Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե․

Ին՞չ մարդիկ միտք ունիք հրաւիրել, հարց արեց Մանթուխեանցը:

Ահա ցուցակը, պատասխանեց պ. Շաքարեանցը:

Մանթուխեանցը վեր առաւ ցուցակը եւ հարեւանցի նայելով նորա վերայ ասաց, Չէ՞ք հրաւիրելու այն մարդուն, որ նոր եկել է այստեղ եւ որ ամէնուրեք գտանւում է, ինչպէ՜ս է նորա անունը...

Ո՜ր մարդը, կրկնեցին բարեկամքը միաբերան:

Սատանայական մոռացել եմ... ա՜հ... այնպէս է, այնպէս, կոմս էմմանուել...

Որ սիրուն քո՞յր ունի, ասաց պ. Մարկոսը:

Շաքարեանցը աչքերը չորս բացեց սիրուն քուէր անուն լսածի պէս:

Այն նորա քոյրը չէ, շարունակեց Մանթուխեանցը. եթէ այն օրիորդի համար էք ասում, որ միշտ պատահում է նորա տնում. բայց այսքան պիտի իմանալ, որ շատ օրիորդք մուտ եւ ել ունին նորա տան մէջ, եւ այդ օրիորդքը թատրոնախաղ աղջիկներ են մեծ մասնով:

Պ. Մարկոսը, որ, ինչպէս յայտնի է ընթերցողին, մի փոքր յառաջ խօսք էր տուել պ. Շաքարեանցին, ոչինչ հարցախնդիր անտես չառնել, ամենայն կերպ հնար գործ դնել նորա սիրական օրիորդը որոնելու համար, մեծ ախորժանքով լսեց թատրոնական աղջիկների կոմս էմմանուէլի մօտ երթեւեկութիւն ունենալու պատմութիւնը: Նա, ինչպէս համարում էր ինքը իւրեան, որպէս բարակ քաղաքագէտ, մտքումը դրեց անպատճառ ծանօթանալ կոմսի հետ, որպէսզի յետոյ կարողանայ նորա միջնորդութեամբ ծանօթանալ եւ թատրոնական աղջիկների հետ:

Եթէ արժան է, հրաւիրենք նորան եւս, յաւելացրեց պ. Շաքարեանցը, ես ծանօթ չլինելով, չէի նշանակել:

Կը հրաւիրես, ծանօթ կը լինի կ’երթայ, իսկոյն պատասխանեց պ. Մարկոսը:

Ինչ բաներ էք խօսում. ես շատ ուրախ եմ, որ չկայ նորա անունը. եւ եթէ դուք հրաւիրելու միտք ունենայիք, ես անտարակոյս պիտի խորհուրդ տայի ձեզ հրաժարուիլ այդ մտքից , ասաց Մանթուխեանցը:

Ինչո՛ւ համար, եթէ ամենեքեան հրաւիրում են նորան, խօսեց Շաքարեանցը:

Նորա համար... պատասխանեց Մանթուխեանցը, նորա համար, որ նա մի անտանելի մարդ է:

Ինչո՛վ, հարց արեցին բարեկամքը:

Ամենայն բանով... նա խելագա՜ր է... վկա՜յ է Աստուած, խելագար է Հաւատացէք ինձ, մի մարդ չկայ, որին հաւանէր այդ պարոնը, նորա աչքումը ամենեքեան յիմար են, ամենեքեան օբսկուրանտ, ամենեքեան եզուիտ... ի՛նչ ասել է, Աստուած միմիայն կոմս էմմանուէլին է խելացի ստեղծել: Շատ բարի, թէեւ այդպէս չէ, բայց ասենք, թէ խելացի է մի փոքր, բայց բնակուելով անխելների եւ տգէտների հետ, ո՞չ ապաքէն պարտական էր գոնէ՛ պատշաճի ընդդէմ չներգործելով, ինքը եւս անխելանալ եւ յիմարանալ: Առածը ասում է, եթէ մի քաղաքում բնակուող մարդիկը միականի են, դու եւս, մտանելով այդ քաղաքը, պարտական ես մի աչքդ հանել, որ հաւասարուիս ուրիշներին: Բայց կոմս էմմանուէլ ասած մարդդ այնպէս չէ, ամբողջ քաղաքի, ամբողջ ազգի սովորութեններին եւ հասկացողութեանը ընդդէմ պատերազմ է բացում. չէ խնայում ոչ ոքին, ամէնի ճակատին զարկում է. ասացէք այժմ, խելացի՞ մարդու գործ է այդ: Խելացի մարդը յարգում է ուրիշները եւ եթէ մի բարձրաստիճան կամ հարուստ մարդ, որ յարգելի էր հասարակութեան աչքում, ասէ թէ այսօր ամսի քառասուն եւ հինգն է, նա պիտոյ է համաձայնի․ ո՛վ չգիտէ, որ ամսի քառասուն եւ հինգը չէ կարող լինել, բայց մէջտեղում քաղաքավարութիւն կայ. մեր կարծիքով, այսպէս պարտական է ներգործել խելացի մարդը: Կոմս էմմանուէլը ոչ թէ չէ ընթանում այսպէս, այլ իւր տարապայման համարձակախօսութեամբ ազգի պակասութենների վերայ, կամ ազգին յարգելի մարդերի վերայ․ թէեւ վաղուց մեռած էին նոքա, զզուեցուցել է ժողովուրդը այնպէս, որ ոչ ոք չկամի լսել նորա խօսակցութիւնը: Չէ՛, եղբայր, նա մեր ընկեր մարդ չէ, հեռի մնանք այդպիսիներից, որոնք մարդ խայտառակելը շինել են իւրեանց կեանքի եւ գոյութեան խորհուրդ:

Այս խօսքերը սաստիկ տպաւորութիւն գործեցին պ. Մարկոսի վերայ եւ, վշտացնելով նորա անձնասիրութիւնը, որովհետեւ նորան եւս հաւանելու չէր կոմս էմմանուէլը, թշնամական ուղղութիւն տուեցին դէպի սա: Զարմանք բան է. շատ անգամ պատահում է, որ մեզանից իւրաքանչիւրը ստանում է շատ անծանօթ եւ անտես թշնամիք․ ես ոչինչ վնաս հասուցած չեմ Մարկոսին, բայց Կիրակոսը անգործութենից ստիպուելով եւ իմ անձնաւորութիւնը իւր դատարկաբանութեան համար նիւթ շինելով, կամ, աւելի լաւ ասել, կերակուր տալով բամբասանքի եւ նախանձու օձին, որ վաղուց նստել է նորա փորի մէջ, վատաբանում է ինձ: Մարկոսը, որ չէ ճանաչում ինձ, որ չգիտէ իմ գործերը, իմ սիրտը, իմ հոգին եւ ուղղութիւնը, որին մի մազի չափ վնաս չեմ տուել, որի հետ ոչինչ ունիմ հասարակաց, դառնում է իմ թշնամին, ինձ բամբասող եւ վատաբանող: Միթէ՛ կարելի է այս, ո՛չ ապաքէն Մարկոսը եւ Կիրակոսը քրիստոնեայք են: Եւ ինչպէս քրիստոնեայք. ուրբաթի, չորեքշաբաթի, եւ  շաբաթական պահքերը, այլեւ մեծ պահքը պահում են ամբողջ երեկոյ, առաւօտ եկեղեցի են գնում, տարին մի քանի անգամ պատարագ եւ մատաղ են առնում, եւ եթէ տեղը գայ, ես Լուսաւորչական եմ, դա Աւետարանական է, ասելով, պատրաստ են միմեանց գլուխ ջարդել: Բայց չնայելով այս բաների վերայ, Մարկոսը եւ Կիրակոսը չեն խղճահարւում կատարել մի բարոյական սպանութիւն, եւ այս բանը գործւում է, այո՛, քրիստոնէութեան եւ բարեպաշտութեան դիմակների տակ: Քրիստոնէութիւնը, չարաչար գործ դրուած, միշտ պատճառ է եղել անքրիստոնեայ բարբարոսութենների․ քրիստոնէութիւնը, այդպիսի երկնային եւ սուրբ բանը, շատ անպիտան եւ անարժան մարդերի ձեռքում եղել է դաւաճանութեան եւ արիւնահեղութեան գործիք: Շատ ամբարիշտ մարդիկ իւրեանց յանցանքը ծածկել են քրիստոնէութեան վարագոյրի տակ:

Պ. Շաքարեանցը, լսելով Մանթուխեանցի կարծիքը կոմս էմմանուէլի մասին, որպէս թեթեւամիտ մարդ իսկոյն համաձայնելով պատասխանեց. «Եթէ մի այդպիսի մարդ է Կոմս էմմանուէլը, եղբայր, ապա նզովեալ լինի դորա ծնունդը. ինչ հարկաւոր է մեզ հրաւիրել մի այդպիսի գազան մեր ազգասէր եւ եղբայրասէր ընկերութեան մէջ»:

Մի բան ասեմ. մանաւանդ նորան պիտոյ է հրաւիրել, որովհետեւ այդպիսի բնաւորութեան տէր մարդ էր, ջերմ խօսեց պ. Մարկոսը:

Այդ ինչ խորհրդով, հարց արեցին բարեկամքը:

Ո՛ր տեղում կարելի է խայտառակել մի այդպիսի մարդ, եթէ ոչ մի խնջոյքի մէջ, մանաւանդ եթէ այդ խնջոյքի հրաւիրուած անդամքը բոլոր մեր մարդիկ էին, ասաց պ. Մարկոսը:

Ին՛չ մի խայտառակութիւն է. մեր նորան հրաւիրելը արդէն մի մեծ պատիւ էր, որ ցոյց էինք տալիս, շարունակեցին բարեկամքը:

Սխալւո՛ւմ էք. մեք կը հարբեցնենք նորան եւ յետոյ կը ծիծաղենք նորա վերայ: Այդպիսի մարդիկ, որ չխմած ժամանակ այդպիսի թունաւոր լեզու ունին, որ վատ առողջութեան տէր են, հարբելով դառնում են մի թրջած հաւ, եւ այնուհետեւ մեր ձեռքումն էր նա, կարող ենք ամենայն տեսակ լրբութիւն առնել, յառաջ տարաւ իւր խօսքը պ. Մարկոսը:

Գիտե՞ս, որ նա հարբելու էր եւ դու զգաստ մնալու, որ կարողանայիր քո դիտաւորութիւնդ իրագործել, նա մի ջիլ մարդ է, գուցէ քեզանից շատ խմէ, ասաց Մանթուխեանցր:

Եղբա՜յր, դու վշտացնում ես ինձ. նա ինչ մարդ է, որ ինձանից շատ խմէ: Ես մինչեւ այժմ կարծում էի, թէ դու փոքր ի շատէ ճանաչում էիր ինձ, փոքր ի շատէ յարգում էիր ինձ, բայց այժմ հասկացայ, որ ես մազի չափ պատիւ չեմ ունեցել քո մօտ: Միթէ՞ խաղ է, կամ, կատա՞կ է իմ հետ խմել. ես նորան այն օրը ձգեմ, որ շունը ձեռքից հաց չառնու, պատասխանեց  պ. Մարկոսը մի փոքր վիրաւորուած Մանթուխեանցի երկբայութենից, որ ցոյց էր տուել իւր խմելու վերայ, եթէ դուք հրաւիրելը յանձն առնուք, խայտառակելը իմ վիզը, կամի՛ք, դաշն բռնենք մի վեդրօ արաղով:

Դուք ինձանից խորհուրդ հարցրեցիք, ասեց Մանթուխեանցը, ես յայտնեցի ձեզ իմ սրտի վկայութիւնը, որպէս անկեղծ բարեկամ, թէ արժանի էր, որքան կարելի է, հեռի մնալ կոմս էմմանուէլ ասած մարդուց, բայց եթէ ձեր միտքը հրաւիրել է, հրաւիրեւցէք, ինձ մի մասնաւոր վնաս չունի, շատ շատ, միւս օր պիտի մի ոտանաւոր գրէ, կամ իւր յիշատակարանին զոհէ իմ պատուասիրութիւնը, անձնասիրութիւնը, ինչպէս սովոր է, թող ինչ կամի առնէ, գլուխը քարը...

Կորչի գնայ... մեզ հարկաւոր չէ. նորա խունկ ու մոմը պէտք չէ, միայն թէ մեր եկեղեցին թող չգայ: Ես տեսանել չկամիմ մի այդպիսի ինքնահաւան մարդ, որ ողջի վերայ ծիծաղում էր, պատասխանեց Շաքարեանցը:

Եւ ինչպէս էր ծիծաղում, հրապարակով... նզովեալը լեզուն շինել է օձի լեզու, մի աման արիւն գլխին դրած ման է գալիս, սորա կամ նորա վերայ թափելու համար, կցորդեց շուտով Մանթուխեանցը:

Ինչպէս հաճոյ է ձեզ, խաղաղ սրտով ասաց պ. Մարկոսը, ես շատ դիտաւորութիւնք ունէի... Այս խօսքերը ասելու ժամանակ մի այնպիսի հայեացք ձգեց պ. Շաքարեանցի վերայ, որ սա հասկացաւ, թէ պ. Մարկոսի խորհուրդը, ծանօթանալու կոմս էմմանուէլի հետ, է ծանօթանալ նորա սիրուն բարեկամ օրիորդների հետ:

Ես կամէի մեր խնջոյքի մէջ խայտառակել նորան, շարունակեց պ. Մարկոսը, ես այնպիսի բաներ հարցանէի, որ բաց մնար նորա բերանը, զօր օրինակ. «Որ ’ի լերինն այլակերպէալ ցուցեր զքո զօրութիւնդ». ի՛նչ ասել է, թո՛ղ մի մեկնէր ինձ: Նա միանգամայն պիտոյ է խայտառակուէր անպատասխանի մնալով:

Ինչպէս չէ, կպատասխանէ քեզ. եղբայր, նա քո ասած մարդերից չէ եւ ոչ միայն քո ասած, այլ նա մարդ չէ ընդհանրապէս: Դու կարծում ես, թէ նա կը խոսէ՞ քո հետ, երեսը շուրջ կը տայ եւ կը հեռանայ, մանաւանդ եթէ մի այդպիսի խնդիր առաջարկես. թող այդ խնդիրը լինէր խելացի եւ լօգիկական, բայց այդ բոլորը անուանելու է խելագարութիւն եւ յիմարութիւն: Ես, որ խօսում եմ այս բաները, փորձով գիտեմ: Մի անգամ բնական գիտութենից մի բան հարցրեցի, թէեւ քաջ գիտէի, որ չգիտէր նա այդ բանը եւ գիտել եւս չէր կարող, որովհետեւ ոչ մի դպրոցի մէջ չեն ուսուցանում, բայց նա փոխանակ խոստովանելու իւր տգիտութիւնը, հրապարակով ծիծաղեցաւ իմ վերայ: Նա ասաց, թէ իմ առարկան  միջին դարերում ահա խելքից հանել էր Եւրոպայում մի քանի թեթեւահաւատ մարդիկ, եւ թէ նոր այժմ մի չար բախտով եօթն ութն դարերից յետոյ հասել էր Հայերին:

Չար բախտո՞վ. ուրեմն չկամի այդ մարդը, որ մեր ազգը ստանայ եւրոպական լուսաւորութիւն, հարց արեց պ. Մարկոսը:

Սատանան գիտէ նորա խորհուրդը․ ո՛վ գիտէ, թէ ինչ օձեր նստած կան նորա փորում, նա ասում է, թէ պիտոյ է հետեւել եւրոպական այժմեան լուսաւորութեան, եւ ո՛չ այն լուսաւորութիւն ասուած խաւարին, որով պատած էր Եւրոպան միջին դարերում: Չէ իմանում, որ ամենայն հին բան լաւ է, չէ իմանում, որ մի ժանգոտ դրամ լաւ է քան թէ նորը եւ փայլունը, ինչպէս ամենայն առողջամտութեամբ հաստատեց Մեղու Հայաստանի [1] անունով լրագիրը, որ դուրս է տալիս Թիֆլիզում մեր գիտնական, լուսաւոր, եւրոպացի եւ մեծաքանքար Մանդինեանց տէր Ստեփանը: Չկամի լսել եւ հասկանալ, թէ ինչ որ հնումը կար, այժմ չկայ. ինչ երեւելի փիլիսոփաներ եղած են Յունաց մէջ, ի՜նչ ճարտասաններ Հռոմայեցոց մէջ. նա ասում է, թէ այդ փիլիսոփայքը իւրեանց գիտութեամբ, այժմեան ժամանակումս կարող են միայն աշակերտ լինել եւրոպական դպրոցներին, պատասխանեց Մանթուխեանցը:

Ինչպէս է ապա նորա կարծիքը գուշակողների մասին, կամ նոցա գործած գերբնական գործերի մասին, շարունակեց պ. Մարկոսը:

Յատկապէս խօսեցի այդ մասին: Ասում է, թէ այդ իմաստունքը ոչ այլ ինչ էին, եթէ ոչ կրթուած մարդիկ, իւրեանց հայեացքով աւելի վերհամբարձ քան թէ խաժամուժ ամբոխը: Նոքա, այն ժամանակի հայեացքով, լաւ ուսած լինելով ազգերի ներկայ դրութիւնքը, նոցա հիման վերայ գուշակում էին նոցա համար գալոց օրերը: Արեւելեան ազգերը, շատ անձնատուր եղած լինելով երեւակայութեան եւ ֆանտաստիկական պատկերների, առաւել շուտով ընդունում էին մի ճշմարտութիւն, եթէ բնական պատճառներից յառաջացած գործողութիւնը կամ բնական կերպով կատարուելու իրողութիւնը մեկնուէր նոցա գերբնական կերպով, կամ դրուէր ֆանտաստիկական շրջանի մէջ: Նա ասում է, թէ այժմեան երեւելի պատմաբանների եւ քաղաքագէտ մարդերի գուշակութիւնքը աւելի ճշդութեամբ կատարւում են, բայց ոչ մինը այդ լուսաւոր մարդերից պահանջողութիւն չունի գուշակողական պատուանուն ստանալու: Հրաշքների մասին ասում է, թէ անհաւատ, թիւր, շնացող եւ չար ազգը միայն  նշան կը խնդրէ. պատճառ, ինքը խելք չունենալով հասկանալ որեւիցէ ճշմարտութիւն, այլեւ հաւատ եւ գիտակցութիւն չունենալով պահանջում է, որ ճշմարտութիւն խօսողը մի գերբնական զօրութիւն ցոյց տայ իւրեանից, որպէսզի տեսանելով նորա կարողութիւնը հետեւաբար կշիռ տայ նորա ասածներին կամ ընդունէ: Առհասարակ ստրկութեան մէջ գոյացած եւ ստրկութեան ատմոսֆէրայի մէջ աճած մարդը, բացի իւր վզի լուծից եւ բռնաւորի գաւազանից ուրիշ բան տեսած չլինելով, մի մարդու պատահելու ժամանակ, երբեք չէ մտածում, որ այդ մարդը եւս իւր նման Աստուծոյ ստեղծած էր, այլ իսկոյն ծնուցանում է իւր եւ այդ մարդու մէջ մի թուաբանական յարաբերութիւն, եւ պատրաստ է ստրկանալ նորան, եթէ նա կարողանայ մի զօրութիւն ցոյց տալ. նա չունի մի ազնիւ զգացողութիւն անձնական պատուի մասին, պատճառ, մինչեւ անձնական պատիւը եւ անձնասիրութիւնը չմեռանի, ստրկութիւնը չէ ծնանում:

Նա հարց արեց ինձանից, թէ փո՞քր բաներ կան բնութեան օրէնքների վերայ յառաջացող, որ տգէտ եւ խաժամուժ ամբոխը ամենայն միամտութեամբ պատրաստ է ընդունել մի գերբնական բանի տեղ: Ին՛չ կ’ասեն այժմ Աֆրիկայի կամ Ամերիկայի վայրենիքը, եթէ տեսանեն, որ շոգեշարժ կառքը, առանց մի գրաստի կամ թէ մարդու օգնութեան, որ մինչեւ այժմ ճանաչել էին աղբիւր յառաջ շարժողութեան մի տեղից դէպի մի այլ տեղ, վազում է անհաւատալի արագութեամբ մի օրուայ մէջ կատարելով հարիւրաւոր մղոններ, կամ թէ տեսանեն, որ մի աշխարհից դէպի միւսը խօսում են երկու րոպէում, ելեքտրամագնիտական հեռագրով: Եթէ մի խաբեբայ մարդ կամենար օգուտ քաղել այդ ազգերի կուրութենից, հրաշքի տեղ չէ՛ պիտոյ կարողանար ընդունել տալ այս բաները, որ կատարւում էին բնութեան օրէնքներով:

Ին՛չ անզգամ մարդ է դա, ի՛նչ չար լեզու ունի. Աստուած ազատէ, ասաց Շաքարեանցը:

Ո՛ր անզգամը խելացնոր չէ. եթէ մի մարդ նորա ասածներին նայելու լինի, անտարակոյս տարու մէջ տասն անգամ զատիկ կը կատարէ: Իմ կարծիքը այս է, որ ինչքան կարելի է պիտոյ է հեռի մնալ դորանից. բայց այս մի լոկ կարծիք է իմ կողմից, դուք ազատ էք տնօրինել ինչպէս կամիք, պատասխանեց Մանթուխեանցը:

Պ. Շաքարեանցը, որպէս տանուտէր, նախագահ հանդիսացաւ խորհրդածու ընկերութեան եւ բոլորովին բացասաբար վճռեց, որ կոմս էմմանուէլը, այդ հասարակաց խաղաղութեան վրդովիչը, չհրաւիրուի, այլ միայն մնացած միւսերով, որ գրուած էին ցուցակի մէջ, կատարուի իւրեանց խնջոյքը Պ. Մարկոսը խնդրեց յատկացնել խնջոյքի օրը. նորան պատասխանեց Շաքարեանցը, թէ լինելու է մայիսի 20-ին:

Պ. Մարկոսը, մնաս բարեաւ ասելով, դուրս գնաց Շաքարեանցի տանից, թողնելով այնտեղ երկու բարեկամքը:



[1]     Քաղաքական, բանասիրական եւ առեւտրական լրագիր, որ հրատարակւում էր Թիֆլիսում 1858–1862 թթ. Ստեփաննոս. քհն․ Մանդինեանցի, իսկ այնուհետեւ, մինչեւ 1886 թ. Պետրոս Սիմէոնեանցի խմբագրութեամբ: Մանդինեանցի «Մեղուն» ունէր կղերա-պահպանոզական ուղղութիւն եւ թշնամի էր «Հիւսիսափայլին»: