[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

Ե դարի հայ աստուածաբանական մտքի լաւագոյն ձեռքբերումներն ու նուաճումներն արտացոլուած են Եզնիկից մեզ հասած միակ երկի՝ Եղծ աղանդոցի մէջ (443-448): Այն ծնունդ է առել՝ մի կողմից Պարսից արքունիքի՝ հպատակ քրիստոնեայ ժողովուրդների, այդ թւում նաեւ հայոց նկատմամբ գործադրուող կրօնաքաղաքական ճնշմանը, եւ միւս կողմից՝ մշակութային շփումների հետեւանքով Հայաստան ներթափանցած յունական փիլիսոփայութեան տարընթաց մի շարք հոսանքներին դիմակայելու հրամայական անհրաժեշտութեամբ: Այս հանգամանքն էլ պայմանաւորում է աշխատութեան գաղափարական-տեսական բովանդակութիւնն ու կառուցուածքը: Այն յատկորոշւում է յստակ արտայատուած ջատագովական ուղղուածութեամբ: Քրիստոնէական աստուածաբանութեան դիրքերից Եզնիկն իր քննադատութեան սլաքն ուղղում է գնոստիկականութեան, մանիքիականութեան, Պարսից մազդեզական կրօնի, Մարկեոնի աղանդաւորական գաղափարների դէմ: Նա համառօտ ներկայացնում է աղանդաւորական գաղափարների համար նպաստաւոր հող նախապատրաստող պիւթագորեան, պլատոնական, պերիպատետիկեան, ստոիկեան եւ էպիկուրեան վարդապետութիւնները եւ քննադատում դրանք:

Եզնիկ Կողբացու աշխատութիւնն աչքի է ընկնում հանրագիտարանային հարստութեամբ: Այն կարեւոր սկզբնաղբիւր է ոչ միայն աստուածաբանական մտքի պատմութեան, այլեւ գիտութեան մի շարք մարզերի՝ տիեզերագիտութեան, բժշկութեան, բուսաբանութեան, տրամաբանութեան, ազգագրութեան ուսումնասիրման համար:

***

Եզնիկի երկի էլ-տարբերակը պատրաստուած է Մարտիրոս Մինասեանի գիտականօրէն ամենայն բարեխղճութեամբ կազմած բնագրից, որի հիմքում ընկած է Եզնիկի երկի մեզ հասած միակ ձեռագիրը (1280 թ. ՄՄ, ձեռ. թիւ 1097  (տե՛ս Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հտ. առաջին, ներածութիւն եւ քննական բնագիր, աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնեւ, 1992, էջ 154-217)։


ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1.    Եզնիկի երկի եւ նրա վերաբերեալ ուսումնասիրութիւնների լիակատար մատենագիտութիւնը տե՛ս Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հտ. առաջին, ներածութիւն եւ քննական բնագիր, աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնեւ, 1992, էջ 17-42։