Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Խլրտումները ամէն գնով լռեցնելու ճիգով

Խնդիրները խաղաղութեամբ կարգադրելու մի վերջին փորձով եւ զօրամասերին կացութիւնը բացատրելու համար դէպի Իգդիր են գործուղւում նախկին վարչապետ Խատիսեանը եւ նախկին զինուորական նախարար զօր. Արարատեանը։ Ճանապարհին, Ռուբէնից ստացած հեռագրի հիման վրայ, Խատիսեանը փոխում է ճամբան եւ ուղղւում Ալեքսանդրապոլ, որ Ռուբէնի ուժերով եւ թրքահայ զինուորների ջանքերով բոլշեւիկներից ետ էր առնուած։ Նոյն առաքելութեամբ Իջեւան են մեկնում Մանասեանը, Սարատիքեանը եւ Ջաղէթեանը, որոնք ճամբին բոլշեւիկների կողմից ձերբակալուելով՝ աքսորւում եւ վերջում գնդակահարւում են։ [1]

Նախքան Ալեքսանդրապոլում ուժի դիմելը, Հայաստանի բանակի զօրավար Ղամազեանը 1920, Մայիս 10-ին հեռախօսով կապւում է Ալեքսանդրապոլում իշխանութիւն հաստատած «Հայաստանի Ռազմայեղափոխական Կոմիտէ»ի նախագահ Սարգիս Մուսայէլեանի հետ։ Զօր. Ղամազեանը փորձում է նրան հաղորդակից դարձնել երկրի իրավիճակին եւ Ազրբէյջանից ու Թուրքիայից սպառնացող յարձակումների վտանգին, թախանձում է մտածել իբրեւ հայ՝ Հայաստանի շահերի համար։ Նա Մուսայէլեանին կարդում է նաեւ զօր. Հախվերդեանի հեռագիրը, որ նոյնպէս բացատրում էր, թէ այդ օրերի պայմաններում յեղաշրջում առաջացնելը հսկայ անդրադարձ կունենայ եւ կարող է հայ ժողովրդին դէպի սով ու կոտորած տանել։ Մուսայէլեանը մերժում է զիջել եւ համոզուած յայտարարում է, թէ «Միակ ժողովուրդը, որ կարող է մեզ փրկել, դա ռուսական ռեւոլիւցիոն պրոլետարիատն է, եւ ռուսական Սովետական իշխանութիւնը ոեւէ մէկին թոյլ չի տայ նեղացնելու հայ աշխատաւոր ժողովրդին, եթէ այդ ժողովուրդը վճռականօրէն խզի իր կապը դաշնակցական կառավարութեան հետ»։ [2]

Խլրտումները խաղաղ միջոցներով լռեցնելու վերջին փորձով, նախքան Ռուբէնի ուժերի՝ դէպի Ալեքսանդրապոլ շարժուելը, այնտեղ են ուղարկւում Կարօ Սասունին եւ Արսէն Շահմազեանը՝ խռովարարների հետ մօտիկից հաղորդակցուելու։ Բոլշեւիկ գործիչ Ա. Տէր-Սահակեանը այս այցելութեան մասին յետագայում գրում է, թէ «մի երիտասարդ զինուոր այցելուների հարցումին թէ, - ընկերներ, ինչո՞ւմն է ձեր անհանգստութիւնը, - պատասխանում է. Մենք մի ցաւ ու դարդ ունենք, դա դաշնակցական կառավարութիւնն է, հեռացէ՛ք մեզանից ու մեր ցաւն էլ կանցնի։ Համ էլ պրն. Շահմազեան, էդ երբուանի՞ց ենք քեզ ընկեր դառել»։ [3] Կարեւոր չի, թէ որքան հարազատ է պատմութիւնը (այս նոյն հանդիպման մասին բոլորովին այլ է զեկուցում ինքը՝ Շահմազեանը), հարցը այն է, թէ բոլշեւիկեան քարոզչական մեքենան ինչպէս էր այս մտայնութիւնը վարպետօրէն սերմանում ժողովրդի մէջ։

Բոլշեւիկեան այս գործելակերպը մտահոգութիւն էր պատճառում նաեւ Հայաստանում գործող կուսակցութիւններին, որոնք եթէ ուղղակի չէին մասնակցում կառավարութեան կազմին, սակայն որոշակիօրէն հակադրուած էին բոլշեւիկեան գործունէութեան։ Հայ սոցիալ-դեմոկրատների, Անկուսակցականների Միութեան, Հայ Ժողովրդական Կուսակցութեան եւ Հայ Ռամկավար Կուսակցութեան կոչերը ժողովրդին ցուցանիշն են այն իրականութեան, որ այդ կուսակցութիւնները համախոհ էին կառավարութեան հետ՝ գոնէ բոլշեւիկների սպառնալիքի դէմ պայքարելու ուղղութեամբ։ [4] Դաւիթ Անանունի հեղինակութեամբ՝ սոցիալ-դեմոկրատների Մայիս 14-ի կոչը դիմում է ժողովրդին՝ միանալու եւ Միացեալ ու Անկախ Հայաստանի ճամբին վերացնելու «դաշնակցած բոլշեւիզմն ու փանիսլամիզմը»։ Նոյն ոգով եւ նոյն մտահոգութեամբ, ժողովրդին կոչ է ուղղում նաեւ Գէորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «…Նոքա, որոնք վտանգ չեն տեսնում արեւելքից եւ արեւմուտքից, նոքա որոնք չտեսնող են ձեւանում, որ մեր տան մէջ մեր դէմ դաւեր են լարում պայթեցնելու անկախ Հայաստանի գաղափարը, նոքա որոնք չեն տեսնում հայաջինջ ծրագիրների քայլ առ քայլ եւ հետեւողական իրագործումը, զգո՞ւմ են, ինչ պատասխանատւութիւն է ծանրանում նոցա հանդէպ պատմութեան առաջ…»։ [5] Վեհափառ Հայրապետը կոչ է անում համախմբուել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան շուրջ եւ վտանգը դիմագրաւել միասին։

Խաղաղ միջոցները արդիւնքի չհասան։ Ապստամբները անզիջում էին։ Բռնի ուժ էր պէտք բոլշեւիկների առաջացրած անկարգութիւններին ու պառակտումին դէմ դնելու համար։ Եւ Դաշնակցութիւնը այդ ուժին դիմեց։ Հին ֆիդայիներից եւ մեծ մասամբ արեւմտահայերից մարտական խմբեր կազմուեցին՝ իբրեւ ոգի, մղիչ ուժ եւ ղեկավար ունենալով Ռուբէնին։ Այս խմբերը կառավարական զօրքի կողքին կռուելով, երկու շաբաթուայ ընթացքին կարողացան ճնշել ապստամբութիւնը։ [6] Որոշ շրջաններում տեղի ունեցաւ արիւնահեղութիւն։ Ձերբակալուեցին մեծ թուով բոլշեւիկ ղեկավարներ, իսկ շատերն էլ Ազրբէյջան փախան։ Բոլշեւիկեան մամուլը սկսեց դատափետել Դաշնակցութեան, որ Հայաստանում կոմունիստների կոտորած է կազմակերպել, որ արեւմտահայ մաուզերիստներին է գործի մղել, քանի որ Հայաստանի աշխատաւոր ժողովուրդը բոլշեւիկների դէմ զէնք չի վերցնի։ Այս քննադատութիւններն ու որակումները լայնօրէն տեղ են գտել խորհրդահայ պատմաբան Յովհաննէս Կարապետեանի շարադրած Ալեքսանդրապոլի վերագրաւման պատմութեան եւ իր որակումով «աշխատաւորների դահիճ» Սեպուհի տիպաւորման մէջ։ [7]

Որքանո՞վ տեղին էր ուժի գործածութիւնը եւ եղբայրասպան կռիւը։ Ինչո՞ւ ներգրաւուեցին արեւմտահայ ֆեդայիները՝ ապստամբութիւնը խեղդելու համար։ Գուցէ օրուայ ճգնաժամը փարատելու միակ միջոցն էր  դա։ Գուցէ ապստամբած հայ զանգուածների ռուսասիրութիւնն ու իր հայրենիքի անկախութեան հանդէպ անտարբերութիւնն էր, որ որոշ պարագաներում ծայրայեղութեան մղեց հայ ժողովրդի ու Հայաստանի համար արիւն թափած արեւմտահայ ֆեդայուն։ Խնդիրը հայ զանգուածի դէմ դուրս գալը չէր։ Հարցը այն էր, որ մեծ Ռուսաստանի մի աննշան մասնիկը չդառնալու եւ իբրեւ պետականութիւն գոյատեւելու համար պէտք էր պահել ձեռք բերուած անկախութիւնը ամէն գնով։ [8]

Դաշնակցութիւնը իր արարքը հիմնաւորեց 9-րդ Ընդհանուր Ժողովի որոշմամբ. ըստ այդ որոշման՝ «Յեղափոխական շրջաններում, իր ձեռնարկների յաջող իրագործման նպատակով, կուսակցութիւնը կազմակերպում է մարտական խմբեր դաշնակցական ընկերներից»։ [9] Այնուամենայնիւ, այս իրադարձութիւնները չարաշահուեցին յօգուտ բոլշեւիկ քարոզչութեան՝ վարկաբեկելու համար Հայաստանի դաշնակցական կառավարութեանը։ Բոլշեւիկեան մամուլը լայն տեղ տուեց կառավարութեան հալածանքների նկարագրութեանը եւ աշխարհով մէկ տարածեց չափազանցուած լուրերը, իսկ դաշնակցական կառավարական գործիչներ Վահան Խորէնու, Արշակ Շիրինեանի, Պօղոս Չուպարի, Մովսէս Գրիգորեանի, Սարգիս Մանասեանի, Արծիւ Աբովեանի, Ներսէս Ջաղէթեանի, Գրիգոր Յակոբեանի եւ շատ ուրիշների գնդակահարման լուրը Հայաստանի սահմանն իսկ չանցաւ։ Հայաստանի խորհրդայնացումից մէկ տարի յետոյ, ժամանակի Հ. Յ. Դ. Գործադիր Բիւրոյի Եւրոպայի հատուածը մի յիշատակագիր է հրատարակում՝ ուղղուած Եւրոպայի աշխատաւորական կուսակցութիւններին եւ կազմակերպութիւններին։ Այդ յիշատակագրում մատնանշուած են բոլշեւիկների կողմից Հայաստանի Հանրապետութեան վերջին շրջանում տարածուած սարսափն ու թոյլ տրուած ոճիրները։ [10]

Ապստամբութիւնները սաստուած էին։ Կարգ ու կանոնը հաստատուել էր երկրում։ Բայց ահա Ղազախի կողմից Իջեւան են մտնում կարմիր դրօշակաւորներ՝ երկրում խորհրդային կարգեր հաստատելու։ Դրանց միանում են նաեւ տեղացիներ եւ Իջեւանը գրաւելով՝ սկսում են ձերբակալել եւ Բաքու ուղարկել տեղի կառավարական պաշտօնեաներին ու սպաներին։ Իրավիճակը փոթորկուած էր նորից։ Պէտք էր հակազդել։ Հայաստանի զանազան կուսակցութիւնները դարձեալ միացեալ կոչ են ուղղում հայ ժողովրդին՝ իրենց ցասումը յայտնելով ընդդէմ ներքին ու արտաքին թշնամիների, որոնք «միացած՝ դիւային ծրագիրներ են որոճում Հայաստանի ազատութեան եւ անկախութեան դէմ»։ [11] Այս կոչը ստորագրել էին Հայ Ժողովրդական, Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ Բանուորական, Հայ Ռամկավար կուսակցութիւնները, Հայաստանի Խորհուրդը եւ Հայ Անկուսակցականների Միութիւնը։

Կառավարութիւնը այս ներխուժումն էլ կարողացաւ չէզոքացնել։

Խորհրդահայ պատմաբան Յովհաննէս Կարապետեանը 20-ից աւելի էջեր է տրամադրում՝ գտնելու պատասխանը այն հարցի, թէ բոլշեւիկեան ապստամբութիւնը ինչո՞ւ չյաջողեց։ Ապստամբութեան մասնակիցներից մէջբերումներ կատարելով եւ մարքս-էնգելս-լենինեան ֆորմուլները կիրարկելով՝ Կարապետեանը եզրակացնում է, թէ Արմէնկոմը եւ «Ռազմա-ռեւոլիւցիոն կոմիտէ»ն ուշ կազմուած լինելով՝ ժամանակ չունեցան ամբողջական ծրագիրը նախապէս մշակելու։ Ձախողութեան իբրեւ պատճառ, նա մատնանշում է նաեւ ղեկավարների անհամաձայնութիւնը, անվճռականութիւնը, թոյլ տուած սխալները, սայթաքումները, Ալեքսանդրապոլի մարմնի շտապողականութիւնը եւ վերջապէս, համաձայնեցուած ու միացեալ գործողութիւնների բացակայութիւնը։ Այսպիսի վերլուծումներ 20-ական թուականներին կատարել էին նաեւ Սարգիս Կասեանը, որ մեղադրում էր Ալեքսանդրապոլի կոմիտէին, եւ ուրիշներ։ Սարգիս Մուսայէլեանը, նախքան իր գնդակահարութիւնը (1920, Օգոստոս 14), բանտից զեկուցում էր ուղարկել ՌԿ(բ)Պ Կովկասեան Կոմիտէին եւ ապստամբութեան ձախողութիւնը վերագրել Արմէնկոմի «բաւականաչափ գործունէութիւն չցուցաբերելուն» եւ տեղական ընկերների «բացարձակ անընդունակութեան»։ [12]

Պարզ էր, որ ապստամբութիւնը ղեկավարող այս բոլշեւիկ պաշտօնատարների համար քաղաքական պահը պահանջում էր Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի գիրկը նետել։ Նրանց համար անիմաստ եւ անտեղի էր Հայաստանի պետականութեան վերածնունդը եւ հայ ժողովրդի պայքարը՝ ի խնդիր քաղաքական, ընկերային ու տնտեսական ուրոյն կառոյցի։

 


[1] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 217-218։

[2] Մուսայէլեանի պատասխանը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 200, էջ 318։

[3] «Մայիսեան Ապստամբութիւնը Հայաստանում», էջ 133։

[4] Կոչերի բնագիրը մէջբերուած է «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 392-395։ Հայ Ռամկավար Կուսակցութեան կոչը ամբողջութեամբ, տես «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 206-208։

[5] Մէջբերուածը տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 208։

[6] Ապստամբների դէմ ծաւալուած գործողութիւնների մանրամասները տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 397-399։

[7] «Մայիսեան Ապստամբութիւնը Հայաստանում», էջ 275։

[8] Մայիսեան խռովութիւնների եւ կառավարութեան միջոցառումների մանրամասնութիւնները տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 374-414։

[9] Դաշնակցութեան մարտական ուժի կազմակերպման մասին, տես՝ «Ուրուագիծ Հ. Յ. Դ. Պատմութեան 1919-1924 Հնգամեակի», էջ 28-30։

[10] Տես՝ «Յիշատակագիր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Եւրոպայի Հատուածի Տեղեկատու Պիւրոյի», հրատարակուած Թեհրան, 1922։ Արխիւային նիւթ՝ Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Ե., թղթածրար թիւ 607, փաստաթուղթ թիւ

[11] Կոչի բնագիրը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 399-400։

[12] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 219, էջ 342-344։