Հեղինակ

Բաժին

Թեմա
Publicism  

Ը.

Նոր տարի 1859 Բէգզադէի նամակը Տրովատորի բովանդակութիւնը Բէգզադէի ազգաբանութիւնը Հայկական թէատրոն Մոսկուայի մէջ Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը Գամառ-Քաթիպայի պահանջողութեան պատասխանը:

 

Անցաւ տարին… Անցաւ, եւ մեք քո հետ, պատուելի՛ ընթերցող, մի տարով եւս ծերացանք… Նոր տարու առաւօտը հազիւ լուսացած, եւ ահա Նոր տարի շնորհաւորողքը գլուխ կոտրելով չափում են փողոցները… Ես, տկար կազմուածքի տէր մարդ լինելով, չեմ կարող մասնակից լինել այդ անխորհուրդ այցելութեններին, վասնորոյ, տանը նստած, առաւել լաւ եմ համարում մի փոքր մտածել քո հետ, պատուելի՛ ընթերցող, մտածել Նոր տարու վերայ: Պիտի ասես՝ ի՞նչ մտածելու բան կայ, Նոր տարին Նոր տարի է, դա մի այնպիսի օր է, որ ուրախացնում է ամենների սիրտը: Այդպէս չէ. այդ արտաքին ուրախութեան տակ արդեօք որքա՛ն տրտմութիւնք եւ վշտեր կան թաքնուած:

Նոր տարին ինքնըստինքեան ուրախութիւն չէ եւ չէ՛ կարող մեզ ուրախութիւն պատճառել, եթէ չկային մեր մէջ ուրախացուցիչ նիւթեր՝ մեր բարի գործերը: Առհասարակ, տօները բերում են իւրեանց հետ մի պայմանաւոր ուրախութիւն. այդ օրերում շատ վշտակիր մարդիկ հարկադրւում են պատշաճից ուրախութեան քօղ ձգել իւրեանց դառն կամ թթու երեսի վերայ, այդ օրերում ուրախ է ցոյց տալիս իւրեան մեծատունը, որի լեղին պատառւում էր ներսումը բարկութենից, թէ ինչո՛ւ համար ձեռքից փախուցել է այս կամ այն օգտաբեր գործը։ Այդ օրերում ուրախանում է եւ աղքատը, իւր վերջին դահեկանը դնելով սեղանի վերայ իւր ընտանիքի եւ զաւակների առաջեւ, առանց մտածելու, որ գալոց օրի համար չունէր հացի գին անգամ: Բայց մի ուրախութիւն, որի որպիսութեան եւ պատճառի մասին չէինք կարող հաշիւ ու համար տալ մեզ, որ եւ ֆոսֆորի նման, մի րոպէ, մի ակնթարթ վառուելով, միւս րոպէում թողնելու էր այրուածքը իւր անպիտան հոտով՝ տխրութիւն եւ վիշտ, այդպիսի ուրախութիւնը երեխայական է եւ անխել: Մեք երբէք իրաւունք չունինք ուրախանալու առանց օրինաւոր պատճառների, եւ այդ պատճառքը էին մեր գործերը: Մինչեւ գործած չէինք այնպիսի գործեր, որոնց վերայ արժան էր ուրախանալ, մի սուտ եւ երեխայական ուրախութիւն, որով պիտի ուրախանայինք, մեզ շատ վնասակար կարող էր լինել, որովհետեւ մեր ձգտողութիւնը թուլանում է ուրախութեան ժամանակ. պատճառ, ուրախութիւնը հետեւում է լրութենից, իսկ լրութիւնը մահ է զօրութեան եւ ձգտողութեան համար: Դորա հակառակ, մեր գործունէութիւնը, ձգտողութիւնը, ոյժը եւ զօրութիւնը այնքան շատանում է, այնքան սաստկանում է, որքան շատանում են եւ սաստկանում են կարիքը եւ հարկաւորութիւնքը: Այս ասածներիցս երեւում է ահա, որ Նոր տարում եւս, ինչպէս միւս այլ հանդիսաւոր օրերում, իրաւունք ունի ուրախանալու այն մարդը, որ ունէր ստուգապէս ուրախացուցիչ գործեր: Ուրեմն, սիրելի՛ ընթերցող, մեք քո հետ ասենք միմեանց եղբայրաբար, թէ ինչպէս էին մեր գործերը անցեալ տարում․ արդեօք այնպէ՞ս, որ հանգիստ խղճմտանքով եւ պայծառ ճակատով կարող էինք ձեռքերս սրտերիս վերայ դրած վկայել, թէ ինչ որ մեր խելքը կտրում էր, թէ բարի է, կատարել ենք՝ ինչքան մեր կարողութիւնը կը տանէր՝ մի բարի գործի մասնակից լինելու, եղել ենք, թէ սորա հակառակ, մեր սրտի եւ հոգու դատաւորը, այս հանդիսաւոր րոպէումս, մի քանի դատապարտող խօսքեր ունէր մեզ ասելու: Արդեօք անցեալ տարում ճանաչե՞լ ենք մեզ, թէ մարդ ենք, ուրեմն եւ արժան էր ապրել եւ մարդկութեան համար՝ հրաժարուելով եսական անձնասիրութենից:

Առանց այս բաները քննելու, Նոր տարին նոյնպիսի օր է, ինչպէս Մեծ պահքի երկուշաբթին. օրի կանաչը եւ կարմիրը ո՛չ ոք չէ տեսել մինչեւ այժմ: Եթէ իմ մասին հարցանէք, ես կ՚ասեմ ձեզ, որ իմ կեանքը սկսած այն օրից, երբ յիշում եմ ինձ, մինչեւ ներկայ րոպէս գտանւում է միօրինակ տխրութեան մէջ: Ինձ ո՛չ մի բան չէ կարող ուրախութիւն պատճառել, բացի նորանից, որ եղած էր կամ լինում էր մեր տարաբաղդ ազգի օգտի համար, իմ անձնականը եւ ստացականը այն օրիցն եմ ես ուրացել, երբ, աչքս բանալով, բարոյապէս նայել եմ մարդկութեան վերայ: Այս պատճառով, որպէս իմ մասնաւոր, ինձ միայն վերաբերելի վիշտը չէ կարող աւերել այն ուրախութիւնը, որ ուրախացել էի մի ազգային ուրախառիթ գործի վերայ, նոյնպէս եւ անձնական ուրախութիւնը չէ կարող փարատել այն ազգային տխրութեան խաւարատեսիլ թանձր ամպերը, որ շատ անգամ նստելով ծանրանում են սրտիս վերայ:

Ո՛հ, ահա երեսուն նոր տարիք անցուցել եմ ես, նոցանից մինչեւ քսանը նոյնպէս ուրախացուցել են ինձ, ինչպէս այժմ շատ մարդերի, բայց այս վերջին տասն նոր տարիքը ի՜նչ բաների վկայ են եղել իմ հետ միասին, ի՜նչ ողբալի եւ արտասուելի գործերի ականատես, որ գործուել էին մեր խնայելի ազգի մէջ: Որքա՛ն մարդիկ՝ մեզ ծանօթ ու անծանօթ, աւարտել են իւրեանց երկնաւոր կեանքը, քանի՛ բարեկամք սուգ եւ արտասուք կտակել են մեզ: Քանի քանի՛ անգամ ցաւելու համար պատահել է մեզ տեսանել այնպիսի մարդիկ, որ անարգանք էին մարդկութեան, որ ցանկանում էին հասանել հերոստրատեան պարծանքի եւ յիշատակի, որ մտածում էին խայտառակութեան սանդուղների վերայով բարձրանալ մինչեւ անմահ փառքի սահմանքը: Տխո՛ւր տեսարաններ․ այստեղ կեղծաւորը, թափելով իւր մարդահաճութեան թմրեցուցիչ թոյնը, մտածում է երես գտանել, անուն ժառանգել, այնտեղ գողը եւ աւազակը, սորան նորան ճաշերով եւ ընթրիքներով իւր մօտ քարշելով, կազմում է մի ընկերութիւն իւր հետ, որպէսզի դուրս չմնայ մարդկային ընկերութենից, որպէսզի այդ միայնութիւնը չդառնայ նորան յանցանքի ցուցակ ամեն մի աչք ունեցող մարդու համար: Այլ տեղ մարդիկ, վաղուց ահա հոգիքը գրաւ դրած սատանայի մօտ, մեռանելու ժամանակին իւրեանց անունը կտակում են աստղերին. զո՜ւր աշխատանք: Միւս տեղ խելակորոյս եւ խաւարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտութենից այնպիսի կամակոր եւ անձնաբռնադատ զօրութեամբ, որպէս կը փախչէր մի աւազակ իւր մութն ու խոնաւ բանտից։ Այլ տեղ լուսաւորութեան եւ մարդկային ազատ մտածութեան թշնամիք դարբնի գործարանք են բացում՝ անտանելի ծանր շղթաներ պատրաստելու եւ, եթէ կարելի է, բոլորովին խեղդելու մարդկային բանականութեան օրինաւոր ազատ հոսանքը: Տեղ տեղ, բայց շատ փոքր, երեւում են այլ մարդիկ, որ հոգիացած Աստուծոյ շնչով եւ արձակած իւրեանց ձիւնի պէս սպիտակ թեւերը, թռչում են դէպի անմահութեան տաճարը… Թռչում են վերեւից, բարձրից՝ ոտքի տակ տեսանելով այն բոլորը, որոնք իւրեանց նիւթական ծանրութեան պատճառով, արդէն Նիւտոնի օրէնքով կապուած էին երկրագնդի կենտրոնի հետ…

Այսպիսի բաներ պատահում են տարու սկզբից մինչեւ նորա վերջը: Շատ անգամ լսւում են օդի մէջ հարստահարուած մարդերի ողբերը եւ հառաչանքը, նոյն միջոցին եւ օդը հնչեցնում է հարստահարող բռնակալների ուրախական բացագանչութիւնը: Յաւիտենակա՜ն ամօթի ժառանգ նոքա, որ ճնշում են անզօրի աչքերից մի քանի արտասուքի կաթիլներ:

Ասես թէ այս Նոր տարում ես առաւել ուրախ եմ, քան թէ անցած նոր տարիներում․ պատճառ, նախընթաց տարին անխորհուրդ անցած չլինելով մեր սիրական ազգի համար՝ նորը բարի բարի յոյսեր խոստանում է մեզ: Անցեալ տարում դուրս ցայտեց առաջին անգամ Հայերի համար Հիւսիսային փայլողութիւնը իւր պայծառ ճառագայթքը, անցեալ տարում լայնարձակ ասպարէզ ստացաւ ժողովրդական կենդանի խօսքը, որ է ազգի բարոյական կեանքը եւ հոգին: Անցեալ տարում երեւեցաւ մեր ազգի մէջ մի բանականութեան դատաստան, փա՛ռք եւ պարծանք նորա պաշտօնեաներին։ Այդ տարում խլրտուեցան մի քանի միտքեր, որոնք մեծ յոյսեր տալիս են Հայերի յառաջադիմութեան մասին:

Այն թանձր եւ խաւարատեսիլ ամպերը, որ, դարերով ահա հաւաքուելով եւ լեռնանալով, պատել էին հայկական բարոյականութեան հորիզոնը, այսօր «Հիւսիսափայլի» ճառագայթների տակ նկատում ենք փարատուած։ Անցան գիշերային մրրիկները, եւ փիլիսոփայական ծանրաչափը (բարօմետրը) գուշակում է մի գեղեցիկ առաւօտ: Այս բոլոր բաները վառում են սրտիս մէջ մի փոքրիկ լապտեր ուրախութեան, որ անշիջանելի կը մնայ եւ լոյս կը տայ ինձ մինչեւ անգամ եւ այն խաւար օթեւանի մէջ, ուր Նախախնամութեան տնտեսութեամբ պիտոյ է մնանք՝ սպասելով հրեշտակապետի որոտընդոստ փողահարութեանը:

Պատուելի՛ ընթերցող, ես քո մօտ չեկայ Նոր տարին շնորհաւորելու։ Դորա փոխանակ, մտածելով այս բաների վերայ եւ ձգելով Յիշատակարանիս մէջ, ահա քեզ եւս պատճառ եմ տալիս մտածելու, որ առաւել օգտակա՛ր է քեզ, քան թէ իմ երեքկոպէկեան այցելատոմսակը, որ, անտարակոյս, քեզ, տանը չգտանելով, թողնելու էի քո նախասենեակում: Այս կարճ յառաջաբանութեամբ սկսանում եմ ահա իմ Յիշատակարանի տարեկան շրջանառութիւնը, որ հիւանդութեանս պատճառով քանի ամիս արդէն մնացած էր բարձիթողի:

Առաջին մարդու անունը, որին պիտի պատահէք Յիշատակարանիս մէջ, Բէգզադէն է: Բէգզադէն չդարձաւ, գլխներիս փորձանք դարձաւ, կարող էք ասել՝ ի՞նչ պիտոյ է առնել, այսպիսի Բէգզադէների պարտական ենք ցոյց տալ ամենայն մարդկային կարեկցութիւն՝ առանց զզուելու եւ յետ քարշուելու: Անցեալները գրում է ինձ մի այսպիսի նամակ.

«Պարոն Կոմս Էմմանուէլ,

Շնորհաւորեմ քո անբաղդութիւնը, որի վերայ ուրախացել եմ խիստ շատ․ Աստուած կեանք տայ դորա պատճառին: Փա՛ռք Աստուծոյ, ազատուեցայ քո ձեռքից, ազատուեցայ քո Յիշատակարանից․ մնաս բարով յաւիտեան․ Աստուած քեզ դատաւոր:

Բէգզադէ»։

Ոչինչ բան, իհարկէ, չէք կարող հասկանալ սորանից, պատուելի՛ ընթերցող, որովհետեւ ես եւս չհասկացա․ պատճառ, ո՛չ մի անբաղդութիւն չէր պատահել, որ ինձ վիշտ պատճառելով կարողանար ուրախացնել այդ մարդկային նախատինքը (այս է Բէգզադէի ճիշդ սահմանը): Բայց մի փոքր համբերութիւն․ կը հասկանաք՝ կարդալով Յիշատակարանիս հետեւեալ տողերը, որովհետեւ ես եւս հասկացայ:

Մի քանի օր սորանից յառաջ, գալիս է իմ մօտ ծանօթներիցս մինը, որին դուք չէք ճանաչում, վասնորոյ ձեր համար միեւնոյն է, եթէ ես այդ իմ ծանօթը անուանեմ Գուլի-Շամամա։ Եւ այսպէս, գալով իմ մօտ, պատմում է ինձ Գուլի-Շամաման, թէ Պ. Բէգզադէն, անչափ ուրախացել է՝ լսելով, իբր թէ հօրեղբայրս պատուիրել է ինձ ներս չբերել Յիշատակարանիս մէջ Պ. Բէգզադէն կամ նորա գործերը: Այդ իրողութիւնը, ահա, Պ. Բէգզադէն համարել է ինձ մի մեծ վատաբաղդութիւն, իսկ իւր համար մի ծայրացեալ երջանկութիւն:

Այսքան պիտի իմանալ, որ հօրեղբայրս ինձ ոչինչ չէ ասել, որովհետեւ երբէք չեմ ներգործել նորա կամքի ընդդէմ, բայց Պ. Բէգզադէն, իմանալով, որ ես տկար մարդերի կողմից բամբասանքի տակ եմ ձգել իմ անձը, եզրակացուցել է, թէ հա՛, այս է, որ կայ, Կոմս Էմմանուէլի հօրեղբայրը կը կապէ նորա բերանը: Հրամերես, միայն քո ցանկութիւնն էր պակաս այդ բանի համար:

Սպասի՛ր, Պ. Բէգզադէ, ես քո դրանը կը չոքեմ մի օր եւ ինչպէս նախ եւ յառաջ գորգս (խալիչա) կը փռեմ եւ լուադեղ (персидская ромашка) կը ցանեմ նորա չորս կողմը, որ միջատները չհամարձակուին կենդանի մնալ գորգերի վերայ, թո՛ղ թէ անհանգիստ առնել ինձ իւրեանց եղջերային դարանակալ խայթոցներով…

Բայց Գուլի-Շամաման չէր եկած իմ մօտ քսութեան համար, չէր եկած, որ պատմէ Պ. Բէգզադէի յիմարաբանութիւնքը։ Նա բարի տղայ է եւ բարի սրտով։ Նա եկել էր հարցանել ինձանից, թէ ի՞նչ բան է Տրովատոր ողբերգութիւնը, որի մասին կարդացել էր մի լրագրում, թէ անդադար ձեւացնում են թէատրոնական բեմի վերայ: Ձեզ յայտնի կը լինի Պ. Շահբէգի՝ ինձ գրած նամակից, որ ես շատ սիրում եմ այդ ողբերգութիւնը, վասնորոյ մեծ ուրախութեամբ պատասխանեցի Գուլի-Շամամային, թէ այդ ողբերգութիւնը Պ. Վերդի երաժշտի բոլոր երաժշտական գործերից պատուականն է:

Բայց միտքը ի՞նչ է, հարցանում է Գուլի-Շամաման:

Մի կոմս, պատասխանում եմ, խարուկի վերայ այրում է մի ժամանակ մի ցիգան կին՝ որպէս կախարդ եւ գող։ Այս կինը ունենում է մի դուստր՝ Ազուչենա անունով: Մայրը կրակի մէջ այրուելու ժամանակ՝ մահուան դռնում, կանչում է եւ կտակում է Ազուչենային վրէժխնդիր լինել իւր մօր մահի համար. ողորմելի կնոջ վերջին խօսքերը լինում են վրէժ, վրէժ. ուտող եւ մաշող կրակը կապում է նորա լեզուն…

Դուստրը, կամենալով կատարել իւր մօր կտակը, գնում է մի օր կոմսի տուն եւ գողանամ է օրօրոցից նորա որդին, որ տանի, այրէ կրակում եւ դորանով հանէ մօր վրէժը: Բայց այդ միջոցին Ազուչենայի գրկում լինում է իւր որդին, եւ այսպէս, երկու երեխայքը գրկի մէջ, գնում է եւ մօտենում խարուկին։ Կամենում է ահա ձգել կոմսի զաւակը կրակի մէջ, բայց, նայելով անմեղ երեխայի վերայ, խղճահարւում է. գութը յաղթահարում է վրիժական հոգին: Յանկարծ պատկերանում է նորա աչքի առաջեւ նորա մայրը, որ խորովուելով կրակի վերայ, բոցերով ամենեւին շրջապատուած մեռանում է ահա եւ կեանքի վերջին շնչումը՝ այն սոսկալի մահու տառապանքի միջոցին, ողորմելի ձայնով բողոքում է դէպի իւր դուստրը, յանձնում է նորան իւր մահու վրիժառութիւնը… Ազուչենայի ականջին դարձեալ լսւում են մօր վերջին խօսքերը՝ վրէժ, վրէժ: Խեղճ Ազուչենան համարեա թէ խելակորոյս շտապում է այրել կրակի մէջ կոմսի որդին… Մանուկը մի րոպէում չքանում է բոցերի մէջ: Բայց ի՞նչ յուսահատութիւն, ի՞նչ ողբալի բան, երբ Ազուչենան զգաստանալով տեսանում է իւր մօտ դրած կոմսի զաւակը ողջ եւ առողջ: Ազուչենան խելագարութեան մէջ այրեց իւր սեպհական որդին: Ինչ պիտոյ է առնէր, թշուառ Ազուչենան սնուցանում է կոմսի որդին իւր զաւակի պէս՝ անուանելով նորան Մանրիկօ, եւ ոչ ոքի չէ յայտնում իւր գաղտնիքը:

Երիտասարդ տղայ դառնալով՝ Մանրիկօն սիրահարւում է մի Լէոնորա անունով օրիորդի վերայ, որի վերայ սիրահարուած էր եւ կոմսի միւս որդին: Երկու հակառակորդքը մի անգամ հանդիպում են միմեանց Լէոնորայի ներկայութեամբ։ Կոմսի որդին ահ է տալիս, թէ կը սպանէ Մանրիկօյին այն պատճառով, որ համարձակուել էր սիրահարուիլ մի օրիորդի վերայ, որի հետ ինքը՝ երիտասարդ կոմսը, միտք ունէր ամուսնանալու: Այս խօսքերը տեղիք են տալիս մենամարտութեան. քաջ եւ յաջողաշարժ Մանրիկօն բարձրացնում է սուրը, որ սպանէ իւր հակառակորդը, բայց մի ձայն վերեւից կանչում է նորան. «Խնայի՛ր, խնայի՛ր»:

Այդ րոպէից կոմսի որդին եւ Մանրիկօն դառնում են միմեանց թշնամի: Կոմսի որդին հրատարակում է մի սուտ համբաւ, որպէս թէ մեռած էր Մանրիկօն, որ Լէոնորան հարկադրուի ամուսնանալ իւր հետ: Բայց օրիորդը ընտրում է կուսանաց վանք գնալ։ Այս բանը Մանրիկօյին յայտնում է մի նամակով նորա բարեկամներից մինը։ Նամակը ստանում է նա այն ժամանակ, երբ մայրը առաջին անգամ իւր կեանքումը պատմում էր Մանրիկօյին իւր եւ մօր գլխի անցքը: Մանրիկօն գնում է դէպի վանքը եւ տեսանում է, որ երիտասարդ կոմսը խօսում է Լէոնորայի հետ. այստեղ Մանրիկօն իւր բարեկամների օգնութեամբ ցանուցիր է առնում կոմսի զինուորքը եւ ձեռք է բերում Լէոնորան: Կոմսը, հաւաքելով իւր բանակը, մտածում է պաշարել բոլորովին Մանրիկօյի բնակութիւնը եւ, խլելով Լէոնորան, սպանել Մանրիկօն:

Այս միջոցին Ազուչենան ընկնում է կոմսի զինուորների ձեռք եւ, հարց ու փորձի ենթարկուելով որպէս կասկածաւոր ցիգան կին, կապւում է շղթաներով։ Կոմսը շատ ուրախանում է՝ իմանալով, որ Ազուչենան իւր հակառակորդի մայրն է: Երբ Ազուչենային շղթաներով կապած տանում են Մանրիկօյի տան առաջեւից դէպի բանտ, որդին տեսանում է նորան եւ վազում է փրկել, բայց եւ ինքը ընկնում է թշնամու ձեռք եւ բանտ է դրւում մօր հետ միասին: Կոմսը վճռում է որդին գլխատել, իսկ մայրը այրել կրակի մէջ:

Լէոնորան, իմանալով այս մօտակայ մահու վտանգը, գնում է բանտի մօտ եւ ողբում է իւր սիրականի տարաբաղդութիւնը: Մանրիկօն բանտի աշտարակից յայտնում է նորան, թէ ոչինչ միւս փափագ չունէր, բայց միայն իւր սիրականին մի հրաժարական ողջոյն տալ: Յանկարծ բանտի մօտ գալիս է կոմսը։ Լէոնորան խնդրում է ողորմութիւն, կոմսը հրաժարւում է փրկել որպէս Մանրիկօն, նոյնպէս եւ նորա մայրը: Բայց երբ որ շատ աղաչում է Լէոնորան, կոմսը ասում է, թէ միայն սիրու գնով կարող էր Լէոնորան ստանալ նոցա փրկութիւնը: Լէոնորան երկբայում է… Բայց, մտածելով, թէ իւր պատճառով պիտի մեռանին անբաղդ բանտարկուածքը, յօժարում է:

Իսկոյն գնում է նա բանտ եւ յայտնում է Մանրիկօյին նոցա ազատութիւնը։ Մանրիկօն, իմանալով ազատութեան պայմանը, մերժում է որպէս այդ առաջարկութիւնը, նոյնպէս եւ Լէոնորան՝ լաւ համարելով մեռանել, քան թէ տեսանել իւր սիրականը երիտասարդ կոմսի գրկում: Լէոնորան աղաչում է չատել իւրեան: Այս բոլորը լսում է կոմսը բանտի միւս սենեկից, եւ, ներս մտնելով այն սենեակը, ուր էին մայր ու որդի բանտարկուածքը, հրամայում է դահճին գլխատել Մանրիկօն:

Ազուչենան, ջլախտական ամբոխմունքից յետոյ թուլացած լինելով, քնած է այդ միջոցին. Մանրիկօն տանում են գլխատելու… Զարթնում է Ազուչենան եւ, չտեսանելով իւր որդին, աղաղակում է… Նորան ասում են, թէ տարան Մանրիկօն գլխատելու։ Նա գանչում է կոմսին դադարեցնել պատիժը, բայց կոմսը յայտնում է, թէ ամենայն բան վերջացած էր արդէն:

Այնուհետեւ ձայն է տալիս Ազուչենան. «Իմացի՛ր, կո՛մս, որ դա քո եղբայրն էր… Իմ մօր վրէժը դուրս է եկած արդէն…»:

Մինչդեռ ես պատմում էի այս բաները, Գուլի-Շամաման աչքերը տնկած նայում էր երեսիս՝ ժամանակ առ ժամանակ բացագանչելով: Երբ աւարտեցի ես իմ պատմութիւնը, ասաց.

Զարմանք բան, ինչպէ՞ս կարողացել է Ազուչենան օտարի զաւակը մայրական գթով եւ խնամքով սնուցանել իւր որդու պէս, բայց ի՞նչ… Պատահում են այդպիսի բաներ…

Ի՛նչպէս թէ պատահում են. դա շատ հազուագիւտ կանացի սիրտ է, որ կարողացել է այդպիսի քնքշութեամբ խնամարկել իւր թշնամու որդին, ասում եմ ես:

Իսկ ես ասում եմ, որ կան այդպիսի օրինակներ եւ չէ պիտոյ հեռի տեղերում որոնել. մեր մէջ եւս կայ մի դորա նման բան:

Ի՛նչպէս:

Դու գիտես Պ. Բէգզադէի ազգաբանութիւնը:

Ո՛րտեղից պիտի իմանամ:

Լսի՛ր ուրեմն, Բէգզադէի մօր յղութեան ժամանակ նորա հայրը ութ ամսական յղի թողնում է իւր կինը եւ գնում է օտար աշխարհ՝ խիստ պատուէրներ տալով իւր կնոջը զգուշանալ իւր առողջութեանը, որ անփորձ ծնանի մանուկը: Որովհետեւ աշխարհի երեսին ամենայն բան լինում է մեր ցանկութեան հակառակ, եւ ինչ բան աւելի պահպանես, այն բանը աւելի վտանգների տակ է ընկնում, այս օրէնքի հիման վերայ եւս տիկին Բէգզադէն, մի որդի ծնանելով, երկու օրից յետոյ խեղդում է նորան, անզգուշութեամբ քնելով նորա վերայ մահճի մէջ: Ողբ, լաց, աղաղակ, բայց այդ բոլորը չէին կարող յարութիւն տալ մեռած մանուկին: Մարդ ուղարկելով մանկաբարձի քամակից, հրաւիրում է իւր մօտ եւ, յայտնելով հասած թշուառութիւնը, աղաչում է նորան մի հնար գտանել, որով կարողանայ ազատուիլ իւր տղամարդի յանդիմանութեններից: Մանկաբարձը խոստանում է գտանել այս բանի ճարը, եւ, փաթաթելով մի կտաւի մէջ մեռած մանուկը, դէպուղիղ գնում է մի աղքատ Թուրք կնոջ տուն, որ նոյն օրին ազատուել էր ծննդական ցաւից, երբ ծնել էր եւ տիկին Բէգզադէն: Մանկաբարձը տալիս է նորան մեռած մանուկը եւ բաւական շատ արծաթ եւ, առնելով նորա կենդանի զաւակը, տանում է, տալիս է տիկին Բէգզադէին՝ մեծ վարձ ստանալով այս հնարագիտութեան համար: Ոչ ոք չէ իմանում այս գաղտնիքը, եւ տիկին Բէգզադէն դարմանում է Թուրքի զաւակը որպէս իւր որդին՝ անուն տալով նորան Բէգզադէ:

Լսելով այս պատմութիւնը՝ ասում եմ Գուլի-Շամամային.

Ի՛նչ լաւ պատահեց քո՝ իմ մօտ գալը: Բէգզադէի ինձ նամակ գրելը, իսկ իմ՝ նորա ազգաբանութիւնը իմանալը…:

Ինչեւիցէ, ուրիշ շատ խօսակցութեններից յետոյ, որ առ այժմս անպատշաճ եմ համարում ներս բերել Յիշատակարանիս մէջ, գնաց Գուլի-Շամաման:

__________

Այժմ արձանագրեմ մի քանի նամակներ, որ ստացել եմ զանազան տեղերից եւ զանազան պարոններից:

 

Պարոն Կոմս Էմմանուէլ,

«Սրտի մեծ ուրախութեամբ յայտնում եմ ձեզ Մոսկուայի նորութեններից ամենապատուականը: Համալսարանի Հայ ուսանողքը առաջին անգամ Մոսկուայի մէջ առտնին թէատրոնական բեմի վերայ կատարեցին մի եղերերգական եւ մի կատակերգական խաղարկութիւնք: Այս բանը պատահեցաւ Յունուարի 27-ին Հայկազն Միքայէլ Յարութիւնեան Ստեփանեանց մեծարգոյ պարոնի տանը: Մոսկուայի եւ եկաւոր Հայերից մօտ իբր երկու հարիւր մարդ՝ այր եւ կին, ներկայ էին այդ հանդէսին, որոնցից ոմանք եկած էին մեքենաբար, լոկ հետաքրքրութեան համար, ոմանք՝ յառաջուց նախապաշարուած… Եւ ոմանք մի ֆանատիկոսական անխորհուրդ ազգասիրութեամբ՝ դեռեւս մտածելով, թէ մեծ շնորհ էր, մեծ բարերարութիւն էր ազգի համար, որ այդ պարոնը կամեցել էր ներկայ գտանուիլ այդ հանդիսին… Այնտեղ էր եւ ձեր բարեկամ Պ. Բէգզադէն, որ քիթը բերանը թթուեցուցած, նստել էր ուրիշ շատերի կարգում: Շինած էր դահլիճի ճակատում մի փոքրիկ, բայց նայելով հանգամանքներին, հնարներին եւ այլն, եւ այլն, բաւական յարմարաւոր բեմ: Ութն կամ տասն հոգի երաժիշտքը թէատրոնական գործողութենից յառաջ հնչեցուցին մեր ականջին «Պօրտիչիու համր կամ Ֆենելլա» ողբերգութեան գեղեցիկ ներածութիւնը, որ Օբեռ երեւելի երաժշտի գործն է, եւ ճշմարիտն ասեմ, երանի թէ այդ ներածութենից յետոյ դուրս գնացած լինէի դահլիճից, որովհետեւ վերջին բաները ոչ եթէ շարունակեցին այն ազնիւ տպաւորութենների կարգը իմ հոգու վերայ, այլ բոլորովին տակ ու վերեւ բերեցին իմ հոգին…

Պատմաբանական չորս հատուածով եղերերգութիւնը՝ Արիստակէս անուանուած, ձեւացնում էր Ներսէս Մեծը (Պարթեւը), որ գնացած Կոստանդնուպօլիս Յունաց Թէոդոս կայսրի մօտ, խնդրում է ողորմիլ Հայաստանին եւ թագաւոր դնել Արշակի որդի Պապը: Թէոդոսը թագ է կապում Պապին եւ իւր զօրքով հանդերձ ուղարկում է Հայաստան։ Պատերազմ է լինում պարսիկների հետ, յաղթւում են սոքա, եւ Պապը, եւ Հայաստանը հանգստանալով, յետ են դառնում Յունաց զօրքը: Պապը, նմանելով իւր հօրը, սկսում է անպիտանութիւնք գործել։ Սուրբ Ներսէսը յանդիմանում է նորան: Պապը բարկացած, բայց սուտ բարեկամ կեղծաւորուելով, ճաշի հրաւիրում է իւր մօտ Սուրբը եւ դեղում է նորան: Այս էր եղերերգութեան բովանդակութիւնը: Առհասարակ, շատ թոյլ բան եւ զուրկ ամենայն բանաստեղծական ճարտարութենից. ասես թէ դորա հեղինակը հարկադրանքով գրել է այդ գործը: Նա ամենայն տեղ, ամենայն րոպէ զանազան ազգասիրական խօսքերով աշխատում է վարագուրել դրամատիկական գործողութեան պակասութիւնը եւ չքաւորութիւնը: Այս եւս պիտի ասել, որ եղերերգական խաղարկութիւնը կատարուեցաւ ոչ այնպէս, ինչպէս գրած էր հեղինակը, այլ թէատրոնական յայտարարութեան մէջ ասւում է, թէ մշակուել է այդ բանը Պ. Փուղինեանցի ձեռքով. այս պատճառով չենք կարող որոշակի դատել, թէ ո՛ւմ պատկանում են այդ անկատարութիւնքը՝ հեղինակի՞ն, եթէ մշակողին: Թէատրոնական բանախօսութեան լեզուն չէր այնքան ազնիւ եւ մշակուած, ինչպէս պիտոյ է եւ արժան է լինէր, որ ունենար դաստիարակիչ ազդեցութիւն ժողովրդի վերայ:

Ո՛չ մի կին չերեւեցաւ բեմի վերայ։ Այս ասելով՝ չեմ մեղադրում եղերերգութեան հեղինակը կամ մշակողը, այլ կամիմ մատով ցոյց տալ ազգի կեանքի վերայ, մանաւանդ թէ ասիական աշխարհի մէջ, ուր կին մարդը, զուրկ լինելով ամենայն իրաւունքից ընկերական կենցաղավարութեան մէջ, իհարկէ, կարող չէր եւ թէատրոնի մէջ հանդէս գալ իբրեւ գործ ու պաշտօն կատարող անձն: Անարդարութիւն կը լինէր պահանջել այստեղ Հայերից այն բանը, որի համար Ասիայի մէջ բուսանելու հողը եւս չէ եղած, այսինքն՝ մարդկային ազատ գործականութեան հանդէսը: Երկար ու ձիգ քննութեան արժանի խնդիր է այս, բայց, թողնելով այլ ժամանակի, յառաջ տանեմ խօսակցութեանս թելը:

Եթէ քաջ վարժ լինէին ներգործող պարոնները, գուցէ իւրեանց խաղարկութեամբ մի փոքր կենդանացնէին այդ եղերերգութիւնը, բայց ինչ օգուտ, նոքա ունին իւրեանց պատճառները. առաջին անգամն է, անփորձ են… Բայց, համեմատաբար եւ ներող աչքով նայելով, մանաւանդ, ուշադրութիւն դարձուցանելով հաւաքուած բազմութեան մեծ մասի հասկացողութեան չափի ու աստիճանի վերայ, կարելի է ասել, որ վատ չէր:

Եղերերգութեան մէջ Հայոց զօրքը, Պարսից պատերազմից յետ դառնալով, երգեց գիտնական Թէոդորոս Եսայեան Խատամեանցի «Խնդա՛ այսօր, Հայաստա՛ն» երգը, որ մի ժամանակ երգուած էր Նոր Նախիջեւանում, մինչդեռ քաղաքական վարժատան մէջ Պ. Խատամեանցը եւ Պ. Տիգրանեանցը քանի անգամ պատճառ տուեցին Հայերին՝ մի բան տեսանելու կամ լսելու թէատրոնական բեմից մայրենի լեզուով: Բայց Մոսկուայում այդ երգը չերգուեցաւ այնպէս, ինչպէս նորա եղանակն էր, այլ Պ. Վերստովսկու «Ах, подруженки, какъ грустно!» երգի եղանակով: Մի բան եւս չէ պիտոյ թողուլ առանց ուշադրութեան․ Պ. Չիքուայիձէ Վրացի ուսանողը, մասնակից լինելով թէատրոնական գործողութեանը, Հայերէն երգելու ժամանակ իւր վերայ դարձուց մեր մասնաւոր ուշադրութիւնը:

Կատակերգութիւնը՝ «Վա՛յ, իմ կորած յիսուն ոսկի» անունով, մի քանի նկարագիրք մեր թիֆլիզեցի ժողովրդի կեանքից, Պ. Ալադաթեանցի գործը, բաւական կենդանութիւն տուեց հայկական բնաւորութեններին: Շնորհակալութիւն դորա հեղինակին: Թէեւ մի նպատակ կամ մի վճռողական կէտ չունէր այդ գործը, ուստի եւ մեք աւելի յարմար ենք տեսանում նկարագիր անուանել նորան картины, քան թէ водевиль: Այդ բանի մէջ ներգործողքը շատ գեղեցիկ ներգործեցին, մանաւանդ ինքը՝ հեղինակը, ասես թէ ծնած կարապետ լինէր… Միւսերը եւս խիստ լաւ, բայց պետերբուրգեցի աստիճանաւորի պաշտօնը չափից դուրս անպիտանացուց Պ. Խատիսեանցը, որ եթէ ներգործէր չափի ու սահմանի մէջ, մի փոքր աւելի գեղեցիկ տպաւորութիւն կը թողուր մեր վերայ:

Առհասարակ, շնորհակալութիւն այդ ուսանողներին նոցա գովանի ցանկութեան համար եւ թէատրոնական բեմից դաստիարակել ազգը: Երանի կը լինէր, որ Թիֆլիզի Հայքը օրինաւոր թէատրոնի մէջ ցանկանային տեսանել իւրեանց մայրենի լեզուով խաղարկութիւններ, մանաւանդ, ո՛չ մի տեղ այնպէս յարմար չէ հայկական թէատրոնի համար, որպէս Թիֆլիզը:

«Թէատրոնին ներկայ գտանուողներից մինը»:

 

Ես շատ ուրախացայ՝ կարդալով այս նամակը. փոյթ չէ, որ առաջին անգամ մի փոքր անհարթ է գնացել գործը, ուրիշ անգամ գուցէ լաւ լինի, եւ պարոն ուսանողքը աւելի կրթեն եւ վարժեն իւրեանց անձը այդ հանդիսի մէջ:

Եւ այսպէս, սիրելի՛ Հայք, յառա՛ջ, դէպի յառա՛ջ, եւ մի հատ աւազը կորած չէ սարի ահագին կազմուածքի մէջ, ամենայն կայծ կարող է բորբոքել մի կրակ, եթէ ձեռնտու լինին հանգամանքների յարմարութիւնքը: Շատ գեղեցիկ կը լինէր, որ մեր ազգակիցքը Մոսկուայի պէս տեղում ցանկանային տարին մի քանի անգամ քանի մի բան տեսանել եւ լսել թէատրոնական բեմից։ Այդ կը լինէր նոցա համար մի նոր զարկ, մի նոր շարժառիթ յառաջադիմութեան:

_______

Մի այլ նամակից, որ ստացել եմ Օշականից՝ գրած Դեկտեմբ. 27-ից «Սուրբ Մեսրոպի գերեզմանին այցելու» ստորագրութեամբ, դնում եմ այստեղ մի քանի պարբերութիւնք.

«Պարոն Կոմս Էմմանուէլ,

Ով որ ազգի համար չէ ծներ, ազգի եւ եկեղեցու անդամ չէ։ Ազգին անդամ եղողը ազգի կենդանութեան համար պիտի գործէ, ինչպէս մարմնոյ անդամք։ Միայն աշխարհականք չեն ազգի անդամք, այլեւ հոգեւորականք, ուստի եւ նոքա եւս ազգին համար գործելու պարտական են: Բայց այսպէս չէ. ազգի ուսումնական զգացմանը համար նոքա չեն գործում, ազգային մարմնոյ բարոյական կենդանութիւնը պահելու նոքա գործակից չեն լինում, Սաղմոսի գուբղաները այս մարմնոյն կենդանութիւն չեն տալ։ Կա՞յ ուրեմն ազգին մէկ հասարակաց տուն, որ ազգի զգացմանը գործակից եղող հոգեւորականք այնտեղ ապաստանին, բացի վանքերէն, որպէսզի «Հիւսիսափայլի» մեղադրանաց տակ չի ընկնին եւ ընդհանուր հոգեւորականութեան մէջ չբամբասուին։ Եթէ կայ, վանքերը միայն են, ուր թէեւ անգործակից ազգային մարմնոյ կենդանութեանը, բայց ըստ որում այնտեղ կը գտնեն սնունդ, վասն այսորիկ եւ գուբղաների մէջ պիտի մեռանին: Թէ որ այս փաստով չի արդարանան, ինչպէս որ չի պիտի արդարանան, այն ժամանակը պիտի ասենք, որ վիճակները եղած հոգեւորականք, գործակից են ազգային լուսաւորութեանը [1], իսկ վանքերինը հազիւհազ առձեռն արդեամբ զիրենք կը կառավարեն եւ հոգեւորականութեան շարունակութիւնը կը պահեն, եւ եկեղեցւոյ կառավարութեան ղեկը ձեռքերնին ունին:

Ո՛ր իշխանը քանի մի վաստակասէր հոգեւորական իր հարստութեան թեւի տակն առաւ, պահեց, որ նա այն ժամանակ, իր անձնական հոգսից ազատ լինելով, ազգային բարոյական զգացմանը եւ մտաւորական գիտութեան յառաջ գնալուն գործակից չեղաւ: Մեր ազգը այսպէս է. տալ չգիտէ, պահանջել սորված է. չի ցաներ, հնձելը արդարութեամբ կը պահանջէ։ Ուրիշ տեղ ասածս այստեղ էլ կրկնեմ, որտե՛ղ մեր ազգի մէջ Մեսրովբ մի դուրս եկաւ, որ գտած լինէր իւր համար մի Վռամշապուհ. մեր հարուստ իշխաններէն ո՛չ մինը Վռամշապուհ դառնալ չի ուզեր, բայց կուզեն, որ ամեն հոգեւորականք էլ Մեսրովբ դառնան: Չէ՛, եղբա՛յր. առանց Վռամշապուհներ ունենալու, Մեսրովբներ չի ունենար մեր ազգը։ Թէ որ իրանք առանց Վռամշապուհ դառնալու կ՚ուզեն, որ մենք Մեսրովբ դառնանք, քարէքար ընկնենք՝ ազգը լուսաւորելու, վերջապէս Փարպեցու եւ Խորենացու նման մուրացկանութեան պարկը յուսներիս ձգած Հայաստանէն պիտի փախչենք։ Այս խօսքերը չեմ ասեր՝ հոգեւորականները պաշտպանելու, այլ կ՚ուզեմ, որ Ձեր Յիշատակարանի մէջ գրուին:

Ես կը ցանկանայի, որ ամեն հոգեւորականք, որոնք որ աբեղայական բառին տակ կը պախարակուին, պատասխան տային ամեն իրենց եղած գրաւոր բամբասանքներին, ո՛չ որպէս վիճաբանասէր կամ խռովայոյզ ոգւով, այլ իրենց փաստերը յառաջ բերէին արդարապէս, եթէ ունէին, թէեւ սոքա էլ շատ քիչ են, կամ թէ երբէք չկան: Բայց լռութիւն կը պահեն եւ լռութիւն պահելով՝ իբր թէ կ՚արհամարհեն իրենց վերայ եղած խօսքերը, բայց շատ կը սխալին, եւ ապագային այս լռութիւնը իրենց շատ թանգ կը նստի:

Աւելի լաւ էր պատասխան տալ եւ բամբասանքի առիթները իրենց վերայից վերցնել, քան թէ, լռութիւն պահելով, ազգի մեծի եւ փոքու սիրտը առհասարակ իրենցից կտրել, որ ապագայի մէջը կը նշմարուի: Վասն զի հիմա մեր ժողովուրդն էլ իննեւտասներորդ դարու մէջ կ՚երթայ, բայց մեր հոգեւորականաց դատողութիւնը դեռեւս եօթնեւտասներորդ դարու ազգային յառաջադիմութեան վարդապետութիւնը կընդունի, որով ազգը հոգեւորականներէն երկու դար յառաջ անցած կերթան. այսքան երկարութեան մէջ արշաւել, ազգի յետեւէն հասնիլ չի՛ կարելի, թէ որ հոգեւորականք իրենց անգործութիւնը եւ դատողութիւնը չի փոխեն. ինչպէս որ քաջափորձ եմ, Տաճկաստանի մեր հոգեւորականներն էլ այս դրութեան մէջն են:

Արգո՛յ բարեկամ, այս գրածներս կամ այսպիսի բաներ, անպակաս արէք Ձեր Յիշատակարանից, մինչեւ որ ազգերնուս աչքը բացուի, եւ ես պիտի ուղարկեմ Ձեզ հետզհետէ ազգային հանգամանաց շատ նիւթեր…»։

Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը ձգելով Յիշատակարանիս մէջ՝ կատարում եմ իմ պարտականութիւնը: Ինչպէս երեւում է, այդ անունի տակ վարագուրւում է մեզ անծանօթ մի հոգեւոր անձն։ Ով կամի, թող լինի նա. ես կատարեցի ահա նորա սրտի ցանկութիւնը, ըստ որում, նորա խօսքերից երեւում է, որ մի բարեհոգի, ազգասէր, այլեւ ճշմարտապէս ազգի վերայ սիրտ ցաւեցնող մարդ է: Աստուած տայ, որ շատանան այդպիսի հոգեւոր անձինք եւ թեւ ու թիկունք դառնան մեզ, որպէս եւ մեք նոցա:

 
   

 


Դարձեալ մի այլ նամակ ստացայ Պ. Գամառ-Քաթիպայից . -Պետերբուրգից), որ մեղադրում է ինձ, թէ ինչո՛ւ համար նորա ուղարկած մի ոտանաւորը չէ ընկել «Հիւսիսափայլի» մէջ, եւ թէ ինչո՛ւ մի գրաւոր տեղեկութիւն չեմ տուել նորան չտպուելու պատճառի մասին: Պիտի իմանալ, որ ես «Հիւսիսափայլի» հրատարակողը չեմ եւ ոչ նորա գլխաւոր աշխատակիցը. ես պատասխանատու եմ այն բաների մասին, որ պիտի ընկնէին Յիշատակարանիս մէջ: Իսկ Յիշատակարան ձգել ամենայն բան, նոյնպէս չեմ կարող, ըստ որում, ինչպէս վաղուց յայտնել եմ ձեզ, պատուելի՛ ընթերցողք, մի հօրեղբայր ունիմ, որ միշտ քննում է իմ բոլոր առանձնական գրուածքս անգամ:

Իմ անունով ուղարկուած, բայց անմիջապէս «Հիւսիսափայլի» մէջ տպուելու գրուածները ես ուղարկում եմ Պ. Հրատարակողին, ինչպէս Պ. Գամառ-Քաթիպայի եւ մի քանի նոր ոտանաւորքը, որ վերոյիշեալ նամակով ուղարկել էր ինձ։ Աւելի ոչինչ չեմ կարող առնել. իմ ձեռքում ոչինչ չկայ: Իսկ ինչ որ վերաբերւում է Յիշատակարանիս, այո՛, այդ այլ բան է. այդտեղ ես իմ Յիշատակարանի անմիջական տէրն եմ։ Միայն խնդրում եմ ամէն մի մարդուց, որ խնայեն իմ Յիշատակարանը, եւ բան ուղարկելու ժամանակ աշխատեն այնպիսի բան ուղարկել, որ ե՛ւ իւրեանց, ե՛ւ ինձ, ե՛ւ պատուելի ընթերցողներին ժամանակի զուր կորուստ չլինի:

1859 թ. Մարտ



[1] Թէ ի՛նչ վիճակներում գտանուած հոգեւորականներ ազգային լուսաւորութեանը գործակից են, այդ մեզ յայտնի չէ. կը ցանկանայինք լսել, թէեւ շատ տխուր դիմադրութիւնք այդ խօսքին վաղուց արդէն շտեմարանուած կան հին տարիների Յիշատակարաններիս մէջ:

Ծան. Հեղ.