Յօդուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅՕԴՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ

ՄԽԻԹԱՐԸ

 

Տասներեքերորդ դարու ելքումը Հայաստանի վերջին արքայական տունը՝ Ռուբենեանց իշխանութիւնը շիջանելով, կորուսին Հայերը իւրեանց ազատութեան վերջին մնացորդը։ Ազգի մի մասը, մնալով իւր հայրենական աշխարհի մէջ, մեռանում է իւր տների փլատակների եւ թշնամու սրի տակ։ Միւս մասը, յօժարակամ տարագիր գնալով իւր աշխարհից, ցան ու ցիր է լինում դէպի երկրի չորս կողմերը՝ որոնելով աշխարհի վերայ մի տեղ, ուր կարո՛ղ է դնել իւր գլուխը, ուր կարո՛ղ էր որեւիցէ ճանապարհով վաստակել իւր օրական ապրուստը։ Այս թշուառ իրողութենների մէջ շիջաւ Հայաստանում լուսաւորութեան ճրագը, այստեղ ու այնտեղ շատ աղօտափայլ պահպանուելով միայն Հայաստանի վանքերի մէջ։ Բայց ի՞նչ էր այդ պահպանութիւնը՝ համեմատելով այն կարօտութեան հետ, որ զգում էր ազգը։ Մարդկութեան առաջեւ բացւում էր նոր անցքերի տեսարանը, մարդկային իմացականութիւնը միջին դարերի վերջումը խմորուելով դուրս էր թափւում հեղեղաբար՝ ազգերի դրութիւնը բարւոքելու, տգիտութեան խաւարը փարատելու եւ նոր ասպարէզներ բանալու մարդկային գործականութեան համար։ Այնտեղ Կոլոմբոսը, իւր առաջարկութիւնքը ձեռքին, ծեծում էր թագաւորների դուռերը եւ, ստանալով մի փոքր պաշտպանութիւն, մտանում էր խորհրդական ծովերի մէջ՝ մարդկութեան համար նոր աշխարհ բանալու։ Միւս տեղ Գուտտենբերգը, իւր սրածայր գործիքին ենթարկելով ձայն նշանակող տառերը, հնարաւորում էր տպագրութեան գիւտը, որով պիտոյ է ազատուէր մարդկային միտք ու բանականութիւնը մագաղաթների բանդից եւ, թեւ ու թռիչք ստանալով, պիտոյ է տարածուէր ամենայն տեղ՝ մի հատ մարդու սեփականութիւնը հասարակաց մարդկութեան սեփականութիւն շինելով։ Մի այլ տեղ մարդկութիւնը՝ հոգեւոր անարժան ստրկութեան մէջ, եկեղեցական իշխանութեան չարաչար գործադրութեամբը հանդէս էր հանում Աւետարանի ճշմարտութիւնը ընդդէմ կոյր հաւատի եւ անպտուղ ծիսակատարութեան, եւ, քաջութեամբ պատերազմելով խաւարի եւ մոլորութեան հակառակ, հիմնում էր իւր քաղաքական կեանքի կարգերը ճշմարտութեան վերայ էապէս։ Ահա այսպիսի ընդհանուր գործողութեան մէջ էր մարդկութիւնը Եւրոպայում, մինչ Հայոց ազգը՝ ծառայ եւ ստրուկ դարձած օտարի, վիզը դնում էր ամենայն հնարաւոր լուծի տակ մի կտոր հացի համար, մինչ Հայոց ազգի աբեղայքը, փակուած իւրեանց վանական խցերում, անգիր էին ուսանում Արիստոտէլի Պորփիւրոսը, եւ Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի սահմանքը։ Տխո՛ւր տեսարան, ողբալի դրութիւն, որի մէջ մեր սիրական Հայոց ազգի կեանքը օր ըստ օրէ վայրենացաւ, նախնի ժամանակների յստակ հայախօսութիւնը աղաւաղուեցաւ եւ մի անմխիթար, աղջամուղջ գիշեր տարածեց առհասարակ Հայաստանի հորիզոնի վերայ իւր խաւար վարագոյրը։

Թէպէտեւ Ռուբենեանց թագաւորութեան ժամանակ եւս չենք տեսանում Հայաստանումը սէր եւ պաշտպանութիւն լուսաւորութեան, թէպէտեւ շատ անմխիթար յիշատակարանք, այո՛, ե՛ւ թագաւորների հրովարտակքը, ե՛ւ կաթողիկոսների կոնդակները ցոյց են տալիս մեզ իւրեանց մէջ եւ իւրեանց կերպարանքով ազգի տգիտութիւնը եւ լեզուի օրէ օր աղաւաղուիլը, թէպէտեւ դոյն այդ ժամանակում լսում ենք Լամբրոնացու գանգատները այնպիսի բաների վերայ, որ անմիջապէս յառաջանում էին մեր ազգի հոգեւորների եւ մարմնաւորների անդաստիարակութենից, բայց Ռուբենեանց թագաւորութեան կործանուելուց յետոյ օրէ օր եւս առաւել սաստկանում է տգիտութիւնը, եւս առաւել թանձրանում է խաւարը եւ ազգը համօրնէն ընկնում է մի մահանման քնի մէջ։ Հայոց ազգը, առանց աչք բանալու, քնում է միալար չորս հարիւր տարի՝ մինչեւ տասնեւութերորդ դարու սկիզբը։

Այս դարը պիտոյ է աւելի բաղդաւոր ժամանակներ պատրաստէր Հայկական դպրութեան համար. սորա միջոցին վերստին զարթնում է ոչ թէ միայն հին հայկական դպրութեան ուսումնասիրութիւնը, այլեւ ականաւոր մարդիկ շատ, աշխատում են, ուսումնարաններ շինելով եւ Եւրոպական նոր լեզուներից գրեանք թարգմանելով, վեր բարձրցանել այնքան խոր տգիտութեան մէջ թաղուած ազգը եւ ներս բերել նորան Եւրոպական քաղաքաշինութեան շրջանակի մէջ։ Բայց ցաւելի է ասել, որ Հայաստանի հողը, որի վերայ մի ժամանակ այնքան հոյակապ մարդիկ կարողացել էին սերմեր տնկել եւ պտուղներ յառաջացնել, չունէր այլ եւս այն բարոյական ընդունարանը, որ հարկաւոր էր իւրաքանչիւր հոգեւոր սերմնացանութեան համար։ Հայոց ազգի փոքր ի շատէ իմացական նորոգութիւնը պիտոյ է կատարուէր ոչ թէ բուն Հայաստանի հողի վերայ, այլ՝ Հայաստանից դուրս, օտար աշխարհում։ Հայկական դպրութեանը պիտոյ էր հիւր գնալ Իտալիա եւ օտարի հացով սնանել, որովհետեւ ինքը՝ ազգը, ինչպէս մեր ժամանակներում եւս, իւր հայրենասէր որդիների համար ո՛չ հաց ունէր եւ ո՛չ պատիւ. ամենայն մարդ մտածում էր առանձնապէս իւր օգտի վերայ, որպէս թէ մասնաւոր օգուտը կարելի բան էր առանց ընդհանուրին։

Տասն եւ ութերորդ դարու գործակատարութիւնը՝ Հայկական դպրութիւնը վերակենցաղելու համար, կատարուեցաւ Մխիթար Սեբաստացու ձեռքով։ Այս ականաւոր մարդը՝ Վենետիկի Մխիթարեան ընկերութեան հիմնադիրը, զանազան չափով ու կշռով մեծարւում է այս եւ միւս կողմից։ Ոմանք համարում են նորան մի մեծ արդիւնաւոր, համաշխարհական պատմութեան պատկանաւոր մարդ, որ իւր ազգի գրաւոր յիշատակարանքը դուրս է փորել հնութեան աւերակների տակից եւ իւր աշակերտների ձեռքով բացել է Հայերի համար նոցա մայրենի լեզուի եւ դպրութեան ժանգոտած դուռը։ Ոմանք համարում են նորան մի անհաւատարիմ, վատթար որդի, որ, բաժանուելով իւր մայրական եկեղեցուց, միացել է օտար ազգի ու կրօնի հետ եւ այդպէս եղել է իւր ազգին ոչ թէ արդիւնաբեր, այլ վնասաբեր եւս, այլեւ չար եւ թունաւոր պտուղների պատճառ ապագայումը։ Այս երեւելի Մխիթարը արժանի է մեր առանձին ուշադրութեանը, եւ նորա վաստակքը իրաւունք ունին պահանջելու մեզանից մի անկողմնապահ սառն քննութիւն եւ արդարակշիռ հատուցումն։

Մխիթարը՝ իւրանուն միաբանութեան հիմնադիրը, ծնեցաւ Սիբաս կամ Սեբաստիա քաղաքումը փոքր Հայաստանի, երկու օրաճանապարհ դէպի հարաւ հեռի Թոխաթից, 1676 թ. փետրուարի 7-ին։ Մխիթարի հօր անունը էր Պետրոս Մանուկեան, իսկ մօր անունը՝ Շահրիստան։ Իւր առաջին դաստիարակութիւնը ստացաւ նա երկու բարեպաշտ կրօնաւոր կանանցից, որ միշտ սովո՛ր էր նա սիրով յիշել իւր ծերութեան օրերումը՝ ընծայելով նոցա իւր կեանքի բոլոր ուղղութիւնը։ Մխիթարը տասն եւ չորս տարեկան հասակում ձեռնադրուեցաւ սարկաւագ եւ ապա ճանապարհորդեց դէպի Հայաստանի հռչակաւոր վանքերը, եկաւ եւ Էջմիածին։ Նա քսան տարեկան հասակում ձեռնադրուեցաւ քահանայ եւ մի փոքր յետոյ Կարին քաղաքում Մարգար վարդապետից (որ եւ արքեպիսկոպոս) վարդապետական գաւազան։

Վաղուց արդէն հասկացել էր Մխիթարը, թէ ո՛րպիսի ցած դրութեան մէջ էր իւր ազգը իմացական մասին։ «Թող Աստուած տայ, - գրում է նա իւր նամակների մինի մէջ, - որ ես կարողանայի մի մշտնջենաւոր միաբանութիւն հաստատել, որ դնէր իւր առաջեւ, որպէս գլխաւոր կէտ նպատակի, տարածել ազգի մէջ բոլոր հարկաւոր եւ օգտակար տեղեկութիւնքը, մի ընկերութիւն, որի խորհուրդը լինէր հոգալ ազգի բոլոր թէ՛ հոգեւոր եւ թէ՛ իմացական պիտոյքը»։ Մխիթարը իւր ձեռնարկութեան մէջ ունէր յաղթել շատ դժուարութիւնների, բայց նա չվախեցաւ։ Սորա հակառակ, նա այն մարդերից էր, որ, հանդիպելով մի ընդդիմութեան, սովոր են միան լարել իւրեանց հոգու կարողութիւնքը եւ ամրանալով եւս առաւել, գրաւել յաղթութեան արմաւենին։ Մխիթարը իւր դիտաւորութիւնը յայտնեց մի քանի վարդապետների, որ իւր ժամանակումը հռչակաւոր էին Հայաստանումը, բայց սոցանից ստացաւ մի մերժողական կամ հրաժարական պատասխանի։ Այնուհետեւ ճանապարհ ընկաւ նա դէպի Կոստանդնուպօլիս, ուր բնակւում էր Կարնեցի Խաչատուր վարդապետը, որ աշակերտուած էր պապական ուսումն տարածելու դպրոցին (Propaganda): Մխիթարը դիմեց այդ դաժան հոգու տէր մարդու մօտ եւ, յայտնելով իւր խորհուրդը, խնդրեց նորա օգնականութիւնը։ Կամենալով դեռեւս խունկ ծխել Խաչատուրի պատուասիրութեանը, առաջարկեց, որ ինքը՝ Խաչատուրը, գլուխ լինի այդ միաբանութեանը, իսկ ինքը՝ Մխիթարը, լոկ գործակատար։

Խաչատուր վարդապետ ասացեալ պապական աբեղան ժամանակ չունէր մտածելու իւր ազգի վերայ։ Պապականութիւնը վաղուց ահա արմատացած լինելով նորա մէջ Հայութեան փոխանակ՝ նա, աշակերտ լինելով մոլեկրօն պապական դպրոցի, այն ջանքի վերայ էր, որ կարողացածի չափ տարածէր Հայոց ազգի մէջ Պապականութիւնը։ Այս մարդի անճոռնի քարոզգիրքը տպուեցաւ Հայերէն, որի մէջ իւր բոլոր մեծ վայելչութեամբ երեւում է սոփեստական եւ սխօլաստիկական կրթութիւնը եւ որի իւրաքանչիւր թերթերից կաթում է Պապականութեան թոյնը։ Այսպիսի հոգու տէր մարդու համար ի՛նչ էր Մխիթարի առաջարկութիւնը։ Այս պատճառով եւս շատ դժուարութիւնք, այլեւ մեծ արծաթագլխի կարօտութիւն մէջ բերելով, հրաժարուեցաւ Մխիթարի գործակցութենից։ Մխիթարը դատարկ դուրս գալով իւր յոյսից, որ ունէր Խաչատուրի վերայ, գնաց դարձեալ Հայաստան եւ, յայտնելով իւր խորհուրդը Մարգար վարդապետին, խնդրեց նորա ձեռնտուութիւնը։ Բայց եւ այս եպիսկոպոսը չէր կամենում կամ չէր կարող օգնել Մխիթարին. այս պատճառով եւս, զանազան արգելառիթք մէջ բերելով, հրաժարուեցաւ նպաստ լինել նորան։

Կտրած էր այնուհետեւ Մխիթարի յոյսը մարդերից։ Աստուծոյ անքննելի տնտեսութեանը յանձնելով իւր անձը եւ իւր բարի խորհուրդը՝ 1700 թուականին վերստին գնաց Կոստանդնուպօլիս։ Այստեղ քանի անգամ քարոզ տուեց նա Ղալաթիայի Սուրբ Լուսաւորիչ եկեղեցումը, ուր օրէ օր բազմացան նորա լսողքը։ Արդէն իւր առաջին տարու կեցութեան միջոցին Կոստանդնուպօլսումը սկսեց նա ճարել իւր համար աշակերտք ու բարեկամք, որոնց թիւը շուտով հասաւ իննի։ Նոքա բնակւում էին մի տան մէջ, որ Մխիթարը վարձել էր Պերա (Բէյօղլու) ասացեալ տեղում, որտեղից կիւրակէ օրերը գնում էր Ղալաթիա քարոզութեան համար։ Այս միջոցին տպագրել տուեց նա Թովմաս Գեմբացի անունով գիրքը, յետոյ՝ «Գիրք մտածութեանց», Յովհաննու յայտնութեան մեկնութիւնը, որ Մծխէթացի Յովհաննէս վարդապետը թարգմանել էր, եւ Սալոմոնի երգոց երգոյն մեկնութիւնը, որ թարգմանել էր Կարնեցի Խաչատուր վարդապետը։ Այստեղ իւր աշակերտներից մի քանիքը ձեռնադրել տուեց քահանայ, որոնց եւ ուղարկեց քարոզութեան համար։

Մխիթարը, որ ինչպէս երեւում է, դաւանող էր իւր Հայկական ազգային եկեղեցուն, իւր Լատինական հոգեւորների հետ ունեցած կենակցութեան, այլեւ այն նախապատիւ սիրու պատճառով, որ ունէր դոցա հետ, կասկածանք տուեց Կոստանդնուպօլսի Աւետիք վարդապետին։ Չկամինք այստեղ երկարաբանել Աւետիքի հալածասէր եւ բարբարոս ընթացքի վերայ, չկամինք յիշել, որ նա խաբեբայութեամբ կամենում էր ձեռք ձգել Մխիթարը՝ բարեկամանալով Կապուցինեան աբեղաների Յակինթոս վանահօր հետ, որի հովանաւորութեան տակ դիմել էր Մխիթարը Յիսուսեան աբեղաների խորհրդով, այլ այս միայն յիշենք, որ Մխիթարը 1701 թուականի սեպտեմբերի 8-ին հաստատեց մի հոգեւոր կարգ իւր ինն աշակերտներով, որոնց վերայ իսկոյն յաւելացան այլ եւս եօթն, որոնցով բոլորի թիւը դարձաւ տասն եւ վեց։ Աւետիքի հալածանքը սաստկանում էր, եւ ահ կար Մխիթարին Օսմանեան անքրիստոնեայ կառավարութեան երեսից, որի գործակատարքը կաշառուելով, շատ հեշտ կորուսանում էին մի մարդ մանաւանդ այն ժամանակներում։

Այս պատճառով հարկադրուած էր Մխիթարը ծածուկ փախչել Տաճկաստանից։ Աշակերտներից երկու երկու ուղարկեց նա Մօրէա, որ գտանւում էր Վենետիկեան հասարակապետութեան ձեռքումը եւ ինքը երեք աշակերտով վաճառականի զգեստով նաւ նստեց եւ գնաց Զմիւռնիա, ուր գտանելով մի Վենետիկեան նաւ, որ գնալու էր Մօրէա, մտաւ նորա մէջ եւ անցաւ շուտով դէպի Մօրէա։ Մի քանի ժամանակ մնաց նա Ցանթէ կղզումը, ուր կամք ունէր սկզբումը բոլորովին մնալ իւր ընկերութեան հետ միասին։ Բայց այն յաջող լուրերը, որ նորա բարեկամները տուած էին նորան Մօրէայից, պատճառ տուեցին նորան գնալ այնտեղ, որովհետեւ գրում էին նորան աշակերտքը, թէ այնտեղի իշխանքը պատրաստ էին տալու բնակութեան տեղ ու ապրուստի հնար։ Այս հիմքի վերայ դուրս եկաւ Մխիթարը Ցանթէ կղզուց եւ 1703 թ. հասաւ Մօդոն կամ Մօթոնէ եւ Վենետիկեան կառավարութենից, որ, ինչպէս յայտնի է, այն միջոցին իշխում էր բոլոր Մօրէայի վերայ, պարգեւ ստացաւ մի կտոր հող՝ նորա վերայ վանք ու եկեղեցի շինելու համար։ Այս ժամանակիս կամ թէ մի փոքր յառաջ պիտոյ է պատահած լինի եւ նորա յատկապէս փոխանցութիւնը դէպի Պապական եկեղեցու հետ միաւորուած Հայերի կողմը։

Վենետիկեան Ծերակոյտը (սենատը) դեռեւս հարիւր տարի յառաջ, այսինքն՝ տասն եւ եօթներորդ դարու սկզբումը, վճիռ էր կապել, որի զօրութեամբ արգելւում էր նոր ի նորոյ հող եւ տեղ տալ հոգեւորների եւ վանքերի օգտի համար, որ ծանրութիւն էին հասարակապետութեանը իւրեանց հարստութեամբ եւ ամենայն հարկատուութենից ազատութեամբ։ Կտրիճ Ծերակոյտը այս իւր ընթացքով բորբոքել էր Հռովմի որոտալից փայլատակները։ Պաւլոս հինգերորդ պապը, 1605 թ. յաջորդելով Կլեմենտ ութերորդին, դուրս էր ձգել եկեղեցուց Ծերակոյտը եւ նախագահը եւ բանադրել էր բոլոր հասարակապետութիւնը։

Այս անճոռնի եւ Աւետարանի վարդապետութեան հակառակ կոնդակը, որ Պաւլոսը Պապ, յուսալով իւր անմեղանչականութեան եւ Աստուծոյ երեսփոխան լինելու վերայ, արձակել էր, ընդունելի էր եղած Կապուցինեան եւ Յիսուսեան աբեղաներին միայն։ Ծերակոյտը, տեսանելով այս բանը, արդէն վճռական պատճառ էր ստացել հալածել Յիսուսեանքը իւր տէրութենից 1606 թուականին, որպէս առաւել կասկածաւոր եւ վնասակար տէրութեանը, քան թէ միւս աբեղայական կարգերը։ Այսպէս էր Վենետիկեան հայեացքը աբեղայական կարգերի եւ վանքերի վերայ։ Հերիք չէր այս, մինչ Պաւլոսը, տեսանելով, որ Ծերակոյտը եւ բովանդակ հասարակապետութիւնը բանի տեղ չդրեց իւր կոնդակը, հարկադրուած էր զօրացնել իւր նզովքը զէնքի ուժով, Վենետիկեցիք նոյնպէս պատրաստուեցան զէնքը ձեռքերին պաշտպանել իւրեանց իրաւունքը եւ անկախութիւնը, մինչեւ որ Ֆրանսիայի թագաւոր Հենրիկոս չորրորդը, միջնորդ լինելով երկու հակառակ կողմերի մէջ, հաշտեցուց նորանց։

Եթէ Վենետիկեան հասարակապետութիւնը չէր յօժարում տեղ ու հող տալ Պապական հոգեւորների եւ վանքերի համար, ի՞նչպէս տեղ կը տար մի օտարադաւան միաբանութեան։ Մեք այլապէս չենք կարող մեկնել Վենետիկեան կառավարութեան այդպիսի առատասիրտ գործակատարութիւնը, քան թէ այն խորհրդով, որ կառավարութիւնը, տեսանելով մի օտար ազգից հատուածեալ միաբանութիւն, որ պատրաստ էր նուիրել իւր կրօնը, կեանքը, գոյքը եւ զօրութիւնը պապական ծառայութեան, այդպիսի փաղաքշանքով ներս ընդունեց նորանց՝ ապացուցանելու համար իւր նախանձաւորութիւնը Պապականութեան օգտին, որի մասին քանի անգամ բամբասուած էր որպէս անտես առնող։

Մի քանի Կոլլեգիացի պապական աբեղաների ձեռքով Մխիթարեանց մասին գրուած տեղեկութեան մէջ խօսք է լինում, թէ Վենետիկի կառավարութիւնը այն խորհրդով շնորհել է Մխիթարին եւ նորա միաբանութեանը հող, բնականութիւն եւ պաշտպանութիւն, որ ծաղկեցնէ Մօրէան զանազան տեսակ բնակիչներով։ Բայց մեք ընդունել մի այդպիսի անհիմն խորհուրդ չենք կարող. մի մասնաւոր մարդ կարող է միայն իւր հաճոյքի եւ զուարճութեան համար կարգադրել իւր ստացուածքը, բայց մի տէրութիւն եւ այն՝ Վենետիկեան հասարակապետութիւնը, չէր կարող այլապէս ներգործել այսպիսի դիպուածների մէջ, քան թէ քաղաքական կամ կրօնական խորհրդով։ Այս եւս հաւաստի է, որ հասարակապետութիւնը հաւատացած էր, թէ մի աբեղայական կարգ, եւ այն չքաւոր, խեղճ, ողորմելի վիճակում, եւ կտրած բաժանած իւր ազգից, ոչինչ քաղաքական հանդէս չէր կարող ունենալ պատմութեան մէջ. ուրեմն մնում է մեզ անտարակոյս մտածել, որ այդ իրողութիւնը պատահել է կրօնական մտքով, ապա ուրեմն Մխիթարը եւ նորա դեռահաս միաբանութիւնը ընդունած էին արդէն այդ միջոցին Պապականութիւնը։

Ինչպէս եւ եղած լինէր այդ բանի շարժառիթը, այսքանս ստոյգ յայտնի է, որ 1712 թուականին Կլեմենտ տասն եւ մի երրորդ Պապը հաստատեց Մխիթարեան միաբանութիւնը, որ այնուհետեւ ստացաւ Բենեդիկտեան կարգի կանոնադրութիւնը Անտօն աբբայի անունով, եւ այդ պատճառով եւս ինքը՝ Մխիթարը, անուանուեցաւ Աբբա։

Մխիթարը, վանք ու եկեղեցի շինելով Մօթոնէումը, երկար չը կարողացաւ մնալ այդտեղ. քաղաքական իրողութիւնք հարկադրեցին նորան տեղափոխ լինել շուտով։ Արդարեւ, Վենետկեցոց անյաջող պատերազմերը Տաճիկների հետ, արդարացի կասկածանք տուեցին Մխիթարին, մի գուցէ Մօթոնէն անցանէր Տաճիկների ձեռք եւ ինքը՝ Մխիթարը, իւր միաբանութեան հետ միասին, արդէն որպէս յայտնի պապական, որպէս վկայեալ կրօնադրուժ, մատնուէր բուն Հայոց հոգեւորականութեան ձեռքը Կոստանդնուպօլսի մէջ։ Այս պատճառով Մխիթարը 11 աշակերտներով 1715 թուականին նաւ նստեց ու գնաց Վենետիկ՝ միւս աշակերտքը թողնելով Մօթոնէ քաղաքում, որպէս պահապան վանքին եւ եկեղեցուն։ Երբ որ Մօթոնէում լսած էին, թէ Մխիթարեանց վանքն ու եկեղեցին քարուքանդ են եղած Տաճիկների ձեռքով (1717-ին), Վենետիկեան Ծերակոյտը մշտնջենաւոր ժամանակով պարգեւեց միաբանութեանը Սուրբ Լազարոսի վանքը՝ մօտ մի ժամ հեռաւորութեամբ Մարկոսեան հրապարակից, դէպի Լիդօ։ Մխիթարը եւ նորա աշակերտքը տեղափոխուեցան դէպի այդ կղզին, ուր եղած էր յառաջուց մի հիւանդանոց, ուստի յառաջացած էր եւ անունս՝ Սուրբ Լազարոս, Մխիթարեան հոգեւոր կարգի հիմնարկութեան օրին, այսինքն՝ 1717 թուակ. սեպտեմբերի 8-ին։ Այստեղ Մխիթարը հիմնարկեց մի նոր եկեղեցի եւ մի նոր վանք, որ կայ եւ մինչեւ այսօր։ Պատմում են, թէ Մխիթարը մի գեղեցիկ կերպարանքով մարդ էր՝ հեզ ու խաղաղ հոգով։ Բայց այս նորա հեզութիւնը եւ խաղաղասիրութիւնը առիթ է եղել, որ Հայաստանի աբեղայքը մականուանել են նորան «լաւ չէ». պատճառ, Մխիթարը, տեսանելով մի անպատեհ բան, սովոր էր ստէպ կրկնել՝ լաւ չէ, լաւ չէ։

Մխիթարի գեղեցիկ յատկութեններից մինն էր նորա համբերութիւնը, այլեւ հաստատութիւնը իւր կամքի վերայ. արդարեւ այնպիսի յատկութիւնք, որ հեշտ ճարեցին նորա համար բոլոր բարեացակամների սէրը եւ յարգութիւնը։ Եւ այսպէս թափուեցան նորա մօտ ամենայն կողմից առատաձեռն պարգեւներ, եւ Վենետիկեան Ծերակոյտը շնորհեց միաբանութեանը ամենայն կարելի թեթեւութիւնք։ Այսպէս միայն հնարաւոր եղաւ Մխիթարին վաստակել այն անսովոր մեծ վաստակը, որ արդարեւ վաստակել է նա։ Բայց մեր խոհական եւ մտածող Հայ սրտի համար ո՛րքան պիտոյ է ծանրանայ այս պատմութեան տրտում խորհուրդը, այդ անցքի իմաստասիրական եզրակացութիւնը մեր ներկայի համար։ Մխիթարը եւ Հայկական ուսումը, չգտանելով ոտքի ու կայքի տեղ իւր հայրենական հողի վերայ եւ ազգի մէջ, պիտոյ է մուրացկանի պէս օտար աշխարհ գնային, օտարի հողի վերայ, օտարի հացով ու ողորմութեամբ լուսաւորութեան ճանապարհ բանային Հայոց ազգի համար։

Այսպէս ահա կատարուեցաւ Մխիթարեան միաբանութեան հիմնարկութիւնը։ Այդ միաբանութիւնը սկզբումը ունէր ստուգապէս այն խորհուրդը, որ վերակենցաղէ Հայկական դպրութիւնը։ Բայց այս առաջարկութենով Մխիթարը չէր կարող բաղխել Վենետիկեան կառավարութեան եւ Պապի մարդասիրութեան դուռերը։ Այս տեղերում ցոյց է տալիս նա որպէս միակ խորհուրդ իւր միաբանութեանը մշակել Հայոց լեզուն եւ այս մշակագործութեամբ տարածել Հայոց ազգի մէջ պապական ուղղափառութիւնը։ Ե՛ւ Պապը, ե՛ւ Վենետիկեան կառավարութիւնը նայում են այս միաբանութեան վերայ որպէս մի Պապականութեան գործիքի վերայ։

Եւ այս էր պատճառը, որ Վատիկանը արթնապէս հսկում է եւ աչք է պահում այս միաբանութեան վերայ, եւ մի քանի բամբասողների խօսքը հերիք պատճառ է լինում Պապին, կասկած տանելով Մխիթարի պապականութեան վերայ, Հռովմ գանչել նորան՝ արդարանալու համար։ Եւ այն Կարնեցին Խաչատուր վարդապետը, որ յառաջ հրաժարուել էր Մխիթարից, որպէս բուն հայկական վարդապետից, այժմ պաշտպանողական եւ բարեխօսական նամակներ է հասուցանում Հռովմ Մխիթարի օգտի համար։ Մխիթարը, ցաւելի Մխիթարը, ամենայն կարեկցութեան արժանի Մխիթարը, այսպիսի հանգամանքների մէջ չէր կարող այլ լուսաւորութիւն տալ Հայերին, քան թէ Պապականը, որովհետեւ Պապականութեան ուսերի վերայ միայն կարող էր նա գործ կատարել. եւ ինչպէս ծառը, այնպէս եւ պտուղքը։

Աշխարհի երեսին մի մարդու մտադրութիւն, պատահելով տեսակ տեսակ հանգամանքների, կարող է եւ տեսակ տեսակ ուղղութիւնք ստանալ։ Մեք չենք կարող համաձայնիլ այն մարդերի հետ, որ ասում էին, թէ Մխիթարը, իւր սրտի մէջ յղանալով կազմել մի ընկերութիւն, մտածած լինէր, թէ այդ ընկերութեան խորհուրդը լինելու է Հայոց ազգին Պապականութիւն քարոզել, Հռովմէական եկեղեցուց դուրս գտանուած Հայերը հերետիկոս, հերձուածող եւ փրկութիւն չգտանելոց ճանաչել։ Չենք կարող թոյլ տալ, որ նա երազում եւս տեսած լինէր, թէ պիտոյ է գայ մի օր, երբ նորա միաբանութեան գլխաւորը կամ, աւելի ուղիղ, իւր յաջորդը թղթերով ու երդումներով նզովէր իւր բուն Հայկական եկեղեցին եւ այդ ճանապարհով շահէր Պապի սիրտը, երբ նորա միաբանութեան անդամները աշխարհին հրատարակէին, թէ «Պապին համար գրիչը ձեռքը կացած է, Պապին համար է ապրում եւ այլն եւ այլն» * Մեք հաւատացած ենք, որ Մխիթարի սիրտը մաքուր է եղած, որ նա, ընկնելով Պապականութեան հողի վերայ, հարկադրուել է սկզբումը Պապական ձեւանալ։ Նորա մեղքը չէ, որ նորա միաբանութիւնը նորանից յետոյ, նախապատիւ համարելով այս ձեւաւորութիւնը, քան թէ իւրեանց Հիմնադրի բուն խորհուրդը, դարձել են Պապականութեան մշակողներ կամ, լաւ եւս ասել, արծաթագին ստրուկներ, իւրեանց ազգի մատնիչք եւ պարսաւիչք կրօնական կողմից Իտալական պարսաւագրքերով։ Բայց, միտ դնելով ներգործող պատճառներին, Մխիթարեան ընկերութեան նոյնիսկ սկզբնական պայմաններին պապական հովանաւորութեան տակ, միտ դնելով, այո, եւ մարդերի անձնապահպանութեանը, երբէք զարմանում չենք, որ գործերի ծուռ ու սխալ ընթացքը հասուցել է եւ մի վնասակար նպատակի։ Բայց այդ վնասակար նպատակը, այդ տտիպ պտուղները, որ բերել է շատ մասներով Մխիթարեան միաբանութեան գործականութիւնը, ծածկած ու դրած էին նոյն իսկ սերմերի, նոյն իսկ հիմնարկութեան պայմանների մէջ եւ յառաջ ու յետոյ պիտոյ է մի օր աճէին, կերպարանք առնուին եւ դուրս երեւէին այնպէս, ինչպէս որ տեսուեցան։ Աշխարհի կարգը այդպէս է, այսինքն՝ բանական կարգ է. միայն պիտոյ է հասկանալ նորան։ Մեղաւոր չէ ո՛չ Մխիթարը եւ ո՛չ նորա յաջորդքը, այլ միայն արժանի մեր խորին ցաւակցութեանը։ Մեղաւորը եւ շատ մեղաւորը, եթէ կը ներեն Հայք մեր համարձակութեանը, ինքեանք են, որ չգիտեն եւ չկամին հասկանալ, թէ հայը, օտարի թեւերի տակ գործ կատարելով, օտարի հացը ուտելով, միշտ պիտի օտարին գովէ, օտարի օգուտը պաշտէ եւ իւր ազգից հեռանայ ու օտարանայ, այլեւ վնասակար լինի նորան։ Այսպէս է մարդկութեան կարգը՝ կա՛մ իւր ազգի թեւերի տակ, կա՛մ օտարի թեւերի տակ եւ դորա բոլոր վնասակար հետեւանքներով միասին. Tertium non datur.

Մխիթարեան միաբանութիւնը երբեմն բաղկացած է մօտ իբր 60 անդամից, որոնց թիւը նուազած է այժմ, եթէ առնունք միմիայն Վենետիկեան Ս. Լազարու միաբանութիւնը, որովհետեւ Վիեննայումը եւս գտանւում են Մխիթարեանք, որ կազմում են այժմ առանձին միաբանութիւն։

Մխիթարը աւարտեց ու կնքեց իւր բազմաշխատ կեանքը աշխարհի վերայ ապրիլի 16-ին՝ 1749 թուակ., 74 տարօք։ Նորա մարմինը թաղուած է Ս. Լազարու վանքի եկեղեցու մէջ։ Մխիթարը արեց, ինչ որ կարողացաւ եւ ինչպէս միայն հնար էր նորան։ Բայց նորա պարծանքը ուրանալ, որովհետեւ այլապէս կարողացած չէր, ոչ ով չունի իրաւունք։ Նա Հայկական դպրութեանը եւ լուսաւորութեանը զոհեց իւր հանգստութիւնը, իւր անձը մատնեց հազարաւոր նեղութիւնների, բամբասանքի եւ հալածանքի, չխնայեց մինչեւ անգամ իւր հայրենի կրօնը, որի մէջ ծնել ու մեծացել էր։ Այս բոլոր զոհաբերութիւնքը յանձն է առել Հայկական դպրութեան համար։Թ՛ղ նորա բամբասողքը առաւել լաւ գործ կատարեն, թո՛ղ խրատ քաղելով նորա արածների հետեւանքներից՝ հաստատեն իւրեանց մէջ մի հարազատ լուսաւորութեան կենտրոն, թո՛ղ մի անսխալ հիմքի վերայ մի առողջ գործ հիմնարկեն եւ յառաջ տանեն նորան միաբան զօրութեամբ, որպէս արժան էր Լուսաւորչի լուսազգեստ լինելոց որդիներին, եթէ վերջապէս հասկացած էին, թէ անօգուտ, այլեւ վնասակար էր Մխիթարեանց պղտոր պապական լուսաւորութիւնը։

Այստեղ պատշաճ ենք համարում հրատարակել մի նամակ՝ «Տեղեկութիւն ի վերայ Մխիթարեանց բնակելոց ի Վենետիկ», թէեւ այդ նամակը իւր լեզուի հնութեամբը չէր կարող տեղ գտանել Հիւսիսափայլի մէջ, թէեւ մեծ մասով կրկնութիւն էր մի քանի բաների, որ մինչեւ այժմ ասած էինք, այնուամենայնիւ անխորհուրդ չէր դորա հրատարակութիւնը, եւ թո՛ղ մեր սիրելի ընթերցողքը ուշադրութեամբ կարդան եւ դատաստան կատարեն։

«ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ ԲՆԱԿԵԼՈՑ Ի ՎԵՆԵՏԻԿ»

 

«Կառուցանող միաբանութեանս եղեւ նա ինքն Մխիթար Աբբայ, որ էր Սեբաստացի, սնեալ ’ի մէջ նոյն իսկ ազգին Հայոց եւ կրօնաւորեալ ըստ Հայոց ’ի վանս Սուրբ Նշան կոչեցեալ, յորում բնակէին վանականք Հայոց։ Յորում ժամանակի վիճակ կրօնին Հայոց յերիս բաժանէր, որպէս եւ յայսմ ժամանակի, այսինքն՝ սակաւաթիւ ոմանք բուն ուղղափառք, թէպէտ այժմ շնորհիւ տեառն բազմաթիւ երեւին։ Իսկ երկրորդ մասն, որ կազմէր զբաժանեալսն յուղղափառաց, էր գրեթէ բովանդակ ազգն Հայոց, որոյ մի մասն, զոր եւ երկրորդ կոչեմք, որ առաւել յաշխարհականս գտանէր, էին բարեմիտք, չունէին ինչ հակառակութիւն ընդ ուղղափառս, բայց առաւել ընտրէին մնալ միաբան ընդ ազգին, քան բաժանիլ ’ի նմանէ. որք եւ ազգասիրութիւն առդնէին եւ անհակառակ բարս ունիլ, ուստի եւ հաղորդէին յԱստուածայինս ընդ բուն իսկ չարափառս, առանց ինչ բանս զմտաւ ածելոյ, ընդհանուր նախապաշարմամբ եւ կամակոր թմրութեամբ ազգին զգածեալ գոլով։

Ահա յայս երկրորդ վիճակի եղելոց Հայոց ծնաւ Մխիթար աբբայ, եւ ’ի մանկութեան սնաւ առ ոտս երկուց կուսանաց, որք ունէին համարումն ’ի նոյն ժողովրդեան սրբակեցիկ վարուց եւ առաքինի անձանց, զորոյ յիշատակն ունիմք ’ի վարս նոյն իսկ Մխիթարայ աբբայի տպեալ ’ի Վենետիկ ’ի նոյն իսկ ’ի միաբանութենէ քաղեալ յընդարձակ պատմութենէ վարուց նորա, որ պահի ’ի նոյն վանս շարադրեալ ’ի Հ. Մատթէոս վարդապետէ Եւդոկիացւոյ ձեռնասուն յաշակերտէ նորա։ Սա ինքն Մխիթար աբբայ ’ի տիս մանկութեան յետ ամաց ինչ, որպէս ասացաք, մտեալ ’ի նոյն վանս Սուրբ Նշանի որ ’ի Սեբաստիա, յառաջնորդէ տեղւոյն ձեռնադրեցաւ սարկաւագ յետ ընդունելոյ զայլ աստիճանս, եւ ապա քահանայ, յետոյ վարդապետ եղեւ ըստ սովորութեան Հայոց ազգին ’ի Մարգար վարդապետէ եւ յարքեպիսկոպոսէ, որպէս պատմի ’ի նոյն վարս եւ այլն։ Յորում եւ պատմին ամենայն անցք, որք անցին ընդ նմա, այսինքն թէ որպէս յառաջացաւ յուսմունս գրոց եւ թէ զինչ տեղեկութիւն ընկալաւ ’ի գրոց վասն ճշմարիտ հաւատոյ եւ ուղիղ դաւանութեան, եւ թէ զիարդ շըրջեցաւ ’ի քարոզութիւն ’ի մէջ Հայոց, ’ի վանս եւ յեկեղեցիս նոցա հանապազորդելով իբր զմի ’ի վարդապետաց նոցա. եւ յետ բազում դիպուածոց ո՛րպէս եկն ’ի միտս ժողովել զաշակերտս եւ ուսուցանել նոցա զուղղափառութիւն եւ զայլ ուսմունս, զի զնոյն յառաջ վարեսցեն զկնի նորա, միայն գիտեալ զօգուտ ազգին։

Եւ եկեալ ’ի Կոստանդնուպօլիս յետ բազում քարոզութեանց յեկեղեցւոջ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ ’ի Ղալաթիա, եւ հալածանաց, որպէս պատմի ’ի վարս նորա, եւ յետ բազում ծանօթութեանց զոր ստացաւ առաջոյ եւ զկնի ’ի վերայ Եւրոպեան ազգաց եւ գահին Հռովմայ եւ կարգաց կրօնաւորաց ’ի միտս եկն ընդ հովանաւորութեան Եւրոպեան Տէրութեանց կառուցանել զկրօն, որով մտօք եւ միանգամայն փոխուցեալ եւս ’ի ձեռաց Պատրիարգին Հայոց հուսկ ուրեմն գնաց ’ի Մօռա, որ էր յայնժամ ընդ իշխանութեամբ Վենետիկեան հասարակապետութեան. եւ կառավար տեղւոյն, առ ’ի ծաղկեցուցանել զայն տեղի այլեւայլ ազգօք եւ բնակչօք ետ նմա տեղի բնակութեան եկեղեցի եւ այլ եւ այլն։

Ապա Մխիթար աբբայ առաքեալ զոմանս յաշակերտաց իւրոց ’ի Հռովմ առ սրբազան Պապն Կղեմէս XI, ընկալաւ ’ի նմանէ բերանացի հաստատութիւն իւրումն կրօնի, անուն տուեալ նմա Անտօնի աբբայն ընդ կանոնօք սրբոյն Բենեդիկտոսի աբբայի։ Եւ ապա անցեալ ’ի Վենետիկ եւ շինեալ զվանս Սրբոյն Ղազարու բնակեցաւ անդ, ուր եւ վախճանեցաւ իսկ։ Եւ ահա մինչեւ ցայսօր անդ բնակին աշակերտքն նորա, թո՛ղ եւ զայլ վանատունս նոցա աստ եւ անդ։ Արդ, որպէս նոյն ինքն Մխիթար աբբայ, նոյնպէս եւ իւր ձեռնասուն աշակերտք, մանաւանդ առաջինքն, էին ’ի հերձուածողաց անտի, որք ծանօթացեալք ճշմարտութեան, ’ի բաց կացին ’ի Հայոց եւ միաբանեցան յայս գործ. եւ սակայն գոլով ’ի նոյն զանգուածոյ եւ ոգի ազգասիրութեան որ էր բնական ’ի նոսա, եւ տուրք հայրենեաց եւ միանգամայն ստիպող չքաւորութիւն նոցա ’ի սկզբան անդ, առիթ եղեւ փօլիթիքայի նոյն իսկ Մխիթարայ աբբայ հօր եւ հետեւողաց նորա. իբր զի ’ի կառուցանել անդ թէ զկրօնն եւ թէ զվանս, գոլով ամենեւին աղքատ իւրովքն հանդերձ պէտս ունէր նպաստից, եւ առ այս ոչ ոք այնպէս կարող էր օգնել ուղղափառ եղելոց այնր ժամանակի, որպէս ազգն Հայոց որք յօժարամիտ էին ոգւով ազգասիրութեան եւ իւրեանց բնական ձգմամբն ’ի շինութիւն վանաց եւ ազգային տեղւոյ որպէս եւ յայսմ ժամանակի եւս նոյն ոգի երեւի ’ի նոսա ’ի նոյնպիսի դիպուածս, իսկ յայլ իրս ամենեւին տարտամ։ Ուստի Մխիթար աբբայ յիւրոց աշակերտաց, որոց ոմանք էին բուն իսկ վարդապետք Հայոց, իբր նուիրակ հանելով աստ եւ անդ որպէս եւ զկնի նորա, եւ թղթովք օրհնութեանց առաքելով առ մեծամեծս ’ի նոցանէ, եւ առաւել եւս ’ի հեռաւոր վայրս, գուցէ յակնածութենէ եւս Քօլլեճեանց, ժողովեաց ’ի նոցանէ արդիւնս, որով կարող եղեւ յառաջ վարել զսկսեալ գործն եւ կատարել։ Բնաւորութիւնք Մխիթարայ աբբայ հօր, բաց յայլոց մեծամեծ ձրից, զոր յանձին բարձեալ բերէր, էր երեւելի փօլիթիքա, որով ամենեւին զգոյշ կայր յարտաքինս, մինչեւ թողեալ զտօնս եւ զաւուրս ազգին Հայոց եւ տօնել ընդ Եւրոպացոց զոր նոքա տօնէին, եւ ասել զժամ յեկեղեցւոջ ըստ կրօնի եւ ըստ ծեսի նոցա եւ ’ի գործ ածել զժամագիրս նոցա թարգմանաբար եւ այլն։ Զնոյն ճանապարհ կալաւ եւ ’ի շարադրութիւնս լեզուին Հայոց, ունելով զայն ոճ Եւրոպացի առ ’ի շահել զամենեսին, զի մի ոք հայասէր դիցէ, եւ այս էր արդեօք կեղծաւորութիւն. եւ ’ի տեսանել զոմանս յաշակերտաց իւրոց, զի զբնաւոր կիրս իւրեանց ցուցանէին թէ յաղագս ազգային նմանողութեան եւ ծիսից եւ թէ հայկաբանութեան, ընդդէմ դնէր եւ ոչ թոյլ տայր ասելով, դեռեւս չէր դիպող ժամ եւ ժամանակ. եկեսցեն աւուրք, յորս առ սակաւ սակաւ կարասջիք ընտելացուցանել զհակառակորդս եւ այնպէս մուծանել զայնոսիկ ’ի ներքս։ Բայց ’ի վերայ այսր ամենայնի այս ամենայն զգոյշ փօլիթիքայք ոչինչ կարացին ծածկել ’ի յերեւան գալ այժմ միաբանութեան, զի իբրեւ ձորձ ինչ պատառոտուն ընդ որով մերկութիւն մարմնոյն երեւի, ’ի ծածկել զմին յանդամոց, միւս այլ ակներեւ յանդիմանի. վասն այսորիկ եւ ծագեցան անդէն եւ անդ այնչափ կռիւ եւ հակառակութիւն եւ վէճ ’ի մէջ Մխիթարեանց եւ Քօլլեճեանց, որ ոչ ունէին զայս փօլիթիքա. մինչեւ յետ բազում բանից եւ թղթոց կոչեցաւ Մխիթար աբբայ հայր ’ի Հռովմ տալ պատասխանի, յորում Մխիթար աբբայ իւրով փօլիթիքական հնարիւք ծածկելով զիւրն փօլիթիքա, եւ զիւր ուղղափառ դաւանութիւնն առաջի դնելով, յինքն յանկոյց զՀռովմ. բայց ո՛չ կամեցաւ ունիլ տեղի ’ի Հռովմ, զի մի պարտաւորեսցի ’ի բաց կալ ’ի փօլիթիքայէն, զոր յինքն կրէր իւրովքն հանդերձ, որպէս եւ մինչ ցյետին ժամանակս նովին մտօք հեռի կային ’ի Հռովմայ. եւ հուսկ ուրեմն առ ’ի ճողոպրել զանձինս ’ի ձեռաց Քօլլեճեանց ’ի յերեւան գալ Վահան հաւատոյ գրոյ Հ. Միքայէլի Չամչեանց եւ այլն, որոշեցին ստանալ տեղի ’ի Հռովմ առ ’ի ջատագովել եւ պաշտպանել զմիաբանութիւն իւրեանց եւ ստանալ բարեկամս ’ի Հռովմ եւ այլն։

Ի վախճանի Մխիթարայ աբբայ հօր յաջորդեաց նմա Ստեփանոս առաջին աբբայ յաշակերտաց նորա, որ եւ առաւել ջատագով երեւէր Հայոց։ Ի ժամանակի սորա յառաջիկայից գտաւ Հ. Միքայէլ Չամչեան, որ եւ ’ի բազում ժամանակս շրջեալ ’ի քարոզութիւն ’ի հեռաւոր երկիրս գնաց մինչեւ ’ի Պաղտատ, եւ սա եւս օժտեալ գոլով փօլիթիքական ձրիւք, ’ի գործ ած զայն յամենայն տեղիս եւ ’ի Հայոց ստացաւ բազում բարեկամս. եւ բանք նորա եղեն միշտ համաձայն ’ի բարեհաճել զմին եւ զմիւսն եւ կամակից գտան նմա եւ երեւելիք ’ի վանաց, եւ առ սակաւ սակաւ ամենեքին եւ զիւր ձեռնասուն աշակերտս վարժեաց ’ի նոյն եղանակ, որոց գլխաւորն եւ իբրեւ իւր երկրորդ եղեւ Հ. Մկրտիչ Աւգերեան ջատագով նմա հանդերձ ընկերօք իւրով։ Եւ ահա առաւել քան զամենեսին գիրք սոցա եւ արձակ համարձակ ջատագովութիւն նոցա զազգէն Հայոց եղեւ քար գայթակղութեան նոյն կրօնի։ Եւ հոգի Վենետիկեան վանաց երեւի յայտ յանդիման ’ի (Դեսերդացիօնէ) գրոց Սեղբոսեան Յովհաննէս աղայի, եւ ’ի Վահան հաւատոյ գրոց եւ ’ի յընդարձակ Աստուածաբանութենէ Հ. Մկրտչի աբբայի եղեւ գժտութիւն եւ հակառակութիւն ’ի մէջ Մխիթարեանց Վենետիկեցւոց եւ Քօլլեճեանց վասն սոցին իրաց, պատճառն էր նոյն իսկ հոմաձայն փօլիթիքա նոցա, որք ոչ յայտ յանդիման ցուցանել կարէին յերկիւղէ նոցա եւ ոչ ’ի բաց վտարել զայն, ազգասիրութիւն առդնելով եւ յօգուտ ազգային։ Իբրեւ վախճանեցաւ առաջին Ստեփանոս աբբայ, յաջորդեաց նման երկրորդ Ստեփանոս աբբայ, որ եւ ապա ձեռնադրեցաւ եպիսկոպոս. ’ի ժամանակի սորա առաւել գժտութիւն, հակառակութիւն եւ վիճաբանութիւն ’ի մէջ Մխիթարեան Վենետիկեցւոց եւ Քօլլեճեանց յոյժ յոյժ, եւ յերկուս ճեղքեցան ուղղափառք. մանաւանդ թէ եւ յերիս եւ ’ի չորս, մանաւանդ ’ի ժամանակի անկելոյ Վահան հաւատոյ գրոց Հ. Միքայէլի Չամչեանց ’ի ձեռս Քօլլեճեանց. եւ սակայն միաբանութիւնն ջատագով գտաւ Հ. Միքայէլի, եւ հնարիւք իմն ազատեաց զնա։ Ի նմին ժամանակի առաքեցաւ ’ի վանաց եւ «Սեղան խնկոց» կոչեցեալ գիրք Հ. Միքայէլի Չամչեանց ’ի տիպ արձանացեալ, յորում եւ գտան եւ բազում բանք հոմաձայնք, չասացից թէ եւ Հայաձայնք եւ աղմկեցուցիչք, որ յետս առաքեցաւ, նշանակեալ եւ զտեղիս ’ի սրբագրել եւ այնպէս առաքել. եւ հարկիւ հաւանեալ էին այնմ մասնաւորապէս Հ. Մկրտիչ Աւգերեան եւ Հ. Իգնատիոս Փափազեան եւ այլն եւ այլն։

Յայսմ խռովութեան, մինչդեռ վարէին զդատ իւրեանց ’ի Հռովմ, եւ ’ի կողմանէ Մխիթարեանց Վենետիկեցւոց Հ. Մկրտիչ Աւգերեան տայր պատասխանի ամենայն խնդրոց, միաբանութեամբ Պօղոս աղայի Սեբաստեան գրէր առ Կոստանդի՛՛ (գուցէ ’ի Կոստանդնուպօլիս) առ իւրայինս, հնարել հնարս եւ առնուլ ’ի ձեռաց Հայոց եղանակ ինչ ուղիղ դաւանութեան զոր կարասցեն եւ ’ի տիպ արձանացուցանել, որով ազատեսցի վահան հաւատոյ եւ այլն։ Եւ Հ. Ղուկաս Ինճիճեան միաբանութեամբ Տիւզեանց գրգռեաց զՊատրիարգն Հայոց վրէժխնդիր լինել այնմ եւ խնդրել զոմանս յԱստուածաբանից Քօլլեճեանց ’ի վիճաբանել եւ գտանել հնարս միաբանութեան առ ’ի յաղթող երեւիլ Մխիթարեանց, եւ որպէս զի արդարասցի ’ի վախճանի Հ. Միքայէլ Չամչեանց, որով եւ բոլոր միաբանութիւնն։ Եւ ’ի ժողովի միում ասաց Հ. Ղուկաս Ինճիճեան, «ես ունիմ ’ի գլուխ տանել զմիաբանութիւն ընդ Հայոց», եւ ջանաց ամենայն հնարիւք յառաջ վարել զայն ցայն աստիճան, մինչեւ յանձն էառ անցանել ’ի կողմն Հայոց, սատարութեամբ մեծամեծաց, միաբանիլ ընդ նոսա. եւ վասն այսորիկ գրեաց ’ի բերանոյ նոցա եւ ’ի վանս զի յանձն առցեն. եւ թէ նեղիցին ’ի Հռովմայ վասն այսորիկ, ’ի բաց լքցեն եւ զվանս որ ’ի Վենետիկ, եւ յԱնգղիա փոխադրեսցեն կամ այլուր զիւրեանց բնակութիւն, եւ ’ի Կոստանդնուպօլսոյ վճարեսցուք ամենայն ծախք։

Այլ ’ի սաստկանալ վիճի եւ դատի ’ի մէջ Մխիթարեանց Վենետիկեցւոց եւ Քօլլեճեանց ’ի Հռովմ եւ ’ի Կոստանդնուպօլիս վասն այսորիկ իրաց, Մխիթարեանք գտին հնարս, վասն որոյ եւ թեթեւացան ոչ սակաւ, որով եւ յայլ կերպարան շրջեցան իրք։ Սակայն գիտել արժանի է, թէ յայս ամենայն գործ գլխաւորքն ’ի բանս եւ ’ի խորհուրդս էին նախ Հ. Ղուկաս Ինճիճեան որ էր յայնժամ մեծաւոր եւ խոստովանահայր տանն Տիւզեանց եւ երեւելի մեծամեծաց աբբայեան ժողովրդոց, եւ ապա Հ. Եղիա եւ Հ. Փիլիպպոս եւ այլքն. եւ ոչ թէ այն անձինք, որ յետոյ առ հարկի ստիպեալ ’ի բռնութենէ տէրութեան եւ պատրիարգին, որ յառաջագոյն գիտակն էր այն ամենայն վերոյասացեալ Ինճիճեան խորհրդոց, չոքան ’ի Ենի-խափու, խաբեալ ’ի բանից Յովհաննէս աղայի Երեմեան, թէ Մօնսինեօր հրաման ետ երթալոյ, երբ նա ինքն առաքեցաւ ’ի նոցանէ առ Մօնսինեօր Քորեսսի հարցանել զնա վասն այսորիկ։ Եւ յերկրորդում նուագի չոքան պարտաւորեալք ’ի բանից Մաթոս աղայի Ալլահվերտեան, որ յայնմ ժամանակի գլխաւոր ծանօթն էր տէրութեան եւ խորհրդոց նորա, այսու ճանապարհաւ կամեցաւ զերծուցանել զուղղափառս ’ի վտանգէ մահու։ Այլ այս յետին դիպուած, որ եղեւ ընդ Հայս, գրեաց երկրորդ Ստեփանոս աբբա Գիւվեր Ագոնց եւ եպիսկոպոս առ իւր կրօնակիցս, թէ բարւոք է արարք ձեր. բայց յանցանք ձեր է սակաւաթիւ լինելն ձեր, բազմացուցէք զթիւն. եւ ուրախ էին ’ի վանս ընդ այս դիպուած, որպէս եւ պատանի ոմն նորընծայ եկեալ ’ի վանացն վկայեաց այսմ. Հ. Էմմաննուէլ Ջախջախեան գրէր ’ի Հռովմայ, թէ առաքելական է գործք մեր, որպէս եւ Հ. Մատաթիա գրեաց յորդորանս ’ի Հռովմայ։ Սոյնպէս եւ Հ. Ղուկաս Ինճիճեան ’ի բնակիլն յՕրթա-գիւղ եւ ’ի լսելն եւ’ի տեսանելն զնոսա ամենեւին հաւանեցոյց զանձն, թո՛ղ զՀ. Միքայէլ Չամչեան, որպէս եւ այլք։ Բայց յերկիւղէ Քօլլեճեանց զգուշանային եւ բովանդակքն կեղծաւորէին եւ այլն։

Նովին կեղծաորութեամբ ընդդէմ վարդապետութեանց իւրեանց զկրօնակիցս իւրեանց ունիթօռս եւ հերետիկոսս կոչեցին առ ’ի զերծուցանել զանձինս իւրեանց եւ ’ի ծածկել զկեղծ արարս իւրեանց եւ որպէս թէ նոքին իսկ չէին գլխաւոր ջատագովք Հայոց, եւ ’ի վանս իւրենաց ոչ անդադար խօսէին եւ խորհէին եւ գործէին առ ’ի ճարել զարդարացումն Հայոց, եւ իբր թէ ոչ կրթէին զմանկունս իւրեանց նովին տոգորմամբ, որով եւ կրթեալքն ’ի նոցանէ զնոյն շաւիղ կալան եւ նովին մտօք զուսումն իւրեանց ուսեալք ’ի նոցանէ ’ի գործ արկին պարզ մտօք եւ առանց փօլիթիքայի։

Զի թէ ճշմարիտ էր վարդապետութիւն իւրեանց, պարտական էին ջատագովել եւ զընկերակիցս իւրեանց եւ թէ սուտ կամ մոլար եւ կամ գայթակղական, ’ի բաց պարտ էին վտարել յուսմանէ իւրեանց զայնպիսի գայթ վարդապետութիւն, եւ չլինէին պատճառ չարեաց, եւ ոչ եւս պարտ էին կրթել այնուհետեւ զմանկունս ’ի դեռափթիթ հասակէ անտի լցուցանելով զմիտս նոցա այնու պաշարմամբ, եւ ոչ իսկ պարտ էին դրոշմել ’ի գիրս իւրեանց զեղանակաւոր ասացուածս կուսակցութեան Հայոց, եւ ոչ եւս պղտոր ջուր արբուցանել հետեւողաց իւրեանց, ուստի եւ պարտական էին բացարձակ ’ի բաց տանել զամենայն խոչ եւ խութ եւ մի ’ի լաբիւրինթոսի շրջիլ, ոչ գտանելով զելս, որոյ վասն եւ միշտ զկեղծաւորութիւն յանձին բերէին զինաւորելով երկսայրի զինուք առ ’ի գործ ածել երբեմն յաջ եւ երբեմն յահեակ, միայն դիտելով զօգուտ անձանց իւրեանց, կեղծաւորութիւն յար եւ նման վարդապետաց Հայոց, յորոց եւ փոխանցեցաւ ’ի նոսա ’ի սկզբանէ հետէ։

Ուստի՞ յառաջ գայր եւ զի՞նչ փօլիթիքա էր Մխիթարեանց Վենետիկեցւոց, արդեօք յԵւրոպա գոլով ոչ ուսուցանել իւրայնոց զլեզու Եւրոպացի առ ’ի համարձակ վարիլ ընդ որոց արժանն էր եւ պիտոյ, թէեւ այնչափ ինչ խնդրեցաւ ’ի վանաց ’ի գալ հարկին, եւ ո՛չ լսելի եղեւ բացարձակ։ Էր, էր եւ արտաքին եւ բանաւոր պատճառ, որպէս այն թէ, զի մի հայկաբանութիւնն խանգարեսցի, զի մի լեզուագիտութեամբ բարեկամս ստասցին յաշխարհականաց, եւ գուցէ թէ սանձարձակ գտանիցին եւ այլն։ Բայց ներքին պատճառն եւ բուն վանական փօլիթիքայն ’ի սկզբանէ հետէ էր ազգասէր լինել եւ ջատագով Հայոց, եւ որպէս զի մի ունիցին գրիչ ’ի ձեռին, գրել անձամբ առ անձին եւ զեկուցանել առ որ պարտն էր, այլ ամենայն ինչ ’ի գլխաւոր նոցին ամփոփեսցի եւ այլն։

Ի վախճանի բանիս յայտնի իմն է ամենեցուն քօնթրասքօլայութիւն Վենետիկեան Մխիթարեանց ընդ Քօլլեճեանս, եւ սակայն այս ո՛չ հայի առ խնդիր ինչ եւ կամ հետեւողութիւն հեղինակի յԱստուածաբանական եւ ’ի փիլիսոփայական վիճմունս, այլ միայն առ Հայոց ջատագովութիւն եւ այս այնու օրինակաւ, որ ընդդէմ ելանէ միշտ կրթութեան եւ դիտաւորութեան Հռովմէական սուրբ ժողովոյն տարածման հաւատոյ, ուստի որչափ եւ այսպիսի դիպուածս եղեւ հետեւողութիւն Վենետիկեան Մխիթարեանց, նա միշտ զհակառակն ուսոյց եւ զընդդէմն պարտաւորեաց ուսուցանել, որպէս եւ յայտնի եղեւ։

Յայսմ ամենայն բանիցս ասացելոց զհետ գայ, թէ պարտ է դարման առնել այսմ, կամ անձամբ անձին բարձցեն բոլորովին եւ բնաջինջ արասցեն յիւրեանց զայս գայթակղական եւ վնասակար փօլիթիքա, եւ զհակառակն կալցեն ճանապարհ ընդունելի ամենեցուն, եւ կամ թէ չեն բաւական այդմ, առաջարկի ’ի ձէնջ Հռովմէական սուրբ ժողովոյն տարածման հաւատոյ, առ ’ի ըստ իւրումն խոհեմութեան դատել եւ ուղղել։ Ի վերայ այսր ամենայնի ո՛չ ուրանամ զուսումնասիրութիւն իւրեանց եւ մի միայն շինել նոցա զուսումնարան ազգային, որոյ նման ո՛չ ուրէք երեւի յազգի մերում, եւ թէ բազում գիտութեամբ եւ գրոց տպագրութեամբ պայծառացոյց զազգն իւր ’ի բաց առեալ զնիւթս գայթ ’ի գայթ բանից, որ հայի ’ի ջատագովութիւն Հայոց։

Արդ այսու յայտարարութեամբ կամիմ բառնալ յուղղափառ հաւատացելոց զգայթակղութիւն, զոր իմով անխոհեմ նախանձայուզութեամբ օգտելոյ հոգւոց պատճառեցի, վասն որոյ եւ յետս կոչեմ եւ որոշեմ զանձն իմ յայս ամենայն սկզբանց եւ ներքոյ արկանեմ զիս կրթութեան եւ վարդապետութեան սրբոյ Հռովմէական եկեղեցւոյ եւ սրբոյ ժողովոյն տարածման հաւատոյ միանալով հոգւով եւ մտօք ընդ ամենայն յարգելի Քօլլեճեան քահանայից, փափագելով յայտնել զայս իմ դիտաւորութիւն ամենայն հաւատացելոց։

Մեսրովպ վարդապետ Աղաջրախեան.

Թովմա վարդապետ Համալեան.

Սերովբէ վարդապետ Ճեօվահիրճեան.

Թաթէոս վարդապետ Ասկերեան»։

Մէջ բերելով այս աղաւաղ հայկաբանութեամբ գրած նամակը, նամակը, որ գրուած էր Մխիթարեանց թշնամիների ձեռքով, կամէի մի մասնաւոր գաղափար տալ մեր սիրելի ազգին, թէ ի՞նչպէս էր Մխիթարի եւ նորա ընկերութեան յարաբերութիւնը դէպի մեր ազգը կամ դէպի Պապական աթոռը։ Այս նամակը յայտնում է նոյնպէս Կոլլեգիացոց յարաբերութիւնքը, դէպի մեզ, դէպի Մխիթարեանք եւ դէպի Վատիկանը։

Համառօտապէս խօսելով այստեղ Մխիթարի վերայ՝ անցանենք քննել նորա ընկերութիւնը, որ շատ յեղափոխութենների ենթարկուեցաւ մինչեւ մեր օրերը։ Այդ սասանեցուցիչ յեղափոխութիւնքը անտարակոյս պիտոյ է ազդեցութիւն ունենային եւ նոցա հոգու ուղղութեան եւ յարաբերութեան վերայ դէպի մեր ազգը։



* Եւրոպա լրագիր. Վիեննա, 1853, Յունուար. համար