Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Գլուխ առաջին

ԺԱՆՐԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ


Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունն իբրեւ կառուցվածքային միավոր եւ բովանդակային ամբողջություն` շարունակողն է դեռեւս 5-րդ դարում ամրագրված ու բյուրեղացած պատմագրական ժանրերին հատուկ իրողությունների ու օրինաչափությունների եւ անխուսափելիորեն պարագրկում է նաեւ այն բոլոր մեծ ու փոքր փոփոխությունները, որոնց ենթարկվել է ժանրն իր զարգացման երկար ճանապարհին: Ասվածն առաջին հերթին վերաբերում է գրական հատույթին, ի մասնավորի` ժանրային նկարագրին: Մանավանդ որ` գրական երկի կազմաբանությունը հատկանշվում է առաջին հերթին ժանրով կամ ժանրային նկարագրով: «Հայ պատմագրությունը միատարր եւ միասեռ չէ ժանրային առումով, այն ներառում է իր մեջ միջնադարյան արձակի այլեւայլ ժանրեր» [1], գրում է Մայիս Ավդալբեգյանը (ընդգծումը բնագրում–Ա. Ն. ): Սա պատմագրության ժանրի ամենակարեւոր, հատկական եւ անփոփոխ առանձնահատկություններից է: Ընդ որում` միջնադարյան արձակի տարբեր ժանրերը պատմագրության համակարգում ներկայանում են ոչ միայն առանձին օրինաչափություններով ու ներժանրային մասնավորություններով, այլեւ շատ հաճախ` ամբողջական ու ավարտուն նկարագրով: Վերջին պարագային` հարկ է նշել, որ կան ժանրեր (թուղթ, զրույց), որոնց ամբողջական ու ավարտուն դրսեւորումները պատմագրության մեջ գրեթե պարտադիր են: Խնդիրը վերլուծելիս, սակայն, անպայմանորեն պետք է հաշվի առնել, թե տվյալ պատմագրական երկը ժանրի զարգացման որ փուլի արգասիք է: Հարցն այն է, որ ոսկեդարյան, ինչպես նաեւ 10-12–րդ դարերի որոշ պատմիչների աշխատություններում առանձին ժանրերի գոյությունը թեպետ առկա է, բայց դրանք գրեթե աննկատելիորեն են ներդաշնակված բուն կառույցին, իսկ ահա ավելի ուշ շրջանի պատմագրքերն արդեն, այդ թվում` Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը», այդ առումով որոշակիորեն տարտղնված են եւ ավելի շատ տարաբնույթ ժանրերի հավաքածու են հիշեցնում, քան տարաբնույթ ժանրերի ներդաշնակ համադրություն: Մյուս կողմից` տարբեր շրջաններում պատմագրության ժանրային համակարգում առաջնությունը տրվել է տարբեր ժանրերի: Ահա այս պատճառով, ասենք, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» կամ Թովմա Արծրունու «Արծրունյաց տան պատմությունը» հաճախ հնարավոր չէ քննել այն բոլոր մասնավորություններով, որոնցով ստորեւ քննվելու է Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը:

Միջնադարյան գրական ժանրերի` պատմագրության մեջ դրսեւորումների վրա պատմիչի ներգործությունը ճիշտ ընկալելու համար հարկ է նշել, որ կոնկրետ Դավրիժեցուն բնորոշ է ժանրային երբեմն ինտուիտիվ զգացողությունը, սակայն նրա ժանրագիտակցությունն այնքան էլ հստակ չէ: Այդ պատճառով, օրինակ, թեպետ վարքագրությունը կամ զրույցը նրա պատմագրքում ներկայանում են ներժանրային ավարտունությամբ ու օրինաչափություններով, բայց Դավրիժեցին հաճախ դրանք անվանում է
«պատմություն»: Թեպետ մյուս կողմից էլ այդպիսի ժանրանվանումը կարող է պայմանավորված լինել նաեւ գրական ժանրերի ուշմիջնադարյան ըմբռնումների յուրահատկություններով: Դավրիժեցու պատմագիրքը ստեղծվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ միջնադարյան գրական ժանրերը հաճախ էապես փոխում էին իրենց նկարագիրը, իսկ որոշ ժանրեր իրենց վերջին դրսեւորումներն էին արձանագրում:

Այս գլխում քննաբանվել են միջնադարյան հայ գրականության այն ժանրերը, որոնք հաճախադեպ ու որոշակի նկարագրով դրսեւորվել են Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության մեջ` ապահովելով նրա հատկականությունն իբրեւ գրական երկ: Մյուս ժանրային դրսեւորումները քննաբանվել են հպանցիկ:



[1]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 25: