Յօդուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅՕԴՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ՎԵՐՋԻՆ


Յիսուսեան Առաքելութիւնք. Հնդկաստանի, Չինաստանի եւ Եափոնիայի մէջ. Պարագուայի Աստուածպետական Հասարակապետութիւնը. Յիսուսեանների ներգործութիւնը Ֆրանսիայի մէջ Ֆրանսիսկոս II-ի թագաւորութենից սկսած մինչեւ Կարգի նորոգութիւնը Պիոս VII-ի ձեռքով։

Առաջին յօդուածի մէջ ես արդէն ասացի, թէ Կարգի գլխաւոր խորհուրդը այն էր, որ ընդդէմ Վերանորոգութեններին պաշտպան լինի Պապականութեանը եւ Քրիստոնէութիւն տարածէ Ասիայի եւ նոր յայտնագործած Ամերիկայի մէջ։ Մեք տեսանք, թէ Յիսուսեանք, ինչպէս Տրիդենտեան ժողովի մէջ, երբ դեռ այնքան զօրեղ չէին, որ ջոկէին յայտնապէս իւրեանց օգուտը Պապական Աթոռի օգուտից, պաշտպան դուրս գալով Պապական իշխանութեանը, շատացուցին նորանց գանգատաւորների թիւը եւ դորանով իսկ պատճառ տուեցին Վերանորոգութեանը յաղթանակելու։ Այժմ կը տեսանենք նորանց իբրեւ շատ զօրացած մարդիկ Պապական կոնդակներով, որ ամենեւին չէին մտածում ո՛չ առաքելութեանց, ո՛չ Պապի եւ ո՛չ մինչեւ անգամ Քրիստոնէութեան վերայ, այլ միմիայն աշխատում էին մեծացնել իւրեանց հասարակութիւնը, զօրացնել եւ հարստացնել նորան։

Ոչինչ աբեղայական Կարգ չունեցաւ այնքան առաքելութիւնք աշխարհի ամենայն մասներումը, որքան Յիսուսեան Կարգը։ Յիսուսեանք հարիւր հատորից աւելի գրեցին միմիայն այս ապացուցանելու համար, թէ Քրիստոնէութիւնը ո՛չ Հնդկաստանում, ո՛չ Ամերիկայում եւ ո՛չ Աֆրիկայում կարո՛ղ էր հաստատուիլ՝ առանց նոցա գործակցութեանը, եւ թէ շատ Յիսուսեանք մարտիրոսական մահով կնքեցին քրիստոնէական հաւատի յաղթանակը այս աշխարհների մէջ։ Բայց Յիսուսեան Առաքեալների բերանով քարոզուած Քրիստոնէութիւնը Աւետարանական քրիստոնէութիւն չէր, ո՛չ առաքեալների եւ եկեղեցու առաջին վարդապետների քրիստոնէութիւն, եւ ո՛չ մինչեւ անգամ Պապական Քրիստոնէութիւն։ Յիսուսեանք, քարոզելով Քրիստոնէութիւնը զանազան աշխարհների մէջ, յարմարում էին նորան ժամանակի պահանջողութեանը, աղճատում էին եւ փոփոխում էին, ինչպէս կը տեսանենք ահա ներքեւումը։ Եւ Յիսուսեան մարտիրոսքը չէին մարտիրոսանում իւրեանց Քրիստոնէական համոզման վերայ, ինչպէս էին առաջին դարերի մարտիրոսքը, այլ սոքա մարտիրոսանում էին կոյր հնազանդութեան վերայ, որ ունէին դէպի Կարգի կամքը, ընտիր զինուորների նման, որ քաջութեամբ մեռանում են՝ հնազանդուելով իւրեանց իշխանաւորի հրամանին։

Ֆրանսիսկոս Կսաւիէ, որ անուանուեցաւ «Առաքեալ Հնդկաստանի», առաջին քարոզիչը եղաւ Յիսուսեանների միջից։ Նա Պօրտուգալացոց նաւատորմիղի հետ 1542 թուականին գնաց Հնդկաստանի Գօա մայրաքաղաքը՝ Գանգէս գետի այս կողմումը, եւ, հետեւելով իւր վարդապետի օրինակին, իսկոյն մտաւ այնտեղի հիւանդանոցը, սկսեց ծառայել հիւանդներին եւ ապրիլ ողորմութենով։ Իւր լիակատար իրաւունքների մասին, որ ստացել էր Պապական եւ Պօրտուգալական Տէրութեններից, յայտնեց Գօայի Եպիսկոպոսին եւ ստացաւ նորանից եւս թոյլտւութիւն իւր իրաւունքներին համեմատ ներգործելու։ Այս խորհրդով ուսաւ այնտեղի հասարակ ժողովրդի խօսակցութիւնը եւ սկսեց երեխայք հաւաքել եւ ուսուցանել, քարոզել ապաշխարութիւն, վարքի ու բարքի մաքրութիւն։ Նա այս բաները քարոզում էր Գօայի բնակիչներին, որոնց մեծ մասը քրիստոնեայք էին. մանաւանդ զինուորւում էր բազմակնութեան ընդդէմ (Հնդկաստանի քրիստոնեայք շատ հարճեր պահում էին) եւ փոքր ի շատէ կարողացաւ դղրդել այս սովորութեան զօրութիւնը։

Պօրտուգալիայի տէրութիւնը, տեսանելով Կսաւիէի աշխատութիւնը ժողովրդոց վարքը ու բարքը մաքրելու մասին, յանձնեց նորան Գօայի նոր շինած սերմնարանի գլխաւոր տեսչութիւնը, որ դարձաւ յետոյ Յիսուսեան ամենահարուստ եւ ամենամեծ Կօլլեգիում։ Կսաւիէ ուղեւորեցաւ շուտով դէպի մարգարտաբեր ծովեզրը, ուր գտանւում էին Պօրտուգալացոց գաղթականքը։ Այնտեղի բնակիչքը հեթանոսք էին, Կսաւիէ չէր հասկանում նոցա լեզուն։ Նա սկսեց իւր գործը նորանով, որ Պօրտուգալացոց օգնութեամբ ջարդեց, կործանեց նոցա կուռքերը, կռատունները, թափեց բոլորը ծովը եւ նոցա փոխանակ կանգնեց եկեղեցիներ եւ ժամատուններ։ Այս ծովեզրից անցաւ նա Տրաւանկօր։ Այս շրջմոլիկ Եւրոպացի մեծ բրամինի հրաշալի գործերի լուրը տարածուեցաւ ժողովրդոց մէջ. ամենայն հասակի մարդիկ՝ ծերից բռնած մինչեւ մանուկը, խուռն բազմութենով վազում էին նորա մօտ, որ տեսանեն այս հրաշալի մարդու երեսը։ Կսաւիէ վեր ելանում էր առ հասարակ ծառերի վերայ եւ այնտեղից քարզում էր իւր Քրիստոնէութիւնը հաւաքուած ժողովրդին։ Նա անխոնջ աշխատութենով ճանապարհորդում էր ամենայն տեղ եւ շատ անգամ՝ ոտով։ Ոտով անցաւ նոյնպէս Գէյլօն, Պօլապատան, Մելանիուր եւ Մալակկա կղզիները՝ քարոզելով Աւետարանը եւ Պօրտուգալացոց օգնութենով կամայ ակամայ հեթանոսները Քրիստոնեայ շինելով։ Շուտով օգնութիւն հասան նորան նոյնպէս եւ այլ Յիսուսեանք, որոնց մէջ երեւելի դարձաւ Կրիմինալը։ Կսաւիէ սոցա մի մասնը թողեց Մալակկայում, իսկ ինքը գնաց Մօրէնեան կղզիները, ուր խաբեբայութեամբ մկրտեց մի օրուայ մէջ տասն երկու հազար մարդ։ Կասկած ունենալով, թէ մի գուցէ այս մարդիկը նորից հեթանոս դառնային (ինչպէս եւ պիտոյ է լինէր. պատճառ, խաբեբայութենով էին մկրտուած)՝ խնդրեց Պօրտուգալացոց թագաւորից, որ Ինկուիզիցիօ հաստատէ այնտեղ, իսկ ինքը գնաց Գէյլօն։ Վերջապէս հասաւ նա մինչեւ Կամօրին հրուանդանը, որի բնակիչքը, շատ մոլեալ լինելով իւրեանց հին կրօնի վերայ, չ’նայելով Կսաւիէի ջերմեռանդ քարոզութեանը եւ Պօրտուգալացոց զինուորների բարբարոսութեանը, չ’ընդունեցին Քրիստոնէութիւն եւ մնացին իւրեանց կռապաշտութեան մէջ։ Կսաւիէ թողեց այստեղ Կրիմինալը եւ ինքը գնաց Եափոնիայ։ Կրիմինալը կրակով ու սրով ջնջում էր Աւետարան չընդունողները։ Բնակիչքը, կորուսանելով իւրեանց համբերութիւնը, ապստամբեցան Պօրտուգալացոց ընդդէմ, եւ Կրիմինալը, Յիսուսեաններին առաջնորդելով, որ միացած էին այն զօրքի հետ, որ եկած էր այնտեղ ապստամբութիւնը շիջուցանելու համար, ընկաւ պատերազմի մէջ մեռած։ Յիսուսեան Կարգը Քրիստոնէութեան առաջին նահատակ անուանեց նորան, եւ խնդրելով Պապից՝ դասել տուեց նորան սուրբերի կարգը։

Կսաւիէ մի փոքրիկ նաւով անցաւ այս միջոցին հնդիկների ծովից եւ հասաւ մինչեւ Եափոնիայ։ Յիսուսեանք տեսան այստեղ մի նոր կրօն՝ «Բուդդականութիւն», զինուորուած սրբազան գրքերով եւ կենդանի աւանդութեններով։ Կսաւիէ չ’սոսկաց դժուարութենից եւ հազիւ թէ ուսել էր Եափոներէն քանի մի խօսք, սկսեց վիճել Բօնզերի * ) եւ Եափոնիայի իմաստունների հետ։ Հալածուելով բօնզերից, արհամարհուելով եւ խայտառակուելով իմաստուններից եւ ժողովրդից՝ միտքը դրեց գնալ Չինաստան եւ այնտեղ քարոզել՝ յուսալով, որ թէ յաջողի իւրեան ջնջել այնտեղ Բուդդականութիւնը, Եափոնիայն կը հետեւի Չինաստանին, ըստ որում՝ նորա կրօնի կենդրոնը այնտեղ էր։ Կսաւիէ չ’ընդունեց այն գումարը, որ Պօրտուգալացոց վաճառականները ընծայում էին նորան եւ շտապեց հասանել Սայքամ կղզին, որ Չինաստանի եզերքումն էր։ Այստեղ իմացաւ նա, թէ Չինական Կայսերութիւնը անմօտենալի էր օտարականներին, եւ թէ դեսպանք միայն կարո՛ղ էին մտանել նորա մէջ։ Բայց այս դժուարութիւնը արգելք չեղաւ Կսաւիէին. շուտով վերադարձաւ նա Գօա եւ համոզեց Պօրտուգալացոց փոխարքային դեսպանութիւն ուղարկել Չինաստան։ Դեսպան նշանակուեցաւ մի Պօրտուգալացի հարուստ վաճառական։ Կսաւիէն գտանւում էր նորա մարդերի մէջ։ 1552 թուականին դեսպանութիւնը հասաւ Մալակկա։ Այնտեղի զինուորական գաւառապետը, անսովոր բան համարելով մի հասարակ վաճառականի դեսպանութիւնը այդպիսի Ասիական հզօր ինքնակալութեան մօտ, ընդդիմացաւ այս բանին։ Կսաւիէն զուր տեղը աշխատեցաւ, հիմնուելով իւր լիակատար իշխանութեան վերայ, բայց գաւառապետը, որ եւ լաւ չէր փոխարքայի հետ, չ’կամեցաւ լսել ամենեւին ոչինչ։ Կսաւիէեն նզովեց նորան, բայց նահանգապետը, նզովքներից վախեցող մարդ չ’լինելով, հրամայեց երկաթի շղթաներով կապել բոլոր դեսպանութիւնը։ Կսաւիէն հազիւ փախաւ նորա ձեռքից մի հասարակ նաւակով մինչեւ Սայքամ։ Այստեղ նա իւր բոլոր ունեցած արծաթը տուեց մի Չինացի վաճառականի, որ յօժարեցաւ գիշերով եւ շատ ծածուկ հանել նորան Կանտօն քաղաքը։ Բայց Կսաւիէն չ’յաջողեցաւ հասանել իւր սրտի ցանկացածին. նա հիւանդացաւ յանկարծ հարինքով եւ մեռաւ՝ փակած Կայսերութեան դուռի մօտ, իւր սրտի անհամբերութենից եւ սպասելուց։

Այսպէս եղաւ այս հռչակաւոր մարդի վախճանը, որ միմիայն իւր ջերմեռանդութենովը դէպի Քրիստոնէական հաւատը, առանց գործ դնելու խորամանկութիւն եւ կեղծաւորութիւն, որոնք Յիսուսեանների սովորական գործիքներն էին, բաց արեց Ասիայի հեռաւոր կողմերում արձակ ճանապարհ Կարգի անդամների համար։ Նա, առանձին ներգործելով Կարգից, չ’սեպհականեց ինքեան նորա բնաւորութիւնը, այլ մնաց այն ոգեւորութեամբ, որով դուրս էր եկել Լօյոլայի «Հոգեւոր Վարժութենից»։ Նորա կոյր եւ ամենայն վտանգ արհամարհող ջերմեռանդութիւնը Քրիստոնէութիւն տարածելու համար շատ անգամ դուրս էր հանում նորան չափից ու սահմանից, շատ անգամ գործել էր տալիս անխնայ գործեր։ Նա, ինչպէս չէր նմանում խորամանկ Յիսուսեաններին, չէր նմանում նոյնպէս եւ նախկին դարերի Քրիստոնէական քարոզիչներին, այլ, նայելով նորա անհամբերութեանը եւ ինկուիզիտորական բնաւորութեանը, շուտով նորան կարելի էր Դոմինիկեան ասել։

Սորա մահից երկու տարի յետոյ մարմինը բերուեցաւ Գօա, իսկ Օգոստոսի 6-ին 1623 թուականին Ուրբանոս Ութերորդ Պապը դասեց նորան սուրբերի կարգը։ Կսաւիէից յետոյ ծագեցաւ Յիսուսեանների նոր ցեղ՝ կանոնադրութենով եւ Լայենէզի ամենաճիշտ քաղաքագիտութենով զինուորուած։ Այս Յիսուսեանները Կսաւիէի յոյսը չունէին, որ միմիայն Քրիստոսի վարդապետութեան ուժովը կարողանան իւրեանց հետ քարշել Հնդկաստանի անթիւ բնակիչքը եւ հարկադրել նորանց թողուլ իւրեանց հին կրօնը, որի վերայով անցել գնացել էին շատ դարեր։ Սոքա խորամանկութենով կամենում էին այս նպատակին հասանել եւ որպէս զի հեշտութեամբ դարձնեն Հնդկացիքը իւրեանց հաւատից, քարոզում էին նորանց սուտ Աւետարան՝ ըստ ամենայնի յարմար հնդկաց ճաշակին՝ նորանց կամենալով հաճոյանալ, քան թէ Քրիստոսի վարդապետութեանը։ Եափոնիայից սկսած մինչեւ Մալաբար, Մօլուկկեան կղզիներից մինչեւ Ինդոս գետի եզերքը Յիսուսեանք տարածում էին սուտ ու խաբեբայ կարծիքներ Աստուծոյ մասին, քարոզում էին սուտ եկեղեցի։ Իննովկենդիոս X, Կլեմենտ IX, Կլեմենտ XII եւ Բենեդիկտոս XIV զուր տեղը աշխատեցան իւրեանց անդադար դուրս տուած կոնդակներովը դարձնել Յիսուսեան քարոզիչքը դէպի Քրիստոսի ճշմարիտ Աւետարանը։ Զարմանալի բան է աշխարհիս փոփոխութիւնը. այն մարդիկը, որոնք նուիրուած էին միմիայն այն բանին, որ պաշտպան լինէին Պապական իշխանութեանը, որ թեւ ու թիկունք դառնային նորան ամենայն տեղում, որ մինչդեռ աւելի զօրութիւն չունէին, կուրօրէն ստրկանում էին Պապութեանը, այժմ յայտնի համարձակ ապստամբեցան ընդդէմ Պապականութեան եւ փոքր մնաց, որ ջնջէին Արեւելքից ո՛չ թէ միայն Պապականութիւնը, այլ եւ Քրիստոնէութիւնը։

Յիսուսեանները, Քրիստոս քարոզելով, թագուցանում էին նորա չարչարանքը, նորա մահը, մի խօսքով՝ այն ամենայն բանը, որ սեպհական էր Քրիստոսի, ինչպէս մարդկութեան փրկչի։ Այս Քրիստոնեայքը խաչ չէին ընդունում * ) եւ եթէ հանդիսաւոր օրերում հարկաւորում էր անպատճառ խաչի գործածութիւնը, ծածկում էին նորան ամենայն կողմից ծաղիկներով այնպէս, որ ներկայ գտանվողքը չէին կարողանում նկատել։ Նոքա տեսանում էին միայն Քրիստոսի պատկերը՝ ոսկիով արծաթով պատած, յաղթական կերպով կանգնած թագաւորների եւ իմաստունների մէջ, որոնք երկրպագում էին նորան։

Յառաջ քան թէ Յիսուսեանք, եկել էին այստեղ Կապուսինեան քարոզիչքը, բայց նոքա շատ փոքր յառաջադիմութիւն ունեցան. պատճառ, այս Ազգի հասկացողութիւնը շատ կոշտ ու խաւար էր։ Սոքա (Հնդկացիք) հաւատում էին հոգեփոխութեան. կովը համարւում էր նոցա մէջ այնպիսի կենդանի, որի մէջ մտանում էին բարեպաշտ եւ սուրբ մարդերի հոգիքը։ Նոքա մեծ երջանկութիւն էին համարում մեռանել՝ ձեռքերում բռնած ունենալով կովի պոչ։ Ո՛չ ոք բարեպաշտ Հնդկացիներից չէր ուտում կովի միս։ Ապաշխարողքը ապաշխարութեան օրերում մոխիր էին ածում գլխներին, որ ստանում էին կովի այրած ապականութենից։ Ինչ ժամանակ կոյս աղջիկը ստանում էր իւր կատարեալ հասակը, մեծ հանդէսով երաժշտական նուագներով, ման էին ածում նորա տան չորս կողմումը կուսական չափահասութեան խորհրդական նշանը։ Ամենայն հարս ունէր կախած իւր վզից Ողջախոհութեան Աստուծոյ պատկերը, այն խորհրդով, թէ նոքա պատրաստ էին արդէն ամուսնական կեանքի համար։ Չնայելով այս բաների վերայ՝ Կապուսինեանք ստացան մի քանի ունկնդիրք։ Նոցա քարոզութեան մեծ պակասութիւնը այն էր, որ նոքա Քրիստոնէական ճշմարտութիւնքը քարոզում էին շատ վերացական կերպով՝ առանց ամենեւին կապելու նորան Հնդկաստանի հասարակաց կարգի հետ։ Այս էր պատճառը, որ չ’կարողացան Հնդկաց հասարակ մարդերի կողմնակիցներ ճարել։

Յիսուսեանք միանգամայն ջոկ ճանապարհով ընթացան. նոքա սկսեցին քարոզել Աւետարանը այնպէս, որ արդէն յարմար էր տեղական հաւատին, որ կարո՛ղ էր հեթանոսութեան համար տանելի երեւիլ։ Րոբերդ Նօբիլի Յիսուսեանը հագաւ առաջին անգամ Բրամինի հագուստ եւ անուանուեցաւ Եւրոպական Բրամին։ Նորանից օրինակ առին եւ այլ Յիսուսեանք. նոքա թողում էին Քրիստոնէական եկեղեցու մէջ հեթանոսական արարողութիւններ, թոյլ էին տալիս նորադարձերին խոստովանելուց յառաջ մոխիր ցանել գլխների վերայ, որ ստացած էր կովի թրիքից, աղջիկներին ներում էին կրել ողջախոհութեան նշանը, ազնուականների եւ ռամիկների համար ջոկ եկեղեցիներ էին շինում, պատարագի ժամանակ պահում էին առ հասարակ ո՛չ թէ Պապական, այլ Հնդկական արարողութիւն, չէին կամենում մտանել ստորակարգ մարդերի տուն Սուրբ Խորհուրդին հաղորդելու համար՝ հիմնուելով այն բանի վերայ, թէ ամենայն Բրամին պղծւում է՝ մտանելով ստորակարգ մարդու տուն։

Ահա Կլեմենտ XIի կոնդակի խօսքերը, որ Կարդինալ Տուրնօնը տարաւ Պօնդիշար. «Մեք չենք կարող այլեւս համբերել, որ հոգեւոր բժիշկները հրաժարուին ստորակարգ մարդերի այն հոգեւոր օգնութիւնը մատուցանելուց, որից չէին հրաժարւում մինչեւ անգամ եւ հեթանոս բժիշկները (medici gentilis)»։ Այսպէս եւս Բենեդիկտոս XIV իւր կոնդակի մէջ առաւել ազդու կերպով ասում է. «Մեք կամենում ենք եւ հրամայում ենք, որ ստորակարգ մարդերը Սուրբ խորհուրդին հաղորդելու ժամանակ ճիշտ պահուի քահանայական կանոնը, եւ կատարուի այս ցանկութիւնը առանց յետաձգութեան (ulteriori dilatione remota)»։ Բայց Յիսուսեանք չէին հնազանդւում, եւ այսպիսի հրամաններ դուրս էին գալիս անդադար մինչեւ Կարգի բոլորովին ջնջուիլը։

Քրիստոնէական հաւատի նախկին քարոզիչքը չէին ներգործում այսպէս. նոքա ցոյց էին տալիս Աւետարանական Վարդապետութիւնը՝ նորա բոլոր Աստուածային պարզութենով։ Եւ այս էր պատճառը, որ Քրիստոնէութիւնը տարածւում էր հրաշալի զօրութենով եւ շուտութենով։ Նոքա եւս դուրս գալով Հրէաստանի միջից՝ մտան մի նոր աշխարհ, մի հարուստ եւ հպարտ աշխարհ, որ լի էր ոսկով եւ գոհարներով, որ արհամարհում էր ստրուկները, բայց ո՛չ մինը այս սուրբ քարոզիչներից, տեսանելով Հռովմի այսպիսի շռայլութիւնը, չ’մտածեց փոփոխել Քրիստոնէական հաւատի ուսումը, խաչը թագուցանել հեթանոսների առաջեւ հոգեւոր հանդէս կատարելու ժամանակ։ Ո՛չ ոք այն սուրբ քարոզիչներից չ’հերքեց ստրուկները, որ միշտ հալածուած էին ազնուատոհմերից։ Սորա հակառակ սուրբ քարոզիչքը այս հասարակութեան մէջ քարոզում էին չարչարուած Աստուածը, հալածուած Քրիստոսը, այն Աստուածային մանուկը մսուրի մէջ խանձարրած։ Նոքա Յաւիտենական Քաղաքին, որ անչափ շռայլութենով յղփացած էր, ցոյց տուեցին Գողգոթայն եւ չարչարանքի բաժակը եւ այս պատճառով եւս յաղթեցին, եւ յաղթական հանդիսացուցին հեթանոսների մէջ Քրիստոնէական հաւատը։ Ի՞նչ կարօտութիւն ունէր Հռովմ այնպիսի Աստուծոյ, որ զգեստաւորած էր ոսկով եւ զօրացած կարողութենով։ Այս զօրութեան պատկերը շատ անգամ տեսած էր նա։ Բայց Աստուած խաչի վերայ, որ սրբում էր ազատութիւնը եւ հաւասարութիւնը ո՛չ միայն Հռովմէական Քաղաքացիների, այլ եւ բոլոր մարդերի իբրեւ անդամների միեւնոյն մարդկութեան, որ ներկայ էր նորա Աստուածայնութեան առաջեւը, ահա թէ ինչ բան յաղթեց հին աշխարհին եւ չէ դադարում ծաղկիլ եւ պտուղ բերել եւ նոր աշխարհում։

Յիսուսեանք միեւնոյն դրութեան մէջ էին դէպ ի Հնդկաց շռայլութիւնը, զանազան վիճակները եւ հազարամեայ սովորութիւնքը, որպիսի դրութեան մէջ գտանւում էին Քրիստոնէութեան առաջին քարոզիչքը Հռովմում դէպի նորա հաստատ եւ հզօր քաղաքականութիւնը, որի հիմքը ստրկութիւն էր * Բայց Յիսուսեանք չ’հետեւեցին այս սուրբ եւ ճշմարիտ քարոզիչներին. նոքա գործ էին կատարում՝ յարմարուելով իւրեանց քաղաքական հաշիւների հետ, եւ այս էր պատճառը, որ ամենայն նորանց գոյացուցածը աստիճան առ աստիճան քանդւում էր Կարգի նենգաւոր քաղաքականութեան շնչելուց։ Այսպէս ահա՛ ներգործում էին Յիսուսեանք Հնդկաստանի մէջ, Եափոնիայում եւ Չինաստանում նոքա պահում են միեւնոյն ուղղութիւնը, միեւնոյն որսողական հոգին՝ միմիայն յարմարուելով տեղի հանգամանքներին, որի մէջ գտանւում էին։ Այս գործերից մի քանիսը մանաւանդ արժանի են հարցասիրութեան իւրեանց մանրամասն հանգամանքներով։ Բայց իմ յօդուածի սահմանը չի ներում երկար ու ձիգ խօսել այս մասին, վասն որոյ որքան կարելի է շատանում եմ համառօտ գրելով։ Նախ եւ յառաջ քանի մի խօսք ասենք Եափոնիայի Յիսուսական Առաքելութեան վերայ։

Այս երկիրը ունէր իւր առանձին սովորութիւնքը՝ Չիներից ստացած։ Սա եւս Չինաստանի նման հեռանում էր օտարասահման մարդերի հաղորդակցութենից, բայց այս տեղում թոյլտւութիւն կար ամենայն տեսակ հաւատ պաշտելու, միայն այն պայմանով, որ հակառակ չ’լինէին այդ հաւատները Տէրութենական հիմնաւոր օրէնքներին։ Բօնզերը գլխաւորքն էին այս զանազան կրօնապաշտութենների, որ ըստ մեծի մասին աղճատեալ Բուդդականութիւն էր։ Սոքա մշտնջենական թշնամի էին այն մարդերին, որ անուանւում էին այնտեղ փիլիսոփա կամ անհաւատ։ Յիսուսեանք, օգուտ քաղելով այս կրօնական թոյլտւութենից սկսեցին Աւետարանի քարոզութիւնը՝ կէսը Եափոներէն, կէսը Լատիներէն. այնպէս, որ խեղճ անհաւատները շատ անգամ մկրտուելով չէին իմանում, թէ ի՞նչ է մկրտութիւնը կամ Քրիստոնէութիւնը։

Յիսուսեանների Աւետարանի նախանձաւորութիւնը չէր յագենում միայն քարոզութենով եւ մկրտելով. նոքա շատ անգամ կործանում էին հեթանոսական մեհեանները, խորտակում էին կուռքերը, որոնց փոխանակ կանգնեցնում էին Քրիստոսի խաչելութիւնը եւ Տիրամօր պատկերը։ Զարմանք չէ՛, որ այսպիսի գործողութեններից յետոյ թշնամացան նորանց Բօնզերը եւ հակառակորդ դուրս եկան՝ տեսանելով իւրեանց հաւատի անարգութիւնը։ Շատ Յիսուսեանք զոհ եղան նոցա վրէժխնդրութեանը։ Բայց ի վերայ այսր ամենայնի Յիսուսեանների խորամանկութեամբ գործ կատարելը յաղթանակեց. նոքա ճարտարութենով կարողանում էին կռուեցնել միմեանց հետ Եափոնիայի զանազան իշխանները, որոնք մի Կայսրի հպատակ էին, եւ, խոստանալով նորանց Պօրտուգալացոց օգնութիւնը, հարկադրում էին ընդունել Քրիստոնէական հաւատը։ 1587 թուականին Եափոնիայի մէջ համարւում էր մինչեւ քսան հազար Քրիստոնեայ։ Յիսուսեանք, որ կամենում էին իւրեանց Կարգը հանդիսացուցանել Եւրոպայի առաջեւը, դեսպանութիւն ուղարկեցին Հռովմ, որի մէջ կային երեք հատ նորադարձ իշխաններ։ Պիոս IV Պապը շատ փաղաքշանքով ընդունեց այս դեսպանութիւնը եւ Եափոնիայի համար Եպիսկոպոս նշանակեց Լուտովիկոս Սօտելօ-Ֆրանսիսկեան կրօնաւորը, որ իւր բարեպաշտութենով եւ ճիշտ բարոյականութենով հռչակուած հոյակապ մարդ էր։ Յիսուսեանք անհաւան գտանուեցան ամենեւին այս բանին, նոքա գործ դրեցին ամենայն հնար, որ կորուսանեն Սօտելօ՛ն, որ եւ վերջապէս զոհ գնաց Յիսուսեանների անքրիստոնեայ խորամանկութեանը, ըստ որում նոցա հնարներով բանդ դրուեցաւ եւ մեռաւ մարտիրոսական մահով։ Բայց առ հասարակ Յիսուսեանների ուրախութիւնը շատ կարճաժամանակեայ եղաւ. 1611 թուականին, Հօլլանդացիք մտան Եափոնիայ, որ այն ժամանակ Եւրոպայի մէջ առաջին վաճառական մարդիկն էին։ Բոլոր վաճառականութիւնը Պօրտուգալացոց ձեռքից անցաւ Հօլլանդացոց ձեռքը, եւ այս կերպով Յիսուսեանները զրկուեցան իւրեանց ջերմեռանդ պաշտպաններից։ Շուտով ահա Կայսրը եւ այլ մանր իշխանները, նկատելով Յիսուսեանների կարողութեան օր ըստ օրէ մեծանալը եւ երկիւղ կրելով, որ մի՛ գուցէ նոքա, ժողովուրդը Քրիստոնէացնելով, ինքեանց սեպհականեն եւ նորանց վերայ իշխանութիւնը, ընդդէմ դուրս եկան քարոզիչներին։ Յիսուսեանք զօրք դուրս բերեցին, որոնց ինքեանք էին գլուխ կացած, բայց յաղթուեցան թշնամու շատութենից։ Կայսրը մեծ հալածանք հանեց առ հասարակ Քրիստոնեաների վերայ. ամենայն օտարական մարդ, որ մտանում էր Եափոնիայ, պարտական էր այնտեղի աստիճանաւորների ներկայութեամբը ոտքի տակ կոխել խաչը որպէս ապացոյց նորա անքրիստոնէութեանը։ Ամենայն ոք այս անարգութիւնը չ’կատարած խաչի վերայ չէր կարող մտանել Եափոնիայի Տէրութեան մէջ։ 1648 թուականին Եափոնիայի մէջ Քրիստոնէութեան եւ հետքը անգամ չ’մնաց։

Չինաստանում Յիսուսեանների մէջ առաւել փառաւորուեցան Մատէօ Րիկցի՝ խորամանկ եւ հնարագէտ մարդը, ինչպէս Լայենէզ։ Նա կարողացաւ հաստատել իւր կարգը այն Երկնային թագաւորութեան մէջ, ուր օտար մարդ չէր կարող ոտք կոխել։ Շատ լաւ ուսաւ Չինացոց լեզուն, հագնում էր Բօնզի հագուստներ, կեղծաւորութենով հաճոյանում էր Մանդարիններին, իւր անձը սիրող էր ցոյց տալիս նոցա հպարտութեանը եւ սովորութեններին, որոնց օգնութեամբ շատ աշակերտ ճարեց իւր վարդապետութեանը մինչեւ անգամ եւ Կայսերական Դռնումը։ Բայց այս բանը այնքան դժուար չէր, որքան երեւում էր. պատճառ, Յիսուսեանները նորադարձերին թոյլ էին տալիս կատարել համարեա՛ թէ բոլոր հեթանոսական արարողութիւնքը, համարեա՛ թէ թողնում էին նորանց իւրեանց հին կրօնի մէջ՝ քարոզելով այնպիսի Աւետարան, որ շինած էր Չինաստանի կրօնին եւ սովորութեանը յարմար։ Շուտով Յիսուսեանների գործը մեծացաւ։ Բօնզերը նկատեցին այս բանը եւ Կայսեր մի Սիրականի օգնութեամբ, որ հաւատարիմ էր Բօնզերին, կարողացան ընդդէմ զինաւորել Կայսրը Յիսուսեաններին։ Րիկցի գործ դրեց Եւրոպայի մէջ բաւական հասարակեալ մի խորամանկութիւն, բայց այս խորամանկութիւնը ուսումնական Մանդարինները չ’կարողացան հասկանալ։ Նա մի թշնամանող տետրակ շարադրեց Կայսրի վերայ եւ տարածեց ժողովրդի մէջ։ Երբ քննութիւն բացուեցաւ այս բանի մասին, Րիկցի, ինքեան կողմնակից ունենալով մի քանի դիւրահաւան Մանդարիններ, կարողացաւ համոզել եւ հաւատացնել Կայսրը, թէ գլխաւոր Բօնզերից մինն է տետրակի հեղինակը, որ մանաւանդ թշնամի է Յիսուսեաններին։ Ողորմելի Բօնզը մեռաւ անտանելի չարչարանքի մէջ, մինչդեռ ջարդում էին նորա ոսկերքը գաւազանով։

Բայց շատ չ’քաշեց Յիսուսեանների հանգստութիւնը։ 1615 թուականին Կայսրը, հաւանելով մի Մանդարինի առաջարկութեանը, սարսափելի հալածանք հանեց նոցա վերայ, որի պատճառները չ’բացայայտելու համար Յիսուսեան Կարգի պատմիչքը կամաւ մասնակից են լինում Զաքարիայի պապանձմանը։ Շատերը կորան բանդի մէջ, մի քանիսին վիճակեցաւ այն Բօնզի մահը, որ զոհ էր եղել Յիսուսեանների դաւաճանութեանը, ինչպէս փոքր ինչ յառաջ ասացի։ Այլ ի վերայ այսր ամենայնի Սաղմոսի ասածի նման, թէ ահա մեղաւորք են եւ յաջողեալ է նոցա, սոցա եւս բաղդը, մարդկութեան այն ոխերիմ թշնամին, սկսեց դարձեալ յաջողել։ Թաթարները, տիրելով Չինաստանի հիւսիսային նահանգներին, սպառնում էին կործանել Փեքին քաղաքը։ Ցիու Մանդարինը, որ մտերիմ բարեկամ էր Յիսուսեաններին, խորհուրդ տուեց Կայսրին օգնութիւն կանչել Պօրտուգալացիքը՝ համոզելով, թէ ոչ ոք նորանցից լաւ չ’գիտէ թնդանօթի գործածութիւնը, որով միմիայն կարելի էր ազատել Չինաստանը զարհուրելի թշնամիների ձեռքից, եւ թէ անպատճառ հարկաւոր է շահել Յիսուսեանների սիրտը, որ նոքա միջնորդ լինին Չինացոց եւ Պօրտուգալացոց մէջ։ Կայսրը համաձայնեցաւ այս բանին։ Յիսուսեանները վերստին յետ կանչուեցան Չինաստան, իսկ Թաթարները, պարապած լինելով իւրեանց սեպհական խռովութեններովը, կտրեցին իւրեանց յարձակմունքը եւ ասպատակութիւնը Չինաստանից։ Յիսուսեանք առանց օգուտ քաղելու չ’թողեցին եւ այս բանը. նոքա սկսեցին քարոզել, թէ իւրեանց աղօթքի զօրութենովը կատարուել էր այդ, եւ այսպիսի ամօթալի խաբեբայութեամբ ձեռք առեցին դարձեալ իւրեանց նախկին իրաւունքը եւ գործը եւ վերջապէս ստացան միեւնոյն ոյժը Տէրութեան Դռնումը։

Կայսրի սէրը Յիսուսեանների վերայ մինչեւ այն աստիճան մեծ էր, որ նոցա համար տէրութենական հիմնաւոր օրէնքներին հակառակ գործ գործեց. Ադամ Շօյլ Յիսուսեանը ստացաւ առաջնակարգ Մանդարինի արժանաւորութիւն, որի պաշտօնը էր, նայելով աստղերի ընթացքին, մեկնել երկնքի կամքը, որ Կայսրի հայրն էր համարւում։ Խորամանգ Շօյլը շուտով տիրապետեց երկնքի որդու կամքին, ուղղակի եւ առանց յօժարութիւնը հարցանելու մուտք ստացաւ Կայսրի մօտ, որ չունէր եւ ո՛չ մի չինացի, դաստիարակ դարձաւ Կայսերական Աթոռի ժառանգին եւ համարեա՛ թէ ազատակամ կառավարիչ երկնային թագաւորութեանը։ Յիսուսեաններից շատերը ստացան Մանդարինական արժանաւորութիւն, եւ Չինաստանի առեւտուրը Եւրոպայի հետ անցաւ Յիսուսեանների ձեռքը, որ ունէին իւրեանց սեպհական գործակատարքը ամենայն ծովահայեաց քաղաքներում։ Հօլլանդացիք եւս հետեւում էին այս բանին։ Նոքա մեծագին ընծաներով եկան Կանտօն քաղաքը, բայց խարդախ Շօյլլը հաւատացուց իւր աշակերտ Կայսրին, թէ Հօլլանդացիք շատ փոքրիկ երկրի տէր էին յառաջ Եւրոպայի մէջ, յետոյ ապստամբեցան իւրեանց թագաւորի ընդդէմ, ծովային աւազակ դարձան եւ այժմ աշխատում են Չինաստան մտանել, որպէս զի Կայսրի թեթեւահաւատութենից օգուտ քաղելով՝ կողոպտեն աշխարհի հարստութիւնը։ Մատաղահաս Կայսրը լսեց իւր վարժապետի խօսքին եւ արգելեց Հօլանդացոց առեւտուր առնել Չինաստանի մէջ։

Յիսուսեանք շուտով ահա սկսեցին հալածել Դօմինիկեան եւ Ֆրանսիսկեան կրօնաւորները, որ գալիս էին այնտեղ առաքելութեամբ։ Մօրալէս անունով Դօմինիկեանը, փրկուելով Յիսուսեանների հալածանքից եւ Եւրոպա հասած, իմաց տուեց Պապին Չինաստանի մէջ Յիսուսեանների ձեռքով տարածուած աղճատեալ Քրիստոնէութեան մասին, եւ թէ նոքա, քարոզելով Քրիստոսի Աւետարանը, չէին մտածում Քրիստոսի կենարար վարդապետութեններովը շինել Չինացոց սիրտը եւ աշխատիլ նոցա հոգու փրկութեան համար, այլ յարմարում էին Աւետարանը Չինացոց սովորութեան հետ, որպէս զի կարողանան որսալ Չինացոց սիրտը եւ իրաւունք եւ հարստութիւն ճարել իւրեանց Կարգի համար։ Իննովկենտիոս X Պապը ընդունեց Դօմինիկեանները իւր պաշտպանութեան տակ եւ դատապարտեց Յիսուսեան կրօնաւորները։ Բայց Յիսուսեանք շուտով Հռովմ ուղարկեցին մի Պալատական Յիսուսեան՝ Պետրոս Մարտինի անունով, որ կարողացաւ համոզել Իննովկենտիոս X-ի յաջորդ Ալեքսանդր VII Պապը եւ հաւատացնել նորան, թէ Դօմինիկեանք ինքեանք են մեղաւոր, թէ նոքա նախանձելով Յիսուսեաններին զրպարտել են նորանց։ Նոր Պապը դատապարտեց Դօմինիկեանները եւ արդարացուց Յիսուսեան ընկերութիւնը, որ գտանւում էր Չինաստանի մէջ։

Այս բանից ահա սկսեց այն արժանայիշատակ վէճը երկու Կարգի մէջ. երկու կողմից եւս անհամար գրքեր ու տետրակներ էին տպւում իւրեանց անձը արդարացնելու եւ թշնամու կողմը դատապարտելու համար, երկու կողմից եւս անդադար դեսպաններ էին ուղարկում Պապի մօտ։ Պապերը գործ էին դնում երբեմն ողոքանք, երբեմն սպառնալիք, բայց երկուսը եւս լինում էին անօգուտ։ Այն Հասարակութիւնը, որ յայտնի է անունովս de propaganda fide, շատ ջերմեռանդութենով մտաւ այս վէճի մէջ, որի առաջարկութենով դուրս եկան անթիւ պապական կանոնադրութիւնք Չինաստանի Քրիստոնէական եկեղեցու միջից հեթանոսական արարողութիւնքը դուրս ձգելու համար։ Վերջապէս Կլեմենտ X եւ Իննովկենտիոս XII Պապերը, տեսանելով Յիսուսեան քարոզիչների կամակորութիւնը, նզովքով դատապարտեցին նորանց։ Բայց այս միջոցին Սպանիական եւ Ֆրանսիական Տէրութիւնքը խառնուեցան այս գործի մէջ։ Անզօր Կարոլոս II-ը գործիք էր դարձած Յիսուսեանների ձեռքում։ Լուդովիկոս XIV-ը արդէն իւր խոստովանահայր էր շինել հայր Լետելիէ * ) Յիսուսեանը, վասն որոյ երկու տէրութիւնքը եւս կողմնակից դարձան Յիսուսեաններին։ Կլեմենտ XI Պապը տեսաւ, որ ճար չ’կայ, դարձեալ նզովեց Յիսուսեան քարոզիչները եւ 1702 թուականին կարդինալ Տուրնոնին (Maillard de Tournon), որ շատ խելացի եւ գեղեցկախօս մարդ էր (Բօսսիւետի բարեկամ), Անտիոքի Եպիսկոպոսի պատուանունով արեւելեան Հնդկաստան եւ Չինաստան ուղարկեց, որ քննէ Յիսուսեանների յանցանքը եւ ջնջէ նոցա առաքելութիւնը Արեւելքից։

Յիսուսեանք, չ’կարողանալով կեղծաւորութեամբ եւ ընծաներով խարբալել այս հռչակաւոր մարդը, գործ դրեցին այնուհետեւ իւրեանց բոլոր խորամանկութիւնը նորան կորուսանելու համար։ Նոցա որոգայթներով կարդինալ Տուրնոնը դրուեցաւ Մակաօ քաղաքի բանդը։ Պատերազմը այս խնդիրի վերայ, թէ Կօնֆուցիուն Աստուծոյ պատիւ տալը քաղաքակա՞ն, թէ՞ կրօնական գործողութիւն է, երկու կողմից եւս շարունակւում էր մեծ զօրութենով եւ կատաղութենով։ Յիսուսեանք արհամարհում էին պապական կոնդակները. նոքա Ասիայի եւ Եւրոպայի մէջ այնչափ զօրացած էին, որ կարո՛ղ էին չհնազանդուիլ Պապի կամքին։ Բայց այնպիսի խորամանկութեամբ ներգործում էին, որ առ հասարակ դուրսից նայելով երեւում էր, որ նոցա գործերը ունէին օրինական ձեւեր, վասնորոյ չէր կարելի բոլորովին դատապարտել նորանց։ Նոցա կողմնակիցքը օրէ օր առաւելանում էին։

Կլեմենտ XIը որոշեց դեսպանութիւն ուղարկել Չինացոց Կայսրի մօտ Յիսուսեանների կարողութիւնը Կայսերական Դռնումը ոչնչացնելու համար։ Դեսպան նշանակուեցաւ Մեցցաբարդան, որ հռչակաւոր էր իւր անհնարին խորամանկութեամբը։ Բայց Յիսուսեանք տեղիք չունէին նորան աշակերտել խորամանկութեան մասին, ըստ որում ինքեանք հեղինակ եւ վարդապետ էին խորամանկութեան, դաւաճանութեան եւ այլ սարսափելի յանցանքների։ Նոքա հաւատացուցին Կայսրը, թէ Մեցցաբարդայի խորհուրդը այն է, որ տարածէ Պապի իշխանութիւնը Չինաստանի մէջ եւ դորանով վնասէ Կայսրի իշխանութեանը։ Այսպէս խօսում էին Յիսուսեանք, որ Փեքինումն էին, իսկ նոցա Գեներալը, որ Հռովմում նստած էր, միեւնոյն ժամանակում ընկնում էր Պապի ոտքերը եւ հաւատացնում էր, թէ իւր Կարգը, առանց մի սահմանափակութեան, հլու հպատակ է Պապի կամքին։

Մեցցաբարդան, ինչ ժամանակ ներկայանալով Կայսրին, ծունկ չոքեց նորա առաջեւը Չինացոց սովորութեամբ։ Յիսուսեանք, Մանդարինի հագուստներով Կայսրի աթոռի չորս կողմումը կանգնած, ծիծաղում էին դեսպանի վերայ։ Այս տեսաւորութիւնից յառաջ Յիսուսեաններից մինը ասաց. «Եթե Պապը միտք ունի այլեւս վշտացնել Յիսուսեանները, այն ժամանակ Կարգը հարկադրուած կը լինի ցոյց տալ բոլոր աշխարհին, թէ ի՞նչ կարող էր առնել»։ «Ես չեմ հասկանում, - շարունակեց Մուրաօ անունով միւսը, ի՞նչպէս Պապի խիղճը չէ տանջում, այլ ներում է այսպիսի գործեր կատարել. ողջին յայտնի է, որ նա, դուրս տալով exilla die * ) անունով կոնդակը, մահու չափ մեղանչեց։ Եթէ այդ կոնդակը գործ դրուի, եւ կատարուի այն, ինչ որ գրած է նորա մէջ, այն ժամանակ Չինաստանի մէջ Քրիստոնէութիւն չէ լինելու»։ Մեցցաբարդայն հինգ անգամ պատահեցաւ Կայսրի մօտ, բայց ոչինչ չ’կարողացաւ յառաջացուցանել։ Առաջին տեսաւորութեան ժամանակ Կայսրը, նշանացի առնելով Պապական կոնդակների հակառակաբանութիւնքը Յիսուսեանների մասին, ասաց. «Ո՛չ ոք չի հաւատայ այն մարդերին, որ կամենում են հաւատացնել, թէ կարմիր գոյնը սպիտակ է, իսկ սպիտակը՝ դեղին։ Ի՞նչ կարելի է մտածել այն մարդերի մասին, որ միեւնոյն գոյնը անուանում են երբեմն սպիտակ, երբեմն դեղին եւ երբեմն կարմիր»։

Դեսպանը պատասխանեց, թէ Պապը, իբրեւ Քրիստոսի փոխանորդ աշխարհի երեսին, հոգեւոր գործերի մէջ չէ կարող սխալուիլ։ «Բայց կարելի՞ է, արդեօք, - ասաց Կայսրը, - որ Պապը ճշմարիտ դատողութիւն առնէր Չինաստանի մասին, որ երբէք տեսած չէր եւ ոչինչ հասկացողութիւն չունէր նորա մասին։ Ի՞նչ կ’ասէին իմ համար, թէ եւ ես երկնքի որդի եմ, եթէ մտածէի դատողութիւն առնել Եւրոպական գործերի վերայ»։ «Սրբազան Պապը չէ կամենում դատողութիւն առնել Չինաստանի վերայ, - պատասխանեց Մեցցաբարդան. - նա կամենում է, որ այս ահագին Տէրութեան մէջ բնակուած քրիստոնեայքը չ’հեռանան իւրեանց քրիստոնէական հաւատի կանոններից»։ Ինչպէս երեւում է, Կայսրին հաւանական չեղաւ Մեցցաբարդայի պատասխանը, վասնորոյ արձակեց իւր երեսից։ Երկրորդ տեսաւորութեան ժամանակ, երբ Մեցցաբարդան խօսում էր Պապի ամենայն գործերի մէջ անմեղանչականութեան վերայ, Կայսրը համեմատեց նորան որսորդի հետ, որ, բաղդի վերայ յուսալով, նետում է օդի մէջ եւ սպանում է թռչուններ։ Պալատական Մանդարին–Յիսուսեանք Կայսրից առաւել ծիծաղեցան, որ շատ ուրախացել էր իւր սրամիտ խօսակցութեան վերայ։ «Իմ այս համեմատութեան համար դու ի՞նչ ես մտածում, - հարցրեց Կայսրը Մեցցաբարդայից, - ինչո՞ւ չես պատասխանում»։ «Շատ սրամիտ բան էր, - պատասխանեց Կարդինալը, - եւ Ձեր մեծութիւնը անչափ քաղաքավարի էք» *

Մեցցաբարդան իւր դեսպանութեան ժամանակ խաղալիք էր դարձած Յիսուսեաններին. նոքա հաւատացնում էին Կայսրին, թէ դեսպանը կամենում է խզել քրիստոնեաների խաղաղութիւնը եւ կպչում է մինչեւ անգամ Կայսերական իշխանութեանը։ Այնքան մեծ կասկած եւ անհաւատարմութիւն կար Մեցցաբարդայի վերայ, որ նորա բնակարանի դուռի մօտ պահապանք էին կանգնած, եւ ո՛չ ոք, մինչեւ անգամ եւ իւր մարդիկը, չէին կարող միայնակ տեսանել դեսպանի երեսը։ Մեցցաբարդան, վերջապէս բարեաւ մնաս առնելով Կայսրի հետ, որ վերջին տեսաւորութեան ժամանակ շատ քաղաքավարի ընթացել էր, գնաց Մակաօ քաղաքը։ Այնտեղ փորեց, հանեց գերեզմանից խեղճ ողորմելի Տուրնօնի մարմինը եւ բերեց իւր հետ Եւրոպա՝ ոչինչ գործ չ’կարողանալով յառաջացնել Չինաստանի մէջ։ Քանզի Կայսրը, որ այնքան սիրում էր Յիսուսեանները, վախճանեցաւ շուտով, նորա ժառանգը, առ հասարակ քրիստոնեաներին չ’սիրելով, խլեց քարոզիչներից շատ արտօնութիւններ, որ ունէին յառաջուց։ Բայց Յիսուսեանք մնացին Պալատական Մաթեմաթիկոսների պաշտօնում՝ Օրացոյց եւ զանազան գուշակութիւնք շարադրելու համար։ Նայելով բաների հանգամանքներին նոքա դադարեցին Չինացիները Քրիստոնեայ շինելուց եւ հոգս էին առնում միմիայն կարգի եկամուտների մասին։ Յիսուսեան երկու վաճառատուները, Փէքինի մէջ բերում էին ամենայն տարի իւրաքանչիւրքը առաւել քան թէ յիսուն հազար տալլեռ * Բայց Քրիստոնէութիւնը երբէք չէր վերջանում Չինաստանից բոլորովին, ամենայն ժամանակ մի քանի Յիսուսեան քարոզիչք շարունակում էին իւրեանց շարադրած Աւետարանի քարոզութիւնը։ Այս քարոզիչքը, ինչպէս վկայում է Կանտօնի Եպիսկոպոսը իւր նամակի մէջ, որ գրել էր Բենեդիկտոս XIV Պապին, վարում էին մի գայթակղեցուցիչ կեանք՝ շատ անգամ զոհելով պատշաճը... Դեռեւս 1780 թուականին Պետրոս Հալլերշտէյն Շուապացի Յիսուսեանը Պալատական Մանդարին էր եւ Չինաստանի Մաթեմաթիկական մեծ ընկերութեանը նախագահ։

Ես ցոյց տուեցի, թէ ի՞նչ կերպով ներգործում էին Յիսուսեան քարոզիչքը Չինաստանում, Եափոնիայում եւ Հնդկաստանում. այսպէս էր ահա եւ ամբողջ Կարգի ուղղութիւնը։ Բայց չէ կարելի մտածել, որ Կարգի անդամներից ամենայն ոք առանձին եւ առանց բացառութեան այսպէս եւ այս հոգով ներգործէր։ Լուզիանի եւ Հիւսիսային Ամերիկայի անապատների քարոզիչքը, ինչպէս Ֆրանսիսկոս Կսաւիէ, որ աննշան մարդիկ էին Եւրոպայումը, մտանում են խոր եւ անանցանելի լիճերի, սարերի եւ անտառների մէջ, նստում են վայրենիների մակոյկներում եւ գնում են՝ հետեւելով խորհրդական գետերի ընթացքին անծանօթ ազգերին Աւետարան քարոզելու։ Բայց Կարգի հոգին անտեսանելի կերպով հետեւում է նոցա քամակից եւ աստիճան առ աստիճան չորացնում է այն հողը, որի վերայ սերմանել էին Աւետարանի սերմը։ Արդէն 1722 թուականին Շարլնուան հազիւ հազ կարողացաւ այս վայրենի անապատների մէջ գտանել Քրիստոնէութեան նշանակը կամ հետքը. բարեպաշտ քարոզիչների ձեռքով սերմանածը այրում էր Կարգի սարսափելի խորամանկութիւնը։ Պապականութեան այս պաշտպանքը ցոյց տուեցին միայն ընդհանուր պատմութեանը մի մեծ ծառայութիւն, նոքա բացին Անգլիայի եւ նորանց ձեռքով Հիւսիսային Ամերիկայի միացեալ նահանգներին, Հիւսիսային Ամերիկայի անապատների ճանապարհը։

Այսուամենայնիւ Յիսուսեան Կարգին յաջողեցաւ մի ազգի մէջ իրագործել Տէրութիւն հիմնարկելու գաղափարը. այս ասելով՝ ես խօսում եմ Պարագուայի վերայ։

Յիսուսեանք Ֆիլիպպ IIIին գանգատում էին Սպանիական նահանգապետների վերայ, թէ նոքա իւրեանց խստութենովը, որ գործ էին դնում դէպի այնտեղի բնակիչքը, եւ անհաւանութենովը, որ ունէին դէպ ի Յիսուսեան քարոզիչքը, արգելք էին Քրիստոնէութեան տարածուելուն Ամերիկայի մէջ։ Թագաւորը շատ ողորմած կերպով լսեց այս գանգատին։ Յիսուսեանք, խրախուսուելով այս բանից, առաջարկեցին նորան Քրիստոնէական Հասարակապետութեան գաղափարը, որից պիտոյ է ծնանէին նահապետական ժամանակների երջանիկ օրերը։ Ֆիլիպպ IIIը, կրթուած լինելով Մարիաննա * ) հռչակաւոր Յիսուսեանի դաստիարակելովը, հետեւաբար գտանւում էր Յիսուսեան Կարգի ազդեցութեան տակ, վասն որոյ տուեց նորանց Պարագուայն իբրեւ Տէրութիւն՝ ամենեւին անկախ Սպանիայից, որի մէջ Կարգը կարող էր ներգործել արձակ համարձակ, միայն այն պայմանով, որ հատուցանէ Արքունի գանձարանին, որ Մադրիտումը էր, սահմանած հարկը (ètat mi-souverain)։ Յիսուսեան Կարգը, հիմնարկելով Պարագուայի Հասարակապետութիւնը, նորա կազմուածքի մէջ ցոյց տուեց կատարելապէս իւր քաղաքական սկզբունքը։ Եւրոպայի եւ Ասիայի մէջ նա պիտոյ է պատերազմէր ներկայ բաների կարգի հետ. բայց այստեղ՝ Հարաւային Ամերիկայի անապատներումը, կարո՛ղ էր փչել իւր հոգին նոր եւ վայրենի մարդերի վերայ ամենայն ազատութեամբ։ Առաջին անգամից երեւում է, թէ Յիսուսեանների քաղաքական Կարգը, որ մահացնում էր կատարելութեան հասած ազգերը, ըստ ամենայնի յարմար էր այս երեխայ ազգին։ Յիսուսեանք մի հրաշալի ճարտարութեամբ քարշում էին նորանց իւրեանց կողմը, բաժանում էին մինը միւսից եւ յաւիտենական հլու եւ հնազանդ էին շինում իւրեանց Կարգին։ Դուրս եկաւ երեխաների հասարակապետութիւն, որ իւր կեանքի երջանկութեան համար ունէր ամենայն պայմանները, բացի այն բաներից, որ կարող էր կերպարանագործել նորա միտքը եւ հասակաւոր մարդ շինել երեխայից։ Այն ձեւը, որ գործ էին դնում Յիսուսեանք Սպանիական նահանգապետների գաւազանի տակ չարչարուած անբաղդ ազգերին մի ազատ եւ հանգիստ կեանք պարգեւելու համար եւ փոքր առ փոքր իւրեանց Կարգի իշխանութեան հետ ընտելացնելու համար, արժանի է, որ Օրէնք տուողները եւ Հասարակապետութեան քարոզիչքը զարմանային։ Փաղաքշանքով եւ խրատական պատիժներով ներս էին բերում նոքա այս վայրենի Ազգի մէջ հաստատ Սէր դէպի բարեկարգութիւն, եւ ընտելացնում էին նորանց բնակութեան եւ անասնադարմանութեան հետ։

Պարագուայի մէջ Կրօնն էր Յիսուսեանների Քաղաքական եւ հոգեկան օրէնսդրութեան հիմքը։ Նոքա ինքեանք դառնում էին դաբիրայ այն Աստուծուն, որ քարոզում էին։ Կոյր եւ անսահման հնազանդութիւն ունենալ դէպի այս դաբիրաները առաջին կրօնական պահանջողութիւնն էր։ Այս կերպով Յիսուսեաններին դժուար չէր այն ազգը, որ երախտապարտ էր նորանց իւր հանգստութեան համար, ընտելացնել այն մտքի հետ, թէ չ’կայ աշխարհի երեսին առաւել բարձր եւ հզօր իշխանութիւն, քան թէ կարգի իշխանութիւնը, որի անհրաժեշտ հետեւանքը այն էր, որ այն վայրերի մարդիկը անչափ յարգում էին Յիսուսեան քարոզիչքը։ Պարագուայի բնակիչքը ծունկ չոքած լսում էին նոցա հրամանը եւ մեծ երջանկութիւն էին համարում համբուրել այս Սուրբ Հարց հանդերձի քղանցը։

Հասարակաց կեանքը, քաղաքական կառավարութիւնը եւ զանազան արհեստները, որ ներս էին բերած Հասարակապետութեան մէջ, բոլորովին համաձայն էին Կարգի խորհուրդին եւ գաղափարին։ Բոլոր բնակիչք ուսան աշխատել. այր մարդիկը աշխատում էին դաշտումը, կանայք ստանում էին սահմանեալ չափով կանեփ կամ բամբակ, որ պարտական էին մաքրել կամ գործել նորանցից զանազան պաստառներ մի շաբաթուայ մէջ։ Երեխայք մինչեւ անգամ ունէին իւրեանց օրական պարտականութիւնը։ Արհեստներից բերած էին Պարագուայի մէջ կենդանագրութիւն, ճարտարապետութիւն եւ երաժշտութիւն, այն չափով եւ այն սահմանով, որքան հարկաւոր էր այնտեղի կեանքին։ Հրապարակական զուարճութիւնքը էին միայն թատրոնական խաղարկութիւնները, որ կատարւում էին այնպիսի հանդիսավեհութեամբ, ինչպէս Աստուածային պաշտօնը։ Առ հասարակ ներկայացնում էին զանազան անցքեր Սրբազան պատմութենից, մանաւանդ այնպիսի անցքեր, որ կարո՛ղ էին տպաւորութիւն գործել Պարագուայեցիների երեւակայութեան վերայ եւ տնկել նոցա հոգու մէջ սէր եւ հնազանդութիւն դէպի իւրեանց տիրողքը, այսինքն՝ Յիսուսեանքը։ Քաղաքական կառավարութիւնը յանձնած էր վերատեսուչների (նոքա այսպէս էին կոչւում) կամ հոգաբարձուների, որոնք կարգւում էին Յիսուսեանների ձեռքով, կախւում էին նոցանից եւ գտանւում էին ըստ ամենայնի նոցա իշխանութեան տակ։ Շատ փոքր յանցանքի համար, ըստ մեծի մասին նշանակուած էր մարմնական պատիժ, բայց մեծամեծ յանցանքները, զոր օրինակ Յիսուսեան անարգիլը կամ վշտացնելը (?), արժանի էին լինում մահու դատապարտութեան։ Ամենայն տարի հաւաքւում էին խորհրդականք եւ քննում էին տարեկան բոլոր գործերը. նոր օրէնքներ դնում էին եւ հիները փոխում։

Յիսուսեանների գլխաւոր խորհուրդը այն էր, որ ուսուցանեն Պարագուայեցիներին կարգ եւ պահեն նորանց կատարեալ տգիտութեան մէջ։ Այս պատճառով հեռացնում էին նորանցից ամենայն գիտութիւն, որ դէպի չարը կարելի էր գործ դնել։ Մասնաւոր սեպհականութիւնք ջնջուած էին. հասարակաց քրտունքի պտուղը պատկանում էին Յիսուսեաններին, որոնք բաժին էին տալիս աշխատողներին այնքան սահմանափակ, որով հազիւ թէ կարելի էր լցուցանել կեանքի անհրաժեշտ պիտոյքը։ Այս բաներից կարելի է եզրափակել, թէ ի՞նչքան մեծ գանձ էր բերում Կարգին այս հարուստ երկիրը, որի բնակիչքը բաւականանում էին միմիայն անհրաժեշտ հարկաւորութեններով, եւ ի՞նչքան աշխատութիւն պիտոյ է գործ դնէին Յիսուսեանք, որ ջնջէին Պարագուայի եւ Եւրոպայի միմեանց հետ կապակցութիւնը։

Բոլոր երկիրը, ինչպէս վկայում է Պօդօզի քաղաքի ընդհանրական նահանգապետը՝ Դօն Մատիա-դը-Հօրտարին, բաժանած էր երեսուն վեց եկեղեցական գաւառներ (վիճակ), որոնցից իւրաքանչիւրքը ունէին իւրեանց մէջ մինչեւ տասն հազար ընտանիք։ Բացի ոսկու, արծաթի, կտաւեղինների անհամար գործարաններից, Պարագուայի մէջ ունէին ձուլարան, ուր շինում էին թնդանօթներ եւ այլ զանազան զէնքեր, որ Յիսուսեանք գործ էին ածում պատերազմի ժամանակ, դրացի Հնդկացիների հետ, կամ վաճառում էին Եւրոպացոց։

Յիսուսեանները համաշխարհային առեւտուր ունէին Պարագուայի բուսական բերքերի, մանաւանդ՝ բամբակի, շաքարի, թաբակի, զանազան մորթերի եւ այլ բաների։ Վեց տարին մի անգամ գալիս էր Գեներալ Պրօկուրօրը, հաշւում էր եկամուտքը եւ գոյացած դրամը մուրհակներով ուղարկում էր Հռովմ՝ Գեներալի ձեռքը։ Իւրաքանչիւր գաւառում կային շտեմարաններ, ուր պահւում էին վաճառելի ապրանքները՝ ոսկի, արծաթ, գոհարեղէնք։ Նոցա երեւելի վաճառատեղիքը էին Սանտա-Ֆէ, Բուէնոս-Այրէս եւ Տուկուման։ Միմիայն այս վաճառատեղիքը տարեկան արդիւնք բերում էին առաւել քան տասն միլլիօն Տալլեր։

Այս Տէրութենական կառավարութեան մէջ երեւում է Յիսուսեանների յաղթականութիւնը, այստեղում ցոյց տուեցին նոքա կատարելապէս իւրեանց բնաւորութիւնը։ Բայց այս խորհրդական հատուածը ունի՞ արդեօք իւր մէջ մեծ թագաւորութեան սկիզբն։ Ամենայն տեղ, ուր սկսանում է պատմական կեանքը, մեք տեսանում ենք ստէպ արիւնահեղ պատերազմներ, որոնցով ամրանում է ազգի մատաղահաս զօրութիւնքը, իսկ այստեղ՝ մի զարհուրելի հանգստութիւն։ Յիսուսականութեան հոգին չորացո՜ւց այս կուսական երկիրը... Նա չէ կարող յառաջացուցանել Գուատիմօզին կամ Մօնտեզումօն։ Կարգը պատրաստ է կործանուիլ, բայց Պարագուայի ժողովուրդը կենդանացնում է նորան իւր անմատչելի սահմաններում՝ լինելով օր ըստ օրէ առաւել խորհրդական, առաւել անմռունչ։ Յիսուսեանների ցանկութիւնը իրագործուեցաւ. երեւեցաւ մի Տէրութիւն՝ առանց շնչառութեան, առանց շարժողութեան, զրկուած կեանքի ամենայն նշաններից։

Յիսուսեան Կարգի պատմութիւնը Եւրոպայի մէջ ցոյց է տալիս երկու ուղղութիւն. XV եւ XVI դարերումը Կարգը պատերազմում է թագաւորների միապետական իշխանութեան հետ եւ այն կարգադրութենների հետ, որ պաշտպան էին այս իշխանութեններին։ Այս ժամանակներումը նոր էին կազմւում Եւրոպայի մեծ միապետութիւնքը, այսինքն՝ Ֆրանսիան, Սպանիան, Գերմանական Կայսերութիւնը (Աւստրիական Տան ժառանգական երկիրները) եւ Անգլիան։ Միապետական իշխանութեան մէջ երեւում էր ազգերի կեանքը. նա նկարագրում էր միջին դարերի լուսաւորութեան հետեւանքը՝ Միութիւն, Ազգութիւն, Թագաւորութիւն։ Ահա այս կենդանացուցիչ իշխանութեան ընդդէմ դուրս եկան Յիսուսեան Հասարակապետական քարոզիչքը, մանաւանդ՝ Բելլարմին, Մարիաննա, Ալֆոնս Սալմերօն եւ Էմմանուէլ Սպա։ Եւ ո՞վ կարող էր մտածել. նոքա ընդդէմ դուրս եկան ժողովրդական իրաւունքի անունով՝ ի հարկէ խառնելով նորա հետ իւրեանց Աստուածապետական Հասարակութեան տեսութիւնը։ Կերպարանագործելով այս միտքը՝ նոքա ամենայն իշխանութեան հիմք ընդունում են թագաւորութեան մէջ այն, ինչ որ ասացին XVIII դարու հեղինակները եւ հասարակապետութեան քարոզիչքը՝ Րուսսօն եւ Մօնտեսկիէն, beneplacita multitudinis։ Բայց այս XVI դարու ժողովրդապետականները ինքեանք ջնջում էին իւրեանց գաղափարը՝ ամենայն իշխանութենից վեր դասելով Պապի իշխանութիւնը, այս ճանապարհով եւ՝ իւրեանց Կարգի իշխանութիւնը։

Բայց ինչպէս առաջին յօդուածի մէջ յիշուեցաւ, հանգամանքների դժուարութիւնքը արգելառիթ էին այս տեսութեանը. ժողովրդի պատմական կեանքը դեռեւս չէր ամրացել, Տէրութիւնքը դեռ չէին կարող կուլ տալ մասնաւոր իշխանութիւնքը, որ դեռեւս չէին ոչնչացած, վասն որոյ Սարպի եւ այլ Հասարակապետական քարոզիչք, որ հասկանում էին ժամանակակից գործերի ընթացքը, դուրս դրեցին Քաղաքական սկիզբն ըստ ամենայնի հակառակ Յիսուսեաններին, այսինքն՝ թագաւորների Աստուածային իրաւունքը, եւ այս կերպով աշխարհական իշխանութիւնը հաւասար կացուցին հոգեւոր իշխանութեան հետ։

Միապետութիւնքը սկսեցին կերպարանագործուիլ, իսկ Յիսուսեանք, տեսանելով իւրեանց տեսութեան կատարեալ անյաջողութիւնը, վեր առեցին այլ ուղղութիւն։ Այս օրից նոքա յայտնւում են ամենայն տեղ իբրեւ թագաւորների խոստովանահայր եւ նոցա ձեռքով ներգործում են իւրեանց Կարգի օգտի համար։

Լուդովիկոս XIVի ծերութեան ժամանակ, Սպանիայի Կարոլոս IIը, Յակոբ II եւ, բացի սորանցից, շատ Սպանիայի եւ Աւստրիայի թագաւորներ կառավարւում էին Յիսուսեանների ձեռքով։

Այս առհասարակ նկարագրութիւնը ես կ’աշխատիմ կերպարանագործել Յիսուսեան Կարգի պատմութեան մէջ Ֆրանսիայում։

Մեք տեսանք, որ դեռեւս նոր էր կազմուել Յիսուսեան Կարգը, մինչ իսկոյն Ֆրանսիայի մէջ պատահեց զօրեղ հակառակորդների, որք էին Պարլամենտը եւ Համալսարանը։ Ֆրանսիսկոս IIի օրովը անցան պատմական ասպարէզի մէջ հռչակաւոր Գիզերը, որ պաշտպան էին Յիսուսեան Կարգին։ Սոցա միջնորդութենով Պուասսիու եկեղեցական ժողովքը, որ յայտնի էր անունովս colloque de poissy, թոյլ տուեց Յիսուսեաններին մնալ Տէրութեան մէջ, միայն այն պայմանով, որ ընդունէին այլ Կարգերի նման եպիսկոպոսների իրաւասութիւնը եւ առ հասարակ Ֆրանսիայի մէջ հրաժարուէին իւրեանց արտօնութենից։ Յիսուսեանք առաջին անգամ ընդունեցին բոլոր պայմանները եւ բացին Փարիզի մէջ Կլերմոնդեան Կօլլեգիումը (որ այժմ Collége Louis le Grand) * ), բայց Համալսարանը այն ժամանակուայ հռչակաւոր իրաւաբան Գիւմուլէնի խորհրդով բողոքեց այս բանի ընդդէմ։ Գործը մտաւ Պարլամենտ։ Նոր եւ մինչեւ այն ժամանակ անյայտ փաստաբանը՝ Էտիէն Պասկիէ, փառաւոր կերպով պաշտպանեց Համալսարանի իրաւունքը։ Գեղեցիկ ճարտարութենով ապացուցեց Յիսուսեանների վնասակարութիւնքը Ֆրանսիացոց հոգեւորականների համար եւ մինչեւ անգամ Տէրութեան վտանգը՝ հիմնուելով այս բանի վերայ, թէ Յիսուսեանների մեծ մասը, Սպանիացի լինելով, կարող էին լրտեսութիւն առնել այն ժամանակ մանաւանդ, մինչ Ֆրանսիայն եւ Սպանիայն թշնամի էին միմեանց։ Նա այսպէս վերջաւորեց իւր ճառը. «Դուք ինքներդ, Պարոննե՛ր, դուք ինքներդ, որ այժմ ընդունում էք Յիսուսեանները, կը զղջաք, բայց գուցէ թէ ուշ լինի այն ժամանակ։ Դուք կը զղջաք, երբ կը տեսանէք ձեր դիւրահաւանութեան կորստական հետեւանքը, այսինքն՝ ամենայն կարգի եւ հանգստութեան կործանումը ոչ միայն այս թագաւորութեան մէջ, այլ եւ բովանդակ Քրիստոնեայ աշխարհներում՝ նոցա խորամանկութենով, կեղծաւորութենով, նենգութենով, նանրահաւատութենով, երեսպաշտութենով եւ այլ զարհուրելի արատիքներով»։

Կարգի փաստաբանը՝ Վերսօրիս անունով, շատ թոյլ կարողացաւ հերքել այս բաները, բայց Պարլամենտը, չ’նայելով գործի ընթացքի վերայ, ատելութիւն ունենալով դէպի Պրօտեստանտները, յետ դրեց այս գործի վախճանական վճիռը անորոշ ժամանակով եւ թոյլ տուեց Յիսուսեաններին ուսուցանել նոր բացած Կօլլեգիումի մէջ։

Երիտասարդ փաստաբանի (Պասկիէի) փառաւոր յայտնութիւնը, որ մանաւանդ փայլեցաւ այս պաշտպանութենով, եւ որի մասին դեռեւս ժողովքի առաջին նիստումը գովասանութիւն էր խօսել հռչակաւոր Դիւպէնը, շատ սաստիկ վրդովեց Յիսուսեաններին։ Նոքա տեսան նորանում մի նոր եւ քանքարաւոր հակառակորդ։ Կամենալով ջնջել այն տպաւորութիւնը, որ գործել էր նորա ճառը, գրեցին ճառի պատասխանը հայհոյանքի եւ զրպարտութեան ձեւով, որ մինչեւ այժմ պահպանւում է Փարիզի Պարլամենտի հին դիւանների մէջ։ Այս շատ նշանաւոր պատասխան է, վասն որոյ դուրս եմ գրում այստեղ բառ առ բառ։ «Թող Պասկիէ շաղփաղփէ այնքան, մինչեւ որ մեր անդամներից մինը կամ այլ ոք կազմէ Հասարակութեան համար Համախմբութիւն։ Նորա յիմարութենների, ցանցառութենների, իշութենների (aneries), չար եւ հերետիկոսական կարծիքների, որ այս բաներից շինեն նորան գերեզման, որի մէջ կենդանի կենդանի կը թաղուի. այնպիսի գերեզման, դէպի որը հարիւր մղոնից պիտոյ է թռչին, հասանեն ագռաւները եւ անգղները՝ նորա մարմնի հոտը առած, գերեզման, որին չէ պիտոյ կարողանան մարդիկ մօտենալ՝ առանց քիթերը բռնելու գարշահոտութեան պատճառով. որի վերայ պիտոյ է բուսանին մամուռ եւ եղինճ, եւ ուր պիտոյ է բոյն շինեն մողէսները եւ բազիլիսկները, պիտոյ է վայեն բուերը եւ այլ գիշատող թռչունները։

Պասկիէ, անառակ, Փարէզեան խաբեբայ, խեղկատակ, ծաղրածու, զրպարտութեան վաճառող, որ արժանի չէ ծառաների մօտ ծառայ լինելու, անպիտան, որ շատ անպիտանութիւնք է գործում (qui rote, qui pêtte, qui vaisse et qui rend sa gorge), հերետիկոս, կամ առաւել վատթար, կեղտոտ եւ զզուելի հեգնող, յիմարների նահապետ (archi-sot par sa nature), ամենայն տեսակ յիմար։

Պասկիէ վերագիր ամենայն տեսակ զրպարտութենների (Pasquier est un pasquin) * ), մեծ հորթ, եզն, էշ, անարժան այն ջրին, որով լուանում են նորա գլուխը, այնպիսի ծաղրածու, որի գլխին պիտոյ է դնել դեղին գլխարկ՝ աքաղաղի փետուրներով եւ բոժոժներով, օձ, սողուն, գորտ, խօսքերով միայն Պապական, իսկ իրողապէս Աստուած մի անձն դաւանող եւ մինչեւ անգամ անաստուած, շատախօս, կաչաղակ, անսանձ խելագար, որ ընկնում է ամենայն կողմ, որ ապականէ եւ պղծէ կարապների մաքուր փետուրների պատուական սպիտակութիւնը»։

Ահա Յիսուսեան աբեղաների ճշմարտութիւնը։ Այսպէս կամենում են նոքա ապացուցանել իւրեանց իրաւունքը եւ հերքել հոյակապ Պասկիէի իմաստուն ասածները։ Ի՞նչ ասել է, ճշմարտութիւն ապացուցանելու համար հայհոյել եւ նզովել. եթէ ունին նոքա իրաւունք, փաստ եւ պատճառ, թո՛ղ հանդէս բերեն, թո՛ղ մարդավայել կերպով հերքեն հակառակորդի խօսքը եւ լուսափայլ կացուցանեն իւրեանց ճշմարտութիւնը։ Այս բաները ոչ այլ ինչ են, եթէ ոչ յայտնի ապացոյց եւ քարոզ, թէ այդ Յիսուսեան աբեղայքը ջարդ ու փշուր էին եղած բարոյապէս եւ ջախջախուած խորտակուած միանգամայն Պասկիէի ճշմարտութեան մուրճի տակ. պատճառ, բանականութենով եւ խելքով կ’ապացուցանուի ճշմարտութիւնը, եթէ կայ, բայց հայհոյութիւն, գաւազան եւ բռնութիւն երբէք չեն կարող ապացուցանել մի շինովի, հնարած ճշմարտութիւն։ Վա՜յ այն ճշմարտութեանը, որ այսպիսի հնարների էր կարօտում։ Ողբա՜լի հնար ճշմարտութիւն ապացուցանելու։

Բայց այս կարապները օրէ օր աւելի գործի տէր էին դառնում Եկատարինէ Մետիչիսի պալատումը, Սպանիացիք ներգործում էին նոցա ձեռքով։ Նոքա, ինչպէս երեւում է դը-Տու նախագահի խօսքերից, առաւել կատաղի դահիճք եղան այն հռչակաւոր սպանութեան մէջ, որ յայտնի է անունովս Բարթոլոմէոսեան գիշեր կամ Փարիզի արիւնաշաղախ հարսանիք * Նոքա արդէն բաւականաչափ զօրացած էին Ֆրանսիայի մէջ եւ 1577 թուականին նոր ի նորոյ սկսեցին աշխատել, որ ձեռք բերեն Փարիզի Համալսարանի ուսուցչապետական, վարդապետական ամբիոնները։ Բուրբօն Կարդինալը, որ պաշտպան էր Յիսուսեաններին, կանչեց իւր մօտ Համալսարանի կառավարիչը եւ Համալսարանական ծերակուտի անդամքը, յայտնեց նորանց, թէ Պապը եւ թագաւորը ցանկանում էին տեսանել Յիսուսեան աբեղաները Փարիզի համալսարանի մէջ վարդապետական աթոռների վերայ։ Կառավարիչը պատասխանեց, թէ այդ բանը գլուխ բերելու համար յառաջուց հարկաւոր է իմանալ, թէ Յիսուսեան աբեղայքը աշխարհական են, թէ հոգեւորական։ Կարդինալը չ’կարողացաւ այս հարցմունքին պատասխանել։ Բայց մի գաւառական Յիսուսեան աբեղայ, որ այնտեղ ներկայ էր, եւ որ մինչեւ այն ժամանակ չէր խօսում, ասաց. «Sumus tales quales» (մեք այնպէս ենք, ինչպէս)։ Կառավարիչը խնդրեց նորանից բացայայտել այս խօսքերը։ Աբեղան պատասխանեց. «Յիսուսեան աբեղաները իրողապէս բաղկացնում են աշխարհական հասարակութիւն իւրեանց ուխտերին համաձայն, բայց ո՛չ բոլորովին կատարեալ, այլ այս պայմանով, թէ նոքա աշխարհականանում էին հրապարակով ուսուցանելով մանուկներին այն ամենայն գիտութիւնքը, որ Պապը պարզապէս նշանակել էր իւր կոնդակներից մինի մէջ»։ Կառավարիչքը եւ երեսփոխանքը չ’կարողացան հասկանալ այս աբեղայի խօսածը, վասն որոյ փակած մնացին Համալսարանի դուռները Յիսուսեան աբեղաների առաջեւ։

Շուտով սորանից յետոյ կազմակերպեցաւ հռչակաւոր Սուրբ Լիգան, որ քսան տարի չարչարեց Ֆրանսիայի աշխարհը։ Ինչպէս Մեզերիէ ասում է, Յիսուսեանք էին նորա քարոզիչքը եւ փողարքը։ Նոցա միջից մանաւանդ երեւելի եղաւ Հենրիկոս Սամմիէ անունով Յիսուսեան աբեղայն, որ քանի անգամ ուղարկուեցաւ զանազան Պապական թագաւորների մօտ օգնութիւն խնդրելու։

Նա, Փարիզի մէջ ժողովուրդը գրգռելով, Հուգենօտների ընդդէմ շատ անգամ կերպարանափոխ եղաւ՝ երբեմն զինուորի, երբեմն քահանայի, երբեմն աղքատի հանդերձ հագնելով։ Մտանում էր խաղարկութեան տներ եւ պանդոկներ, այս բաները Յիսուսեան Կարգի կանոնով թոյլ էր տուած, սուրբ նպատակին հասանելու համար (նպատակը կը սրբէ հնարը??.. Այս աներկիւղ մարդը ճանապարհորդեց բոլոր Գերմանիայ, Իտալիայ եւ Սպանիայ, գնաց ամենայն պապական թագաւորի մօտ՝ աշխատելով պատերազմել տալ նորանց Հենրիկոս III-ի հետ, որովհետեւ սա պաշտպան էր Հուգենօտներին։ Նորա հետ միացաւ եւ մի այլ Յիսուսեան աբեղայ՝ Կլօդիոս Մատիէ, որ անուանուած էր «Սուրհանդակ Սուրբ Լիգայի»։

Վերջապէս յաջողեցաւ նորանց համոզել Ֆիլիպպ II-ը դաշնակից լինել Պապական թագաւորների հետ 1584 թուականի դեկտեմբեր ամսումը (ligue dèfensive et offensive)։ Այս դաշնադրութեան զօրութենով նոքա բոլորը պարտաւորուեցան գործ դնել ամենայն զօրութիւն Պապականութիւնը Ֆրանսիայի մէջ պահպանելու համար եւ Հենրիկոս III-ի մահից յետոյ Կարդինալ Բուրբոնին թագաւորեցուցանելու համար, բացի նորա բոլոր մերձաւոր ժառանգաւորներից, որ ընկել էին հերետիկոսութեան մէջ։

Այս միջոցին մայրաքաղաքը դարձաւ Սուրբ Լիգայի ընկերակցութեան կենդրոն։ Տասն եւ վեց * ) հռչակաւորքը, որ գրգռւում էին եւ կառավարւում էին Յիսուսեանների խորհրդով, ազատակամ ներգործում էին Փարիզի եւ Ֆրանսիայի վերայ։

Հենրիկոս III-ը, որ սկզբումը շատ ուշ չէր դնում սուրբ Լիգայի վերայ, զարհուրեցաւ, երբ լսեց, թէ իւր թագաւորութեան կէսը անցել է արդէն Սուրբ Լիգայի պատկանողների դրօշի տակ։ Որոշեց նա վերջապէս ինքը իւրեան Սուրբ Լիգայի գլուխ քարոզել՝ յուսալով, թէ կարո՛ղ է այս ճանապարհով իւր ձեռքում պահել թագաւորական իշխանութիւնը, բայց շատ սխալուեցաւ իւր կարծիքի վերայ։ Գիզերը եւ Յիսուսեանք էին Ֆրանսիայի իսկական տիրողքը։ Հենրիկոս, տեսանելով իւր սխալը, օգնութիւն խնդրեց իւր փեսայ Հենրիկոս Նավարրացիուց։ Այս երկու թագաւորքը միացուցին իւրեանց զօրքը եւ պաշարեցին Փարիզը։ Սարսափած մնացին Տասն եւ վեցը եւ հնար էին որոնում այս վտանգից ազատուելու։ Այն միջոցին, երբ սոքա, հաւաքուած Մային դուքսի առանձնարանի մէջ, խորհուրդ էին կատարում, երեւեցաւ Բուրգուան՝ Յակոբեանների վանքի վանահայրը, եւ յայտնեց, թէ իւր աբեղաներից Յակոբ-Կլեման անունով մինը (Jacques Clément) բարեպաշտ հոգետես, որ յոյս ունի, թէ հրեշտակները օգնութիւն կը հասանէին նորան երկնքից, սուրբ գործը կատարելու համար, կամ թէ գո՛նէ արժանի կը լինի ստանալ մարտիրոսական արմաւենին, վճռում է զոհել իւր անձը բոլոր Պապականների փրկութեան համար, այսինքն, թէ կամենում է սպանել Հենրիկոս III-ը, որ հալածում է Պապականները։ Այս րոպէին Բիւսսի-Լեկլեր (Bussi-Leclere) անունով մի մարդ բերեց մի նամակներով լիքը ծրար, որ Բաստիլիայի Պարլամենտի անդամքը յանձնել էին մի Օգոստինեան աբեղայի, որ պատարագում էր նոցա համար, եւ խնդրել էին այս աբեղայից հասուցանել նամակների ծրարը թագաւորին։

Իսկոյն վճռուեցաւ, թէ այս նամակները կարո՛ղ են Յակոբ-Կլեմանի համար անցաթուղթ լինել։ Դուքս Մայէնը տուեց այս նամակները Բուրգուանին եւ խնդրեց համոզել Կլեմանը, որ հարցուփորձի ժամանակ չ’յայտնէ իւր խորհրդակիցքը կամ գո՛նէ ասէ միայն վանահօր անունը, որին խոստացաւ տալ զինուորական պահնորդներ անվտանգ Ֆլանդրիա հասանելու համար, ուր նա կարո՛ղ էր գտանել մի հանգիստ ապաստանարան։ Այսպէս եւս կատարուեցաւ։ 1588 թուականի յուլիսի 31-ին՝ երեկոյեան ժամանակ, Յակոբեան երիտասարդ Յակոբ-Կլեման աբեղայն հասաւ Սէն-Կլու։ Ամբողջ գիշեր աղօթքի հետ եղաւ եւ միւս օրը գնաց Արքունի պալատ։ Երբ կամենում էր ներս մտանել, պահապանը արգելեց։ Ինչ ժամանակ աբեղայն բարձր բարձր խօսում էր պահապանի հետ, Հենրիկոս III-ը, լսելով այս աղաղակը, կանչեց պատուհանից, որ բաց էր. «Ներս թողեցէ՛ք դորան. ինձ համար կ’ասեն, թէ ես հալածում եմ աբեղայքը եւ չեմ կամենում տեսանել նորանց»։

Յակոբ-Կլեմանը ներկայացաւ թագաւորին, որ այն միջոցին նստած էր աթոռի վերայ, եւ տուեց նորան նամակների ծրարը։ Ինչ ժամանակ Հենրիկոս կարդում էր ուշադրութենով այս նամակները, աբեղայն հանեց իւր թեւի միջից երկայն դանակը, որ պատրաստած էր, եւ ցցեց թագաւորի կուրծքը։ Պահապանքը, լսելով թագաւորի աղաղակը, ներս վազեցին եւ, տեսանելով թագաւորը արեան մէջ թաւալուած, իսկ աբեղայն՝ կանգնած նորա մօտ արիւնոտ դանակը ձեռքին, յարձակուեցան Կլեմանի վերայ եւ կտոր կտոր արեցին նորան նոյն րոպէին։ Յակոբ-Կլեմանը ժամանակ չ’գտաւ իւր խորհրդակիցքը յայտնելու։

Յիսուսեան աբեղայքը, ժամանակակից օրագիրների մէջ գովում էին այս զարհուրելի թագաւորասպանութիւնը։ Այն օրը, որ Հենրիկոս III-ը սպանեցին Փարիզի մէջ, նոքա կամենում էին Բօրդօի մէջ մորթել Մարշալ Մատինեօնը եւ տիրել ամրոցին։ Մատինեօնը ազատուեցաւ, բայց Յիսուսեանք աքսորուեցան քաղաքից։ Իւրեանց այն ժամանակներում տպած շարադրութեններից մինի մէջ Յիսուսեան աբեղայք ասում են, թէ Աստուած պատժեց Հենրիկոս III-ը Մարշալ Մատինեօնի՝ Յիսուսեաններին հասուցած նեղութենների համար, որ հպատակօրէն կատարում էր միշտ Հենրիկոսի հրամանները այս մասին։

Մինչդեռ այս բաները լինում էին, Հենրիկոս IV թագաւոր անուանեց իւրեան։ Այն թագը, որ ժառանգաբար պատկանում էր նորան, պիտոյ է նա պատերազմով ստանար։ Յիսուսեան աբեղայքը, որոնց խորհրդով կառավարւում էին Տասն եւ վեցը եւ մանաւանդ՝ Դուքս Մայէնը, որ այն միջոցին գլխաւոր գործակատար էր, Կարտինալ Բուրբօնը թագաւոր հրատարակեցին Կարոլոս X-ի անունով։ Հենրիկոս IV-ը բռնեց այս եօթանասուն տարեկան պառաւը, որ եւ երիտասարդ ժամանակին չէր ցոյց տուել մի առանձին խելք, եւ փակեց նորան Պուատուի Շատինիէ անունով ամրոցի մէջ, ուր հետեւեալ տարումը եւ մեռաւ այս թագաւորի ուրուականը՝ իւր յիշատակը թողնելով մի քանի դրամների վերայ, որ այն ժամանակ կտրուել էին նորա պատկերով։

Ֆրանսիայն շփոթութեան մէջ էր, թէ ո՞վին ընտրէ թագաւոր։ Բօրդոսի Պարլամենտը կամենում էր Հենրիկոս IV-ին, իսկ Տուլուզի Պարլամենտը որոշեց հնազանդուիլ միանգամայն Սիկստոս Պապի կոնդակին, որի մէջ Հենրիկոս IV-ը անուանուած էր «հերետիկոս» եւ որպէս մասնակից շատ յանցանքների, անարժան եւ անյարմար Ֆրանսիայի Քրիստոնէական թագը ժառանգելու։

Հենրիկոս, ատելութեամբ բորբոքուելով այս կոնդակի վերայ, հրամայեց իւր կողմնակիցներին, որ յատուկ այս պատճառով ուղարկում էր Հռովմ, զարկել իսկական Վատիկանի դուռի վերայ հետեւեալ նամակը՝ գրած դէպի Սիկստոս V-ը։

«Հենրիկոս, Աստուծոյ ողորմութեամբ թագաւոր Ֆրանսիայի եւ Նավարրայի, թագաւոր Բէարնա, առաջին Պէր Ֆրանսիայի, ընդդիմանում է Հռովմի պապ անուանուած (soi disant pape de Rome) Սիկստոս V-ի կոնդակին։ Հաստատում է, որ այն սուտ է եւ անիրաւ, եւ իբրեւ մի չարագործութիւն յանձնում է Ֆրանսիային Պէրերի դատաստանին, որոնց գլուխը ինքն է։ Ինչ որ վերաբերում է հերետիկոսութեան, թագաւորը ասում է եւ հաստատում է, թէ պարոն Սիկստոս V-ը, որ պապ է կոչւում, չ’նայելով իւր սրբազնութեան վերայ, չարաչար սուտ է խօսել, թէ նա ինքն է հերետիկոս, եւ այս բանը պիտոյ է ապացուցուի, մի ազատ եւ օրինաւոր, լրացեալ ժողովքով։ Եթէ Սիկստոս չ’հնազանդուի, ինչպէս հրամայում են եկեղեցական կանոնները, այն ժամանակ թագաւոր Հենրիկոսը կը քարոզէ նորան նեռն, սուտ Քրիստոս եւ կ’ունենայ նորա հետ մշտնջենական եւ անհաշտ պատերազմ... Եթէ առաջուայ ժամանակներումը նորա նախորդ թագաւորները գիտէին՝ ինչպէս պատժել այսպիսի մարդերի ամբարտաւանութիւնը (de tels galants), ինչպէս Սիկստոս Պապն է, երբ նոքա մոռանում էին իւրեանց պաշտօնը եւ խառնւում էին աշխարհական գործերի մէջ, այնպէս եւ վերոյիշեալ Ֆրանսիայի եւ Նավարրայի թագաւոր Հենրիկոսը, որ ոչինչ բանով իւրեան նախորդներից պակաս չէ, յոյս ունի Աստուծոյ օգնութենովը վրէժխնդիր լինել այն անպատւութեանը, որ բերեցին նորա արիւնի, նորա տան եւ բոլոր Ֆրանսիայի Պարլամենտների վերայ»։

Այս սպառնալիքով լիքը նամակը գրելուց յետոյ Հենրիկոս IV-ը ընդունեց Պապական դաւանութիւնը՝ որպէս թէ այն դիտաւորութեամբ, որ ապացուցանէ, թէ ինքը կատարեց այս գործը ո՛չ եթէ Պապից երկիւղ կրելով։ «Paris vaut bien une messe!», - ասաց նա եւ փառաւոր յաղթանակով մտաւ Փարիզ։

Այս միջոցին վախճանեցաւ Սիկստոս V-ը։ Շուտով նորա քամակից մեռաւ եւ Գրիգոր XIV-ը, որ անցել էր Պապական աթոռը արդէն խոր ծերութեան մէջ։ Նորան յաջորդեց Կլեմենտ VIII-ը, որի մօտ ուղարկուեցան շուտով դեսպաններ Հենրիկոս IV-ի կողմից՝ Դիւպերրոն եւ դ’Օսսա՛, այն մասին, որ խնդրեն չքացնել Հենրիկոս IV-ի ընդդէմ գրուած նզովքի կոնդակը։

Պապը շատ սիրով ընդունեց Հենրիկոսի դեսպանքը, բայց պահանջեց անպատճառ, որ թոյլ տան այս դեսպանքը ծեծել իւրեանց գաւազաններով թագաւորի անուան վերայ, բոլոր Կարդինալների ներկայութեամբը։ Ազնուասիրտ դեսպանները երկար ժամանակ վիճելուց յետոյ համաձայնեցան կրել այս հոգեւոր պատիժը, բայց այն պայմանով, որ այդ կատարուի եկեղեցու մէջ, Կարդինալները հագած լինին իւրեանց կարդինալական հոգեւոր զգեստքը եւ թոյլ տրուի իւրեանց, դեսպաններին, կանգնած լինել պատիժը կատարելու ժամանակ * Հենրիկոս IV-ը, ամենեւին անհաւան գտանուեց այս կատակերգութեանը, բայց կարծեց, թէ ահա վերջանում է դորանով ամենայն անհամաձայնութիւնը, թէ վերջապէս կը սկսի հանգստութենով վարել իւր թագաւորութիւնը։ Մի ամսից յետոյ յայտնագործած ապստամբական դաշնադրութիւնը ցոյց տուեց, թէ Սրբազան Լիգայի եւ Յիսուսեան աբեղաների կամքը այն էր, որ Հենրիկոս մեծի փոխանակ Կարդինալ Կարոլոս Բուրբօնի նման թագաւոր ունենան, որպէս զի կարողանան կամեցածների պէս պարեցնել։

Մելեօնումը, բռնուեցաւ մի երիտասարդ մարդ Բարրիեր անունով, որի խօսքերից, որ ասել էր հրապարակական տեղում, կարելի էր եզրափակել, թէ նա մի չար դիտաւորութիւն ունէր թագաւորի մասին։ Երբ բանը ընկաւ հարցուփորձի, Բարրիերը խոստովանեցաւ, թէ արդարեւ կամենում էր Հենրիկոս IV-ին սպանել Օբրի եւ Վարադ Յիսուսեանների խորհրդով։

Հայր Վարադը պատուիրել է այս մարդին պաս պահել այս սուրբ գործը կատարելուց յառաջ (նա այսպէս է անուանել այս մարդասպանութիւնը), միւս օրը խոստովանեցրել է նորան եւ հաղորդել Յիսուսեան Կօլլեգիումի մէջ։ Բարրիերը պատժուեցաւ (սպանուեցաւ), իսկ Հայր Վարադը փախաւ գնաց Ֆլանդրիա։

Այս միջոցին բոլոր Ֆրանսիայն երդում կերաւ Հենրիկոսի անունով։ Միմիայն Կապուսինեանք եւ Յիսուսեանք հրաժարուեցին երդումից. այն պատճառով, որ Յիսուսեան աբեղայքը չէին կամենում երդմնազանց լինել, ըստ որում այլ խորհրդի վերայ էին, ինչպէս կը տեսանենք ներքեւումը։

Փարիզի համալսարանի Աստուածաբանական եւ իրաւաբանական Ֆակուլտէտները, դատապարտելով Յիսուսեան աբեղաների այս ընթացքը, պահանջեցին, որ աքսորուեն Յիսուսեանք Ֆրանսիայի միջից։ Համալսարանի կողմից փաստաբան նշանակուեցաւ Անտուանտ Արնօ՝ Պօր-րուալեան հռչակաւոր անապատականի հայրը, որ յետոյ զոհ գնաց Յիսուսեան աբեղաների չարագործութեանը. պատճառ, Յիսուսեանք չարաչար հանեցին որդուց հօրը դէպի Յիսուսեանները ատելութեան վրէժը։ Ընդհանուր էր գանգատը Յիսուսեանների ձեռքից։ Յիսուսեանք տեսանում էին, որ վտանգը պատրաստ է միշտ իւրեանց համար եւ երբէք ազատուելու չեն, քանի կենդանի էր Հենրիկոս IV-ը, որ ատելով ատում էր Յիսուսեանները եւ թէ թոյլ էր տալիս նորանց մնալ Ֆրանսիայի մէջ, միայն այն մասին էր, որ չ’ասեն թէ երկիւղ էր կրում Հենրիկոսը Յիսուսեաններից *

Յիսուսեան Կոլլեգիումի մէջ, ուսանում էր մի կիսախելք մոլակրօն մարդ՝ Յովհան Շատէլ (Chastel) անունով։ Յիսուսեանների համար մեծ աշխատանք չէր արժում նորա խելքին նստեցնել, թէ ով որ սպանէ Հենրիկոս IV-ը, մեծ պաշտօն կը լինի կատարած կրօնին եւ Ֆրանսիային եւ սուրբ կը լինի, եթէ ինքը կորչի այս հսկայական քաջագործութիւնը կատարելու ժամանակ։ Շատէլ, բորբոքուած, վառուած այս խրատներից, գնաց Պալատական Գաբրիէլ անունով տիկինի տունը, ուր ամենայն երեկոյ գնում էր Հենրիկոս IV-ը, եւ մի ծածուկ տեղ պահուելով՝ սպասում էր թագաւորի գալուն։ Գաբրիէլ տիկինը թագաւորի հետ խօսելու ժամանակ յանկարծ ցած ձգեց ձեռքից թաշկինակը։ Հենրիկոսը խոնարհեցաւ, որ վեր առնու, եւ այս դիպուածը փրկեց նորա կեանքը։ Ի՞նչպէս։ Շատէլ դուրս եկաւ թագնուած տեղից, այսինքն՝ վարագուրի քամակից, ուր կանգնած լինելով՝ անտեսանելի էր թագաւորին եւ տիկինին, բայց որովհետեւ թագաւորը խոնարհել էր այս միջոցին, որ վեր առնու թաշկինակը, վասն որոյ դանակը հասաւ նորա երեսին եւ թեթեւ վէրք դրեց շրթունքի վերայ եւ կոտրեց մի ատամը։ Այնպէս շուտ կատարուեցաւ այս շարժողութիւնը, Պալատականք, որ կային տիկինի տան մէջ, չ’իմացան իսկոյն, թէ ո՛վ վիրաւորեց թագաւորը։ Ինքը՝ Հենրիկոսը, կարծում էր, թէ վիրաւորուեցաւ չար Մանտուրիայի ձեռքով, որ բնակում էր այնտեղ, վասնորոյ եւ գանչեց. «Սատանայն առնու այս յիմարին. ինձ վիրաւորեց»։ Այս խօսքերի վերայ Մօնտինի ասպետը տեսաւ մի անծանօթ մարդ, որ գնում էր կամաց դէպի դուռը, իսկոյն կանգնեցրեց նորան եւ ասաց. «Երկուսիցս մինը վիրաւորեց թագաւորին՝ կա՛մ դու, կա՛մ ես»։ Շատէլ խոստովանեցաւ, բայց չկամեցաւ մատնել իւր խորհրդակիցքը։ Վերջապէս բանդումը քանի անգամ հարցուփորձից յետոյ, բանալով գաղտնիքի վարագոյրը, մատնեց իւր խորհրդակիցքը։ Երբ յայտնեցին Հենրիկ IVին այս բանը, նա հիւանդ պառկած տեղից ասաց շրջապատող Պալատականներին. «Ուրեմն պիտոյ է, որ այս… Յիսուսեան աբեղաների դատակնիքը խօսէր իմ բերանը»՝ Fallait il donc que ces b... de Jésuites soient convaincus par ma bouche * ):

Պարլամենտը գործ դրեց ամենավճռական հնարներ։ Շատէլը դատապարտելով դէպի մահ՝ միեւնոյն ժամանակումը, այսինքն՝ 1594 թուականի դեկտեմբերի 29ին, վճռեց, թէ «Յիսուսեան աբեղայք իբրեւ խանգարիչք աշակերտների բարոյականութեանը, որ ուսանում էին նոցա դպրոցներում, իբրեւ հասարակաց հանգստութեան վրդովիչք եւ իբրեւ թշնամի թագաւորի եւ Տէրութեանը, պարտական են բոլորը, առանց բացառութեան, այս վճիռը յայտնուելուց երեք օրից յետոյ դուրս գալ Փարիզից, իսկ տասն եւ հինգ օրից յետոյ՝ Ֆրանսիական Տէրութեան միջից։ Նոքա, որ դուրս չ’գնան, կամ միւս անգամ ոտք կոխեն Ֆրանսիայի աշխարհը, պիտոյ է պաժուին իբրեւ թագաւորի հրամանի յայտնի հակառակորդներ»։

Եւ արդարեւ Յիսուսեանք դուրս եկան Ֆրանսիայից, բայց նոցա մի մասնը մնաց Հիեննայում եւ Լանգեդօկում, ուր դեռեւս կարող էին մի կերպով դիմանալ Սրբազան Լիգայի կողմնակիցքը։ Յիսուսեան Կարգի բոլոր թղթերը կնքուեցան։ Հենեար Յիսուսեանի մի շարադրութեան մէջ գտանուեցան այնպիսի խօսքեր, որ անարժան էին գրելու։

Հենեարին կախեցին։ Պարլամենտը վճռեց քանդել այն տունը, ուր բնակւում էր Շատէլ, եւ նորա տեղում մի բուրգ շինել թագաւորի փրկութեան եւ Յիսուսեան աբեղաների Ֆրանսիայից աքսորուելու յիշատակի համար։ Բուրգի վերայ կայր հետեւեալ վերնագիրը։

S. P. Q. P.

Extinctiori pestiferæ factionis hispanicæ. incolumitate ejus

et vindicta parricidii læfi, majestate ejus devotissimi.

Duplex potestas ista fatorum fuit;

Gallis saluti quod foret Gallis dare,

Servare Gallis quod dedissent optimum * )

Այս միջոցին Հենրիկոսը մտածում էր բաժանուիլ իւր Մարգարիտա Վալուա կնոջից, որ քանի տարով մեծ էր իւրեանից, եւ որի հետ պսակուել էր՝ յարմարուելով քաղաքական հանգամանքներին։ Պապը խոստացաւ լուծանել այս ամուսնական կապը. միայն խնդրում էր յետ կանչել Յիսուսեանները աքսորից՝ որպէս թէ, ինչպէս ասում էր, Փարիզի մէջ այս բանից վիրաւորուած մարդիկը զինաթափ առնելու համար։ Հենրիկոս IVը ամենեւին չէր սիրում իւր կինը, շատ ընդդէմ էր նորան Մարգարիտայն, որի հետ պսակուած օրը Փարէզը արիւնով էր լուացուել * *). այս պատճառով խոստացաւ Պապին մի քանի ժամանակից յետոյ կատարել նորա պահանջածը, այսինքն՝ յետ գանչել աքսորից Յիսուսեան աբեղայքը։ Պսակը քակուեցաւ, եւ Հենրիկոսը գնաց Լիօն՝ իւր երկրորդ կնոջ՝ Մարիա Մեդիչիսի ընդառաջ, որ այն ժամանակուայ գեղեցկուհիներից առաջինն էր, խելացի եւ խորագէտ կին, որի ճակատը գրած էր մեծ նշանակութիւն ունենալ Ֆրանսիայի պատմութեան մէջ։ Մարիա Մեդիչիսի հետ կային երկու Իտալացի Յիսուսեանք՝ Մաճիօ եւ Ճենտիլ, երկուսը եւս ճարտար խռովարար եւ յաջող Պալատականք։ Նոքա կարողացան դարձուցանել իւրեանց վերայ թագաւորի բարեհաճութիւնը եւ համոզում էին նորան խոստանալ երկու ամսից յետոյ թոյլ տալ Յիսուսեաններին Փարիզ մտանել։ Բայց Յիսուսեանների՝ Մարշալ Բիրոնի ընդդէմ դաւադրութեանը մասնակից եղած լինելը եւ այլ թագաւորութենների մէջ նոցա ձգած խռովութիւնքը հարկադրեցին թագաւորին, որ իւր մտադրութիւնը յետ դնէ։ Հայր Մաճիօ, որ Մարիա Մեդիչիսի հետ էր, Փարիզ հասանելուց յետոյ եւ իւր սրամիտ խօսքերի համար թագաւորին հաճոյանալուց յետոյ մի անգամ ասաց թագաւորին. «Ձեր Մեծութիւնը աւելի երկար էք կրում ձեր յղացածը, քան թէ կանայք. նոքա ինն ամսից արդէն ծնանում են»։ «Իմ բարեկա՛մ, - պատասխանեց Հենրիկոսը միեւնոյւն ձեւով, - թագաւորներին առաւել ա՛հ է ազատուիլ այսպիսի յղութենից, քան թէ կնիկ մարդերին»։

Վերջապէս Հենրիկոս IVը վճռեց, որ վերադառնան Յիսուսեանք։ Երբ Սիւլլի խորհուրդ էր տալիս նորան չ’առնել այս գործը, Հենրիկոսը պատասխանեց. «Գիտեմ, որ Յիսուսեանները յետ կանչելով, ես իմ կեանքս վտանգի մէջ եմ ձգում, բայց եթէ չ’թողում նոցա Ֆրանսիա մտանել, այսուամենայնիւ չեմ կարող իմ կեանքի ապահովութեան համար երաշխաւոր լինել։ Այդ մարդիկը ամենայն տեղ գրագրութիւն ունին, ամենայն տեղ ընկերներ եւ խորհրդակիցք, նոքա ամենայն ժամանակ կը տանեն ինձ։ Գուցէ դեռ ասեն եւ իմ մասին, թէ ես վախենում եմ նորանցից։ Բայց եթէ բանը մահի կերպի վերայ մտածելու գայ, ես կեսարին համաձայն իմ. ամենայն մահից լաւ է անակնկալ եւ յանկարծական մահը»։ * )

Վերջապէս Յիսուսեանք վերադարձան Ֆրանսիա ութը տարուայ աքսորից, 1603 թուականի սեպտեմբերի 25ին։ Նոքա ստացան դարձեալ Փարիզի մէջ ուխտապահական տունը եւ Կլերմոնտեան Կօլլեգիումը, այն պայմանով, որ դասախօսութիւն չ’առնեն այնտեղ։ Բայց վեց տարուց յետոյ, այսինքն՝ 1609 թուականին, յաջողեցաւ նոցա հրաման ստանալ Աստուածաբանական ուսման ընթացք բանալու։

Յիսուսեանք մեծ յոյս չէին կարող ունենալ թագաւորի վերայ, որ երբէք հաւատ չունէր իւրեանց վերայ։ Նոքա որոշեցին ուղղել դէպի նորա սիրտը Րավալեակի սուրը այն ժամանակ, երբ Հենրիկոսի մեծակշիռ մտքերը ստացել էին իւրեանց կատարեալ կերպարանագործութիւնը։

Ուրբաթ օր՝ 1610 թուականի մայիսի 14ին, թագաւորը Լուվրից գնում էր կառքով զինարան։ Նորա կառքի մէջ նստած էին դ’Էբերնօն, Մօնբազօն, Լեւարդէն եւ Րօկլօր դուքսերը եւ դը-լա-Ֆօրս եւ Միրաբոյ մարկիզները։ Մի նեղ փողոցից դէպի միւսը շուռ գալու ժամանակ դուրս եկան նոցա առաջեւը մի քանի սայլեր՝ խոտով բեռնաւորած։ Թագաւորական սպասաւորքը գնացին ճանապարհը յստակելու, իսկ վերան բաց կառքը, որի մէջ նստած էր թագաւորը, մնաց կանգնած։ Այս միջոցին Րաւալեակ աբեղայն, անկիւնի քամակից դուրս գալով, կանգնեցաւ կառքի քամակի անիւների վերայ, երկու հարուած տուեց Հենրիկոսի կուրծքին դանակով, առաջին հարուածը՝ մահացուցիչ։ Մեծ շփոթութեան մէջ ընկան բոլորը։ Եթէ Րաւալեակ ձեռքից թողնէր իսկոյն դանակը եւ անհետանար, չէին գտանելու նորան։ Բայց նա բռնուեցաւ արիւնոտ դանակը ձեռքին եւ խոստովանեցաւ, թէ ինքն էր թագաւորի սպանողը։ Այն միջոցին երեւեցան մի քանի զրահաւորուած անծանօթ մարդիկ, որոնք ասացին, թէ հարկաւոր է սպանել նորան, եւ անյայտացան բազմութեան մէջ։ Դուքս դ’Էպիրնօնը՝ թագուհու սիրելին եւ Յիսուսեանների պաշտպանը, տուեց Րաւալեակը Մօնտինի ասպետի ձեռքը, որ փակեց նորան դը-Րէ անունով պանդոկի մէջ, ուր ամենայն մարդ ազատ մուտք ունենալով՝ կարո՛ղ էր տեսանել նորան։

Կօտօնը, որ դրած էր նորա մօտ, նորան մեռանելու պատրաստելով համոզում էր չ’զրպարտել պատուաւոր մարդիկը, այսինքն՝ չ’յայտնել, թէ Յիսուսեան աբեղաների խորհրդով ձեռք էր բարձրացրել Աստուծոյ օծեալի վերայ։ Յիսուսեանների եւ Դուքս դ’Էպերնօնի խռովարարութեամբ շատ թոյլ կերպով կատարուեցաւ Րաւալեակի գործի քննութիւնը։ Այսուամենայնիւ, հարցմունքի ժամանակ ցոյց տուեց նա, թէ տեսիլքներ երեւում էին նորան, որոնք հրամայում էին սպանել թագաւորը, թէ նա այս բանը խոստովանելու ժամանակ ասել էր իւր խոստովանահայր Դօբենի Յիսուսեանին։ Բայց երբ Դօբենին կանչուեցաւ, Պարլամենտի մէջ պատասխան տալու համար, ասաց նախագահին. «Աստուած պարգեւել է մի քանիսին խօսելու շնորհք, ուրիշներին գուշակութիւն, բայց ինձ, մոռանալ այն բանը, ինչ որ խոստովանութեան ժամանակ ասում էին ինձ»։ Այս խօսքերից առաւել ոչինչ չ’կարողացան լսել նորանից։

Հենրիկոս IVի թաղումը կատարուեցաւ մեծ հանդէսով։ Բոլոր թագաւորական աստիճանաւորքը՝ հոգեւորականք, թէ աշխարհականք, գնում էին դագաղի յետքից միանգամայն սեւազգեստեալ։ Պարլամենտի անդամքը իւրեանց սովորութենով գնում էին կարմիր արկանելիք ձգած իւրեանց վերայ, այն խորհրդով, թէ թագաւորի մահը արգելք չէ իրաւադատութեան ընթացքին։ Մասնակից էին այս տխուր արարողութեանը բոլոր աբեղայական Կարգերը։ Միմիայն Յիսուսեանք էին, որ չէին երեւում։ Նոքա, ինչպէս ասում են, Տացիտ, Տիվերի եւ Լիվի, չէին եկել իւրեանց սպանած թագաւորի մարմինը թաղելու այն պատճառով, որ ժողովուրդը նոցա սուտ տխրեցուցած երեսների վերայ չ’նկատէ նոցա ներքին ուրախութիւնը։ Երեք ժամից յետոյ, զկնի թագաւորի մահին դ’Էպերնոն դուքսը մտաւ Պարլամենտ եւ, ձեռքը դնելով սուրի վերայ, ասաց որոտալիր ձայնով. «Պարոննե՛ր, այս սուրը դեռ մերկ չէ, դեռեւս նա գտանւում է պատեանի մէջ։ Եթէ այսօր, այս ժողովքի մէջ, թագուհին չ’ընդունուի եւ չ’հրատարակուի գահակալ եւ յաջորդ հանգուցեալ թագաւորին, այն ժամանակ հարկաւոր կը լինի հանել այս սուրը պատեանից։ Ես գիտեմ, ձեզանից մի քանիսը ժամանակ կը խնդրեն մտածելու, բայց նոցա մտածողութիւնը այժմեան ժամանակումը անտեղի է. ինչ որ այսօր կարելի է առնել անվտանգ, էգուց նոյն բանը գլուխ կը գայ սարսափելի արիւնահեղութենով»։

Զինուորները, որ Դուքսի հրամանով շրջապատել էին Պարլամենտը, զօրացնում էին միեւնոյն ձայնը։ Հենրիկոս IVի այրին անուանուեցաւ թագուհի եւ Տէր Ֆրանսիայի։ Հասարակաց ձայնը եւ կարծիքը դատապարտում էր Դուքս դ’Էպերնոնը եւ մինչեւ անգամ թագուհին եւս իբր մասնակից թագաւորի դաւաճանութեանը։ Մարիա Մեդիչիսի վարմունքը դէպի Սիւլլին եւ հանգուցեալ թագաւորի դէպի այլ հաւատարիմքը, նորա շարունակ հրաժարուելը Րավալեակի խորհրդակիցքը գտանելուց եւ պատժելուց եւ մանաւանդ պաշտպանութիւնը, որ ցոյց էր տալիս Յիսուսեաններին, ճշմարտում են դժբաղդաբար այս զարհուրելի կասկածը։

Թագաւորի մեռանելուց երեք ամսից յետոյ Յիսուսեանք ընդդէմ Պարլամենտին հրաման ստացան ուսուցանել Կլերմոնդեան Կօլլեգիումի մէջ, ոչ թէ միայն Աստուածաբանութիւն, այլ եւ բոլոր այլ գիտութիւնքը։ Զուր էր բողոքում Համալսարանը այս բանի ընդդէմ։ Համալսարանի անդամներից մինը՝ Էդմօնտ Րիշիէ, շատ ուսումնական եւ խելացի մարդ, որ այն ժամանակը Համալսարանի Սենտիկ էր, մի գիրք շարադրեց, որով ապացուցանում էր Յիսուսեանների քաղաքական տեսութեան բոլոր վնասը։ Յիսուսեանք իւրեանց սովորական կերպով դատապարտեցին նորան իբրեւ հերետիկոս, բայց այս օգուտ չ’բերեց։ Րիշիէի գիրքը մեծ տպաւորութիւն գործեց ժողովրդի վերայ։ Այս ժամանակումը լուր ստացուեցաւ, թէ Ուրբանոս VIII Պապը ոչնչացուցել է Սիկստոս V-ի կոնդակը, որի զօրութեամբ միեւնոյն ժամանակում երկու եղբարք չէին կարող Կարդինալ լինել։ Համբաւ եւս տարածուեցաւ, թէ այդ բանը եղել է Կարդինալ Րիշիլէին հաճոյանալու համար, որ հովանաւոր էր Յիսուսեաններին։ Արդարեւ մի քանի ժամանակից յետոյ Պապը դրեց նախարարի եղբօր՝ Ալֆոնս Դիւպլեսսու գլխին Կարդինալական գլխարկը, որ միեւնոյն ժամանակում անուանուեցաւ Լիոնի Արքեպիսկոպոս։ Պապը, իբրեւ փոխարէն այն բարերարութեանը, որ արեց, պահանջում էր նորընծայ Կարդինալից, որ հարկադրէ նա Րիշիէին հրաժարուիլ իւր գրքից եւ գրել նորա հակառակ, մի խօսքով հերքել իւր ասածները։ Րիշիէ չ’լսեց խիստ նախարարի եղբօր հրամանին, եւ հաստատ կերպով ջատագովում էր իւր կարծիքը։

Րիշիլիէն չէր սիրում ամենեւին, որ հակառակուէին իւր խօսքին։ Նա արտաքին կերպով հաշտուեցաւ Րիշիէի հետ, եւ հրաւիրեց նորան ճաշ ուտելու իւր մօտ։ Ճաշից յետոյ առանձին մնալով Րիշիէի հետ, առաջարկեց մի քանի խնդիրներ, որ յարաբերում էին Պապական իշխանութեանը։ Երբ վարդապետը պարզ հոգով ասաց իւր կարծիքը, Կարդինալը գոռաց. «Դուք այժմ պարտական էք հրաժարուիլ ձեր գրքից կամ այս րոպէիս մեռանել»։ Մինչդեռ այս խօսքերը ասում էր նա, երկու մարդիկ, որ թագնուած էին սենեակի մէջ, յարձակուեցան Րիշիէի վերայ եւ ուղղեցին երկու դանակ, մինը դէպի կուրծքը, միւսը դէպի թիկունքը։ Ողորմելի Րիշիէ ճար չ’գտաւ, որ չ’ստորագրէ արդէն պատրաստուած իւր գրքի հերքումը *

Յիսուսեանք այս ժամանակումը փոխեցին իւրեանց ներգործութեան կերպը, ինչ որ վերաբերում էր Ֆրանսիայի քաղաքական գործերի կարգին։ Հանճարեղ Րիշիլիէն զարմանալի ճարտարութենով աշխատում էր հասանել իւր նպատակին, այսինքն՝ ջնջել կալուածական իշխանութեան մնացորդքը եւ զօրացնել թագաւորական իրաւունքը։ Հին ազնուական գերդաստանները հարկադրուած էին խոնարհել խիստ նախարարի կամքի առաջեւը, որ եւ խորամանկութենով եւ ուժով գիտէր ոչնչացնել բոլոր խոչընդակութիւնքը։ Րիշիլիէի բռնաւորական բնաւորութիւնը եւ խորամանկութիւնը ըստ ամենայնի համաձայն էին Կարգի բնաւորութեանը։ Յիսուսեանք հասկացան, որ Կարդինալը իւր առաջին անգամ հակառակ ներգործութենովը, կարող էր ջնջել նորանց Ֆրանսիայի միջից եւ, Պապի հետ մօտ լինելով, կարո՛ղ էր վնասել եւ բոլոր հասարակութեանը։ Նոքա երբէք չէին ցանկանում ունենալ մի այնպիսի զարհուրելի թշնամի, վասն որոյ որոշեցին հնազանդ լինել նորան եւ ծառայել նորան, որ նորա ձեռքով կարողանան օգուտ քաղել եւ առաջին ներգործողը դառնալ յետոյ Ֆրանսիայի մէջ։ Ես աւելորդ եմ համարում նկարագրել Յիսուսեան աբեղաների անքուն եւ անձանձիր ներգործութիւնքը Հուգենօտները հալածելու, Լարօշելը առնելու, Ֆրանսիայի ազնուականների ապստամբութիւնը շիջուցանելու ժամանակներումը. այս բոլոր երեւելի դիպուածների մէջ նշանաւոր էր հանճարեղ Րիշիլիէն։ Ես ցոյց կը տամ միայն նոցա այն ներգործութիւնը, որ ունեցան (այսպէս անուանուած) Աստուածաբանական-քաղաքական խնդիրների մէջ, որ այնքան երկար ժամանակ զբաղեցուցել էր, ո՛չ թէ միայն Ֆրանսիան, այլ եւ բոլոր Եւրոպան։ Ես յիշում եմ Յանսենեանների հալածման ժամանակը։

Անհասկանալի կը թուի, թէ ինչո՞ւ համար ըստ երեւութին այնքան աննշան գիրքը՝ «Օգոստինոս» անունով, որ գրեց Կուռնէլիոս Յանսէնը, եւ դորանով ինքը Յանսենականութիւնը կարողացաւ տեղ գտանել այն ժամանակուայ Եւրոպացի ուսումնականների սրտի մէջ, կարողացաւ իւր կողմը շրջել ջերմեռանդ կուսակիցներ եւ ընկնել զարհուրելի հալածանքի տակ։ Յիսուսեան աբեղաների խորամանկ Քաղաքականութեան մէջ պարունակւում է դորա պատճառը։

Այս միջոցներում Յիսուսեան կարգը հասաւ վերին աստիճանի կարողութեան. նորա անդամքը տարածուած էին աշխարհի ամենայն կողմը, հարստութեանը չափ չկար։ Միմիայն Պարագուայն իւրաքանչիւր տարի բերում էր աւելի քան թէ քսան միլլիոն տալլեր եկամուտ. համարեա թէ սորա կէսի չափ բերում էին Հնդկաստանի եւ Չինաստանի գործակալութիւնքը։ Այն արդիւնքները, որ ստանում էին Եւրոպայում գտանուած դպրոցներից եւ մասնաւոր մարդերի նուիրագործութենից, անհաւատալի մեծ էին։ Այսպիսի հնարներով Յիսուսեանք կարո՛ղ էին ամենայն բանի ձեռք տալ. նոցա հարկաւոր էր միայն մի պատճառ, որ բոլորովին ջնջէին իւրեանց հակառակորդքը։ Յանսէնի գիրը, ինքն ըստ ինքեան այնքան անմեղ, կարողացաւ լինել ահա՛ այս ցանկացած պատճառը։

Յանսէն եպիսկոպոս էր Հօլլանդիայի Իպր քաղաքի։ Հռչակաւոր լինելով իւր գիտութենովը, բարեպաշտութենովը եւ խիստ բարոյականութենովը՝ չ’կարողացաւ հաճոյ գտանուիլ Յիսուսեաններին, որոնք միեւնոյն ժամանակում չունէին այս մարդավայել յատկութիւնքը։ Նոքա Յանսէնը ատում էին մանաւանդ այն պատճառով, որ նա գրել էր մի գիրք, ինչպէս յիշեցի, այս անունով՝ «Augustinus, seu doctrina de humanæ Naturæ sanitate, ægritudine, medicina, adversus Pelagianos et Morsilienses», որի մէջ նա յարձակւում է Մօլինականների վարդապետութեան վերայ, այսինքն՝ Մօլինի Յիսուսեանի հետեւողների վերայ, որ դատողութիւն էր գրել «Աստուծոյ բարութեան մասին, վերաբերեալ դէպի մարդկային ազատութիւնը»։ Մահը ազատեց Յանսէնը Յիսուսեաններից։ Բայց միթէ մի բան կ՚ազատուէ՞ր Յիսուսեանների ձեռքից։ Նոքա հրաման հանել տուեցին Հռովմի մէջ, որով արգելք դրուեցաւ այս գրքի վերայ։ Րիշիլիէ Կարդինալը, որ ատում էր Յանսէնին այն պատճառով, որ վերջինս նորա գործերի ընթացքը անուանել էր Մաքիաւելական եւ դատապարտել էր նորան իւր շարադրութեններից մինի մէջ, հրամայեց դահճի ձեռքով այրել Օգոստինոսի մասին գրած գիրը եւ սկսեց պաշտպան լինել Յիսուսեաններին։ Րիշիլիէի մահից յետոյ Յիսուսեանների գործի ընթացքը դէպի Մազարինի Կարդինալը մնաց միօրինակ, ինչպէս էր դէպի Րիշիլիէն. պատճառ որ, սա ինքը եւս իւր թշնամիքը հալածելու համար գործ էր դնում Յանսէնի գիրը իբրեւ առիթ. ուրեմն բնականաբար պիտոյ է բարեյաջող լինէր նա Յիսուսեաններին։

Երբ Հայր Լաշէզ թագաւորի խոստովանահօր տեղը կարգուեցաւ Լետիլիէ Յիսուսեանը, Ֆօնտնէլ Փիլիսոփայն ասաց. «Յանսէնեանք մեղանչեցին»։ Եւ ճշմարիտ որ, Յիսուսեանք, ինչպէս ինքեանք ասում էին, հարկադրեցին Յանսէնեաններին խմել մինչեւ տակը Յիսուսեան Կարգի ատելութեան բաժակը։ Այս եւս հարկաւոր է իմանալ, որ Յանսէնական էին անուանւում նոքա բոլորը, որ ընդունում էին մաքրեալ հաւատալիքը՝ հերքելով այն ամենայն, ինչ որ Պապերը իւրեանց անձնական օգտի համար աւելացրել էին։ Յանսէնեանների մէջ կային այն ժամանակուայ խելացի եւ բանագէտ մարդիկ՝ յառաջադէմ հոգեւորականք, երեւելի աստուածաբանք եւ քարոզիչք, որոնցով այն միջոցին լցուած էր Ֆրանսիայն։ Յանսէնեանների բնակութեան կենդրոնը էր Port-royal (Արքայական դուռն) անուանուած վանքը։

Լետելիէի առաջին քաջագործութիւնը եղաւ Արքայական դուռնը քանդելը, որի քարը չ’թողուեցաւ քարի վերայ, մինչեւ անգամ մեռած Յանսէնեանների մարմինքը հանուեցան գերեզմաններից եւ ձգուեցան խորխորատների մէջ։ Այս խիստ ու կոշտ վարմունքը շարժեց Ֆրանսիացոց ատելութիւնը դէպի Յիսուսեան աբեղայքը, որ ոչինչ ժամանակ չէր հասած այս աստիճանի սաստկութեան, ինչպէս այս դիպուածումը։ Նոքա ինքեանք Եւրոպայի ամենայն աշխարհներից հալածուելուց յետոյ խոստովանեցան, թէ ճնշում են իւրեանց Արքայական դուռնի քարերը։

Բայց այս դեռեւս հերիք չէր Յիսուսեանների համար։ Շուտով բացուեցաւ նոցա առաջ, իւրեանց թշնամիները հալածելու համար, մի նոր հնար. դուրս եկաւ Քենելի գիրը (Quesnel), որ գրուած էր Ֆրանսիարէն եւ անուանւում էր «Reflexions morales sur le Nouvea Testament»։ Այս գիրը պարունակում է իւր մէջ հարիւր մի կանոն՝ մեծ մասնով դուրս բերած Օգոստինոսի եւ այլ եկեղեցական հարց գրուածներից. ուրեմն, բաւական նման բան է Յանսէնեանների վարդապետութեանը։ Այս գիրքը Ֆրանսիայի եւ Եւրոպայի մէջ ընդունուեցաւ մեծ սիրով։ Ֆրանսիացոց հոգեւորականներից լաւ մարդիկը, ինքը Բօսիւէ, բարեկամ էին Քենելի հետ։

Անկարելի էր համարձակաբար զինուորուիլ այս գրքի ընդդէմ եւ դատապարտել նորան, որ առ հասարակ Յիսուսեանների սովորութիւնն էր, վասն որոյ ձեռք առին նոքա իւրեանց խորամանկութիւնը, որ խաբեն ե՛ւ Պապը, ե՛ւ Լուդովիկոս XIVը։ Նոքա հաւատացուցին Կլեմենտ XIին, թէ Ֆրանսիայի թագաւորը ամենեւին ատում է այս գիրքը եւ շատ շնորհակալ կը լինէր Պապից, եթե դատապարտէր Պապը այս գիրքը։ Կլեմենտ XIը, կարդալով այս գրքի Լատիներէն թարգմանութիւնը, որ եղած էր Յանսէնեանների ձեռքով, ուրեմն կարդալով միանգամայն աղճատուած օրինակը, հրամայեց գրել դատապարտութեան կոնդակ, որ պատմութեան մէջ յայտնի է անունովս «Unigenitus»։ Յիսուսեանք՝ այս կոնդակի հեղինակքը, փախչելով հեռատեսութեամբ ապագայ վէճերից եւ հերքողական փաստերից, չ’կամեցան դատապարտել Քենելի գրքի իւրաքանչիւր կանոնները առանձին-առանձին. ահագին ներածութենից յետոյ, հասարակաբար Պապի իշխանութեան եւ հերետիկոսութեան վերայ, նոքա վերջումը զետեղեցին քսան չորս անարգական, ըստ մեծի մասին՝ նոյնանշան, խօսքեր * ), որոնցով դատապարտւում էին Քենելի գրքի հարիւր մի կանոնքը՝ respective et in globo։ Դժուար չէր հաւատացնել եւ Լուդովիկոս XIVին, թէ Պապը շատ ցանկանում էր, որ թագաւորը ընդունէր այս կոնդակը, եւ թէ Քենելը հետեւող էր Յանսէնի աղանդին։ Ֆրանսիացոց եպիսկոպոսները պահանջեցին, որ Պապը բացայայտէ, թէ Քենելի գրքի կանոններից որը հերետիկոսական է, որը աստուածուրացական, որը բարեպաշտ ականջի համար լսելու անպատեհ։ Պապը պատասխանեց, թէ նորա կոնդակը բացայայտ է եւ պարզ, եւ թէ ինքը չէ կարո՛ղ սխալուիլ * *)։ Քանի եպիսկոպոսունք յանցաւոր համարուեցան որպէս Յանսէնականք, բայց քաջութեամբ ընդդէմ կանգնեցան։ Եւ երբ, հարկադրուելով բռնութենից, ընդունում էին կոնդակը, բողոքեցին դէպի մի գալոց ժողովք, որ եւ մինչեւ այժմ չէ եղած եւ երեւի թէ եւ չէ լինելու այսուհետեւ եւս։

Քենելը բանդ դրուեցաւ, նորա բոլոր կայքը գրուեցան գրաւեցան, այն գումարը, որ բարեկամները նուիրում էին նորան, գործ էր դրւում նորա պահապանները եւ բանդապետները կերակրելու համար։ Նոքա բոլորը, որ համարձակւում էին գրել կամ հրապարակով խօսել «Unigenitus» կոնդակի հակառակ, մինչեւ անգամ շատերը Պարլամենտի անդամներից, Յիսուսեանների սովորական կանոնով արտաքսուեցան եկեղեցուց եւ զրկուեցան սուրբ խորհրդի հաղորդութենից։ Յիսուսեանք համոզում էին Պապին, որ նա այս կոնդակը հրատարակէ իբրեւ պապական եկեղեցւոյ հիմնաւոր հաւատալիք։ Հակառակութեան բոցը բարձրացաւ. Ֆրանսիացոց հոգեւորները եւ Պարլամենտը չէին կամենում ընդունել Unigenitus կոնդակը իբրեւ հիմնաւոր հաւատալիք պապական եկեղեցու, եւ Յանսէնեանք դիմեցին դէպի թագաւորի միջնորդութիւնը։

Լուդովիկոս XIV-ը ծերութեան ժամանակումը գտանւում էր իւր խոստովանահօր եւ այլ Պալատական Յանսէնեանների անսահման իշխանութեան տակ։ Հ. Լետիլիէ այնպիսի ճարտարութենով կարողացաւ ներգործել այս թագաւորի վերայ, մեծացուցած եւ հակառակ կերպով նկարագրելով նորա առաջեւ երիտասարդութեան ժամանակ գործած մեղքերը, որ Լուդովիկոսը բոլորովին անձնատուր եղաւ նորան. եւ այս սրբակաց ծերութեան ժամանակ ո՛չ ոք չէր կարող ճանաչել երբեմն մեծ թագաւորը։

Լուդովիկոսի առաջուայ սիրելի Փարիզի Արքեպիսկոպոս Կարդինալ դը Նոյալը զրկուեցաւ իւր արժանաւորութենից եւ սովամահ եղաւ միմիայն այն պատճառով, որ բռնել էր Քենելի կողմը։ Լուդովիկոսը մեռանելու ժամանակ միտքը բերեց նորան եւ յայտնեց, որ ցանկանում է տեսանել, բայց Հ. Լետիլիէ հակառակուեց այս ցանկութեանը եւ ասաց թագաւորին. «Եթէ Կարդինալը այս րոպէիս երեւի Պալատի մէջ, ամենեքեան կը մտածեն, թէ Ձեր Մեծութիւնը գերեզմանի դուռնի մօտ, զղջում էիք, որ այնպէս վարուեցաք նորա հետ եւ կ’արդարացնէք նորա անձը»։ «Բայց ես չունիմ ոչինչ ատելութիւն դէպի նա, - պատասխանեց Լուդովիկոսը. - ես միշտ սիրել եմ նորան։ Եթէ չէ կարելի, որ նա գայ ինձ՝ մեռանողիս մօտ, թո՛ղ իմ ատենադպիրը գրէ նորան մի նամակ, եւ ինչքան կարելի է քաղցր ոճով»։ Կնճռադէմ քարոզիչը թելադրեց գրողին փոխանակ քաղցր խօսքերի այնպիսի բառեր, որոնցից թափում էր լեղի եւ արհամարհութիւն։

Լետիլիէ քանի անգամ տուեց մեռանող թագաւորին ստորագրել այն թուղթը, որ հարկ էր դնում թագաւորական ժառանգի վերայ ընդունել Ֆրանսիայի մէջ Unigenitus կոնդակը իբրեւ հիմնաւոր հաւատալիք, բայց Լուդովիկոսը պատասխանում էր. «Դուք գիտէք, որ ես այս բանի մասին բացայայտ տեղեկութիւն չունիմ, ես միանգամայն ձեր խղճմտանքի վերայ յուսացի եւ ներգործեցի այնպէս, ինչպէս դուք կամեցաք։ Ինձ չ’յաջողեցաւ խաղաղութիւն տնկել ձեր եւ իմ ժողովուրդի մէջ։ Մեռանելով ահա, աղաչում եմ Աստուած, որ իմ յաջորդքը ինձանից բաղդաւոր լինին այս բանի մէջ. ահա՛, ինչ որ ես կարո՛ղ եմ առնել այժմ։ Եթէ դուք խաբեցիք ինձ, ո՛չ ես, այլ դուք պիտոյ է պատասխան տաք Աստուծոյ առաջեւը. նա գիտէ, որ ես բարի ցանկանում էի Հռովմէական եկեղեցուն եւ Ֆրանսիային»։

Ինչ ժամանակ Լուդովիկոս XIV-ը յաւիտեան փակեց իւր աչքերը, Լետիլիէ առեց խաչը եւ դրեց թագաւորի ձեռքը։ Այն ժամանակ Յիսուսեանք անընդհատ կարգով մօտենում էին հանգուցեալի մահճին եւ բարձր ձայնով աղօթելով համբուրում էին նորան։ Այսպիսի հանդէս չէր տեսնուած ամենեւին Պալատի մէջ։ Մեծ թագաւոր Լուդովիկոս XIV-ը մեռաւ Յիսուսեան դարձած... * Այս կերպով Ֆրանսիայի համար Յիսուսեանների խռովարարութեան պտուղը այն եղաւ, որ նորա երեւելի թագաւորներից մինը, իւր կեանքի վերջին օրերումը, ո՛չ թէ միայն օտարացաւ ժողովրդից, այլ եւ ատելի դարձաւ նորան։ Լուդովիկոսը սկսած այն պատերազմից, որ արեց Սպանիայի ժառանգութեան համար, օրէ օր կորցրեց իւր հոգու զօրութիւնը, իւր իշխանութեան մի մասը յանձնեց Լենիլիէին, վերջապէս Յիսուսեան Կարգի հոգին ծերացած թագաւորի կեանքի վերջերումը տիրապետեց բոլոր Ֆրանսիային։ Այս բանից հասկացւում է, թէ թագաւորական իշխանութեան մեծաշուք գաղափարը, որ փառաւորապէս իրագործել էր Լուդովիկոսը, ինչո՞ւ համար այդպէս շուտով կորուց իւր կախարդական ոյժը Ֆրանսիացոց համար...

Յիսուսեանների յանցաւոր գործերի տարեգրութեան մէջ նշանաւոր է մանաւանդ այն գործը, որ պատահեցաւ Տուլօնի թագաւորական սերմնարանի կառավարիչ Ժիրար անունով Յիսուսեանի եւ օրիորդ Լա-Կատիերի մէջ։ Յանցանքը յայտնագործուեցաւ, Ժիրարը դատապարտուած էր, բայց հարստութիւնը եւ Յիսուսեանների ներգործութիւնքը փրկեցին նորան։ Է քաղաքի Պարլամենտը, ուր տարուել էր գործը, փոխանակ Ժիրարը դէպի մահ դատապարտելու, վճռեց աքսորել նորան այն նահանգից, ուր պատահել էր գործողութիւնը։ Զարմանալին այս է, որ այսպիսի վճիռը հաստատուեցաւ երկու ձայնի առաւելութեամբ ընդդէմ միւս անդամներին, որոնց մի կէսը դատապարտում էր Ժիրարը դէպի կրակ, իսկ միւս կէսը՝ դէպի հասարակ մահ։ Պարլամենտը միեւնոյն ժամանակ արդարացուց եւ Լա-Կատիեր օրիորդը՝ չ’նայելով Յիսուսեանների հետեւողութեանը, որ կամենում էին դատապարտել նորան որպէս զրպարտող։

Այն մասնակցութիւնը, որ ամբողջ Ֆրանսիայն ունեցաւ այս անբաղդ աղջկայ գործի մէջ, ցոյց էր տալիս, թէ ինչ աստիճանի էր հասած ազգի ատելութիւնը դէպի Յիսուսեան աբեղայքը։ Լա-Կատիեր իւր յօժարութենովը մտաւ կուսանաց վանքը, ուր եւ շուտով վախճանեցաւ։ Երկու տարուց յետոյ մեռաւ եւ Ժիրարը Լիօն քաղաքում։ Յիսուսեանք փառաւորում էին նորա անունը՝ իբրեւ զրպարտուած մարդու անուն, եւ վերագրում էին նորան զանազան հրաշագործութիւնք. մինչեւ անգամ համոզում էին Պապին ընդունել նորան սուրբերի կարգը։

Օրլէանեան Դուքսը իւր գործակատարութեան սկզբումը շատ չէր սիրում Յիսուսեան աբեղայքը։ Հայր Լետիլիէ եւ այլ Պալատական Յիսուսեանները շուտով հեռացուեցան։ Բովանդակ Ֆրանսիայն ուրախութեամբ լսեց ատելի խոստովանահօր հալածուելու լուրը, որ բռնութեան հետ մակարդած վերին աստիճանի խորամանկութենով եւ առեւտուրով, որ ունէր Հռովմի եւ Ֆրանսիայի Արքունեաց հետ, ներգործում էր ո՛չ միայն Ֆրանսիայի վերայ, այլ եւ ամբողջ Եւրոպայի վերայ։ Այն աստիճանի սաստիկ էր ժողովրդի ատելութիւնը դէպի նա, որ Բուրժի Արքեպիսկոպոսը, որի վիճակի մէջ կամենում էր բնակուիլ Լետիլիէն, յայտնեց թէ չէ կարող երաշխաւոր լինել նախկին Արքունի խոստովանահօր կեանքի ապահովութեանը, որի ընդդէմ պատրաստ էր ժողովուրդը գործ դնել ամենայն կերպ բռնութիւն։ Կարդինալ դը Նոյալը դարձեալ երեւեցաւ Պալատի մէջ եւ ստացաւ իւր առաջուայ ոյժը։ Համալսարանին յետ դարձուեցան այն արտօնութիւնքը, որ Յիսուսեանների օգտի համար խլուել էին նորանից։ Բաստիլիայում փակած արգելած Յանսէնեանքը ազատութիւն ստացան։

Յիսուսեանք չէին յուսահատւում։ Նոքա նորընծայ չէին քաղաքագիտութեան մէջ. նոքա գիտէին, թէ ի՛նչ է նշանակում թագաւորութեան մէջ զինուորական ոյժը, այս պատճառով եւս դիմեցին դէպի զօրքերի գունդը։ Խոստովանութեան միջնորդութենով, կարողացան նոքա իւրեանց կողմը շրջել զինուորները, հաւատացուցին նորանց, թէ հաւատը կորչում է, եւ թէ մեծ ասպարէզ կայ նոցա առաջեւը, այսինքն՝ պահպանել հաւատը Ֆրանսիայի մէջ։ Նոքա մինչեւ անգամ հասարակութիւն հիմնեցին զինուորների մէջ, որ անուանւում էր «Մարիամի սուրբ սրտի Հասարակութիւն» (Compagnie du saint coeur de Marie)։ Քանի մի գունդ խնդիր տուեցին, որ Տէրութիւնը ընդունէ այս Հասարակութիւնը օրինաւոր։ Քանի մի նահանգներում զինուորների մէջ ծագեցան թշնամական շարժողութիւնք այն ժամանակուայ բաների կարգին ընդդէմ։ Զուր տեղը Կարդինալ դը Նոյալը եւ ուրիշ հոգեւորական մեծ աստիճանաւորքը աշխատեցան սահմանափակել Յիսուսեան խոստովանահարց ներգործութիւնքը, զուր տեղը բողոքում էին դէպի Կլեմենտ XI-ը, որ գալոց ժողովքը հրաւիրուի։

Օրլէանեան Դուքսը ոչինչ հաւատ չէր պաշտում։ Նա միօրինակ ծիծաղում էր ե՛ւ Յանսէնեանների վերայ, ե՛ւ Յիսուսեանների վերայ, ե՛ւ Պապի վերայ։ Երբ հանդիսաւոր օրերում նա իւր մերձաւոր մարդերով, որ բաժանորդ էին նորա կարծիքներին, եկեղեցի էր գնում, ժողովուրդը յայտնի յայտնի քրթմնջում էր նորա մասին եւ շատ անգամ աղաղակով վիրաւորում էր նորան։ Չ’նայելով իւր փայլուն շնորհքների վերայ՝ Դուքսը փոքր առ փոքր կորուսանում էր իւր նախկին աշխոյժը. հեշտախտ կեանքը քամեց նորան։ Գիշերային թատրոնական խաղարկութիւնքը պալատի մէջ, որին մասնակից էին Փարիզի հռչակաւոր տիկինները, որոնց մէջ գտանւում էր այն ժամանակուայ երեւելի գեղեցիկներից Բերրիեան դքսուհին, խլում էին Օրլէան Դուքսի բոլոր ժամանակը։ Երբ նա հարկադրուած էր պարապիլ Տէրութենական գործերով, խմում էր քանի մի բաժակ Շամպայնեան գինի, որ արծարծէ իւր անզօրացած կարողութիւնը։ Վերջապէս Աբբայ Դիւբուայն միանգամայն ձեռք առեց Տէրութեան կառավարութիւնը։ Այս Աբբայն երբեմն սպասաւոր էր Սէն-Լօրանս անունով Օրլէանեան Դուքսի դաստիարակի մօտ։ Շուտով զարթեցան Դուքսի մէջ ախտերը, եւ Աբբայն այս կերպով կարողացաւ շահիլ նորա հաւատարմութիւնը եւ սիրելի մնաց նորան մինչեւ մահը։ Դիւբուա առաջին նախարար լինելուց յետոյ աշխատում էր ստանալ Կարդինալական գլխարկը, վասն որոյ ամենայն կերպ ջանում էր օգնել Պապին եւ Յիսուսեաններին, թէպէտ եւ ինքը ոչինչ հաւատ չէր պաշտում։

Պարլամենտը, որ չէր կամենում օրագրի մէջ արձանագրել Օրլէանեան Դուքսի հրովարտակը Unigenitus կոնդակը Ֆրանսիայի մէջ իբրեւ Կրօնական հաւատալիք ընդունելու մասին, նախարարի հրամանովը մեծ անպատւութեամբ աքսորուեցաւ Փարիզից եւ գնաց հեռացաւ Պօնդուազ։ Այս քաղաքի մէջ 1720 թուականին մարտի 4 օրումը Պարլամենտի անդամքը ընդունեցին Unigenitus կոնդակը իբրեւ կրօնական հաւատալիք, վասն որոյ վերադարձան աքսորանքից։ Դիւբուա ստացաւ Կարդինալութիւնը։ Յիսուսեանք հանդիսացան յաղթական։

Շուտով սորանից յետոյ Լուդովիկոս XVը ձեռք առեց Ֆրանսիայի կառավարութիւնը։ Ժողովուրդը զայրացած էր սաստիկ Յիսուսեանների վերայ։ Շատերը մեռանում էին առանց հաղորդութեան, բայց չէին ընդունում Unigenitus կոնդակը իբրեւ կրօնական հաւատալիք։ Յանսէնեանք համարւում էին մարտիրոսք, եւ նոցա վերագրւում էին զանազան հրաշագործութիւնք։

Այն ժամանակ Յանսէնեանների մէջ հռչակուեցաւ մանաւանդ մի մարդ՝ Ֆրանսիսկոս Պարի անունով, որ ծագում էր մի ազնուական ազգատոհմից։ Սա վաճառեց իւր ունեցած կայքը, արծաթը բաժանեց աղքատներին, իսկ ինքը ապրում էր ողորմութենով։ Այսպիսի դրութեան մէջ ապրեցաւ նա 1722 թուականից մինչեւ 1727 թուականը։ Վերջապէս բոլորովին հրաժարուեցաւ աշխարհքից եւ առանձնանալով մի այրի մէջ՝ սովամահ մեռաւ։ Այսպիսի անսովոր դիպուածը XVIII անհաւատ դարումը պիտոյ է, որ տպաւորութիւն գործէր հասարակ ժողովրդի վերայ։ Այո՛, երբ Պարիի մահուան լուրը տարածուեցաւ մայրաքաղաքի մէջ, ամենայն ոք վազում էր դէպի այրը, ուր բնակւում էր Պարին, կտրատում էին մեռածի շորերը եւ իբրեւ մի սուրբ նշխար պահում էին իւրեանց մօտ։ Նորան մեծ հանդէսով թաղեցին հասարակաց ծախսով։ Ժողովուրդը ամենայն օր գումարւում էր նորա գերեզմանի վերայ, որպէս թէ նորանով գործուած զանազան հրաշքների պատմութիւն էին լինում։ Ի հարկէ թագաւորական Պալատը եւ հասարակութեան վերին կարգը ծիծաղում էին այս բանի վերայ, բայց հոգեւորականք, մանաւանդ՝ Կարդինալ-դը Նոյալը, ջատագով էին նորան։ Նոքա ինքեանք տարածում էին այսպիսի լուրեր եւ պաշտպանում էին ուրիշից դուրս եկածները, որպէս զի առաւել եւս զայրացնեն ժողովուրդը Յիսուսեաններին ընդդէմ։

Բայց ցաւը այս էր, որ Կարդինալ դը Նոյալը շուտով վախճանեցաւ խոր ծերութեան մէջ։ Նորա փոխանակ Յիսուսեանների խորամանկութենով Փարիզի Արքեպիսկոպոս նշանակուեցաւ Քրիստափոր դը Բոմոմ անունով անուսումն եւ անկիրթ, բայց խիստ եւ կամակոր մարդը, որ մի քայլ եւս չէր փոխում առանց Յիսուսեանների կամքին։ Այս մարդը սարսափելի հալածանք հանեց Յանսէնեանների վերայ, արգելեց վերջին թոշակը, եթէ մեռանողը դեռ կենդանութեան ժամանակ չէր ընդունել Unigenitus կոնդակը իբրեւ կրօնական հաւատալիք։ Ժողովրդի վրդովումը սաստկանում էր. ապստամբութիւնը պատրաստ էր ահա՛ վառուիլ Փարիզի մէջ։ Լուդովիկոս XVը, կամելով փակել այս ապստամբութեան առաջը, համաձայնեցաւ Պարլամենտի անարդար առաջարկութեանը եւ որոշեց հրատարակել, թէ՝ ա. «Թեպէտեւ Unigenitus կոնդակը Ֆրանսիայի թագաւորած Հռովմէական դաւանութեան մէջ կրօնական հաւատալիք չէ, սակայն, պիտոյ է նորան հնազանդուիլ», բ. «Հոգեւոր եւ մարմնաւոր դատարանները պարտական են չարագործութիւն ճանաչել, հոգեւոր աստիճանաւորների վերջին թոշակից այն մարդիկը զրկելը, որ Unigenitus կոնդակը չէին ընդունած իբրեւ կրօնական հաւատալիք», գ. «Մինչեւ այժմ այս կոնդակի մասին եղած վէճերը եւ խօսակցութիւնքը տրւում են մոռացութեան»։

Այս թագաւորական հրովարտակը տարակոյս չ’կար, որ պիտոյ է զայրացնէր Յիսուսեանները։ Արդարեւ, նոցա ատելութեան հետեւանքը շուտով դուրս երեւեցան։ 1757 թուականի յունուարի երեկոյեան ժամը վեցին Լուդովիկոս XVը կառք նստաւ, որ գնայ Տրիանօն։ Յանկարծ սաստիկ զարկ զգաց կողքումը եւ գանչեց. «On ma donné un furieux coup de poing», յետոյ, արիւն տեսանելով ձեռքի վերայ, բոլորովին գունաթափեցաւ եւ ասելով՝ ես վիրաւորուած եմ, ցնցուեցաւ երկիւղիցը, թէպէտ եւ վէրքը անվտանգ էր միանգամայն։

Այս միջոցին ամենայն աչք դարձաւ այն մարդի վերայ, որ կանգնած էր թագաւորի մօտ՝ առանց գլխարկը հանելու։ Զինուորքը յափշտակեցին այս մարդը եւ գտան նորա գրպանի մէջ երկու երկսայրի դանակներ, մինը՝ մեծ, միւսը՝ փոքր զմելինի նման։ Փոքր դանակովն էր նա վիրաւորել. այս պատճառով անվտանգ էր դրած վէրքը։ Այս մարդը անուանւում էր Րոբեր-Ֆրանսիսկոս Դամիէն, որ ծառայում էր Յիսուսեան Կօլլէգիումի մէջ իբրեւ աշխարհական ժողովող։ Սա մի շատ անկիրթ մարդ էր, եւ քաղաքական գործերը ամենեւին օտար էին սորան, վասն որոյ երբէք չէր կարելի մտածել, որ իւր սեպհական կամքովը որոշած գործել էր այս յանցանքը։ Խելագարութիւն եւս չ’նկատուեցաւ նորանում։ Հասարակաց ձայնը դատապարտում էր Յիսուսեանքը. ասում էին, թէ Դամիէնը ներգործել է նոցա թելադրութենովը, եւ ճշմարիտ կային մի քանի բաներ, որ արդարացնում էին այս կարծիքը։

Ինչ ժամանակ կառքը բերեցին թագաւորին, որ նստի, մի Յիսուսեան աբեղայ մօտեցաւ Դամիէնին եւ, մի քանի խօսք ասելով, հեռացաւ նորանից։ Բայց այս բանը դեռ հաստատ ապացոյց չէր. պատճառ, Դամիէնը ծառայում էր Յիսուսեան Կօլլեգիումի մէջ, եւ կարո՛ղ էր պատահել, որ մի ծանօթ կրօնաւոր պատահաբար մօտենար նորան։ Բայց բանը այս էր, որ Դամիէնը իւր պատասխանների մէջ գործ էր ածում «մեք» բառը, եւ երբ հարցնում էին, թէ ունէ՞ր արդեօք խորհրդակիցք, նա միշտ պատասխանում էր. «Եթէ ունիմ եւս, բայց նոքա այստեղ չեն»։ Պարլամենտը, կամելով վերահասու լինել ճշմարտութեանը, սաստիկ չարչարանքների մատնեց նորան. տաքացրած ագցաններով բոկում էին նորա մարմինը եւ տաք իւղ էին լցնում բացուած վէրքերի վերայ, հանում էին եղունգները եւ այլն եւ այլն։ Ոչինչ բան չ’կարողացաւ ներգործել նորա վերայ. նա չ’տուեց իւր խորհրդակիցների անունը։ Թղթեր եւս չէր կարելի գտանել նորա մօտ, ըստ որում Յիսուսեանք իւրեանց կանոնի զօրութենով, չէին կարող ծածուկ խորհրդակցութիւններ գրի միջնորդութենով ունենալ, մինչեւ անգամ եւ Տէրութեանց հետ։ Նոքա խոստմունք էին տալիս ինքեանց, իսկ ուրիշից առնում էին գրաւոր ստորագրութիւն։ Ամենայն այս տեսակ գրագրութիւնը արգելուած էին եւ փոխանակ նամակի, անդամներից մինը թռչում էր դէպի հարկ տեղը, թէ եւ հինգ հարիւր Լիօի ճանապարհ լինէր այն *

Այս պատճառների համար չէր կարելի վաւերական կերպով ցոյց տալ Յիսուսեանների գործակցութիւնը Դամիէնի հետ, բայց ամբողջ Ֆրանսիայն, չ’նայելով այս բաների վերայ, վճռողական կերպով դատապարտում էր Յիսուսեանները՝ որպէս մասնակից Դամիէնի չարագործութեանը։ Ինքը՝ նախարար Շուազեօլը, ըստ ամենայնի հակառակ էր Յիսուսեաններին։ Նա քանի անգամ առաջարկեց թագաւորին ջնջել այս Կարգը Ֆրանսիայի միջից։ Շուազեօլը, երկիւղ կրելով Յիսուսեաններից, որոնք վերագրում էին նորան ամենայն տեսակ չարագործութիւններ, մինչեւ անգամ Լուդովիկոս XVIի հօր՝ Դօֆինի, դեղամահ սպանութիւնը, աշխատում էր առաջին յաջող դիպուածումը, գլուխ բերել իւր մտքի դրածը այս Կարգի մասին, որ եւ շուտով յաջողեցաւ նորան տեսանել։

Լավալլետ անունով Յիսուսեանը, որ վաճառականութիւն էր առնում Ամերիկայի մէջ, սնանկանալով, պարտական մնաց Մարսելիայի վաճառական Հուֆրին եւ Լէօնսի ազգանունով եղբարցը մի միլլիոն հինգ հարիւր երկու հազար ֆրանկ։ Յիսուսեանք պահանջեցին, որ գործը դատուի Փարիզի Պարլամենտի մէջ՝ յուսալով Պալատի հետ ունեցած կապակցութեններովը իւրեանց կողմը շրջել դատաստանի ձայնը, բայց սխալեցան։

Շուազեօլը այս անգամ միացաւ Պարլամենտի հետ եւ մայիսի 8ին 1761 թուականին հաստատուեցաւ այն վճիռը, որի զօրութենով Յիսուսեան կարգը պարտաւորւում էր վճարել Լաւալլետի պարտքը, եւ թէ հակառակ այս վճռին Կարգը չ’կամենար վճարել, այն ժամանակ Կարգի կալուածքը Ֆրանսիայի մէջ պիտոյ է խլուէին պարտքի դէմ։ Բայց Յիսուսեանք պատասխանեցին, թէ Հ. Լաւալլետը, գլխաւոր իշխան լինելով, այն Յիսուսեան ընկերութեանը, որ Մարտինիկայումը էր, Հասարակութեան կանոնների զօրութենով կարող էր ունենալ այսպիսի առեւտրական գործեր, կալուածներ ստանալ կամ կորուսանել նորանց առանց Գեներալի հրամանին, ուրեմն ո՛չ թէ ամբողջ Կարգը, այլ վերեւումը յիշած նորա մի մասնը պարտաւոր է վճարել Լաւալլետի պարտքը։ Պարլամենտը հրամայեց Յիսուսեաններին ներկայացնել Կարգի կանոնադրութիւնը ինքեան Պարլամենտին՝ երեք օր ժամանակ տալով։ Յիսուսեանք, երկիւղ կրելով, թէ մի գուցէ այս կանոնների վերատեսութիւնը մի վատ հետեւանք ունենայ, իւրեանց որոմնացանութենով Պալատի մէջ կարողացան այնպէս առնել, որ թագաւորը Հրովարտակ տուեց Պարլամենտին ինքեան թագաւորին մատուցանել Կարգի կանոնադրութիւնքը վերահասութեան համար։ Պարլամենտը, հնազանդուելով թագաւորի հրամանին, ներկայացրեց կանոնադրութիւնը թագաւորին, միեւնոյն ժամանակումը վճռեց, որ Կարգը նոյն կարգադրութենից երկրորդ պատճէնը երեք օր ժամանակից յետոյ մատուցանէ Պարլամենտին։

Նոյն տարուայ օգոստոսի 6-ին հաստատուեցաւ Պարլամենտի վճիռը, որ զօրութենով Յիսուսեանների քսան չորս Աստուածաբանական գրուածքը դահճի ձեռքով կրակի դատապարտուեցան, իսկ ինքեանք Յիսուսեանք զրկուեցան Ֆրանսիայի մէջ ամենայն արտօնութենից, որ ունէին մինչեւ այն ժամանակը։ Լուդովիկոս XV-ը չէր իմանում, որ կողմը բռնի. մի կողմից խոստովանահայրը ներգործում էր, միւս կողմից՝ նախարար Շուազեօլը։ Վերջապէս իւր՝ Հռովմի մէջ ունեցած դեսպանի ձեռքով խօսակցութիւն բացեց Կարգի Գեներալի հետ, այսինքն՝ Լաուրենտ Րիկչիի հետ Յիսուսեան Կարգի կանոնադրութենների փոփոխութեան մասին Ֆրանսիայի մէջ։ Րիկչի, որ այն միջոցին փոխանակ անզօր Կլեմենտ XIII-ին, կառավարում էր բոլոր պապական աշխարհը, պատասխանեց. «Sint ut sunt non sint» (այսինքն՝ «թող լինի այնպէս, ինչպէս որ է, ապա թէ ո՛չ թող չ’լինի»)։ Պարլամենտի ցանկութիւնը եւս այդ էր։ Յիսուսեանների կանոնադրութիւնքը տարի ու կէս քննելուց յետոյ վերջապէս առաջարկեց թագաւորին իւր վճռադատութիւնը անունովս «Recueil monstrueux des assertions soutenues et ensceignées par la compagnie des Jesuites»։ Այս առաջարկութեան մէջ ապացուցանւում էր, որ երկու Յիսուսեանք իւրեանց շարադրութիւնների մէջ թոյլ էին տալիս շնութիւն, անառակութիւն, երեսուն վեցը նոցանից թոյլ էին տալիս, մարդասպանութիւն, երկու Յիսուսեանք՝ անձնասպանութիւն եւ եօթանասուն հինգ Յիսուսեանք՝ թագաւորասպանութիւն։ Լուդովիկոս XVը, վերջապէս Շուազելօի խորհրդին հետեւելով, 1764 թուականի նոյեմբեր ամսի մէջ ստորագրեց Յիսուսեանները Ֆրանսիայից աքսորելու հրովարտակը։

Այս անցքից յետոյ Յիսուսեանք քաշուեցին դէպի Հռովմ, բայց եւ այնտեղ նոցա համար պատրաստ էր հալածանքը, նոքա եւ այնտեղ պիտոյ է հանդիպէին նեղութենների եւ սարսափելի չարչարանքների։ Կլեմենտ XIII-ը վախճանեցաւ, նորա տեղ նստաւ Պապական աթոռը Կլեմենտ XIV շատ ուսումնական եւ լաւ մարդը. նա լաւ գիտէր՝ ինչ աստիճանի ողորմելի դրութեան մէջ էին թողնում Յիսուսեանք Հռովմի պապերը։ Բացի այս կարծիքից, ստացուեցան ահա ամենայն տէրութեններից գանգատներ Յիսուսեանների վերայ։ Պապը քննութեան ժողովք նշանակեց մանաւանդ այնպիսի կարդինալներից, որոնք ճանաչում էին Յիսուսեաններին եւ ունէին դէպի այս մարդիկը մի արդար եւ բնական ատելութիւն։ Այս ժողովը հաւաքւում էր ծածուկ ինքեան իսկ Վատիկանի մէջ։ Վերջապէս 1773 թուականի յուլիսի 21 օրումը Պապը ստորագրեց այն կոդակը, որով ջնջում էր Յիսուսեան Կարգը։ Այս կոնդակը հրատարակուեցաւ օգոստոսի 16-ին՝ երեկոյեան ութը ժամին։ Իսկոյն կոնդակի հրատարակութենից յետոյ բոլոր Յիսուսեանների տները շրջապատեցին կօրսիկացի զինուորները։ Պապական աստիճանաւորքը, զրահաւորուած զօրականներով, մտանում էին Յիսուսեանների տները եւ հաւաքելով Յիսուսեանները՝ կարդում էին Աստուծոյ փոխանորդի՝ անմեղանչական Պապի կոնդակը Կարգի ջնջուելու մասին։ Հրամանի լսողքը իսկոյն պարտական էին մերկանալ իւրեանց Յիսուսական հանդերձը եւ երեք օրից յետոյ կեանքի եղանակ որոշել, այսինքն՝ կացութիւն (status)։ Մինչեւ որ բռնուած Յիսուսեանք չ’յայտնէին իւրեանց ցանկութիւնը, թէ ինչ կացութիւն էին որոշում իւրեանց համար, չէին ազատւում արգելանքից, այլ մնում էին պահապանների պահպանութեան տակ։

Կարգի Գեներալ Րիկչին բանդ դրուեցաւ, Յիսուսեանների Դիւանատունը եւ գանձարանը կնքուեցան։ Նոյն երեկոյին Հունգարացոց եւ Գերմանացոց Կօլլեգիումների մէջ երեւեցաւ հրկիզութիւն։ Թէեւ Պապական կառավարութիւնը ամենայն ջանք գործ դրեց կրակը մարելու համար, բայց զուր եղան բոլոր աշխատութիւնքը. թղթերը այրուեցան եւ ոչինչ բան չ’մնաց, որոնցից կարելի լինէր հասկանալ ջնջուած Կարգի գաղտնիքը։ Րիկչի, ինչ ժամանակ նորան հարցնում էին, չ’կամեցաւ ցոյց տալ գանձերի տեղը եւ շուտով մեռաւ բանդարկութեան մէջ։ Նա իւր մահու մահճումը բողոք գրեց, որով ապացուցանում էր Կարգի որպէս թէ անմեղութիւնը։

Այս միջոցին ժողովրդի մէջ հրատարակուեցան զանազան գուշակութիւններ Պապի մօտակայ վախճանի վերայ։ Ման էին գալիս զանազան տարեգրական ցուցակներ, որոնց զօրութենովը պիտոյ է Կլեմենտ XIV-ը մեռանէր 1774 թուականումը։ Այս գուշակութիւնքը այլայլեցին Պապի հոգու խաղաղութիւնը. «Ես գիտեմ, - ասում էր նա, - որ Յիսուսեան Կարգը ջնջելու կոնդակը իմ հոգու դատակնիքն է, բայց ես չեմ զղջում, ես առաջի Աստուծոյ պարտական էի դուրս տալ նորան»։ Արդարեւ Կարգի ջնջուելուց ութ ամիս յետոյ առոյգ եւ զուարթ Պապը հիւանդացաւ յանկարծ եւ մի քանի ժամից յետոյ մեռաւ՝ բոլորովին սեւացած։ Տարակոյս չ’կար նորան դեղամահ առնելու մէջ։ Յիսուսեան կողմնակիցքը համբաւ հրատարակեցին, թէ ինքը երկինքը յայտնի կերպով պատժեց յանցաւորը։

Պապական Շուէյցարիայի մէջ, ուր Յիսուսեանք մեծ ազդեցութիւն ունէին ժողովրդի վերայ, ռամիկները առեցին հանգուցեալ Պապի պատկերը եւ կախեցին որպէս մահապարտ։ Յիսուսեանք, հալածական լինելով բոլոր Պապական աշխարհներից, * ) ապաստանարան գտան Պրուսսիայի եւ Ռուսսիայի մէջ, բայց շուտով եւ այս տեղերում երեւեցան նոցա վնասակար ազդեցութիւնքը, եւ նոքա այն միջոցին հալածուեցան այս աշխարհներից, երբ Պիոս VII-ը իւր անպարծանք կոնդակովը, որ տուել էր 1814 թուականի օգոստոսի 18 օրումը, վերականգնեց ջարդ ու փշուր եղած Յիսուսեան Կարգը։ Օրհնեալ Ալեքսանդր Կայսեր հրովարտակը * *) Յիսուսեանները երկու մայրաքաղաքներից հալածելու համար տրուեցաւ կառավարող ծերակուտին 1815 թուականի դեկտեմբերի 19 օրումը. շուտով սորանից յետոյ հալածուեցան Ռուսսիայի բոլոր կայսերութենից։

Ահա՛ Յիսուսեանների պատմութեան եւ բնաւորութեան համառօտ տեսութիւնը։ Այն մարդը, որ մտանում էր այս կարգի մէջ, որ անդամ էր դառնում այս ընկերութեանը, դադարում էր ո՛չ թէ միայն քաղաքացի լինելուց, այլ եւ մարդ լինելուց. նա Յիսուսեան էր լինում յայտնի աստիճանի։

Պարծանք Պապականութեան, Յիսուսեան Կարգ. արժանի որդիք, արժանի հօր։ «Ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի»։

1857 թ.



* Բօնզ նշանակում է Եափոնացոց Աբեղայ։

* Illos pudet Christum crucihxum prædicare Իննովկենտիոս կոնդակից։

* Summa itaque de jure personarum divisio hæc est. quod omnes homines aut liberi. aut servi. Dig. Lid. I. Tir., V. 4.

* Հայր Լետելիէն ինքնակամ փոխում էր Արեւելեան Հնդկաստանի Ֆրանսիացոց պատկանեալ մասերի մէջ նահանգապետները։ Պօնդիկերի համար նոր նշանակուած Գեբերտ նահանգապետին ճանապարհ դնելով՝ ասաց. «Ողորմա՛ծ Պարոն, յիշեցէ՛ք, թէ ինչ որ դուք մեր հարերին կ’առնէք այնտեղ, նոյն բանը ձեզ կ’առնեն Վերսայլումը, ինչպէս դուք այնտեղ նորանց հետ կը վարուիք, այնպէս եւս ձեզ հետ այստեղ կը վարուին» (Memoires hist. pas Norbert)։

* Այսպէս անուանւում է այն նզովքի կոնդակը, որով Պապը դուրս է ձգում եկեղեցուց Յիսուսեան քարոզիչքը։

* Norbert. Mèmores historiques sur les missions des pères jesuites, Tome II, page 72.

* Duhalde Description de la Chine.

* Մարիաննա Պալատական Յիսուսեանը Մադրիտի մէջ Ֆիլլիպպ IIի հրամանովը շարադրեց մի գիր՝ «de Rege et Regis Institutione» վերնագրով, թագաւորութեան ժառանգի ընթերցանութեան համար, որի մէջ սահմանում էր, թէ ի՞նչ դիպուածներում կարելի է թագաւորական կեանքը դաւաճանել։ Այս գիրը 1610 թուականին մեծ հանդիսով այրուեցաւ Փարիզի մէջ։

* Այս Կօլլեգիումը Կլերմոնտեան անուանւում էր այն պատճառով, որ դորա գումարը կտակով թողել էր Յիսուսեաններին, նոցա կողմնակից Հիյլեօմ Դիւպրա, Կլերմոնդի Եպիսկոպոսը, որ հռչակաւոր Դիւպրա (Duprat) Կանցլերի ապօրինի որդին էր, որ կամենում էր գնել Պապական Աթոռը 1, 200000 լիբրէով։

 

* Pasquin մի հին եւ աղճատեալ արձանի անուն է, որի վերայ Հռովմի մէջ դնում են ամենայն տեսակ զրպարտ թշնամանք։

* Այս անցքը գեղեցիկ նկարագրած է ամենայն մանրամասնութենով, Գերապատիւ Ստեփաննոս Նազարեանց վարդապետի «Հանդէս նոր հայախօսութեան» անունով գրքի մէջ։ Տե՛ս երկրորդ հատորում։ Տպած Մոսկուայի մէջ 1857 թիւ։

* Ինչ ժամանակ Գիզ Դուքսը, Յիսուսեանների ձեռքով գրգռուելով Հենրիկոս III-ի ընդդէմ, որ պաշտպան էր Հուգենօտներին, կազմեց Սուրբ Լիգա, այսինքն՝ սուրբ կապակցութիւն անունով դաշնակցութիւնը, որի արտաքին ձեւը էր միմիայն կրօնական, այս է հաստատ պահել Պապականութիւնը Փարիզի մէջ, իսկ ներքին խորհուրդը բոլորովին քաղաքական խնդիր, այն ժամանակ Փարիզի հասարակութիւնը, քաղաքի իւրաքանչիւր թաղերից մի մի մարդ կարգելով դաշնակցութեան մէջ, որպէս փոխանորդ թաղերի բոլոր բնակիչներին, մտաւ Սուրբ Լիգայի մէջ։ Բայց որովհետեւ տասն եւ վեց հատ էին այս երեսփոխանքը՝ քաղաքի տասն եւ վեց թաղի թուով, վասն որոյ եւ պատմութեան մէջ Փարիզի հասարակութիւն ասելու փոխանակ ասւում է «տասն եւ վեց», որով իմացւում է Փարիզի հասարակութիւնը։

* Dupin: de antiqua ecclesiae disciplina.

* Sully: Economies royales T. I, p. 117.

* Le Mercure Jésuite T. I, p. 520.

* Սպանիական կորստաբեր ընկերութեան կործանողին, նորա ողջութեան եւ հայրասպանների վրէժխնդրութեան վերայ ուրախացողքը եւ նորա մեծութեան պատուասիրողքը։ Կրկնապատիկ եղաւ ճակատագրի խորհուրդը, որ է տալ Գաղղիացոց, ինչ որ կարող էր փրկաւէտ լինել նոցա, եւ պահպանել Գաղղիացոց համար, ինչ որ նա տուած էր նոցա շատ պատուականներից։

* * Ես յիշում եմ Բարթոլոմէոսեան գիշերը։

* Sully. Economies royales. T. II, pag. 34.

* Զարմանալի է, որ Պարոն Փափազեան, եկեղեցական պատմութեան պարզերես հեղինակը, իւր գրքի մէջ սեւ գոյնը կարմիր չէ ներկում կամ, աւելի լաւ, չէ ոսկեզօծում, ինչպէս սովոր է, Յակոբ Կլեման թագաւորասպան աբեղայն Յութիտի հետ համեմատելով. երեւի թէ լաւ իմանալով ներկելի բանի եւ իւր ներկի քիմիական որակութիւնքը եւ նոցա փոխադարձ հակադրութիւնքը՝ խելք է գործ դրել եւ չէ փորձել իւր կարասը, որ մի գուցէ, սաստիկ սեւ լինելով, կարմիր չ’ներկուի, այլ դորա հակառակ հրաշափառ խայտառակ գոյն։ «Յետինն չար քան զառաջինն»։

* Զոր օրինակ՝ հերետիկոսական, սխալական, աստուածուրացական եւ այլն եւ այլն։

* * Պապերը անսխալ եւ անմեղանչական են այս հիման վերայ, թէ մարդս սխալական է եւ մեղանչական, իսկ Պապը մարդ է, միմիայն անսխալելի եւ անմեղանչական Աստուծոյ ձեռագործ. ուրեմն Պապը, մարդ լինելով, անսխալ է եւ անմեղանչական։ Հրաշալի՛ Լօգիգա։

* Memoires du duc de Saint-Simon.

* Historie des reflexions morales, 5. p. 31.

* Դնում եմ այս կարգով, թէ Յիսուսեանք, ո՞ր թուականում ո՞ր աշխարհքից հալածուեցան։

1596, Հօլլանդայից։

1612, Վենետկից,

1729, Սավօիայից,

1759, Պօրտուգալիայից,

1767, Սպանիայից, Նէապօլսից եւ Սիկիլիայից,

1768, Պարմի Դքսութենից եւ Մալթա կղզիից։

* * Ցաւում եմ, որ չունիմ պատրաստի Օրհնեալ Ալեքսանդր Կայսեր հրովարտակի պատճէնը, որ կարողանայի այս յօդուածի մէջ բառ առ բառ արտագրել. մանաւանդ այն պատճառաւ, որ Պարոն Փափազեանը, իւր եկեղեցու պատմութեան մէջ խօսելով Ռուսաստանի Յիսուսեանները ներս ընդունելու վերայ, զանց էր արել պատմե՛լ, թէ ինչ հետեւանք ունեցաւ այս ընդունելութիւնը, թէ Լօյոլլայի որդիքը արժանի կացուցի՞ն իւրենաց անձը այսպիսի Կայսերական շնորհին, որ բաշխել էր նորանց։

Խոստովանում եմ իմ ընթերցողներին, մի այլ ժամանակ տպել այս հրովարտակի պատճէնը եւ վերստին խօսել Յիսուսեանների մասին՝ սկսած Պիոսի ձեռքով նորանց Կարգի վերականգնելուց մինչեւ մեր օրերը։