Անդադար ապաշխարութիւնը, երեխաներ կրթելը, ընտանեկան գործերում միջնորդ լինելը բղխում էր առաջ միմիայն հաւատից, բայց յետոյ, այսինքն՝ Իգնատիոսի յաջորդների օրովը, այդ բաները գործիք դարձան զարհուրելի քաղաքականութեան։

Իգնատիոսի վարքը գրողքը ընծայում են նորան շատ հրաշքներ։ Միմիայն Րիբադանէյրա, խոստովանելով միայն նորա սրբութիւնը, հերքում է նորան վերագրած շնորհքները։ Բայց XVII դարու սկզբումը, երբ Յիսուսեանք Ապօթէոս էին պատրաստում իւրեանց նահապետին, Րիբադանէյրայի պատմութիւնը սրբագրուեցաւ, այսինքն՝ փոփոխուեցաւ այնպէս, ինչպէս ցանկալի էր Յիսուսեաններին, որ գրէր հեղինակը, եւ նորա առաջին տպագրած օրինակները ջնջուեցան որքան կարելի էր Յիսուսեանների աշխատասէր եւ անխոնջ ձեռքովը։ Վերջ ամենայնի Գրիգոր XV մարտի 12ին 1622 թուականում դասեց Իգնատիոսը սուրբերի Կարգը, եւ Նիդերլանդիայի Յիսուսեանները գրեցին նորա մահարձանի վերայ հետեւեալ արժանի ուշադրութեան խօսքերը.

Cujus animus

Vastissimo coërcèrï non potuit totius orbis ambitu

Ejus corpus

Humili hoc angustoque tumulo continetur.

Ǫui magnum aut Pompejum, aut Caesarem, aut Alexandrum cogitas

Aperi oculos veritati

Majorem his omnibus leges

Ignatium.

Որ նշանակում է. «Որի հոգու համար բաւական չէր ամբողջ աշխարհի տարածութիւնը, նորա մարմինը պահւում է այս անշուք եւ նեղ բլուրի տակ։ Եթէ դու մեծ ես համարում, կամ Պոմպէոսը, կամ Կեսարը կամ Ալեքսանդրը, բաց ճշմարտութեան հանդէպ աչքդ եւ կը տեսանես, որ ողջից մեծ է Իգնատիոսը»։

Կարճ ի կարճոյ նկարագրեցի ես այստեղ Յիսուսեան Կարգի հիմնարկութեան եւ առաջին անգամ բոլոր Եւրոպական տէրութենների մէջ տարածուելու պատմութիւնը, հետեւում է այժմ ցոյց տալ նորա ներքին կազմակերպութիւնը, որ ինչպէս պատճառ էր Կարգի արագ տարածութեանը, նոյնպէս նորանից էր կախւում, որ Յիսուսեանք մեծ հանդէս եւ նշանակութիւն ստացան պատմութեան մէջ։ Այս կազմակերպութիւնը ընդունուած է բոլորից իբրեւ քաղաքականութեան օրինակական գործ։ Իգնատիոսը անգիտաբար դրեց նորա հիմքը եւ հաւաքեց նիւթեր, որ կարգի դրուեցան յետոյ այլ Գեներալների ձեռքով, մանաւանդ՝ Յակոբ Լայենէզի ձեռքով, որ իւր ժամանակումը երեւելի քաղաքագէտներից մինն էր։

Ոչինչ հասարակութիւն աշխարհի երեսին հաստատուած չէր այսպիսի ապահով հիմքերի վերայ, ինչպէս Յիսուսեան Կարգը։ Սարսափելով տեսան յետոյ, որ դուրս եկաւ Եւրոպական Տէրութենների մէջ մի ահարկու իշխանութիւն, որ կոխեց ու անցաւ առաջուայ իշխանութեններից, որոնք չափի ու սահմանի տակ էին եւ որոնց մէջ կային օրէնք ու կանոն. դուրս եկաւ մի այնպիսի իշխանութիւն, որ աշխատում էր հիմնել մի համաշխարհական, մի տիեզերական թագաւորութիւն։ Կարգի կանոնները, եւ թէ ինչպէս էր բաղկանում այս մարդկութեան թշնամի հասարակութիւնը արդարեւ յաւիտեանս յաւիտենից կը մնար իբրեւ մի անլուծանելի առեղծուած օրինատուերի եւ Տէրութենական մարդերի համար, եթէ 1584 թուականումը, երբ Յիսուսեանք հասան արդէն վերին աստիճանի կարողութեան, չ’տպուէին այդ բոլոր կարգադրութիւնքը, Կարգի գլխաւոր անդամների գործադրութեան համար. այլ մարդերի համար մի անմօտենալի գաղտնիք էր նոցա Կարգը ու կանոնը։

Կարգը բաղկանում էր այս հետեւեալ գլխաւոր աստիճանակարգերից, այսինքն՝ I) Ունկնդիրներից կամ նորընծաներից, II) Աշակերտներից, III) Ժողովողներից (coactor) եւ IV) Ուխտապահերից։ Ունկնդիրք անուանւում էին նոքա, որոնք արդէն երկու, երեք կամ աւելի եւս տարիներ փորձուած էին։ Գլխաւոր անդամք իշխում էին նոցա վերայ, եւ նոքա պարտական էին խոստովանել նորանց իւրեանց մեղքերը, պատմել ինչ որ բոլոր կեանքերումը գլխներից անցել էին։ Այսպէս ահա՛ արդէն նուիրեալ Յիսուսեանները քննում էին եւ ճանաչում նոցա բնաւորութիւնը եւ այս կերպով դնում էին նորընծաների վերայ այնպիսի պարտականութիւնք, որոնց մանաւանդ յարմար էին։ Եթէ նոցանում չ’երեւէին ոչ մի բանի ընդունակութիւն, որ Կարգին հարկաւոր էին, այնպիսիներին յետ էին ուղարկում։ Կանոնի զօրութենով, մի քանի մահացու մեղքեր, որոնք, թէ լինէին մի մարդի վերայ, զրկում էին նորանց Կարգին անդամ լինելու իրաւունքից։ Բայց այս բանի վերայ չէ՛ր լինում խիստ ուշադրութիւն, եւ Գեներալը քանքարաւոր մարդիկ ընդունում էր Կարգի անդամ՝ հաշիւ չ’դնելով նոցա մեղքերը, որչափ եւ մեծ լինէին սոքա։ Ունկնդիրները երկար փորձուելուց յետոյ անցնում էին գովասանեալ աշակերտների Կարգը, որոնք կամ ուսուցանում էին դպրոցների մէջ, կամ դեռեւս ուսանում էին ինքեանք։ Նոցա դեռ յայտնի չէր, թէ ի՞նչ կամ ո՞ր աստիճանակարգի մէջ պիտոյ է մնային. պատճառ, այդ բանը Գեներալի կամքիցն էր կախւում, որի կամքը էր եւ հասարակաց կամքը, հասարակութեան անդամները տէր չէին իւրեանց մարդկային ազատ կամքին։ Գեներալը կարո՛ղ էր նուիրել (օրհնել) նորանց ուխտապահ չորս ուխտերին, որոնց յայտնի էին Կարգի բոլոր գաղտնիքը, կամ շինել նորանցից աշխարհական ժողովողներ, որոնք կատարում էին ամենաստոր պաշտօններ։ Երրորդ աստիճանակարգը բաղկանում էր ժողովողներից։ Այս աստիճանին կարելի էր հասանել եւ չ’լինելով գովանի աշակերտ։ Նոյնպէս կարելի էր ուխտապահ լինել ժողովող չեղած։ Այս տնօրէնութիւնը, ինչպէս վերեւումը ասացի, կախւում էր Գեներալից, որ, յարմարուելով Կարգի հարկաւորութեններին, տնօրինում էր։ Նուիրեալների ընդունակութիւնքը եւս շատ բան էին նշանակում այս տնօրէնութեան ժամանակ։ Ժողովողները բաժանւում էին՝ Հոգեւորական եւ աշխարհական։ Առաջիններից պահանջւում էր լաւ կրթութիւն. պատճառ, նոքա քահանայք էին եւ դպրոցների մէջ ուսուցիչք։ Նոյնպէս աննշան մարդերի համար նոցանից էին նշանակւում խոստովանահարք։ Աշխարհական ժողովողները Կօլլեգիումների եւ Ուխտապահերի տներում կատարում էին ամենացած պաշտօններ եւ չէին կարող քահանայանալ։ Ժողովողները հրաժաւում էին իւրեանց սեպհականութենից, որ ընծայում էին Կարգին, այսինքն՝ Յիսուսեան եկեղեցիներուն եւ Կօլլեգիումներուն, իսկ ինքեանք պիտոյ է ապրէին մուրալով։ Բայց թէ գտանուէին Կօլլեգիումներում եւ նորընծայական տներում, այն ժամանակ ստանում էին նոքա իւրեանց ապրուստ այս շինուածների եկամուտից։ Ժողովողների ուխտը կատարւում էր հրապարակով, բայց ո՛չ հանդէսով։ Նոցա խոստմունքը այս էին՝ ողջախոհութիւն, աղքատութիւն եւ կոյր հնազանդութիւն դէպի Գեներալի կամքը։

Ժողովողների եւ չորս ուխտերի ուխտապահերի մէջ կար մի այլ միջին աստիճանակարգ «Ուխտապահք երեք ուխտերի»։ Կանոնադրութեան մէջ այս մասին ոչինչ չէ յիշւում, թէ ի՞նչ խորհրդով է կարգած։ Երեք ուխտերի ուխտապահքը զանազանւում էին ժողովողներից նորանով, որ չէին կարող քահանայանալ կամ վարժապետ լինել եւ նորանց ուխտապահական երդումը չէր լինում հրապարակով, թէ եւ մի կերպ հանդիսավեհութեամբ։ Հիմնուելով այս բանի վերայ՝ Ֆրանսիացի Գեներալ Պրօկուրօր Դէ-Մօնկլարը իւր շարադրութեան մէջ «Compte rendu des constitutions des Jésuites» կարծում է, թէ այս աստիճանակարգը սահմանուած էր այնպիսի աշխարհական մարդերի համար, որոնք թէ եւ Յիսուսեան էին, բայց պիտոյ է ծածկէին այդ նախ, Կարգի օգտի համար, երկրորդ հասարակութեան դրութեանը համեմատ։ Այս բոլոր աստիճանակարգի մարդիկը կարող էին եւ չզանազանուիլ հագուստներով աշխարհական մարդերից։

Վերջին, որ եւ ամենավերին աստիճանակարգը, բաղկանում էր «Չորս ուխտերի ուտապահերից»։ Սոքա էին հասարակութեան հիմնաւոր սիւնքը՝ այս մեծ մարմնի ոսկերքը ու ջիլերը, «columnae et fundamenta totius societatis; ossa et nervi hujus magni corporis»։ Խորհրդածութեան ժամանակ սոքա միայն ունէին ներգործական եւ կրաւորական ձայն։ Սոցանից ընտրւում էին Կարգի Գեներալը եւ այլ բարձր աստիճանաւորները։ Սոքա միմիայն, ինչպէս ասաց Պօրտուգալացոց թագաւորը իւր հրովարտակի մէջ, Յիսուսեանները հալածելու մասին, գիտէին բոլոր դաշնադրութենների սարսափելի գաղտնիքը։ Տարակոյս չ’կայ, որ Չորս ուխտի Յիսուսեաններից պահանջւում էին խորին գիտութիւն, խելք, բանականութիւն եւ մանաւանդ բոլոր մասնաւոր կամ անձնական օգուտների մեռուցումն։ Կարգի օգտի համար նոքա պիտոյ է ոչնչացնէին իւրեանց ազատ կամքը եւ կոյր հնազանդութեամբը հպատակէին Կարգի կամքին։ Այս պատճառով մեծ զգուշութեամբ ընդունւում էին այս աստիճանակարգի մէջ միայն այն մարդիկը, որոնք շատ տարիներով փորձուած էին։ Սոցա ուխտը զանազանւում էր միւսներից նորանով, որ սոքա երդում էին ուտում կատարեալ հնազանդութիւն ունենալ դէպի Պապը, ուր եւ ուղարկելու լինէր նորանց Աւետարանի քարոզութեան համար։ Բայց այս երդումը մի մեծ զօրութիւն չունէր եւ Պապին մեծ օգուտ չէր կարող բերել. պատճառ, Գեներալը ամենայն ժամանակ կարող էր յետ կանչել քարոզիչները, եթէ կամենար, առանց խնդրելու Պապի յատուկ համաձայնութիւնը։ Բացի բոլոր այս կարգերից, կային եւ որոշ Յիսուսեանք՝ «Jésuites indifférants»։ Սոքա յատկացեալ պաշտօն չունէին Կարգի մէջ, այլ առանց ձայն հանելու պիտոյ է հնազանդուէին Կարգի կամքին եւ կատարէին այն գործը, որ Կարգը յանձնում էր նոցա։ Սոքա էին ողջից վտանգաւոր Յիսուսեանքը։

Բայց այսուամենայնիւ ո՛չ թէ միայն օտարների, այլ եւ ինքեանց Յիսուսեանների համար, որ Չորս ուխտիցը չէին, մնում էր անլուծանելի առեղծուած, թէ ո՞վ ո՞ր Կարգին է պատկանում։ Յայտնի էր միայն, որ Գեներալը, Գաւառականները եւ Կօլլեգիումների Կառավարիչքը լինում էին միշտ Չորս ուխտի Յիսուսեաններից։ Յիսուսեան Կարգը, ունենալով կիսաշխարհական բնաւորութիւն, զանազանւում էր այլ աբեղայական Կարգերից նորանով, որ Գեներալը կարո՛ղ էր արձակել Կարգից այն անդամները, որ կամ մի բանով յանցաւոր էին գտանուել, կամ անօգուտ էին Կարգին։ Մինչեւ անգամ ինքեանք անդամները կարո՛ղ էին հրաժարական խնդիր տալ Գեներալին, որ ազատ իրաւունք ունէր արձակելու։ Այն Յիսուսեանները, որ ինքնակամ հրաժարւում էին Կարգի օգտաւէտութենից, համարւում էին ուրացողք, հերետիկոսք, եւ Պապի տուած արտօնութեան զօրութենովը կարելի էր բռնել նորանց, ուր եւ լինէին նոքա, եւ դատել դատապարտել Կարգի դատաստանովը։ Եւ եթէ հարկաւոր լինէր, աշխարհական իշխանաւորները, երկիւղ կրելով, որ չ’արտաքսէին իւրեանց եկեղեցուց, հարկադրւում էին իսկոյն հասուցանել իւրենաց օգնութիւնը, երբ Յիսուսեանք առաջին անգամ պահանջում էին։ Քրէական յանցանքների համար Յիսուսեանները չունէին յատկացուցած օրէնքներ. իւրաքանչիւր առանձին պատահմունքների համար կամ Գեներալը, կամ կառավարիչը դնում էին իւրեանց վճիռը։

Խօսինք այժմ Յիսուսեանների ներքին կազմուածքի մասին։

Յիսուսեանների ներքին կազմուածքը բաղկանում էր հետեւեալ հասարակութեններից (corporatio)՝ I Կօլլեգիաներից, Նորընծայական տներից եւ երեւելի մարդերի բնակարաններից, II Ուխտաւորական տներից, III Առաքելական ժողովներից (missia)։ Բացի սորանցից, կային եւ այլ Յիսուսեանք, որ առանձին գաղտնի երդումներով կապուած էին Կարգի հետ, բայց բնակում էին Յիսուսեանների հասարակութենից դուրս։ 1710 թուականին Կարգը ունէր 612 Կօլլեգիա, 340 ապարանք, 59 նորընծայական տուն, 200 առաքելական ժողով եւ 20, 000 Յիսուսեան, բացի կողմնակի Յիսուսեաններից, որոնց թիւը անհամար էր Եւրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի մէջ։ Նոցա պատկանում էին եւ շատ երեւելի մարդիկ, ինչպէս Ֆրանսիսկոս Բօրջիան Կանդինեան զօրագլուխը, Լյուդովիկոս XIV, Կարդինալ Շօշֆուկօ եւ մի քանի այլ մարդիկ։ Ուխտապահերի տները բաղկացնում էին Կարգի էական մասը եւ չէին կարող ոչինչ բանի տիրել։ Բայց ապարանքները, Կօլլեգիաները եւ նորընծայական տները առաջինների նման գլխաւոր պաշտօն չունէին Կարգի մէջ եւ կարո՛ղ էին սեպհականել ինքեանց շարժական կամ անշարժ կայք ու կալուած։ Սորանով պարզւում է եւ հասկացւում է Յիսուսեանների անհամար հարստութիւնը՝ չ’նայելով, որ նոքա երդում էին կերել աղքատութեան ուխտը պահելու։

Այս ահագին միութիւնը կառավարւում էր Գեներալի, Գաւառականների եւ Կառավարիչների ձեռքով։ Գեներալը էր գլուխ Կարգին, Գաւառականք՝ իշխող գաւառներին (որ երբեմն պարունակում էին իւրեանց մէջ քանի մի Տէրութիւնք), իսկ Կառավարիչք եւ ուխտապահերի իշխանքը կառավարում էին Կօլլեգիաները, ուխտապահական եւ նորընծայական տները, այլեւ՝ առաքելութիւնքը։ Բացի սորանցից, կային եւ այլ շատ ստորին աստիճանաւորներ, որոնք ենթադրւում էին Ուխտապահերի գլխաւորին, սոքա՝ Գաւառականներին, իսկ Գաւառականները՝ Գեներալին։ Գեներալի մօտ գտանւում էին միշտ չորս օգնական, որ Կարգի խորհրդածութենով նշանակուած էին Գեներալի ընտրութենից յետոյ։ Բացի այս չորս օգնականներից, ինքը՝ Գեներալը, ընտրում էր այլեւս չորս մարդ՝ անկախ մնալով Կարգի հաճութենից։ Գտանւում էին նոյնպէս Գեներալ-Քարտուղար եւ գլխաւոր խորհրդական (monitor)։ Սոքա ողջը լինում էին ինքեանք իսկ Կարգի մէջ անմիջապէս։ Բայց Պապի կամ այլ Պապական Տէրութենների մօտ գտանւում էին Կարգի իրաւունքների Գեներալ-Պաշտպանքը (general procurator), իսկ իւրաքանչիւր գաւառների համար նշանակւում էին առանձին այցելուք (visitator)։

Բոլոր գաւառների դէպուտատները անդամ էին Կարգի խորհրդարանին եւ միշտ հաւաքւում էին Հռովմի մէջ։ Բացի Գեներալի ընտրութեան ժամանակից, շատ սակաւ էին պատահում այսպիսի ժողովքներ եւ այն երեւելի գործերի մասին։ Գեներալի մահից յետոյ իսկոյն նորա տեղը բռնում էր Գեներալ յաջորդը, որ վաղուց արդէն նշանակել էր ինքը Գեներալը։ Այս Գեներալ յաջորդը պարտական էր սահմանեալ ժամանակի մէջ հրաւիրել խորհրդարանի անդամները նոր Գեներալի ընտրութեան համար։ Ընտրողները, ինչպէս Պապ ընտրելու ժամանակ, փակւում էին մի առանձին սենեակի մէջ (conclavium) եւ ո՛չինչ կերակուր չէին ընդունում, բացի լոկ հացից եւ ջրից, մինչեւ որ ընտրութիւնը կ’աւարտուէր։

Գեներալի իշխանութիւնը անսահման եւ մշտնջենական էր, քանի կենդանի էր սա։ Նա նշանակում էր կամ հրաժարում էր Կարգի բոլոր աստիճանաւորքը, դուրս էր տալիս նոր օրէնքներ, երեւելի գործերի ժամանակ հրաւիրում էր իւր չորս օգնականքը։ Բայց նոցա խօսքը ոչինչ ազդեցութիւն չունէր. Գեներալի կամքիցն էր կախուած ընդունել կամ չ’ընդունել այն։ Միմիայն նշանակուած դիպուածներում Յիսուսեանք կարո՛ղ էին զրկել Գեներալը իւրեան արժանաւորութենից։ Այս դիպուածները հետեւեալքն են՝ I) եթէ նա մեղանչէր ողջախոհութեան ընդդէմ, II) եթէ Կօլլեգիաների եւ նորընծայական տների կայքը անցուցանէր օտարի ձեռքը, առանց Կարգի օգտին, III) եթէ ընկնէր կրօնական մոլորութեան մէջ. այս յանցանքով դատապարտուեցաւ Գեներալ Գօնզալեչը, երբ զինուորուել էր ընդդէմ այն վարդապետութեան, որ ասւում էր «ճշմարտանման» probabilis։ Միմիայն Պապի պաշտպանութիւնը փրկեց նորան Յիսուսեանների ենթադրեալ վրիժառութենից, որոնց համար ամենասիրելի էր «ճշմարտանման» վարդապետութիւնը։ Բայց այս եւս հարկաւոր է իմանալ, որ վերոյիշեալ յանցանքների համար Գեներալը զրկւում էր իւր աստիճանից այն ժամանակ, երբ յանցանքը ասւում էր Արտաքոյ եւ յայտնի։ Այս անունը յանցանքի վերայ դրւում էր Յիսուսեանների դատողութեամբ, որոնք փոքր թէ շատ գտանւում էին Գեներալի ազդեցութեան տակ, ուրեմն երբէք չէր պատահում, որ դատապարտուէր Գեներալը հրապարակով։

Բոլոր Յիսուսեանք սարսափելի երդումով պարտաւորուած էին տեղեկութիւն տալ միմեանց մասին։ Այս կանոնը դրուած էր ոչ միայն այն պատճառով, որ իմացուի Յիսուսեանների գաղտնիքը, որքան նորանց միմեանցից հեռացնելու համար. ըստ որում, իւրաքանչիւրքը եւս հաւատ չունենալով միմեանց վերայ, անպատճառ պիտոյ է եւ հեռի լինէին միմեանցից, որով Գեներալի իշխանութիւնը լինում էր առաւել անսահման։ Բացի այս ծանօթութեններից, գաւառականքը պարտական էին յայտնել ո՛չ թէ միայն այն բաների մասին, որ անմիջաբար յարաբերում էին Կարգին, այլ եւ ամենայն դիպուածների մասին զանազան թագաւորութենների մէջ։ Կառավարիչքը եւս իւրեանց կողմից յայտնում էին այս բաները ուղղակի Գեներալին, որ համեմատում էր այս ծանօթութիւնքը գաւառներից ստացածների հետ։ Եթէ մի առաւել հարկաւոր կամ գաղտնի բան լինէր, այս ծանօթութիւնքը գրւում էին թուանշաններով։ Գեներալը, այս յայտարարութեններից ծանօթութիւններ քաղելով, միշտ տեղեակ էր Եւրոպայի անցքերի բոլոր գաղտնիքներին, գիտէր զանազան տէրութենների վիճակը եւ ոյժը, նոցա մտքի ուղղութիւնը, եւ շատ անգամ՝ առաւել լաւ, առաւել ճիշտ, քան թէ նոցա թագաւորները եւ նախարարները։ Նա, օգուտ քաղելով այս յայտարարութեններից, իւր ներգործութիւնը յարմարում էր գործերի ընթացքին։ Այս կերպով ահա՛ լրտեսութիւնը եւ ստրկական կոյր հնազանդութիւնը այս համաշխարհական հասարակութեան հոգին էր եւ կապը. պատճառ, ոչինչ բանով չէր սահմանափակւում եւ ո՛չինչ արգելք չէր նորան, ո՛չ տեղը, ո՛չ ազգութիւնը եւ ո՛չ մինչեւ անգամ հաւատը։

Տանենք այժմ մեր ընթերցողները Յիսուսեան դպրոցները, որոնց մէջ Յիսուսականութիւնը սպանում է նոյնպէս ամենայն միտք ու բանականութիւն, ջնջում է գիտութիւն եւ արուեստ, ինչպէս Հոգեւոր վարժութեան մէջ, մանաւանդ՝ կանոնադրութեան մեջ։ Նա մեռուցանում է կամքը, ոչնչացնում է մարդկային ինքնագոյ ազատութիւնը եւ անկախութիւնը։ Կարգի հիմնադիրքը շատ լաւ են հասկացել իւրեանց դարու բանական ուղղութիւնը։ Նոքա յայտնւում են այն ժամանակ, երբ Վերանորոգութեան կարօտութիւնը զգում էին ամենայն տեղ, աճում էր առ հասարակ քննողական հոգին, եւ երեւում էին նոր նոր յայտնագործութիւնք, որոնցով շատ եւ շատ պարապած էր մարդկութիւնը։ Մարդիկ առ հասարակ ուսումնականութենով, բանաստեղծութենով եւ փիլիսոփայութենով յոյս ունէին, նաեւ աշխատում էին իսկ հասանել մի նոր լաւ ապագայի։ Ի՞նչպէս ուրեմն դադարեցուցանել, մեռուցանել մարդկային բանականութիւնը, մանաւանդ այն ժամանակ, երբ նա յորձանքներով սկսել էր բղխել։ Եթէ այս հասարակութիւնը յայտնապէս եւ հրապարակով ընդդէմ դուրս գար XVI դարու մտքերի անհանգիստ եւ անդադար ձգտողութեանը, կասկած ’չկար, որ դարը չէր լսելու նորան։ Յիսուսեանք լաւ ճանաչեցին այս ճշմարտութիւնը, վասնորոյ եւ անուանեցին իւրեանց պաշտպան ամենայն ուսման եւ արուեստի։ Նոքա տալիս էին մարդկային խելքին եւ բանականութեանը բոլոր արտաքին փայլը եւ ստուերական կարողութիւն, որպէս զի կեղակարծ, այսինքն՝ խաբեբայական շարժողութենով դադարեցուցանեն նորա ճշմարիտ աճեցականութիւնը, ուժաթափ առնեն նորան դպրոցական շարժողութիւններով եւ խեղդեն գիտութիւնը իւրեանց գրերի փոշիներով։

Արդարեւ, ուր որ հասանում էր Յիսուսեանների ոտքը, որ տեղում նոքա հաստատւում էին, իսկոյն շինում էին եկեղեցի եւ նորա մօտ հոյակապ դպրոց՝ հարուստ ամենայն տեսակ բաներով, որ հաճոյ էր բանականութեան, այսինքն՝ ձեռագիրներով, մատենադարանով, ֆիզիկական եւ աստեղաբաշխական գործիքներով։ Բայց մի՛ զուարճանաք այս արտաքին փայլողութենով, որի տակ թագնուած կայ դատարկութիւն։ Ինքը՝ Կարգը, նշանակում էր իւրեան դպրոցների ուսուցիչներին դասատուութեան կերպը, գաղտնի կանոնագրութենով, որ յայտնի էր անունովս Ratio studiorum, որ տալիս էր ուսուցիչներին։ Այս կանոնադրութեան առաջին օրէնքներից մինը այս էր՝ Nemo novus introducat duaestiones, այսինքն՝ «Ո՛չ ոք չէ պիտոյ յառաջ բերէ նոր խնդիրներ»։ Այս կանոնների զօրութենով բոլոր ուսումը սահմանափակւում էր մի քանի յայտնի խնդիրների շրջանի մէջ, որից չէր կարելի ուսանել եւ մի նոր բան։ Այն ուսուցիչները, որոնք հակառակ այս կանոնին կը վարուէին, իսկոյն կը հալածուէին Կարգի դպրոցներից՝ զրկուելով իւրեանց պաշտօնից։

Փիլիսոփայութիւն դաս էին տալիս Արիստոտելի գրով, որ Յիսուսեանք իւրեանց կամեցածի պէս սրբագրել էին. մէջի եղած գլխաւոր բաները դուրս էր հանած, իսկ աշակերտներին պարապեցնում էին դպրոցական իմաստակութեններով եւ այլ մանր մունր չնչին բաներով։ Զորօրինակ երեք տարեկան ուսման ընթացքի մէջ միայն երեք կամ չորս օր կարելի էր Աստուծոյ վերայ խօսել (quaestiones de Deotridui aut quatridui spatium non excedant)։ Ամենեւին չէր կարելի պարապիլ այն ուսմամբը, որ վերաբերում էր սկզբունքների (principia), Աստուծոյ գոյութեանը եւ մշտնջենականութեանը։ Դպրոցական կամ, այսպէս անուանուած, «Աբեղայական» Աստուածաբանութեան ուսման ընթացքը ձգւում էր մինչեւ չորս տարի։ Յիսուսեանք անուանում էին նորան կազուիստիկա։ Արդէն միմիայն այս անունը ցոյց է տալիս, թէ ի՞նչ նշանակութիւն ունէր այս գիտութիւնը Յիսուսեան դպրոցների մէջ. նորա բոլոր ուսման շրջանը կատարւում էր չնչին բաների մասին վիճաբանութեններով, որ մոլորեցնում էին մարդու միտքը Սուրբ գրքի խորին եւ վերհամբարձ ճշմարտութեններից։ Գեղարուեստների մասին պիտոյ է միեւնոյն բանը ասել. պատճառ, որ, բացի արտաքին ձեւից, ոչինչ պարունակութիւն չկայ միջումը։ Բանաստեղծութիւն անուանւում էր միմիայն բառերի եւ ստերի խաղացմունքը, սուրբերի գովասանութիւնը, Վիրգիլիոսի երգերին համակերպութիւնքը, բարոյական մտքերը եւ այլն եւ այլն, ինչպէս զորօրինակ Յիսուսեան դպրոցների մէջ իբրեւ օրինակ ցոյց տուած չափաբերական գրուածը՝ անունովս «S. Ignatius et primus ejus socius Petrus Faber sub persona Daphnydic et Lycidae» (Սուրբ Իգնատիոսը եւ նորա առաջին ընկերը՝ Պետրոս Ֆաբեր իբրեւ Դաֆնիս եւ Լիցիդա)։

Հիները կարդացւում էին միայն հատուածներով, եւ այն, ինչ որ կառավարիչը կ’ընտրէր, իսկ պատմութիւնը դաս էր տրւում այն գրքերով, որ շարադրել էին Յիսուսեանք՝ խանգարելով բոլոր իրողութիւնքը, յարմարուելով Կարգի օգուտներին։ Այստեղ հարկաւոր է ասել եւ այս, թէ այն աշակերտները, որոնք կարո՛ղ էին օգտակար լինել Կարգին, անպատճառ դառնում էին Յիսուսեան, մինչեւ անգամ եթէ ծնողքը եւս չ’կամենային, որովհետեւ Պապից Յիսուսեան Կարգին տուած արտօնութեան զօրութենովը տասն եւ չորս տարեկան տղան կարո՛ղ էր մտանել Յիսուսեան հասարակութեան մէջ։ Կարծիք չ’կայ, որ այսպիսի կրթութենով մանուկ տղայի անձնագիտութիւնը, կամքը եւ ճանաչողութիւնը չքանում է. ուրեմն շատ հեշտ էր Յիսուսեաններին խլել ողորմելի երեխաներից նոցա անգէտ համաձայնութիւնը։

Ահա՛ այսպէս էր այս հռչակաւոր Կարգի կազմակերպութիւնը, որ կարողացաւ դիմանալ Եւրոպական ապստամբութեններին, որի պատճառը ակներեւ է։ «Հոգեւոր Վարժութեան» մէջ, որ գրել էր Իգնատիոսը, երեւում են դեռ ոգեւորութեան նշմարանք, կանոնադրութեան մէջ՝ ամենայն ինչ սառն եւ մեռեալ, ինչպէս գետնայարկի մէջ շարուած են լինում կարգով յաւիտեանս յաւիտենից անփոփոխ դագաղները։ Սոցա նման հասարակութիւնը կարող է յարատեւել առանց այլայլութեան, որովհետեւ չ’կայ նորանում փոփոխութեան սկիզբն, այսինքն՝ չ’կայ կեանք, որ ամենայն ինչ յառաջ է տանում։ Սա մի Չինաստան է՝ խելացի մարդերի ձեռքով հիմնուած։ Ամենայն Քրիստոնէական ժողովքի մէջ մեք տեսանում ենք Քրիստոնեայ եւ մարդ, Յիսուսեանների մէջ՝ միայն գաւառականք, ուխտապահերի վերակացուք, վերատեսուչք, տնտեսք եւ այլն եւ այլն։ Իւրաքանչիւր այս աստիճանաւորքը ունին իւրեանց պաշտօնքը պարզ եւ յատկացած։ Բայց այսքան պաշտօնների գործերի մէջ, որ շատ լաւ կապած են մինը միւսի հետ, չ’կայ մարդ եւ Քրիստոնեայ, չ’կայ կեանք. ամենայն ինչ հիմնուած է մատնողութեան եւ կոյր հնազանդութեան վերայ, որ ոչնչացնում է ամենայն աճեցողութիւն, ամենայն ազատ կամք. այնպէս, որ մարդը դառնում է Կարգի ձեռին մի մեռեալ գործիք, ծեր մարդու գաւազան՝ «Ut senis baculus», ինչպէս ասել է ինքը՝ Լօյոլա։

Այս բանի անհրաժեշտ հետեւանքը այն եղաւ, որ աճեցան չնչին ընդունակութիւնները. կործանուեցան եւ չքացան բոլորովին մեծ եւ հոյակապ մտքերը եւ ընդունակութիւնքը։ Ճշմարիտ, Յիսուսեանների մէջ շատ ճարտար քաղաքագէտներ, շատ լեզուագէտներ եւ խորամանկ քարոզիչներ կային, բայց մեծ մարդ իւր մտքովը եւ բանականութենովը, ո՛չ երբէք։ Կարգը համարեա՛ թէ կրկնում է իւր պատմութեան մէջ հիմնարկողի կեանքը։ Սկզբումը դեռեւս Ֆրանսիսկոս Կսաւիէն, Րոդրիգէզը եւ Բոբադիլիան ունէին ոգեւորութիւն, որ նոյնպէս հոգի էր տալիս Մանրէզեան անապատականին, բայց նորանցից յետոյ ամենայն բան փոխւում է։ Լայենէզի սառն քաղաքավարութիւնը իւր բոլոր պարագաներով անցնում է դէպի Ակուաւիու եւ նորա յաջորդների հոգին. մինչեւ անգամ եւ այժմ ամենայն տեղից հալածուած, անարգուած եւ քարուքանդ եղած հասարակութիւնը արտաբերում է իւր վերջին խօսքը, այսինքն՝ կոյր հնազանդութիւն։ Այս էր հիմնարկողի կտակը, այսպէս էր եւ ինքեան հասարակութեան վերջին կամքը։ * )



[1] ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ։ Այս յօդուածի նիւթերը քաղուած են հետեւեալ շարադրութեններից։ 1) Allgemeine Geschichte der Jesuiten von Peter Philipp Wolff, 2) Les Jésuites, par Michelet et Quinet (1843), 3) Résumé de ľhistoire des Jésuites en France, par Leskine, 4) Constitution des Jésuites avec les dèclarations.

* Ներածութիւն (Praeludium) «Հոգեւոր Վարժութիւնների» մէջ նշանակում է մի ընդհանուր տեղի, որի մէջ պիտոյ է երեւակայել իւր անձը եւ այն առարկաները, որ գտանւում են նորա մէջ։ Պարբերութիւն (Punctum) երեւակայած պատկերը մանրամասնաբար համեմատւում է, այս տեղ հինգ զգայարանքների աստիճան առ աստիճան գործակցութենովը քննւում է պատկերի բոլոր մանրամասնութիւնքը, եւ վերջապէս Խօսակցութիւն (Golloquium) աղօթք է առ Աստուած, որի մէջ նկարւում են այն բոլոր զգացողութիւնքը, որ ծնել էին հոգու մէջ պատկերը տեսանելու ժամանակ։ Իգնատիոսը ինքը չէ զարգացնում այս ձեւերը եւ զգացողութիւնքը. նա միայն ճանապարհ է ցոյց տալիս, որով պիտոյ էր գնալ (Constitutions des Jésuites Appendice sur les Exerc, Spirituels):

* Putabant non hominem aliquem e pulpito verba proferre, sed vatem coelo delapsum e tripode oracula fadere, mysteria eloqui decreta pronuntiare (Imago primi succ. Lib. 1. pag 139).

* ) Տես Sinple Coup d’Oeil, ե՛ւ Բօրդսի, ե՛ւ Լիոնի Արքեպիսկոպոսի նամակները, ե՛ւ Շարտրէսի եպիսկոպոսի նամակները, որոնք տպած են ֆրանսիացոց զանազան օրագիրների մէջ։