ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

78.
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՆՈՒԿ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ
ՌՂԱ=1642 ապրիլ 15

Այս երանելի նահատակս Նիկողայոս էր ի քաղաքէն Տիգրանակերտու, որ այժմ ասի Յամիթ, - ծնեալ եւ սնեալ ի նոյն քաղաքին. եւ էր մանուկ տիօք իբրեւ տասն եւ հնգից ամաց, տեսլեամբն գեղեցիկ եւ հասակաւն վայելուչ, զաւակ քրիստոնէից եւ ազգաւ ի Հայոց:

Եւ յաւուր միում մինչդեռ շրջէր Նիկողայոս ի մէջ շուկային ըստ հանապազորդ սովորութեան իւրոյ, յայնժամ այր ոմն հաւատովն մահմետական ` որոյ այլւի անունն Մահմետ էր, մերձեալ առ Նիկողայոս ` ձեռն ածէր զերեսօքն եւ փարէր ախտաւոր ցանկութեամբ, որպէս հանապազ տեսանի ունակացեալ առ մահմետականս: Իսկ Նիկողայոս սաստիկ բարկութեամբ դժուարացեալ ընդ այն, ի բաց վարէր յինքենէ: Եւ էր այլ ոմն այր որ նա եւս անուամբն Մահմետ էր եւ հաւատովն մահմետական: Այս Մահմետ ` որ այժմ խաղայր ընդ Նիկողայոսին, ասաց նմա վասն այնմ Մահմետի թէ « Զիա՞րդ է զի ընդ այն Մահմետն առնես զսէր եւ յարակցութիւն եւ ընդ իս ոչ առնես »:

Եւ Նիկողայոս ասաց. « Զքո մայրն եւ զնորա մայրն այսպէս առնեմ »:

Եւ նոյնժամայն այս Մահմետս ասաց մերձակայ արանցն եւ խանութպանացն. « Վասն Աստուծոյ վկայք լերուք, զի դուք ձեզէն լուայք, որ հայհոյեաց զօրէնսդիրն մեր եւ զմարգարէն Մահմետ »:

Եւ ժողովեցան բազում մահմետականք իբրեւ զշուն կատաղիք անդր ի վերայ նոցա եւ յափշտակեցին զՆիկողայոս եւ տարան ի դատարանն առ դատաւորն. եւ ի նոցանէ լինէին ոմանք դատախազք եւ ոմանք վկայք եւ ոմանք վրէժխնդիրք եւ դատապարտէին ի մահ զՆիկողայոս:

Եհարց դատաւորն ի Նիկողայոսէ թէ արդարեւ հայհոյեա՞ց զպատգամաբերն զՄահմետ:

Ետ զպատասխանի Նիկողայոս. « Ես ոչ հայհոյեցի եւ ոչ բան ինչ ասացի պատգամաբերին Մահմետի. այլ այրս այս ախտաւոր ցանկութեամբ փարէր զինեւ ի մէջ մարդկանց եւ ամօթով առնէր զիս. վասն որոյ եւ ես զմայր սորա քֆրեցի »:

Իսկ այս Մահմետս ` որ խաղայր ընդ Նիկողայոսի, դատախազ լինէր թէ զՄահմետ զպատգամաբերն քֆրեաց. այլ եւ ասաց « ունիմ ահաւասիկ երկու այր վկայ », զոր եւ ածեալ կացոյց զարսն առաջի դատաւորին, միոյն անուն ասէին պաղալ Ալլահվերտի եւ միւսոյն հալվաչի Սէյիդ. որոց եկեալ առաջի դատաւորին, վկայեցին թէ « Մեք լուաք ի դմանէ որ քֆրեաց Մահմետին »:

Ասաց դատաւորն Նիկողայոսին. « Որովհետեւ այդքան մահմետականք ժողովեալ են ի վերայ քո եւ այդու կերպիւ դատապարտեն զքեզ, գիտեմ զի ոչ թողուն զքեզ կենդանի, այլ սպանանեն. վասն որոյ լուր բանից իմոց եւ լեր մուսուրման, զի զերծցիս ի մահուանէ »: Եւ Նիկողայոս ոչ կալաւ յանձին լինել հաւատովն Մահմետի:

Բազում անգամ ասաց դատաւորն. « Տամ քեզ բազում գանձս եւ ստացուածս պատուականս եւ կին գեղեցիկ, եթէ գաս ի հաւատս Մահմետի »:

Եւ Նիկողայոս ասաց. « Ես զլոյս հաւատս իմ ոչ թողում եւ զուղիղ օրէնս Քրիստոսի Աստուծոյ իմոյ ոչ փոխանակեմ ընդ ձերդ օրինաց. եւ դուք թէ անպարտ սպանանէք զիս, դո ' ւք գիտէք »:

Իսկ որք վրէժխնդիր մահմետականքն էրն ` հարկէին զդատաւորն առնել սիճիլ մահուան ի վերայ Նիկողայոսի, զի սպանցեն զնա: Եւ դատաւորն արար սիջիլ: Իսկ մահմետականքն ` որք իբրեւ զչար գազան ծարաւի են արեանց քրիստոնէից, առին զսիջիլն եւ զՆիկողայոսն տարան առաջի փաշային ` որում անունն էր Մուստաֆայ փաշայ եւ ծանուցին նմա զամենայն, յոլով ամբաստանութեամբ:

Եւ փաշայն ասաց առ Նիկողայոս. « Լո ' ւր բանից իմոց եւ դարձի ' ր ի պայծառ հաւատս Մահմետի, որով պայծառացեալ է ամենայն աշխարհ, որպէս եւ տեսանես. եւ ես կարգեմ զքեզ ինձ հանապազորդ առաջակայ սպասաւոր եւ իբրեւ զորդի ընդունիմ զքեզ եւ տամ քեզ բազում գանձս եւ պատուական ստացուածս եւ կին գեղեցիկ, զդուստր իշխանաց զորոյ եւ կամիս. եւ պետական իշխանութիւնս եւ այլ բարութիւնս բազումս »:

Ետ պատասխանի Նիկողայոս. « Ի բարութեանցդ այդի ոչինչ պիտոյ է ինձ ամենեւին. այլ թէ առնես ինձ բարութիւնս, թո ' ղ ինձ կեալ իմովս հաւատով. եւ թէ ի զուր դատապարտէք զիս եւ սպանանէք, դուք գիտէք »:

Բազում անգամ ասաց փաշայն. « Տամ քեզ մեծութիւն եւ փառս, թէ դառնաս ի քոյդ հաւատոց ի հաւատս Մահմետի ». եւ Նիկողայոս ոչ դարձաւ: Իսկ մահմետականքն բազում բանիւ թախանձէին զփաշայն, տալ հրաման եւ վճիռ սպանանել զՆիկողայոս: Իբրեւ գիտաց փաշայն թէ ոչ դառնայ Նիկողայոս, ապա ետ վճիռ եւ հրաման սպանանել զնա:

Յայնժամ ժողովեցան գունդք դահճացն ի վերայ նորա, եւ մերկացուցին զնա ի հանդերձից, եւ գլուխ ի բաց եւ բոկոտն, եւ ձեռս ի յետս կապեալ, եւ առեալ տարան զնա ի շրջեցուցանել յամենայն տեղիս քաղաքին. եւ մունետիկն ` առաջի նորա հրատարակելով գնայր: Եւ բերին զնա ի մէջ մեծ մէյդանին, ի տեղին ուր զմահապարտաց զոտս եւ զձեռս խորտակեն ի վերայ վիմին, որ կայ հաստատեալ անդ:

Եւ անդ եւս բազում անգամ ասացին դահիճքն. « Դարձի ' ր ի քոյդ հաւատոց ի հաւատս Մահմետի. եւ մի ' եւս յամառիր, զի ահաւասիկ այժմ խորտակեմք զձեռս քո եւ զոտսդ »: Սոյնպէս եւ այլ մահմետականքն ասէին. եւ Նիկողայոս ոչ ումեք հաւանեցաւ բնաւ: Եւ յայնմ պահու յերիցանց քաղաքին Մարտիրոս անուամբ ոմն քահանայ եդեալ հաղորդ ի մէջ արմաւոյ եւ բերեալ ետ ցՆիկողայոս, զոր առեալ ճաշակեաց:

Եւ ի տեսանելն զայն դահճացն ` աղմկեցան եւ սկսան հարցումն առնել թէ « Զի՞նչ էր այն, զոր երէցն ետ ցՆիկողայոսս »: Եւ երէցն փութով խոյս տուեալ փախեաւ ի տեղւոջէն եւ փրկեցաւ:

Իսկ դահճացն ի բազում անգամ ասելն ցՆիկողայոս թէ « Ե ' կ դարձիր յօրէնս Մահմետի եւ փրկիր ի մահուանէ », իբրեւ ոչ դարձաւ, ապա ասացին դահիճքն ցՆիկողայոս. « Որովհետեւ ոչ լսես մեզ եւ ոչ հաւանիս մտանել յօրէնս Մահմետի, արդ ` տարածեա ' զձեռս քո ի վերայ վիմիդ, զի խորտակեսցուք »:

Եւ երանելին Նիկողայոս ինքն իւրովի տարածեաց զերկոսին ձեռսն ի վերայ վիմին, եւ դահիճքն հարին կացնաւ եւ խորտակեցին զբազուկս երկոցունց ձեռացն. եւ ապա խնդրեցին զոտսն եւ նա տարածեաց. եւ դահիճքն խորտակեցին զոլոքս երկոցունց ոտիցն: Եկաց Նիկողայոս այնպէս խորտակեալ անդամօք յայնմ աւուր անդէն ի մէջ թէատրոնին անկեալ:

Եւ յերկրորդումն աւուր մատուցեալ քրիստոնէիցն առ փաշայն եւ առ դատաւորն եւ խնդրեցին տալ հրաման բառնալոյ զնա անտի եւ տանել ի տունն իւրեանց: Եւ նոքա ետուն հրաման. եւ եկեալ քրիստոնէից բարձեալ զնա տարան ի տունն իւրեանց: Եւ մնաց կենդանի Նիկողայոս յետ խորտակելոյ զձեռսն եւ զոտսն ` աւուրս երիս. եւ ապա աւանդեաց զսուրբ հոգին իւր, իբրեւ զխունկ անոյշ ի ձեռս Աստուծոյ:

Եւ ի գիշերին այնմիկ Տէրն Քրիստոս փառաւորեաց զնա երկնային լուսովն, որ էջ ի վերայ նորա. զոր քրիստոնեայքն ամենեքեան ` որք անդր էին ժողովեալք, ակներեւ տեսին եւ ուրախացան մեծաւ խնդութեամբ եւ ցնծութեամբ փառաւորէի զԱստուած:

Այլ եւ ինքն սուրբն Նիկողայոս ` մինչ կենդանին էր, պատմեաց թէ « Ի ժամուն յորում խորտակեցին զձեռս իմ եւ զոտս, տեսի զի լոյս պայծառ շողացեալ յերկնից իջեալ եմուտ ի բերանս իմ »:

Եւ յետ մահուան սրբոյն ` ի վաղիւ անդր ժողովեցան բազմութիւնք քրիստոնէից, բարձեալ զնահատակն Քրիստոսի սաղմոսիւք եւ օրհնութեամբ, եւ տարան ի դիրս գերեզմանացն Հայոց եւ անդ ի կարգս սուրբ նահատակացն հանգուցին ի գերեզմանի:

Եւ այժմ ցաւագարք եւ հիւանդք գնան ի սուրբ գերեզման նորա եւ գտանեն զառողջութիւն իւրաքանչիւրոց ցաւոց, աղօթիւք սուրբ նահատակին Նիկողայոսի եւ շնորհօքն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս. ամէն:

Եւ եղեւ կատարումն նահատակութեան սրբոյն Նիկողայոսի ի թուականութեան Հայոց ՌՂԱ, յապրել ամսոյ ԺԵ, ի թագաւորութեան ազգին Օսմանցւոց սուլթան Իբրահիմին, որ նստէր ի մեծ քաղաքն Ստամբօլ եւ ի կաթուղիկոսութեան բարձրագահ աթոռոյն սրբոյ Էջմիածնի Տէր Փիլիպպոսի պատուական հայրապետի:

Այլ եւ մինչ կենդանի էր սուրբն Նիկողայոս ` պատահեցաւ անդ ի Յամիթ քաղաքի վարդապետ ոմն, զորոյ զանունն ոչ գտաք, որոյ եկեալ առ սուրբն Նիկողայոս եւ կալեալ զջախջախեալ աջն նորա եւ համբուրեաց եւ խնդրեաց ի նմանէ թէ « Սուրբ աջ քո զայս շնորհեա ինձ, զի ես հանդերձեալ եմ եկեղեցի շինել եւ դնեմ ի հիմն եկեղեցւոյն այնմիկ զսուրբ աջս »:

Եւ սուրբն Նիկողայոս յօժարութեամբ ետ, քանզի ասաց. « Արդէն իսկ կտրեա եւ առ քեզ »: Եւ մինչ կենդանի էր ` ոչ կտրեցին, այլ յետ մահուանն կտրեցին: Եւ վարդապետն յինքն էառ զսուրբ աջն Նիկողայոսի մեծաւ փափագանօք եւ տարեալ եդ ի հիմն եկեղեցւոյն, զոր շինեաց: Այլ եւ զվէմն զայն եւս յորոյ վերայ խորտակեցին զձեռս եւ զոտս սրբոյն Նիկողայոսի, զայն եւս գողացաւ վարդապետն եւ տարեալ եդ ի հիմն եկեղեցւոյն ` զոր շինեաց. որով փառաւորի անուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, յաւիտեանս յաւիտենից ամէն: 1

1 Սոյն վկայաբանութիւնը արտատպում ենք Առաքել պատմագրից, տպ. Վղրշպտ. 1884, էջ 405-409, գլուխ ԽԴ. «Պատմութիւն նահատակութեան անմեղ մանկանն Նիկողայոսին» վերնագրով: Առաքել պատմագրի գրած սոյն վկայաբանութիւնը անցել է նաեւ Յասմաւուրքների մէջ. մեր տեսած Յայսմաւուրքներից երկուսը K եւ M ունին այն, առաջինը K` ահկի Ա=ապրիլ 8, Սահակ եւ Համազասպ իշխանների, եւ Պարսից գերութեան մէջ նահատակուած սրբերի վկայաբանութիւններից յետոյ, էջ 405ա'-406բ''. երկրորդը M` հոռի ԺԴ=սեպտ. 24, սրբուհւոյն Իրայիտայ վկայաբանութիւնից յետոյ, էջ 75բ'-76բ''. երկուսի մէջ էլ Առաքելի վերնագիրը անփոփոխ մնացել է: Անփոփոխ է մնում նաեւ ամբողջ վկայաբանութիւնը. տարբերութիւնները միայն տառական են. իսկ բառական կարեւոր տարբերութիւնները արդէն նշանակել ենք:

Վկայաբանութիւնս ունի նաեւ Յայսմ. Դ. տպ. Ա. 167''-168'. հմմտ. նաեւ Չամչեան, Գ. 653: