ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

94.
ԹԱՄԱՄ ԿԱՄ ԿԱՏԱՐԵԱԼ ԿՈՅՍ ՇԱՂԿԵՐՏՑԻ
ՌՃԽ=1690-1

Կոյսս այս էր ի գաւառէն Գողթանայ ` ի գեղջէն Շաղկերտոյ, եւ էր անուն նորա Թամամ, որ է կատարեալ կամ լցեալ, դուստր առն միոյ անզգամի ` Մալխաս անուն. եւ էր տանուտէր Շաղկերտոյ: Իսկ գեղականքն ասացին ցնա. « Ե ' կ տո ' ւր զհամար տանուտէրութեան քո »: Եւ ետ զհամարն, եւ մնաց ի վերայ նորա բազում եւս, եւ խնդրէին ճնշիւ: Իսկ նա պատրեաց զնոսա ` եւ ասէ. « Թոյլ տուք ինձ աւուրս երիս, եւ ես հատուցից »:

Եւ նա ելեալ փախստեամբ եւ գնաց յԱսպահան ` առ իշխանն Նախչուանու Մահմատ - Ռզայ - խան ` եւ ասէ. « Դուստր իմ տաց որդւոյ քում, եւ դու զերծո ' զիս ի գեղականաց անտի »:

Իսկ իշխանն արար ըստ կամաց նորա. գրեաց առ շինականսն Շաղկերտոյ, թէ « Ես առի զհամար դորա, եւ ինձ եհաս զամենայն. եւ դուք չունիք հրաման խօսել ընդ դմա »:

Եւ որդին իւր Մուրթուզայ - Ղուլի էր յԵրեւան նստեալ տեղապահ յետ Զալին. գրեաց առ նա, թէ « Առաքեա ' ի Շաղկերտ ` եւ բեր առ քեզ զդուստր տանուտէր Մալխասին »:

Եւ լուեալ զայս ի հօրէն, առաքեաց զարս հանդերձ կնաւ տաճկի ` ածել զկոյսն Թամամ: Եւ գնացին հրաւիրակքն. մատուցին զչար աւետիքն: Եւ մինչեւ ցայժմ ոչ էին լուեալ զայս աղջիկն եւ մայրն: Յորժամ լուան, աղաղակէին, ճանկէին զերեսս, ճողէին զհերս, լային եւ հառաչէին:

Իսկ Տաճիկքն կալեալ զերանելի կոյսն Կատարեալ, մերթ ի քարշ, մերթ ի յոտին, եւ տարեալ մուծին ի ժանուարն: Իսկ պիղծն Մալխաս պատուէր առաքեաց առ Մուրթուզայն ` եւ ասէ. « Ա ' յնքան մի ' խօսեսցիս ընդ դստեր իմոյ, մինչեւ ես եկեալ արարից զհարսանիսն »:

Եւ առեալ տարին զնա յԵրեւան ` եւ ցուցին Մուրթուզայ - Ղուլուն: Եւ տեսեալ զգեղեցկութիւն նորա, զարդարեաց զնա ոսկւով եւ արծաթով եւ դիպակով եւ այլ եւս զարդուք պճնեցոյց, եւ մնայր զալստեան հօր նորա, զի արասցէ զհարսանիս: Իսկ երանելի կոյսն Կատարեալ ո ' չ ուրախանայր, ո ' չ ուտէր եւ ո ' չ ըմպէր: Այլ միշտ զմտաւ ածէր, թէ որո՞վ հնարիւք կարիցէ զերծանել: Եւ նստէր հանդէպ ձորոյն. եւ ի գլուխս բարձր քարանցն զննէր, գոնեա ' յ խոնարհ տեղի ինչ գտցէ, զի իջեալ փախիցէ: Եւ ոչ եգիտ ցած տեղի:

Եւ ապա ի գիշերի միում խորհեցաւ ի միտս իւր, թէ « Անկայց ի քարանցս ի վայր. բարւոք է իմով կամաւ եւ Քրիստոսի հաւատովն մեռանել, քան ուրացութեամբ մնալով կենդանի »:

Եւ կնքեալ խաչ զերեսն, անկաւ ի բարձր քարանցն ի վայր, եւ ուշաթափ եղեւ սակաւ մի. եւ ապա յարուցեալ հայի ընդ կամուրջն ` որ ի վերայ Հուրաստան գետոյն, եւ անցեալ ընդ նոյն ` ուղղէ զինքն գնալ ի Կարբի:

Եւ ահա պատահեաց տաճիկ մի, եւ աղաչեաց առ նա կոյսն. եւ ետ նմա ապազի մի ` եւ ասէ. « Ցո ' յց ինձ զճանապարհ Կարբւոյ »: Եւ նա եցոյց նմա ` եւ ասէ. « Պատեա ' զայգեստանաւդ եւ մո ' ւտ ի Նորագեղ, եւ անդ ցուցանեն քեզ ճանապարհ »:

Եւ նա գնացեալ էանց զգիւղն, եւ առապար ճանապարհաւ երթայր ` եւ ո ' չ գիտէր թէ ո՞ւր գնայր: Եւ հայեցեալ տեսանէ ` զի առաջի իւր գնան բազմութիւն Տաճկաց ` արք եւ կանայք ` բեռնակիր անասնօք ` հանդէպ լերինն Արայի լեռնանալ: Եւ փութացեալ եհաս նոցա, զմտաւ ածեալ ` թէ ի շէն ինչ երթան նորքա: Ո ' չ նոքա հարցին ցնա ` թէ « Ո՞վ ես, կամ ո՞ւր երթաս », եւ ո ' չ նա եհարց ցնոսա ինչ. եւ անմռունչ գնայր ընդ նոսա զկնի նոցա:

Եւ գնացեալ հասին հանդէպ գեղջին Եղավարդայ: եւ սուրբ կոյսն եհարց տաճկացն վասն գեղջն. եւ նոքա ասացին. « Գեղ է Հայոց ` եւ կոչի Եղավարդ »: Եւ ապա մեկնեցաւ ի նոցանէ, եւ ուղղեաց զինքն դէպ ի գիւղն. եւ եմուտ ի տուն քրիստոնէի միոյ, եւ ասաց զամենայն ` զոր ինչ վասն իւր. եւ աղաչէր նոցա ` կոչել քահանայ մի, « զի հաղորդեսցէ զիս. գիտեմ ` զի ահա սպանանեն զիս »:

Եւ նոքա գնացեալ բերին այրի երէց մի ` Մկրտիչ անուն, եւ խոստովանեցաւ եւ պատմեաց նմա զամենայն վարս ի ծննդենէ մինչեւ ցօրն ` յորում էր, եւ հաղորդեցաւ մարմնոյ եւ արեանն Քրիստոսի:

Եւ տէր գեղջին տաճիկ Ուղարլու, ասաց արձակել զնա, ուր եւ կամի ` գնասցէ: Իսկ ոմն պիղծ ` ՍաՀակ անուն, որ էր տանուտէր գեղջին Եղավարդայ, ասաց. « Ես երկնչիմ յիշխանէն, զի մի վտանգ ինչ կրեցից սակս դորա »:

Եւ գնացեալ պատմեաց իշխանին: Եւ ասէ իշխանն. « Ես փոյթ ինչ արարի վասն նորա. որովհետեւ այդպէս է, գնացեալ մերկացուցէ ' ք զնա, եւ կորուսէիք զինքն »:

Եւ եդ երկու տաճիկ ընդ պղծոյն Սահակայ, որ գնացեալ կապեցին զերանելին, եւ հեռացուցին ի գեղջէն, եւ մերկացուցին ի զարդուցն. եւ արձակեցին զանկապան ոտիցն իւրեանց, որ չաշուրբաղի, եւ ետուն ցՍահակ. եւ նա խեղդեաց զսուրբ կոյսն Թամամ Կատարեալն ` բարի մահուամբ եւ ուղիղ հաւատով, մաքուր մտօք եւ ճշմարիտ սիրովն Քրիստոսի: Եւ կուտեցին զքարինս ի վերայ նորա, եւ թողեալ գնացին:

Եւ ի վաղիւն եկն պիղծ հայր սրբոյն ` եւ ասէ ցիշխանն. « Ցո ' յց ինձ զդուստրն իմ »:

Ասէ իշխանն. « Դուստրն քո զկեանս իւր քեզ շնորհեաց ». եւ պատմեաց նմա զամենայն:

Ասէ այրն. « Դու ոչ կարացեր պահել կին մի, արդ ընդէ՞ր սպաներ. տո ' ւր զմարմին նորա »:

Եւ ետ նմա զնոյն Սահակն, եւ գնացեալ եհան ի ներքոյ քարանցն, եւ տարեալ ի գիւղն Եղավարդ, եւ ժողովեցան քահանայք եւ ժողովուրդք բազում, եւ թաղեցին ի ի ներքոյ որմոյն եկեղեցւոյ հարաւոյ: Եւ եմուտ արեգակն, եւ մտին յեկեղեցին ` պաշտել զերեկոյեան ժամն: Եւ յաւարտ ժամուն ` գնացին ոմանք ` զի համբուրեսցեն զգերեզման նորա. եւ տեսին որպէս մանր կայծ հրոյ ի վերայ գերեզմանին, եւ գրոհ տուեալ միմեանց ` գնացեալ տեսին լոյսն ի վերայ գերեզմանին. եւ ա ' յնքանք մնացին անդ ` մինչեւ նուազեցաւ լոյսն: Եւ իմ լուեալ ` գնացեալ իմացայ հաւաստեաւ ի Մկրտիչ երիցոյն. եւ գրեցի զանուն ի վերայ տապանին եւ զթուականն ՌՃԽ: 1

1 Սոյն վկայաբանութիւնը արտատպում ենք Զաքարիա սարկաւագից, տպ. Վղրշպտ. 1870, Բ. էջ 128-131, գլուխ ԿԲ, « Նահատակութիւն Կատարեալ կուսին »: Ստորագծեալ տառերը աւելցուած են ո ' չ թէ մեր, այլ հրատարակչի կողմից: